Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանանդ (այլ կիրառումներ)

Վանանդեցիներ. հայ գրահրատարակիչ-տպագրիչներ Գողթան գավառի Վանանդ գյուղից (այժմ՝ Նախիջևանի ԻՀ-ում)։ Գործել են Ամստերդամում, XVII դ. վերջերին և XVIII դ. սկզբներին։ Գողթանի Ս. Խաչ վանքի վանահայր, եպիսկոպոս Թովմաս Վանանդեցին 1670 թ.-ին իր քեռորդուն՝ Մատթեոս Հովհաննիսյանին տարել է Մարսել՝ Ոսկան Երևանցու մոտ տպագրության արվեստ սովորելու։ 1679 թ.-ին իր եղբորորդիներին՝ Ղուկաս և Միքայել Նուրիջանյաններին ուսման է տվել Հռոմի Ուրբանյան ճեմարանում։

1683 թ.-ին, կրկին այցելելով Մարսել, Մատթեոսին ուղարկել է Ամստերդամ՝ նոր տպարան հիմնելու։ 1685 թ.-ից տպարանն սկսել է գործել։ Շուտով չորս Վանանդեցիները Թովմասի ղեկավարությամբ հավաքվել են Ամստերդամում՝ նպատակ ունենալով կատարելագործել տպարանն ու այն տեղափոխել Հայաստան՝ կրթական կենտրոն ստեղծելու համար։ Նույն նպատակով Վանանդեցիների տպարանում հրատարակվել են ուսումնական ձեռնարկներ, որոնց հեղինակներն են Ղուկասը կամ Մատթեոսը. «Համատարած աշխարհացոյց»(1695), «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), «Դուռն իմաստութեան» («Ոսկեա դուռն դպրատան», 1699), «Բնաբանութիւն իմաստասիրական» (1702)։ Իբրև ձեռնարկ հրատարակվել է նաև Մովսես Խորենացու Հայոց պատմությունը (1-ին հրատ. 1695)՝ «Ազգաբանութիւն տոհմին հաբեթեան» վերնագրով։

Տպարանը լույս է ընծայել Շարակնոցներ (1685, 1702, 1712), Թոմա Կեմպացու «Յաղագս համահետևմանն Քրիստոսի» երկը (1696), Նոր կտակարան (1698) ևն։ Վաճառականների համար է գրված Ղուկաս Վանանդեցու«Գանձ չափոյ, կշռոյ…» աշխարհաբար գիրքը (1699)։

Վանանդեցիների հրատարակությունները 20 անունից ավելի են։ Տպարանը Հայաստան տեղափոխելու Թովմաս Վանանդեցու ջանքերը ապարդյուն են անցել։ Նա մահացել է 1708 թ.-ին, Անտվերպենում։ Մինչ այդ տպարանից հեռացել էին Միքայելն ու Մատթեոսը։ Ղուկասն իր օգնական Հովհաննես Վանանդեցու (Միքայելի որդու) հետ տպարանում աշխատել է մինչև 1717 թ.-ը (մինչև պարտքերի դիմաց տպարանի բռնագրավումը)։ 1729 թ.-ին Վանանդեցիների տառերը Ամստերդամում գնել և Վենետիկ է ուղարկել Մխիթար Սեբաստացու ներկայացուցիչը։

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել