Դառնափուշ փափուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Դառնափուշ փափուկ
Լատիներեն անվանում
Xanthium strumarium


Դառնափուշ փափուկ (լատին․՝ Xanthium strumarium), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

15-120 սմ բարձրությամբ, թունավոր, միամյա խոտաբույս է։ Ճյուղավոր ցողունը խորդուբորդ է։ Բույսն ունի հերթադիր եռաբլթակ ատամնաեզր տերևներ և լավ զարգացած առանցքային արմատային համակարգ։ Միասեռ խողովակաձև ծաղիկներից կազմված զամբյուղները փնջերով խմբված են տերևածոցերում։ Զամբյուղները, որոնք կազմված են արական ծաղիկներից, ունեն միաշարք փաթաթոց, հնգանդամ խողովակաձև ծաղիկներ և 5-ական ազատ առէջներ, իսկ իգական ծաղիկներով զամբյուղները շրջապատված են երկշարք, մոխրագույն-կանաչ տերևիկներից կազմված փաթաթոցով։ Սերմերի հասունացման ընթացքում փաթաթոցը վերափոխվում է[1]։

Տարածվածություն խմբագրել

Որպես մոլախոտ աճում է ստորին լեռնային գոտու գետերի և առուների ափերին, ճանապարհների եզրերին, աղբավայրերում և ցանքսերում։ Հանդիպում է Տավուշի, Կոտայքի Արմավիրի, Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործվում է բույսի կանաչ զանգվածը ծաղկման շրջանում, պտուղներն և արմատները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.