Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության մարմին, որը մշակում և իրականացնում է պաշտպանության բնագավառում կառավարության քաղաքականությունը։ Այն հանդիսանում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի պաշտպանական քաղաքականության իրականացման գործադիր մարմինը։ Ներկայիս պաշտպանության նախարարը գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանն է։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Изображение логотипа
Տեսակնախարարություն
Երկիր Արցախ
Ստեղծման թվական1995
ԵնթարկումԱրցախի կառավարություն
ՇտաբակայանՍտեփանակերտ, Արցախ
Պատասխանատու նախարարԿամո Վարդանյան
Ենթակա մարմին
Կայքnkrmil.am(հայ.), nkrmil.am/ru/(ռուս.) և nkrmil.am/en/(անգլ.)

Նախապատմություն խմբագրել

1987 թվականին ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից հռչակված և ԽՍՀՄ-ում քաղաքական համակարգի ազատականացմանը սկիզբ դրած «պերեստրոյկան»[Ն 1] (վերակառուցում) ԼՂԻՄ-ի ժողովրդի կողմից ընկալվում է որպես անցյալի սխալներն ուղղելու հնարավորություն[1]։ Սկսվում է արցախում ապրող հայերի ազգային-ազատագրական շարժման ժամանակակից փուլը, որն ընթանում էր նոր՝ նախկին համակարգին ոչ բնորոշ գործընթացների ֆոնի վրա[1]։

1987 թվականի ընթացքում ԼՂԻՄ-ի գրեթե բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կոլտնտեսություններում ու խորհտնտեսություններում տեղի է ունենում կոլեկտիվների ժողովներ, որոնք որոշումներ ընդունեցին Հայկական ԽՍՀ-ի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման անհրաժեշտության մասին[1]։ ԽՍՀՄ իշխանություններին ուղղված համանման պահանջով խնդրագիրը նույն թվականին ստորագրեց 80․000 մարդ[1]։

1988 թվականի փետրվարի 13-ից սկսած մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում են զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ[1]։ Ապա տեղի են ունենում հայերի ջարդերը՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլուր։ Փախստականների արտահոսք Ադրբեջանական ԽՍՀ-ից[2]։

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունում դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»[1]։

Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից պահանջվող և ԽՍՀՄ-ի որոշումներով իրականացվող հակահայկական նպատակամետ գործողությունները չարդարացրին իրենց, որով փորձ է արվում ԼՂԻՄ-ում շրջափակման ու բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ-ի բնակչությանը և ստիպել նրանց հրաժարվել իրենց իրավունքների իրացման հարցադրումից[1][2]։ Դեպքերի հետագա զարգացումը տանում է դեպի լայնածավալ առճակատում[2]։ Ադրբեջանական ԽՍՀ-ն ընդունում է ռազմաքաղաքական նոր ուղղություն, ըստ որի հայերի հետ հարաբերություններ պարզելու համար վճռական դեր պիտի խաղար ուժի գործոնը[2]։

1988 թվականի փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո տարբեր տվյալներով 2000-3000 երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվում է դեպի ԼՂԻՄ տարածքում գտնվող հայկական Ասկերան ավանը[1]։ Ամբոխը ճանապարհին ոչնչացնում է եղած ամեն ինչ և կանգնեցվում է միայն Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ[1]։ Բախումների արդյունքում վիրավորվում է մի քանի տասնյակ հայ, սպանվում 2 ադրբեջանցի[1]։ Չնայած ադրբեջանցիների իսկ վկայությունների համաձայն՝ սպանված ադրբեջանցիներից առնվազն մեկի վրա կրակել էր ադրբեջանցի միլիցիոներ[3], այնուամենայնիվ, պաշտոնական հետաքննության արդյունքում այդպես էլ չի պարզվել, թե ով է եղել կրակողը[1]։

Միասնական հրամանատարության ներքո գործող բանակի ստեղծման խնդիրը արցախցիների համար հետզհետե դառնում է հրատապ անհրաժեշտություն[2]։ Սկզբնական շրջանում իրադարձություններն այնպես են ծավալվում, որ կանոնավոր, կենտրոնացված բանակ ստեղծելու գաղափարն իրացնելու համար ժամանակ և առավել ևս` անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորություններ չկային[2]։ Սակայն հրատապ էր կազմակերպել մարզի ամուր և հստակ ինքնապաշտպանությունը, որը սկիզբ դրեց կամավորական ջոկատների ստեղծվելուն[2]։ Մերձակա բնակավայրերում տեղակայված ադրբեջանական խաժամուժի ոտնձգությունները կանխելու նպատակով Արցախի մի շարք գյուղերում կազմավորվում են ինքնապաշտպանական խմբեր[2]։ Այդ գործընթացն ավելի արագ կազմակերպվեց մարզկենտրոն Ստեփանակերտում[2]։ Այն սկսվել էր դեռևս 1988 թվականի աշնանը` Իվանյանի (Խոջալու) հայտնի իրադարձություններից հետո[2][4]։ Ջոկատները հիմնականում կազմավորվում էին ընկերականության հիման վրա[2]։ Յուրաքանչյուր մարտիկ ինքն էր ազատ կերպով ընտրում իր խումբը, հատկապես Ստեփանակերտում[2]։ Իսկ գյուղական վայրերում խնբերը ստեղծվում էին ըստ բնակության վայրի, աշխարհագրական հիմունքով[2]։ Այդ օրերին ուժերի արդյունավետ կենտրոնացման նպատակով ստեղծվում է Արցախի ինքնապաշտպանական ուժերի մարզային շտաբ, որի մեջ մտնում են բոլոր խմբերի հրամանատարները[2]։ Դիմակայելու համար աստիճանաբար ձեռք են բերվում ժամանակի պահանջներին քիչ թե շատ համապատասխանող զինատեսակներ և բաժանվում նրանց, ովքեր պետք է իրականացնեին միացյալ շտաբի կողմից ծրագրավորված և համակարգվող առաջադրանքները[2]։ Զենքի հայթայթմանը զուգընթաց մեծանում է նաև կարգապահության ուժեղացման անհրաժեշտությունը[2]։ Դրա արդյունքում սկիզբ առավ խմբերի միաձուլման և դասակների ու վաշտերի ստեղծման գործընթացը[2]։

Նշումներ խմբագրել

  1. Խորհրդային կուսակցական ղեկավարության նոր գաղափարախոսության և բարեփոխումների ընդհանուր անվանումը, որը գործածվում է 1987-1991 թվականների ԽՄԿԿ ԿԿ գերագույն քարտուղար Միխայիլ Գորբաչովի նախաձեռնած ԽՍՀՄ տնտեսական ու քաղաքական կառուցվածքի վերափոխումները նշելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Ազգային-ազատագրական շարժում․ 1988 թ․». www.nkr.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 «ԼՂՀ ՊԲ մարտական ուղու պատմության համառոտ ուղեցույց». nkrmil.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. Александр Василевский, «Туча в горах», «Аврора», № 10, 1988
  4. «Ղարաբաղյան շարժում 88. իրադարձությունների ժամանակագրություն». evnreport.com. 2018 թ․ հունվարի 28. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
Արցախի Հանրապետության նախարարություններ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն * Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն * Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն