Դիալեկտիկա և Մետաֆիզիկա.

Եթե կեցության նկատմամբ մտածողության հարաբերության հարցը փիլիսոփայության առաջին և հիմնական հարցն է, ապա նրա երկրորդ կարևորագույն հարցը այն հարցն է, թե աշխարհը արդյոք գտնվում է անփոփոխ վիճակում, թե ընդհակառակը, շարունակ փոփոխվում, զարգանում է:Առաջին տեսակետի կողմնակիցները կոչվում են մետաֆիզիկներ, երկրորդի կողմնակիցները՝ դիալեկտիկներ:

Դիալեկտիկա.

Դիալեկտիկան¹ իրերը, դրանց հատկությունները և հարաբերությունները, ինչպես և դրանց մտային արտացոլումները, հասկացությունները դիտում է փոխկապակցության մեջ, շարժման, այսինքն՝ ծագման, հակասական զարգացման և չքացման մեջ: Դիալեկտիկա չիմանալը մինչմարքսյան մատերիալիստների մեծամասնության լուրջ թուլությունն էր: Այդ հանգամանքը նրանց համար դժվարացնում է մատերիալիստական հայացքի հետևողական կիրառումն աշխարհի, առանձնապես հասարակության նկատմամբ : Հասարակական երևույթների ըմբռնման հարցում մինչմարքսյան մատերիալիստները, չնայած բնության իդեալիստական ըմբռնման հանդեպ իրենց թշնամությանը, մնում էին իդեալիզմի դիրքերում:

Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը, Վ. Լենինի խոսքերով ասած, հեղափոխական մտքի պատմության մեջ մի հանճարեղ առաջընթաց քայլ կատարեցին ամենից առաջ նրանով, որ ստեղծեցին մատերիալիստական դիալեկտիկան և այն կիրառեցին փիլիսոփայության, քաղաքատնտեսության. պատմագիտության վերամշակման նկատմամբ, բանվորական շարժման քաղաքականության ու տակտիկայի հիմնավորման նկատմամբ: Լենինի բնորոշմամբ դիալեկտիկան ուսմունք է զարգացման մասին՝ նրա առավել լիակատար, խոր և միակողմանիությունից զերծ առումով, ուսմունք է մարդկային իմացության հարաբերականության մասին, իմացություն, որը մեզ տալիս է մշտապես զարգացող մատերիայի արտացոլումը:

Ֆրիդրիխ Էնգելս

Դիալեկտիկայի գիտակցական կիրառումը հնարավորություն է տալիս ճիշտ օգտվելու հասկացություններից, հաշվի առնելու երևույթների փոխկապակցությունը, դրանց հակասականությունը, փոփոխականությունը, հակադրությունների միմյանց փոխարկվելու հնարավորությունը:Բնության, հասարակական կյանքի և գիտակցության երևույթների վերլուծության նկատմամբ դիալեկտիկական-մատերիալիստական մոտեցումն է միայն, որ հնարավորություն է տալիս բացահայտելու դրանց իրական օրինաչափությունները և զարգացման շարժիչ ուժերը, գիտականորեն կանխատեսելու ապագան և գտնելու նրա իրականացման արդյունավետ եղանակներ: Ճանաչողության գիտական դիալեկտիկական մեթոդը հեղափոխական մեթոդ է, քանի որ այն բանի ընդունումը, որ ամեն ինչ փոփոխվում, զարգանում է, հանգեցնում է այն հետևության, որ անհրաժեշտ է ոչնչացնել իր դարն ապրած, պատմական առաջադիմությանը խանգարող ամեն ինչ: Հենց այդ պատճառով էլ մարքս-լենինյան դիալեկտիկան ատելի է բուրժուազիայի գաղափարախոսների համար:


Մետաֆիզիկա.

Ճանաչողության դիալեկտիկական մեթոդին հակադիր մեթոդը կոչվում է մետաֆիզիկական²: Մետաֆիզիկներն առարկաները և երևույթները դիտում են միմյանցից մեկուսացած, որպես իրենց էությամբ անփոփոխ,ներքին հակասուցյուններից զուրկ: Մետաֆիզիկը տեսնում է առարկայի, երևույթի հարաբերական կայունությունը, որոշակիությունը, բայց թերագնահատում է նրանց փոփոխությունը, զարգացումը : Մտածողության մետաֆիզիկական եղանակը ժխտում է հակասությունների օբյեկտիվ գոյությունը, այսինքն՝ պնդում է, որ հակասությունները հատուկ են միայն մտածողությանը և այն էլ միայն այնքանով, որքանով նա ընկնում է մոլորությունների մեջ: Մինչմարքսյան փիլիսոփայության մեջ մատերիալիզմն իր գոյության առաջին շրջաններում (օրինակ, անտիկ Հունաստանում) օրգանապես կապված էր նաև դիալեկտիկայի հետ, իսկ հետագայում, մանավանդ նոր ժամանակներում, իրեն ժամանակակից բնագիտության սահմանափակության ազդեցությամբ, ստացավ մետաֆիզիկական բնույթ: Մյուս կողմից, դիալեկտիկան, մատերիալիստներից բացի, զարգացնում էին նաև իդեալիզմի առավել աչքի ընկնող որոշ ներկայացուցիչներ(օրինակ, Հեգելը):

Դիալեկտիկայի փուլերը.

Դիալեկտիկայի պատմության մեջ առանձնացվում են հետևյալ հիմնական փուլերը.

1.Հին աշխարհի մտածողների տարերայի, նաիվ դիալեկտիկան

2.Վերածնության դարաշրջանի մատերիալիստների(Ջ. Բրունո և ուրիշներ) դիալեկտիկան

3.Գերմանական դասական փիլիսոփայության իդեալիստական դիալեկտիկան (Ի. Կանտ, Յ. Ֆիխտե, Ֆ. Շելինգ, Գ. Հեգել)

4.19-րդ դարի հեղափոխական դեմոկրատների դիալեկտիկան(Վ. Գ. Բելինսկկի, Ա. Ի. Գերցեն, Ն. Գ. Չերնիշևսկի և ուրիշներ)

5.Մարքս-լենինյան մատերիալիստական դիալեկտիկան որպես ժամանակաակից դիալեկտիկայի բարձրագույն ձև:

Մարքսիզմի փիլիսոփայության մեջ գիտականորեն հիմնավորված և հետևողական արտահայտություն է ստացել մատերիալիզմի և դիալեկտիկայի միասնությունը:


Ծանոթագրություններ

1.<<Դիալեկտիկա>> բառը ծագում է հին հունական dialegomai բառից, որ նշանակում է <<զրուցել, վիճաբանել>>: Հնում դիալեկտիկա ասելով հասկանում էին վիճաբանությունների ժամանակ, կարծիքների պայքարում զրուցակցի մտքերում հակասություններ նկատելու միջոցով ճշմարտությունը բացահայտելու եղանակը:

2.<<Մետաֆիզիկա>> բառը հունական ծագում ունի: Այն առաջացել է metá tá physiká արտահայտությունից, որ նշանակում է <<այն, ինչ գալիս է ֆիզիկայից(բնության մասին գիտությունից) հետո>>: Մինչմարքսյան և ժամանակակից բուրժուական փիլիսոփայական գրականության մեջ մետաֆիզիկա են անվանում այն փիլիսոփայությունը, որը հավակնում է ճանաչելու <<գերզգայական>> կեցությունը, գոյություն ունեցող ամեն ինչի, այնկողմնայինի անփոփոխ էությունը և այլն:

Աղբյուր Մարքս-Լենինյան Փիլիսոփայության Հիմունքները(<<Հայաստան>> Հրատարակչություն Երևան,1979 թվական)