Կոթող, ուղղաձիգ կանգնեցրած քարե քառանիստ, բազմանիստ, կլոր սյուն կամ տախտակ է, որն ունի հիմնականում հիշատակային նշանակություն։ Ծագել է ուղղաձիգ կանգնեցված բրոնզեդարյան խորհրդանիշ մենհիրներից։ Ժամանակի ընթացքում քարագործության զարգացման հետ կոթողները ծածկվել են պատկերաքանդակներով և արձանագրություններով (հիերոգլիֆ, սեպագիր)։ Կոթողների պաշտամունքային նշանակությունը երբեմն արտահայտվել է կենդանակերպ (հայկական վիշապները), երբեմն մարդակերպ (ուրարտական կուռքերը)։ Խորհրդանշական նմանատիպ կոթողներ հայտնի են Հին Արևելքում (Եգիպտոս, Բաբելոն, Ասորեստան և այլն), որոնց վառ օրինակը Աքսումի մոնումենտալ ստելաներն են։

Օձուն
Կամրակապ կառույց ստելաներով

Կոթողները Հայկական լեռնաշխարհում խմբագրել

Հայկական լեռնաշխարհի կոթողների հիմնումն ու պաշտամունքը հատուկ է ուրարտական շրջանին, որ հայտնի է Ալթըն- Թեփեի պեղումների նյութերից։ Վանի ուրարտական կոթողների սեպագիր արձանագրությունները ունեն պաշտոնական ռազմազեկուցային բովանդակություն և ժամանակի պետական ու շինարարական գործունեության մասին կարևոր աղբյուրներ են։ Արտաշես Ա -ի հողային ռեֆորմի առթիվ կանգնեցված արամեական արձանագրությամբ քարետախտակ կոթողները սահմանաբաժան դեր են կատարել։ Այս հին հայկական «արձանները» 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո հիմք են հանդիսացել հուշարձանների կազմավորման համար։

IV - VII դարերում կանգնեցվում են բազմաթիվ պատկերազարդ, նուրբ հյուսվածքային ստելաներ, սյունակոթողներ և կամարակապ կառույցներ։ Հաճախ ստելաները և այլ կոթողները ավարտվում են ազատ թևերով ծավալուն խաչերով, որ փոխարինում է անտիկ շրջանի կոթողը պսակող քանդակին։ Այս խաչերը հիմք են ծառայել VIII- IX դարերի նոր տիպի կոթողի՝ խաչքարի ստեղծմանը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 507