Քրդական գրականություն, հնագույն նմուշները վերաբերում են 7-րդ դարին (անհայտ հեղինակի արամեատառ պոեմի մի հատված, Փիրե Շալիարի արաբատառ «Խրատագիրք»-ը)։

Զարգացած միջնադար խմբագրել

10-12-րդ դարերում զարգացել են պոեմի ժանրը, խոհախրատական և սիրային քնարերգությունը։ Հյուսիսային քրդերենը (քուրմանջի) արմատավորվել է որպես քրդական միջնադարի գրական լեզու։ Հաքարի գավառը (Թուրքիա) դարձել է գրական–մշակութային շարժման կենտրոն։ Մշակվել են գեղարվեստական աշխարհայեցողության, պոետիկայի ժանրային համակարգի, գրականության ու կյանքի փոխհարաբերության պրոբլեմի ընկալման որոշակի սկզբունքներ։ Այս շարժման հայտնի դեմքերն են բանաստեղծ Ալի Թիրեմահին (10-րդ դար), քնարերգուներ Բաբա Թահիրը (10-րդ դար), Ալի Հարիրին (1009-1079), եզդիականության ուսմունքն ամփոփող «Սև» և «Հարություն» գրքերի հեղինակ, փիլիսոփա, բանաստեղծ Շեյխ Ադին (10-11-րդ դարեր) և ուրիշներ։ 12-րդ դարի գրական մի ամբողջ դպրոց է հիմնադրել Մ․ Ա, Ջզիրին, որը հարել է սուֆիզմին․ նա քրդական տաղաչափության հետ խաչաձևել է պարսկա–արաբական պոետիկայի միջոցներ։

13-րդ դարում առանձնացել է Մ․ Էֆենդու և Շեյխ խալիդի քնարերգությունը։ 14-րդ դարում է ապրել Ֆ․ Տայրանը, որի ստեղծագործությանը բնորոշ է սոցիալական բողոքի շեշտը։ Ագգային–կրոնական նախապաշարումների հաղթահարման դրսևորումն է նրա «Շեյխ Սանան» պոեմը։

Ուշ միջնադար խմբագրել

15-րդ դարում քրդական քաղաքային գրականության խոշոր դեմքը Մ․ Բատեն է («Զամբիլֆրոշ», «Երկունք», պոեմներ)։

Գեղարվեստական արձակի տարրերով է հագեցած 16-րդ դարի պատմագիր Շ․ Բիթլիսիի «Շարաֆ–նամե»-ն։ 17-րդ դարում Իրանական Քուրդիստանի Արդալան գավառում գուրանի բարբառի հիման վրա ձևավորված գրական հոսանքի ներկայացուցիչներից են Ա․ Թախթին, Մ․ Բեսարանին և ուրիշներ։ Քրդական միջնադարի մշակութային բարձունքը բանաստեղծ, փիլիսոփա, հումանիստ–լուսավորիչ Ահմեդե Իոսնիի (16-17-րդ դարեր) ստեղծագործությունն է («Մամ ու Զին» պոեմ, «Նուբար» արաբերեն-քրդերեն չափածո բառարան, քնարական ու փիլիսոփայական բանաստեղծություններ և այլն)։

Քրդական գրականության ակունքները խմբագրել

Քրդական գրականության ակունքներից է բանահյուսությունը։ Ահմեդե Իոսնիի հետևությամբ են ստեղծվել Ս․ Սլեմանի (17-րդ դար), «Յուսուֆ և Զուլեյխա», Հարիս Բիթլիսիի (18-րդ դար) «Լեյլի և Մեջնուն» պոեմները, Ի․ Բայազեդիի (մահացել է 1709 թվականին) «Վարդագույն ծաղկաքաղ» ժողովածուն և այլն։ 18-րդ դարում են ստեղծագործել Կուբադին, Շաֆին և Սաիդին։ 18-րդ դարի վերջերից Հարավային Քուրդիստանում ստեղծված գրականության մեջ (լեզուն հարավային քրդերենն է՝ սորանին) նկատվել են միստիցիզմի տարրեր (Շահ Հաքարի)։ Սակայն քրդական ազատագրական պայքարի վերելքը նոր թափ ու ավյուն հաղորդեց հայրենասիրական–քաղաքացիական միտումներին (Նալի, 1797-1855, Քուրդի, 1809-1949, Սալիմ, 1800-1866, Հարիխ, 1865-1909)։ Ազգային ինքնագիտակցության ծրագրային կոչով հանդես եկավ Տաշի Քոյին (1815-1892)։ Քաղաքական երգիծանքի հայտնի դեմքն է Շեյխ Ռ․ Թալա բանին (1835-1909)։ Քրդական գրականության մեջ հաստատվեցին ռոմանտիզմն ու քննադատական ռեալիզմը։ 20-րդ դարի 2-րդ կեսից դեմոկրատական մամուլի ծնունդը («Քուրդիստան», «Քրդերի հույսը» և այլն) պայմանավորեց գեղարվեստական արձակի ձևավորումը։ Քրդական նորագույն գրականություն (20-րդ դարի 20-ական թվականների սկիզբ) սերտորեն կապված է քրդերի ազգային-ազատագրական պայքարի հետ (Ահմեդ–բեկ Համդի, Զիվար, Ահմեդ Մուխթար–բեկ, Սալամ, Զագարխուն, Հաժար, Ղադրիջան, Ա․ Նուրին, Ֆ․ Բեկաս, Դիլզար, Օ․ Սաբրի և այլն)։ Քրդական գրականության մեջ դարագլուխ է նշանավորում Փիրամարդի (1867-1950) ստեղծագործությունը։ Գեղագիտական մանիֆեստի արժեք ունեցավ Ա․ Գորանի (1904-1962) գործունեությունը։ 1920-ական թվականներին սկսած քրդական գրականության գաղափարական հիմնական կողմնորոշումը Խորհրդային Միության հետ բարեկամության թեման է։ Գերիշխող է դառնում սոցիալիստական ռեալիզմի մեթոդը։ Հարստանում է գրականագիտությունը (Հելմի, Ալադին, Սուշադի, Ս․ Խազնադար)։

Թարգմանական գրականություն խմբագրել

Վերջին շրշանում լուրջ նվաճումներ ունեցավ թարգմանական գրականությունը։ Քրդական գրականության արդի փուլում քաղաքացիական արիություն է դրսևորում երիտասարդ սերունդը (Ա․ Փաշեու, Բավե Նազե և ուրիշներ)։ Ժամանակակից քրդական գրականությունը զարգանում է քաղաքական մասնատվածության, պետական ինքնուրույնության և համաքրդական միասնական գրական լեզվի ու գրի բացակայության պայմաններում։ Խորհրդային Միությունում քրդական գրականությունը սկզբնավորվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ Հիմնական կենտրոնը Երևանն է։ Այն ձևավորվել է որպես քրդերի սոցիալիստական վերածննդի գեղարվեստական տարեգրություն։ Տարածում են գտել ավագ սերնդի ներկայա–ցուցիչներ Ա․ Շամիլովի վեպերը, Հ․ Զնդիի պատմվածքները, Նադրիի պիեսները, Ջ․ Ջալիլի, Ա․ Ավդալի, Ղ․ Մուրադի բանաստեղծություններն ու պոեմները։ Խորհրդային քրդական գրականության միջին սերունդը ասպարեզ իջավ 50–60-ական թվականներին (Շ․ Հասան, Մ․ Ռաշիդ, Ֆ․ Ուսուբի, Ա․ Շամո, Կ․ Չաչանի, Ջ․ Ասադի, Ալ․ Աբդուլոահման, Ա․ Սարդար, Վ․ Աշո), 70-ական թվականներ՝ նոր սերունդը (Շամսի, Ա․ Բոյիկ, Թ․ Ռաշիդ և ուրիշներ)։ Զգալի են գրականագիտության ու քննադատության տեղաշարժերը (Հ․ Զնդի, Ղ․ Քուրդո, Մ․ Ռուդենկո, Օ․ Զալիլ, Կ․ Միրզոև, Ռաշ և ուրիշներ)։ Քրդական գրականությանը նպաստ են բերեք հասարակական–մշակութային գործիչներ Ջ․ Գենջոն, Խ․ Մուրադովը, Մ․ Ասադը, Ս․ Իբոն, Ն․ Մախմուդովը, Ա․ Խուդոն, ժողովրդական երգասացներ Օ․ Շարոն, Ա․ Սիրագին և ուրիշներ։

Հայ-քրդական գրական կապը խմբագրել

Հին պատմություն ունեն հայ–քրդական գրական կապերը։ Խաչատուր Աբովյանը, Րաֆֆին, Վրթանես Փափազյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորյանը, Նաիրի Զարյանը, Սարմենը, Հրաչյա Քոչարը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ ստեղծագործական կապեր են ունեցել քրդերի հետ։ Հայաստանի ու հայերի մասին բազմաթիվ էջեր են գրվել քրդական գրականության մեջ։ Այդ ավանդույթները հարստանում են մեր օրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 490