Հաղորդակցության ուղիների ժողկոմիսարիատի պոլիկլինիկա

Հաղորդակցության ուղիների ժողկոմիսարիատի պոլիկլինիկա (ռուս.՝ Поликлиника Наркомата путей сообщения), շենք Մոսկվայում։ Հասցեն՝ Նովայա Բասմաննայա փողոց, տուն 5, շինություն 1։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է (գրանցման համար` 7733800000)[2]։

Հաղորդակցության ուղիների ժողկոմիսարիատի պոլիկլինիկա
Տեսակտեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոսելսկի շրջան
Հիմնադրված է1923
ՃարտարապետԻվան Ֆոմին
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պոլիկլինիկայի շենքը կառուցվել է ճարտարապետ Իվան Ֆոմինի նախագծով 1923-1933 թվականներին։ Մինչ այդ Ֆոմինը Հաղորդակցության ուղիների ժողկոմիսարիատի համար կառուցել է շենք փողոցի սկզբնամասում (տուն 2)։ Պոլիկլինիկան դարձել է նրա իրականացրած ծրագրերից վերջինը։ Շենքը կառուցվել է ար-դեկո ոճով, ինչը բավական հազվադեպ երևույթ է Մոսկվայի համար[3]։

Հաղորդակցության ուղիների ժողովրդական կոմիսարիատի պոլիկլինիկան, որի համար շենքը կառուցվել էր, լավ կահավորվել էր ամերիկացիների մասնակցությամբ։ Կոմիսարիատի` ԽՍՀՄ հաղորդակցության ուղիների նախարարության վերափոխվելու ժամանակ փոխվել է նաև նրա անվանումը։ Ներկայումս հաստատությունը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կենտրոնական պոլիկլինիկան է[3][4]։

 
Պոլիկլինիկան 2015 թվականին

Նկարագրություն խմբագրել

Շինությունն անհամաչափ է, այն կազմված է երեք ծավալներից։ Երկու երկար մասնաշենքերը կանգնած են հարևանությամբ անցնող երկաթուղուն զուգահեռ, աջի կարճ ճակատը կանգնած է փողոցի կարմիր գծով, ձախը կալվածքի փոքր-ինչ խորքում է։ Երրորդ մասնաշենքն ավելի կարճ է և առաջին երկուսը կապում է իրար։ Փողոցի կողմից մասնաշենքերն ավարտվում են կիսագլաններով, որոնք ճաղապատ ցանկապատի հետ սահմանափակում են գլխավոր բակը։ Շենքի մյուս կողմում գտնվում է ներքին տնտեսական բակը։ Հողամասի խորքում գտնվող ձախ մասնաշենքը մեկ հարկով բարձր է մյուս երկուսից։ Պատուհանները նման են 1920-ական թվականներին տարածված ժապավենաձևերին։ Երկաթուղու կողմի ճակատի աստիճանները գտնվում են կիսագլանաձև ելուններում։ Գլխավոր ճակատը բակում լրացված է առաջին հարկի սրահով և երկար պատշգամբներով։ Շենքի հարդարումը կատարվել է լակոնիկ պարզեցված օրդերային տարրերի կիրառմամբ. ատամնիկներով բարակ քիվ, քիչ նկատելի կոպտատաշ շարվածք, առանց խոյակների կրկանկի սյուներ։ Վերջինը Ֆոմինի սիրելի հնարքներից էր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Распоряжение Правительства Москвы № 2844-РП от 02.09.2009
  2. «Поликлиника Наркомата путей сообщения (МПС), 1923-1933 гг., архитектор И.А.Фомин» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 Васильев, Николай. «Поликлиника НКПС» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  4. Центральная поликлиника ОАО «РЖД»