Սահակ Հովհաննեսի Սահակյան խմբագրել

Գեղանկարիչ, քանդակագործ, փորագրող, դեկորատիվ կիրառական արվեստի մեծ վարպետ խմբագրել

 
Սահակ Հովհ. Սահակյան

Նախ նշեմ, որ Սահակ Հովհաննեսի Սահակյանի ծննդյան տարեթիվը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներում որոշակի անհամապատասխան են, բայց օգտվելով վստահելի աղբյուրներից պարզ դարձավ, որ նա ծնվելէ 1929թ. Սեպտեմբերի 7-ին, Ստեփանավանում, հողագործի ընտանիքում։ Նրանց տունը գտնվում է ներկայիս Սայաթ Նովա փողոցում։

1945թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1950-52թթ ծառայել է խորհրդային բանակում: 1956-58թթ աշխատել է Երևանի հախճապակու գործարանում, որպես նկարիչ-կատարող: 1970թ. աշխատանքի է անցել ՀԱՄԽ-ի գեղարվեստական ինքնագործունեության դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում, որպես ավագ մեթոդիստ: Ս. Սահակյանի հոր նախապապը Մշեցի Սահակնէ, ով եղել է նաղաշ, բրուտ, քարի վրա փորագրող։ Սահակը շատ էր լսել նախապապի մեծ գործերի մասին, և հավանաբար նրանից էլ ժառանգել է այդ տաղանդը։ Սահակյանի դաստիարակության վրա իր մեծ դերն է ունեցել մայրը՝ Իսկուհին, ով երգում էր հայկական ժողովրդական երգեր և պարում ազգային պարեր, և այդ մեծ շնորհքը փոխանցում որդուն։ Սահակը հասել է բարձունքի ինքնուս, բայց նրա կրթության հիմքում իր մեծ դերն է ունեցել վարպետ Գալոն, ով կրկին զբաղվել է փորագրությամբ և՛ քարի, և՛փայտի վրա։ Գալոն Ձորագետի ափին տնկել էր այգի, և տեղացիները շատ հաճախ էին գնում այնտեղ բնության գրկում խնջույքներ կազմակերպելու և ասումէին՝ 《Գնում ենք Գալոյի բոստան》։ <<Բոստանը>> այլևս չկա, բայց արտահայտությունը դեռ մնացել է տեղի բնակիչների շուրթերին։ Երբ սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը, Ս. Սահակյանիի եղբայրը մեկնեց ռազմաճակատ։ Պատանին ստիպված էր թողնել դպրոցը և բազմանդամ ընտանիքի համար գումար վաստակել։ Այնուհետև գնաց բանակ։ Հենց այդ ժամանակ էլ նրա մեջ անմար վառվեց և կյանքի իմաստ դարձավ արվեստը և սերն առ արվեստ։ Ս. Սահակյանը շատ էր սիրում աշխատել պատանիների հետ, փոխանցելով ապագա սերնդին իր տաղանդները։ Այդ առիթով նա բացեց իր դպրոցները։ Նրա հոգին հարստանում էր հին հայկական հուշարձաններով, խեցեգործության, գորգագործության, կարպետագործության և նրանց նրբերանգ նախշազարդերի գեղեցկությամբ։ Այս ամենը տվել են նրան ստեղծելու նոր մտահաղացումներ։ Սակայն նա երկար ժամանակ արվեստով զբաղվել է ընդհատումներով՝ հանգստյան ժամերին, երբ աշխատում էր Ստեփանավանի տեքստիլ ֆաբրիկայում, 1950թ վերջում Վ. Ի. Լենինի անվան հայէլեկտրագործարանում որպես ձուլող բանվոր, ինչը խթանեց նրա ապագա ստեղծագործական հասունացմանը, հիմնավորապես ճանաչելու մետաղի հատկությանը։ Աշխատելով նաև կավի հետ Ս. Սահակյանի սկզբնական գործերն են դառնում կավից և մետաղից փոքր գլուխներ և մարմիններ, որոնցում արդեն դրսևորվում են Սահակյան երգիծաբանի արվեստը բնութագրող առանձնահատկությունները։ Հետագայում այդ առանձնահատկությունները դրսևորվում են նաև նրա ինքնատիպ ու կատարյալ ստեղծագործություններում։

Ս. Սահակյանը դեռ երիտասարդ տարիներին Երևանի ժողովրդական ստեղծագործական տանը ցուցահանդեսը սկսում է իր ստեղծած հարուստ զարդանախշերով խեցե և բրոնզե սափորներով։ 1957թ Սահակյանը մասնակցում է ինքնուս ստեղծագործողների աշխատնաքների ցուցահանդեսին։ Իսկ իր առաջին անհատական ցուցահանդեսը բացում է 1963թ.-ին ժողովրդական ստեղծագործության հանրապետական տանը, 1965թ.-ին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, 1969թ.-ին Հայաստանի նկարչի տանը։ Այս ցուցահանդեսներն էլ բացահայտում են նրան և նրա գործերը որպես ինքնատիպ։ Վարպետը իր կերպարները անմիջականորեն վերցնում էր իրական կյանքից և դրանցով ցուցադրում իր վերաբերմունքը ժամանակակից կյանքում տեղ գտած բացասական երևույթներին։ Դրա վառ ապացույցն է նրա դեռ վաղ ժամանակի աշխատանքները՝《Նախկին դիրեկտորը》, 《Բյուրոկրատը》, 《Անհոգը》։ Այս քանդակային կերպարների բացասական էությունն արտահայտվել է երգիծական բնութագրությամբ։

Մանրամասների չափազանցումները նպաստում են այդ բնութագրումների խորացմանը և կերպարներին հաղորդում կենսականություն։ Հետագայում Ս. Սահակյանը իր շատ մտահղացումներ իրականացնում է քանդակային կոմպոզիցիաների ամբողջական շարքերում։ Այս եղանակն առավել լրիվ է արտահայտում ստեղծագործության գաղափարական բովանդակությունը, նպաստում արտահայտչամիջոցների բազմազանությանը։ Վարպետը ազգային դասական գրականությունը, ծիսական արարողությունները, համաշխարհային գրականությունը, հեքիաթները, էպոսները արտահայտում է փոքր քանդակներում։ Վարպետը մեծ ոգևորությամբ է ստեղծագործում Հովհ. Թումանյնաի ստեղծագործական թեմաներով քանդակային կերպարները,《Մոլլա Նարեդինը և մյուսները》,《Քաջ Նազար》,《Սասնա ծռեր》, Յա. Հաշեկի 《Քաջ զինվոր Շվեյկի արկածները》գրքից《Շվեյկը》և այլ շարքեր։ Ս. Սահակյանի Հովհ. Թումանյանի《Բարեկենդանը》պատմվածքից ստեղծած երեք կավե և բրոնզե կերպարները՝ հիմար կինը, նրա ամուսինը և բարեկենդանը, որոնք մեղմ հումորով բացահայտում են ստեղծագործական էությունը լավ են դիտվում ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին։ Այդ կերպարներում ամենագրավիչն անկեղծությունն է և ուրախ ու սրամիտ հումորը։ Նրանց արտահայտչաձևերը կենսականորեն կոնկրետ են և ծառայում են կերպարների բնութագրմանը։ Հաջորդ շարքը հանրահայտ《Քաջ Նազարը》հեքիաթի հերոսներն են (1968-1969թթ.), որոնք պատմում են ծույլ ու անբան Նազարի ապշեցուցիչ ու գլխապտույտ հաջողությունների մասին։ Հեքիաթի գլխավոր հերոսը ներկայացված է ուշագրավ գծերով, տարբեր իրավիճակներում։ Վարպետը երգիծանքի ուժով հայ բուրժուազիայի շահագործողական էությունն ու նրա ապականված կենցաղը բացահայտում է Հ. Պարոնյանի《Մեծապատիվ մուրացկաններ》, 《Ազգային ջոջեր》, 《Պաղտասար աղբար》երկերով (1965-1967թթ.)։ Տրագիկոմիկական գծերով են օժտված նրա《Պաղտասար աղբարը》,《Մանուկ աղան և նրա կինը》,《Բամբասող կանայք》 ծիծաղելի իրավիճակներում հայտնված հերոսների կոմպոզիցիաները։ Պարոնյանական շարքից հետաքրքրական են հատկապես 《Ազգային ջոջերի》կերպարները։ Արվեստագետը նրան քանդակել է մերկացնող երգիծանքով։ Նրանք իսկապես Պարոնյանական կերպարներ են՝ ցայտուն, ուշագրավ, բովանդակալից։ Սրանք գրոտեսկային բնույթի երկկողմանի քանդակներ են, որոնց չափերի խիստ փոփոխություններով հեղինակը հասել է վառ արտահայտչականության։ Հեղինակը այլ մոտեցումով է քանդակել《Մոլլա Նարեդինը և մյուսները》շարքը (1976թ.)։ Նարեդդինի սրամտությամբ և հնարամտություններով հիացած արվեստագետը անսահման սիրով ու բարի հեգնանքով է կերտել նրա հյութեղ, հմայիչ կերպարն ու արկածային տեսարանները՝《Մոլլա Նասրեդինին սեխ են հյուրասիրում》, 《Նասրեդինը թասերով》և այլն։ Քանդակապատկերները կենդանի են, զուսպ, տպավորիչ և ընդհանրացված։ Ս. Սահակյանի ստեղծագործական նվաճումներից է《Շվեյկ》շարքը (1975-1976թթ.)՝ Յա. Հաշեկի 《Քաջ զինվոր Շվեյկի արկածները》գրքի մոտիվներով։ Նրա կերպարի շուրջը երկար տարիներ մտորել է վարպետը։ 《Շվեյկ》շարքը մեծ ճանաչում տվեց վարպետին ցուցադրելով Սովետական միությունում, արտասահմանյան շատ երկրներում՝ առաջին հերթին Չեխոսլովակիայում։ Այնտեղ 1978թ. կազմակերպվեց նրա անհատական ցուցահանդեսը՝ նվիրված հանրաճանաչ գրական հերոս Շվեյկին։ Ինչի շնորհիվ վարպետին որպես սիրո վառ արտահայտում արժանացրեցին Ստալիցա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը: Ս . Սահակյանի մեկնաբանությամբ հաշեկյան հերոսն առաջին հերթին առաջացնում է բարի, հեգնական ու վարակիչ ծիծաղ, այսինքն քանդակագործը նույնպես կիրառել է չեխ գրողի հիմնական գեղարվեստական հնարքները: Քաջ զինվոր Շվեյկի, նրա պետերի ու ծառայակիցների քանդակապատկերներում հոգեբանական նուրբ իրադրություններ և բնավորություններ, հիպերբոլիկ և գրոտեսկային կերպարներ կերտելիս վարպետն օգտագործել է իր նախասիրած <<զգայուն>> կավը: Եվ իսկապես, <<նրա կավը>>, որ առաջին հայացքից թողնում է շատ տրորված թաց կավի կտորի տպավորություն, միաժամանակ <<քրքնջում է, խորհում տառապում: Ինչ-որ անսովոր օրինաչափություն կա, որքան կոպիտ է թվում կավը այնքան ավելի տպավորիչ, զգայացնում են կերպարները: Արվեստագետի կատարողական վարպետությունը, նպաստելով գրողի գեղարվեստական մտածողության և կերպարի սոցիալ-քաղաքական նշանակության վերարտադրմանը, մեծ բավականություն է պատճառում դիտողին>>: Շվեյկը և մյուս կերպարները <<ներքուստ>> համոզիչ և ճշմարտային են, թեև ծայրահեղ պայմանականությամբ արված քանդակներ են: 1976թ. Ս. Սահակյանը սկսում է մի նոր խոշոր շարք՝ <<Սասնա ծռերը>>: Այս թեման նա զարգացրեց նաև գեղանկարչության մեջ: Էպիկ հերոսների կերպարները, նրանց իմաստունությունը, ազգային հումորը, հյութեղ բառուբանը արվեստագետին ընձեռում են ստղծագործական երևակայության անսպառ հնարավորություններ: Նա ստեղծեց <<Բերդի անվանակոչումը>> և <<Մշեցի>> կոմպոզիցիաները, որոնք երկկողմանի քանդակներ են և կրում են Սահակյանական ոճի առանձնահատկությունները: Սահակյան քանդակագործը դիմում էր ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություններին: Նրան խորապես հուզում էին նաև իրական կյանքը և իր ժամանակակիցները: Ս. Սահակյանի արվեստը հարստացավ նաև պատմական ու դիցաբանական բովանդակության ստեղծագործություններով: 1960-ական թվականների սկզբից քանդակագործը դիմում է հայաստանի պատմությանն ու առասպելներին: <<Շինարարության հովանավոր աստվածուհու>> բրոնզե արձանը, թուջե <<Էրեբունի-Երևան հիմնադիր Արգիշտին>>, բրոնզե <<Քիմեռը>> շատ արտահայտիչ են: Ի դեպ, դրանցից յուրաքանչյուրը կարելի է մեծացնել հուշարձանի չափերի: <<ՈՒրարտական զինվորներ>> շարքում և մի խումբ այլ քանդակներում նկատելի է Ս. Սահակյանի պլաստիկ այլ մի բնութագրական գիծ ևս: Ընդհանրական ոճավորված ձևերով զարդարվեստին մոտեցող կերպարների կենսական կոնկրետության այս ներդաշնակությունը ձեռք է բերում առանձնահատուկ ընդգծվածություն և դեկորատիվություն: Այս ամենից բացի որոշ քանդակներ երկկողմանի են: Նման հորինվածքը նպաստում է ստեղծագործության բովանդակության հարստացմանը: 1970թ. Մոսկվայի ժողովրդական վարպետների համամիութենական ցուցահանդեսում Ս. Սահակյնաի աշխատանքները Հայաստանի ինքնագործ նկարիչների էքսպոզիցիայում գրավում էին հիմնական տեղը: Ներկայացված լավագույն աշխատանքներից էին <<Սասունցիների պարը>> գեղազարդ սկուտեղը, <<Հայաստանյաց կաթսան>> (երկուսն էլ կատարված 1969թ.) և <<Էրեբունի>>(ՈՒրարտու) սկահակը (1967թ.): Այս ստեղծագործությունները խոշոր չափերի են, կարմիր պղնձից և կատարված միակողմանի դրվագման բարդ տեխնիկայով: <<Էրեբունի>> (<<ՈՒրարտու>>) սկահակը նվիրված է Երևանի հիմնադրման 2750-ամյակին: Աշխատանքն աչքի է ընկնում կոթողային հասատունությամբ: <<Հարսանյաց կաթսային>> նույնպես բնորոշ էեն այս հատկությունները: Աշխատանքի գեղարվեստական նկարագիրն ընկալված է որպես տոնական տրամադրության, աշխատանքի բերկրանքի, կյանքի հավերժականության արտահայտություն: <<Սասունցիների պարը>> գեղազարդ հսկա սկուտեղի նրբագեղ մշակումն արտահայտում է պատկերի հետաքրքրական խորհրդանիշը: Սկուտեղի կենտրոնական վարդյակից տարածվում է հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը խորհրդանշող ճառագայթաձև զարդանախշ: Սկուտեղը շրջափակված է եզրազարդով, որի վրա պատկերված է թշնամու դեմ պայքարում ժաողովրդի ուժը խորհրդանշող Սասնա ազգային պարը: Սկուտեղի մեջտեղից տարածվող ճառագայթների միջև պատկերված են երջանկությունը մարմնավորող սիրիններ: Սկուտեղի զարդանախշերը չեն կրկնվում, ինչը բնորոշ է հայ վարպետների ստեղծագործություններին: Եռամաս կոմպոզիցիան՝ կազմված <<Սասունցիների պարը>>, <<Էրեբունի >>(<<ՈՒրարտու>>) և <<Հարսանյաց կաթսա>> աշխատանքներից, արտացոլում է Հայաստնի անցյալի փառքը, ժողովրդի համախմբվածությունը և ազատության համար մղված հերոսական պայքարը, աշխատանքի բերկրանքը և կյանքի հավերժ երիտասարդությունը, բարեկամությունը և սերը: Այս գեղազարդ գործերում, ինչպես նաև ուրիշ շատ ստեղծագործություններում Ս. Սահակյանը սիրով օգտագործում է հայկական ճարտարապետության և խաչքարերի զարդաքանդակների տարրերը: <<Ժամանակակից մարդու զգացումների վրա հիմնված ավանդականի և նորի համաձուլվածքն է ներկայացնում այս պատկերների սինթեզը, որը և Ս. Սահակյանին դարձնում է ժողովրդական ստեղծագործության խոշոր վարպետ>>: Վ. Ի. Լենինի 100-ամյակին նվիրված ժողովրդական ստեղծագործության ինքնուս նկարիչների համամիութենական ցուցահանդես-մրցույթում Ս. Սահակյանը այս երեք բարձրարվեստ ստեղծագործությունների համար արժանացել է ՍՍՀՄ նկարիչների միության վկայականին: Ս. Սահակյանի արվեստում տարեցտարի խորանում էր մի հետաքրքիր երևույթ: Եթե իր ստեղծագործական ուղու սկզբում նա ձգտում էր հենվել ժամանակակից պրոֆեսիոնալ արվեստի սկզբունքների վրա, ապա հետագայում, հարազատ մնալով պրոֆեսիոնալների գեղագիտական սկզբունքներին, նա ավելի ու ավելի էր թափանցում ժամանակակից ավանդական ժողովրդական ստեղծագործությունների մեջ, որի շնորհիվ էլ նրա արվեստը դառնում է ավելի գունեղ, ինքնատիպ, ազգային և բազմակողմանի: 1970-ական թվականներին մետաղից, փայտից, ոսկորից և այլ նյութերից ստեղծված դեկորատիվ գործերից առանձնանում են անիմալիստական աշխատանքների բազմաթիվ շարքեր՝ շան, եղնիկի, առյուծի և առասպելական կենդանիների տեսքով: Դրանք պատրաստված են մետաղի թափոնից, աչքի են ընկնում կատարման հնարամտությամբ: Ձևի խոր զգացողությունը և ազգային երանգավորումը, արվեստագետին հատուկ ոճը իրենց արտահայտությունն են գտել <<Հայկական տիկնիկներ>> հուշանվերների բազմաքանակ շարքում: Հուշանվերներով վարպետը զբաղվում էր դեռ 1959 թ.-ից: Նա ստեղծել է հարյուր տիկնիկներ, և դրնցից ոչ մեկը չի կրկնվում: Տիկնիկ-հուշանվերները 15-30սմ-անոց փայտե կոներ են՝ բնական ներկերով և տեմպերայով նկարազարդված: Տիկնիկներն ունեն շեշտված ազգային դիմագծեր: Նրանց շուք են տալիս ճոխ զարդանախշերով ազգային տարազները: Նկարիչը հրաշալի գիտեր հայկական տարազը: Սակայն նա չեր պատճենում այն, այլ առանձնացնում էր հիմնակակն տարազները և հարստացնում ազգային հնագույն հագուստի տարրերով: Տիկնիկները նպաստել էին Ս. Սահակյանի մի այլ ինքնատիպ մտահաղացման ստեղծմանը: Նկարիչն այդ կերպարները ներհյուսել էր պաննոյի միասնական կոմպոզիցիայի մեջ: Այդպիսի կոմպոզիցիա ունեն Սահակյանի կյանքի վերջին տարիների երկու աշխատանքները՝ <<Հայաստան>> և Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորելու 150-ամյակին նվիրված պանոնները: Փայտե տախտակների վրա տեմպերայով նկարված այս պանոններն ունեն բարդ խորհրդանշան, բացահայտում են հայ ժողովրդի կենցաղը՝ անցյալում և սովետական ժամանակաշրջանում: Այս պանոնների ինքնատիպ կոմպոզիցիաներում նկարիչը հրաշալիորեն պահպանել է գորգերի ազգային կոլորիտի զգացողությունը՝ ներառելով շագանակագույն, կարմիր, կապտականաչ և սպիտակ գույները: Գունային հագեցվածությունը, վրձնահարվածների պարզ, հստակ ռիթմն օգնում էին նկարչին արտահայտելու իր սերը Հայաստանի, նրա հերոսական պատմության ու ժողովրդի ստեղծագործ աշխատանքի նկատմամբ: <<Հայաստան>> պաննոյի և մի շարք այլ ստեղծագործությունների համար Ս. Սահակյանը 1977 թվականին արժանացել է դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնագործունեության առաջին համամիութենական փառատոնի դափնեկրի կոչման: Կերպարվեստի ասպարեզում հաջողված լուծումները պատահական չեն Ս. Սահակյանի համար: Դա տքնաջան աշխատանքի արգասիք է: Նա ստեղծել է կենցաղային, թատերային, հեքիաթների, ազգային ծիսական արարողություննե-րի թեմաներով բազմաթիվ կոմպոզիցիաներ: Վարպետության կատարելությանը հասնելուն արվեստագետին շատ են օգնել բնօրինակից արված նկարները: Տարեցտարի ավելի բուռն էր դառնում նկարչի ստեղծագործական գործուներությունը: Խոշորանում էին ստեղծագործությունների չափերը: Միաժամանակ նա փորագրում էր փայտի վրա, նկարազարդում դեկորատիվ կտորներ, ուր ազգային զարդանախշը ստանում է նոր արտահայտություն, իսկ պատկերները՝ բազմանշանակություն: Կտորից ապլիկացիաներ էր անում ստեղծում թատերային, ազգային տարազներ, թատերայնացված քանդակային պատկերներ, մետաղից, կաշվից, թղթից, կտորից պատրաստում էր դեկորատիվ դիմակներ: Նկարիչն օգտագործում էր ոչ միայն պատրաստի ներկեր, այլև ինքն էր պատրաստում դրանք տարբեր բույսերից: Օրինակ՝ շագանակագույնը ստանում էր թթից, կանաչը՝ ծլարձակած բույսի տերևների հյութից: Ներկեր պատրաստելու արվեստը դեռ մանկուց էր սովորել մորից: Այս ամենը, բնականաբար, մեծ հետաքրքրություն են առաջացնում ժողովրդական վարպետի նկատմամբ: Նկարչի ստեղծագործական հզոր կարողությունները իրենց արտահայտութ-յունն են գտնում կավե թատերայնացված քանդակապատկերներում (հաճախ ներկված), որոնք ներկայացնում են պարող սատանաների, չար ոգիների, առասպելական արարածների: Այս գործերում նույնպես բացահայտվում է արվեստագետի հարուստ երևակայությունը, գունային բազմազանությունը, կերպարների պլաստիկ և պատկերային արտահայտչականությունը: Մի ամբողջ տասնամյակ (1970-1980թթ.) վարպետը զբաղված էր <<շախմատի դեկորատիվ ֆիգուրներ>> շարքով (նա պատրաստել է ինքնատիպ փայտե դեկորատիվ ֆիգուրներ նաև խաղալու համար): Դրանք կավե երկկերպարանք քանդակներ են՝ տեմպերայով ներկված: Հիշարժան տիպաժները, նախշազարդե-րով տարազները, մոնումենտալ չափերը բնութագրում են այս շարքը: Դրանցով, սկակայն, չեին խաղում: Դա վարպետի <<անձնական>> շախմատն էր: Այդ պատկերաքանդակները կարելի էր խոշոր չափերով մեծացնել և դնել պուրակներում: Ս. Սահակյանի ստեղծագործական կենսագրության մեջ հիշարժան կմնա 1977 թվականը, երբ Լոս Անջելեսում (ԱՄՆ) բացվել էր ՍՍՀՄ ազգային ցուցահանդեսը՝ նվիրված Հոկտեմբերյան Սոցիակիստական Մեծ հեղափոխության 60-ամյակին: Այդ ցուցահանդեսում Սովետական Միությունը ներկայացնում էին ՈՒկրաինան և Հայաստնաը: Հայաստանի կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում մասնավորապես մեծ ընդունելության արժանացավ ժողովրդական վարպետ Ս. Սահակյանի արվեստը: Լոս Անջելեսում ցուցադրված նրա 120 աշխատանքներում արտացոլվել են ազգային հեքիաթների ու առասպելների, հայ դասական գրականության հերոսների ինքնատիպ ու հմայիչ կերպարները, հայկական զարդարվեստի հարստությունը: Վերջին տարիներին նկարիչը հրապուրվում է հատկապես փայտի փորագրությամբ, ստեղծում է խոշոր չափերի խորհրդանշական դեկորատիվ տոնդոներ, դռներ, պատուհաններ, պահպանակներ: Այս գործերում խորությամբ բացահայտվում են Սահակյանի գեղարվեստական հարուստ երևակայությունը, կոմպոզիցիոն, պլաստիկական, գունային ունակությունները, որոնք տարեց տարի կատարելագործվում են: Կաղնեփայտից պատրաստված մեծ տոնդոն (1978թ), նվիրված մորը՝ Իսկուհուն, գովերգում է ստեղծագործ աշխատանքը, իսկ 1979 թվականին ստեղծված տոնդոյում արծածված են հերոսական թեմա-ներ: Բարձրարժեք են հատկապես կյանքի վերջին շրջանում պատրաստված փայտե փորագրությունը. <<Գիտելիք>> ընկերության դուռը (Երևան), <<Զվարթնոցի դուռը>>, <<Տաթևի եկեղեցու դուռը>>, <<Դուռ>> (1983թ.)՝ նվիրված Վ. Սարոյանի հիշատակին, և այլ գործեր: Այս աշխատանքներն աչքի են ընկնում մեծ ու փոքր չափերի, շքեղ նախշազարդերի, հստակ ռիթմի, թեթև ու սահուն ուրվագծերի ներդաշնակությամբ: Այս գործերում, ինչպես նաև նրա ողջ ստեղծագործության մեջ, ամենաարժեքավորը կյանքի և ստեղծագործության նկատմամբ ներգործուն վերաբերմունքն է: Գնալով ավելի ու ավելի խոշոր ընդգրկման է հասնում վարպետի տաղանդը: Նրա առջև բացվում են ստեղծա-գործական նորանոր հորիզոններ: Նա անկաշկանդ մուտք է գործում արվեստի նորանոր ասպարեզներ: Այդ իմաստով հիշարժան էր 1982 թվականը, երբ առաջին անգամ ձևավորվեց Վ. Մովսիսյանի <<Եղիցի երկիր>> ներկայացումը (ռեժիսոր՝ Ե. Ղազանչյան): Այստեղ ևս վառ կերպով բացահայտվել է վարպետի տաղանդի բնորոշ առանձնահատկությունը՝ նրա անսպառ երևակայությունը, անսպասելի և տպավորիչ, բազմազան կերպարներ գտնելու ձիրքը, թատերային ստեղծագործության խորքերը թափանցելու ձգտումը: Իր ստեղծագործական բուռն գործունեությամբ Ս. Սահակյանը հետապնդել է մի նպատակ՝ պահպանել հայ ժողովրդի բազմադարյան մշակույթի անկրկնելի գանձերը, զարգացնել ու շարունակել դրանց ավանդույթները: Հայկական հնագույն զմբիլների նմանությամբ Սահակյնաի էսքիզներով ճիլ խոտից պատրաստվել են հյուսածո սեղան և դմփիկ-աթոռակներ: Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի դիրեկտոր Հովհ. Շարամբեյանի, Ս. Սահակյանի, Ա. Հարությունյանի միացյալ աշխատանքի արդյունքն է հայկական հին գորգերի և կարպետների հայթայթումը. Հավաքվել են 400 գորգ և կարպետ, որոնք ցուցադրվել են 1973թ. Երևանում: Ժողովրդական մշակույթի հետ սերտ կապի շնորհիվ հզորանում է վարպետի արվեստը, ավելի գունեղ է դառնում անհատական ստեղծագործական ուժը և ազգային ինքնատիպությունը: Սահակ Սահակյանի հանրաճանաչ աշխատանքները պահպանվում են Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում, փայտի աշխատանքների թանգարանում, Լենինգրադի ազգագրական թանգարանում, զանազան հաստատություններում, Բելգիայի, Ֆինլանդիայի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Իտալիայի, Անգլիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Ալժիրի մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում, հուլիսի 13-ին 2010թ.: