Իզա Կրեմեր
Իզաբելլա Յակովլևնա Կրեմեր (ավելի հայտնի է Իզա Կրեմեր անունով, ի ծնե՝ Լեա Յանկելևնա Կրեյմեր, հոկտեմբերի 21, 1887, Բելցի, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 7, 1956[1], Կորդովա, Արգենտինա), երգչուհի, օպերայի և օպերետի դերասանուհի։
Իզա Կրեմեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1887 Բելցի, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԱՄՆ, Ռուսական կայսրություն և Արգենտինա |
Մահացել է | հուլիսի 7, 1956[1] (68 տարեկան) Կորդովա, Արգենտինա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Isa Kremer Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Լեա Կրեյմերը ծնվել է 1882 թվականի հոկտեմբերի 8-ին (հին տոմարով) Բելցիում, դերձակ Յանկել Լեյբովիչ Կրեյմերի (1852—?) և Հաննա Մոշկովնա Կրեյմերի (ի ծնե՝ Ռոյզենբլիտ) ընտանիքում[2][3]։ Իզաբելլայի մոտ վաղ տարիքից նկատվել է երաժշտական կարողություն։ Առաջին իդիշով երգը լսել է մոր շուրթերից որպես օրորոցային։ Երբ նա հինգ տարեկան էր, հետաքրքրվել է հրեական հարսանեկան երաժշտությամբ, իսկ պատանեկան տարիքում բանաստեղծություններ է գրել իր ժողովրդի ծայրահեղ աղքատության մասին։ Երեսուն տարի անց Իզա Կրեմերը դարձել է առաջին երգչուհին, որ բեմից երգել իդիշով։
Չնայած ընտանեկան դժվարություններին՝ ծնողներն ամեն ինչ ներդրել են իրենց դստեր երաժշտական դաստիարակությամբ։ 1912 թվականից նա երկու տարի շարունակ Միլանում երգեցողություն է սովորել հայտնի մանկավարժ Լուիջի Ռոնցիի մոտ, հանդես է եկել փոքր թատրոններում, այնուհետև վերադարձել է հայրենիք։ Նրան հրավիրել են Օդեսա, որտեղ նա որպես դեբյուտ հանդես է եկել Պուչինիի «Բոհեմ» օպերայում։ Դրան հաջորդել է Վիոլետայի պարտիան «Տրավիատայում»։
Օդեսայում, Պետրոգրադում, Մոսկվայում ունեցել է նշանակալի հաջողություններ։ Այս քաղաքներում Կրեմերը հանդես է եկել նաև օպերետներում, որոնցից էին՝ «Աղքատ ուսանողը», «Իդեալական կինը», «Վերջապես մենակ», «Լեհական արյուն»։ Հեղափոխությունից հետո՝ 1919 թվականին, Իզա Յակովլևնա Կրեմերն ամուսնու հետ, որը «Օդեսայի նորություններ» թերթի խմբագիրն էր, արտագաղթել է Ֆրանսիա։ Ավելի ուշ, թողնելով ամուսնուն, նա հյուրախաղերի է մեկնել աշխարհի շատ երկրներ, ձեռք բերել համաշխարհային ճանաչում ոչ միայն որպես երգերի և ռոմանսների հիասքանչ կատարող, այլև փառք է նվաճել որպես կինոդերասանուհի։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ հրապարակվել են նրա մահվան մասին կեղծ հաղորդագրություններ։
1923 թվականին, չնայած հակասեմական ելույթներին և նույնիսկ իր հասցեին հնչող մահվան սպառնալիքներին, Իզա Կրեմերը Վարշավայի հրեաների համար հանդես է եկել համերգով։ 1933 թվականին նա գնացել է Գերմանիա, որպեսզի ներկայանա Հրեական մշակութային միությանը։ Երգչուհին բազմաթիվ համերգներ է տվել՝ աջակցելով իսպանական հանրապետականներին։
1934 թվականին՝ Հարավային Ամերիկայում իր հերթական շրջագայության ժամանակ, Իզան ծանոթացել է Գրեգորի Բերմանի հետ, որը մասնագիտությամբ մանկավարժ էր, համոզմունքներով՝ սոցիալիստ։ Ինը տարի անց նրանք ամուսնական դաշինք են կնքել Մեքսիկայում։
1943 թվականի դեկտեմբերին Իզա Կրեմերը Մորիս Շևալյեի, Մառլեն Դիտրիխի և Վադիմ Կոզինիմի հետ համերգով հանդես է եկել Թեհրանի կոնֆերանսի մասնակիցների համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինայում, որտեղ ղեկավարությունը գաղտնի աջակցում էր նացիստներին, Կրեմերը համերգներ է տվել, որոց շահույթը գնում էր դաշնակիցներին։ 1944 թվականի նոյեմբերի 19-ին Իզա Կրեմերը համերգ է տվել Քարնեգի հոլում (Նյու Յորք)։
1946 թվականի մարտին «Սևա ռեկորդ» ընկերությունում թողարկվել են Իզա Կրեմերի գրամոֆոնային նոր սկավառակները՝ «հրեերեն հայտնի երգեր»։
1947 թվականի ապրիլի 25-ին «Թայմս հոլ» սրահում կայացել է Իզա Կրեմերի համերգը։ Երգչուհին պարբերաբար Նյու Յորք էր մեկնում Ռիո դե Ժանեյրոյից, որտեղ ապրում էր։
Արգենտինայում ծավալած բավականին ակտիվ հասարարական գործունեության պատճառով ամուսինները տուժում էին. Բերմանը կորցրել է աշխատանքը, իսկ Իզային հեռացրել էին մեծ բեմերից։ Բայց նրանք հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին։ Իզա Կրեմերն իր համերգների միջոցները նվիրաբերում էր Հոլոքոստի զոհերին, համերգներ էր տալիս միայն նոր ի հայտ եկած Իսրայելի պետությանն աջակցելու համար։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ Արգենտինայում նրա գործունեության վերջին տարիներին երգչուհու մասին գրեթե ոչինչ հայտնի չէր. նրան ամեն կերպ լռեցրել էին։ 1956 թվականին բժիշկներն Իզայի մոտ ախտորոշել են ժամանակին բժշկման չենթարկված ստամոքսի քաղցկեղ[4]։ Կարճ ժամանակ անց նա վախճանվել է։
Հայտնի «Մայն շտեյտելե Բելց» («Իմ շտետլ Բելցի») իդիշով երգը Իզա Կրեմերի համար հատուկ գրել են բանաստեղծ Յակով Յակոբսը և կոմպոզիտոր Ալեքսանդր Օլշանեցկին։ Նա առաջինը այդ երգը կատարել է «Դոս լիդ ֆուն գետո» («Երգ գետտոյից») օպերետում, որը բեմադրվել է Նյու Յորքում 1932 թվականին[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ JewishgGen.org
- ↑ Isa Kremer (1887—1956)
- ↑ Близнюк М. И. Прекрасная Маруся Сава…: Русская эмиграция на концертных площадках и в ресторанах Америки. — М.: Русский путь, 2007. — ISBN 978-5-85887-136-1.
- ↑ «Isa Kremer» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզա Կրեմեր» հոդվածին։ |