Սեյադ (պարսկերեն ՝ որսորդ, Մադաթյանց Պետրոս Տեր-Հովսեփի, 1810, Շամախի — 1876), հայ աշուղ։

Եղել է ռուս բանակի սպա։ Տիրապետել է ռուսերեն, թուրքերեն, վրացերեն, պարսկերեն լեզուներին։ Հորինել է միայն հայերեն երգեր, որոնք արևելյան աշուղների խաղերից հիմնովին տարբերվում են ինքնուրույն, հայկական հանգերով, հատկապես՝ բովանդակությամբ։ Սեյադը բողոքել է անարդարության, անհավասարության դեմ («Վասն աշխարհի»), խարազանել ամբարտավանությունն ու տգիտությունը, անհավատարմությունը, սուտն ու կեղծիքը («Վաղնջուց ժամանակաց նկարագիր»)։ Ապրել է իր ժողովրդի հոգսերով, հայրենիքի բախտը կապել ռուս ժողովրդի հետ։ Սեյադը հորինել է նաև սիրո, վայելքի և խրախճանքի երգեր, որոնք ժողովրդականություն են վայելել («Էդ կարմիր վարդ թուշիդ», «Շահնազ հայերեն», «Ով սիրուն թառ․․․», «Մատռվակ, գինի տուր» և այլն)։ Աշուղական արվեստի մեջ առանձնահատուկ տեղ ունի «Արէ Նազելի» մուխամմազը։ Առաջին ժողովածուն («Զանազան երգք պ․ Պետրոս] Տ․ Հովսեփյան Մադաթյանց Շամա- խեցվո Աեյադ մականուանելո», 1857), որ լույս է ընծայել Ոսկան Երևանցին Մոսկվայում, պարունակում է 71 երգ։ Տասնյակ երգեր տեղ են գտել «Քնար հայկակ » (1868), «Հայ աշուղներ» (1903) և ժամանակի այլ երգարաններում, «Սոխակ Հարսստանի»-ի հատորներում։ Սեյադը մշակել, կատարելագործել է աշուղական տաղաչափության շատ ձևեր, ստեղծել նորերը («Բան նորաձև»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 283