Սփյուռքահայ երաժշտություն, հայկական երաժշտության կարևորագույն բաղկացուցիչներից, որով ամբողջանում են հայ երաժշտարվեստի պատմությունը, Սինանյան նվագախումբը (1861 թվական, հիմնադիր՝ Գրիգոր Սինանյան, Կոստանդնուպոլիս) իմաստային, գեղագիտական, ոճային արժեքն ու բնութագիրը։

Կոմիտաս

Չնայած տարբեր ազգային մշակույթների ազդեցությանն ու ոճային բազմազանությանը՝ սփյուռքահայ ստեղծագործողներն իրենց արվեստը խարսխել են ազգային երաժշտարվեստի հիմնական միտումներին՝ օգտվել հայկական ժողովրդական ստեղծագործությունից, նորովի օգտագործել հայ հնագույն երաժշտության լավագույն նմուշները, հետևել Կոմիտասի ավանդույթներին, Արամ Խաչատրյանի ստեղծագործական սկզբունքներին, անդրադառնալ Հայաստան երկրին, նրա անցյալին ու ներկային, դիմել հայ քնարերգությանը և այլն։

Արամ Խաչատրյան

ԱՄՆ խմբագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգներում XX դ-ի 1-ին տասնամյակից համախմբվել է հայ երաժիշտ ստեղծագործողների մի խումբ, որի առաքելությունը ազգային պրոֆեսիոնալ երաժշտությունն օտար ափերում պահպանելն էր։ Այստեղ հայ երաժշտարվեստի զարգացման նախաքայլերից էր խմբերգային արվեստի տարածումը։ Առաջին կոմպոզիտորներից էր Գրիգոր Գալֆայանը։ Նա (1913 թվականից) ստեղծել է հիմնականում հայրենասիրական երգեր («Ապրիր, Հայաստան», «Ալեչարչար», «Մինչև երբ» և այլն), հայտնի է նաև նրա «Պատարագը»։ Բացառիկ գործունեություն է ծավալել Գրիգոր Սյունին, հավաքել, ձայնագրել ու մշակել է ժողովրդական երաժշտության բազմաթիվ նմուշներ, գրել է մեներգեր և խմբերգեր («Հայ երգփունջ»), ստեղծել երգչախմբեր։

Ուսուցիչ-խմբավար և կոմպոզիտոր Կոմիտասի սաներից Վաղարշակ Սրվանձտյանը հավաքել ու մշակել է մի շարք ժողովրդական երգեր («Հայ գեղջուկ երգեր», «Հոգու ձայներ», «Նոր երգեր», «Հայ պարեր», նաև մանկական երգեր, խմբերգեր և օպերաներ)։

Համբարձում Պերպերյանի բազմաժանր ստեղծագործությունն աչքի է ընկնում ազգային վառ ինքնատիպությամբ, հնչերանգային և ռիթմային, հետաքրքիր համադրումով, ուշագրավ են նրա «Խորհուրդ Վարդանանց», «Աղոթք վաղվա օրվա սեմին» կանտատները, «Ռեքվիեմը», մի քանի տասնյակ երգեր, տարբեր գործիքային պիեսներ։

Նշանավոր կոմպոզիտորներից է Ալան Հովհաննեսը, ուսումնասիրել է արևելյան և հայկական հնագույն երաժշտությունը, գտել համամարդկայինին առնչվող հոգեբանական հնչերանգային ու ռիթմային, խոր ընդհանրացումներ («Արջունա», սիմֆոնիա, «Մաղրասյան սոնատ», «ֆանտազիա ըստ ճապոնական փայտագրությունների» և այլն)։

Հեղինակ է նաև օպերաների («Պերիկլես», «Էջմիածին»), 20-ից ավելի սիմֆոնիաների, կոնցերտների, վոկալ և գործիքային երկերի և այլն։ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին է նվիրված նրա «Խորհուրդ նահատակաց» երկը՝ ուդի և լարային քառյակի համար։

Ռիչարդ Յարդումյանի գործերից հանրահայտ են դաշնամուրային կոնցերտը, 4 մասանոց «Հայկական սյուիտը», 2 սիմֆոնիան, «Պատարագը» և այլ երկեր։

Հրանտ Բեկլարյանը գրել է «Սիմֆոնիկ դիվերտիսմենտը», «Յոթ բլուրների արձագանքը» կանտատը, կոնցերտներ, երգաշարեր և այլ գործեր։ Սոֆիայի «Երևան» երգչախումբը (1933 թվական, հիմնադիր–ղեկավար՝ Կիրկոր Կիրկորով) Գրիգոր Սյունի (1876-1939 թվականներ) գրել է «Նոր կյանքի երգեր» շարքը։

Լորիս Չոպանյանի ստեղծագործությունն առանձնանում է հայկական թեմաներով գրված գործերով՝ «Հայկական ռապսոդիան», «Նահատակած ապրիլ 24-ի» սիմֆոնիան, «Հայկական պարեր», «Երգեր Արարատին» և այլն։ ԱՄՆ-ում հանրաճանաչ են նաև կոմպոզիտորներ Պերճ Գալաջյանը, Հայկ Բոյաջյանը, Վագգեն Մուրադյանը, Շառլ Ամիրխանյանը, Միշել Էքիգյանը, Ռուբեն Շաքարյանը և ուրիշներ։

Հայկական երաժշտության պահպանմանն ու տարածմանը նպաստում են նաև երաժիշտ-կատարողները, որոնք ավելի շատ են, քան ստեղծագործողները։ Ամերիկահայ գաղթավայրի ամենավաղ շրջանի երգիչներից է Պաոլո Անանյանը, որը երկար տարիներ երգել է «Մետրոպոլիտեն» օպերայում՝ հռչակավոր երգիչներ Բենիամինո Ջիլլիի և Տիտո Սկիպայի հետ։ Նույն թատրոնի առաջնակարգ երգիչներից էր Արման Թոքատյանը, որին ամերիկյան մամուլը համարել է Էնրիկո Կառուզոյի հաջորդը։

«Մետրոպոլիտենի» հանրահայտ երգչուհիներից են Լուսին Ամարան և Լիլի Չուգասզյանը, որոնց կամերային երկացանկում ընդգրկվել են նաև հայկական երգարվեստիի լավագույն նմուշներից։ Երգարվեստիի բացառիկ մեկնաբաններից են Քեթի Բերբերյանը, Անիտա Դարյանը, Արա Բերբերյանը, Անիտա Թերզյանը, Ռոզ Զուլալյանը, Շաքե Վարթենիսյանը, Զաբել Արամը, Մայքլ Քրմոյանը, Նորմա Կազանչյանը և ուրիշներ։

Ամերիկահայ գաղթավայրում 1920-ական թվականներից գործել է դաշնակահարների մի քանի սերունդ, ճանաչված են Սիրուհի Արփին, Հերմինե Այճյանը, Լևել Շիրինը, Անահիտ Աճեմյանը, Լյուսի Իշխանյանը, Ֆելիքս Թագակչյանը, Լուիզ Ոսկերչյանը, Շահան Արծրունին, Փիթր Բեկլյանը և ուրիշներ։ Ջութակահարների ավագ սերնդի ներկայացուցիչներից է Գիսակ Վրույրը, որը նաև անվանի մանկավարժ էր։ Լոս Անջելեսում հիմնադրել է «Կոմիտաս» (1928 թվական) երգչախումբը։ Արույրի ժամանակակիցն էր ջութակահար Հայկ Կյուտենյանը, նրան 1919 թվականին հրավիրել են ԱՄՆ՝ որպես մանկավարժ փոխարինելու բելգիացի հռչակավոր ջութակահար Էժեն Իզաիին։ Հայտնի են նաև Վան Կալամյանը, Աիդա և Անի Գավաֆյանները, Վրույր Գանթարջյանը, Փիթր Ունջյանը, Նուրհան Արմանը, Վարուժան և Միհրան Գոճյանները և ուրիշներ։

Ճանաչված են թավջութակահարներ Վահե Պերպերյանը, Հրանտ Թաթյանը, Նենսի Դերյանը, երգեհոնահարներ Պերճ Ժամկոչյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ջոն Մեմլին, Մարթա Սարյանը, տավղարահարուհի Կլայտիս Կարագյոգյանը, ֆլեյտահարուհի Սաթո Մուղալյանը, հարվածային գործիքների երաժիշտ-կատարող Պոլ Մուրադյանը և ուրիշներ։ Ամերիկահայ ամենանշանավոր դիրիժորներից է Ալեքսանդր Ասլանովը՝ հանրահայտ կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևն իր Երկրորդ կոնցերտը նվագել է նրա ղեկավարությամբ (1913 թվական)։ Հայտնի են նաև Հայկ Փափազյանը, Ջորջ Փեհլիվանյանը, Օշական Մինասյանը, Հարություն Բեկյանը, Վահե Ասլանյանը, Հենրիկ և Արմեն (նաև՝ ջութակահար) Անասյանները, Արամ Ղարաբեկյանը և ուրիշներ։ Ամերիկահայ երաժշտարվեստի զարգացման ընթացքը պայմանավորվել է նաև խմբերգային արվեստներով, ստեղծվել են «Կոմիտաս», «Պրո-Կոմիտաս», «Արաքս», «Անի», «Քնար», «Սիփան» (հիմնադիր ղեկավավար.՝ Հ. Անասյան) և այլ երգչախմբեր։ Գործում են նաև «Անդրանիկ», «Վահագն», «Սարդարապատ», «Սևան», «Հայրենիք» և այլ երգի-պարի անսամբլներ։

Իրան խմբագրել

 
Թեհրան

Իրանի հայ երաժիշտները նշանակալի ներդրում ունեն ոչ միայն ազգային, այլև Իրանի ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության մեջ։ XVIII դարում ժողովրդական երգարվեստի զարգացմանը նպաստել են հայ աշուղներ Հարություն Օղլին, Ղուլ Սարգիս Շիրիշկանցին, Միսկին Մատթեոսը, Միսկին Ստեփանը, Մարտիրոս Մանուկյանը և ուրիշներ։ Իրանի երաժշտության մշակույթի պատմության մեջ կարևոր դեր ունի երգիչ Սարգիսը (VII դար), որի համբավը տարածված էր նաև Հայաստանում ու Մերձավոր Արևելքում։ Իրանահայ երգարվեստի ճանաչված դեմքերից է Նիկոլ Գալանդերյանը, գրել է ռոմանսներ (շուրջ 700), մանկական երգեր, օպերաներ և այլն։ Պրոֆեսիոնալ երաժշտության ներկայացուցիչներից է Ա. Տեր-Հովհաննիսյանը. XIX դարի վերջին Թեհրանում ստեղծել է Երաժշտասերների միություն և լարային նվագախումբ։ Հայտնի է Գրիգորյանների տոհմը, հատկապես՝ ջութակահար, խմբավար Լևոև Գրիգորյանը, որը Թեհրանում կազմակերպել և ղեկավարել է «Գուսան» երգչախումբը։ Որդին՝ կոմպոզիտոր և խմբավար Ռուբենը, պարսկական ժողովրդական երգերի առաջին գրառողն էր։ Ճանաչված դաշնակահարներից են Էմանուել Մելիք Ասլանյանը, Տանյա Հարությունյանը, Ռուբինա Սաիդխանյանը, Հայկուշ Մակարյանը, ջութակահարներ Լեոպոլդ Ավագյանը, Հրաչ Մանուկյանը, երգչուհիներ Սաթո Աղաբաբյանը, Թամարա Փիլոսյանը, Մարիցա Սանոսյանը, Հակինթ Վարդանյանը, Հերմինե Դավթյանը, խմբավար Գուրգեն Մովսիսյանը։ Երգչախմբերից են «Գուսանը», «Անուշը», «Արազը», «Հայ երգը», «Անին» և այլն։ 1920-ական թվականներին Ե. Ավետիսյանը Թավրիզում հիմնադրել է բալետի առաջին ստուդիան (1945 թվականից՝ Թեհրանի պարարվեստի դպրոց), 1939 թվականին պարուսույց Ա. Ջամբալյանը Թեհրանում՝ բալետի դպրոց։ Թեհրանում գործել է նաև «Պապիկյան-Բալե» խումբը։ Հայտնի են Թեհրանի «Արարատ», «Կարապ», «Զարթոնք», «Կարավան» պարախմբերը։

Լիբանան խմբագրել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը նույնպես սփյուռքահայ երաժշտական մշակույթի կարևոր օջախներից է։ Կոմպոզիտոր և խմբավար Բարսեղ Կանաչյանը, բացի Բեյրութից, գործել է նաև Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում՝ Կոստանդնուպոլսում, Բուլղարիայում և Ֆրանսիայում։ 1936 թվականին Բեյրութում ստեղծել և ղեկավարել է «Գուսան» երգչախումբը։ Գրել է հիմնականում մեներգեր ու խմբերգեր, որոնք աչքի են ընկնում վոկալի նուրբ զգացողությամբ։ Երաժիշտ-մանկավարժ Գրիգոր Հեպոյանը հեղինակ է դպրոցի, երգերի, դաշնամուրային պիեսների։ Կոմպոզիտոր-խմբավար Մինաս Գանգրունին երաժշտագիտական և քննադատ, հոդվածներ է հրապարակել տեղի մամուլում, գրել է ֆուգաներ, սոնատներ, կվարտետ, սիմֆոնիկ պոեմներ, մանկական երգեր և այլն։ Մանկավարժ և ջութակահար Օննիկ Սյուրմելյանը Բեյրութում հիմնադրել է «Կոմիտաս» քառյակը և «Լիբանանյան եռյակ» անսամբլները, որտեղ ջութակահարն ինքն էր։ Երգչուհի և դաշնակահարուհի Մարի Ավետյանը համերգներով շրջագայել է Մերձավոր Արևելքի բոլոր խոշոր քաղաքներում։ Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առիթով եղել է Հայաստանում։ Դաշնակահարուհի Սոնա Վարդապետյան-Ահարոնյանը, բացի համերգային գործունեությունից, զբաղվել է նաև մանկավարժությամբ. 1950 թվականին Բեյրութում բացել է երաժշտական դպրոց։ Ճանաչված են երգչուհի Արփինե Փեհլիվանյանը, նրա դուստրը՝ երգչուհի և դաշնակահարուհի Էլիզաբեթը։ Հայտնի են նաև երգչուհիներ Սոնա և Սոսի Մինասյան քույրերը, դաշնակահարուհի Սինթիա Խաչատրյանը, ջութակահարուհի Սոնիկ Չանգրյանը, կիթառահար Վրույր Մագմանյանը, քամանչահար Ռուբեն Գարախանյանը և ուրիշներ։ Էստրադային երաժշտության բնագավառում մեծ ավանդ ունեն Ատիս Հարմանտյանը, Մանվել Մենենկիչյանը, Լևոն Գաթրճյանը (հետագայում տեղափոխվել է ԱՄՆ), Վարդավառ Անթոսյանը և ուրիշներ։ Մի շարք հայ երաժշտագետներ դասավանդում են «Բարսեղ Կանաչյան» և «Թեքեյան» կոնսերվատորիաներում։ Լիբանանում հիմնադրվել են «Ալեմշահ», «Գարուն», «Կոմիտաս», «Կռունկ», «Նաիրի», «Շահմուրադյան» երգչախմբերը, «Քնար» պարախումբը և այլն։

Սիրիա խմբագրել

Սիրիայում նույնպես հայ երաժիշտներն աշխույժ գործունեություն են ծավալել։ Հիշարժան են «Առնո Բաբաջանյան», «Զվարթնոց», «Նարեկացի», «Քնար», «Մեսրոպ Մաշտոց» երգչախմբերը, «Ասլամազյան լարային քառյակը», «Սարդարապատ», «Ազատ Ղարիբյան» պարախմբերը և այլն։ Վահե Դեմիրճյանն ստեղծել է ժամանակակից երաժշտության «Թայջերս» (1968 թ.) խումբը, հեղինակ է կինոերաժշտության։ Պ. Աբաջյանը դասավանդել է Դամասկոսի կոնսերվատորիայում, ղեկավարել երգչախմբեր։ Երգչախմբեր է ղեկավարել նաև Ժ. Հսկենյանը, նվագախումբ՝ Վ. Պլքյանը։ Անվանի դաշնակահարուհիներ են Ա. Ատուրյանը, Լ. Սերայտարյանը, երգիչ-երգչուհիներ Հ. Թեմիզյանը, Կ. Տաղտևիրենյանը, Գրիգոր Ջանգյոզյանը և ուրիշներ։ Հալեպում գործում է Լիբանանի «Բարսեղ Կանաչյան» կոնսերվատորիայի մասնաճյուղը։

Արգենտինա խմբագրել

Արգենտինայում հայ արվեստագետները մեծ ներդրում ունեն ազգային երաժշտության և պարարվեստի պահպանման ու զարգացման մեջ։ Ճանաչված կոմպոզիտոր Ալիսիա Թերգյանը 1968 թվականին կազմակերպել է «Միջազգային հանդիպումների փառատոնը», ավելի ուշ՝ նվագախումբ։ Բուենոս Այրեսի «Կոլոն» օպերային թատրոնի ճանաչված երգիչներից են Մանուկ Հալպերյանը, Շամիրամ Թորոսյանը, Նուրիցա Գասաբյանը, հայտնի դաշանակահարներ են Անթառամ Ահարոնյանը, Իզաբել Միսակյանը, ջութակահարներ Րաֆֆի Զմրուխտյանը, Ռոման Ափրիկյանը, դիրիժորներ Վահագն Մինասյանը, Զարուհի Էլմեսեգյանը, Ժան Ալմուխյանը և ուրիշներ։ Հիմնադրվել են «Կոմիտաս» (1929 թ.), «Արաքս» (1957 թ.), «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (1958 թ.), «Շնորհալի» (1980 թ.) և այլ երգչախմբեր։ Պարարվեստի զարգացմանը նպաստել են պարուհիներ Էմե Աբրահամովան, Նանի Մորան, Լիա Սիրույանը և ուրիշներ։ Հայտնի են «Գայանե» (1960 թ.), «Նաիրի» (1978 թ.), «Մասիս» (1993 թ.) պարախմբերը։

Բրազիլիա խմբագրել

Բրազիլիայում ճանաչված են օպերային երգչուհի Հիլդա Կայծակյանը, երաժիշտներ Սիրվարդ Ավետիսյան-Մոմջյանը, Ասատուր Գյուլհաջյանը և ուրիշներ։

Բուլղարիա խմբագրել

Բուլղարահայ համայնքում XIX դարի վերջից հայտնի են «Դայլայլիկ» և «Մեղեդի» (Պլովդիվ), Վահան Մանուելյանի, Բարսեղ Կանաչյանի (Վառնա), «Կոմիտաս» (Ռուսե), «Քնար», «Երևան» (Սոֆիա) և այլ երգչախմբեր։ Դիրիժոր և կոմպոզիտոր Նաթան Ամիրխանյանը Սոֆիայի օպերային թատրոնի (նաև՝ դիրիժոր), Վառնայի «Գուսլա» երաժշտական ընկերության հիմնադիրներից է, գրել է օպերաներ։ Ճանաչված են նաև կոմպոզիտոր Սարգիս Բալթայանը, դաշնակահարուհիներ Զարուհի Սարյանը, Հերմինե Ասատուրը, Մալվինա Խաչատրյանը, ջութակահարներ Ստեփան Խանջյանը, Հակոբ Աղասյանը, դիրիժոր Վիլլի Գազազյանը, թավջութակահարուհի Սեդա Բալթայանը, երգչուհիներ Ալիս Բաղդասարյանը, Բեատրիս Բոյաջյանը, Մարի Գրիգորյանը և ուրիշներ։

Ռումինիա խմբագրել

Ռումինիայում հայերը երաժշտության բնագավառում ունեցել են ակնառու հաջողություններ։ Ռումինացի երաժշտագիտության պատմության հիմնադիրը Ռումինիայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (1877 թվականից) հայազգի Թեոդոր Բուբանդան է, որը նաև ռումինացի առաջին երաժշտական բառարանի հեղինակն է և ազգային էթնոերաժշտագիտության հիմնադիրներից։ XX դարի նշանավոր կոմպոզիտորներից են Մաթեյ Սոկորը և Միհայիլ Ժորան։ XIX դարի 2-րդ կեսի հայտնի ջութակահարներ էին Արտաշես և Հովհաննես Պլղլյան եղբայրները։ Կատարողական արվեստում ավելի ուշ ճանաչվել են ջութակահար Կարպիս Ավագյանը, Վարուժան Կոգիկյանը, երգիչներ Արաքս Սվաճյանը, Կարպիս Զոբյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Շաքե Շիշմանյանը, Մագլեն Էքմեքչյանը, Էդուարդ Թումաճանյանը և ուրիշներ։ Ժամանակակից երաժշտության հայտնի դեմքերից են Աիդա Կարուգարյանուն, Հարրի Դավիղյանը։ Երաժշտագիտական աշխատություններ են գրել Միսիր Նիկոլաեն, Չոմակ Էմանուիլը և ուրիշներ։

Լեհաստան խմբագրել

 
Ստանիսլավ Մոնյուշկո

Լեհաստանում XVIII դարի սկզբից հայ հոգևոր երաժշտությունը կրել է լատինական և լեհական եկեղեցական երաժշտության ազդեցությունը. հայկական եկեղեցիներում տեղադրվել են երգեհոններ, երգչախմբերը դարձել են երկսեռ։ Լեհահայերի ընտանեկան խնջույքներն ու տոնակատարություններն ուղեկցվել են ազգային երգերով և պարերով։ XIX դարում հայերը մեծապես նպաստել են լեհական երաժշտության զարգացմանը։ Հանրաճանաչ էր կոմպոզիտոր Յոզեֆ Նիկորովիչը, որը գրել է մի շարք սոնատներ։ Նրա բազմաձայն խորալը դարձել է լեհ ժողովրդի օրհներգը։ Ֆրեդերիկ Շոպենի աշակերտն ու հետևորդն էր դաշնակահար, կոմպոզիտոր Կարոլ Միկուլին, իսկ կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոն (սերում էր Մաջարյանցների տոհմից) լեհական ազգային օպերայի հիմնադիրն է։

Իտալիա խմբագրել

Իտալահայ գաղթավայրում հայտնի անուններ են կոմպոզիտոր Ավետիս Նազարյանը, դիրիժոր Անջելո (Վահան) Էֆրիկյանը, երգիչներ Լյուսի Սևումյանը, Սեդա Բալուլյանը, Լիդա Գիրեյանը, Կարպիս Բոյաջյանը, դաշնակահարուհի և երգչուհի Մարի Բոդուրյանը, տավղահարուհի Շուշանիկ Միլտոնյանը (1968 թվականին հանդես է եկել Հայաստանում) և ուրիշներ։

Կանադա խմբագրել

Կանադայում հայկական երաժշտության պահպանման և զարգացման մեջ մեծ դեր են ունեցել հատկապես երգչախմբերն ու պարախմբերը, հայտնի են «Քնար» (1946 թ., Մոնրեալ), «Հայաստան» (1968 թ.), «Անի» (1975 թ., երկուսն էլ՝ Տորոնտո) երգչախմբերը, «Նուբար» (Մոնրեալ) պարախումբը, նաև խմբավարներ Երվանդ Ալեքսանյանը, Դավիթ Վարժապետյանը և ուրիշներ։ Մշակութային միջոցառումները տեղի են ունենում «Հայ տանը»։ Ճանաչված են կոմպոզիտորներ Պետրոս Շուժունյանը, Գևորգ Անտոնյանը, դաշնակահար Րաֆֆի Արմենյանը, Նորայր Արթինյանը, դիրիժոր Հարութ Ֆազլյանը, երգչուհի Անի Գութանը և ուրիշներ։

Իրաք խմբագրել

Իրաքում Միջին Արևելքի հռչակավոր երաժիշտներից էր ուդահար Սիսակ Ձարբհաևելյանը, որը նաև «Ուղի մեթոդ» ձեռնարկի հեղինակն է, գրել է «Արյան ուղիներով» (1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության մասին է) վեպը։ Ճանաչված են դաշնակահարուհի և մանկավարժ Բեատրիս Օհաննիսյանը, ջութակահարներ Հայկ Պալյանը, Ա. Պապուխյանը, Վարդան Մանուկյանը, Արամ Զառացյանը, երգիչ Արշավիր Աղաբաբյանը և ուրիշներ։ Երաժշտական խմբերից հայտնի են Բաղդադի Հայ Երիտասարդաց միության «Կոմիտաս», Կանանց, «Թարգմանչաց», «Սվաճյան» երգչախմբերը, ՀԲԸՄ «Սայաթ-Նովա» երգի-պարի անսամբլը, աշուղական խումբը և այլն։

Հունաստան խմբագրել

Հունահայ գաղթավայրում հայտնի են երգչուհի Արտա Սնդիկյանը, կիթառահարներ Հրաչ Ղուկասյանը և Հակոբ Քոլանյանը (երկուսն էլ հյուրախաղերով հանդես են եկել Երևանում), դաշնակահարներ Քրիստին Անի Թոկալդյանը, Անդրանիկ Ներսիսյանը և ուրիշներ։

Գերմանիա խմբագրել

Գերմանիայի Մյունխեն քաղաքում է ստեղծագործել դիրիժոր Ռոլֆ Ակոբը, որը համերգներով հանդես է եկել Եվրոպայի և Արևելքի մի շարք երկրներում։ 1965 թվականից Մյունխենում է ապրել նաև ջութակահար և կոմպոզիտոր Լյուդվիգ Բազիլը. գրել է ինքնատիպ մեներգեր ու խմբերգեր, հիմնել է «Մուզիքան» եռյակը։ Մեծ համբավ ունեն երգչուհի Լուիզա Պոզապալյանը (երգել է Մյունխենի և Համբուրգի օպերային թատրոններում), ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը, Սերգեյ Հովհաննիսյանը, դաշնակահար Արետ Բեկճյանը, թավջութակահար Կարո Աթմաճյանը և ուրիշներ։ Հայտնի են Քյոլնի «Էրեբունի» պարախումբը և «Նոր ձայն» նվագախումբը, Բեռլինի հայկական երգչախումբը և հայ եկեղեցական նվագախումբը, Մայնի Ֆրանկֆուրտի հայկական նվագախումբը (ղեկավար՝ Ժան Հախնազարյան)։

Ավստրիա խմբագրել

Ավստրիայում հանրաճանաչ են դաշնակահարներ Սեդա Դանիելը, Ավո Գույումջյանը, երգչուհիներ Սոնա Ղազարյանը, Հասմիկ Պապյանը և ուրիշներ։

Եգիպտոս խմբագրել

Եգիպտահայ երաժիշտները մեծ ներդրում ունեն ինչպես ազգային, այնպես էլ արաբական երաժշտարվեստում։ 1862 թվականին Մելիք Սերկերյանը՝ Կահիրեում, ապա Սամուել Խաչատրյանը Կահիրեում և Ալեքսանդրիայում հիմնադրել են կոնսերվատորիաներ։ XX դարի ամենավաստակաշատ կոմպոզիտորներից է Էդուարդ Հակոբյանը, ազգային ոգով աչքի են ընկնում նրա «Քնարական երգեր» (Ա. Իսահակյանի խոսքերով), «Քուչակյան տաղեր», «Սիրո երգեր» շարքերը։ Արժեքավոր են նաև «Հայկական պատարագի տաղեր և մեղեղիներ» (1963 թ.) և «Սրբազան տաղեր» (1980 թ.) ժողովածուները, ինչպես նաև «Սրբազան երգեր» ու «Ազգային հայրենասիրական և ազատագրական պայքարի երգեր» (երկուսն էլ՝ 1991 թ.) պրակները։ Կատարողական արվեստում հայտնի են դաշնակահարներ Աստղիկ Բաբլանյանը, Էոժեն Փափազյանը, Շաքե Իփեկյանը, ջութակահար Ժիրայր Քանթարջյանը, երգչուհիներ Հանրիետ Կարապետյանը, Անուշկան, ինչպես և «Ալեքսանյան», «Կոմիտաս», «Թաթուլ Ալթունյան», «Ազատ Մանուկյան» երգչախմբերը։

Բելգիա խմբագրել

Բելգիայում գործում է «Ամադեուս» երաժշտական հաստատությունը, որի նպատակը շնորհաշատ պատանիների ու աղջիկների մասնագիտական ուսումնառությունը կազմակերպելն է։ Ճանաչված են երաժիշտներ Սուրեն Քեշիշյանը, Սյուզաննա, Էմանուել և Անի Գույումջյանները, ջութակահարներ Դանիել Նազարյանը, Կարեն Հարությունյանը, Տիգրան Մահտեսյանը, երաժշտագետներ Հայկ Քալանթարյանը, Պետրոս Ալահայդոյանը և ուրիշներ։

Կիպրոս խմբագրել

 
Տիգրան Համասյան

Կիպրոսի երաժշտական մշակույթում մեծ ներդրում ունի Բարսեղ Կանաչյանը (Մելգոնյան վարժարանում հիմնել է երգչախումբ), ճանաչված են ջութակահար- խմբավարներ Վարդան Բեդելյանը, Ա. Ոսկանյանը, խմբավար Սեպուհ Աբգարյանը, դաշնակահարուհիներ Ք. Կեպեն։ Ջութակահար Սերգեյ Խաչատրյան (ծ. 1985 թ., Գերմանիա), դաշնակահար Տիգրան Համասյան (ծ. 1987 թ., ԱՄՆ) «Չիլինկիրյան» քառյակը (1971 զ, Ձախից առաջինը հիմնադիր-ղեկավար՝ Լևոն Չիլինկիրյան, Լոնդոն) 1945 Ս. Բեդելյանը, մանդոլինահար Զավեն Մաքսուդյանը և ուրիշներ։

Անգլիա խմբագրել

Անգլահայ երաժշտարվեստում ճանաչված է ջութակահար Մանուկ Բարիքյանը. նվագել է առաջնակարգ նվագախմբերի հետ՝ Հերբերտ ֆոն Կարայանի, Արտուրո Տոսկանինիի և ուրիշների ղեկավարությամբ։ Այցելել է Հայաստան (1962, 1965 թթ.)։ Անվանի ջութակահար է նաև Մ. Բարիքյանի քրոջ որդին՝ Լևոն Չիլինկիրյանը, որը Լոնդոնում ստեղծել է «Չիլինկիրյան» քառյակը (1971 թ.)։ Մ. Բարիքյանի սաներից է Հարություն Բեդելյանը։ Հայտնի են նաև «Վարդուկյան» քառյակը, երգիչ Խաչատուր Փիլիկյանը և ուրիշներ։

Ուրուգվայ խմբագրել

Ուրուգվայի մշակութային կյանքն աշխուժացնում են «Կոմիտաս» (1935 թ.), «Կռունկ» երգչախմբերը, «Գայանե» (ղեկավար՝ Ռոսա Չաքճյան), «Շիրազ» (ղեկավար՝ Գևորգ Սերոբյան) պարախմբերը, «Երևան-50», «Արամ Խաչատրյան» (ղեկավար՝ ջութակահար Արսեն Մոմջյան) նվագախմբերը, նաև դաշնակահարներ Մարտիրոս Բայասլյանը, Քնարիկ Բեկլիկյանը, ջութակահար Ավետիս Կարամանուկյանը, երգիչներ Կարպիս Գրագիրյանը, Պարգև Ավշարյանը, Աղասի Սանթուրյանը, Հակոբ Բոյաջյանը և ուրիշներ։

Շվեյցարիա խմբագրել

Շվեյցարահայ գաղութը հարուստ ավանդույթներ ունի երաժշտարվեստում։ 1907 թվականին տարբեր քաղաքներում համերգներով և դասախոսությունեներով հանդես է եկել Կոմիտասը։ Երաժշտական կյանքում մեծ ավանդ ունեն դաշնակահարուհիներ Հեղինե և Եվգինե Ադամյան քույրերը։ Ժնևում է ստեղծագործել նշանավոր դաշնակահար և կոմպոզիտոր Ստեփան Էլմասը, որը Ֆերենց Լիստի սաներից էր։ Հայտնի են նաև դաշնակահար-դիրիժորներ Ալեքսանդր Սիրանոսյանը, Լուկ Արամ Բաղդասարյանը (հանդես է եկել նաև Երևանում), երգչուհի և կոմպոզիտոր Սիրվարդ Գազանճյանը, երգիչներ Գևորգ Բոյաջյանը, Հայ Վարդանը։ Գործում են «Անի» պարախումբը և «Արաքս» երգչախումբը։

Թիֆլիս խմբագրել

Թիֆլիսը XVIII դարի սկզբից հայ երաժշտական մշակույթի կենտրոն էր, որտեղ կազմավորվել է վիրահայ աշուղական դպրոցը՝ Սայաթ-Նովա, Շամչի Մելքո, Բուդաղ Օղլան, Քիչիկ-Նովա, Ֆրեյդուն, Հազիր և ուրիշներ։ Կյանքի վերջին շրջանում Թիֆլիսում է ստեղծագործել նաև Ջիվանին։ XIX դարի վերջին-XX դարի սկզբին նկատելիորեն զարգացել է հայ պրոֆեսիոնալ երաժշտությունը։ 1885 թվականին հայկական առաջին խմբերգային համերգով հանդես է եկել Քրիստափոր Կարա-Մուրզան։ Հիմնադրվել են երաժշտական դպրոց (1876 թ.), ուսումնարան (1886 թ.), Ներսիսյան դպրոցում ստեղծվել են երգչախմբեր (ղեկավար՝ Մակար Եկմալյան), համերգային կյանքի աշխուժացմանը նպաստել են Գենարիոս Ղորղանյանը և Վասիլ Ղորղանյանը։ 1907 թվականին ստեղծվել է Արևելյան երաժշտական ընկերությունը, 1912 թվականին՝ Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերությունը, 1917 թվականին՝ Հայոց երգչախմբային ընկերությունը, 1919 թվականին՝ հայ երաժիշտ-տեսաբանների «Կոմիտաս» ընկերությունը։ Թիֆլիսում են ստեղծագործել նշանավոր երաժիշտներ Արշակ Ադամյանը, Կարո Զաքարյանը, Ազատ Մանուկյանը, Վանո Մուրադելին, Անուշավան Տեր-Ղևոնդյանը, Վարդգես Տալյանը, Միքայել Միրզայանը, Վաչե Ումր-Շատը, Բեգլար Ամիրջանյանը, Սաշա Օգանեզաշվիլին և ուրիշներ։ «Հայաստան» երաժշտական մասնաճյուղին (հիմնադիրներ՝ Արմեն Տիգրանյան, Սարգիս Բարխուդարյան, նախագահ՝ Ռոմանոս Մելիքյան) կից ստեղծվել է մանկավարժական ստուդիա (1927 թվականից՝ ուսումնարան)։ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում են աշխատել երգիչներ Լևոն Իսեցկին, Հայկանուշ Դանիելյանը, դիրիժորներ Դմիտրի Շիկանյանը, Սուրեն Չարեքյանը, պարուհի Լյուբով Վոինովա-Շիկանյանը և ուրիշներ։

Բաքու խմբագրել

Բաքուն XIX դարի վերջից հայ մշակույթի կենտրոններից էր, որտեղ հայ երաժշտական կյանքում կարևոր դեր են ունեցել աշուղները։ Հայտնի աշուղներ Փարսին (XVI դար), Դոնին (աշուղների ուսուցիչը, XVIII դար), Ղազարը (XIX դար) երգել են թուրքերեն և մասնակցել աշուղական մրցույթներին։ XIX դարում ապրել և հայերենով ստեղծագործել է աշուղ Սեյադը (Պետրոս Մադաթյան)։ 1885 թվականին Բաքվում իր երգչախմբով ելույթ է ունեցել Քրիստափոր Կարա-Մուրզան, 1886 թվականին Մակար Եկմալյանը հայկական եկեղեցում ղեկավարել է իր «Պատարագը», 1908 թվականին դասախոսություններով և համերգով ելույթ է ունեցել Կոմիտասը։ Կոմպոզիտոր Անտոն Մայիլյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ հրատարակվել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը (1910-1917 թթ.)։ 1920-ական թվականներին կազմակերպել է բանվորական առաջին երգչախմբերը, մանկական երաժշտաթատերական ստուդիան՝ հայկական և ադրբեջանական բաժանմունքներով, ելույթներ ունեցել համերգներով։ Երկար տարիներ Բաքվում է ստեղծագործել կոմպոզիտոր և խմբավար Ստեփան Դեմուրյանը. ղեկավարել է բազմաթիվ դպրոցներ, երգչախմբեր, հանդես եկել համերգներով։ 1934-1938 թվականներին Բաքվի կոնսերվատորիայի տնօրենը կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղևոնդյանն էր։ Բացվում է ապրել և ստեղծագործել կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևը։ Թառահարներից և քամանչահարներից հայտնի են Բալա Մելիքովը, Գրիգորի տղա Մելիքովը, Արսեն Յարամիշևը, Արշակ Սողոմոնովը, Վաղո Մելքումովը, Թադևոս Հարությունյանը, Սողոմոն Սեյրանյանը, Լևոն Կարախանը, Ս. Օգանեզաշվիլին և ուրիշներ։ Վերջինս հիմնադրել է Բաքվի Արևելյան երաժշտության առաջին դասընթացները (1914 թ.)։ Կոմպոզիտոր Ավանես Ավանեսյանը Բաքվում կազմակերպել և ղեկավարել է ադրբեջանական ժողովրդական գործիքների պետական առաջին (1920 թ.), հիմնադրել կանանց ժողովրդական գործիքների (1925 թ.) նվագախմբերը, դասավանդել է երաժշտական տեխնիկումում։

Ղրիմ խմբագրել

Ղրիմի հայերը մեծ ներդրում ունեն հայ երաժշտության մեջ։ Հայկական ժողովրդական երգերի առաջին ձեռագիր ժողովածուն կազմել է Խաչգռուզը, որի շնորհիվ XVI-XVII դարերում տարածվել են հայկական ժողովրդական երգերը։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանն ապրել և ստեղծագործել է Ղրիմում, այնտեղ է գրել իր լավագույն գործերից մի քանիսը («Ղրիմի էսքիզներ», «Երեք արմավենի», «Առ Հայաստան» և այլն)։ Ղրիմահայ կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզան առաջինն է սկսել հայկական ժողովրդական երգերի հավաքման, ձայնագրման և քառաձայն մշակման գործը, իսկ Անդրեաս Քաղցածյանը մեծ ներդրում ունի նոտագրման ոլորտում։ Վերջինս նաև մանկավարժական գործունեություն է ծավալել Ղարասուբազարում, Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում։ Երաժիշտ-մանկավարժներ էին նաև Հ. և Մ. Ուզունյանները, Գաբրիել, Մելքոն և Մարտիրոս Նալբանդյանները, Կ. Խանբեկյանը, Հովհաննես Նալբանյանը (նաև՝ ջութակահար)։

Ֆրանսիա խմբագրել

Ֆրանսիան սփյուռքահայ երաժշտարվեստի զարգացման գլխավոր կենտրոններից է։ Ելնելով տեղի ազգային կյանքի առանձնահատկություններից՝ այստեղ մասնավորապես կոմպոզիտորները միաժամանակ ծավալել են խմբավար-կատարողական, երաժշտագիտական և գրական-հասարակական գործունեություն։ Դաշնակահար Վահրամ Սվաճյանը գրել է դաշնամուրային պրելյուդներ, նոկտյուռններ, բազմաթիվ ռոմանսներ և այլ գործեր։ Կոմպոզիտոր և ջութակահար Օնիկ Պերպերյանը հայտնի է հատկապես սիմֆոնիկ երաժշտության ոլորտում։ Վարդան Սարգսյանը Մարսելում կազմակերպել է Հայ երաժշտական միությունը, Փարիզում ղեկավարել «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը։ Կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահի ինքնատիպ ստեղծագործությունն աչքի է ընկնում բացառիկ երգայնությամբ. իր մեղեդիներին բնորոշ արևելյան երանգն ու իմպրովիզացիան համադրել է հայկական հոգևոր և բուն ժողովրդական երաժշտության տարրերի հետ։ Ա. Դարբինյանի գործերից ուշագրավ են «Նոր երգեր» շարքը (շուրջ 30 մեներգ և 20-ից ավելի խմբերգեր, խոսք՝ Ա. Իսահակյանի, Վ. Տերյանի, Պ. Դուրյանի և ուրիշների)։

Սիմֆոնիկ երկերից են՝ «Կովկասյան սիմֆոնիա», «Գեղջկական համերգ» և այլն։ Կոմպոզիտոր և երգեհոնահար Րաֆֆի Ուռկանճյանը գրել է 3 պիես՝ շեփորի և թավջութակի համար, «Մահվան երգը» (ըստ Ֆ. Գառնիեի)՝ ֆլեյտայի, ալտի և տամ-տամի, «Վարիացիաներ»՝ երգեհոնի համար և այլն։ Ավետիս Մեսումենցն ստեղծել է 4 սիմֆոնիա, 3 օպերա, բալետ, 3 օպերետ, կամերային երկեր, մեներգեր ու խմբերգեր։ Ժորժ Կառվարենցը գրել է երգեր (հիմնականում՝ Շ. Ազնավուրի խոսքերով՝ «Փարիզի կամուրջները», «Սերը», «Լույսը» և այլն) և կինոերաժշտություն («Երկնային ամպրոպ», 1965, «Սամարղանդ», «Թեհրան-43», 1981, և այլ ֆիլմերի համար)։ Իր երաժշտության հայկական շնչով հայտնի է կոմպոզիտոր Միշել Լեգրանը։

Ֆրանսահայ կատարողական արվեստը բազմազան է ժանրերով, կատարման եղանակներով, ազգային ու օտար երկացանկով։ Գաղթավայրի երաժշտական կյանքում առանձնանում է Արմենակ Շահմուրադյանի արվեստը. Կոմիտասի ազգային երգարվեստի սկզբունքները նա ամրապնդել է նաև ֆրանսահայ երաժշտության մեջ։ Հիշարժան է Մարգարիտ և Շուշանիկ Բաբայանների գործունեությունը. Մարգարիտը ճանաչված երգչուհի էր և լավագույն մանկավարժներից։ Շուշանիկը մշտապես մասնակցել է Կոմիտասի կազմակերպած համերգներին՝ մասնավորապես մեկնաբանելով նրա դաշնամուրային պարերը։

Ֆրանսիայի օպերային թատրոններում են երգել Ա. Գավուքչյանը, Թ. Թումանովան, Հ. Թորոսյանը, Ա. Քարրոն (Մուրադ Ամիրխանյան) և ուրիշներ։ Ժիրայր Սերգոյանը մոտ 30 տարի երգել է Փարիզի «Գրանդ օպերայում»։ Ս. Նիկողոսյանը կատարել է 20-ից ավելի օպերային դերերգեր, նրա համերգային ծրագրերում ընդգրկված են եղել նաև հայկական երգեր։ Ճանաչված են երգչուհիներ Ծ. Տեր-Պետրոսյանը, Ալիս Շահմիրյանը, Լին Դուրյանը, դաշնակահարներ Րաֆֆի Պետրոսյանը, Մարգարիտ Միրիմանովան, Անի Կասեր-Ղազարյանը, Էժենի Ալեսյանը, Ա. Աճեմյանը, Ա. Մանուկյանը, դիրիժորներ և խմբավարներ Ա. Սիրանոսյանը, Կ. Ափրիկյանը, Գ. Յամբեկյանը, թավջութակահար Ն. Ալալեմճյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերգերյանը, Ի. Միրիմանովան և ուրիշներ։

Էստրադայում համաշխային ճանաչում ունի Շառլ Ազնավուրը. իր արվեստում օգտվել է ֆրանսիական շանսոնի արտահայտչամիջոցներից, ներդրել է նաև տարրեր հայ միջնադարյան տաղերից և Սայաթ-Նովայի ասերգական ոճից։ Հայտնի են նաև Աիդա Ազնավուրյանը, Սիլվի Վարդանը, Մարթեն Յորգանցը, Ռոզի Արմենը, Ժ. Դուվալյանը, Լ. Սարյանը, Ա. Սարգիսը, Գ. Գնթունին, Պատրիկ Ֆիորին, Ե. Ալթունյանը և ուրիշներ։

Ֆրանսիական ջազում ճանաչված են Գ. Քելեկյանը, Ս. Մալումյանը, Ա. Էքյանը, ռոքնռոլում՝ Դ. Ժերարը։

Ֆրանսիայում գործում են «Սիփան-Կոմիտաս», «Կոմիտաս», «Սահակ-Մեսրոպ», «Սայաթ-Նովա», «Ակն», «Գարուն» (մանկական) և այլ երգչախմբեր, նաև «Քատրա»-ն (Հայ արվեստի զարգացման միություն), Ա. Խաչատրյանի երաժշտական հիմնադրամը։ Պարախմբերից հայտնի են «Կալինկան», «Հայկական կովկասյան պարախումբը», «Նավասարդը», պարողներից՝ Ա. Վարգասը, Ա. Թարոնը, Գ. Մոմճյանը, Ա. Ավետիսյանը, Է. Բոլիկյանը և ուրիշներ։

Կոստանդնուպոլիս խմբագրել

Կոստանդնուպոլիսը հայկական ազգային երաժշտարվեստի զարգացման, միջնադարյան նշանակալի ձեռքբերումների վերածնման և պահպանման ինքնատիպ կենտրոններից էր։ Այստեղ է ստեղծվել հայ նոր նոտագրությունը (Հ. Լիմոնճյան, 1813-1815) և գրառվել ինչպես ժողովրդական, այնպես էլ հոգևոր (Ն. Թաշճյան) երաժշտության նմուշներ։ Կոմպոզիտոր և դիրիժոր Կարապետ Փափազյանի ջանքերով ստեղծվել են 1-ին երաժշտական խմբերը, որի շնորհիվ զգալիորեն բարձրացել է երաժշտության դերն օսմանյան և հատկապես արևմտահայ հասարակության մեջ։

1850-1860-ական թվականներին հայկական երաժշտության առաջընթացին նպաստել են «Քնար արևելյան» և «Քնար հայկական» (1862) երաժշտական ընկերությունները։ Կ.Պոլսում է ստեղծագործել կոմպոզիտոր և դիրիժոր Տիգրան Չուխաճյանը, որը հայ դասական երաժշտարվեստի ամենախոշոր ներկայացուցիչներից է, հայ օպերային արվեստի հիմնադիրը. գրել է «Արշակ Երկրորդ» (հայկական առաջին օպերան), «Արիֆի խորամանկությունը», «Քեոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա», «Զեմիրե», «Ինդիանա» օպերաները, հայկական առաջին ռոմանսները, դաշնամուրային և սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Սինանյանների տոհմը նշանակալի ավանդ ունի սփյուռքահայ երաժշտության մեջ, իսկ տոհմի նահապետը՝ Գրիգոր Սինանյանը, արևմտահայ երաժշտական մշակույթի հիմնադիրներից է։ Սինանյանների երաժշտական ընտանիքը Կ. Պոլսում հիմնադրել է (1861) Սինանյան նվագախումբը։

Կոմպոզիտոր Էդգար Մանասի ստեղծագործության մեջ առանձնանում է «Պատարագը», հեղինակ է նաև սիմֆոնիայի, օրատորիայի, դաշնամուրային պիեսների և այլ գործերի։ Պոլսահայ երաժշտական մշակույթի երևելի դեմքերից էր կոմպոզիտոր և դաշնակահար Գոհարիկ Ղազարոսյանը. ստեղծել է մեներգեր, խմբերգեր, դաշնամուր. պրելյուդներ և պիեսներ, բալետ և այլ գործեր։ Ս. Գարամանուկյանի արժեքավոր գործերից են «Ընտիր երգերը» և «Մանկական երգերը»։ Հայկ Կյուտենյանի ստեղծագործության մեջ ուշագրավ են ջութակի, ալտի, ձայնի, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրած երկերը. նա նաև վիրտուոզ ջութակահար էր։ Հայտնի են նաև կոմպոզիտորներ Հարությունը, Տ. Ալեքսանյանը, Ա. Բոյաջյանը և ուրիշներ։ Հովհաննես Աճեմյանը Կ. Պոլսի առաջին պրոֆեսիոնալ երգիչներից էր. հանդես է եկել հիմնականում Տ. Չուխաճյանի օպերաներում։ Մարի Լուիզ Գարագաշը երգել է նաև Միլանի «Լա Սկալա» և Փարիզի օպերային թատրոններում։ Կ. Պոլսի պետական օպերային թատրոնի մեներգչուհի Ա. Քիթապճյանը բազմաթիվ ելույթներ է ունեցել Վիեննայում, Ցյուրիխում, Փարիզում, Երուսաղեմում և այլուր։ Հայտնի են դաշնակահարներ Վ. Մազլումյանը, Մ. Ոսկանը, Ա. Գավաֆյանը, երգեհոնահար Ա. Գավաֆյանը, ջութակահարներ Հ. Հանեսյանը, Բ. Աթմաճյանը, Պ. Սինանյանը և ուրիշներ։ Կ. Պոլսի երգչախմբերից են «Կոմիտասը», «Նարեկացին», «Լուսավորիչը», «Դուրյանը», «Սայաթ-Նովան» և այլն։

Թուրքիա խմբագրել

Թուրքիայում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի կեսերին վերածնվել է հայկական երաժշտահասարակական կյանքը. հրատարակվել են երգերի ժողովածուներ և երաժշտական պարբերություններ (Գ. Երանյան, Ա. Հովհաննիսյան, Ե. Տնտեսյան), ստեղծվել երաժշտության դասագրքեր։ Աշխուժացել է նաև համերգային կյանքը. աշուղների, մենակատար երաժիշտների կողքին ստեղծվել են գործիքային անսամբլներ և սիմֆոնիկ նվագախմբեր, գրվել ազգային հայրենասիրական երգեր։ Մինչև դասական բալետի մուտքը արևելյան պարերով հանդես են եկել հայ կատարողները. 1890-ական թվականներին հայտնի էր պարուհի Շամիրամ հանըմը։ Թուրքական և հայկական ներկայացումներում պարել է Զիպան (Վիկտորիա Խաչիկյան)։ 1950-ական թվականներին արևելյան պարերով հանդես է եկել Ն. Մոնղոլը (Ա. Սիմոնյան)։ Թուրքիայում բալետի սկզբնավորումը կապվում է պարուսույց Լ. Արզումանյանի անվան հետ։ Ճանաչված են բալետի պարողներ Ե. Նանասովան, Ա. Գևորգյանը, Ն. Պալը, Օ. Կառվարյանը, Թոթոն (Ի. Ֆելեքյան), Ս. Լիրը (Քնարյան), Հ. Շահինյանը, Դ. Ասլանյանը, բալետմայստերներ Մ. Էպեյանը, Գ. Շապճնը (Շապճյան) և ուրիշներ։

Ռուսաստան խմբագրել

Ռուսաստանում կարևոր կրթօջախներ են եղել Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Մոսկվայի և Ս. Պետերբուրգի կոնսերվատորիաները, որտեղ սովորել են նաև հայ երաժիշտներ՝ երգիչներ Սոֆյա Ակիմովան, Նադեժդա Պապայանը, Բեգլար Ամիրջանյանը, Մագդալենա Գենջյանը, Ա. Կոստանյանը, ջութակահար Հ. Նալբանդյանը և ուրիշներ։

19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին Ք. Կարա-Մուրզան, Ա. Սպենդիարյանը, Մ. Եկմալյանը, Ռոմանոս Մելիքյանը, Գ. Սյունին, Նիկողայոս Տիգրանյանը և ուրիշներ օգտագործել են ռուսական օպերային ստեղծագործության փորձը։ Կոմպոզիտորներ Ն. Կլենովսկին, Ե. Իպպոլիտով-Իվանովը և ուրիշներ ձայնագրել, մշակել և իրենց երկերում օգտագործել են հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական և գուսանական երգեր։ Ռուս բանաստեղծների խոսքերով վոկալ ստեղծագործություններ են գրել Գ. Ղորղանյանը և Ա. Սպենդիարյանը։ Այդ շրջանում Ռուսաստանի և Եվրոպայի տարբեր երկրների բեմերում հանդես են եկել երգիչներ Ն. Պապայանը, Տիգրան Նալբանդյանը, Ա. Շահմուրադյանը, Մ. Բաբայանը, Բ. Ամիրջանը, Կոնստանտին, Հովհաննես, Նունե և Մարո Կորգանովները, դաշնակահարներ Ս. Էլմասյանը, Կարել Միկուլին, Ադամյան քույրերը, դիրիժոր Ալեքսանդր Ասլանովը (1912-1918 թվականներին ղեկավարել է Ս. Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախումբը), ջութակահարներ Դ. Դավթյանը, Հ. Նալբանդյանը և ուրիշներ։

Մոսկվայի հայ մշակույթի տան (1921) երաժշտական ստուդիան մեծապես նպաստել է հայ երաժշտության տարածմանը և կադրերի պատրաստմանը. այստեղ են սովորել կոմպոզիտորներ Ա. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը, Է. Միրզոյանը, Է. Բաղդասարյանը, Ա. Խուդոյանը, բալետմայստերներ Մ. Մարտիրոսյանը, Ա. Ղարիբյանը, բալետի արտիստներ Թ. Գրիգորյանը, Վ. Խանամիրյանը, երգիչներ Ս. Դավթյանը, Ս. Գալստյանը և ուրիշներ։ 1910-1916 թվականներին գործել է Մոսկվայի հայ խմբերգային ընկերությունը (հիմնադիր՝ Ե. Բաղդասարյան), 1922 թվականին ստեղծվել է Հայ երաժշտական կոլեկտիվը (նախագահ՝ Գևորգ Բուդաղյան)։ 1924 թվականին կազմակերպվել է լարային քառյակը (1932 թվականից՝ Կոմիտասի անվան), որն իր գործունեությունը շարունակում է Երևանում։ Քառյակի հետ ելույթներ են ունեցել դաշնակահարներ Ս. Ռիխտերը, Է. Գիլելսը, կոմպոզիտոր, դաշնակահար Դ. Շոստակովիչը և ուրիշներ։

Մոսկվայում են ստեղծագործել դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, կոմպոզիտորներ Ա. Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը, Դավիթ Թուխմանովը, Արամ, Կարեն և Էմին Խաչատրյանները, Սերգեյ Բալասանյանը, Էդուարդ Խաղագորտյանը, Ալեքսանդր Փիրումովը, Գեորգի Գարանյանը, երգիչներ Պավել, Ռուզան, Կարինե և Ռուբեն Լիսիցյանները, Զ. Դոլուխանյանը, Սարատովի, Սվերդլովսկի օպերային թատրոններում է երգել Լ. Իսեցկին։ Ռուսաստանում են ապրել և ստեղծագործել Ն-Շ. Սիմոնյանը, Ա. Մնացականյանը, Ա. Աղաբաբովը և ուրիշներ։ Ռուսական էստրադայի երգիչներից են Ի. Սարուխանովը, Ռ. Բաբայանը, Ի. Օտիևան, Ի. Ալեգրովան, Վ. Դոբրինինը և ուրիշներ։

Ուզբեկստան խմբագրել

Ուզբեկստանում է ծնվել ու ստեղծագործել երգչուհի և պարուհի Թամարա Խանումը, որի երկացանկում եղել են աշխարհի ժողովուրդների երգեր ու պարեր։ Հայտնի է եղել նաև երաժշտական գործիքների վարպետ Ս. Պետրոսյանցը, որը կատարելագործել է ուզբեկական ժողովրդական գործիքները, պատրաստել նորերը։

Թուրքմենստան խմբագրել

Թուրքմենստանում ազգային պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման մեջ մեծ դեր ունեն հայ երաժիշտները։ Աշխաբադի երաժշտական ընկերության (1893) հիմնադիրներից է Մ. Նասիբյանցը։ Կոմպոզիտոր Գ. Բեդրոսովը գրել է թուրքմենական պարային երաժշտություն։ Գ. Առաքելյանը հիմնադրել և ղեկավարել է թուրքմենական առաջին սիմֆոնիկ նվագախումբը, մշակել ժողովրդական մեղեդիներ կամերային և ժողովրդական գործիքների անսամբլների համար։ Ա. Շապոշնիկովը (Փափախչյան) թուրքմենական պրոֆեսիոնալ երաժշտարվեստի հիմնադիրներից է, առաջին ազգային և այլ օպերաների հեղինակ։ Ջութակահար և դիրիժոր Դ. Ախշարումովը կրթել է բազմաթիվ բարձրակարգ երաժիշտ-կատարողների։

Գրականություն խմբագրել

  • Բրուտյան Ց., Սփյուռքի հայ երաժիշտներ, Ե., 1968։
  • Բրուտյան Ց., Սփյուռքահայ երաժշտական մշակույթը, Ե., 1982:
  • Բրուտյան Ց., Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները, Ե., 1996։
  • Ասատրյան Ա., Երաժշտություն. Սփյուռքահայ մշակույթը XX դարում, տես Հայոց պատմություն, հ. 4, Ե., 2016, էջ 571–576:
  • Ասատրյան Ա., Լիբանանահայ երաժշտություն. Արուսյակ Այնթապլյան, Ե., 2012:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։