Հայաստան 2750

Արա Սարգսյանի ստեղծագործություններից նվիրված Երևանի 2750 ամյակին

Հայաստան 2750, հայ անվանի քանդակագործ Արա Սարգսյանի գործերից։ Նախատեսվում էր կառուցել մինչև 1968 թ. Երևան քաղաքի 2750-ամյակի կապակցությամբ։

Հայաստան 2750
Տեսակքանդակ և արձան
ՔանդակագործԱրա Սարգսյան
Ստեղծում1968
Բարձրություն60 սանտիմետր
Լայնություն20 սանտիմետր
Երկիր Հայաստան
ՔաղաքԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
ՆյութԳիպս

Պատմություն խմբագրել

Կոթող-արձանն ընդգրկում է Երևանի 2750-ամյա պատմության խիստ համառոտ բովանդակությունը։ Բաղկացած է երեք ծավալներից, որոնցից գերիշխողը մեջտեղինն է։

Առաջին ծավալը ներառում է ուրարտական պաշտամունքի առարկա արծիվի թևավոր կերպարը, որն արտահայտում է երկու մարմինների միասնությունից ծայր առնող հավիտենական շարժումը։ Այն խորհրդանշում է պտղաբերությունը, բեղմնավորությունն ու կյանքի հարատևությունը՝ ուրարտացիների պատկերացումներով։ Արծիվի թևավոր կերպարը նախատեսված էր կառուցել կոփածո պղնձից։

Երկրորդ ծավալը բուն կոթողն է, որը ունենալու էր 15 մ բարձրություն, 2.5 մ լայնություն և 2.9 մ խորություն։ Կոթողի մակերեսների վրա պատկերված են Երևան քաղաքի պատմության հիմնական դրվագները։ Հետին ճակատի վրա՝ Էրեբունիի ֆոնին հարթաքանդակով պատկերված է Արգիշտի թագավորի կերպարը, ով իր ձեռքի շարժումով ցույց է տալիս Երևան քաղաքի կառուցման վայրը[1]։

Կոթողի ներքևում՝ ձախ թևի հարթության վրա, պատկերված է ուրարտական կենաց ծառը, որն արտահայտում է Էրեբունիի կառուցմամբ սկիզբ առնող կյանքը։ Դրանից վերև պատկերված է 782 թվականը՝ Էրեբունիի կառուցման թվականը։ Վերևում՝ հայ ժողովրդի համար ամենակարևոր տարեթիվը՝ 405-ը, որ մարմնավորում է հայոց գրերի գյուտի՝ հայ մշակույթի հետհելլենիստական շրջանի նոր սկզբնավորումը։ Քիչ ավելի վերևում պատկերված է խոյակներով սյուն, որը խորհրդանշում է հայ ժողովրդի կառուցողական հանճարը՝ ճարտարապետությունն ու բարձր մշակույթը։ Ամենավերևում պատկերված է հայոց պետականությունը խորհրդանշող թևավոր արծիվը։ Այն օգտագործվել է իրար հաջորդող պետական պետական գրեթե բոլոր շրջաններում՝ մինչև 14-րդ դարը։

Կոթողի ներքևում՝ աջ ճակատամասի վրա, ուրարտականին հակադիր պատկերված է հայոց կենաց ծառը՝ կյանքի բարգավաճման, հարատևության խորհրդանիշը։ Դրանցից վերև հայ ժողովրդի գլխին դարեր շարունակ կախված կեռ յաթաղանն է, բարբարոս ցեղերի՝ սելջուկների, արաբների, մոնղոլների, պարսիկների ու օսմանցիների գործադրած բիրտ ու բռնի ուժի զենքը, որոնցից Երևանն ազատագրվել 1827 թ.: Ամենավերևում պատկերված է 1920 թվականը՝ խորհրդային կարգերի հաստատման տարեթիվը, որով նշանավորվեց Երևանի զարգացման ու վերածննդի նոր դարաշրջանը։ Կոթողի այդ հատվածը եզրափակվում է խաղաղության սիմվոլի՝ աղավնու կերպարով[1]։

Կոթողի գլխավոր ճակատի վերին մասում տեղադրված է Երևան քաղաքի նոր զինանշանը՝ որպես քաղաքի ողջ անցյալ պատմության ավարտ։

Նախագծի երրորդ ծավալը 1.40 x 2.40 x 1.40 չափերով միակտուր քար է, որի չորս մակերեսների վրա նախատեսվում էր զբոսաշրջիկների համար ուրարտերենով, ռուսերենով, ֆրանսերենով, անգլերենով ու արաբերենով գրել Էրեբունիի հիմնադրման մասին տեղեկություններ։

Կոթողն ու միակտուր քարը նախատեսվում էր կառուցել Արմավիրի կարմրանարնջագույն տուֆից կամ բազալտից։

Կոթողը պետք է կանգնեցվեր 1968 թ. հոկտեմբեր ամսին Արին բերդի ստորին մասի սկզբում՝ բլրի վրա՝ ամրոցի մուտքի մոտ մինչև Երևանի 2750-ամյակի տոնակատարությունների սկիզբը[1]։

Տես նաև խմբագրել

«Մայր Հայաստան» հուշահամալիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի արխիվային նյութեր