Հասարակածային գոտի
Հասարակածային գոտի, հասարակածային գոտու բնական գոտի՝ ցամաքի 5—8°, երբեմն մինչև 11° հյուսիսային և հարավային լայնությունների միջև։ Բնորոշվում է մշտական շոգ և խոնավ կլիմայով, ջրագրական խիտ ցանցով, փարթամ բուսականությամբ ու հարուստ կենդանական աշխարհով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 25—28 °C է, տեղումները՝ 1400—3000 մմ, ունեն տեղատարափ բնույթ և հաճախ ուղեկցվում են ամպրոպներով ու արևադարձային փոթորիկներով։ Հարաբերական խոնավությունը 70—90% է։ Օդի հոսանքները մեծ մասամբ վերընթաց են, հողերը՝ հիմնականում լատերիտային։ Հողմահարման և հողառաջացման պրոցեսներն ինտենսիվ են և թափանցում են մեծ խորություններ։ Բուսական աշխարհը բազմազան է, մշտականաչ։ Անտառները խիտ են, բազմահարկ (մինչև 11 «հարկ»), որոշ բուսատեսակներ ունեն մինչև 60 մ բարձրություն։ Վեգետացիան տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Տարածված են «հացի ծառը», կարմրածառը, արմավենիների բազմաթիվ տեսակներ, կաուչուկատուներ, լիաններ, մերձօվկիանոսյան շրջաններում մանգրովային անտառներ և այլն։ Առավել խիտ է ճահճային շրջանների բուսածածկույթը։ Հարուստ է կենդանական աշխարհը։ Տարածված են փիղը, ռնգեղջյուրը, գետաձին, գետակինճը, ջրավազաններում՝ կոկորդիլոսը և այլն։ Շատ են թռչունները, միջատները։ Հասարակածային գոտու մեծ մասում բուսածածկույթն ու կենդանական աշխարհը պահպանվում են իրենց սկզբնական վիճակով։ Խիտ բնակեցված երկրներում մեծ տարածություններ օգտագործվում են գյուղատնտեսության նպատակներով։
Հասարակածային գոտի | |
---|---|
Կարգավիճակ | territory? |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 247)։ |