Թափորի ելքը Էջմիածնի Մայր տաճարից
«Թափորի ելքը Էջմիածնի Մայր տաճարից», նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ։ Նկարվել է 1895 թվականին, հավանաբար Խաչվերաց նախատոնի առթիվ, այժմ ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությամբ[1]։ Սուրենյանցի արվեստում քրիստոնեական թեման մասնավորապես ի հայտ է եկել 1890-ական թվականներին։ Օսմանյան կայսրության հակահայ բիրտ քաղաքականությունը ամենևին չէր շրջանցում նաև այլ քրիստոնյա ժողովուրդներին, և պատմությանը քաջատեղյակ նկարիչը չէր կարող չխորհել ժողովրդի և եկեղեցու միջև անհրաժեշտ կապի մասին։ Այս կապն էլ արտացոլվել է Սուրենյանցի այս և մի շարք այլ կտավներում[2]։
Թափորի ելքը Էջմիածնի Մայր տաճարից | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վարդգես Սուրենյանց |
տարի | 1895 |
բարձրություն | 131 սանտիմետր |
լայնություն | 96 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Թեմատիկա խմբագրել
Առիթ կա ենթադրելու, որ նկարը ոչ թե ստեղծագործական ներշնչման պահանջով, այլ հանձնարարություն է Էջմիածնի կողմից։ Պատկերից առաջին հերթին այն տպավորությունն է ստացվում, որ թեման շատ է կաշկանդել նկարչին՝ հնարավորություն չտալով ազատ գործելու։ Պատճառն այն է, որ թափորը ինքնըստինքյան թատերականացված մի ծիսակատարություն է, որը տեղի է ունենում սահմանված, խստորեն պահպանվող կանոններով ու ձևով։ Պատկերի մշակման մեջ նկատվում է պաշտոնականություն, սառնություն․ դա առկա է թե՛ կոմպոզիցիայի կառուցվածքի մեջ, թե՛ զսպվածությամբ կիրառված գեղանկարչական միջոցների մեջ[3]։
Նկարագրություն խմբագրել
«Թափորի ելքը Էջմիածնի Մայր տաճարից» կատվը իրական կյանքի փաստական, անաչառ վերարտադրումն է․ Էջմիածնի տաճարից ծիսական զգեստներով և պարագաներով զուգված, ըստ աստիճանի շարք կազմած, պատշաճ հանդիսավորությամբ դուրս է գալիս հոգևորականների թափորը։ Աշակերտներին հաջորդում են տիրացուները, քահանաները, վարդապետները, եպիսկոպոսները՝ ձեռքներին մոմեր, գրքեր, բուրվառներ, խաչեր, գավազաններ։ Սուրենյանցը անաչառորեն է պատկերել իրականությունը՝ ներկայացնելով հոգևորականներին իրենց պարտականությունները ներքին դժկամությամբ կատարող պաշտոնյաների դերում, ովքեր ամեն օր ստիպված են կատարել միակերպ ծիսակատարություններ[3]։
Սուրենյանցը մեծ ջանք է գործադրել թափորի հանդիսավորությունը պահպանելու ուղղությամբ։ Չափի կատարյալ զգացումով է ներդաշնակված եկեղեցու քանդակազարդ մուտքը, որը ծառայելով որպես ֆոն՝ մեծ հանդիսավորություն է տալիս թափորին։ Թափորն առանձնապես աչքի չի ընկնում իր կոլորիտով։ Սուրենյանցը չի փորձել հանդգնել, թերևս միայն լույսի առկայությունն է առավելություն հանդիսանում, որով ողողված է ամբողջ պատկերը[3]։
Աղբյուրներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: Text "Թափորի ելքը Էջմիածնի մայր տաճարից - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն) - ↑ Ստամբոլցյան, Աստղիկ (2010 թ․ հունվարի 30). «ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ -150». ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Մարտիկյան, Եղիշե (1975). Հայկական կերպարվեստի պատմություն (PDF). Երևան: «Հայաստան».