Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավազան

Գավազան, Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Տաթև վանական համալիրի տարածքում տեղադրված ճոճվող (օրորվող) սյուն, ութանկյուն կոթող, որը կառուցվել է 906 թվականին։ Ընդհանուր բարձրությունը 9 մետր է։ Սա միակ կառույցն է, որը դարերի ընթացքում կանգուն է մնացել՝ չքանդվելով ո՛չ բնական աղետներից, ո՛չ էլ մարդկանց ազդեցությունից։ Սյան ճոճվելը պայմանավորված է սյունի հիմքի հոդավոր կոնստրուկցիայով․ այն օգնում է Երկրի մակերեսի նկատմամբ 90° անկյան տակ մնալ՝ պահելով հավասարակշռությունը։

Գավազան
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և սյուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՏաթև
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը906
Մասն էՏաթևի վանք
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված906
Քարտեզ
Քարտեզ
 Gavazan in Tatev Վիքիպահեստում

Սյունը հենված է ութանիստ պատվանդանի վրա, կազմված է 12 մասից, ավարտվում է զարդանախշ քիվով, որի վրա Երկիրը խորհրդանշող գունդ է տեղադրված՝ վրան խաչքար-կողմնացույց։ Սյան վրա ժամացույց և թռչուններ են պատկերված[1]։

Գավազան-սյունը ճարտարագիտական արվեստի եզակի գլուխգործոց է, հայկական կոթողային արվեստի ճոճվող ստեղծագործություն՝ Սուրբ Երրորդությանը նվիրված հուշասյուն։ Այն մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիք-կողմնացույցն է՝ կողմնորոշված Հայկ (Օրիոն) գոտուն և ցույց է տաիս ժամանակի հաշվարկման զրոյական կետը։

Պատմություն խմբագրել

 
Տաթևի շարժվող սյունը 1893թ․

Գավազանը կառուցվել է 906 թվականին, եպիսկոպոսի նստավայրի հարևանությամբ՝ Սուրբ Պողոս-Պետրոս (սուրբ առաքյալներ Պողոս և Պետրոս) եկեղեցու հարավային պատի դիմաց։ Տաթևի սյունը ճարտարապետական ձոն է Սուրբ Երրորդության։ Ութանիստ քարե սյունը հենվում է ութանիստ եկեղեցական պատվանդանի վրա։ Ճարտարապետներին հաջողվել է ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկել բուն հուշարձանի ծանրության և դրա ծավալների միջև համապատասխանության պարամետրերը, ինչը ապահովում է սյան կայուն ուղղահայաց դիրքը։ Միևնույն ժամանակ, այն տեղադրված է ծխնիների վրա և ունակ է օրորվել։ Այդ իսկ պատճառով էլ այն կոչվում է «օրորվող հենարան» կամ «կենդանի գավազան»։

Նպատակայնության վարկածներ խմբագրել

Գոյություն ունի այս ինժեներական լուծման երկու տարբերակ։ Դրանցից մեկը գիտական է. հնում այն որպես երկրաշարժագիր է ծառայել՝ նույնիսկ ամենաթույլ երկրաշարժի ժամանակ սյունը շարժվել է՝ վանականներին և տեղի բնակիչներին նախազգուշացնելով բնական աղետի մասին։ Մեկ այլ վարկածի համաձայն այն կառուցվել է պաշտպանողական նկատառումներից ելնելով. զինված հեծելազորի մոտենալու դղրդյունից գետինը սկսում էր ցնցվել, և այդ ժամանակ սյունը շարժվում էր։ Ըստ լեգենդի՝ Գավազանը սարսափեցրել է սելջուկ մարտիկներին, որոնք «սատանայական սյունից» վախեցած նետվել են ձորը։

Մշակութային և գիտական արժեք խմբագրել

Գավազանը ինժեներական արվեստի եզակի աշխատանք է, որը վկայում է Տաթևի ճարտարապետների նորարարական մշակույթի և մտքի թռիչքի մասին[2]։

Ըստ պատմական տեղեկությունների՝ Տաթևի վանական համալիրի հիմնադրումը թվագրվում է IV դարով։ Սա Հայաստանում քրիստոնեությունը որպես «պետական կրոն» ընդունելու (301թ) ժամանակաշրջանն էր, և այն մուտք էր գործում«հեթանոսական» կոչվող համակարգի ոչնչացմամբ։ Քրիստոնեական եկեղեցիները կառուցվում էին ավերված հեթանոսական տաճարների տեղում, դրանց հիմքերի վրա։

Նախկինում տաճարները պատահական տեղերում չէին կառուցվում, այլ կառուցվում էին որոշակի սխեմայով, հատուկ տեղերում, յուրահատուկ ձևով ու տեսքով։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Տաթևի ներկա համալիրի տեղում նույնպես հեթանոսական կառույցներ են եղել, և որ Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց առաջ, ինչպես նաև դրանից հետո, այս տարածքում մշակույթի խոշոր կենտրոն է եղել, որտեղ կատարվում էին կրոնական, գիտական, փիլիսոփայական, աստղագիտական ուսումնասիրություններ և թարգմանություններ, գրվում էին գրքեր (մատյաններ)։ Այլ կերպ ասած՝ Տաթևը եղել է ժամանակի խոշոր իմաստասիրական կենտրոններից մեկը և, հին աշխարհի համանման կենտրոնների օրինակով, ունեցել է ժամանակի չափման իր կառույցները՝ Քարահունջի աստղադիտարանը և Տաթևի սյուն-Գավազանը։

Հայ գիտական մտքի համակարգում երկար ժամանակ Տաթևը (Սյունիքը) ունեցել է նույն դերը, ինչ Քաղդեան՝ Բաբելոնի կամ Ալեքսանդրիան՝ Եգիպտոսի համար և պատահական չէ, որ Սյունիք (Սյունյաց աշխարհ) անվանման հիմքում սյուն (սուն) բառն է, որը նշանակում է հիմք, առանցք։ Հայկական դիցաբանության մեջ «Սասնա Ծռեր» անվանման հիմքում նույնպես սյուն (սուն) գաղափարն է[3]։

Ճարտարապետություն խմբագրել

 
Տաթևի վանքը խոշոր պլանով, աջ կողմում Գավազանն է

Կարելի է հիանալ հայ ճարտարապետների հմտության վրա, ովքեր կարողացել են ոչ թե մոնոլիտ, այլ իրար վրա շարված առանձին քարերով կառուցել ճոճվող սյուն, որի նմանը չի եղել անգամ Բաբելոնում՝ հին աշխարհի աստղագիտության կենտրոնում։ Պատմությանը հայտնի է միակտոր բյուրեղաքարից (կվարց) պատրաստված նման սյան գոյության մասին, որը գտնվել է Դամասկոսում և կոչվել է Դամասկոսյան սյուն։ Այդ սյան վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն։ Սակայն այստեղ կարևորը ոչ միայն և ոչ այնքան ճոճվող սյան կառուցումն էր, այլ այն, որ IX դարի վերջին և X դարի սկզբին (իրականում ավելի վաղ ժամանակներից) Հայաստանում գիտեին արեգակնային համակարգի մոլորակների ընթացքի մասին այնպիսի նրբություններ, որպիսիք «քաղաքակիրթ» աշխարհը միայն վերջերս է իմացել արհեստական արբանյակների միջոցով։

Այս ամենը ցույց է տալիս հայերի նախնիների աշխարհճանաչողության բարձր մակարդակը։ Մասնավորապես, Անանիա Շիրակացին դեռ VII դարում տիեզերքի մասին գրած իր աշխատության մեջ նշում է Ուրան (Շիրակացին սրան անվանում է Ժամադետ կամ Ժամադիտակ) և Նեպտուն (Շիրակացին սրան անվանում է Մազովր կամ Մազաբովթ) մոլորակների գոյության մասին, որոնց մասին «քաղաքակիրթ» աշխարհն իմացավ միայն 1200 տարի անց։

Գավազան սյունը միակ կառույցն է, որը դարերի ընթացքում չի քանդվել ոչ բնության, ոչ էլ մարդկանց ազդեցությունից։ Գոյության տասնմեկ դարերի ընթացքում կառույցը չի տապալվել ցնցումներից, քանի որ դրանք մարվել են սյան տատաանումների շնորհիվ, իսկ թշնամիների նկրտումներն ավարտվել են սարսափով, երբ տեսել են «…հրաշս» սյան ճոճքը։ Բանն այն է, որ

Սյունը տեղադրված է հոդավոր հիմքի վրա, որը տատանվել է միայն մեկ՝ ութանիստի հարավ արևելյան և հյուսիս-արևմտյան գագաթներով անցնող առանցքի ուղղությամբ (հենվելով այդ առանցքին ուղղահայաց ուղղության վրա գտնվող երկու հանդիպակաց փոքր մակերեսներին)։

Շինարարություն խմբագրել

  Միջնադարում ոչ մի հոգևոր կառույց պատահական տեղում չի կառուցվել։ Դրանք կառուցվել են կա՛մ արդեն գոյություն ունեցող սրբավայրերի տեղում, կա՛մ երազի և տեսիլքների միջոցով թելադրված վայրերում։ Այս իմաստով համարում ենք, որ մեծ արժեք է ներկայացնում նաև Տաթևի սյունը, որը գավազանի խորհրդանիշ է և շարժման մեջ է եղել երկնային ուժերի, էներգետիկ դաշտի, կայծակի, երկրաշարժի կամ ֆիզիկական ուժի շնորհիվ[4]։  

Հնում շինությունները կառուցվում էին որոշակի տեղում, որոշակի գաղափարախոսությամբ։ Այդ շինությունների տեսքն ու չափերն արտահայտում էին այն համակարգի գաղափարախոսությունը, որին պատկանում էին։ Նման կառույցները քարե հանրագիտարաններ են, որոնց մեջ թաքնագրված է որոշակի ինֆորմացիա (Այսպես են կառուցվել եգիպտական տաճարները, բուրգերն ու Սֆինքսը, Բաբելոնն՝ իր աշտարակով, Պերսեպոլիսը, մայաների բուրգերը (աշտարակները), հնդիկների բուրգաձև տաճարները, Հռոմի Կոլիզեումը և այլն)։ Այդ համակարգով է կառուցվել նաև Տաթևի ճոճվող սյունը։ Այն կառուցված է 8-ական (ութու-ութա) համակարգի գաղափարով։ Սյունն ութանիստ է, ունի ութ մետր բարձրություն, տեղադրված է ութանիստ «թասի» մեջ։ Կենտրոնում այն բաժանված է երկու մասի։ Սյան ամբողջ բարձրությունը՝ վերևում դրված խաչքար-կողմնացույցի հետ միասին, կազմում է 9 մետր. խաչքարը ցույց է տալիս արևելքն ու արևմուտքը։

Ժամանակի խորհրդանիշներ խմբագրել

 
Տաթևի վանական համալիրը «Գավազանով»:

Գավազանի 9 մետր բարձրությունը որոշակի իմաստ ունի՝ 8 x 9 = 72 երկրային տարի (մեկ արեգակնային օր)։ Սյան տակի թասը ևս խորհրդանշական է և դրա չափերը նույնպես որոշակի իմաստ ունեն։ Թասը լցված է եղել ջրով, և ծառայել է որպես ջրավազան։ Այստեղից էլ սյան երկրորդ անունը Գ.ավազան, որը նշանակում է երրորդ ավազան, երրորդ ջուր (հեղեղ), երրորդ սերունդ։ Սյունը կառուցվել է արեգակնային շրջանի 8640 տարի պարբերության գաղափարով՝ այդ պարբերության ընթացքին հետևելու համար, որը վերջին Մեծ (համաշխարհային) ջրհեղեղից մինչև հաջորդ մեծ աղետ ընկած ժամանակն է։

Գավազանը, Քարահունջի աստղադիտարանի հետ միասին, նախատեսված է եղել ժամանակի ընթացքին հետևելու համար՝ հանդիսացել է ժամանակացույց, իսկ ժամանակը որոշվում էր աստղային երկնքի դիտարկման միջոցով՝ կենդանակերպի նկատմամբ Արեգակի և արեգակնային համակարգի մոլորակների տեղաշարժի դիտարկման միջոցով՝ այդ նպատակի համար կառուցված շինությունների՝ աստղադիտարանների օգնությամբ։ Դիտարկումները կատարվել են տարբեր մեթոդներով, սակայն բոլորի հիմքում աստղային երկնքի նկատմամբ Արեգակի (Երկրի) ընթացքի դիտարկումն է եղել։

Բանն այն է, որ Արեգակնային համակարգը սպիրալաձև շարժումով շարժվում է գալակտիկայի կազմում՝ Կույս կենդանակերպի տիրույթում։ Այդ սպիրալի մեկ գալարով (շրջանով) պտույտը, որը մեր պատկերացմամբ Արեգակի (համակարգի) մեկ տարին է, տեղի է ունենում 25 920 երկրային տարում, այսինքն արեգակնային 1 տարին հավասար է 25 920 երկրային տարվա, իսկ 1 օրը՝ 72 երկրային տարվա։ Պայմանավորված արեգակնային համակարգի ներքին օրենքներով և զոդիակի նկատմամբ ունեցած (գտնված) դիրքով՝ համակարգում որոշակի պարբերություններով տեղի են ունենում աղետներ։ Իմանալով այդ պարբերությունների տևողությունը և արեգակնային համակարգի տեղը, դիրքը զոդիակում՝ կարելի է իմանալ առաջիկա աղետի ժամանակը և պատրաստվել դրան դիմակայելուն։ Որքան ճշգրիտ է գործում համակարգը, այնքան ճշգրիտ կարելի է որոշել սպասվող աղետի ժամանակը։

Գավազասյունը չափում է գալակտիկայի ժամանակը մոտավորապես այնպես, ինչպես թվատախտակի վրա շրջանաձև շարված թվերը ցույց են տալիս ժամացույցի սլաքները։ Այստեղ թվերին փոխարինում են աստղերը։ Իսկ ժամանակի ընթացքին, ինչպես նշել ենք, հետևում էին զոդիակի նկատմամբ Արեգակի և Լուսնի ընթացքով (տեղաշարժով)։ Ժամանակը չափում էին սյան ստվերի դիրքով, նրա երկարությամբ և թասի նկատմամբ տեղաշարժերով։ Որպես ստուգիչ կետեր օգտագործվում էին գարնանային և աշնանային գիշերահավասարի և ամառային ու ձմեռային արևադարձի կետերը։

Ճոճման գաղտնիքը խմբագրել

Որպեսզի սյունը կարողանա ճոճվել, կարևոր է, որ խարսխի վերին աստիճանի՝ միակտոր քարի ստորին մակերևույթը ունենա որոշակի գլանային կորության ուռուցիկություն, իսկ ներքևի աստիճանի միակտոր քարի վերնամասը լինի հորիզոնական կամ գոգավոր մակերևույթով, սակայն ավելի մեղմ գոգավորությամբ։ Սյան ճոճումն ապահովող վերին աստիճանի հիմքի կորության կենտրոնը գտնվում է սյան ուղղաձիգ առանցքի վրա և որ պարտադիր է, ծանրության կենտրոնից բարձր, որի նվազագույն չափի դեպքում կապահովեն սյան ճոճքն ու չտապալվելը (թե իրականում այնքան մեծ ուժ չգործածվի, որ ծանրության կենտրոնի ուղղաձիգ պրոյեկցիան դուրս գա հիմքի մակերեսից)։

Դեռևս հայտնի չէ միջուկի ողջ կրաշաղախի բաղադրությունը։ Ենթադրվում է, որ սյան ստորին հատվածներում օգտագործված է արճիճ, ծանրության կենտրոնը հիմքին մոտեցնելու նպատակով, սակայն անկախ իրական վիճակից՝ տատանման սխեման ու կառուցվածքը չի կարող փոխվել, կփոխվեն միայն տատանման լայնույթն ու անկյունը։

Սյունն ավելի հեշտ կարելի է տատանել, երբ հորիզոնական ուժը կիրառվի ծանրության կենտրոնից՝ պարանահյուս գոտուց վերև ընկած հատվածում (ինչքան բարձր, այնքան ուժի մեծ բազուկ և համապատասխանաբար մեծ պտտող մոմենտ, իսկ մարդու հասակը թույլ չի տալիս նշված մակարդակից վերև վտանգավոր ուժ կիրառել)։

Հիմնամասից վերև համապատասխան հրող ուժի դեպքում, որը որոշակի բարձրության վրա հասու է նաև մարդուն (ռեզոնանս առաջացնելու դեպքում), սյունը սկսում է ճոճվել հենման հանգույցում։

Ճոճման առաջին պահին տեղի է ունենում պտտական շարժում մեկ կետով (անմիջական հենման տիրույթի վերջնակետեր), անցնող առանցքի շուրջը մինչև այն պահը, երբ խարսխի վերին աստիճանի հիմնամասի գլանային տաշվածքի կորության կենտրոնը, որ բարձրացված է 13, 395 մ, կհայտնվի այդ առանցքի ուղղաձիգի վրա։

Ճոճման երկրորդ փուլում սյունը կատարում է գլորման շարժում՝ ունենալով R = 13, 395 մ շառավղով և վերը նշված գլանային տաշվածքի կորության կենտրոնով շրջանագիծ։

Երրորդ փուլում տատանման անկյունը մեծացնելով (դեռևս չշրջվելով)՝ սյունը նորից կատարում է պտտական շարժում, այնքան ժամանակ, մինչև ծանրության կենտրոնը հայտնվի ծայրակետի ուղղաձիգի սահմանային կետում[5]։

Երկնային կողմնացույց խմբագրել

 
Տաթևի վանքի գավազանի սեյսմիկ սյան գագաթը հայկական ծաղկած խաչ-խաչքարով

Ըստ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի՝ Սյունը տեղադրվել է Տաթևի վանքը կառուցելուց երկու տարի առաջ[6]։ Ընդ որում՝ դրա հիմնադրումն ու տեղադրումն իրականացվել է Նավասարդի՝ հայկական Նոր տարվա ժամանակ, որը համընկնում է օգոստոսի 10-11-ին։ Սյունը ճշգրիտ երկնային կողմնացույց է, որը կողմնորոշված է դեպի Հայկ-Օրիոնի գոտի[7]։

  «Գավազանը» ցույց է տալիս ժամանակի հաշվարկման զրոյական կետը, որի շնորհիվ կարելի է մեծ ճշգրտությամբ հաշվարկել ինչպես մեկ աստղային տարին (25920 տարի կամ մեկ պերեցեսոին տարի), այնպես էլ ուղղել մեկ երկրային տարին։ Սյունը մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիքն է[8]։  

Սյունը ժամանակի ցուցանշան է, թե դա միայն խորհրդանիշ է հարցին պատասխանելու համար անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը այլ հետազոտողների հետ միասին 2008 թվականի օգոստոսի 11-ին բարձրացել է Տաթևի վանական համալիրի դիտարան, որը գտնվում է սյունի հարևանությամբ։

  Մենք սյունի դիմաց կանգնեցինք՝ դեմքով դեպի արևելք, առավոտվա ուղիղ ժամը չորսին, Հայկ-Օրիոնի գոտու երեք աստղերը ուղղահայաց բարձրացան՝ սյունի վերևում ուղիղ գիծ կազմելով։ Դրանք ասես նրա բնական շարունակությունը լինեին՝ միացնելով երկինքն ու երկիրը։  

Այն փաստը, որ գավազանի վրա ժամացույց ու թռչուն է պատկերված և այն 12 մասից է կազմված, առիթ է տալիս ենթադրելու, որ սյունը օգտագործվել է նաև ընթացիկ ժամանակի չափման համար։ Ինչ վերաբերում է հոդավոր հիմքին, ապա, այն օգնում է սյունին հավասարակշռությունը պահել Երկրի մակերեսի նկատմամբ 90° անկյան տակ։ Այուն-գավազանով է պայմանավորված Սյունիքի մարզանվանումը։ Այսինքն, Սյունիք՝ երկիր, որն ունի ժամանակի գլխավոր ցուցանշան կամ երկնային կողմնացույց՝ Սյուն։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թվականին կառուցվել է Տաթևի վանք–Հալիձոր ճոպանուղին՝ 5,7 կմ երկարությամբ։ Այն աշխարհում ամենաերկարն է, գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում։

Տաթևի լայնությամբ Օրիոնը ուղղահայաց է ծագում, դրա գելիակտիկ ծագումը տեղի է ունենում հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։ Երկրային հասարակածի նկատմամբ ամենաբարձր դիրքը Օրիոնը զբաղեցրել է 2012 թվականի օգոստոսի 10-11-ին, իսկ մյուս անգամ դա տեղի կունենա 25 920 տարի հետո։ Այս երևույթի աստղագիտական ապացույցները հաստատել է Սիբիրի պետական գեոդեզիական ակադեմիայի (Նովոսիբիրսկ) աշխատակից Ելենա Գիենկոն[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Հանրագիտարան». encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Տաթևի վանք». matyan.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Տաթևի վանք»։ matyan.am։ Վերցված է 2020-08-14
  4. Ամիրան Բադիշյան]], Սամվել Այվազյան «Տաթևի ճոճվող սյունը և նրա կառուցվածքը», Ճարտարապետություն և շինարարություն հանդես, 2016 թվական, N 3-4, էջ՝ 32-39
  5. «Վարձք պարբերական թիվ 12, էջ 1-ից 11» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  6. Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն», Երևան 1990 թ.. թարգմ. Ա. Աբրահամյանի։
  7. 7,0 7,1 «Տաթևի գավազանը․ ինչի՞ մասին է լռում պատմությունը». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  8. Sputnik Արմենիա «Կորուսյալ գիտելիքներ» հոդվածաշար

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավազան (Տաթևի վանք)» հոդվածին։