Դյուրերի ինքնադիմանկար (1498)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դյուրերի ինքնադիմանկար (այլ կիրառումներ)

Դյուրերի ինքնադիմանկար (գերմ.՝ Selbstportait), Ալբրեխտ Դյուրերի նկարը, Դյուրերի հայտնի երեք ինքնադիմանկարներից ամենից փոքրը։

Ինքնադիմանկար
Selbstportait
տեսակգեղանկար
նկարիչԴյուրեր Ալբրեխտ
տարի1498
բարձրություն52
լայնություն41
ստեղծման երկիր Գերմանիա
ուղղությունգերմանական Վերածնունդ
ժանրինքնապատկեր
նյութփայտ, յուղաներկ
գտնվում էhall 025?[1], Մադրիդի թագավորական պալատ[2] և Պրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան[1][3]
սեփականատերՖերդինանդ VII[2]
հիմնական թեմաԱլբրեխտ Դյուրեր
https://www.wga.hu/html/d/durer/1/02/06self26.html կայք
Ծանոթագրություններ
 Self-Portrait (Albrecht Dürer - Museo del Prado) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Նկարին կա նկարչի մակագրությունը. «Ես նկարել եմ ինքս ինձ։ Ես 26 տարեկան եմ։ Ալբրեխտ Դյուրեր» (գերմ.՝ Das malt ich nach meiner gestalt / Ich war sex und zwenzig Jor alt / Albrecht Dürer): Քանի որ մայիսի 21-ին նկարիչը դարձել է 27 տարեկան, ապա կարելի է վստահաբար պնդել, որ Դյուրերը ինքնադիմանկարն ավարտել է 1498 թվականի սկզբին։ Դյուրերը եղել է ոսկերիչի որդի, որ Նյուրնբերգ է տեղափոխվել Հունգարիայից 15-րդ դարի կեսերին։ Նա գերմանական վերածննդի խոշորագույն դեմքերից է։ 1498 թվականը կարևոր է եղել նկարչի համար. նա հրապարակել է 15 փորագրանկարներից բաղկացած «Հայտնություն» շարքը։ Նույն թվականին նա վերադարձել է Իտալիա կատարած իր ճամփորդությունից։ Կտավում զգալի է վենետիկյան և լոմբարդյան դպրոցների ազդեցությունը, մասնավորապես Ջովաննի Բելլինիի։

Նկարիչն ու բարեկիրթ ազնվականը խմբագրել

Նկարչի կերպարը կտավում շատ հանգիստ է և ինքնավստահ։ Նա իրեն պատկերել է կանգնած դիրքով` փոքր-ինչ թեքված, ձեռքով ելուստին հենված։ Դյուրերի կերպարը զբաղեցնում է ողջ կտավը. գլխարկը գրեթե հպվում է նկարի վերին եզրին։ Նկարչի դեմքն ու պարանոցը լուսավորված են սենյակ թափանցող լույսով, երկար ալիքաձև մազերը պատկերված են բծախնդրորեն[4]։ Ավելի վաղ շրջանի ինքնադիմանկարի համեմատությամբ նկարիչն իսկական մորուք ունի, որ ժամանակի երիտասարդ մարդկանց այնքան էլ բնորոշ չի եղել։ Նկարչի հագուստը նրբաճաշակ է։ Սևով երիզված վերնազգեստի տակից երևում է սպիտակ վերնաշապիկը։ Նկարչի գլխին զոլավոր գլխարկ է` վերնազգեստի երանգով։ Ուսերին գցված է բաց շագանակագույն թիկնոց, որն ամրացված է վզին գցած ամրակապով։ Նկարչի ձեռքերին կաշվե նուրբ ձեռնոց է[5]։

Սենյակում պատկերված է կամար, որ մասամբ ընդգրկում է Դյուրերի գլուխը, իսկ աջից բաց պատուհան է` սքանչելի բնապատկերով. կանաչ դաշտերը ձգվում են հեռու` ձուլվելով ծառերով շրջապատված լճին, իսկ հեռվում երևում են ձյունածածկ գագաթներով սարերը, որոնք հավանաբար հիշեցնում են երեք տարի առաջ Ալպերով ճամփորդությունը[6]։ Գերմանիայում այդ ժամանակ նկարչությունը արհեստ էր համարվում, ինչն անընդունելի էր նկարչի համար։ Ինքնադիմանկարում Դյուրերը բարեկիրթ ազնվականի տեսք ունի։ Այդ շրջանում իր ընկերոջը նա գրել է.

  Օ՜, ինչպես ես կմրսեմ հայրենիքում այստեղի արևից հետո։ Այստեղ ես տեր եմ, տանը` ձրիակեր[7]։
 

Նկարչի նորաձև և թանկարժեք հագուստը և պատուհանից երևացող լեռնաշղթան ցույց են տալիս, որ նա իրեն այլևս գավառական սահմանափակ մարդ չի համարում։

Դյուրերի ինքնադիմանկարները խմբագրել

Դյուրերը արևմտյան առաջին նկարիչն է եղել, որ ինքնադիմանկարներ է ստեղծել իր կյանքի տարբեր փուլերում։ Դրանց շնորհիվ` կարելի է պատկերացում կազմել գեղանկարչի զարգացման մասին։ Իր առաջին ինքնադիմանկարը Դյուրերը նկարել է 1484 թվականին 13 տարեկան հասակում։ Արծաթի վրա արված այդ փորագրությունը պահվում է Վիեննայի Ալբերտինա պատկերասրահում։

Գրականություն խմբագրել

  • Monreal, L., Grandes Museos, Vol. 1, Planeta, 1975. ISBN 84-320-0460-X (obra completa)
  • Olivar, M., Cien obras maestras de la pintura, Biblioteca Básica Salvat, 1971. ISBN 84-345-7215-X
  • Wundram, M., «El Renacimiento y el Manierismo», en Los maestros de la pintura occidental, Taschen, 2005. ISBN 3-8228-4744-5
  • Zumthor, B., «Durero», en el Diccionario Larousse de la Pintura, Planeta-Agostini, 1987. ISBN 84-395-0649-X

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/-self-portrait/8417d190-eb9d-4c52-9c89-dcdcd0109b5b
  2. 2,0 2,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
  3. https://rkd.nl/explore/images/297609
  4. In his last full self-portrait in 1500, Dürer hides his blond hair under a dark wig, but one which is also curled
  5. Bailey, 60
  6. Brion, 132
  7. Sturge Moore, 60

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուրերի ինքնադիմանկար (1498)» հոդվածին։