Կլասիցիզմ (ֆր.՝ classicisme, լատին․՝ classicus, դասական, օրինակելի), գեղարվեստական ոճ և գեղագիտական ուղղություն՝ 17-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի եվրոպական արվեստի ու գրականության մեջ[1]։ Կլասիցիզմի ձևավորման հասարակական-քաղաքական նախադրյալը ֆրանսիական բացարձակ միապետությունն էր, իսկ փիլիսոփայական մեթոդաբանական հիմքը՝ ռացիոնալիզմը (Ռենե Դեկարտ

Գեղարվեստի բարձրագույն տիպարն ու չափանիշը կլասիցիստ գրողներն ու արվեստագետները տեսնում էին անտիկ գրականության և արվեստի մեջ, այնտեղից վերցնում սյուժեներ ու կերպարներ՝ արտահայտելով ժամանակի հասարակական-քաղաքական խնդիրները։

Հիմնական դրույթներ խմբագրել

Անտիկ տեսաբանները (Արիստոտել, Հորացիոս) և արվեստագետները համարվում էին անառարկելի հեղինակություններ, իսկ անտիկ արվեստը՝ հավիտենական, անփոփոխ ու բացարձակ գեղեցկի արտահայտություն։ Կլասիցիզմի գեղագիտական սկզբունքները ի վերջո հանգում են անտիկ, դասական հեղինակներին նմանվելու պահանջին։ Կլասիցիզմի պոետիկայի գլխավոր դրույթը բանականության սկզբունքներին հետևելու պահանջն էր՝ ձևի ենթարկումը բովանդակությանը, գաղափարի ամբողջականություն, հստակություն, գեղարվեստական ձևի կատարելություն։ Այստեղից էլ բխում էր գրական ժանրերի ազատության քննադատությունը և կանոններ սահմանելու անհրաժեշտությունը։ Կլասիցիզմի տեսաբանները բանականության ու տրամաբանության օրենքներով էին հիմնավորում արվեստի երկի համամասնության, ներդաշնակության ու հստակության սկզբունքները։ Կլասիցիզմի գեղագիտության հիմնական դրույթներից է «բնությանն ընդօրինակելու», նրան նմանվելու, բանականության միջոցով այն գեղարվեստական կարգավորման ենթարկելու խնդիրը։ Բանական և «գեղեցիկ բնություն» համարվում էր արիստոկրատիայի կյանքը, որը և արժանի էր պատկերվելու արվեստում։ Թեմաների և գրական ժանրերի ըմբռնման և ստորակարգման հարցում դրսևորվել է կլասիցիզմի դասային-հիերարխիական բնույթը։

Կլասիցիզմի գեղագիտությունը պարտադրում էր որոշակի օրենքներ ու կանոններ, սահմանում ժանրերի խիստ հիերարխիա՝ դրանք բաժանելով «բարձրի» (ողբերգություն, էպոպեա, ձոն, իսկ գեղանկարչության մեջ՝ պատմական, դիցաբանական և կրոնական ժանրեր) և «ցածրի» (կատակերգություն, երգիծանք, առակ, իսկ գեղանկարչության մեջ՝ այսպես կոչված «փոքր ժանրը»՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ)։ Կլասիցիզմի գեղագիտությունը խստորոշ սահման էր դնում վեհի և նսեմի, ողբերգականի ու կատակերգականի, հերոսականի ու առօրեականի միջև։ Դրամատուրգիան կառուցվում էր «եռամիասնության օրենքի» (տեղի, ժամանակի և գործողության միասնություն) հիման վրա, որը պահպանվում էր խստորեն։ Վերածնության դարաշրջանի հումանիստական գաղափարները Պիեռ Կոռնելի և Ժան Ռասինի ողբերգություններում բեկվում էին ռացիոնալիզմի պրիզմայով, նրանցում մարդկային անհատականությունը ենթարկվում էր հասարակական սկզբունքին ու բարոյական պարտքին, զգացմունքները զոհաբերվում էին գահի ու հայրենիքի գաղափարներին։ Կլասիցիստական ողբերգության դասական օրինակներ են Կոռնելի «Սիդը», «Հորացիոսները», «Նիկոմեդը», Ռասինի «Անդրոմաքեն», «Ֆեդրան», «Իֆիգենիան» և այլն։ Կլասիցիզմի գեղագիտությունը հսկայական նշանակություն էր տալիս արվեստի հասարակական-դաստիարակչական դերին։

Կլասիցիզմը գրականության մեջ խմբագրել

 
Նիկոլա Բուալո

Գրականության մեջ կլասիցիզմն իր ամբողջական դրսևորումը գտավ 17-րդ դարի միապետական Ֆրանսիայում։ Ուղղության տեսական հիմունքները շարադրված են Նիկոլա Բուալոյի «Քերթողական արվեստ» (1674) չափածո երկում, որտեղ ընդհանրացված են 17-րդ դարի ֆրանսիական գրականության գեղարվեստական սկզբունքները։ Վերջինիս հիմնական պահանջներն են տեղի, ժամանակի, գործողության միասնությունը, կոմպոզիցիայի ամբողջականությունը, կերպարների միակողմանի մոնումենտալությունը, բարձրաշունչ չափածո խոսքը (ալեքսանդրյան ոտանավոր)։ Կլասիցիզմի պոեզիայի և պոետիկայի հիմնադիրը Ֆրանսուա Մալերբն էր։ Լեզվի և բանաստեղծության նրա ռեֆորմը հաստատեց Ֆրանսիական ակադեմիան։ Առաջատար ժանրը ողբերգությունն էր (Պիեռ Կոռնել, Ժան Ռասին)։ Ֆրանսիայում կլասիցիզմը ծաղկում է ապրել 17-րդ դարի 60-70-ական թվականներին (Ժան Ռասին, Նիկոլա Բուալո, Ժան դը Լաֆոնտեն, Ֆրանսուա դը Լարոշֆուկո, Մարի Մադլեն դը Լաֆայետ և, հատկապես, Ժան Բատիստ Մոլիեր, որի ստեղծագործությունը դուրս էր գալիս կլասիցիզմի շրջանակներից և կանխավետում լուսավորական ռեալիզմը)։ 17-րդ դարի վերջերին կլասիցիզմն անկում է ապրում, նոր վերելք է սկսվում միայն լուսավորականության շրջանում՝ 18-րդ դարի 20-ական թվականներից։ Նոր՝ լուսավորական կլասիցիզմը, 18-րդ դարի ընթացքում գոյակցում է լուսավորական ռեալիզմի հետ, իսկ նույն դարի վերջին նորից դառնում է իշխող գեղարվեստական հոսանք։ Ֆրանսիական գրականության ազդեցությամբ կլասիցիզմը զարգանում է նաև Անգլիայում (Ալեքսանդր Պոպ, Ջոզեֆ Ադիսոն), Իտալիայում (Վիտորիո Ալֆիերի, մասամբ՝ Ուզո Ֆոսկոլո), Գերմանիայում (Իոհան Քրիստոֆ Գոտշեդ), Ռուսաստանում (Անտիոխ Կանտեմիր, Ալեքսանդր Սումարոկով, Միխայիլ Լոմոնոսով)[2]։ 19-րդ դարի առաջին տասնամյակներին կլասիցիզմը շարունակում էր գոյատևել, սակայն սպառել էր իրեն և այլևս չստեղծեց որևէ նշանակալի երկ։

Կլասիցիզմը հայ գրականության մեջ սկզբնավորվեց 18-րդ դարում։ Ազգային պատմության իդեալականացումը, հայ դասական հեղինակների նկատմամբ պաշտամունքը, հասարակական կյանքն ու արվեստը նորմավորելու ու բանականորեն կարգավորելու ձգտումը կանխորոշում են հայկական կլասիցիզմի ու նրա գեղագիտության հիմնական առանձնահատկությունները։ Հայկական կլասիցիզմի մեջ դրսևորվում են լուսավորական, բարոյա-դաստիարակչական, հայրենասիրական ու քաղաքացիական մոտիվներ։ Հայ իրականության մեջ կլասիցիզմի առաջին արմատավորողը Խաչատուր Էրզրումցին էր՝ «Համառօտական իմաստասիրութիւն» (1711) աշխատությամբ։ Բանականության կանոններին հետևելու, «ընտիր և վսեմ» մարդկային արարքների նկարագրության, բովանդակության և ձևի պարզության, ներդաշնակության ու համաչափության, գրականության հասարակական ու բարոյական դերի մասին Էրզրումցու սկզբունքները ազդեցություն գործեցին հետագա հայ կլասիցիստների վրա։ Ստեփանոս Ագոնցն իր «Ճարտասանութիւն» (1775) աշխատության մեջ ուշադրություն է դարձնում գեղարվեստական լեզվի ու ոճի, ստեղծագործության պարզության և ներքին տրամաբանական պատճառաբանվածության վրա, տալիս առանձին գրական ժանրերի սահմանումներ։ 18-րդ դարում գեղարվեստական գրականության մեջ հանդես են գալիս կլասիցիզմի առանձին հատկանիշներ՝ խոհականությանը ու դատողականությանը գերակշռություն տալու, հանդիսավոր, պարզ ու հստակ ոճով գրելու, մեծ նշանակություն ունեցող իրադարձություններն ու նշանավոր անհատներին պատկերելու միտում (Մխիթար Սեբաստացի, Պետրոս Ղափանցի և այլն)։ 1780-ական թվականների վերջերից կլասիցիզմը դառնում է իշխող գրական ուղղություն, հրապարակ են գալիս Վ. Սահակյանի, Ղուկաս Ինճիճյանի, Մանվել Ջախջախյանի, Գաբրիել Ավետիքյանի կլասիցիստական ողբերգությունները։ 19-րդ դարի սկզբներից հայկական կլասիցիզմը թևակոխում է զարգացման առավել հասուն փուլ (Արսեն Բագրատունի, Հովհաննես Վանանդեցի, Եղիա Թովմաճանյան, Էդուարդ Հյուրմյուզյան, Գաբրիել Պատկանյան, Մկրտիչ Ավգերյան, Մինաս Բժշկյան, Պետրոս Մինասյան, Ե. Սեթյան)։ 1843 թվականից Վենետիկում լույս է տեսնում «Բազմավեպը», որը գրական հարցերում պաշտպանում էր կլասիցիզմի դրույթները։ «Տաղք Մխիթարեան վարդապետաց» (1852-1854) եռահատոր ժողովածուում հրատարակվում են հայ կլասիցիստների չափածո ստեղծագործությունները։ 1858 թվականին տպագրվում է հայկական կլասիցիստական գրականության գլուխգործոցը՝ Արսեն Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ը։ Այս շրջանում նշանակալից են Սարգիս Տիգրանյանի «Ինչ-ինչ գեղերերգութենէ» (1834), Էդուարդ Հյուրմյուզյանի «Առձեռն բանաստեղծութիւն» (1839), Պետրոս Մինասյանի «Յաղագս օգտակարութեանց և վնասուց թատերական հանդիսից» (1845) աշխատությունները։ Կլասիցիստները հայ գրականություն ներմուծեցին նոր թեմաներ ու ժանրեր, սակայն ժողովրդական մատչելի գրականություն նրանք չկարողացան ստեղծել։ Իր դրական ու բացասական կողմերով հանդերձ հայկական կլասիցիզմն արձագանքեց հայ գրականության մեջ տիրապետող գրական-հասարակական միտումներին, նպաստեց ազգային մշակույթի զարգացմանը, զգալի հետք թողեց գրականության մեջ։

Կլասիցիզմը թատերական արվեստում խմբագրել

Թատերական արվեստում կլասիցիզմը՝ որպես գեղարվեստական ոճ և աշխարհայացք, իր կատարյալ արտահայտությունն է ստացել 17-18-րդ դարերում ֆրանսիական դրամատուրգիայում և թատրոնում՝ գեղագիտական նախահիմք ունենալով հունա-հռոմեական դրաման և գաղափարական ելակետ՝ ժամանակի համար պատմականորեն առաջադիմական բացարձակ միապետական իդեալները։ Կլասիցիստական ներկայացմանը հատուկ էին շքեղությունը, հանդիսավորությունն ու անշարժությունը, դերասանները գործում էին պատմական և կենցաղային կոնկրետությունից հեռու, պերճաշուք և մոնումենտալ բեմանկարի միջավայրում։ Կլասիցիզմի բովանդակությամբ են թելադրվել նաև բեմական կատարման մշակված ու կանոնացված ոճը՝ անշարժ բեմավիճակներ, զուսպ և ընդգծված ժեստ, բարձրաձայն, պաթետիկ տոն։ Խաղի կլասիցիստական ոճը գեղարվեստական բարձր արտահայտություն է ստացել Թերեզա Դյուպարկի, Միշել Բարոնի, Մ. Դյումենիլի, Ադրիեննա Լեկուվրյորի, Ա. Լեկենի, Է. Ռաշելի, Ի. Կլերոնի (Ֆրանսիա), Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր (Գերմանիա), Թոմաս Բետտերտոնի, Ջոն Ֆիլիպ Քեմբլ (Անգլիա) և այլոց արվեստում։ Այդ ոճի որոշ գծեր շարունակվել են նաև 19-րդ դարի (Ժան Մունե-Մյուլլի, Սառա Բեռնար)։ Կլասիցիզմը յուրահատուկ ձևով է զարգացել 18-րդ դարի ռուսական թատրոնում (դրամատուրգիայում՝ Ալեքսանդր Սումարոկով, Վլադիսլավ Օզերով, դերասանական արվեստում՝ Ֆեոդոր Վոլկով, Ի. Դմիտրիևսկի, Ա. Յակովլև, Ե. Սեմյոնովա, Վասիլի Կարատիգին)։ Կլասիցիստական խաղաոճը տիրապետող է եղել Վենետիկի Մխիթարյանների դպրոցական թատրոնում, մասամբ նաև հայ պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի սկզբնավորման շրջանում՝ 19-րդ դարի 50-60-ական թվականներին։

Կլասիցիզմը ճարտարապետության մեջ և կերպարվեստում խմբագրել

Ճարտարապետության մեջ և կերպարվեստում կլասիցիզմի նախադրյալներն արդեն 16-րդ դարի երկրորդ կեսին առկա էին Իտալիայում, Պալլադիոյի ճարտարապետական տեսության մեջ և կառույցներում, Վինյոլայի, Ս. Սեռլիոյի տեսական տրակտատներում, ավելի հետևողականորեն դրանք արտահայտված էին Ջ. Պ. Բելլորիի (XVII դար) ստեղծագործություններում, նաև Բոլոնիայի դպրոցի ակադեմիստների մշակած գեղագիտական կանոններում։ Սակայն, ամբողջ 17-րդ դարի ընթացքում կլասիցիզմը, զարգանալով բարոկկոյի հետ փոխազդեցության և բանավեճերի մթնոլորտում, ամբողջական ոճային համակարգի վերածվեց միայն ֆրանսիական արվեստում՝ համաեվրոպական ոճ դառնալով 18-րդ դարում-19-րդ դարի սկզբին։ Կլասիցիզմի ճարտարապետությանը ընդհանուր առմամբ հատուկ է շեշտված ստատիկ ձևերի գեոմետրիզմը, հատակագծման տրամաբանականությունը, անտիկ ճարտարապետական ձևերի կիրառումը, ընդ որում՝ ոչ առանձին տարրերի և մոտիվների, այլ նրա ողջ արխիտեկտոնիկ օրինաչափությունների նկատառումով։ Կլասիցիզմի ճարտարապետական արտահայտչակերպի հիմքը օրդերն է, որն իր համամասնություններով և ձևերով այստեղ ավելի է մոտենում անտիկ արվեստին, քան նախորդ ժամանակաշրջանների ճարտարապետության մեջ։ Պատերը մեկնաբանվում են որպես հստակ, սիմետրիկորեն համադրված ծավալները կազմավորող հարթ մակերեսներ, դեկորը, նրբորեն և զուսպ ներդաշնակվելով նրան, երբեք չի քողարկում ընղհանուր կառուցվածքը։ Ինտերիերին բնորոշ է տարածական մասնատումների հստակությունը, գուներանգի մեղմությունը։ Մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության մեջ լայնորեն օգտագործելով հեռանկարային էֆեկտները՝ կլասիցիզմի պատրանքային տարածությունը սկզբունքորեն սահմանազատում է իրականից։ Արվեստների համադրումը կատարվում է խիստ հիերարխիայով, որտեղ որոշակիորեն գերիշխում է ճարտարապետությունը։ Կլասիցիզմի քաղաքաշինությունը կապված է Վերածննդի և բարոկկոյի սկզբունքների հետ և ակտիվորեն զարգացրել է «իդեալական քաղաք» հասկացությունը։

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին քառորդին ստեղծվում են հատակագծման նոր ոճաձևեր, որոնք նախատեսում էին քաղաքի կառուցապատումն օրգանապես ներդաշնակել բնության հետ, ստեղծել տարածականորեն փողոցի կամ առափնյակի հետ միահյուսվող բաց հրապարակներ։ Կլասիցիզմի պլաստիկան, ուր գերակշռողը միագույն ծավալներն են՝ սովորաբար նախատեսված որոշակի դիտակետի համար, աչքի է ընկնում հղկված մոդելավորումով և ձևերի կայունությամբ։

 
«Պար ժամանակի երաժշտության ներքո», Նիկոլա Պուսեն, 1636

Գեղանկարչության մեջ նախապատվությունը տրվում էր գծանկարին և լուսաստվերին (հատկապես ուշ կլասիցիզմում, երբ գեղանկարչությունը երբեմն հակվում էր միագունության, իսկ գրաֆիկան՝ մաքուր, ոճավորված գծայնության), տեղային կոլորիտն ստեղծվում էր երեք գերիշխող գույների զուգակցումով (օրինակ, դարչնագույնը՝ առաջին, կանաչը՝ երկրորդ, երկնագույնը՝ երրորդ պլանի համար), պլաստիկ ծավալների միջև լուսաօդային միջավայրը, նոսրանալով, վերածվում է չեզոք լիրքի, գործողությունը կարծես բեմում է կատարվում։ 17-րդ դարում ֆրանսիական կլասիցիզմի մեծագույն նկարիչն ու տեսաբանն էր Ն. Պուսսենը։ Այս ժամանակաշրջանում մեծապես զարգանում է «ոսկե դարի» մասին երազանքը մարմնավորող իդեալական բնապատկերը (Նիկոլա Պուսսեն, Կլոդ Լոռեն, Գասպար Դյուգե)։ Ճարտարապետության մեջ կլասիցիզմի սկզբունքները կազմավորվում են Ֆ. Մանսարի կառույցներում, Կ. Պեռոյի ստեղծած Լուվրի արևելյան ճակատում (17-րդ դարի կլասիցիզմի ոճական առավել մաքուր տիպարը), Լ. Լևոյի, Ֆ. Բլոնդելի ստեղծագործության մեջ։ 17-րդ դարի 2-րդ կեսից ֆրանսիական կլասիցիզմն ավելի է ներառում բարոկկոյի տարրերը (Վերսալի ճարտարապետություն)։

Կլասիցիզմի ուսմունքի ամրապնդմանը նպաստեց գեղանկարչության ու քանդակագործության (1648) և ճարտարապետության (1671) թագավորական ակադեմիաների ստեղծումը (Փարիզում), որոնք մշակեցին կոմպոզիցիայի և գծանկարի օրենքների ժողովածու, հույզերի պատկերման նորմաները, գեղանկարչական ժանրերի և ճարտարապետական համամասնությունների համակարգը։ 17-րդ դարում և 18-րդ դարի սկզբին կլասիցիզմը տարածվել է նաև Հոլանդիայում (ճարտարապետներ՝ Յակոբ վան Կամպեն, Պ. Պոստ), Անգլիայում, ուր Ի. Ջոնսի կառույցներում դեռ որոշ չափով պահպանվել էին Ռենեսանսի արձագանքները, իսկ Կ. Ռենի և նրա հետևորդների գործերով վերջնականապես կազմավորվեց կլասիցիզմի ազգային տարբերակը։

Կլասիցիզմի զարգացման նոր փուլը կապված էր 18-րդ դարի բուրժուական լուսավորականության հետ. ճարտարապետության մեջ հաճախ հրաժարվում են քարացած հատակագծային սխեմաներից, ձգտում շեշտել օրդերի կառուցվածքային իմաստը, հատուկ ուշադրություն դարձնում հարմարավետ բնակելի տան ինաերիերին և ճկուն հատակագծմանը։ Նոր կառույցի իդեալական միջավայրը դառնում է «անգլիական» տիպի պարտեզը։ Այդ ժամանակաշրջանի կլասիցիզմի զարգացման համար մեծ նշանակություն ունեցան Հին Հունաստանի և Հռոմի հնագիտական ուսումնասիրությունը (հատկապես Հերկուլանումի և Պոմպեյի պեղումները), նաև Յոհան Յոախիմ Վինկելմանի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Ֆ. Միլիցիի տեսական աշխատությունները։ Ֆրանսիական ճարտարապետության մեջ ստեղծվում են նոր տիպեր՝ ինտիմ մենատուն, լակոնիկ-մոնումենտալ հասարակական շինություն, բաց քաղաքային հրապարակ (ճարտարապետներ՝ Ժ. Ա. Գաբրիել, Ժ. Ժ. Սուֆլո)։ Քաղաքացիական պաթոսը և քնարականությունը յուրովի միահյուսվում են Ժ. Բ. Պիգալի, Էթիեն Մորիս Ֆալկոնեի, Ժան Անտուան Հուդոնի քանդակներում, Ժ. Մ. Վյենի պատմա-դիցաբանական սյուժեներով երփնագրերում, Հյուբեր Ռոբերի դեկորատիվ բնանկարներում։

 
Անտոնիո Կանովա, Ամուր և Փսիքե, (1787-1793, Փարիզ, Լուվր)

Ֆրանսիական մեծ հեղափոխության նախօրեին ճարտարապետության մեջ առկա էր խստիվ և սեղմ ոճական ձևերին, ազդեցիկ–ուսուցողական կերպարներին դիմելու հակումը, ավելի հաճախ են կիրառվել հունական արխաիկայի, Հին Եգիպտոսի մոտիվները՝ երբեմն հրաժարվելով օրդերային համակարգից (Կ. Ն. Լեդուի, Է. Լ. Բուլլեի, Ժ. Ժ. Լեկյոյի կառույցներն ու նախագծերը)։ Այդ որոնումները (նաև Զ. Բ. Պիրանեզիի ճարտարապետական օֆորտների ազդեցության ներքո) ուշ կլասիցիզմի կամ ամպիրի մեկնակետը հանդիսացան։ Կլասիցիզմի գեղանկարչության ասպարեզում հեղափոխական ուղղության խոշորագույն ներկայացուցիչը Ժակ Լուի Դավիդն էր։ Ուշ կլասիցիզմի գեղանկարչությունը, բացառությամբ որոշ խոշոր վարպետների (Դոմինիկ Էնգր) ստեղծագործության, վերածվում է պաշտոնական-ջատազովական կամ սենտիմենտալ-էրոտիկ սալոնային ուղղության։ 18-րդ դարում և 19-րդ դարի սկզբին կլասիցիզմի միջազգային կենտրոնը դառնում է Հռոմը, ուր ստեղծագործում էին գերմանացի գեղանկարիչ Անտոն Ռաֆայել Մենգսը, քանդակագործներ՝ իտալացի Անտոնիո Կանովան, դանիացի Բերտել Տորվալդսենը, ավստրիացի բնանկարիչ Յոզեֆ Անտոն Կոխը։ Նույն ժամանակաշրջանի գերմանական կլասիցիզմի ճարտարապետությանը բնորոշ է Ֆ. Վ. Էրդմանսդորֆի, Կ. Դ. Լանգհանսի, Դ. Ժիլլիի, Ֆ. Ժիլլիի կառույցների խիստ և ռացիոնալ ոճը։ Գերմանական ուշ կլասիցիզմի բարձրակետը եղավ Կ. Ֆ. Տինկելի ստեղծագործությունը, որի ճարտարապետական ձևերի խստաշունչ մոնումենտալությունը օրգանապես կապված էր ֆունկցիոնալ նոր լուծումների որոնումների հետ։ Լեո ֆոն Կլենցեի և Ֆ. Գերտների կառույցներում իշխում էր չոր արխեոլոգիզմը։ Հայեցողական տրամադրությամբ ներթափանցված կերպարվեստում աչքի են ընկնում Ա. և Վ. Տիշբայնների ստեղծած դիմապատկերները, Ա. Յա. Կարստենսի դիցաբանական և այլաբանական կարտոնները, Յո. Գ. Շադովի, Յո. Հ. Դաննեկերի, Կ. Դ. Ռաուխի պլաստիկան, կահույքագործ Դ. Ռյոնտգենի գործերը։

18-րդ դարում և 19-րդ դարի սկզբի անգլիական ճարտարապետության մեջ սկզբում գերակշռողը պալլադիականությունն էր, սերտորեն կապված պարտեզային շինարարության ծաղկմանը (ճարտարապետներ՝ Ու. Քենտ, Ջ. Փեյն, Ու. Չեյմբերս)։ Դեկորատիվ հարդարանքի նրբագեղությամբ են աչքի ընկնում Ադամ եղբայրների կառույցները։ 19-րդ դարի սկզբին ճարտարապետության մեջ դրսևորվում են ամպիրի գծերը (հատկապես Զ. Սոունի ստեղծագործության մեջ)։ Անգլիական կլասիցիզմի գլխավոր նվաճումներն են բնակելի միջավայրի ձևավորման կուլտուրան, քաղաքաշինական համարձակ մտահղացումները, որոնք մասամբ կանխորոշել են քաղաք-այգու գաղափարը (ճարտարապետներներ՝ Ջ. Վուդ, Ջ. Վուդ Կրտսեր, Ջ. Նեշ)։ Կլասիցիզմի առավել հետևողական ներկայացուցիչներից են գծանկարիչ-պատկերազարդող ու քանդակագործ Ջ. Ֆլաքսմենը և դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետները (Ջ. Ուեջվուդ, նաև Դերբիլ)։ 18-րդ դարում և 19-րդ դարի սկզբին կլասիցիզմը զարգացել է նաև Իտալիայում (ճարտարապետ Ջ. Պիերմարինի), Իսպանիայում (ճարտարապետ դե Խ. Վիլյանուևա), Արևելյան Եվրոպայի և Սկանդինավիայի երկրներում, ԱՄՆ-ում (ճարտարապետներ՝ Տ. Ջեֆերսոն, Ջ. Հոբան, գեղանկարիչներ՝ Բ. Ուեստ, Զ. Մ. Կոպլի)։ Ռուսաստանում կլասիցիզմն սկզբնավորվել է 18-րդ դարի կեսին՝ իշխող ոճի վերածվելով 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին քառորդին։ Ռուսական ամպիրի ժամանակաշրջանում (19-րդ դարի առաջին քառորդ) մեծ չափերի է հասել քաղաքաշինությունը, Պետերբուրգում, Մոսկվայում և այլուր մշակվել են 400-ից ավելի քաղաքների կանոնավոր հատակագծեր, գրեթե բոլոր տիպի կառույցների օրինակելի նախագծեր։ Վեհաշուք անսամբլների և առանձին կառույցներ են ստեղծել Պետերբուրգում Ա. Ն. Վորոնիխինը, Ա. Դ. Զախարովը, Ժ. Թոմա դը Թոմոնը, Կ. Ի. Ռոսսին, Վ. Պ. Ատասովը, Մոսկվայում՝ Դ. Ի. Ջիլյարդին, Օ. Ի. Բովեն, Ա. Գ. Գրիգորևը։ Կերպարվեստում ռուսական կլասիցիզմի զարգացումը կապված էր Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի (հիմնադրվել է 1757 թվականին) գործունեության հետ։ Քանդակը ներկայանում է մոնումենտալ–դեկորատիվ պլաստիկայով (հաճախ համադրված ճարտարապետության հետ), հաստոցային կոմպոզիցիաներով, մահարձաններով, մեդալագործության ու կիրառական արվեստի գործերով և այլն։ Գեղանկարչության մեջ նշանավոր էին Անտոն Լոսենկոն, Ա. Ի. Իվանովը, Ա. Ա. Իվանովը (պատմական ժանր), Դմիտրի Լևիցկին, Վլադիմիր Լուկիչ Բորովիկովսկին (դիմանկար), Ֆեոդոր Մատվեևը (բնանկար), Ֆեդոտ Շուբինը (դիմաքանդակ)։

19-րդ դարի առաջին քառորդի վերջին կլասիցիզմն ամենուրեք կորցրել է առաջատար դերը՝ վերածվելով մի քանի կեղծ պատմական ուղղությունների։ Կլասիցիզմի դեմ պայքարել են սկզբում ռոմանտիզմի գաղափարախոսները, այնուհետև՝ ռեալիզմի ներկայացուցիչները։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Մանուկ Աբեղյան, Երկեր, հ. 4, Երևան, 1970։
  • Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Երևան, 1962։
  • Շ. Նազարյան, Պետրոս Ղափանցի, Երևան, 1969։
  • Մ. Թադեոսյան, Հայկական կլասիցիզմի տեսությունը, Երևան, 1977։
  • Նիկոլա Բուալո, Քերթողական արվեստ, Երևան, 1979։
  • Пумпянский Л. В. К истории русского классицизма (1923—1924) // Пумпянский Л. В., Классическая традиция. Собрание трудов по истории русской литературы. Москва: Языки русской культуры, 2000.
  • Bray René. La Formation de la doctrine classique en France. P.: Hachette, 1927.
  • Мокульский, С. С., ‘Формирование классицизма’, История французской литературы. Том 1. Москва-Ленинград, 1946:
  • Виппер, В. Б., Формирование классицизма во французской поэзии начала XVII века. Москва: Издательство Московского университета, 1967.
  • Обломиевский, Д. Д., Французский классицизм. Очерки. Москва: Наука, 1968.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 473  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլասիցիզմ» հոդվածին։