Ճանաչողություն (իմացություն), մարդկային մտածողության մեջ իրականության արտացոլման ու վերարտադրման պրոցեսը, որն անխզելիորեն կապված է պրակտիկայի հետ։ Ճանաչողության պրոցեսում մարդը ձեռք է բերում գիտելիքներ, հասկացություններ իրական երևույթների մասին, գիտակցում իրեն շրջապատող աշխարհը։ Այդ գիտելիքներն օգտագործվում են պրակտիկ գործունեության մեջ աշխարհի վերափոխման, բնությունը մարդու պահանջմունքներին ենթարկելու նպատակով։

Ճանաչողության կարողություններ խմբագրել

Ճանաչողության մեջ կարևոր դեր են խաղում զգայական, բանական ու ինտուիտիվ կարողությունները։

  • Զգայական ճանաչողությունը իրականացվում է զգայարանների միջոցով։ Զգայականան գիտելիքներն անմիջական են, քանի որ մարդը իր զգայարանների միջոցով արտաքնապես ծանոթանում է տվյալ իրերի կամ երևույթների հետ։ Զգայությունները մարդուն ծանոթացնում են իրերի արտաքին հատկություններին, նա սկսում է տարբերել տաքը, սառը, գույները, հոտերը, պնդությունը, փափկությունը և այլն։ Զգայական ճանաչողությունն ունի երեք ձև՝ զգայություն, ընկալում և մտապատկեր։
  • Բանական ճանաչողությունը կոչվում է նաև ռացիոնալ։ Այն գտնվում է ավելի բարձր մակարդակի վրա, և ապահովում է ավելի լուրջ գիտելիքներ։ Այստեղ կարևորվում է վերացական և տրամաբանական կարողությունները։ Բանականության միջոցով մարդը վերլուծում է իր զգայական պատկերները, որի միջոցով առանձնացնում է տարբերութուններ և նմանություններ, կարևոր հատկանիշները առանձնացնում ոչ կարևորներից և այլն։ Արտացոլվում է իրերի և երևույթների ներքին հիմքը, էությունը, ներքին օրենքները։ Բանական ճանաչողության երեք հիմնական ձևերն են՝ հասկացությունը, դատողությունը, մտահանգումը։
  • Ինտուիցիայի միջոցով մարդը անմիջականորեն, առանց զգայական փորձերի թափանցում է հետազոտվող իրերի և երևույթների էության մեջ։ Գիտնականները, ուսումնասիրելով հայտնաբերմանը ենթակա օբյեկտը, հնարավոր է էլ ավելի խճճվեն, և այդ ժամանակ տեղի է ունենում մտաճառագում՝ գիտնականները միանգաից տեսնում են իրենց մտատանջող խնդիրների լուծումը։ Հայտնի է ինտուիցիայի երկու տեսակ՝ զգայական և ինտելեկտուալ։

Ճանաչողության նպատակ խմբագրել

Դեկարտը ճանաչողության նպատակը տեսնում էր բնության ուժերին տիրապետելու, ինչպես նաև մարդու բնության կատարելագործման մեջ[1]։

Ճանաչողության ձևեր խմբագրել

Խոսելով ճանաչողության ձևերի մասին՝ առաջին հերթին առանձնանում են գիտական և ոչ գիտական ճանաչողությունը[2], իսկ վերջինս ներառում է նաև կենցաղային և գեղարվեստական, առասպելաբանական և կրոնական ճանաչողությունը[3]։

Գիտական խմբագրել

Գիտական ճանաչողությունը, ի տարբերություն ճանաչողության այլ բազմազան ձևերի, օբյեկտիվ գիտելիքների ստացման գործընթաց է, որն ուղղված է մշտական իրականության օրենքների արտացոլմանը։ Գիտական գիտելիքները եռակի խնդիր ունեն և կապված են դիտարկվող իրականության գործընթացների և երևույթների նկարագրության, բացատրության և կանխատեսման հետ։

Գեղարվեստական խմբագրել

Գոյություն ունեցող իրականության արտացոլումը իրականացվում է նշանների, խորհրդանիշների, գեղարվեստական պատկերների միջոցով։

Փիլիսոփայական խմբագրել

Փիլիսոփայական գիտելիքը աշխարհի ամբողջական ճանաչողության հատուկ տեսակ է։ Փիլիսոփայական գիտելիքի առանձնահատկությունը մասնատված իրականությունից դուրս գալու և գոյության հիմնարար սկզբունքներն ու հիմքերը գտնելու, դրանում մարդու տեղը որոշելու ցանկությունն է։ Փիլիսոփայական գիտելիքները հիմնված են որոշակի գաղափարական նախադրյալների վրա։ Այն ներառում է՝ իմացաբանություն, գոյաբանություն և էթիկա։ Փիլիսոփայական ճանաչողության գործընթացում սուբյեկտը ձգտում է ոչ միայն հասկանալ մարդու գոյությունն ու տեղը դրանում, այլ նաև ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինեն դրանք (աքսիոլոգիա), այսինքն՝ ձգտում է ստեղծել իդեալ, որի բովանդակությունը որոշվում է փիլիսոփայի ընտրած աշխարհայացքային պոստուլատներով։

Դիցաբանական խմբագրել

Դիցաբանական գիտելիքները բնորոշ են պարզունակ մշակույթին։ Նման գիտելիքը հանդես է գալիս որպես իրականության ամբողջական նախատեսական բացատրություն՝ գերբնական էակների, առասպելական հերոսների զգայական տեսողական պատկերների օգնությամբ, որոնք առասպելական գիտելիքի կրողի համար հանդես են գալիս որպես նրա առօրյա կյանքի իրական մասնակիցներ։ Առասպելաբանական գիտելիքներին բնորոշ է անձնավորումը, աստվածների կերպարներում բարդ հասկացությունների անձնավորումը և մարդակերպությունը։

Շարժիչային ճանաչողություն խմբագրել

Շարժիչային ճանաչողության հայեցակարգը ներառում է գործողության մեջ մարմնավորված ճանաչողության երևույթը, որում շարժիչային համակարգը մասնակցում է մտավոր մշակմանը, ներառյալ սոցիալական փոխազդեցությունն ապահովող գործընթացները:Շարժիչային ճանաչողությունը հաշվի է առնում գործողությունների նախապատրաստումն ու արտադրությունը, ինչպես նաև այլ մարդկանց վարքագիծը ճանաչելու, կանխատեսելու, ընդօրինակելու և հասկանալու գործընթացները։ Ճանաչողության շարժիչ պարադիգմի հիմնական միավորը գործողությունն է, որն արտահայտվում է որպես շարժումներ, որոնք արվում են որոշակի շարժիչ նպատակի մտադրությունը բավարարելու համար կամ արտահայտվում են ֆիզիկական և սոցիալական միջավայրում նշանակալի իրադարձության ի պատասխան։ Այս պարադիգմը վերջին տարիներին արժանացել է մեծ ուշադրության և էմպիրիկ աջակցության բազմաթիվ հետազոտողների կողմից, ներառյալ զարգացման հոգեբանությունը, կոգնիտիվ նյարդաբանությունը և սոցիալական հոգեբանությունը[4]։

Գիտական ճանաչողության մակարդակներ խմբագրել

Գիտական ճանաչողության երկու մակարդակ կա՝ էմպիրիկ (փորձարարական, զգայական) և տեսական (ռացիոնալ)։ Ճանաչողության էմպիրիկ մակարդակն արտահայտվում է դիտարկման, փորձի և մոդելավորման մեջ, իսկ տեսական մակարդակը՝ հիպոթեզներում, օրենքներում և տեսություններում էմպիրիկ մակարդակի արդյունքների ընդհանրացման մեջ[5]։

Ճանաչողության պատմություն խմբագրել

Պլատոն խմբագրել

Այն ամենը, ինչ հասանելի է ճանաչողությանը, Պլատոնը VI «Պետություն» գրքում բաժանում է երկու տեսակի՝ զգայականորեն ընկալվողի և ըմբռնելիի ոլորտների փոխհարաբերությունը որոշում է տարբեր ճանաչողական ունակությունների փոխհարաբերությունները։ Սենսացիաները թույլ են տալիս ճանաչել (թեև ոչ ճշգրիտ) իրերի աշխարհը, միտքը թույլ է տալիս տեսնել ճշմարտությունը։

Արիստոտել խմբագրել

«Գոյությունը կա՛մ ընկալվում է զգայարաններով, կա՛մ ըմբռնվում մտքով»։

«Ներկայացումները, ասես, սենսացիայի առարկաներ են՝ միայն առանց նյութի»։

Կանտ խմբագրել

«Մարդկային գիտելիքի երկու հիմնական բխում կա, որոնք, հավանաբար, բխում են մեկ ընդհանուր, բայց մեզ համար անհայտ արմատից՝ զգայականությունից և բանականությունից. զգայունության միջոցով առարկաները տրվում են մեզ, բայց մտածում են բանականության միջոցով»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Декарт. Познание: цели и метод достижения истины - Декарт, Рене - История философии - Интенция | Все о философии». Интенция. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  2. «Многообразие форм знания. Научное и вненаучное знание». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  3. Митрошенков О. А. «ТЕОРИЯ ПОЗНАНИЯ. Многообразие форм знания: учебник». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  4. Соммервиль, Ж. А.. Десети, Дж. Sommerville, JA.; Decety, J.(апрель 2006). «Переплетая структуры социального взаимодействия: артикуляция в психологии развития и познавательной нейробиологии в ключе моторного познания»..Психономический бюллетень и обзор — выпуск 13 (2): 179—200
  5. «Структура научного познания, его уровни и формы - Лекции - Философия». Образовательный сайт по отечественной истории и философии. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանաչողություն» հոդվածին։