Ֆուադ Հասան Հաֆիզ, (ծնվել է 1924), եգիպտացի պատմաբան, իրավաբան։ Ավարտել է Կահիրեի համալսարանը։ 1986 թ-ին Կահիրեի Հայ առաքելական եկեղեցին հրատարակել է Հաֆիզի «Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը» (արաբերեն) գիրքը, որի 16-22-րդ գլուխները նվիրված են 1915 թվականի հայերի ցեղասպանությանն Օսմանյան կայսրությունում, իսկ 22-րդ գլխում զետեղել է հայերի տեղահանության մասին 1915 թվականի մայիսի 14 (27)-ի թուրք, հրամանի արաբատառ բնագիրը։ Հեղինակը Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը դիտարկել է օսմանյան կառավարողների ներքին և ազգային ընդհանուր քաղաքականության շրջանակներում, նշել, որ 19-րդ դարի սուլթանությանը բնորոշ էր ոչ թուրք ժողովուրդների՝ հույների, բուլղարների, հայերի և արաբների ջարդերը, նրանց բռնի թուրքացման քաղաքականությունը և վախը ժողովրդի նկատմամբ։ Շեշտել է, որ հայկական ջարդերի սկիզբը դրել է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, ընդգծել, որ հայերն արդարացիորեն պահանջում էին հարգել իրենց մարդկային իրավունքները և տալ վարչական ինքնավարություն Օսմանյան կայսրության շրջանակներում։ Սուլթանի քաղաքականության օրինական ժառանգորդներ է համարել երիտթուրքերին, որոնք առավել սաստկացրին բռնի թուրքացման քաղաքականությունը, և նշել, որ պանթյուրքիզմի գաղափարների իրագործման ճանապարհին, որպես խոչընդոտ կանգնած էին հայերը, և երիտթուրքերը միակարծիք էին այդ խոչընդոտը վերացնելու հարցում։ Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի բարենպաստ առիթից՝ նրանք ձեռնամուխ եղան հայերի ոչնչացմանը։ Իր աշխատության մեջ Հաֆիզն անդրադարձել է նաև հայ վրիժառուների կողմից ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին պատժելու՝ ահաբեկելու հարցին։ Նա ոչ միայն արդարացրել է այդ քայլն, այլև նրանց դիտել որպես ազգային հերոսներ, նրանք նաև վրեժ են լուծել արաբական ազատագրական շարժման ղեկավարներին երիտթուրքերի կողմից կախաղան բարձրացնելու համար։ Հաֆիզը, ուղղակի կապ տեսնելով երիտթուրքերի կողմից 1915 թ-ի հայերի ցեղասպանության և հետագայում Հիտլերի կիրառած հրեաների ցեղասպանության միջև, նշել է, որ հայերի 1915 թ-ի ցեղասպանությունը «XX դարի սև էջն է»։ Հաֆիզը 1990 թ-ին Երևանում մասնակցել է «Հայերի ցեղասպանությունը, պատմական, տեսական, քաղաքական պատասխանատվությունը» միջազգային գիտաժողովին՝ «Պատասխանատվություն ցեղասպանության համար» զեկուցումով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։