Սենուսիտներ, սենուսականներ (արաբ․՝ السنوسية‎‎ - աս-Սանուսիյա), մուսուլմանական կրոնա-քաղաքական Սենուսիյյա օրդենի անդամներ։ Օրդենը 1837 թվականին հիմնադրել է Մուհամմադ իբն Ալի աս-Սենուսին (1787 կամ 1791-1859)՝ Մեքքայում։ 1843 թվականին սենուսիտները փոխադրվել են Կիրենայկա (Լիբիա)։ Սենուսիտները կոչ էին անում վերականգնել իսլամի նախնական «մաքրությունը», «սրբազան պատերազմ» մղել «անհավատների» դեմ։ 19-րդ դարի կեսից սենուսիտները գլխավորել են լիբիացիների պայքարն ընդդեմ թուրքական տիրապետության, 1911-1931 թվականներին մասնակցել իտալացի գաղութարարների դեմ պայքարին։ 1951-1969 թվականներին Սենուսիտների օրդենի հիմնադրի թոռը՝ Մուհամմադ Իդրիսը, Լիբիայի թագավորն էր (Իդրիս I-ը)։ Սենուսիտների գաղափարների համախոհներ կան (Լիբիայից բացի) Ալժիրում, Նիգերում, Չադում, Սուդանում և Աֆրիկայի մի շարք այլ երկրներում։

Սենուականների ազդեցության գոտին 1888 թվականին


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 298
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենուսիտներ» հոդվածին։