Թափառաշրջիկը (անգլ.՝ The Tramp), ինչպես նաև Թափառաշրջիկ Չարլի կամ Փոքրիկ թափառաշրջիկը (անգլ.՝ Charlie the Tramp, The Little Tramp), տրագիկոմեդիկ կերպար, որը ստեղծել և կերտել է անգլո-ամերիկացի մեծագույն դերասան և ռեժիսոր Չարլի Չապլինը։ Չարլին հավերժ թափառական է, սակայն դրան զուգահեռ բարի և փափկասիրտ ռոմանտիկ է։

Թափառաշրջիկը
Առաջին անգամ հայտնվել է«Մանկական ավտոմրցարշավերը Վենետիկում» (1914)
Վերջին անգամ հայտնվել էՆոր Ժամանակներ (1936)[1]
ՍտեղծողՉարլի Չապլին
Տեղեկություններ
Մականուն(ներ)Թափառաշրջիկ Չարլի Փոքրիկ թափառաշրջիկը
ԵրեխաներՓոքրիկը (Ջոն)
ԿրոնՔրիստոնեություն
ԱզգությունԲրիտանացի

Կերպարի պատմություն խմբագրել

Ինչպես պատմում է անձամբ Չարլին, Թափառաշրջիկի կերպարը լրիվ պատահական է ստեղծվել։ Այն ժամանակ նա Քիսթոուն ստուդիայում կատակերգու դերասան էր։ «Կեցություն ստեղծելով» ֆիլմի անհաջողությունից հետո Չապլինը մեկ այլ կերպար էր փնտրում, որով կարող էր շարունակել հանդես գալ[2]։

Ես չգիտեի ինչպես գրիմ անել։ Լրագրողի դեր կերտելիս իմ արտաքինն ինձ դուր չէր գալիս։ Հանդերձարանի ճանապարհին ես անմիջապես որոշեցի լայն տաբատ հաքնել, որոնք վրաս որպես պարկ կնստեին, չափազանց մեծ կոշիկներ և շատ նեղ այցեզգեստ կրել, իսկ ձեռքումս ձեռնափայտ ունենալ։ Ես ցանկանում էի, որպեսզի իմ հանդերձանքի մեջ ամեն բան հակասեին միմյանց։ Ես միանգամից չորոշեցի, թե արդյոք կլինեմ ծեր կամ երիտասարդ, սակայն հիշելով, որ Մաք Սեննեթն ինձ չափազանց երիտասարդ էր համարում, ինձ վրա փոքրիկ բեղեր փակցրեցի, որոնք, ըստ իս, պետք է ինձ առավել ծեր դարձնեին՝ առանց թաքցնելու իմ դեմքի արտահայտությունները։

Հաքնվելով ես դեռ չէի մտածում, թե ինչպիսի բնավորություն պետք է թաքնվի այս արտաքնի հետևում, սակայն, երբ արդեն պատրաստ էի, հանդերձանքս ու գրիմն ինձ հուշեցին։ Ես զգացի այն, և երբ տաղավար վերադարձա, իմ կերպարն արդեն ծնվեց։

Հետագայում այլ կատակերգուներ, ովքեր Չապլինի հետ Քիսթոուն ստուդիայում են աշխատել, հիշել են, որ Չապլինն իբրև համադրել է իրենց զգեստների դետալները և ստացել է Թափառաշրջիկի կերպարը։

Թափառաշրջիկ Չարլին առաջին անգամ էկրաններին է հայտնվել «Մանկական ավտոմրցարշավերը Վենետիկում» ֆիլմում, որը թողարկվել է «Մելբլի տարօրինակ վիճակ» ֆիլմից առաջ, սակայն, վերջինս առաջինն է նկարահանվել։ Այս և հաջորդ ֆիլմերում Թափառաշրջիկի կերպարը հանդուգն և անամոթ կոմիկ էր, որը խմիչքի և աղջիկների սիրահար էր։

Թափառաշրջիկի մասնակցությամբ առաջին ֆիլմը, որն անձամբ Չարլին է նկարահանել, հանդիսանում է «Անձրևի տակ բռնվածը», որը էկրաններին է բարձրացել 1914 թվականի մայիսի 4-ին։

 
Թափառաշրջիկը և Փոքրիկը

Հետո Չարլին լքում է Քիսթոունն ու տեղափոխվում է Էսսենեյ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում է Թափառաշրջիկի կերպարի վերելքը։ Էսսենեյում Չապլինը շարունակում է էքսցենտրիկ կատակերգություններ նկարահանել։ Այդ ֆիլմերում Թափառաշրջիկը եռուն երազող է և պարտադիր սիրահարված է մի գեղեցիկ աղջկա (աղջկա կերպարն հաճախ կերտում էր Էդնա Փարվիանսը, որը մինչ 1923 թվականը Չապլինի հիմնական խաղընկերուհին էր)։

Էսսենեյում գտնվելու տարիների ամենախորհրդանշականը 1915 թվականին նկարահանած «Թափառաշրջիկը» ֆիլմն է։ Այս ֆիլմում Թափառաշրջիկի կերպարում սկսեցին նկատվել ողբերգական հատկանիշներ։ Տրագիկոմիկ ֆիլմ է հանդիսանում նաև 1917 թվականի «Ներգաղթյալը» ֆիլմը, որտեղ շատ ճիշտ ցուցադրվում են ներգաղթյալների տանջանքները և կան նաև զավեշտալի իրավիճակներ։

First National ստուդիա տեղափոխվելուց հետո նա նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Փոքրիկը», որտեղ Թափառաշրջիկը ընկնում է զավեշտալի իրավիճակների մեջ, սակայն միևնույն ժամանակ մեծ հուզականությամբ հոգ է տանում երեխայի մասին, որին նա գտել և որդեգրել է։ Այս ֆիլմը Չապլինի միակ լիամետրաժ աշխատաքն էր First National-ում։ Նկարահանելով «Պանդուխտը» կարճամետրաժ կինոնկարը, Չապլինը լքում է ստուդիան։ Նույն թվականին ռեժիսորը նկարահանում է «Փարիզուհին» դրաման, որտեղ Չարլին էպիզոդիկ դեր է խաղում։

Թափառաշրջիկի կերպարը հայտնվում է նաև Չապլինի «Ոսկու տենդ» և «Կրկես» ֆիլմերում, որտեղ Չարլին հայտնվում էր ամենաանսովոր իրավիճակներում։ «Մեծ քաղաքի լույսերը» կատակերգությունում Թափառաշրջիկը, ըստ սյուժեի, որոշեց օգնել բուժել ծաղիկներ վաճառող կույր աղջկան։ «Նոր Ժամանակներ» ֆիլմում Թափառաշրջիկը գործարանի բանվոր է, ով փորձում է գոյատևել Մեծ ճգնաժամի շրջանում։ Սա վերջին ֆիլմն էր, որտեղ հայտնվել է Թափառաշրջիկի կերպարը։

1940 թվականի «Մեծ բռնապետը» տրագիկոմեդիկ ֆիլմում Չարլի Չապլինը երկու գլխավոր դեր է կերտել՝ ծագումով հրեա վարսահարդարի և Ադենոիդ Հինկելի, որը կրկնօրինակել է Ադոլֆ Հիտլերի կերպարը։ Ֆիլմի վերջում վարսավիրը, որին շփոթում են Հինքելի հետ և ամբիոն են բարձրացնում, ելույթ է ունենում ի պաշտպանություն ողջ աշխարհի խաղաղության[3]։

Չարլի Չապլինի հաջորդ ֆիլմերից մեկում՝ «Բեմի լույսերը» ֆիլմում Կալվեռոյի կերպարը իր զավեշտականությամբ, հուզականությամբ և կյանքի նկատմամբ լավատեսությամբ շատ մոտ էր Թափառաշրջիկ Չարլիի կերպարին (նաև ֆիլմի մի քանի դրվագներում Կալվեռոն հայտնվում է Թափառաշրջիկի կերպարի նման հագուստով)։ Ռեժիսորի հաջորդ՝ «Արքան Նյու Յորքում» ֆիլմի արքա Շադովի կերպարն իր արտասովորությամբ մոտ է Թափառաշրջիկի կերպարին։

Ազդեցություն խմբագրել

Թափառաշրջիկ Չարլիի կերպարը մեծ ազդեցություն է ունեցել Սերգեյ Էյզենշտեյնի, Օսամու Տեձուկայի, Մարկ Շագալի, ծաղրածու Կարանդաշի, Ռաջ Կապուրի, Նորման Ուիզդոմի, Ռոուեն Ատկինսոնի, Վուդի Ալլենի, Ռոբերտո Բենինյիի, Ուոլթ Դիսնեյի և շատ ուրիշների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Charlie Chaplin: Filming Modern Times».
  2. Charlie Chaplin (1933 թ․ նոյեմբեր), «A Comedian Sees the World», Woman's Home Companion
  3. Truffaut, François (1994 թ․ օգոստոսի 22). The films in my life (1st Da Capo Press ed.). Da Capo Press. ISBN 978-0-306-80599-8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թափառաշրջիկը» հոդվածին։