Անատոլիական վագրերը ( թուրքերեն՝ Anadolu Kaplanları) թուրքական տնտեսության համատեքստում Թուրքիայի մի շարք քաղաքներ են, որոնք 1980-ական թվականներից սկսած՝ աճի տպավորիչ ռեկորդներ են գրանցել, ինչպես նաև առաջ են բերել ճանաչված ձեռներեցների որոշակի տեսակ, որոնց ձեռնարկությունները հիմնականում փոքր կարգավիճակից հասել են միջինի մակարդակի[1]։

Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքներին, տերմինն առավել հաճախ օգտագործվում է Դենիզլիի, Գազիանթեփի, Կայսերիի, Բալըքեսիրի, Քոնիայի, Քահրամանմարաշի, Բուրսայի և Իզմիթի տարածաշրջանային կենտրոնների համար[2]։ Թուրքիայի ներսում շեշտը դրվել է այն քաղաքների վրա, որոնք տարիների ընթացքում քիչ պետական ներդրումներ կամ սուբսիդիաներ են ստացել։ Հատկապես Օրդուն, Չորումը, Դենիզլին, Գազիանթեփը և Քահրամանմարաշը նշված են այն քաղաքների թվում, որոնք «իրենք են իրենց ստեղծել»։ Թուրքիայի Էգեյան տարածաշրջանի Դենիզլի քաղաքը անատոլիական վագրերին բնորոշ արագ աճի թերևս ամենավաղ նմուշօրինակն է[3], իսկ Գազիանթեփը, Մալաթիան, Քոնյան և Կայսերին ամենավերջին ակնառու վագրերն են՝ ելնելով իրենց սահմաններում գործող այն ընկերությունների թվից, որոնք տեղ են զբաղեցնում Թուրքիայի 500 խոշորագույնների շարքում[4]։

Արտադրական միավորները մի կողմ դնելով՝ կարելի է ասել, որ անատոլիական վագրեր սահմանումը հիմնականում բացառում է հասարակական կապիտալով ձևավորված ընկերությունները, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք իրենց գլխամասային գրասենյակներն ունեն Թուրքիայի խոշորագույն քաղաքներում, մասնավորապես Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում և Ադանայում։ Որոշակի տարածվածություն ունի նաև անատոլիական առյուծներ եզրույթը (թուրք. Anadolu Aslanları )՝ մասնավոր հատվածի Askon ասոցիացիայի անունով, որը միավորում է մի շարք այլ քաղաքների այն գործարարներին, ովքեր ընդհանուր եզրեր են գտել միմյանց միջև։ Այդ ասոցիացիան մասնաճյուղեր ունի Անկարայում, Բուրդուրում, Բուրսայում, Գեբզեում, Իզմիթում, Քոնիայում, Մալաթիայում և Տրապիզոնում։ Առյուծները մի շարք պատճառներով ավելի քիչ են հիշատակվում, քան վագրերը։ Գործածվում են նաև տերմինի այլ տարբերակներ, ինչպես, օրինակ, «Թուրքիայի վագրերը» կամ «թուրքական վագրերը», որ կիրառվում է PBS- ի կողմից՝ չբացառելով առավել հաճախ օգտագործվող «անատոլիական վագրեր» ձևը։

Քաղաքը Ընկերությունների քանակը
Դենիզլի 29
Գազիանթեփ & Կայսերի 23
Բալիքեսիր 15
Քոնիա 14
Քահրամանմարաշ 9
Օրդու 7
Սամսուն 5
Չորում 8
Տրապիզոն & Յունիե 4
Քոթահիա & Նիղդե 3
Ադիյաման & Աֆիոնկարահիսար
& Չանղրը & Գիրսուն
& Իսպարտա & Քարաման
& Մալաթիա
2

Քաղաքական ընտրությունների արդյունքների և քվեարկության միտումների տեսակետից խնդրո առարկա քաղաքները կարող են մեծապես տարբերվել միմյանցից։ 2005 թվականին Եվրոպական կայունության նախաձեռնության ուսումնասիրությունը, որը կենտրոնացած էր Կայսերիի վրա, օգտագործում է «Իսլամական կալվինիստներ» տերմինը՝ ձեռներեցներին և նրանց արժեքները սահմանելու համար[5]։ Թուրքիայում մի քանի բիզնես մրցանակներ կամ կոնֆերանսներ վկայակոչում են «անատոլիական վագրեր» տերմինը կամ դրա տարբերակները։ Տերմինն ինքը կրկնօրինակվել է ասիական վագրերից։

Աշխարհագրական բաշխվածություն խմբագրել

Ստամբուլի արդյունաբերական պալատի՝ 2005 թվականին հրապարակած Թուրքիայի լավագույն 1000 արդյունաբերական ձեռնարկությունների ամենամյա վարկանիշի[6] հիման վրա կազմված հարակից աղյուսակը պարունակում է քաղաքներ, որոնք լավագույնս համապատասխանում են անատոլիական վագրեր սահմանմանը։ Ընդ որում՝ այս քաղաքներից Տրապիզոնը մեկ ընկերություն ունի թոփ 25-ում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Demir, Ömer; Acar, Mustafa; Toprak, Metin (2004). «Anatolian Tigers or Islamic Capital: Prospects and Challenges». Middle Eastern Studies. 40 (6): 166–188. doi:10.1080/0026320042000282937. S2CID 145182014.
  2. Wendy Christianasen (1997 թ․ հուլիս). «New Faces of Islam». Le Monde Diplomatique. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. Hüseyin Özgür. «Integration of a Local Economy to the Global and European Markets through Export–Led Growth and Specialized Textile Products Export: Home Textile Production in Denizli – Turkey» (PDF). 18th European Advanced Studies Institute in Regional Science. University of Łódź. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 18-ին.
  4. Pelin Turgut. «Anatolian Tigers: Regions prove plentiful». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. ESI. «Islamic Calvinists: Change and Conservatism in Central Anatolia» (PDF). European Stability Initiative, Berlin. Վերցված է 2005 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. Istanbul Chamber of Industry Արխիվացված 2007-04-27 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել