Հեթում Բ (1266[2] - նոյեմբերի 17, 1307, Անարզաբա[3]), 1289 թվականից Կիլիկիայի Հայոց թագավոր։ Հեթումյանների արքայատոհմից։

Հեթում Բ
Դիմանկար
Ծնվել է1266[1]
Մահացել էնոյեմբերի 7, 1307(1307-11-07) կամ նոյեմբերի 17, 1307(1307-11-17)
Մահվան վայրԱնարզաբա
Մասնագիտությունգերիշխան
Ծնողներհայր՝ Լևոն Գ, մայր՝ Կեռան
Զբաղեցրած պաշտոններՀայոց շահնշահ
 Hetoum II of Armenia Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

1289 թվականին, Լևոն Գ-ի մահից հետո, հայոց գահը, համաձայն ավատատիրական օրենքի, ժառանգում է նրա ավագ որդին` Հեթում Բ-ն։ Հեթումը ամուսնացել էր Մարգարիտի հետ, ով Կիպրոսի թագավոր Հուգո Գ-ի դուստրն էր։

Բախում մամլուքների հետ խմբագրել

Հեթում Բ-ի կառավարման սկիզբը համընկավ Քելավունի և Աշրաֆի արգեսիայի ակտիվացման հետ։ Նրանք որոշել էին մեկընդմիշտ վերջ տալ խաչակիրներին, Արևելքում վերջին հարվածը հասցնել ֆրանկների տիրապետությանը։ Արևելքում հզոր թշնամու դեմ մնում են երկու քրիստոնյա պետություններ` Կիլիկյան Հայաստանը և Կիպրոսի թագավորությունը։ Խաչակիրների հետ հաշվեհարդար տեսնելուց հետո, մամլուքյան սուլթանը զենքն ուղղում է Կիլիկյան Հայաստանի դեմ։ Սպառնացող վտանգը կանխելու համար, Հեթում Բ-ն զորք է ուղարկում Ամանոսյան լեռներ` թագավորությունը պաշտպանելու մամլուքների հանկարծակի ներխուժումից։ Օգնության խնդրանքով դիմում է Հռոմի պապին ու մոնղոլներին, սակայն օգնություն չի ստանում։ Մամլուքները առաջին հարվածն ուղղում են Հռոմկլային, որը սեպի պես խրված էր մուսուլմաններին պատկանող տարածքներում։ Մաքրիզիի տեղեկության համաձայն, 20 պատերազմական մեքենա է բարձրացվել Հռոմկլայի դեմ։ 33 օր տևած պաշարումից հետո, 1292 թվականի բերդաքաղաքը գրավվում է և սուլթանը քաղաքին տալիս է Կալաատ ալ-Մուսլիմին անվանումը։ Շուրջ 12 հազար մարդու գերի են տանում Հռոմկլայից։ Հռոմկլայի անկումը Ստեփանոս Օրբելյանը համարում է աստվածային պատիժ` նախորդ կաթողիկոսի հանդեպ թագավորի ցուցաբերած թշնամական վերաբերմունքի համար։ Մամլուքները զավթելով Հռոմկլան, շարժվում են Կիլիկյան Հայաստանի սահմանների ուղղությամբ, նրանց նպատակն էր պաշարել Բեհեսնի բերդը։ Մոնղոլների ու Եվրոպայի օգնության վրա հույս չդնելով Հեթում թագավորը ստիպված եղավ Մարաշը, Թիլ-Համդունը և Բեհեսնին հանձնել Եգիպտոսի սուլթանին։ Հեթում թագավորը 1294 թվականին հրաժարվում է գահից և այն հանձնում է եղբորը` Թորոսին։ Կարճ ժամանակով Կիլիկյան Հայաստանը ազատվել էր մամլուքների ներխուժումների սպառնալիքներից։ Իրենց քույր Զաբելին` Հեթումը Բ-ն և Թորոս արքան ամուսնացնում են Կիպրոսի թագավոր Հենրի Բ-ի եղբոր` Ամորիի հետ։ Այստեղ հայ մեծամեծերը Թորոսի գլխավորությամբ համոզում են Հեթումին կրկին կառավարման ղեկը վերցնել իր ձեռքը։ Գալով իշխանության` Հեթումը մեկնում է Իրան Քեյղաթուին հաջորդած Բայդու խանի մոտ` օգնություն խնդրելու ընդդեմ մամլուքների։ Սակայն մինչ նա կհասներ Իրան` Բայդուի փոխարեն իլխան էր դարձել Ղազանը։ Իրականում Ղազան խանը բավական լավ է ընդունում Հեթումին[3][4][5]։

Պայքար իշխանության համար խմբագրել

Շուտով Հեթումի համար ի հայտ է գալիս առիթ` ազգակցական ու բարեկամական հարաբերություններ հաստատել Բյուզանդիայի հետ։ Իրանից վերադառնալուց հետո Հեթումը իր տանը գտավ բյուզանդական կայսր Անդրոնիկոս Բ-ի դեսպաններին, որոնք եկել էին Հեթումի քրոջ` Մարգարիտայի ձեռքը խնդրելու թագաժառանգ Միքայելի համար։ Այդ առաջարկը Հեթումը ընդունեց մեծ բավականությամբ, հուսալով, որ ի դեմս բյուզանդական կայսեր` կունենա աջակից միջազգային հարբերություններում։

Հեթումը իր եղբորը` Սմբատին 1296 թվականին նշանակում է երկրի կառավարիչ, իսկ ինքը մյուս եղբոր Թորոսի հետ գնում է Կոստանդնուպոլիս քրոջը հյուր, կամ գուցե փորձելու բանակցություններ վարել Բյուզանդիայից օգնություն ստանալու հնարավորության մասին մամլուքների հարձակման դեպքում։ Սմբատը օգտվելով թագավորի մեկնումից` իր կողմն ունենալով Գրիգոր կաթողիկոսին և մի քանի իշխանների աջակցությունը, Սսում օծվում է թագավոր։ Քանի որ Սմբատը նրանց արգելել էր մուտք գործել Կիլիկիա, Հեթումը սկզբում գնում է Կիպրոս, այնուհետև` Կոստանդնուպոլիս։ Այստեղ ստանալով որոշակի քանակությամբ ոսկի, Հեթումը ուղևորվում է Ղազան խանի մոտ։ Սմբատը կանխելով նրանց` ամուսնանում է մի մոնղոլ իշխանուհու հետ, ով Ղազան խանի ազգականներից էր։ Դրանից հետո Սմբատը Կեսարիայում ձերբակալում է Թորոսին ու Հեթումին։ Վերջինս կուրացվում է, իսկ Թորոսը սպանվում է բանտում։ Շուտով այս ամենին միջամտում է նրանց չորրորդ եղբայրը` Կոստանդինը։ Նա ձերբակալում է Սմբատին և թագավորում մինչև Հեթումը վերահաստատվեր գահին։ 1298 թվականին մամլուքները կրկին հարձակում են գործում Կիլիկյան Հայաստանի վրա։ Չնայած այս ամենին 1299 թվականին, Հեթումը բուժվում է և հայ ավատատերերի ու հիվանդապահների ուխտի օգնությամբ իշխանությունը վերցնում է իր ձեռքը, իսկ եղբայրներին` Կոստանդինին և Սմբատին ուղարկում է Կոստանդնուպոլիս, հենց այստեղ էլ բանտարկության մեջ նրանք մահանում են։ Իշխանության համար մղվող այդ հանցավոր պայքարը տևելով մոտ երեք տարի նպաստում է մամլուքների կողմից երկրի ավերմանը և ժամականավորապես քայքայում է տնտեսությունը, ինչի հետևանքով Կիլիկիայում սկսվում է սով[3][5]։

Կառավարման վերջին շրջան խմբագրել

1299 թվականին, երրորդ անգամ Հեթումի կողմից իշխանության անցնելը համընկավ Ղազան խանի Սիրիա կատարած արշավանքի հետ, որին նա պատրաստվում էր վաղուց։ Մոնղոլների արշավանքին մասնակցում էր նաև Հեթում Բ-ն։ Սակայն իլխանը երկար չի մնում Սիրիայում ու նրանց տիրապետությունը այստեղ տևում է մի քանի ամիս։ Հեթումը մասնկացում է նաև 1300 և 1303 թվականների սիրիական արշավանքներին, որի ընթացքում ժամանակավորապես վերանվաճեց հայ-մամլուքյան պատերազմի հետևանքով Կիլիկիայի կորցրած տարածքների մի մասը։ Կիլիկիայի հայկական թագավորության և Եգիպտոսի մամլուքյան սուլթանության հարաբերությունները ավելի սրվեցին Ղազան խանի սիրիական արշավանքների ձախողումից հետո։ Հայոց արքան երբ սիրիական արշավանքից հետո վերադարձավ հայրենիք, շարունակվեց տագնապալից վիճակը։ Գրեթե ամեն ամիս մամլուքյան զորամասերը ներխուժում էին երկիր և կատարում էին ասպատակություններ հարթավայրային շրջաններում։ Մամլուքյան զորքերը 1305 թվականին հերթական անգամ արշավում են Կիլիկիա։ Հայկական զորքերը փայլուն հաղթանակ են տանում, սակայն հայ-եգիպտական հակամարտության պատմության մեջ մամլուքյան զորքերի նկատմամբ դա վերջին լուրջ հաղթանակն էր։ Մամլուքները մոտ 15 տարի դրանից հետք այլևս չհամարձակվեցին ներխուժել Կիլիկիա։ Մամլուքների ձեռնպահ մնալը նոր ավերիչ արշավանքներից հնարավորություն տվեց Կիլիկիայի հայկական թագավորությանը զբաղվելու երկրի ներքին զարգացման խնդիրներով, սակայն նպատակասլաց կերպով երկրի կառավարող վերնախավը չկարողացավ օգտվել տրված դադարից և հաղթահարել տևական ճգնաժամը։ Հեթում Բ-ն 1305 թվականին գահը զիջում է իր եղբորորդուն` Լևոն Դ-ին, իսկ թագավորահոր տիտղոսը վերապահում է իրեն, չնայած շարունակում էր միջամտել պետական ու եկեղեցական գործերին։ Երբ ավարտին է հասնում հայ-մոնղոլական դաշինքը, մոնղոլական հրամանատար Փիլարղուն, 1307 թվականի նոյեմբերի 17-ին Անարզաբա քաղաք է հրավիրում Հեթում թագավորահորը, Լևոն Դ թագավորին և մի շարք նշանավոր իշխանների ու սպանում է նրանց։ Մոնղոլներին Կիլիկիայից վտարում է Լևոն Գ-ի որդիներից Օշինը, որի արդյուքնում խզվում են երբեմնի բերկամական հարաբերությունները մոնղոլների հետ[3][4][5]։

Տես նաև խմբագրել

Նախորդող
Լևոն Գ 1269-1289
Հեթումյան արքա
Հեթում Բ

1289-1305
Հաջորդող
Լևոն Դ 1305-1307

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alvin
  2. «Alvin - Hethum II, King of Lesser Armenia». www.alvin-portal.org. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Միքայելյան, Գրիգոր (2007). Կիլիկիայի հայկական պետության պատմություն (PDF). Երևան: ԵՊՀ. էջեր 421–445.
  4. 4,0 4,1 Տեր-Պետրոսյան, Լևոն (2007). Խաչակիրները և հայերը (PDF). Vol. 2. Երևան. էջեր 337–368.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 5,2 Հովհաննիսյան, Արամ (2008). Կիլիկիայի հայկական թագավորության և Եգիպտոսի սուլթանության հարաբերությունները 1250-1375 թթ. Երևան. էջեր 111–141.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 332