Հազվագյուտ իրերի կաբինետ

Հազվագյուտ իրերի կաբինետ կամ կունստկամերա (անգլ.՝ cabinet of curiosities, գերմ.՝ Wunderkammer, Kunstkammer), սենյակ, որտեղ պահվում են բնագիտական, արհեստական և բնական տարբեր հազվագյուտ իրերից կազմված թեմատիկ հավաքածուներ։ Կունստկամերաները Եվրոպայում հայտնվել են XVI դարում[1], ծաղկման հասել XVII դարում՝ բարոկկոյի շրջանում։ Այդպիսի հավաքածուներ ստեղծում էին կամ արիստոկրատիայի ներկայացուցիչները կամ գիտնականները, բժիշկները։ Հավաքածուների աճի արդյունքում հետագայում բացվում են թեմատիկ թանգարաններ։

Արքայազն Վլադիսլավ Վազայի՝ հազվագյուտ իրերի կաբինետ

Ծագում

խմբագրել
 
Սեղանի կաբինետ, Վիկտորիայի և Ալբերտի թանգարան, Լոնդոն
 
Պահարան-կաբինետ XVII դար, Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան, Ռոտերդամ

Ամեն ինչ սկսվում է ունևոր մարդկանց հավաքածուներից և դրանք պահելու համար ստեղծված կահույքից։ Կահույքագործ վարպետները ստեղծում են դարակներով, դռներով հատուկ պահարաններ՝ տարբեր իրեր պահելու համար։ Պահարանը ստանում է կաբինետ անվանումը։ Հավաքածուի մեծացմամբ ավելանում է պահարան-կաբինետի թիվը, որի համար առանձին սենյակ են հատկացնում։ Ավելի ուշ պահարնի անունը փոխանցվում է այն սենյակին, որտեղ պահվում է հավաքածուն։

Պահարանային կաբինետներ

խմբագրել

Պահարան - կաբինետն արագորեն դառնում է կահույքագործ վարպետների համար փորձարարական դաշտ։ Հայտնվում են սեղանի մեծ և փոքր պահարաններ՝ սյունատիպ ոտքերի վրա, հատակին մոտ դրված լրացուցիչ դարակով, որի վրա տեղադրում էին խխունջներ կամ ծաղկամաններ։ Մի քանի դարակներ ունեցող պահարանների դռները սկզբնապես առանց ապակիների էին և զարդարված էին մարկետրիով՝ փայտե խճանկարով, փորագրությամբ և մետաղական զարդակտորներով։ Պահարան - կաբինետներն աստիճանաբար մեծ չափեր են ստանում և կրում ժամանակի ոճային ազդեցությունը՝ մաներիզմ, բարոկկո, ռոկոկո։ XX դարում դրանք դառնում են տարբեր թանգարանների հավաքածուների անբաժանելի մասը։

XX դարի վերջում կահույքի այդ տեսակը նորից հայտնվում է մոդայական դիզայներների մոտ, բայց արդեն այլ կիրառմամբ (Ջիմի Մարտին, վարդագույն կաբինետ կոկտեյլների համար)։

Հազվագյուտ իրերի բացառիկ հավաքածուներ

խմբագրել

Վերնախավի հավաքածուներ

խմբագրել

XVI դարի երկրորդ կեսին հազվագյուտ իրեր հավաքելը դառնում է Սրբազան հռոմեական կայսրության վերնախավի հետաքրքրությունը։ Կարելի է նշել Հեսեն-Կասսելյան լանդգրաֆների հավաքածուն (մոտ1577 թվական), Վյուտեմբերգներինը՝ Շտուտգարտում (մոտ 1600 թվական), Բեռլինի Բրանդենբուրգյան կուրֆյուրստների հավաքածուն (առաջին կատալոգը՝ 1599 թվական)։ Մեզ է հասել Սաքսոնիայի կուրֆյուրստ Օգոստոսի՝ 1560 թվականին Դրեզդենում ստեղծած բացառիկ հավաքածուն՝ կազմված հիմնականում գիտատեխնիկական ցուցանմուշներից՝ ժամացույցներ, գիտական գործիքներ, որսորդական, բժշկական, տպագրության իրեր, նկարներ, այլ հազվագյուտ իրեր[2]։ Մեծ հավաքածու ուներ Ավստրիայի էրցհերցոգ Ֆերդինանդ II-ը (1529 - 1595)։ Նրա հավաքածուն զբաղեցոնում էր մի քանի սենյակ, որտեղ քսան պահարան- կաբինետների մեջ ըստ տեսակների խնամքով դասավորված էին ակնագործական իրեր, թանկարժեք քարեր, երաժշտական և գիտական գործիքներ, բորնզից, փայտից, ճենապակուց պատրաստված իրեր, ձեռագրեր, դրամներ և շքանշաններ, ազգագրական հազվագյուտ իրեր[2]։ Ֆերդինանդի հավաքածուն հասանելի էր միայն ընտրյալների այցելուների համար։ Այն գտնվում է Ամբրաս ամրոցում և պահպանվել է մինչև մեր օրերը։

 
Հաշմանդամ - թզուկի պատկեր՝ կատարված Ֆերդինանդ II-ի համար
 
Ռուդոլֆ II կայսրը այգիների աստված Վերտումնի տեսքով, նկարիչ՝ Արչիմբոլդո

XVI դարի վերջում մեծ ճանաչման է արժանանում Ֆերդինանդ II-ի ազգական՝ ավստրիայի կայսր Ռուդոլֆ II-ի հազվագյուտ իրերի կաբինետը Պրահայում։ Կայսրը ոչ միայն գործակալներ է ուղարկում Եվրոպայի տարբեր երկրներ՝ հազվագյուտ իրեր փնտրելու, այլ նաև իրեն շրջապաում է վարպետներով, ովքեր կարող էին նման իրեր ստեղծել։ Նա հավաքում է բնական (հանքաքարեր, խխունջներ), արհեստական (զենքեր, դրամներ, շքանշաններ, Ամերիկայից և Հնդկաստանից բերված էկզոտիկ իրեր), գիտական (ժամացույցներ, աստղագիտակա իրեր) իրեր, ինչպես նաև տարբեր հնություններ՝ կիսանդրիներ, քանդակներ, քարեր։ Հավաքածուի մեջ կար նաև 800 նկարներ պարունակող հավաքածու և գրադարան։ Կայսեր ժողովածուները զարդարում էին տաղանդավոր նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի ալեգորիա-նկարները, որոնց որակը և քանակը ժամանակակիցների հիացմունքին էր արժանանում։ Ռուդոլֆի հավաքածուն կողոպտվում է նրա մահից հետո, և շատ իրեր դառնում են այլ կաբինետների սեփականություն։

Գիտնականների և հավաքորդների հավաքածուներ

խմբագրել

Իտալիա

խմբագրել
 
Ու. Ալդրովանդիի հավաքածուից նկար

Վաղ շրջանի բացառիկ հավաքածուներից մեկը պատկանել է Ուիլիս Ալդրովանդիին (1522—1605): Բոլոնիայում գտնվող նրա «թանգարանը», որը բաց էր գիտնականների առաջ, ուներ բնագիտական ուղղվածություն։ Հավաքածուն ներառում էր 11 հազար բույսեր, կենդանիներ, հանքաքարեր, 7 հազար բույսերի հերբարիումներ, հանգամանորեն կատարված մոտ 8 հազար նկարներ այն հազվագյուտությունների, որոնք Ալդրովանդին չի կարողացել ձեռք բերել։ Դասակարգելու և ցուցակագրելու մոլուցքը նկատվում է ամենուր. երկու հիմնական պահարաններում նրա հավաքածուն մի քանի հազար տուփ էր կազմում, ընդ որում մի տուփի մեջ տեղադրված էր երկրորդը՝ ավելի փոքրը։ Ալդրովանդին նույնիսկ կազմել էր իր թանգարանի այցելուների ցուցակը՝ «ըստ նրանց բնակության վայրի, զբաղմունքի և մասնագիտության»։ Ալդրովանդիի հավաքածուն դառնում է նրա 13 հատորանոց հանրագիտարանի հիմքը[2]։

 
Ֆ. Իմպերատոյի կաբինետը, Նեապոլ ( 1599 թվականի կատալոգից)

Բնագիտությանը նվիրված մեկ այլ կաբինետ ստեղծել է բնախույզ և դեղագործ Ֆերրանտե Իմպերատոն (1550—1615) Նեապոլում։ Հավաքածուի մեջ էին մտնում հերբարիումներ, ծովային կենդանիների, ձկների, թռչունների խրտվիլակներ, հանքաքարեր։ Ցուցանմուշները տեղադրված էին պահարաններում, դահլիճի պատերին ու թաղերին։ Կաբինետի զարդը գրադարանն էր։ Գրքերի նկատմամբ հարգալից վերաբերմունքը երևում էր անգամ նրանց դիրքից՝ էջերը դեպի ներքև՝ պաշտպանելու համար։ Իմպերատոյի «Բնական պատմություն» բազմահատոր աշխատությունը՝ հիմնաված իր հավաքածուի նյութերի վրա, տպագրվել է 1599 թվականին։

 
Ֆ. Կալզոլարիի կաբինետը, Վերոնա (1622 թվականի կատալոգից)

XVI - XVII դարերի անցման շրջանում հավաքածուների գիտաճանաչողական և մասնագիտական կողմնորոշումը փոխվում է դեպի հազվագյուտի, անսովորի նկատմամաբ հետաքրքրությամբ։ Դեղագործ Ֆրանչեսկո Կալզոլարիի (1521-1600) հավաքածուն Վերոնայում ծառայում էր և որպես լաբորատորիա, և ուսանողների հետ հանդիպման վայր։ Եթե նրա հավաքածուի առաջին կատալոգում ներկայացված են բժշկական գործի հետ կապված ցուցադրանմուշներ, ապա երկրորդում՝ 1622 թվականին տպագրված, նկարագրվում են որոշ բույսերի, «դոդոշաքարի», միաեղջյուրի եղջյուրի հրաշալի հատկությունները և այլն։ Բնագիտական կողմը երկրորդ պլան է մղվում նաև Անտոնիո Ջիգանտիի հավաքածուում (1535-1598)։ Այստեղ արվեստի ստեղծագործությունները հերթագայում են բնության օբյեկտներին՝ չհամընկնող առարկաներից կազմելով թեմատիկ խմբեր[2]։

 
Մ. Սետտալայի կաբինետը, Միլան (1666 թվականի կատալոգից)

Միլանի գյուտարար և գիտական գործիքներ պատրաստող Մանֆրեդ Սետտալայի (1600-1680) հավաքածուն զբաղեցնում էր չորս սենյակ և ներառում էր կմախքներ, հերբարիումներ, նկարներ, հնագիտական գտածոներ, զենքեր, ժամացույցներ և այլ իրեր[2]։ Թեև թանգարանն ուներ միջազգային ճանաչում և շատ այցելուներ, Սետտալան համարում էր, որ իր հավաքածուի խնդիրը ոչ թե զվարճանքն է, այլ գիտական աշխատանքները[3]։ Երբ Սետտալան, որին անվանում էին «միլանցի Արքիմեդ», մահանում է, նրա դագաղի հետևից տանում էին նրա հավաքածուի ամենանշանավոր ցուցանմուշները։ Սետտալայի թանգարանը 1751 թվականին կցվում է Ամբրոզյան գրադարանին և մինչ այսօր այնտեղ է։

Մեծ հավաքածու ուներ նաև Աֆանասիա Կիրխերը (1602-1680), որը ծնվել էր Գերմանիայում, բայց կյանքի մեծ մասն անց էր կացրել Հռոմում։ Իր հավաքածուի համար նա պարտական էր ճիզվիտների միաբանությանը, որին պատկանում էր։ Ճիզվիտական միսսիաներից նա ստանում էր էկզոտիկ իրեր Աֆրիկայից, Ամերիկայից, Հեռավոր Արևելքից։ Նրա հավաքածուի մաս էին կազմում նաև հնություններ և բնագիտական ցուցանմուշներ, ինչպես նաև այնպիսի գյուտեր, ինչպիսիք են «Արևածաղիկ» պտտվող ժամացույցը, Դելփյան պատգամախոսի վերակերտվածքը և շատ տեսողական պատրանքներ[2]։

 
Ա. Կիրխերի թանգարան, Հռոմ (1678 թվականի կատալոգից)

Հյուսիսային Եվրոպա

խմբագրել

Բնագիտական հավաքածուներ ստեղծել են Կոնրադ Հեսները՝ Շվեյցարիայում (1516—1565), բուսաբան Լեոնարդ Ֆուկսը (1501-1566) և Գեորգ Ագրիկոլան (1494—1555)՝ Գերմանիայում[2]։ Ավելի ուշ՝ XVII դարում, մեծ աղմուկ է հանում ՕԼե Վորմի (1588—1655) հավաքածուն՝ նվիրված բնական պատմությանը, սկանդինավյան, հունական, հռոմեական, արևելյան ազգագրությանը և պատմությանը[2]։

 
Օ. Վորմի կաբինետը, Կոպենհագեն (1655 թվականի կատալոգից)

Լայն տարածում են ստանում Հոլանդիայի XVII հազվագյուտ իրերի կաբինետները։ Արևելահնդկական ընկերությունների հետ կապը և սեփական գաղութները Ասիայում դառնում են հոլանդացի հավաքորդների համար անսպառ աղբյուր իրենց հավաքածուները համալրելու համար։ Նշանավոր է նկարիչ Ռեմբրանդի հավաքածուն, որը նա օգտագործել է իր նկարները ստեղծելիս։ Մեծ ճանաչում է ստանում նաև բժիշկ և գիտնական Ֆրեդերիկ Ռյուշի (1638—1731) հավաքածուն։ Մանկաբարձական պրակտիկան և դատաբշժկական գործերը նրան մոտեցնում են անատոմիային և հրեշաբանությանը։ Նա սկսում է հավաքել զարգացման անոմալիաներ ունեցող սաղմեր, կատարելագործում է փափուկ հյուսվածքների պահման տեխնիկան։ Նրա հազվագյուտ իրերի կաբինետը և անատոմիական հավաքածուն 1717 թվականին վաճառվում է Պետերբուրգ 30 հազար գուլդենով, որն այն ժամանակվա համար մեծ գումար էր։ Ռյուշի կաբինետի և հավաքածուի մի որոշ մաս հասել է մինչև մեր օրերը։

Անգլիա

խմբագրել

Անգլիայում հազվագյուտ իրեր սկսել է հավաքել Ջոն Տրադեսկանտը (1577- 1638), որը բացում է իր «Տապանը» այցելությունների համար և այն դառնում է Անգլիայում առաջին հասարակական թանգարանը։ Նրա որդուց հավաքածուն փոխանցվում է Էլիաս Էշմոլին (1617—1692), որն իր հերթին լրացնում է այն և փոխանցում Օքսֆորդի համալսարանին, որտեղ այն հիմք է հանդիսանում 1683 թվականին բացված Էշմոլի թանգարանի համար։

Հազվագյուտ իրերի կաբինետները և գեղանկարչությունը

խմբագրել

Եթե գիտնականներին գրավում էին անատոմիական հրեշները և անոմալիաները, նկարիչները գերադասում էին տարբեր շրջանների և երկրների արվեստի ստեղծագործություններ։

Հազվագյուտ իրերը դարձել էին բարոկկոյի շրջանի նատյուրմորտի մշտական թեման։ Նույնիսկ կաբինետները դառնում են նկարի թեմա։ Դրանք պատկերել են Ֆրանս Ֆրանկեն Կրտսերը, Ֆիլիպ դե լա Գիրը, Յան Բրեյգել Ավագը, Էտեն դե լա Գիրը և այլ նկարիչներ։

Հազվագյուտ իրերի կաբինետները Ռենեսանսյան Եվրոպայից դուրս

խմբագրել

Հնությունների և հազվագյուտ իրերի հավաքումը տարածված էր ոչ միայն Ռենեսանսյան Եվրոպայում։ Անտիկ շրջանում նման հավաքածուներ հավաքել է նաև Օկտավիանոս Օգոստոս կայսրը։ Ինչպես գրում է Սվետոնիոսը, իր ապարանքում նա ուներ «հերոսների զենքեր, հսկայական կենդանիների և հրեշների ոսկորներ, որոնք համարվում էին Հսկաների մնացորդներ»[4]։ Հազվագյուտ իրեր էին հավաքում նաև Չինաստանի Ցին դինաստիայի արքաները։ Իր «կաբինետներով» էր հատկապես տարված կայսր Ցյանլունը, որը «սիրում էր ազատ ժամանակ ուսումնասիրել այդ արկղիկների պարունակությունը»[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Кунсткамера(չաշխատող հղում)(չաշխատող հղում) // Российский гуманитарный энциклопедический словарь: в 3 т. М.: Гуманит. изд. центр ВЛАДОС: Филол. фак. С.-Петерб. гос. ун-та, 2002. Т. 2: З—О.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Mauriès P. Cabinets of Curiosities. London: Thames & Hudson, 2002.
  3. Findlen P. Possessing Nature: Museums, Collecting, and Scientific Culture in Early Modern Italy. University of California Press, 1994.
  4. Гай Светоний Транквилл. Божественный Август, 72 (Гай Светоний Транквилл. Жизнь двенадцати цезарей / пер. М. Л. Гаспарова. М.: Наука, 1993. Кн. 2).
  5. Горина Л. «Сокровища китайских императоров: шкафчики с редкостями». Исторический журнал History Illustrated. 2010. № 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.

Գրականություն

խմբագրել
  • Станюкович Т. В. Кунсткамера Петербургской aкадемии наук. М.; Л., 1953.
  • Гинсбург В. В. Анатомическая коллекция Рюйша в собраниях Петровской Кунсткамеры // Сборник Музея антропологии и этнографии. Т.XIV. М.; Л., 1953.
  • Зубов В. П. К трехсотлетию Академии опытов во Флоренции (1657—1667) // Вестник мировой культуры. 1957. № 3. С. 47—53.
  • Кузьмина Е. Е. Национальная культурная политика Великобритании и музей. М., 1992.
  • Куклинова И. А. Кабинеты во Франции в XVI—XVII вв. // Музей в современной культуре: Сб. науч. тр. / СПб. Академия культуры. Т. 147. СПб., 1997.
  • Юренева Т. Ю. Западноевропейские естественно-научные кабинеты XVI—XVII веков // Вопросы истории естествознания и техники. 2002. № 4.
  • Махо О. Г. Студиоло Франческо I Медичи — позднеренессансная трансформация идеи правителя-гуманиста // Культура Возрождения XVI в. М., 1997.
  • Findlen P. Possessing Nature: Museums, Collecting, and Scientific Culture in Early Modern Italy. University of California Press, 1994. [1]
  • The origins of museums. The cabinet of curiosities in the sixteenth and seventeenth century Europe / ed. by Oliver Impey, Arthur MacGregor. Oxford, 1985.
  • Mauriès P. Cabinets of Curiosities. London: Thames & Hudson, 2002.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազվագյուտ իրերի կաբինետ» հոդվածին։