Երկրաբանական հուշարձաններ

Երկրաբանական հուշարձաններ, անկենդան բնության բարձրարժեք և հազվագյուտ, հիմնականում անձեռակերտ ու դիտարժան, գիտական, պատմամշակութային և գեղագիտական արժեք ներկայացնող բնական առաջացումներ ու բնատարածքներ։ Ըստ Հայաստանի տարածքի երկրաձևաբանական առանձնահատկությունների՝ երկրաբանական հուշարձանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ հրաբխային, արտածին, տեկտոնական, մագմայական, միներալաբանական, հնէաբանական, ջրաերկրաբանական, և օգտակար հանածոների[1]։

Շաքիի ջրվեժը՝ ջրաերկրաբանական հուշարձան

Արտածին երկրաբանական հուշարձաններ խմբագրել

Երկրի մակերևույթին և երկրակեղևի վերին հատվածներում տեղի ունեցող շարժընթացների՝ հիմնականում տարաբնույթ հողմահարման հետևանքով առաջացած ռելիեֆի խոշոր, զարմանահրաշ ձևեր են՝ լեռնաշղթաներ, լեռնագագաթներ, հովիտներ, կիրճեր, հեղեղատներ, ռելիեֆի փոքր ձևեր՝ հողմային խորշեր, քարայրեր, կամարներ («Բախտի կամարը»՝ Արփայի կիրճում, «Օղակ» ժայռը՝ Հրազդանի ափին), թունելներ, կամուրջներ («Սատանի կամուրջը»), քարե բնական քանդակներ («Կրիա», «Պորտաքար», «Պեռլիտե փիղը», «Վարդան Մամիկոնյան» ժայռաքանդակը), բուրգեր (Գորիսի շրջակայքում), աշտարակներ («Պահակային աշտարակը»՝ Արփայի կիրճում), քարացրոններ («Քարե ծովը»՝ Լճաշեն գյուղի մոտակայքում), կարստային քարայրեր («Մագիլի», «Ազոխի», «Արջերի», «Մոզրով»), տրավերտիններ («Տրավերտինե ջրվեժը»՝ Որոտանի կիրճում)[2]։

Տեկտոնական երկրաբանական հուշարձաններ խմբագրել

Տեկտոնական շարժընթացների հետևանքներ են՝ լեռնային ապարների տեղադրման խաթարված ձևեր, կամարածալքեր, բեկվածքներ (խզվածքներ), անցյալի երկրաշարժերի հետևանքներ՝ երկրաշարժածին բեկվածքներ և սողանքներ (Դիլիջանի թեք անտառը), տեկտոնական լճեր[3]։

Հրաբխային երկրաբանական հուշարձաններ խմբագրել

 
Բազալտե երգեհոնը Գառնիի կիրճում

Հրաբխային գործունեության հետևանքներ են՝ Սևկատար, Արայի լեռ, Արմաղան հրաբուխները, Թագավորանիստ խարամային կոնը, սյունաձև բազալտներ («Բազալտե երգեհոնը»՝ Գառնիի կիրճում, «Սատանայի աշտարակը»՝ Արփայի կիրճում), հրաբխային ռումբեր («Դինոզավր» հրաբխային ռումբը՝ Նավասարդ հրաբխի լանջին), լավային փքվածքներ («Բշտիկ» լավային փքվածքը՝ Նավասարդ հրաբխի լանջին)։

Մագմայական և միներալաբանական երկրաբանական հուշարձաններ խմբագրել

Մագմայական երկրաբանական հուշարձանները մագմայի արտաժայթուքներ (Բլրաբերդ հրաբխային գմբեթը), ներժայթուքներ են՝ արեալ պլուտոններ (Մեղրու պլուտոն) և դայքեր (Արփայի, Ազատի կիրճերում)։

Միներալաբանական երկրաբանական հուշարձանները Հայաստանի լեռնային ապարներում ու հանքանյութերում հանդիպող հազվագյուտ, երբեմն՝ եզակի միներալային տարատեսակներ են (ճառագայթաձև մոլիբդենիտը, երկբուրգային քվարցը և հոռնբլենդը՝ բարաբատումյան պորֆիրիտներում)։

Ջրաերկրաբանական և հնէաբանական երկրաբանական հուշարձաններ խմբագրել

 
Բերկրիի ջրվեժը

Հնէաբանական երկրաբանական հուշարձանները բրածո կենդանիների և բույսերի մնացորդներ են (բրածո մամոնտը, քարացած ծառը, սոսու պուրակը և այլն)։

Ջրաերկրաբանական երկրաբանական հուշարձանները հանքային և քաղցրահամ ջրերի բնական և արհեստական ելքեր, ջրհավաք ավազանների բնատեղամասեր, ջրվեժներ են (Շաքիի, Թռչկանի, Բերկրիի)[1]։

Օգտակար հանածոների երկրաբանական հուշարձանները մետաղային և ոչ մետաղային հանածոներ են, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր (Քաջարանի պղինձ-մոլիբդենային, Սոթքի ոսկու, բնագունեղ քարերի հանքավայրեր)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://golosarmenii.am/article/40831/geologiya-proshlogo-i-budushhego - Հայկ Մելիք-Ադամյանի դասակարգման համաձայն
  2. http://newsarmenia.am/news/society/top-10-unikalnykh-pamyatnikov-prirody-armenii-i-artsakha-pamyatka-dlya-turistov/-(չաշխատող հղում) Հայկ Մելիք-Ադամյանի հարցազրույցը
  3. https://elibrary.ru/item.asp?id=27349444 - ПРИРОДНЫЕ ПАМЯТНИКИ И ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ЭКОЛОГИЧЕСКОГО ТУРИЗМА ШИРАКСКОГО МАРЗА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ. МЕЛИК-АДАМЯН Г. У., ХАЧАТРЯН А.А.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։