Հայկ Հունանի Մելքումյան (1913, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն-), մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, ԽՄԿԿ անդամ։

Հայկ Մելքումյան
Ծնվել է1913
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1913 թվականին։ Ճաշակել է որբության դառնությունները։ Բերդի յոթամյա դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան, դարձել պահածոների գործարանի բանվոր։ 1934 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, ապա 1938 թվականին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ Աշխատանքի է նշանակվել լուսժողկոմատում որպես տեսուչ և մեթոդիստ։

1939 թվականին զորակոչվել է բանակ, ընդունվել զինվորական դպրոց։ Նրանց զորամասը՝ 249-րդ հրաձգային գունդը, տեղափոխվել է ֆիննական ռազմաճակատ։ Հաշտության պայմանագիր կնքելուց հետո զարամասը տեղափոխվում է Կույբիշև։ 1941 թվականի հունիսի սկզբին 117-րդ հրաձգային դիվիզիայի կազմում 140-րդ գունդը ևս ուղարկվել է արևմուտք։

1941 թվականի հունիսի 26-ին հրաձգային գունդը պաշտպանական կռիվներ է մղում գերմանացիների դեմ, անհավասար մարտերում սկսում նահանջել։ Հայկ Մելքումյանը մասնակցել է Գրոդնո, Մինսկ, Ռագաչով, Ժլոբին, Բոբրույս, Չերնիգով քաղաքների մատույցներում ծավալված պաշտպանական մարտերին։ 1942 թվականի դեկտեմբերին զորամասն ընկնում է շրջապատման մեջ, որի հետևանքով Հայկ Մելքումյանը գերեվարվում է, տեղափոխվում համակենտրոնացման ճամբար։ 1943 թվականի հոկտեմբերին մի խումբ ընկերների հետ փախչում է ճամբարից և միանում խորհրդային զորքերին։ Հինգ տարի թիկունքում աշխատելուց հետո 1948 թվականին վերադառնում է Երևան, դասավանդում Երևանի տարբեր դպրոցներում։ 1961 թվականին նշանակվել է «Սովետական դպրոց» թերթի խմբագրության բաժնի վարիչ։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագրով նրան շնորհվել է վաստակավոր ուսուցչի կոչում։ Թերթի հիմնադրման 50-ամյակի հանդիսության օրը պարգևատրվում է Գերագույն խորհրդի պատվոգրով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 36-37։