«Գալիլեյի կյանքը» (գերմ.՝ Leben des Galilei), բանաստեղծ և դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը[1]։ Պիեսի առաջին տարբերակը գրվել է 1939 թվականին, երկրորդը, որը առաջինից զգալիորեն տարբերվում էր, գրվել է 1945 թվականին։ Որոշ հետազոտողների կարծիքով գոյություն ունի նաև պիեսի երրորդ տարբերակը, հատուկ պատրաստված Բրեխտի կողմից «Բեռլիներ անսամբլ» թատրոնի 1955 թվականի ներկայացման բեմադրության համար։

Գալիլեյի կյանքը
գերմ.՝ Leben des Galilei
«Գալիլեյի կյանքը» «Բեռլիներ Անսամբլ» թատրոնում, 1971 թվական
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպիես
Ձևպիես
ՀեղինակԲերթոլդ Բրեխտ
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է1939, 1955 (վերջնական խմբագրում)
Առաջին ներկայացումսեպտեմբերի 9, 1943
Առաջին
ներկայացման վայր
Ցյուրիխ
ՀրատարակչությունՊ. Զուրկամպ
Հրատարակվել է1940 և 1955
 Leben des Galilei

Երեքհարյուրամյա վաղեմություն ունեցող պատմության մասին այս պիեսը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև այսօր։ Ըստ ձևի լինելով լրիվ ավանդական պիես՝ «Գալիլեյի կյանքը» միևնույն ժամանակ առանձանահտուկ դժվարություն է ներկայացնում բեմական լուծումների առումով, և չնայած եղել են պիեսի բազմաթիվ բեմադրություններ, միայն քչերն են դարձել թատերական լուրջ իրադարձություն։

Ստեղծման պատմություն խմբագրել

Առաջին խմբագրություն խմբագրել

 
Բերթոլդ Բրեխտ

Պիեսի առաջին տարբերակը Բրեխտը գրել է Դանիայում գտնվելու ժամանակ[2]։ 1938 թվականի նոյեմբերի վերջին նա իր «աշխատանքային մատյանում» գրել է, որ «Գալիլեյի կյանքը» պիեսը ամբողջությամբ ավարտել է 3 շաբաթվա ընթացքում[3], սակայն 1939 թվականին պիեսը վերամշակվել է[4]։

Դրամատուրգի վկայությամբ պտղոմեոսյան համակարգի մասին հատվածը գրելու համար իրեն օգնել են Նիլս Բորի օգնականները, որոնք այդ ժամանակ աշխատում էին ատոմի միջուկի ճեղքման խնդիրների ուսումնասիրման վրա[5]։ Նրանցից իմանալով 1938 թվականի վերջին Օտտո Հահնի և Ֆրից Շտրասմանի կողմից ուրանի ատոմի ճեղքման մասին` Բրեխտը, ի տարբերություն ֆիզիկոսների, միանգամայն դրական մեկնաբանություն տվեց այդ հայտնագործությանը և 1939 թվականի գարնանը Գալիլեյի շուրթերով ասաց. «Մինչ որոշ տեղերում մեծագույն բացահայտումներ են արվում, որոնք ունակ են անսահմանորեն ավելացնել մարդկանց երջանկությունը, աշխարհի մեծ մասը խարխափում է խավարում»[4]։ Այս՝ առաջին խմբագրության մեջ, մինչև աշակերտին «Զրույցների» (Discorsi) ձեռագիրը տալը, Գալիլեյը ասել է, որ գիտությունն իր շարքերում չի կարող հանդուրժել մարդկանց, որոնք պատրաստ չեն պաշտպան կանգնելու բանականությանը. «Նրան վիճակված է անարգանքով քշելու նրանց, քանի որ նա ձգտում է ճշմարտության ոչ մի մասնիկ բաց չթողնել, ստի աշխարհում նա ոչ մի աջակցություն չի կարող ունենալ»[6]։

Պիեսի սկզբում Գալիլեյն ազդարարում է «նոր ժամանակների» գալուստը, առաջին խմբագրության նախաբանը վկայում է այն մասին, որ դրա հիմնական թեման հետադիմությունն է, որը պատմության մեջ անխուսափելիորեն նախորդում է յուրաքանչյուր «նոր ժամանակաշրջանի».

  Հիասթափությունը սարսափելի է, երբ մարդիկ բացահայտում են կամ մտածում, որ, կարծես, հայտնաբերել են, որ պատրանքների զոհ են դարձել, որ հինը ավելի ուժեղ է նորից, որ «փաստերը» ոչ թե իրենց օգտին են, այլ իրենց դեմ, որ իրենց ժամանակը` նոր ժամանակը, դեռ չի եկել։ Այդ դեպքում, ավելի դժվար է լինում, քան առաջ էր, որովհետև իրենց ծրագրերի համար նրանք շատ բան են զոհաբերում, շատ բաներից որ ունեին առաջ, հիմա զրկված են. նրանք համարձակվել են առաջ շարժվել, իսկ այժմ նրանց վրա հարձակվում են. հինը վրեժխնդիր է լինում։ Ճիշտ է գիտնականը կամ գյուտարարը հանրաճանաչ չէր, փոխարենը նրան չէին հետապնդում, քանի դեռ նա չէր հրապարակել իր հայտնագործությունը, այժմ երբ այդ հայտնագործությունը հերքվել կամ մերժվել է, նա վերածվում է խաբեբայի և խարդախի, այժմ, երբ ընդվզումը ճնշված է, նա վերածվում է խռովարարի, որը ենթարկվում է առանձնահատուկ խիստ հալածանքների և պատիժների։ Լարվածությանը հաջորդում է հոգնածությունը, չափազանցված հույսին, հնարավոր է, չափազանցված հուսալքումը։ Նրանք, ովքեր չեն ընկնում անմիտ անտարբերության գիրկը, առավել վատ վիճակում են հայտնվում․ նրանք, ովքեր հանուն իրենց իդեալների էներգիա չեն վատնում մարտում, այժմ ուղղորդում են այն հենց դրանց դեմ։ Չկա առավել անողոք հետադիմական, քան պարտություն կրած նորարարը...[7]  

1940 թվականին պիեսը բազմացվել է Պետեր Զուրկամպի հրատարակչությունում՝ թատերական-վարձութային նպատակներով[2]։ Առաջին հրատարակության առաջնախաղը տեղի է ունեցել 1943 թվականի սեպտեմբերի 9-ին ցյուրիխյան «Շաուշպիլհաուզում»՝ Լեոնարդ Շտեկելի բեմադրությամբ, ներկայացումը ձևավորել էր Թեո Օտտոն, երաժշտությունը գրել՝ Հանս Այսլերը[2][Ն 1]։

Բրեխտը հիմք է ընդունել այն, որ Գալիլեյին վերագրվող հայտնի խոսքերը՝ «Եվ այնուամենայնիվ այն պտտվում է» իրականում չեն արտասանվել, համապատասխանաբար, պիեսում դրանք բացակայում են․ Գալիլեյը հրաժարվել է իր մտքերից առանց որևէ վերապահության[8]։ Ընդ որում, ինչպես շուտով պարզվեց, պիեսի սկզբնական խմբագրությունը կեղծ մեկնությունների տեղիք է տվել։ «Որոշ ֆիզիկոսներ,-գրում է Բրեխտը,-ինձ ասում էին, ընդ որում, միանշանակ գոհունակությամբ, որ Գալիլեյի իր ուսումունքից հրաժարումը, հաշվի չառնելով որոշ «վարանումները», պիեսում պատկերված է որպես լրիվ կանխամտածված քայլ, չէ որ այն նրան հնարավորություն տվեց շարունակելու իր գիտական աշխատանքները և դրանք հաղորդելու սերունդներին։ Եթե նրանք իրավացի լինեին, դա հեղինակի անհաջողությունը կնշանակեր»[9]։

Երկրորդ խմբագրություն խմբագրել

1945-1946 թվականներին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դերասան Չարլզ Լոուտոնի հետ աշխատելով պիեսի անգլերեն թարգմանունթյան վրա, Բրեխտը դրանում էական փոփոխություններ է կատարում. նա ջնջում է բոլոր ակնարկները, նշումները, նույնիսկ որոշ դրվագներ, որոնք կարող էին Գալիլեյի վարքի դրական մեկնաբանման առիթ տալ[2]։ Աշխատանքի ամենաթեժ պահին ատոմային ռումբեր նետվեցին Հիրոսիմայի և Նագասակիի վրա։ Ինքը՝ Բրեխտը, կարծում էր, որ ոչ այնքան պիեսում արված փոփոխությունները, որքան ատոմային ռումբը «նոր լույս սփռեց Գալիլեյի՝ իշխանությունների հետ ունեցած կոնֆլիկտի վրա»[5]։ Ամեն դեպքում, այս նոր խմբագրության մեջ Բրեխտը Գալիլեյի եզրափակիչ մենախոսության մեջ ավելացրեց. «Ձեր և մարդկության միջև անդունդը այնքան մեծ կարող է լինել, որ մի գեղեցիկ օր նոր հայտնագործության ձեր հաղթական կոչը կհանդիպի սարսափի աղաղակների»[10]։ Ըստ Էռնստ Շումախերի՝ պիեսի այս տարբերակում, առաջինի համեմատությամբ, Բրեխտը առավել հստակ է ընդգծել «հասարակության մեջ առաջընթացի հակադրությունը հետադիմության նկատմամբ»[11]։

«Գալիլեյի կյանքը» պիեսը «ամերիկյան» խմբագրությամբ առաջին անգամ բեմադրվել է 1947 թվականին Լոս Անջելեսի Կորոնետ թատրոնում (The Coronet Theatre) ռեժիսոր Ջոզեֆ Լոուզիի կողմից, հեղինակի ակտիվ մասնակցությամբ[12][Ն 2]։ Գալիլիեյի կերպարը կերտում էր Լաուտոնը[13]։ Ինչպես ինքը՝ Բրեխտն է գրել, թե՛ Լոս Անջելեսում, թե՛ մի փոքր ուշ Նյու Յորքում՝ Ամերիկյան ազգային թատերական ակադեմիայի էքսպերիմենտալ թատրոնում(Maxine Elliott’s Theatre)[Ն 3] «Գալիլեյի կյանքը» խաղացվել է փոքր թատրոններում, լեփ-լեցուն դահլիճներում, բայց ներկայացման մեջ խաղացող դերասանների մեծ թվի պատճառով շահույթը մեծ չի եղել, և արդյունքում ներկայացման ամերիկյան բեմադրությունը «այդպես էլ էքսպերիմենտի շրջանակներից դուրս չի եկել»[14][15]։ Չափազանց գոհ լինելով կատարումից՝ Բրեխտը անփոփոխ թողեց Լոուտոն-Գալիլեյի կերպարը՝ բոլոր մանրամասներով[16]։ Ինչ վերաբերում է Դ․ Լոուզիին, ապա նա պիեսին նորից անդրադարձավ 1975 թվականին, երբ այն արդեն համաշխարհային ճանաչում ուներ․ ֆիլմ նկարահանեց «Գալիլեո» անվանումով[Ն 4][17]։

Գործող անձինք խմբագրել

  • Գալիլեո Գալիլեյ
  • Անդրեա Սարտի
  • Տիկին Սարտի՝ Գալիլեյի տնտեսուհին, Անդրեայի մայրը
  • Լյուդովիկո Մարսիլի՝ հարուստ երիտասարդ
  • Պրիուլի՝ Պադովայի համալսարանի հսկիչ
  • Սագրեդո՝ Գալիլեյի ընկերը
  • Վիջինիա՝ Գալիլեյի դուստրը
  • Ֆեդերցոնի՝ ոսպնյակներ հղկող բանվոր, Գալիլեյի օգնականը
  • Կոզիմո Մեդիչի՝ Ֆլորենցիայի մեծ դուքս
  • Պատեր Քրիստոֆեր Կլավիուս` աստղագետ
  • Շարքային վանական
  • Կարդինալ-ինկվիզիտոր
  • Կարդինալ Բարբերինի՝ նույն ինքը պապ Ուրբանոս VIII
  • Կարդինալ Բելլարմին
  • Ֆիլիպո Մուցիուս՝ գիտնական
  • Գաֆոնե՝ Պիզայի համալսարանի ռեկտոր

Սյուժե խմբագրել

 
Գալիլեո Գալիլեյի դիմանկարը․ հեղինակ՝ Յուստուս Սուստերմանս

Գործողությունները կատարվում են XVII դարում՝ Իտալիայի Պադովա և Ֆլորենցիա քաղաքներում՝ 28 տարիների ընթացքում։ Պիեսի սկզբում Գալիլեո Գալիլեյը 46 տարեկան է։ Նրա տանը բացի դստերից ապրում են նաև տնտեսուհի Սարտին և նրա որդի Անդրեան։ Գիտական աշխատանքները նրան եկամուտ չեն բերում․ «Մաթեմատիկան,- պնդում է Պադովայի համալսարանի հսկիչը,- նույքան կարևոր չէ, որքան փիլիսոփայությունը, և ոչ նույնքան կարևոր, որքան աստվածաբանությունը»[18]։ Վենետիկի հանրապետության գիտնականները պաշտպանված էին ինկվիզիցիայից, բայց չնչին գումար էին ստանում, և Գալիլեյը գումար էր վաստակում ունևոր աշակերտների հետ մաթեմատիկա պարապելով, նոր հարմարանքներ ստեղծելով, օրինակ կարկինի նման, կամ մեքենաներ, ինչպես օրինակ ջրային պոմպը, բայց նրա իրական կիրքը աստղագիտությունն էր։ Նրան թվում էր, թե «նոր ժամանակներ» են եկել, և որ մարդկությունը շուտով դուրս կգա Պտղոմեոսի երկրակենտրոն համակարգից։ Ազատ ժամանակը նա նվիրում էր Կոպեռնիկոսի դեռևս արգելված ուսմունքի ուսումնասիրմանը։

Գալիլեյի տուն է գալիս երիտասարդ Լյուդովիկո Մարսիլին՝ նրանից դասեր առնելու, բայց բացառապես ծնողների հարկադրանքով. «չէ որ գիտության մեջ միշտ ամեն ինչ այնպես չէ ինչպես բնորոշ է մարդկային առողջ դատողությանը»[19]։ Նրանից Գալիլեյը իմանում է հոլանդացի վարպետների մի հայտնագործության՝ ոչ մեծ խոշորացնող խողովակի մասին։ Լյուդովիկոյի նկարագրության հիման վրա գիտնականը ստեղծում է հեռադիտակ, որի օգնությամբ երկնքում հայտաբերում է Կոպեռնիկոսի ուսմունքը հաստատող երևույթներ։ Սակայն Գալիլեյի ընկերը՝ Սագրեդոն, չի կիսում նրա ոգևորությունը՝ բարձրյալի իշխանությունը չի կարող թողնվել ճշմարտությունը իմացող մարդու ազատությանը. «Անիծյալ է այն օրը, երբ մարդը կբացահայտի ճշմարտությունը․ նա կույր է այն պահին, երբ վստահում է մարդկային բանականությանը»[20]։

Բայց Գալիլեյը հավատում էր մարդկային բանականությանը և ապացույցի ուժին, իր գիտական աշխատանքների համար միջոցներ չունենալով և փնտրելով հարուստ հովանավորներ, նա տեղափոխվում է ազատ Վենիետիկի հանրապետությունից դեպի ավելի պահպանողական Ֆլորենցիա և դառնում խորհրդական Կոզիմո II Մեդիչիի պալատում։ Այստեղ հեռադիտակի օգնությամբ նա պալատական գիտնականներին փորձում է ցույց տալ աստղերը, որոնց շարժումը ժխտում էր տիեզերքի կառուցվածքի մասին գոյություն ունեցող պատկերացումները։ Փոխարենը գիտնականները հղում են անում կաթոլիկ եկեղեցու համար մեծ հեղինակություն Արիստոտելին՝ պնդելով, որ երկիրն է իրականում պտտվում արեգակի շուրջ։ Եվ ինչքան էլ Գալիլեյը փորձում է նրանց համոզել, որ վստահեն սեփական աչքի տեսածին, գիտնականները հեռանում են՝ այդպես էլ չնայելով հեռադիտակին։

Հակառակը համոզելու Գալիլեյի փորձերը ոչ միայն ապարդյուն են անցնում, այլև պատճառ են դառնում եկեղեցու հետ նրա կոնֆլիկտի․ կարդինալ-ինկվիզիտորը իր կողմն է գրավում Գալիլեյի դստերը՝ Վիրջինիային։ Գալիլեյի մոտ նոր հույս է արթնանում Ուրբանոս VIII անունով կարդինալ, գիտնական-մաթեմատիկոս Բարբերինիի սրբազան գահ բարձրանալուց հետո․ «Մենք դեռ կապրենք մինչ այն ժամանակը, երբ նրան, ով ասում է, որ երկու անգամ երկու հավասար է չորսի հանցագործի նման չեն նայի»[21]։

Գալիլեյի ուսմունքը այդ ժամանակ լայն ժողովրդականություն էր վայելում․ նոր մտքերը համակում են նույնիսկ փողոցային երգիչներին և պարսավագիրներին, աստղաբանական թեմաները օգտագործվում են կառնավալային երթերի ձևավորման համար։ Սակայն ժանտախտը և հավատը սպանող անհաջող պատերազմները, ի վերջո Ռեֆորմացիան դրդում են եկեղեցուն ուժեղացնելու այլախոհների դեմ պայքարը։ Կոզիմո Մեդիչին երես է թեքում Գալիլեյից, իսկ Ուրբանոս VIII պապը սկզբում փորձում է փրկել նրան, բայց ի վերջո զիջում է կարդինալ-ինկվիզիտորի փաստարկներին, մի պայմանով, որ Գալիլեյին չեն տանջելու, նրան միայն ցույց են տալու խոշտանգումների գործիքները։

Դրանց ցուցադրումը բավարար է լինում Գալիլեյին ընկճելու համար․ Սուրբ Մարկոսի տաճարի մեծ զանգը հանդիսավոր կերպով ազդարարում է աշխարհահռչակ գիտնականի ուրացման մասին։ Հիասթափված Անդրեան՝ նրա սիրելի աշակերտը, կշտամբում է ուսուցչին․ «Դժբախտ է այն երկիրը, որ հերոսներ չունի»։ -Ո՛չ։ Դժբախտ է այն երկիրը, որ ունի հերոսների կարիք»,- պատասխանում է Գալիլեյը[22]։

Աշակերտի կողմից լքված՝ նա, վանականների հսկողությամբ, շարունակում է իր հետազոտությունները։ Անցնում է տասը տարի։ Արտասահման մեկնելուց առաջ Անդրեա Սարտին, արդեն հայտնի գիտնական, գալիս է նախկին ուսուցչի մոտ ներողություն խնդրելու։ Գալիլեյը նրան խնդրում է երկրից դուրս տանել ձեռագիրը, որի վրա վերջին տարիներին գաղտնի աշխատել էր։ Անդրեայի աչքերում այդ աշխատությունը արդարացնում է Գալիլեյի ուրացումը, չնայած ինքը՝ գիտնականը, իրեն արդարացում չի գտնում և չի փնտրում։

Պիեսի մեկնություն խմբագրել

1947 թվականին գրված «Լոֆտոնը խաղում է Գալիլեյ» ակնարկում Բրեխտը հաստատում է, որ իր պիեսում խոսքը ամենևին էլ այն մասին չէ, որ պետք է մինչև վերջ հավատարիմ մնալ սեփական գաղափարներին, քանի դեռ կարծում ես, որ ճիշտ ես»[23]։ Կոպեռնիկոսը, ով թույլատրել էր իր վիճահարույց մտքերը հրապարակել իր մահից հետո միայն, հանդիմանանքի չարժանացավ, Գալիլեյը, սակայն, ըստ Բրեխտի, գիտության առջև մեղանչեց «իր գիտությունը պայքարի մեջ ներքաշելով, և այդ պայքարի արդյունքում այն ուրանալով»[23]։

Մինչդեռ պիեսի գերմաներենով 1955 թվականին լույս տեսած առաջին հրատարակությունը, ուղեկցվում է նշումով. ««Գալիլեյի կյանքը» պիեսը գրվել է արտագաղթի տարիներին, Դանիայում։ 1938-1939 թվականներին թերթերը հրապարակեցին գերմանացի ֆիզիկոսների կողմից ուրանի ատոմի ճեղքման մասին լուրը»[24]։ Դրանով,- ինչպես նշում է Իլյա Ֆրադկինը,- հեղինակը ակնարկել է պիեսի մտահղացման միջուկային ֆիզիկայի հիմնախնդիրների հետ ունեցած կապի մասին, չնայած որևէ վկայություն չկա այն բանի, որ Բրեխտը 1930-ական թվականների վերջին կանխատեսել էր միջուկային ռումբի ստեղծումը, և այս կապը ամենաքիչն է դիտարկվել պիեսի հենց առաջին դանիական հրատարակության մեջ[4][2]։

Պնդումը, թե «Գալիլեյի կյանքը» գիտնականների՝ հասարակության առջև ունեցած պատասխանատվության մասին է, շրջում էր հոդվածից հոդված[25][26], այս դեպքում, պիեսի կոնֆլիկտը՝ սեփական գիտելիքներից, նպատակներից, ի վերջո ինքդ քեզանից հրաժարումը ֆիզիկական խոշտանգումների սպառալիքի տակ[27][28] ընդհանուր ոչինչ չուներ ո՛չ միջուկային ռումբի ստեղծողների, ոչ էլ ավելի ուշ «Օպենհեյմերի գործի հետ», բայց բացահայտ կերպով առնչվում էր իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում 1930-ականների վերջին (Ստալինյան բռնաճնշումներ)[29]։ Որոշ վկայությունների համաձայն՝ Բրեխտը ինքն է այդ մասին ասել 1956 թվականին, «Բեռլիներ անսամբլ» թատրոնում պիեսի փորձի ժամանակ[30][31]։ Հենց այդ տարիներին, այդպես էլ անավարտ մնացած «Մե-Տի։ Փոփոխությունների գիրքը» ստեղծագործության մեջ, Բրեխտը, ասես չինացի փիլիսոփայի անունից, ձգտում էր գլուխ հանել թե ինչ է կատարվում ԽՍՀՄ-ում, սակայն շատ զգուշավորությամբ. «Եթե ինձանից պահանջում են, որ ես առանց ապացույցների հավատամ ապացուցելի ինչ-որ բանի, ապա միևնույն է թե ինձանից պահանջեն որ ես հավատամ անապացուցելի մի բանի։ Ես այդ չեմ անի...Անապացույց այս ընթացքը վնաս կհասցնի ժողովրդին»[32]։

 
Գալիլեյի դերակատար Չառլզ Լոուտոնը

Լև Կոպելևը Բրեխտի մասին իր գրքում նշում է, որ Էռնստ Բուշի կերտած Գալիլեյը զգալիորեն տարբերվում էր Չառլզ Լոուտոնի Գալիլեյից։ Առաջին հայացքից,- գրում է նա,- պարադոքսալ է թվում. ամերիկացի հարուստ, անհոգության հասնող կենսախինդ Լոուտոնը ավերապահորեն քննադատում է Գալիլեյին, առանց դույզն-ինչ զիջողականության վախկոտ մորթապաշտի նկատմամբ...Բուշը՝ Հյուսիսային Գերմանիայից մի հասարակ աշխատավորի որդի, դաստիարակված պուրիտանական ավանդույթներով, երդվյալ կոմունիստ, որ զրկանքների և մահացու վտանգների է ենթարկվել, առավել ներողամիտ է մեծ գիտնականի նկատմամբ, որն ընկրկեց ինքնապահպանման ստորակարգ մղումների՝ վախի և եսապաշտ հաշվարկների առջև... Ըստ էության Բուշն այլ կերպ է վերաբերվում Գալիլեյի գիտական ստեղծագործությանը և «մտածողությամբ բավականություն ստանալու» ունակությանը։ Լոուտոնը այդ ընկալում է որպես տարերային կիրք, գրեթե նույնական մարմնականին։ Իսկ Բուշին գրավում էր մտածող-հեղափոխականը, ճշմարտության անվախ, համառ որոնողը[33]»:

Պիեսի քաղաքական ենթատեքստին անդրադարձել է Ի. Ֆրադկինը 1964 թվականին «Գալիլեյի կյանք»-ի մասին իր մեկնաբանություններում՝ գրաքննության թույլատրելի սահմաններում. պիեսի առաջին հրատարակությունը մյուս՝ ավելի ուշ լույս տեսած հրատարակություններից տարբերվում է նրանով, որ Գալիլեյի նկատամաբ կշտամբող վերաբերմունքը դեռ այդքան էլ միանշանակ չէր, քանի որ «Բրեխտը նկատի ուներ այն բարդ և մերթ ընդ մերթ խորամանկ մարտավարությունը, որին պետք է ապավինեին ընդհատակյա գործող մարտիկները (մասնավորապես հակաֆաշիստները Երրորդ կայսրությունում[2]։ Նույնի մասին քսան տարի անց գրել է Էռնստ Շումախերը․ «․․․Բրեխտը ցույց է տվել, թե ինչպես կարելի է տարածել ճշմարտությունը պարտությունից հետո ևս․ հենց խորամանկությամբ»[4]։

Յուրի Լյուբիմովը «Գալիլեյի կյանքը» բեմադրել է Տագանկայի թատրոնում 1966 թվականին, ճիշտ այն ժամանակ, երբ մշակույթի առավել անվանի գործիչներ ստորագրեցին «Քսանհինգի նամակը» և «Տասներեքի նամակը»՝ Ստալինի ռեաբիլիտացիայի դեմ։ Եվ չնայած նա բեմադրել էր պիեսի առավել ուշ խմբագրությունը, Գալիլեյի դատապարտումը ռեժիսորը մեղմացրել է․ ներկայացումն առաջին հերթին «դժբախտ երկրի մասին է, որը հերոսների կարիք ունի»։ Լյուբիմովը «Գալիլեյի կյանքը» պիեսում հենց հայրենական կոնֆլիկտն է ընդգծում։ Ինչպես և Մարիաննա Ստրոևան գրում է ներկայացման գրախոսականում․ «Ավա՜ղ, նրա երկընտրանքները չափազանց կենսունակ են»[27]։ Վերակառուցման տարիներին նույն միտքը առավել ցայտուն արտահայտում է Յուրի Բարբոյը՝ վերհիշելով, թե ինչպես էր Էռնստ Բուշը կերտում Գալիլեյի կերպարը 1957 թվականին․ «․․․չէ որ Գալիլեյը մայնակ չի ընտրություն կատարում և դավաճանում իր նպատակին․ Բուշ-քաղաքացին իր և իր ժամանակակիցների միջով է անցկացնում արմատական այդ ընտրությունը»[28]։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Ձևի տեսանկյունից «Գալիլեյի կյանքը» պիեսը Բրեխտը անվանում է «օպորտունիստական», «Կովկասյան կավճե բոլորակը» պիեսի համամետությամբ, որը մասնագետները համարում են էպիկական թատրոնի տեսության առավել ցայտուն մարմանավորում»[34], «Գալիլեյի կյանքը» թվում է ամբողջովին ավանդական․ դրանում գործնականում բացակայում են այն բոլոր հնարները, որոնց օգնությամբ Բրեխտը հասնում էր «օտարացման էֆեկտի»[35], դրանում նույնիսկ չկան Բրեխտին բնորոշ պիեսի տարածական և ժամանակային սահմաններն ընդլայող զոնգերը, որոնք ներգրավում են նաև հեղինակին․ «Գալիլայի կյանքը» պիեսում հեղինակը մասնակցում է միայն ոչ մեծ պատկերների բանաստեղծական բնաբաններում։

Միևնույն ժամանակ Պավել Մարկովը նշում է, որ «Գալիլեյի կյանքը» շատ դժվար է բեմական լուծումների համար, դրանում չկան լարված սյուժետային գծեր, չկան այն մեծամասշտաբ իրադարձությունները, որոնք կարող են բևեռել հանդիսատեսի ուշադրությունը։ Պիեսը բաղկացած է ամբողջովին ինքնաբավ տեսարաններից, միավորված էպիկական թատրոնի սկզբունքներին համապատասխան ոչ թե սյուժեով բառի բուն իմաստով, այլ հեղինակի մտքով, ընդ որում՝ «որոնողի» մտքով, ինչին էլ հենց, ըստ Բրեխտի, պետք է հետևի հանդիսատեսը[36]։ Իր այս առանձնահատկությամբ «Գալիլեյի կյանքը» բավականին բարձր պահանջներ է ներկայացնում դերասաններին, առաջին հերթին գլխավոր դերակատարին․ բրեխտյան Գալիլեյի «ապրումները» չափազանց քիչ են, որ կարողանան հանրությանը գրավել հոգեբանական թատրոնի միջոցներով։ Այստեղ ավելի քան որևէ այլ պիեսում, Բրեխտը մտածող դերասանի կարիք ուներ, որը ունակ է հանդիսատեսին հետաքրքրել հեղինակային մտքի զարգացմամբ[36]։

Արտաքուստ «Գալիլեյի կյանքը» նման է սովորական կենսագրական դրամայի, այն պարաբոլա չէ, ինչպես Բրեխտի շատ այլ պիեսներ․ նա բավականին խիստ է հետևել պատմական հենքին, հեղինակային նշագրումներում հստակ թվագրել է Գալիլեյի կյանքի կարևոր իրադարձությունները, բայց միևնույն ժամանակ, նախզգուշացրել է սյուժեի բառացի մեկնաբանությունից, մասնավորապես, պիեսի մեկնաբանություններից մեկում գրել է․ «Թատրոնին շատ կարևոր է իմանալ, որ եթե այս պիեսի բեմադրությունը գլխավորապես ուղղվի կաթոլիկ եկեղեցու դեմ, դրա ներգործության ուժը զգալիորեն կթուլանա։ ․․․Հենց մեր օրերում չափազանց ռիսկային կլիներ Գալիլեյի՝ գիտության ազատության համար մղվող պայքարը կնքել որպես կրոնի դեմ մղվող պայքար։ Դա ամենաանցանկալի կերպով կգրավեր ներկայիս ամենևին ոչ եկեղեցական ռեակցիոն իշխանության ուշադրությունը»[37]։ Սյուժեի հեղինակային մեկնությունը տարբեր է պիեսի տարբեր խմբագրություններում, բայց ամեն անգամ Բրեխտի հայացքն ուղղված է եղել դեպի տեղի ունեցող իրադարձությունները[38]․ ժամանակակից կյանքի հետ երեքհարյումյա այս պատմության ունեցած կապն էլ հենց պետք է բացահայտեր թատրոնը[7]։ «Այս պիեսի բեմադրությունը,- գրում է Իլյա Ֆրադկինը,- միայն մեծ թատրոնները կարող են իրենց թույլ տալ, որտեղ դերասանական վառ անհատականություններ են խաղում[2]։

Պիեսի բեմադրությունը Բրեխտի թատրոնում խմբագրել

 
Գալիլեյի դերակատար Էռնստ Բուշը

Գերմանիայում պիեսն առաջին անգամ բեմադրել է Ֆրիդրիխ Զիմեն՝ Քյոլնում, առաջնախաղը տեղի է ունեցել 1955 թվականի մայիսին[2][Ն 5]։ Նույն տարում Բրեխտը նախաձեռնեց Գալիլեյի կյանքը» պիեսի բեմադրությունը իր հիմնած «Բեռլիներ անսամբլ» թատրոնում՝ գլխավոր դերը տալով սիրված դերասան Էռնստ Բուշին։ Նա պիեսի տեքստում որոշ կրճատումներ կատարեց, մասնավորապես, ամբողջությամբ հանեց V (ժանտախտ) և XV պատկերները, որոնցում Անդրեա Սարտին Գալիլեյի ձեռագիրը երկրից դուրս է տանում, ըստ երևույթին, առաջնորդվելով նույն նկատառումներով, որոնցով ամերիկյան հրատարակչությունները. չհերոսացնել Գալիլեյին և տեղիք չտալ նրա արարքը որպես ի շահ գիտության արված խելամիտ քայլ մեկնաբանելու[2]։ Այդ կրճատումները, ոմանք համարում են խիստ ռեժիսորական, մյուսներին դրանք հիմք են տալիս խոսելու պիեսի երրորդ «բեռլինյան» խմբագրության մասին[1]։ Այսպես, ըստ Շումախերի, Բրեխտի կողմից Գալիլեյի վերջին ինքնադատապարտման մեջ կատարված ճշգրտումները, պիեսը մոտեցնում է գիտության արդի խնդիրներին․ պիեսի բեմադրությունը Բեռլինում հեղինակը մտահղացել է անմիջապես ջրածնային ռումբի փորձարկումից հետո[39]։

Սրա հետ էր կապված նաև գլխավոր հերոսի կերպարի մեկնությունը․ դատելով փորձից պահպանված գրություններից, Բրեխտը ուզում էր, որ Գալիլեյը լիներ «կատարյալ սրիկա» և «հերոս» միաժամանակ, որը հասարակության մեղքով, որը ստեղծագործական գործունեությունը դիտարկում էր որպես հանցագործություն, ինքն է դառնում հանցագործ։ Նա Գալիլեյին տեսնում էր «որկրամոլ և մարմնական, մեղսավոր և երկրային», կիսված «գիտություն և որկրամոլության» միջև»[40]։ Այս մեկնաբանությանը հակադրվեց Բուշը, որը երկար ժամանակ ընդհանրապես հրաժարվում էր խաղալ պիեսում[41][42]։ Արդյունքում հանդիսատեսը Ռուսաստանի թատրոնում հյուրախաղերի ժամանակ տեսավ Ս․ Լ․ Կոպելևի կերտածից տարբերվող Գալիլեյի,- նշում է Յուզովսկին․ «Բուշի Գալիլեյը սիրում է կյանքը, բայց ոչ թե անազնիվ, սպառողական, այլ առավել վեհ ու ստեղծագործական կողմով։ Բուշը չի ցանկանում զուր ցածրացնել իր հերոսին․․․Տխրահռչակ «որկրամոլությունը» մենք պիեսում նկատում ենք միայն այն ժամանակ, երբ Գալիլեյը հաճույքով կաթ է խմում՝ արժանին մատեցելով դրա հատկություններին․․․»[43]։

Գալիլեյի այս տարբերակը հեղինակի կամքի խախտո՞ւմ էր, թե Բուշին (Էրիխ Էնգելի հետ, որը Բրեխտի ընկերն էր և հրավիրվել էր որպես բեմադրող) հաջողվել էր համոզել հեղինակին, ամեն դեպքում, 1956 թվականի մայիսին ծանր հիվանդ Բրեխտը գրում է Բուշին․ «Ես շատ եմ զղջում, որ չեմ կարող մասնակցել Ձեր Գալիլեյի կերպարի վերջնական ձևավորմանը։ Հատկապես վերջնամասի ավարտական փորձից հետո ես տեսա և համոզված եմ, որ կկերտեք հրաշալի կերպար»[44]։

Բուշի Գալիլեյը՝ առաջին պատկերներում Վերածննդի դարաշրջանի կենսասեր է, քննադատների խոսքերով՝ «իրեն երկրի վրա հրաշալի զգալու» բացառիկ շնորհով» օժտված այդ մարդը[43], ավարտական տեսարանում ներկայանում է որպես բարոյալքված, ամեն ինչի նկատմամբ անտարբեր, վաղուց կյանքի իմաստը կորցրած, ոչնչով չուրախացող մարդ։ Նույնիսկ ձեռագրի վրա գաղտնի աշխատանքը, որը Անդրեան դուրս տարավ երկրից, չկարողացավ նրան վերադրաձնել կյանքի կորսված իմաստը։ Ի տարբերություն Լոուտոնի, Բուշը Գալիլեյի պատմությունը ներկայացնում է որպես ողբերգություն[26]։

Բրեխտը ներկաայացումը չտեսավ, բեմադրությունը նրա մահից հետո ավարտին հասցրեց Էրիխ Էնգելը։ Առաջնախաղին, որը կայացավ 1957 թվականի հունվարի 15-ին, դերասաններին խոնարհման հրավիրեցին 60 անգամ, հայտնի թատերական քննադատ Գ․ Իրվինգը պիեսն անվանեց «պատմական նշաձող, որը հնարավոր է, շրջադարձային է լինելու գերմանական թատրոնի կյանքում»[45]։ Բուշի Գալիլեյը նույնքան մանրամասն է ինչպես երբեմնի Բրեխտի Գալիլեյը՝ Լոուտոնի կերտմամբ, գրում է Հանս Այսլերը, իսկ Մոսկվայի և Լենինգրադի թատրոնների հյուրախաղերից հետո՝ 1957 թվականին նաև Իլյա Ֆրադկինը[46]։

«Գալիլեյի կյանքը» ներկայացումների ցուցադրությունը սկսվեց մայիսին․ «Մենք տեսանք,- գրում է Պ․ Մարկովը,- հանգամանորեն և սիրով, ամենայն մանրամասնությամբ մշակված ներկայացում․․․Ռեժիսուրան անսխալ գիտի, գործողության որ պահին պետք կենտրոնացնել հանդիսատեսի ուշադրությունը։ Այն թույլ չի տալիս, որ բեմին լինի որևէ ավելորդ պարագա։ Հստակ և շատ պարզ դեկորատիվ ձևավորումը, շագանակագույն ողորկ պատերը ազատ են թողնում ընդարձակ բեմը և միայն աղքատիկ բեմական կահավորանքն է հաղորդում ժամանակաշրջանի մթնոլորտը։ Նույն կերպ նպատակաուղղված ձևով, մանրազնին՝ բայց ճիշտ կառուցվում են միզանսցենները․․․ Բեմական կերպարները՝ ընդհուպ մինչև էպիզոդիկ, մշակված են միևնույն մանրախնդրությամբ և բծախնդիր պահանջկոտությամբ, որոնք հատուկ են ընդհանուր վերցրած ամբողջ ներկայացմանը»[Ն 6]։

«Բեռլիներ անսամբլի» ներկայացումը միջազգային մեծ ճանաչում ունեցավ, իսկ Բրեխտի պիեսը այդ ժամանակներից ի վեր չի իջել բեմից[2]․ դրան նորից ու նորից էր անդրադառնում նաև Բրեխտի թատրոնը․ 1971 թվականին «Գալիլեյի կյանքը բեմադրեց Ֆրից Բենեվիցը[47][Ն 7]։

1978 թվականին Մ․ Վեկվերտը և Ի․ Տենշերտը պիեսը բեմադրեցին «Գալիլեո Գալիլեյ» անվամբ՝ դրա սկզբնական դանիական խմբագրության հիման վրա[48][41]։ Ներկայացման մեջ օգտագործվել է Հանս Այսլերի երաժշտությունը՝ գրված առավել վաղ արված բեմադրության համար[49]։ Դերերը կատարել են Էկհարդ Շալը (Գալիլեյ), Սիմոնա Ֆրոստը, Ռենատա Ռիխտերը, Կարմեն-Մարիա Անտոնին, Դիտեր Կնաուլը, Գյունտեր Նոյմանը, Պետեր Աուստը[48]։

Նշումներ խմբագրել

  1. Ներկայացման մեջ խաղացել են նաև Լ․ Շտեկելը (Գալիլեյի դերը), Կառլ Պարիլան, Վոլֆգանգ Լանգհոֆը։
  2. Ներկայացման մեջ խաղացել են նաև Հուգո Հաասը (Բարբերինիի դերում) և Ֆրենսիս Հեֆլին (Վիրջինիայի դերում), ներկայացման ձևավորումը իրականացրել է Ռոբերտ Դեվիսոնը, խորեոգրաֆիան՝ Լոտա Գոզլարը։ Առաջնախաղը տեղի է ունեցել հուլիսի 30-ին։
  3. Լոուզի այս բերմադրությունը ցուցադրվել էր նաև Նյու Յորքում 1947 թվականի դեկտեմբերի 7-14-ին։
  4. Լոուզին իր ֆիլմում օգտագործել է Այսլերի՝ թատերական բեմադրության համար գրված երաժշտությունը։ Ֆիլմում Գալիլեյի դերը խաղում էր Խ․ Տոպոլը, Վիրջինիայի դերը Մերի Լարկինը, Անդրեա Սարտիինը՝ Թոմ Կոնտին, Ուրբանոս VIII պապինը՝ Մայքլ Լոնսդեյլը, ինկվիզիտոր-կարդինալինը՝ Ջոն Գիլգուդը
  5. Ներկայացումը ձևավորել է Մաքս Ֆրիցշեն, Գալիլեյի դերը մարմնավորել է Կասպար Բրյունինգհաուզը, պապի դերը՝ Ռոմուալդ Պեկնին, կարդինալ-ինկվիզիտորի դերը՝ Ուորներ Հեսեպլենդը, Անդրեայինը՝ Կուրտ Բեկը։
  6. Ներկայացումը ձևավորել է Կասպար Նեերը, երաժշտությունը գրել է Հանս Այսլերը, Վիջինիայի դեը խաղացել է Ռեգինա Լյուցը, Սարտիինը՝ Անգելիկա Հուրվիցը, պապինը՝ Էռնստ Օտտա Ֆուրմանը, կարդինալ-ինկվիզիտորինը՝ Նորբերտ Քրիստիանը։
  7. Դերերը կատարել են Վոլֆգանգ Հայցը (Գալիլեյ), Էկհարդ Շալը, Դիտեր Կնաուպը։ Առաջնախաղը տեղի է ունեցել 1971 թվականի հոկտեմբերի 5-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Фрадкин, 1963, էջ 454
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Фрадкин, 1963, էջ 453
  3. Шумахер, 1988, էջ 128
  4. 4,0 4,1 4,2 4,3 Шумахер, 1988, էջ 129
  5. 5,0 5,1 Брехт Б. Неприкрашенная картина новой эры. Предисловие к американскому изданию // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1963. — Т. 2. — С. 419.
  6. Цит по: Шумахер Э. Жизнь Брехта = Leben Brechts. — М.: Радуга, 1988. — С. 129.
  7. 7,0 7,1 Брехт Б. Предисловие // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1963. — Т. 2. — С. 417—418.
  8. Юзовский, 1982, էջ 282
  9. Брехт Б. Хвала Галилею или осуждение его? // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1963. — Т. 2. — С. 419.
  10. Шумахер, 1988, էջ 176
  11. Шумахер, 1988, էջ 175
  12. Schuetze-Coburn, Marje. «Bertolt Brecht's Galileo at the Coronet Theatre, February 1998». Feuchtwanger Memorial Library at the University of Southern California:. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. Шумахер, 1988, էջ 176—177
  14. Фрадкин И. М. Комментарии // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1965. — Т. 5/1. — С. 516.
  15. Брехт Б. [Лафтон играет Галилея Дополнение к «Лафтон играет Галилея»] // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1965. — Т. 5/1. — С. 375—376.
  16. Брехт. Лафтон, 1965, էջ 340—376
  17. «Galileo» (անգլերեն). IMDb. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  18. Брехт. Жизнь Галилея, 1963, էջ 322
  19. Брехт. Жизнь Галилея, 1963, էջ 321
  20. Брехт. Жизнь Галилея, 1963, էջ 337
  21. Брехт. Жизнь Галилея, 1963, էջ 378
  22. Брехт. Жизнь Галилея, 1963, էջ 400—401
  23. 23,0 23,1 Брехт. Лафтон, 1965, էջ 361—362
  24. Цит. по: Фрадкин И. М. «Жизнь Галилея» // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1963. — Т. 2. — С. 453.
  25. Копелев Л. З. Глава седьмая. Искатель правды на рынках лжи // Брехт. — М., 1965.
  26. 26,0 26,1 Марков П. А. «Жизни Галилея». Берлинер ансамбль в Москве // Марков П. А. О театре: В 4 т.. — М.: Искусство, 1977. — Т. 4. Дневник театрального критика: 1930—1976. — С. 265.
  27. 27,0 27,1 Строева М. Н. Жизнь или смерть Галилея // Театр : журнал. — 1966. — № 9. — С. 11—16.
  28. 28,0 28,1 Барбой Ю. М. Структура действия и современный спектакль. — Л., 1988. — С. 59. — 201 с.
  29. Земляной С. Н. Этика Бертольта Брехта // Бертольт Брехт. Собрание избранных сочинений. — М.: Логос-Альтера, Ессе homo, 2004. — Т. 1. Проза. Ме-Ти. Книга перемен. — С. 35—36. — ISSN 5-98378-003-4.
  30. Mittenzwei W. Das Leben des Bertolt Brecht oder Der Umgang mit den Welträtseln. — Frankfurt-am-Main: Suhrkamp, 2002. — Т. I. — С. 652. — ISBN 3-518-02671-2
  31. Turner, 2006, էջ 145
  32. Брехт Б. Ме-Ти. Книга перемен // Бертольт Брехт. Собрание избранных сочинений. — М.: Логос-Альтера, Ессе homo, 2004. — Т. 1. Проза. — С. 214. — ISSN 5-98378-003-4.
  33. Копелев Л. З. Глава девятая. Нетерпеливый поэт третьего тысячелетия // Брехт. — М., 1965.
  34. Шумахер, 1988, էջ 171
  35. Шумахер, 1988, էջ 130
  36. 36,0 36,1 Марков П. А. «Жизнь Галилея». Берлинер ансамбль в Москве // Марков П. А. О театре: В 4 т.. — М.: Искусство, 1977. — Т. 4. Дневник театрального критика: 1930—1976. — С. 264—265.
  37. Брехт Б. Изображение церкви // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1963. — Т. 2. — С. 421—422.
  38. Шумахер, 1988, էջ 129, 176, 295—296
  39. Шумахер, 1988, էջ 295—296
  40. Шумахер, 1988, էջ 302
  41. 41,0 41,1 Turner, 2006, էջ 149
  42. Шумахер, 1988, էջ 301
  43. 43,0 43,1 Юзовский, 1982, էջ 284
  44. Цит. по:Шнеерсон Г. М. Эрнст Буш и его время. — М., 1971. — С. 188.
  45. Шнеерсон Г. М. Эрнст Буш и его время. — М., 1971. — С. 188.
  46. Фрадкин И. Литература новой Германии. — M., 1961. — С. 331—343.
  47. «Wolfgang Heinz, Year from: 1971». Bundesarchiv. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  48. 48,0 48,1 Manfred Wekwerth. «Biographisches» (գերմաներեն). Manfred Wekwerth (Website). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  49. Manfred Wekwerth. «Biographisches» (գերմաներեն). Manfred Wekwerth (Website). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.

Գրականություն խմբագրել

  • Брехт Б. Жизнь Галилея // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1963. — Т. 2.
  • Брехт Б. Лафтон играет Галилея // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1965. — Т. 5/1.
  • Копелев Л. З. Брехт. — М.: Молодая гвардия, 1965. — 432 с. — (ЖЗЛ). — 65 000 экз.
  • Фрадкин И. М. «Жизнь Галилея» // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1963. — Т. 2.
  • Шумахер Э. Жизнь Брехта = Leben Brechts. — М.: Радуга, 1988. — 352 с. — 40 000 экз. — ISBN 5-05-002298-3
  • Юзовский Ю. Бертольт Брехт и его искусство // О театре и драме: В 2 т. / Сост.: Б. М. Поюровский.. — М.: Искусство, 1982. — Т. 1. Статьи. Очерки. Фельетоны..
  • Turner C. Life of Galileo: between contemplation and the command to participate // The Cambridge Companion to Brecht / Edited by Peter Thomson and Glendyr Sacks. — Cambridge: Cambridge University Press, 2006. — С. 143—159. — ISBN 978-0-521-67384-6.
  • La Vie de Galilée: éditions de L'Arche, 2851812483
  • La vie de Galilée de Bertolt Brecht: programme, Paris, «Théâtre National Populaire»։

Արտաքին հղումներ խմբագրել