«Կոնսոլատո դել Մարե» (իտալ.՝ Consolato del mare), միջազգային ծովային իրավունքի օրենքների և սովորույթների ժողովածու՝ ձևավորված XIII դ. վերջին - XIV դ. առաջին կեսին։ Գրվել է կատալաներեն։ Երբեմն կոչում են բարսելոնյան օրենքներ, հավանաբար Բարսելոնայում հրատարակված լինելու պատճառով։ Բաժանված է 3 մասի։ Առաջին մասն ընդգրկում է ծովային առևտրի, ծովագնացության վերաբերյալ գործերի դատավարական նորմաներ, կապերային նավերի ռեգլամենտը, երկրորդ մասը՝ սովորութային իրավունքի նորմաներ, երրորդ մասը՝ բացի ծովային մասնավոր իրավունքի նորմաներից, նավատերերի, նավապետների, նավաստիների իրավունքներն ու պարտականությունները, նավերի առուծախի կարգավորման, նավավթարի, նրա հետ առնչվող վնասների հատուցման հարցեր։ Խմբագրված է առանց միասնական ոճի։ «Կոնսոլատո դել Մարե»-ն կիրառվել է Միջերկրական ծովի առափնյա երկրներում, նավահանգիստներում, առևտրական և հյուպատոսական նավերում։ Հետագայում նրա նորմաներից շատերը դարձել են եվրոպական պետությունների ծովային օրենսդրության հիմքը։ Ժողովածուի ձևավորմանը էապես նպաստել է կիլիկիայի հայկական պետությունը։ Նրա նավահանգիստները, առաջին հերթին Այասը, դարձել են միջազգային առևտրի կենտրոններ։

Կոնսոլատո դել մարե
կատ.՝ Llibre del Consolat de Mar
Տեսակգրական ստեղծագործություն
Թեմաadmiralty law? և Consulate of the Sea?
Բնօրինակ լեզուOld Catalan?
Հրատարակման տարեթիվ1484
 Consolat de Mar Վիքիպահեստում

Այն փաստը, որ մերձափնյա բոլոր երկրների նավերը մուտք են գործել Կիլիկիա, հիմք է տալիս ենթադրելու, որ ժողովածուն կիրառվել է նաև այնտեղ։ Դեռևս նախքան ժողովածուի ընդունումը Կիլիկիայում կիրառվող ծովային իրավունքի նորմաները հաճախ ավելի առաջադիմական էին, քան ժամանակի ծովային այլ պետությունների նորմաները։ Բացի այդ, Կիլիկիան աշխարհի ծովային բոլոր պետությունների հետ կապեր ունենալու ընթացքում Արևելքի ու Արևմուտքի, քրիստոնյա ու մուսուլման աշխարհի միջև հանդես է եկել միջնորդի դերում, եղել հյուպատոսական ինստուտի ձևավորման ու զարգացման հիմնական կենտրոններից։ Այասն ու այլ նավահանգիստներ հյուպատոսական գործունեության հանգուցակետեր էին։ Այստեղ էին գործում Վենետիկի, Ջենովայի, Պիզայի, Կատալոնիայի և այլ երկրների ու քաղաքների հյուպատոսները։ Նրանք մասնակցում էին նավավարձման, վթարների, նավաբեկության և այլ կապակցությամբ իրենց երկրի քաղաքացիների հետ առնչվող վեճերին։ Իրենց հերթին սեփական երկրի ծովագնացների և վաճառականների իրավունքների ու շահերի պաշտպանությունն իրականացնում էին Միջերկրականի առափնյա հայկական գաղութների հյուպատոսները, որոնց գործունեությունը «Կոնսոլատո դել Մարե»-ի ձևավորման համար նույնպես կարևոր նշանակություն է ունեցել, ծովային համակարգված օրենքների ու սովորույթների թվում տեղ են գտել նաև հյուպատոսների գործունեությամբ ձևավորված տեղական օրենքներն ու սովորույթները։

Ծովագնացության, ծովային առևտրի առնչությամբ ծագող հարաբերությունները ամրապնդվել են Կիլիկիայի հայկական թագավորների և Արագոնի ու Կատալոնիայի միջև ծավալվող հարաբերություններով։ Միջերկրական ծովի առափնյա մերձավոր երկրներից բացի, Կիլիկիայի հետ առևտրական կապեր են պահպանել նաև այլ հեռավոր քաղաքներ ու նավահանգիստներ (Սևիլյան, Բարսելոնան, Սարագոսան, Մայորկան և այլն)։ Արագոնի և Կատալոնիայի թագավորը (Հայմե II) 1293-ին, իր դեսպանի միջոցով, Կիլիկիայի թագավորին հանձնած նամակով խնդրել է որոշակի արտոնություններ տալ կատալոնցիներին, որը Հեթում ΙΙ բավարարել է։ Հայաստանի և Կատալոնիայի միջև ծովագնացության և առևտրական կապերի փաստի մասին վկայում է նաև «Կոնսոլատո դել Մարեն»։ Այստեղ, ոչ թե թռուցիկ, այլ հիշատակելով հայկական նյութը (գլուխներ՝ XXXII (77) և CCXXX (275)), զետեղված են Հայաստանի մասին տեղեկություններ։ Նյութը ուսումնասիրողները (Ու. Հեյդ, ժ. Մ. Պարդեսյու) նշում են միջազգային ծովային իրավունքի այդ հուշարձանի և Կիլիկիայի հայկական պետության միջև եղած կապը։ Ժողովածուն ընդունող պետությունների շարքում Հայաստանը հետագա ձեռագիր ցուցակում չի շոշափվում հավանաբար այն պատճառով, որ պետությունները ժողովածուն հոժարագրել են փաստացի գործածությունից շատ ավելի ուշ, Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո։ Կիլիկիայի հայկական պետությունը ոչ միայն մասնակցել է «Կոնսոլատո դել մարե»-ի ձևավորմանը, այլև գործնականում կիրառել նրա նորմաները։ Մի շարք երկրներում (օրինակ՝ Անգլիայում) «Կոնսոլատո դել Մարե»-ի նորմաները գործել են մինչև 19-րդ դար։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 574