Դայնաների պահարան[1], (լատիշ․՝ Dainu skapis), պահարան, որտեղ ամփոփված է լատվիացի բանահյուսագետ Կրիշյանիս Բարոնի հավաքած լատիշական ժողովրդական երգերի՝ դայնաների քարտադարանը[2]։ Պահարանի բարձրությունը 160 սմ է, լայնությունը՝ 66 սմ, խորությունը՝ 42 սմ։ Պատրաստվել է 1880 թվականին Մոսկվայում, իր իսկ՝ Բարոնի նախագծի համաձայն (դրա անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ արդեն անհնար էր դարձել հավաքածուն պահել ծխախոտի թղթի տուփի մեջ)[3]։

Պահարանը կազմված է երկու մասից[2], երկուսում էլ 35-ական արկղ կա, դրանցից յուրաքանչյուրում՝ 20 բաժանմունք, ամեն մեկում՝ թղթի՝ 3×11 սմ չափս ունեցող 150-200 թերթիկ։ Պահարանի ներքևի մասում արխիվային նյութեր՝ նամակներ, անվանացանկեր պարունակող երեք մեծ արկղ է դրված։ Պահարանում ընդհանուր առմամբ պահվում է 268 815 թերթիկ, որոնց վրա գրառված են 4-8 տողանոց դայնաներ, ինչպես նաև՝ այլ տեքստեր, օրինակ՝ հանելուկներ, ասացվածքներ[4]։

Կ. Բարոնի մահվանից հետո պահարանը պահվել է Ռիգայում՝ նրա հարազատների մոտ։ 1941 թվականին այն տեղափոխվել է լատվիական բանահյուսության պահուստարան, 1946-ին՝ Լատվիական ԽՍՀ գիտությունների նորաստեղծ ակադեմիայի գրականության, բանահյուսության և արվեստի ինստիտուտ, 1998-ին՝ լատվիական համալսարանի գրականության, բանահյուսության և արվեստի ինստիտուտ, 2014-ին՝ Լատվիայի ազգային գրադարան[5]։

1997 թվականին սկսվել է պահարանում պահվող քարտադարանի դայնաների թվայնացումը։ 2002 թվականից դրանք ամբողջ ծավալով հասանելի են դարձել համացանցում՝ համապատասխան պաշտոնական կայքում[6]։

2001 թվականին դայնաների պահարանը ճանաչվել է համաշխարհային նշանակություն ունեցող արժեք և ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ«Աշխարհի հիշողություն» ծրագրի գրանցամատյանում[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««100 символов культуры»: латышские дайны» (ռուսերեն). rus.lsm.lv. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 Latvijas enciklopēdija. Том 2-й. — Рига: Valērija Belokoņa izdevniecība.
  3. ««Несгораемый шкаф» для дайн» (ռուսերեն). www.grani.lv. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. «Dainu skapis |». www.atmina.unesco.lv. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Literatūra / Diena». www.diena.lv. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. «Где хранят «оральный хомут» вашей бабушки и почему ее поговорки — ценность для всей Латвии». rus.lsm.lv (ռուսերեն). Латвийские общественные медиа. 2019 թ․ փետրվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  7. «Par Dainu skapi : Dainu Skapis. Latvju dainas, tautasdziesmas, dziesmas». www.dainuskapis.lv. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել