Գրիգոր Նազարյան

իրանահայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Նազարյան (1937, Նոր Ջուղա, Իրան), իրանահայ ճարտարապետ, քաղաքաշինության դոկտոր, նախագծել է բազմաթիվ բնակելի, հասարակական շենք ու շինություններ Թեհրանում, ԱՄՆ-ում և Հայաստանում։

Գրիգոր Նազարյան
Ծնվել է1937
ԾննդավայրՆոր Ջուղա, Իրան

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Նազարյանը ծնվել է Իրանի Նոր Ջուղա քաղաքում։ 1958 թ․ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը և 1962 թ․ ստացեցել բակալավրի որակավորում։

1964 թ․ ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1966 թ․՝ քաղաքաշինության դոկտորի աստիճան (Թեհրանի համալսարան)։

Նախագծեր խմբագրել

Թեհրանի համալսարանում ուսանելու տարիներին աշխատել է Օժենի Ավթանդիլյանի ճարտարապետական գրասենյակում։

1958-1966 թթ․ մասնակցել է Օժենի Ավթանդիլյանի գրասենյակի կողմից նախագծված Թեհրանի օպերային թատրոնի շենքի, ռուսական հիվանդանոցի, Իրանի Արվեստի ու մշակույթի նախարարության ցուցասրահների ու ամֆիթատրոնի, Թեհրանի 2 կինոթատրոնների շենքերի ու մի շարք առանձնատների և մշակութային կենտրոնների նախագծման աշխատանքներին[1]։

1966-1968 թթ․ մրցութային կարգով աշխատանքի է անցել Իրանի Քաղաքաշինության և զարգացման նախարարությունում։ Նախագծել է Թավրիզի ուսանողական հանրակացարանները, հանգստյան տուն Կասպից ծովի ափին, հյուրանոց Մեհրշահրում, «Իրանական ծխախոտ» ընկերության տաղավարը Շեմիրանում, Թեհրանում և ցորենի մամլեցման գործարանը Մահրշահրում։

1968-1970 թթ․ աշխատանքի է անցել Իրանի էկոնոմիկայի նախարարությունում։ Մասնակցել է Թեհրանում Իրանի միջազգային ցուցադրության տարածքի ու տաղավարների նախագծման աշխատանքներին։

1970-1973 թթ․ Yekan Development Co. ընկերությունում աշխատած տարիներին Նազարյանի ղեկավարությամբ և վերահսկողությամբ կառուցվել են Իրանի 3 քաղաքների՝ Քերմանշահի, Համադանի և Սանանդաջի օդանավակայանները։ Նա նախագծել է նաև Կասպից ծովի ափին գտնվող Խեզրշահր քաղաքի գլխավոր հատակագիծը։ Նրա վերահսկողությամբ Թեհրանում կառուցվել է Imperial Welfare կազմակերպության 10-հարկանի շենքը։ Սպահանում նախագծել է Ռեզա Պահլավի Մասնագիտական վերապատրաստումների քոլեջը[2]։

1973-1975 թթ․ աշխատել է Մեհրշահրի զարգացման գրասենյակում որպես գլխավոր ճարտարապետ։ Նախագծել է առևտրի կենտրոն և աշխատողների բնակելի տներ։

1975-1978 թթ․ հիմնել է իր ճարտարապետական գրասենյակն ու աշխատել որպես ֆրիլանս ճարտարապետ։ Թեհրանում և դրա ծայրամասերում նախագծել է բազմաթիվ սեփական տներ, 7-հարկանի հյուրանոց Համադանում։ Նազարյանի նախագծով մանածագործական գործարան է կառուցվել Քաշան քաղաքում և կավի սալիկների գործարան Թեհրանում։

1978-1986 թթ․ Մասաչուսեթսում ստացել է ԱՄՆ-ի Ճարտարապետական գրանցման վարչության ազգային խորհրդի լիցենզիա։ Ճարտարապետ Փիթեր Դիմեոյի հետ Բոստոն քաղաքում հիմնել է DimNaz ընկերությունը։ Բոստոն քաղաքում նախագծել է մի շարք 7-10 հարկանի բնակելի շենքեր։ Քեմբրիջ քաղաքում նրա նախագծով կառուցվել է Քուլիջ բանկի մասնաճյուղը, ինչպես նաև մի շարք առողջապահական կենտրոնները Նյուտոն, Քեմբրիջ, Ուոթերթաուն և Սթոնհեմ քաղաքներում։

1966-1991 թթ․ Մասաչուսետսի Հավերհիլ քաղաքում հիմնել է Haverhill Development ընկերությունը։ Նախագծել ու կառուցել է 6 բազմաբնակելի շենք Հավերհիլ, Լաուել և Վոբերն քաղաքներում։

1991-1993 թթ․ նրա վերահսկողությամբ բնակելի համալիրներ են կառուցվել Լոս Անջելեսում։

1993-1995 թթ․ Լուիզ Սիմոն Մանուկյանի և Հրայր Հովնանյանի հրավերով սկսել է համագործակցել Հայաստան համահայկական հիմնադրամի հետ։ Աշխատել է Գյումրու աղետի գոտում՝ որպես Հայաստան համահայկական հիմնադրամի լիազորված ներկայացուցիչ։ Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած անօթևան մարդկանց համար նախագծել և կառուցել է մոտ 450 բնակարան։ Նույն նախագծով 235 բնակարան կառուցվել է նաև Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում։

1995-1996 թթ․ եղել է Հայաստանի սոցյալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը։ Իրականացրել է ծրագրեր Հայաստանի այն գյուղերում, որտեղ կար դպրոցների, մանկապարտեզների վերանորոգման, կոյուղաջրերի և ջրամատակարարման խողովակաշարի նորոգման անհրաժեշտություն։ Այդ ծրագրերը ֆինանսավորվել են ԱՄՆ ՄԶԳ-ի և Համաշխարհային բանկի կողմից։

1998-1999 թթ․ նրա տեխնիկական վերահսկողությամբ կառուցվել են Հայաստանի ամերիկյան համալսարանին պատկանող երկու շենքեր։

1999-2000 թթ․ Նազարյանի նախագծով Հայաստանի Արայի գյուղում կանգնեցվել է Սուրբ Մարիամ-Եղիսաբեթ մատուռը։ Նախագիծը ֆինանսավորվել է Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի Սբ․ Ջեյմս եկեղեցու կանանց բարեգործական կազմակերպության կողմից։ Այդ գումարը գոյացել էր ԱՄՆ-ի և Վենեսուելայի բարերարների միջոցներից։

2021 թ․ սեպտեմբերին անվճար հիմունքներով նախագծել է Արենիի Սուրբ Գրիգոր Մատուռը։ Մատուռը կառուցվում է ի պատիվ Սբ․ Գրիգորի, որը նահատակվել է 1620 թ․ Սպահանի Փերիայի գավառում։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Սուրբ Մարիամ-Եղիսաբեթ մատուռ (Արայի գյուղ)

Ծանոթագրություններ խմբագրել