Բնակչության պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից

Բնակչության պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից, մարդկանց առողջությունը և կյանքը պաշտպանելու նպատակով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) վնասակար ազդեցությունը թուլացնելու կամ կանխելու համար ձեռնարկվող կազմակերպական, ճարտարագիտական, բժշկական և այլ միջոցառումների համալիր։

ԶՈԶ-ից պաշտպանությունը կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության պետը, իրականացնում են քաղաքացիական պաշտպանության համապատասխան շտաբները, ծառայություններն ու կազմակերպությունները՝ հակառակորդի կողմից կիրառված զենքի մասշտաբներին և քաղաքացիական պաշտպանության ու զորքերի հնարավորություններին համապատասխան։ ԶՈԶ-ի տեսակներն են միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերը։

Միջուկային զենք խմբագրել

Միջուկային զենք կիրառելիս, կախված դրա հզորությունից ու լիցքի տեսակից, տեղանքի բնույթից ու պաշտպանվածությունից, զորքն ու բնակչությունը կարող են կրել տարբեր չափի վնասներ։

Միջուկային պայթյունի ազդող գործոններն են հարվածային ալիքը, լուսային ճառագայթումը, թափանցող ճառագայթումը, տեղանքի ռադիոակտիվ աղտոտումը, էլեկտրամագնիսական ազդակը և սեյսմապայթյունային ալիքները։

Հարվածային ալիք խմբագրել

Մարդու վրա ազդեցություն խմբագրել

Միջուկային զենքի հարվածային ալիքը մարդուն վնասում է ալիքի ճակատում ստեղծված հավելյալ ճնշման, ինչպես նաև օդային միջավայրի արագընթաց շարժման միջոցով։

Հարվածային ալիքի ազդեցությամբ թաքստոցից դուրս գտնվող մարդը կարող է շպրտվել զգալի հեռավորություններ։

Մարդիկ կարող են ստանալ նաև երկրորդային վնասվածքներ՝ հարվածային ալիքի հսկայական ավերիչ ուժից առաջացած շինությունների փլվածքներից, ապակու բեկորներից, որոնք հարվածային ալիքի հետ շարժվում են հսկայական արագությամբ։ Վնասվածքների հիմնական տեսակներն են՝ մեխանիկական ծանր վնասվածքներն ու սալջարդները, քերծվածքներն ու ոսկրերի կոտրվածքները, հոդախախտումները, ներքին օրգանների պատռվածքները և այլն։

Վնասվածքի ծանրությունը կախված է պայթյունի էպիկենտրոնից եղած հեռավորությունից և մարդկանց պաշտպանվածոլթյան աստիճանից։

Պաշտպանության միջոցառումներ խմբագրել

Միջուկային պայթյունի հարվածային ալիքի ազդեցությունից ամենահուսալի պաշտպանության միջոցը կոլեկտիվ ապաստարաններն են, որոնք սարքավորվում են բնակելի տների, վարչական ու արտադրական շենքերի նկուղային հարկերում։ Տիպային ապաստարաններում տեղադրվում են զտիչ-օդափոխիչ սարքեր՝ օդը մաքրելու համար, շենքը հերմետիկացվում է, և հարմարեցվում վթարային ելք։ Ապաստարանում ստեղծվում են սննդամթերքի, ջրի և դեղորայքի պաշարներ՝ սնվելու և առաջին բուժօգնություն ցույց տալու համար։ Որպես ապաստարան կարելի է օգտագործել նաև քարայրերը, ռելիեֆային ճեղքերն ու հանքահորերը։ Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև մետրոպոլիտենը։ Որոշակի պաշտպանիչ հատկություններ ունեն նաև ծածկված ապաստարանաճեղքերը, խրամատներն ու առանձին սարքած մառանները. առուները, խանդակները, կարելի է օգտվել բլուրների ու բարձունքների հակառակ լանջերից։ Եթե ապաստարանից օգտվելն անհնար է, ապա պայթյունի լուսարձակումը տեսնելիս պետք է անմիջապես պառկել գետնին՝ դեմքով դեպի գետինը, գլուխը կամ ոտքերը դեպի պայթյունի կողմը։ Անհրաժեշտ է հեռու մնալ շենքերից ու այլ շինություններից, որոնք կարող են պայթյունից փլվել։

Ախտահարման կանխարգելում և օգնություն խմբագրել

Հարվածային ալիքից վնասվելիս ամենագլխավոր միջոցառումը արտաքին արյունահոսության դադարեցումն է, շնչահեղձության ժամանակ օգնություն ցույց տալը, շոկի կանխարգելումը, ոսկրերի կոտրվածքների և փափուկ հյուսվածքների ծավալուն վնասվածքների դեպքում՝ վերջույթների անշարժացումը։ Հարվածային ալիքից կարող են առաջանալ վնասվածքներ, հոդախախտումներ, կոտրվածքներ, շնչառության կանգ, շոկ։ Մարմնի վերքերի վրա դնում են մանրէազերծած վիրակապեր և այլ միջոցներ։ Արյունահոսության ժամանակ դնում են ճնշող վիրակապ, իսկ ուժեղ արյունահոսության դեպքում վերքից վերև դրվում է լարան։ Վերջույթների կոտրվածքների ու հոդախախտումների ժամանակ գլխավորը դրանց անշարժացումն է բեկակալով։ Այդ ժամանակ պարտադիր է սևեռել կոտրվածքին մոտ գտնվող 2 հոդերը։ Ճիշտ իրականացված անշարժացումը նպաստում է հետագա բուժմանը, կանխում նյարդերի ու անոթների, կոտրվածքին մոտ գտնվող հյուսվածքների վնասումն ու շոկի առաջացումը։ Ցավը մեղմելու և շոկի առաջացումը կանխելու նպատակով նման դեպքերում ներարկում են ցավազրկող դեղանյութեր, որոնք գտնվում Են անհատական դեղարկղիկի ներարկիչ-պարկուճներում։ Գիտակցության կորստի, շնչառության կտրուկ թուլացման ու դադարի, շնչահեղձության դեպքերում անհրաժեշտ է շնչառության օրգաններն ազատել օտար մարմիններից, հանել կուլ գնացած լեզուն, կատարել արհեստական շնչառություն՝ «բերան-բերանի» կամ «բերան-քթի» եղանակով։ ժամանակին և ճիշտ կատարված ինքնա- ու փոխօգնությամբ է պայմանավորված տուժածի հետագա վիճակը։ Առաջին բուժօգնությունը ցույց տալու համար տուժածին պետք է հասցնել ԱԲՕՋ (առաջին բուժօգնության ջոկատ)։

Տուժածի հագուստը բոցավառվելիս անհրաժեշտ է արագ հանգցնել բոցը՝ վրան գցելով խիտ գործվածք, ծածկոց, վերարկու։ Երբեմն, երբ մարդու հագուստը բոցավառվում է, նա սարսափած փախչում է, ձգտում է ձեռքերով հանգցնել կրակը։ Անհրաժեշտ է նրան անհապաղ կանգնեցնել և ձեռնարկել կրակը հանգցնելու միջոցառումներ։ Մարմնի այրված մասերին դնել մանրէազերծած վիրակապ՝ անհատական վիրակապական փաթեթից։ Մարմնի վնասված մասերից հագուստը հեռացնել շատ զգուշորեն՝ մկրատով կտրատելով, իսկ այրված մասերին կպած հագուստի կտորները պետք չէ հեռացնել։ Չի կարելի նաև պատռել մարմնի վրա առաջացած բշտերը։ Շոկը կանխելու համար անհրաժեշտ է ներարկել ցավազրկող դեղանյութեր։ Եթե աչքերը վնասել են, ապա դնել չոր, մանրէազերծած վիրակապ։ Տուժածներին անհրաժեշտ է շատ արագ հասցնել ԱԲՕՋ կամ մոտակա պահպանված բուժհիմնարկ։

Լուսային ճառագայթում խմբագրել

Մարդու վրա ազդեցություն խմբագրել

Մարդու վրա անմիջական ազդեցության դեպքում լուսային ճառագայթումը կարող է առաջացնել տարբեր աստիճանի այրվածքներ, ժամանակավոր կուրություն, աչքի ծանր վնասվածքներ։

Ծանր այրվածքներ կարող են առաջանալ նաև հագուստի բոցավառման, հրդեհների հետևանքով։

Պաշտպանության միջոցառումներ խմբագրել

Լուսային ճառագայթումից կարող է պաշտպանել անթափանց կամ լույսը մասնակիորեն անցկացնող արգելքը՝ տեղանքի ռելիեֆը, անտառը, թփուտները, շենքերը և այլն։ Լուսային ճառագայթման ազդեցությունը թուլացնում է նաև բաց գույնի հրդեհավտանգ հագուստը։ Միջուկային պայթյունի ժամանակ աչքերը վնասելուց պաշտպանելու համար անհրաժեշտ է դրանք փակել և ծածկել ձեռքերով։ Եթե գնդի ամբողջ լուսարձակման ժամանակ աչքերը փակ լինեն, ապա դրանց վնասվելը, որպես կանոն, կբացառվի։

Ախտահարման կանխարգելում և օգնություն խմբագրել

Տուժածի հագուստը բոցավառվելիս անհրաժեշտ է արագ հանգցնել բոցը՝ վրան գցելով խիտ գործվածք, ծածկոց, վերարկու։ Երբեմն, երբ մարդու հագուստը բոցավառվում է, նա փախչում է և ձգտում է ձեռքերով հանգցնել կրակը։ Անհրաժշետ է նրան կանգնեցնել և ձեռնարկել կրակը հանգցնելու միջոցառումներ։ Մարմնի այրված մասերին դնել մանրէազերծած վիրակապ՝ անհատական վիրակապական փաթեթից։ Մարմնի վնասված մասերից հագուստը հեռացնել զգուշորեն՝ մկրատով կտրատելով, իսկ այրված մասերին կպած հագուստի կտորները պետք չէ հեռացնել։ Չի կարելի պատռել նաև մաշկի վրա առաջացած բշտերը։ Շոկը կանխելու համար անհրաժեշտ է ներարկել ցավազրկող դեղանյութեր։ Եթե աչքերը վնասվել են, ապա դնել չոր, մանրէազերծած վիրակապ։ Տուժածներին անհրաժեշտ է տանել հիվանդանոց։

Թափանցող ճառագայթում խմբագրել

Մարդու վրա ազդեցություն խմբագրել

Թափանցող ճառագայթման (γ-ճառագայթում և նեյտրոնների հոսք) ազդեցությամբ տեղի է ունենում կենդանի հյուսվածքների իոնացում, որը հանգեցնում է առանձին համակարգերի և ամբողջ օրգանիզմի կենսագործունեության խանգարման, առաջացնում ճառագայթային հիվանդություն։

Պաշտպանության միջոցառումներ խմբագրել

Թափանցող ճառագայթումից պաշտպանվելու համար օգտվում են տարատեսակ թաքստոցներից ու ապաստարաններից։ Պաշտպանության աստիճանը կախված է ապաստարանի տեսակից, նյութից, որի հատկություններով է պայմանավորված ադիոակտիվ ճառագայթման թուլացման աստիճանը։ Որոշակի պաշտպանիչ հատկություններ ունեն նույնիսկ պարզագույն շինությունները՝ տախտակամած ու գերանամած, հողով ծածկված ապաստարանաճեղքերը, որոնք թափանցող ճառագայթումը թուլացնում են 30 և ավել անգամ։ Մշտական ապաստարանները մարդկանց հուսալիորեն պաշտպանում են թափանցող ճառագայթումից։

Ախտահարման կանխարգելում և օգնություն խմբագրել

Ճառագայթային հիվանդության առաջացումը կանխելու համար, հակառակորդի կողմից միջուկային զենքի կիրառության վտանգի և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների համապատասխան ահազանգից հետո անհրաժեշտ է ընդունել ճառագայթապաշտպանիչ միջոցներ՝ անհատական դեղարկղիկից։ Ճառագայթման վտանգի 4-5 ժամ տևողության դեպքում ճառագայթապաշտպանիչ միջոցների ընդունումը կրկնել ճառագայթային ախտահարման առաջին ախտանշանների առկայության դեպքում (ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ և այլն)։ Տուժածին պետք է հասցնել հիվանդանոց։

Տեղանքի ռադիոակտիվ աղտոտում խմբագրել

Մարդու վրա ազդեցություն խմբագրել

Ռադիոակտիվ աղտոտված տեղանքում մարդկանց ախտահարումը պայմանավորված է արտաքին γ-ճառագայթմամբ, իսկ մի շարք դեպքերում՝ միջուկային պայթման նյութերը հագուստի և չպաշտպանված մաշկի վրա և օրգանիզմ ընկնելով և β-ճառագայթմամբ։ Վերջին դեպքում կարող են առաջանալ ճառագայթային այրվածքներ։ Արտաքին ճառագայթման զգալի չափաքանակի դեպքում (100 ռադ-ից բարձր) առաջանում է ճառագայթային հիվանդություն, որի ծանրությունը և ելքը կախված են աղտոտված տեղանքում մնալու տևողությունից և ճառագայթահարման չափաքանակից։

Պաշտպանության միջոցառումներ խմբագրել

Ռադիոակտիվ աղտոտված տեղանքի ախտահարող ազդեցությունը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորին չափ արագ հեռանալ վարակված տարածքից։ Եթե դա հնարավոր չէ, հարկավոր է թաքնվել ապաստարաններում, նկուղում, շենքում և այնտեղ մնալ մինչև ճառագայթման մակարդակը հասնի ոչ վտանգավոր սահմանների։ Ռադիոակտիվ տեղումներից պաշտպանում է սովորական հագուստը, որը, թաքստոց մտնելուց առաջ պետք է փոխել կամ թափ տալ։

Ախտահարման կանխարգելում և օգնություն խմբագրել

Մարդկանց ախտահարումը ռադիոակտիվ աղտոտված տեղանքում կանխելու համար պետք է ընդունել ճառագայթապաշտպանիչ միջոցներ՝ անհատական դեղարկղիկից։ Ապաստարան, թաքստոց կամ շենք մտնելիս, որտեղ բնակչությունը կարող է գտնվել մինչև էվակուացումը կամ ճառագայթման մակարդակի նվազումը, անհրաժեշտ է կատարել հագուստի մասնակի ապաակտիվացում և մարմնի բաց մասերի մասնակի սանիտարական մշակում։ Ճառագայթային ախտահարման ախտանշանների (կտրուկ ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխումներ, ստամոքսաղիքային խանգարումներ) առաջացման դեպքում տուժածին հարկավոր է հանգիստ, անկողնային ռեժիմ և առաջին հնարավորության դեպքում տեղափոխում հիվանդանոց։

Քիմիական զենք խմբագրել

Քիմիական զենքը մարտական միջոցներ են, որոնց ախտահարող ազդեցությունը հիմնված է թունավոր նյութերի թունավորող հատկության վրա։ Ըստ ազդեցության բնույթի՝ թունավոր նյութերը բաժանվուն են 6 խմբի՝ նյարդակաթվածային (նյարդալուծանքային) ազդեցություն, մաշկաթարախային (մաշկապալարային) ներգործություն, հեղձուցիչ ազգեցություն, ընդհանուր թունավորում, գրգռիչ ազդեցություն, հոգեքիմիական ազդեցություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։