Կառլա դել Պոնտե (իտալ.՝ Carla Del Ponte, փետրվարի 9, 1947(1947-02-09)[1][2], Լուգանո, Տիչինո, Շվեյցարիա), շվեյցարացի նախկին գլխավոր դատախազ, ՄԱԿ-ում նախկին Հարավսլավիայի և Ռուանդայի միջազգային տրիբունալների նախկին դատախազ։ 2008-2011 թվականներին Արգենտինայում եղել է Շվեյցարիայի դեսպան։

Կառլա դել Պոնտե
Carla Del Ponte
 
Կրթություն՝ Բեռնի համալսարան և Ժնևի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավագիտության մագիստրոս
Մասնագիտություն՝ իրավաբան, փաստաբան, դատավոր, քաղաքական գործիչ և դեսպան
Ծննդյան օր փետրվարի 9, 1947(1947-02-09)[1][2] (77 տարեկան)
Ծննդավայր Լուգանո, Տիչինո, Շվեյցարիա
Քաղաքացիություն  Շվեյցարիա
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կառլա դել Պոնտեն ծնվել է 1947 թվականին Շվեյցարիայի իտալախոս մասում՝ Լուգանո քաղաքում։ Իրավունք սովորել է Բեռնի, Ժնևի և Լոնդոնի համալսարաններում։ 1972 թվականին ստացել է իրավունքի մագիստրոսի աստիճան և աշխատանքի տեղավորվել իրավաբանական ընկերություններից մեկում։ 1975 թվականին բացել է իր սեփական իրավաբանական ընկերությունը[4]։

1981 թվականին դել Պոնտեն սկսել է աշխատել Լուգանոյի մարզային դատախազության ապարատում։ Փողերի լվացման, մաքսանենգ զենքերի, թմրադեղերի միջազգային վաճառքի բնագավառներում կատարած հետաքննության, ինչպես նաև կազմակերպված հանցավորությունների դեմ անզիջում պայքարի համար ստացել է «Կառլիտա-Ժանտախտ» (իտալ.՝ Carlita La Pesta) մականունը[5]։ Նա իր աշխատանքը կատարելիս սերտ շփում է ունեցել իտալացի դատավոր Ջովաննի Ֆալկոնեի հետ, որը մահացել է 1992 թվականին՝ սիցիլիական մաֆիայի կազմակերպած պայթյունից[6]։

1994 թվականին դել Պոնտեն նշանակվել է Շվեյցարիայի գլխավոր դատախազ։ Ռուսաստանում մեծ ճանաչում է ստացել ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի շրջապատին կոռուպցիայի մեջ մեղադրելու գործով (հայտնի է որպես «Mabetex գործ»)[4]։ Դա նրա՝ որպես գլխավոր դատախազի մեծ հնչեղություն ստացած միակ գործը չէ. նա նաև իր ժամանակին սառեցրել է Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոի հաշիվները և հասել նրան, որ կալանք է դրվել Մեքսիկայի նախկին նախագահ Ռաուլ Սալինասի եղբոր հաշվին եղած 118 միլիոն դոլարի վրա[6]։

1999 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը դել Պոնտեին նշանակել է դատախազ Նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալում, որն ուսումնասիրում էր Բալկանյան հակամարտությունների ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, ինչպես նաև Ռուանդայի միջազգային տրիբունալում, որն զբաղվում էր Ռուանդայի ցեղասպանության հետաքննությամբ։ Այդ պաշտոններում նա փոխարինել է Լուիզա Արբուրին[4]։

2003 թվականին, լուրջ հաջողությունների չհասնելով Ռուանդայի միջազգային տրիբունալում, դել Պոնտեն ամբողջովին նվիրվել է նախկին Հարավսլավիայի գործին։ Մեղադրող կողմի լսումները շարունակվել են 2002 թվականից մինչև 2004 թվականը, իսկ օգոստոսից սկսվել են պաշտպանական կողմի լսումները։ ՆՀՄՏ լսումները բազմիցս ընդհատվել են ամբաստանյալի առողջության կտրուկ վատացման պատճառով, իսկ 2006 թվականի մարտին Միլոշևիչը բանտում մահացել է սրտի կանգից[7]։ Նրա մեղքն ապացուցել այդպես էլ չի հաջողվել։ Դրանից հետո դել Պոնտեն զբաղվել է Բոսնիայի և Հերցեգովինայի առաջնորդներ Ռատկո Մլադիչի և Ռադովան Կարաջիչի գործով, որոնք մեղադրվում էին Սրեբրենիցայի զանգվածային ջարդերի մեջ[4]:2011 թվականին Ռատկո Մլադիչը ձերբակավել է սերբական անվտանգության ուժերի կողմից և հանձնվել Հաագայի տրիբունալ։

2007 թվականի հունվարի 30-ին դել Պոնտեն թողել է ՆՀՄՏ-ի դատախազի պաշտոնը։ 2008-2011 թվականներին եղել է Արգենտինայում Շվեյցարիայի դեսպան[8]։

2008 թվականին դել Պոնտեն հրատարակել է «Որսորդություն։ Ես և ռազմական հանցագործները» գիրքը, որտեղ պատմել է Կոսովոյի ալբանացիների կողմից սերբ կենդանի բանտարկյալների օրգանները հեռացնելու և վաճառելու մասին[9]։ Բացի այդ, նա իր գրքում տրիբունալին դիմադրություն ցույց տալու մեջ մեղադրել է ոչ միայն Մոսկվային և Բելգրադին, այլև Կենտրոնական հետախուզական վարչությանը, ՄԱԿ-ին, Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ին[10]։

2012 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի օգոստոսը դել Պոնտեն եղել է միջազգային հանձնաժողովի անդամ, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հովանավորությամբ հետաքննում էր Սիրիայի իրադարձությունները[11]։ 2013 թվականի մայիսին նա հայտարարել է, որ հենց հակակառավարական ուժերն են քաղաքացիական պատերազմի ժամանակ քիմիական զենք օգտագործում։ Այդ կարծիքը տրամագծորեն հակառակ էր եվրոպական քաղաքական բազմաթիվ գործիչների տեսակետին, վերջիններս քիմիական զենքի օգտագործման մեջ մեղադրում էին կառավարական ուժերին[12]։ 2017 թվականի օգոստոսի 6-ին դել Պոնտեի՝ հանձնաժողովի անդամի լիազորությունները վայր դնելու պատճառն այն էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանձնաժողովի նյութերին ընթացք չէր տալիս[13]։

Անձնական կյանք խմբագրել

դել Պոնտեն եղել է ամուսնացած, ներկայումս ամունալուծված է։ Ունի մեկ որդի, որի մասին գործնականում ոչինչ հայտնի չէ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. Eredoctoraten met koninklijk tintje
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «дель Понте, Карла». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Михайлов А. «Карла дель Понте — Стальная Синьора». Итоги. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  6. 6,0 6,1 «Жизнь и следствие Карлы дель Понте». BBC Russian.com. 12.02.2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Милошевич скончался от инфаркта миокарда: жена обвиняет Гаагский трибунал». Известия.Ру. 13.03.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Новая Газета». Новая Газета. 24.08.2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին. {{cite news}}: Text "Глава Гаагского трибунала Карла дель Понте переходит на дипломатическую работу" ignored (օգնություն); Text "Лента событий" ignored (օգնություն)
  9. «Дель Понте. «Охота. Я и военные преступники»». Власти.нет. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Карла дель Понте. Охота: я и военные преступники». OpenSpace.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  11. Independent International Commission of Inquiry on the Syrian Arab Republic
  12. The Telegraph, May 06, 2013, «UN accuses Syrian rebels of chemical weapons use»
  13. Карла Дель Понте ушла из «бесполезной» комиссии ООН по Сирии

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլա դել Պոնտե» հոդվածին։