Ասեղնաբուժություն (ակուպունկտուրա լատին․՝ acus՝ ասեղ և լատին․՝ punctura (pungo, pungere)՝ ծակել բառերից), չինական ժողովրդական բժշկության մեթոդ, դասվում է այլընտրանքային բժշկության մեթոդների շարքին։ Փաստացի այն պսեվդոգիտություն է, քանզի դրա տեսությունն ու պրակտիկան հիմնված չեն գիտական փաստերի վրա։ Բժշկության ժամանակ կիրառվում են հատուկ ասեղներ, որոնց միջոցով ներգործում են հատուկ կենտրոնների վրա։ Ենթադրվում է, որ այդ կենտրոնները գտնվում են միջօրեականներում, որտեղով շրջանառում է Ցին («կենսական էներգիան»)։ Մեթոդն օգտագործվում է ցավազրկման և բուժման նպատակներով։ Թերապիան ծնվել է հին Չինաստանում և ունի մոտ 4 հազար տարվա պատմություն։

Ասեղնաբուժության ժամանակ կիրառվող կենտրոնների սխեման

Ըստ չինական տրադիցիայի՝ ասեղնաբուժությունը վերաբերում է ռեֆլեքսաբուժությանը, այսինքն՝ ասեղները մարմնի մակերևույթի կենսաբանորեն ակտիվ խիստ որոշակի կետերի մեջ (դրանց թիվը մոտ 700 է) մտցնելիս գրգիռը փոխանցվում է կենտրոնական նյարդային համակարգ, որի միջոցով վերականգնվում կամ ուժեղանում է գլխուղեղի և ողնուղեղի կարգավորող ազդեցությունը հիվանդ օրգանի վրա։ Կենսաբանորեն ակտիվ կետերի զուգակցման ընտրությունը պահանջում է մեծ հմտություն և բժշկական հատուկ կրթություն։ Այդ կետերը կարող են համապատասխանել որոշակի օրգանի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի որոշակի ֆունկցիայի ուժեղացմանը կամ թուլացմանը[1]։

Պատմություն խմբագրել

Ասեղնաբուժությունն սկիզբ է առել Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի հին ժողովրդական բժշկությունից։

Առաջին գիրքը՝ «Խուան դի Նեի դին», որտեղ ամփոփվել է «Չձեն-Ցզյու» թերապիայի կիրառման փորձը, հրատարակվել է Չինաստանում դեռևս մ.թ.ա. 3-րդ դարում, և բաղկացած է 18 հատորից։

Ասեղնաբուժությունը 17-րդ դարում հասավ Եվրոպա, սակայն որոշ ժամանակ անց մոռացվեց։ Ասեղնաբուժության երկրորդ վերածնունդը և հետագա զարգացումը կայացավ Ֆրանսիայում, դիպլոմատ Սոլիէ Դե Մորանդի միջոցով, երբ 1940 թվականին հրատարակեց չինական բժշկության մասին իր գիրքը, որտեղից էլ տարածվեց Իտալիա, Գերմանիա, Բրիտանիա, սոցիալիստական երկրներ և Արգենտինա։

Շատ երկրներում, հանձինս Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում, Հայաստանում և այլուր, ասեղնաբուժությունը հետազոտվում և կիրառվում է պրակտիկ բժշկության մեջ։

Ասեղնաբուժության ավանդական տեսությունները խմբագրել

 
Ասեղնաբուժություն

Ըստ չինական բժշկության, օրգանների գործունեության համար անհրաժեշտ է այսպես կոչված «Զի» կենսաէներգիայի առկայությունը։ «Զի» էներգիայի այն ուղիները, որոնք կապում են մաշկի վրա գտնվող կենսակտիվ կետերը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից համապատասխան 12 գլխավոր ներքին օրգան-համակարգերը, կոչվեցին կետուղիներ կամ մերիդիաններ։

Գոյություն ունեն «Զի» էներգիայի 2 տեսակներ՝ ներքին և հատուկ։

Ներքին Էներգիա խմբագրել

Ներքին Էներգիան երկու աղբյուրների համագործակցությունն է՝ «տիեզերական» և «երկրային»։ Սնունդը համապատասխան մշակումից հետո օրգանիգմում վերածվում է «երկրային»—ի, իսկ թոքերում օդը՝ «տիեզերական» ծագման Էներգիայի։ Եթե օրգանիզմը գրկվում է տվյալ սնունդների որևէ մեկից, չստանալով էներգիա, մահանում է։ Ներքին էներգիայի շրջանառությունը կատարվում է 12 օրգան-համակարգերի հետ կապված հիմնական կետուղիներով, մի կողմից հաղորդվելով ներքին օրգաններին՝ կետուղիների ներքին ճյուղով, որոնք կետեր չունեն, իսկ մյուս կողմից՝ արտաքին միջավայրի հետ կետուղու արտաքին ճյուղի կետերի միջոցով։

Հատուկ Էներգիա խմբագրել

 
Ասեղնաբուժության ասեղներ

Հատուկ «բնածին» էներգիան առաջանում է երիկամից, կազմում է երիկամային էներգիայի մի մասը, իսկ շրջանառությունը կատարում է երեք, այսպես կոչված, «հրաշալի» կետուղիներով, որոնք են՝ «Դու-Մայ», «Ռեն-Մայ» եւ «Զոնգ-Մայ»։ «Զի» էներգիան համապատասխանում է արևմտյան նյարդի պոտենցիալ էներգիայի տեսությանը և հնդկական «Պրանային»։ «Զի»—ն դինամիկ ուժ է հաստատուն հոսքով։

Ասեղնաբուժության տեսակներ խմբագրել

Ասեղնաբուժության տարբերակ է աուրիկուլոթերապիան (ականջաբուժություն), որի դեպքում ասեղները մտցվում են ականջախեցու որոշակի կետեր։ Աուրիկուլոթերապիան հիմնված է այն պատկերացման վրա, որ ականջախեցու շրջանում կուտակված են հիմնական օրգանների և ամբողջ օրգանիզմի ֆունկցիաներին համապատասխանող կենսաբանորեն ակտիվ կետեր։ Դրանց վրա կարելի է ազդել ոչ միայն ասեղներով, այլև էլեկտրական հոսանքով՝ փոքր մակերեսային էլեկտրոդների (էլեկտրառեֆլեքսաթերապիա) կամ մտցված ասեղների (ասեղնաէլեկտրաբուժություն) օգնությամբ, ինչպես նաև մատներով սովորական սեղմումներով։ Ռեֆլեքսաբուժության տարբերակներից է «խարանումը» (ցզյութերապիա), երբ մաշկի մակերևույթից որոշակի հեռավորության վրա գտնվող թույլ այրվող բարձվենյակի գլանակներից արձակվող ջերմությամբ տաքացնում են կենսաբանորեն ակտիվ կետերը։

Ասեղնաբուժության և ռեֆլեքսաբուժության մյուս տարբերակները կիրառվում են նյարդային համակարգի և ներքին օրգանների, հոդերի ու մկանների բուժման նպատակով։ Անհայտ ծագման ուռուցքային, արյան հիվանդությունների, ինչպես նաև ցավային համախտանիշների և տենդային վիճակների ժամանակ ասեղնաբուժությունը հակացուցված է։ Անհրաժեշտության դեպքում մեթոդը զուգակցվում է դեղորայքի ընդունմամբ։

Բուժումը նշանակում և անցկացնում է բժիշկը[1]։

Ասեղնաբուժության ասեղներ խմբագրել

Ասեղնաբուժությամբ ասեղները սովորաբար պատրաստվում են չժանգոտվող պողպատից, դարձնելով նրանց ճկուն, կանխելու նրանց ժանգոտվելուց կամ ջարդվելուց։ Ասեղները սովորաբար միանգամյա օգտագործման են։ Նոր ասեղները երբեմն օգտագործվում են նաեւ ստերիլիզացվելուց հետո։ Ասեղնեն ունեն տարբեր երկարություններ՝ միջև 13-ից 130 միլիմետր (0,51-ից 5,12-ի), կարճ ասեղներ օգտագործվում են դեմքի եւ ականջների, և ավելի երկար ասեղները մարմնի համար։ Ասեղների տրամագծերը տարբեր են՝ 0.16 մմ (0.006) մինչեւ 0,46 մմ (0.018-ը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հանրամատչելի Բժշկական Հանրագիտարան, Երևան, 2001 թ

Աղբյուրներ խմբագրել

  • Ռեֆլեքսաթերապիա. Կլասիկ ասեղնաբուժության հիմունքներ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասեղնաբուժություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 555