Ադանա (թուրքերեն՝ Adana)[1], քաղաք Թուրքիայում՝ Դաշտային Կիլիկիայում, Ադանայի մարզկենտրոնը։ Քաղաքը գտնվում է Սեյհան գետի ստորին հոսանքի շրջանում, որտեղ գետը դառնում է նավարկելի։ Ադանան կառավարում է երկու շրջան՝ Սեյհան և Յուրեղիր, որոնց միագումար բնակչությունը 1.530.257 է[2] և տարածքը՝ 1.945 կմ²[3]։ Ադանան վեցերորդ խիտ բնակեցված քաղաքն է Թուրքիայում (Պոլսից, Անկարայից, Իզմիրից, Բուրսայից և Անթալիայից հետո)։ Հիշատակվում է մ.թ.ա. V դարից։ Մ.թ.ա. III-II դարերում եղել է հելլենիստական մշակույթի կենտրոն։ Հռոմեական տիրապետության ժամանակ (I-IV)վերածվել է զորակայանի, զգալիորեն անկում է ապրել մշակութային կյանքը։ Որոշ չափով կառուցապատվել և բարենորոգվել է Բյուզանդիայի Հուստինիանոս I կայսերի օրոք (527-565 թթ.)։ Տակավին կանգուն է VI դարի Սարոս գետի վրա կառուցած քարաշեն կամուրջը (22 կամար, թռիչքը՝ մոտ 200 մ)։ XI դարում Ադանայում գերակշռել է հայ բնակչությունը։ Նույն դարավերջին Ադանայի տերն է եղել Հեթումյանների տան հիմնադիր, գանձակեցի իշխան Օշինը։ 1097 թ.-ին զավթել են խաչակիր ասպետները։ 1130-ական թվականների սկզբին Լևոն Ա-ն Դաշտային Կիլիկիայի հետ ազատագրել է Ադանան և միավորել Ռուբինյանների իշխանապետությանը։ XII-XIV դարերում քաղաքն ապրել է նոր վերելք, դարձել հայ մշակույթի, արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն։ XII դարի 2-րդ կեսին Ադանայում հիմնվել է արքունի պալատ, Սբ. Աստվածածին և Սբ. Ստեփանոս եկեղեցիները (հին եկեղեցիներից հիշվում են Սբ. Հակոբը և Սբ. Մորոթուն)։ Քաղաքի արևմտյան մասում, գետափին բարձրացող ժայռին կառուցվել է ամրոց, շրջափակվել աշտարակավոր պարիսպներով (1836 թվականին ավերել են թուրքերը)։ XIV դարի սկզբին Ադանան հիշվում է «հոյակապ և թագավորական քաղաք», ուր 1316 թվականին գումարված աշխարհիկ և հոգևոր մեծամեծների «աշխարհաժողովը» քննել է հայկական և կաթոլիկ եկեղեցիների միավորման հարցը (տես Ադանայի ժողով 1316 թ.)։ Հայկական պետականության անկումից (1375 թ.) հետո Ադանան գրավել, ավերի ու ավերածության են մատնել Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը։ 1378 թվականից քաղաքը զավթել են Ռամազանյան տոհմի թուրքմենները, XV դարի 2-րդ կեսից՝ օսմանյան թուրքերը։ Նվաճողները Սբ. Հակոբի հոյաշեն եկեղեցին վերածել են մզկիթի և կոչել Ուլու-ջամի։ Բայց երկար ժամանակ չի հաջողվել վերացնել Ադանայի հայերի ինքնուրույնությունը.XVII դարում հաջորդաբար քաղաքի գլխավոր տանուտեր են հիշվում հայ խոջաները (Խաչատուր, Սարգիս, Մանուկ և ուրիշներ)։ XIX դարի կեսից դարձել է Ադանայի նահանգի կենտրոնը։ XIX դարի սկզբին Ադանան ուներ մոտ 12600 (3000 տուն) հայ բնակիչ, որոնց բարեկարգ տները (մեծ մասամբ երկհարկանի) պատած էին պտղատու պարտեզներով, այգիներով, ծաղկաստաններով)։ Հայերի ձեռքում էին կենտրոնացած քաղաքի արդյունաբերությունն ու առևտուրը։ Ունեին բազմաթիվ գործարաններ (մահուդի, կերպասի, բամբակի, ներկերի, օղու, գարեջրի և այլն), արհեստանոցներ (ոսկերչության, արծաթագործության, գորգագործության, կարպետագործության, կաշեգործության, խպեցեգործության և այլն), ջրաղացներ։ Ադնայի հայերն ունեին թատրոն, հիվանդանոցներ, վարժարաններ (Աբգարյան, Աշխենյան, Արամյան և այլն), եկեղեցիներ (Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս, Անմարատ Հղության, Սբ. Կույս), որոնց կից դպրոցներ կային։ Ադանայի հազարավոր հայեր զոհ դարձան 1909 թվականին թուրքական կառավարության կազմակերպած ջարդերին (տես Ադանայի կոտորած 1909 թ.)։ Զգալի թվով ադանացի հայեր սպանվեցին 1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ։ 1919 թվականին, երբ հայ-ֆրանսիական զորքերը ազատագրեցին Կիլիկիան, փրկված հայերից շատերը վերադարձան հայրենի քաղաքը և լծվեցին տնտեսության վերականգնման աշխատանքներին։ 1910-1922 թվականներին Ադանայում հրատարակվել են «Ադանա» հայատառ թուրթերեն եռօրյա թերթը, «Արձագանք Կիլիկիա», «Կիլիկիա», «Հայ ձայն», «Տավրոս», «Քաղաքացի», «Ազատ Տավրոս», «Արարատ», «Նոր աշխարհ», «Կիլիկյան սուրհանդակ», «Նոր սերունդ» հայկական թերթերը։ Կիլիկիան քեմալական Թուրքիային հանձնելուց և անգլո-ֆրանսիական զորքերի հեռանալուց հետո, 1922-1923 թվականներին Ադանայի հայերը թողեցին քաղաքը[4]։

Քաղաք
Ադանա
թուրքերեն՝ Adana
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԱդանայի
Մակերես13 844 կմ²
ԲԾՄ23±1 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն1 810 646 մարդ (դեկտեմբերի 31, 2022)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ0322
Փոստային դասիչ01000–01999
Ավտոմոբիլային կոդ01
Պաշտոնական կայքadana.bel.tr(թուրքերեն)
Ադանա (Թուրքիա)##
Ադանա (Թուրքիա)

Ադանայի ժողով խմբագրել

Ադանայի ժողովը կայացել է 1316 թվականի հուլիսի 18-ին, Ադանա քաղաքում Օշին Ա թագավորի և Կոնստանդին Գ Կեսարացի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Հարևան իսլամադավան իշխանությունների հարձակումների դեմ եվրոպական տերություններից ռազմական աջակցություն ստանալու ակնկալությամբ` ժողովը քննել է կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը (Ավինյոնի պապի առաջարկով)։ Մասնակցել են 18 եպիսկոպոս, 7 վարդապետ և 10 իշխան, որոնք չեն արտահայտել ոչ միայն բուն Հայաստանի (որն ընդհանրապես ներկայացված չէր ժողովում), այլև Կիլիկյան Հայաստանի բնակչության ցանկությունն ու կարծիքը։ Ադանայի ժողովը վերահաստատել է 1307 թվականի Սսի ժողովի ընդունած, բայց իրականացում չգտած դավանաբանական և ծիսական այն նոր կանոնները, որոնցով Հայոց եկեղեցին փաստորեն միացվում էր կաթոլիկ եկեղեցուն։ Ադանայի ժողովի որոշումները նույնպես հանդիպելով ինչպես հոգևոր դասի, այնպես էլ աշխարհիկ բնակչության դիմադրությանը, մնացել են անկատար[5][6]։

Ադանայի կոտորած խմբագրել

Ադանայի կոտորածը տեղի է ունեցել 1909 թվականին, Ադանայի և Հալեպի նահանգների հայերի զանգվածային ջարդերը։ Տեղի են ունեցել ապրիլին, թուրքական կառավարության հրահրմամբ և ղեկավարությամբ։ Աբդուլ Համիդ II սուլթանի տապալումից և Սահմանադրության հռչակումից (1908 թ.) դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսել են հայերին ամբաստանել որպես «հուրիեթը» (սահմանադրական կարգերը) բերողների, որոնք, իբր, դրանով ձգտել են թուրքերից խլել իշխանությունը և վերականգնել հայկական թագավորությունը։ 1909 թվականի մարտի 31-ին Ադանայի նահանգային խորհրդի նիստը` Վալիի նախագահությամբ, ընդունել է հայերին ոչնչացնելու որոշում։ Գավառեն ուղարկվել ջարդն սկսելու գաղտնի հրահանգներ։ կոտորածի նախօրեին տեղի կառավարությունը զինել է մուսուլմաններին, բանտերից արձակել շուրջ 500 ոճրագործի։ Թուրքական մոլեռանդ խուժանը ապրիլի 1-4-ը կոտորել է հազարավոր հայերի։ Երիկրորդ` առավել բարբարոսական և արյունահեղ ջարդին` ապրիլի 12-14-ը, մասնակցել են կարգուկանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից ուղարկված երիտթուրքական կանոնավոր զորամասերը։ Կոտորածներ են տեղի ունեցել Ադանայի բոլոր գավառներում Հալեպի նահանգի արևմուտքում և հյուսիսի մի շարք հայաբնակ շրջաններում։ Կոտորվել է մոտ 30 հազար անզեն հայ, որից ավելի քան 20 հազարը`Ադանայի նահանգում։ Ավերվել ու հրկիզվել են տասնյակ հայաբնակ քաղաքներ և գյուղեր։ Դորթյոլի, Հաճընի, Սսի, Զեյթունի, Շեյխ-Մուրատի, Ֆընտճագի և մի շարք այլ բնակավայրերի հայերը հերոսական պաշտպանությամբ փրկվել են թուրքական կոտորածից։ Ջանալով խուսափել պատասխանատվությունից, մոլորեցնել հասարակական կարծիքը և մեղմել հայերի բողոքները` երիտթուրքերը ձեռնարկել են ձևական դատաքննություն, սակայն Ադանայի կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացել են անպատիժ[7][8]։

Ադանան Կիլիկիայի Հայկական թագավորության օրոք խմբագրել

Երբ խաչակիրները անցնում էին Կիլիկիայով, Ադանան գտնվում էր Հեթումյան տան և Լամբրոնի տեր ասպետ Օշինի իշխանության ներքո։ 1097 թվականի աշնանը խաչակիրները գրավեցին Ադանան։ Իշխան Լևոն Ա-ն 1130-1132 թվականներին ետ նվաճելով Դաշտային Կիլիկիան, Ադանան միացրեց Ռուբինյան նորակազմ իշխանությանը։ XII-XIV դարերում մտել է Կիլիկիայի Հայկական թագավորության կազմի մեջ։ Եղել է արհեստագործական և առևտրի նշանավոր կենտրոն։ Ադանայում տեղի են ունեցել 1303 և 1316 թվականների եկեղեցական ժողովները։ XIII-XIV դարերում Ադանայում կառուցվել են թագավորական պալատը՝ Ս. Մինաս տաճարով, Ս. Աստվածածին և Ս. Ստեփանոս եկեղեցիները։ Ս. Ստեփանոսի մոտ հայերն ունեցել են նաև Ս. Հակոբ և Ս. Սարգիս եկեղեցիները, որոնք հետագայում կործանվել են։

Հայերն Ադանայում խմբագրել

XX դարի սկզբին Ադանան ուներ 45000 բնակիչ, որից 12600՝ հայեր։ Նրանք զբաղվում էին արհեստով, առևտրով և գյուղատնտեսությամբ։ Լուսավորչական հայերն (2500 տուն) ունեին մեկ մանկապարտեզ, երեք դպրոց (Աբգարյան, Աշխենյան, Արամյան), ուր սովորում էին շուրջ 1500 աշակերտ։ Կաթոլիկ հայերը (170 տուն) ունեին մեկ եկեղեցի Անարատ Հղության Ս. Կույսի անունով և մի դպրոց։ Կար նաև լատինական դպրոց, ուր աշակերտների մեծ մասը հայեր էին։ Փոքրաթիվ հայ բողոքականները ունեին իրենց ժաղովարաններն ու դպրոցները։ Ադանայի հայերը օսմանյան տիրապետության 300 տարիների ընթացքում դարձել էին թրքախոս և նորաբաց բազմաթիվ հայկական դպրոցների շնորհիվ հայոց լեզուն սկսեց վերակենդանանալ։

Ադանայի շրջակա հայկական գյուղերն էին Շեյխ-Մուրադը, Հայ գյուղը, Աբդօղլուն, Քոզօլուքը և այլն։ 1909 թվականին տեղի ունեցավ Ադանայի հայ բնակչության կոտորած։ Մեծ եղեռնի ժամանակ Ադանայում հայ չմնաց, բայց առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Կիլիկիան անցավ Ֆրանսիայի ձեռքը, հայերի մի մասը վերադարձավ։ 1920 թվականի օգոստոսի 4-ին Ադանայում Միհրան Տամատյան գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի հայոց անկախությունը, որը սոսկ ձևական բնույթ ուներ։ Շուտով Ֆրանսիական զինվորական իշխանությունները Ադանան և ամբողջ հայկական Կիլիկիան հանձնեցին քեմալական Թուրքիային։ Ադանայի հայերի մեծ մասը գաղթեց Սիրիա և Լիբանան[9]։

Ադանայի գրչության կենտրոն խմբագրել

Գործել է XIII-XIV դարերում։ Հիշատակվող առաջին գրիչը Ստեփանոսն է, որը 1244 թվականին Սմբատ Սպարապետի պատվերով ընդօրինակել է Արիստոտելի «Ստորոգութիւնքը»։ 1284 թվականին Ադանայի գրչության կենտրոնում գրիչ Կոստանդինը ընդօրինակել է մի ժողովածու, որը պահվում է Երևան Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռագիր` N 4207), իսկ 1290 թվականին գրիչ Խաչատուրը` Ավետարան։ XIII դարի վերջին նշանավոր գրիչներ Ստեփանոս Գոյներերիցանցին, Պետրոսը և ուրիշներ ընդօրինակել են Աստվածաշունչ, որը սրբագրել և գլխագրել են Գևորգ և Խաչատուր վարդապետներ։ XIV-XVI դարերից ձեռագրեր չեն պահպանվել։ 1610 թվականին Ադանայի գրչության կենտրոնում ընդօրինակվել է Մաշտոց։ Հիշատակություններ են մնացել գրչության ուսուցիչ Աբրահամ մասին, որից մեզ է հասել 1639 թվականին ընդօրինակած շարակնոց։ Շարակնոց են ընդօրինակել նաև Մովսես (1646 թ.) և Սահակ (1659 թ.)։ XVII-XVIII դարերից հայտնի են տասից ավելի ձեռագիր, որոնց մի մասը գտնվում է է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նաև կոչվել է՝ Ադան, Ադանահ, Ադանիա, Անտիոքիս առ Սարոսիվ, Ատան, Ատանա, Ատանա Կիրանոս, Րադնե, Մաքսիմիանոսյան Ադանա, Սարոսյան Անտիոքիս, Սեյհան
  2. (թուրքերեն) Türkiye istatistik kurumu Հասցե օգտագործելով բնակչության ստուգում (2007)։ Վերստածվ է 2008-03-21.
  3. «Statoids», Թուրքիայի շրջաններ Վերստածվ է 2008-03-21.
  4. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885
  5. Մխիթարյանց Ա., Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1874
  6. Օրմանյան Մ., Ազգապատում, հ.2, ԿՊ, 1914
  7. Թերզյան Հ., Կիլիկիո աղետը, ԿՊ, 1912
  8. Թորոսյան Շ.Թ., Կիլիկիայի հայերի ազգային ազատագրական շարժումը 1909-1920 թթ., Ե., 1987
  9. Մ.Օրմանյան, Ազգապատում, Բեյրութ 1960

Գրականություն խմբագրել

  • Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 67