ԵՊՀ Արաբագիտության ամբիոն

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոն, Հայաստանի արաբագիտության ոլորտում հիմնադիր և առաջատար գիտակրթական հաստատություն։ 1992 թվականից սկսած այն անմիջական մասնակցությունն է ունեցել Հայաստանի և արաբական աշխարհի մի շարք երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատմանը։ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և Իրաքում Հայաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների բացմամբ նոր թափ է հաղորդվում արաբական երկրների հայկական սփյուռքի և մայր հայրենիքի հետ կապին։ Այդ պետական մարմիններում աշխատել և աշխատում են ամբիոնի դասախոսներն ու շրջանավարտները։

ԵՊՀ Արաբագիտության ամբիոն
YSU-BatimentCentral.jpg
ՖակուլտետԱրևելագիտություն
ԲուհԵՊՀ
Միջազգային անվանումDepartment of Arabic Studies, YSU
Հիմնադրված է1991
Ամբիոնի վարիչՀայկ Քոչարյան
ՀասցեՀայաստան, 0025,
ք.Երևան,
Ալեք Մանուկյան, 1
Կայքպաշտոնական կայք
Էլփոստarabgit@ysu.am

Հայ արաբագիտության բնագավառում ակադեմիական ավանդույթների առաջացումը, մասնագիտական կադրային բազայի ձևավորումն ու զարգացումը համալսարանում՝ ընդհուպ մինչև 1992 թվականի ամբիոնի հիմնադրում, կապված են արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վարիչ, 1977-1993 թվականների արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մերի Քոչարի անվան հետ։ Նրա հետ արաբագիտության ամբիոնի՝ որպես ԵՊՀ-ի գիտահետազոտական և մշակութային կենտրոնի հիմնադրումը իրականացրել են բանասիրական գիտությունների թեկնածու, իսլամագետ Դավիթ Հովհաննիսյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Սամվել Կարաբեկյանը։

2009 թվականից ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Տոնիկյանը։ Արաբագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում մեծ թիվ են կազմում արտասահմանում վերապատրաստված մասնագետները։ Նրանցից ոմանք թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել արտասահմանում և նպաստել այդ երկրների համալսարանների ու ԵՊՀ արաբագիտության ամբիոնի կապերի հաստատմանն ու ուժեղացմանը։ ԵՊՀ արաբագետները Երևանի տարբեր համալսարաններում նպաստել են արաբագիտության զարգացման այլ կենտրոնների հիմնադրմանը։

Ամբիոնի գիտակրթական գործունեության ոլորտը ներառում է ոչ միայն արաբերենի դասավանդումը, այլև արաբագիտության բոլոր հիմնական ուղղությունները՝ արաբական և սեմական լեզվաբանությունը, արաբական մշակույթն ու պատմությունը, իսլամագիտությունը, արաբական գրականությունը, ժամանակակից տարածաշրջանային խնդիրների ուսումնասիրությունը։ Ամբիոնում արաբագիտությանը զուգահեռ զարգանում է նաև եբրայագիտությունը, որով զբաղվում են աշխարհի ընդամենը 40 երկրներում։ ԵՊՀ արաբագիտության ամբիոնը զարգացնում է միջմշակութային կապերը և մասնագիտական փոխանակման գործընթացը ինչպես ԱՊՀ ու արաբական երկրների, այնպես էլ՝ Եվրոպայի, Ամերիկայի ու Ռուսաստանի համալսարանների հետ, որտեղ ամբիոնի շրջանավարտները շարունակում են իրենց հետագա ուսումը։

Երևանի պետական համալսարանի հիմնադրումը։ Արևելագիտությունը համալսարանում խմբագրել

 
Գևորգ Ասատուր
 
Հրաչյա Աճառյան

Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919 թվականի մայիսին։ Տեղակայված էր Երևանի Աստաֆյան, այժմ՝ Աբովյան փողոցի վրա գտնվող Ուսուցչական սեմինարիայի շենքում։ Հայաստանի Հանրապետության իշխանության տարիներին համալսարանում գործում էր 2 ֆակուլտետ՝ հասարակագիտական և բնագիտական։ Խորհրդային իշխանության առաջին տարում՝ 1921 թվականին բացվեցին ևս 3 ֆակուլտետ, այդ թվում՝ արևելագիտության ֆակուլտետը, սակայն շուտով կրկին միանում բանասիրության ֆակուլտետին։

Երևանի պետական համալսարանում արևելագիտության առաջին դասընթացները դասավանդվել են պատմաբանասիրության ֆակուլտետում։ Արևելագիտության առաջին դասախոսը գրականագետ և արևելագետ Գևորգ Ասատուրն էր(1868-1937), ով 1921 թվականին աշխատանքի է հրավիրվում որպես վրացերենի և Արևելքի գրականության դասախոս։ 1923 թվականին հռչակավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը (1876-1953) սկսում է արևելյան լեզուների դասավանդումը՝ պարսկերեն, սանսկրիտ։

1921 թվականին Մոսկվայում փակվում է 1815 թվականին Հովհաննես Լազարյանի հիմնադրած Արևելյան լեզուների ճեմարանը։ Արևելագետները աշխատանքի են անցնում Մոսկվայի, Լենինգրադի համալսարաններում, իսկ մի մասը գալիս են Հայաստան և մեծ ավանդ ներդնում հայ արաբագիտության զարգացման մեջ։ Արևելագիտության զարգացմանը նպաստել է 1922-1936 թվականներին Մերձավոր Արևելքի երկրներից՝ Իրանից, Հունաստանից, Թուրքիայից, Սիրիայից, Լիբանանից ու Եգիպտոսից Խորհրդային Հայաստան կատարված հայրենադարձությունը։

Նրանք սկսում են համատեղ բեղմնավոր աշխատանք ծավալել 1940 թվականին Հրաչյա Աճառյանի հիմնած արևելյան բանասաիրության ամբիոնում՝ դասավանդելով պարսկերեն և արաբերեն։

Արևելագիտության ֆակուլտետի հիմնումը։ Հայ արաբագիտության զարգացումը խմբագրել

Հետպատերազմյան շրջանում հայազգի խոշորագույն արևելագետները ձեռնամուխ են լինում Հայաստանում արևելագիտության զարգացմանը։ Նրանք էին կովկասագետ և արևելագետ Հովսեփ Օրբելին, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր արաբագետ Արամ Տեր-Ղևոնդյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր իրանագետ Գեորգի Նալբանդյանը։ Հովսեփ Աբգարի Օրբելին (1887-1961) ծնվել է Քութայիսում՝ միջին ազնվական հայ ընտանիքում։ Ավարտելով Թիֆլիսի գիմնազիան՝ 1904 թվականին ընդունվում և 1911 թվականին ավարտում է Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ Գիտական ուսումնասիրություններ է կատարել Անիում՝ ճարտարապետ Թորոս Թորամանյանի հետ, ինչպես նաև Արցախի Խաչեն գավառում։ 1934-1951 թվականներին Լենինգրադի Էրմիտաժի տնօրենն էր։ 1943 թվականին մի խումբ հայ ակադեմիկոսների հետ հիմնադրում է գիտությունների ազգային ակադեմիան։

Արամ Նահապետի Տեր-Ղևոնդյանը (1928-1988) ծնվել է Կահիրեում՝ Մարաշից Եգիպտոս գաղթած հայկական ընտանիքում։ Քսան տարին չբոլորած՝ նա հայրենիք է վերադառնում, 1954 թվականին ավարտում ԵՊՀ արևելյան բանասիրության ամբիոնը, 1957 թվականին պաշտպանում թեկնածուական թեզը Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում։ Հայերենով, ռուսերենով և ֆրանսերենով հրատարակում է գրքեր ու հոդվածներ, որոնցից առաջինը կոչվում էր Արաբական Ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, որ լույս էր տեսել 1965 թվականին ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Գիտնականի անունն է կրում արաբագիտության ամբիոնի գրադարանը։

Գեորգի Մկրտչի Նալբանդյանը (1926-1998) ծնվել է Չիտայում՝ ԽՍՀՄ Հեռավոր Արևելքում։ 1951 թվականին ավարտել է ԵՊՀ արևելյան բանասիրության ամբիոնը, 1952 թվականից սկսել դասավանդել։ 1968 թվականին, որպես առանձին կառույց, հիմնադրվում է Արևելագիտության ֆակուլտետը, և նա դառնում է առաջին դեկանը (1968-1973), իսկ դրանից հետո՝ մինչև կյանքի վերջը՝ իրանագիտության և քրդագիտական բանասիրության ամբիոնների վարիչ։ Լույս է տեսել Նալբանդյանի «Պարսից լեզվի քերականությունը» (1980), «Պարսկերեն-հայերեն բառարանը» (1987)։ Պարսկերեն է թարգմանել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (1984) և Եզնիկ Կողբացու «Եղծ ադանդոցը» (1989)։ Կազմել է պարսկերենի դասագրքեր՝ պարսկական թեքումով հայկական դպրոցների համար։

Նորաբաց ֆակուլտետի առաջին շրջանավարտներն էին մի շարք հայտնի գիտնականներ, այդ թվում՝ 1946-1948 թվականներին հայրենադարձվածների սերունդները։ Նրանց թվում էին արաբագիտության ամբիոնի դասախոսների ավագ սերունդի ներկայացուցիչները՝ Հովհաննես Ասատրյանը, Հարություն Գրիգորյանը, Սարգիս Փոլադյանը, Երվանդ Մինասյանը, Արշակ Փոլադյանը։ Վերջինս Հայաստանի դեսպանն է Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ 2007 թվականից։ Առաջին շրջանավարտների թվում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուսումը ասպիրանտուրայում շարունակելու համար կրկին մեկնում է Լենինգրադ։

Արաբագիտության ամբիոնի հիմնադրումը խմբագրել

Եթե արևելագիտության ֆակուլտետի հիմնադրումը իրականացրել էին Լենինգրադի համալսարանում սովորած հայ արևելագետները, ապա արաբագիտության ամբիոնը բացվում է Մոսկվայում ասպիրանտական ուսումնառություն առած, դարձյալ երեք գիտնականների շնորհիվ՝ պ.գ.դ., պրոֆեսոր թյուրքագետ Մերի Քոչար, բ.գ.թ., պրոֆեսոր իսլամագետ Դավիթ Հովհաննիսյան և բ.գ.թ., դոցենտ լեզվաբան Սամվել Կարաբեկյան։

Մերի Հրաչյայի Քոչարը (1936-1994) ծնվել է Երևանում, 1954 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ «թուրքագիտություն» մասնագիտությամբ, 1968 թվականին Մոսկվայում պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։ 1975 թվականից եղել է ԵՊՀ թուրքական և արաբական բանասիրության ամբիոնի վարիչ, 19781993 թվականներին՝ արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1992 թվականին Մերի Քոչարը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 1993 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

Դավիթ Արտաշեսի Հովհաննիսյանը 1979 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Աֆրիկայի և Ասիայի երկրների ինստիտուտի ասպիրանտուրան։ 1987 - 1992 թվականներին առաջինն է ղեկավարել ԵՊՀ արաբագիտության ամբիոնը։ 1992 - 1998 թվականներին ՀՀ դեսպանն էր Սիրիայում։ 1998 թվականից դոցենտ է ամբիոնում, 2007 թվականից՝ տնօրեն ԵՊՀ Քաղաքական և մշակութային հետազոտությունների կենտրոնում, 2008-2012 թվականներին՝ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի խորհրդական։ Հեղինակ է մի շարք հոդվածների ու մենագրությունների։

Սամվել Բորիսի Կարաբեկյանը 1983 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի ասպիրանտուրան։ 1992-2008 թվականներին ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչն էր, 2008 թվականից մինչ այժմ դոցենտ է ամբիոնում։ Մասնագիտական գործուղումներով ու վերապատրաստումներով եղել է Արաբական աշխարհի, Եվրոպայի ու Ամերիկայի մի շարք համալսարաններում։ 2008 թվականից Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի անդամ (ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի կողմից «Տեմպուս» ծրագրի միջոցով)։ Հեղինակ է մեծ թվով հոդվածների և ուսումնամեթոդական ձեռնարկների։

1992 թվականից ամբիոնի աշխատակազմը սերտորեն համագործակցում է ՀՀ ԱԳՆ հետ՝ նպաստելով հայ-արաբական միջպետական հարաբերությունների ձևավորմանն ու զարգացմանը։ 1995 թվականից ամբիոնի շուրջ 1000 ուսանողներ միջպետական համաձայնագրերի շնորհիվ ստաժավորման են մեկնել արաբական երկրներ՝ Սիրիա(մինչև 2011 թվական), Լիբանան, Եգիպտոս, Քուվեյթ։

Եբրայերենի և արամեերենի դասավանդումը։ Ամբիոնն այսօր խմբագրել

 
Սոնա Տոնիկյան

1990-ական թվականներին արաբագիտության ամբիոնի դասախոս Արման Հակոբյանը սկիզբ է դնում եբրայերենի ուսուցմանը՝ որպես 2-րդ արևելյան լեզվի։ Եբրայերենը կանոնավոր կերպով դասավանդվում է 1995 թվականից։ Դրանով հիմք է դրվել Հայաստանում եբրայագիտության սկզբնավորմանն ու զարգացմանը. եզակի գիտություն, որով զբաղվում են աշխարհի ընդամենը 40 երկրում։

2006 թվականին Արման Հակոբյանը սկիզբ է դնում արամեերենի (դասական ասորերեն) ուսուցմանը՝ որպես սեմական 3-րդ լեզվի։ Այն դասավանդվում է մագիստրատուրայում։

2009 թվականից արաբագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է բ.գ.թ., դոցենտ Սոնա Տոնիկյանը։ Արաբագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում մեծ թիվ են կազմում արտասահմանում վերապատրաստված մասնագետները։

 
Արման Հակոբյան

Արաբագիտության ամբիոնի դասախոսներից ոմանք թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել արտասահմանում և նպաստել այդ երկրների համալսարանների ու ԵՊՀ արաբագիտության ամբիոնի կապերի հաստատմանն ու ուժեղացմանը։ 2007 թվականին Դամասկոսի համալսարանում պաշտպանելով ասպիրանտական թեզ՝ Արթուր Իսրայելյանը վերադարձել է Հայաստան 2010 թվական Երևանի պետական լեզվաբանական համալսարանում հիմնադրել, և մինչև 2014 թվականի հունվար ամիսը ղեկավարել է Արևելյան լեզուների ամբիոնը։ 2014 թվականի փետրվարից ամբիոնն իր 8 լեզուներով անցավ ԵՊԼՀ Ասիական լեզուների ամբիոնի կազմ։

Արաբագիտության ամբիոնում վերոնշյալ գիտնականներից բացի դասավանդում են դոցենտներ և գիտությունների թեկնածուներ Ռուբեն Միրաքյանը, Լիլիթ Հարությունյանը, Հայկ Քոչարյանը, Մարատ Յավրումյանը, Լիլիթ Տեր-Պետրոսյանը, Արաքս Փաշայանը, Արայիկ Հարությունյանը, Ալիս Էլոյանը, դասախոսներ Սյուզաննա Գյոզալյանը, Մարինա Մանուկյանը, Ալվինա Հովհաննիսյանը, Լիլիա Գյոզալյանը և ուրիշներ։ Ամբիոնում տարբեր տարիների համատեղության կարգով դասավանդել են նաև ՀՀ ԳԱԱ արևելագետներ Շահեն Կարա-Մանուկյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը և ուրիշներ։

Ամբիոնի գիտակրթական գործունեության ոլորտը ներառում է ոչ միայն արաբերենի դասավանդումը, այլև արաբագիտության բոլոր հիմնական ուղղությունները՝ արաբական և սեմական լեզվաբանությունը, միջնադարյան արաբական մշակույթն ու պատմությունը, իսլամագիտությունը, նոր և նորագույն ժամանակների արաբական գրականությունը, ժամանակակից տարածաշրջանային խնդիրների ուսումնասիրությունը։ Այդ ծրագրերը ներառված են մագիստրոսատուրայում։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
ԵՊՀ կենտրոնական և արևելագիտության ֆակուլտետի շենքեր Եգիպտոսի անվան լսարան, արաբագիտության ամբիոն Արամ Տեր-Ղևոնդյանի անվան գրադարան

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել