Կարլ Շպեկլե
Կարլ Յոհան Շպեկլե (գերմ.՝ Karl Johann Spekle, 1734, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1796, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), գերմանական ծագմամբ ռուս ճարտարապետ, կլասիցիզմ ոճի ներկայացուցիչ։
Կարլ Շպեկլե | |
---|---|
Ծնվել է | 1734 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1796 |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Karl Johann Speckle Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Կարլ Շպեկլեն ծնվել է 1734 թվականին, զինագործ և քանդակագործ Ֆիլիպե Սպեկլեի ընտանիքում, որը 1698 թվականին Ռուսաստան է եկել Պետրոս I-ի հրավերով։ Սովորել է Սուրբ Աննայի Լութերական եկեղեցու դպրոցին կից Սուրբ Աննայի ուսումնարանում։ 1758 թվականին եղբոր՝ Պաուլի հետ միասին, որպես տաղանդավոր դիմանկարիչ և գծանկարիչ, ծառայության է անցել ճարտարապետ Վարֆոլոմեյ Ռաստրելլիի մոտ, որպես օգնական։ 1765-1796 թվականներին ծառայել է որպես Ռուսաստանի բանակի ճարտարագետների կորպուսի ճարտարապետ, ինչպես նաև կատարել է հրետանային կորպուսի ճարտարապետի պարտականությունները։ Այդ պաշտոններում ղեկավարել է Ռուսական կայսրության տարբեր մասերում բազմաթիվ ռազմական նշանակության շենքերի նախագծման և կառուցման աշխատանքները։ Դրանց թվում են եղել զորանոցներ, պահականոցներ, սպայական բնակարաններ, ռազմական և վարչական շենքեր, արհեստանոցներ, զինանոցներ, ռազմական հիվանդանոցներ և զինագործարաններ։
Շպեկլեն վերամշակել է Սանկտ Պետերբուրգի զինանոցի շենքի նախագծումը և մինչև 1790 թվականը վերահսկել դրա շինարարությունը։ Շենքը համարվում է վաղ կլասիցիզմի ուշագրավ աշխատանք։ 1770-1780 թվականներին ճարտարապետը ղեկավարել է Սեստերորեցկի, 1783-1789 թվականներին՝ Բրայանսկի զինագործարանների շենքերի կառուցումը։
1786-1787 թվականներին կառուցել է Ռուսաստանի առաջին երկաթե կամուրջները՝ փոքրիկ չինականները Ցարսկոյե Սելոյի Ալեքսանդրյան պուրակում, այնուհետև՝ Տավրիկյան զբոսայգում։
Սանկտ Պետերբուրգում պահպանվել է ինժեներ-գեներալ Ֆ. Բ. Բաուրի տունը (1781-1784, Կուտուզովի առափնյա 36/2), որը կառուցել է Շպեկլեն։ Շպեկլեի կառուցած շինություններ կան Ֆինլանդիայում, Ֆրիդրիխսհամի և Վիլմանստրանդյան ամրոցներում։
Վիբորգում պահպանվել են Շպեկլեի նախագծված Աննենկրոն ամրաշինությունները, ինչպես նաև նախկին փոխարքայի պալատը (1784), որն ի սկզբանե նախատեսված է եղել Ինժեներական թիմի տեղակայման համար։
1782 թվականից սկսած Շպեկլեն դասավանդել է քաղաքացիական ճարտարապետություն հրետանային և ինժեներական կադետային կորպուսում։ 1785 թվականին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ 1793 թվականին 35 տարվա անբասիր ծառայության համար նրան շնորհվել է Սուրբ Վլադիմիրի շքանշան։
Շպեկլեն մահացել է Սանկտ Պետերբուրգում, 1796 թվականին[1]։
Պատկերասրահ խմբագրել
-
Աննենկրոն ամրաշինությունների պահականոց(1776)
-
Վիբորգի թեմական կենտրոն (նախկին փոխարքայի պալատ, 1784)
-
Բաուրի տուն (Սանկտ Պետերբուրգ, 1784)
-
Ֆրիդրիխսհամի ամրոցի պահականոց (1776)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Кириков Б. М.,Штиглиц М. С. Петербург немецких архитекторов. Изд-во «Чистый лист» Санкт-Петербург.2002. ISBN 5-901528-04-2
Գրականություն խմբագրել
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8