Անընդհատ լցում
Անընդհատ լցում (անընդհատ ձուլում)՝ մետաղների, մետաղների և մետաղական համաձուլվածքների լցման եղանակ։
Անընդհատ լցման դեպքում ձուլուկը հավասարաչափ տեղաշարժվում է մետաղի լցման ու բյուրեղացման գոտիների նկատմամբ։ Լցման շերեփից, միքսերից կամ անմիջականորեն հալման վառարանից մետաղի անընդհատ, հավասարաչափ հոսող շիթը լցվում է սառեցվող և շարժական հատակ ունեցող բյուրեղարարի մեջ, որտեղ ձուլուկը բյուրեղանում է (առաջանում է եզրային կեղն)։ Բյուրեղարարից դուրս գալուն զուգընթաց շարունակվում է ձուլուկի բյուրեղացումը, որը լրացուցիչ սառեցվում է ջրով և անհրաժեշտ երկարությամբ կտրվում սղոցով կամ գազային կտրիչով։ Ձուլուկի հատվածքի չափերն ու ձևը համապատասխանում են բյուրեղարարի ներքին հատվածքի չափերին և ձևին։ Բլումի, սլաբի, ժապավենների, թերթերի, ձողերի ձևով ստացված նախապատրաստուկները կարող են անմիջականորեն գլոցվել, դրոշմվել և այլն։ Անընդհատ լցման կիրառմամբ պարզեցվում է մետալուրգիական արտադրությունը, հնարավոր է դառնում նրա լրիվ մեքենայացումն ու ավտոմատացումը, բարելավվում մետաղի որակը (արագ սառեցման շնորհիվ ստացվում է մանրահատիկ, խիտ կառուցվածքով մետաղ), պակասում են կորուստն ու սարքավորման ծախսերը, բարձրանում պիտանի արտադրանքի ելքը։
Անընդհատ լցումը օգտագործվում է գունավոր մետալուրգիայում (ալյումինի, պղնձի արտադրություններում և այլն), ինչպես նաև պողպատի ու թուջի արտադրություններում (պողպատի անընդհատ լցումը, հեղուկ վիճակում նրա համեմատաբար բարձր ջերմաստիճանի և ցածր ջերմահաղորդականության պատճառով, զգալիորեն ավելի բարդ է, քան գունավոր մետաղներինը)։ Գունավոր մետաղների անընդհատ լցման առաջին արդյունաբերական տեղակայումը գործարկվել է Գերմանիայում, 1933 թվականին, իսկ պողպատի արտադրությունում անընդհատ լցում սկսել է կիրառվել 1950-ական թվականների սկզբներին մի շարք երկրներում։ Երևանի ալյումինի գործարանում 1967 թվականից անընդհատ լցման եղանակով ստացվում են 100x3x10 մմ ալյումինե թերթեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անընդհատ լցում» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 404)։ |