Աստղերի սեփական շարժումներ

Աստղերի սեփական շարժումներ, աստղերի տարեկան անկյունային տեղաշարժը երկնքում։ (Անկյուն, որի տակ դիտվում է աստղի տարածական արագության պրոյեկցիան տեսագծին ուղղահայաց հարթության վրա)։

Սիրիուս

Էդմունդ Հալլեյը նկատեց (1718), որ Սիրիուսի, Պրոցիոնի և Արկտուրի կոորդինատները չեն համընկնում հին հույների տված կոորդինատների հետ։ Անցել էր շուրջ 2000 տարի, և տեղաշարժերը հասել էին զգալի չափերի։ Այնպես որ, դրանք միայն դիտողական սխալներ համարելը ճիշտ չէր լինի։ Հետևաբար, ենթադրվեց, որ աստղերն ունեն սեփական շարժումներ։

Աստղերի շարժումները խմբագրել

Աստղերի սեփական շարժումներն աննշան են (տարեկան միջինը` 0",01)։ Աստղերի միայն 10%-ն ունի զգալի (0",5-ից մեծ) սեփական շարժում։ Երկնքի ամենաարագաշարժ աստղը Բարնարդի թռչող աստղն է (տարեկան տեղափոխությունը 10",27)։ Աստղերի սեփական շարժումները մեկ կամ երկու տարում նկատելն անհնար է. պետք է կատարել մեծ ընդհատումներով դիտումներ և համեմատել արդյունքները (բացարձակ տեղաշարժ)։ Հարաբերական տեղաշարժը ստանալու համար հետազոտվող տիրույթը նկարահանվում է երկու անգամ (մոտ 50 տարի ընդմիջումով) և արդյունքները համեմատվում բլինկ-կոմպարատոր գործիքի օգնությամբ։ Արդի չափողական ու դիտողական մեթոդները թույլ են տալիս աստղերի սեփական շարժումները չափել 0",001 ճշտությամբ։ Վիլյամ Հերշելն ապացուցեց (1783), որ Արեգակը շարժվում է տիեզերքում և, օգտվելով աստղերի սեփական շարժումներից, որոշեց նրա շարժման ուղղությունը։ Աստղերի սեփական շարժումների օգնությամբ ուսումնասիրվում է Գալակտիկայի կառուցվածքը և դինամիկան։ Այն հնարավորություն տվեց հայտնաբերել շարժվող աստղակույտեր՝ Մեծ Արջ, Ցուլ և այլ համաստեղություններում։ Հոլանդացի աստղագետ Ա. Բլաուն Պերսեոս II աստղասփյուռի աստղերի սեփական շարժումների ուսումնասիրությամբ հաստատեց (1952) Վիկտոր Համբարձումյանի այն վարկածը, ըստ որի, աստղասփյուռները երբեմն ընդարձակվում են 10 կմ/վրկ արագությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 588