Դիանա Աբգար

հայ հրապարակախոս, արձակագիր, դիվանագետ, քաղաքական գործիչ, գրող

Դիանա Հովհաննեսի Աբգար (օրիորդական անուն ազգանունը՝ Անահիտ Աղաբեկյան[2], հոկտեմբերի 12, 1859(1859-10-12)[1], Յանգոն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 8, 1937(1937-07-08)[1], Յոկոհամա, Ճապոնիա), հայ գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ[2], 1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում (Ճապոնիա

Դիանա Աբգար
Ծննդյան անունԳայանե Աղաբեգ
Ծնվել էհոկտեմբերի 12, 1859(1859-10-12)[1]
ԾննդավայրՅանգոն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 8, 1937(1937-07-08)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրՅոկոհամա, Ճապոնիա
ԳերեզմանThe Yokohama Foreign General Cemetery
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, դիվանագետ, հրապարակախոս և արձակագիր
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
 Diana Abgar Վիքիպահեստում

Աշխարհում առաջին կին դիվանագետ[3][4][5][6]։ Հայոց ցեղասպանության մասին 9 գրքերի հեղինակ[7]։

Կենսագրություն խմբագրել

Դիանա Աղաբեկը (Աղաբեկյան) ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին։ Նրա ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայի մայրաքաղաք Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ, նաև՝ Կալկաթա[2], սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ[2][8]։ Ծնվելուց նրան տրվել է երկու անուն՝ Գայանե և Անահիտ։ Նա սերում էր Աղաբեկյան ընտանիքից, որոնց նախնիները 1605 թվականին Նախիջևանի Ջուղայից ղզլբաշների կողմից արտաքսվել էին Պարսկաստան։ Նրա հայրը՝ Հովհաննես Աղաբեկը, մանուկ հասակում իր ծնողների հետ տեղափոխվեց Հնդկաստան, իսկ մայրը` Ավետը` Թադևոս Ավետումի ընտանիքից` Շիրազից էր։ Դիանան ընտանիքի ամենափոքր` յոթերորդ զավակն էր։ Նրա ընտանիքը Կալկաթա տեղափոխվելուց հետո, Դիանային կրթության են տալիս կանանց մենաստան, որտեղ վերջինս ստացավ անգլերեն կրթություն[2] և ուսումնասիրեց սանսկրիտ ու հինդի, իսկ տանը սկսեց ուսումնասիրել հայերեն լեզուները[8]։ Մայրը՝ Զմրուխտը, եղել է գրող և թարգմանիչ։ Հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ։

1889 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարի (Աբգարյան) հետ, որի ընտանիքը նույնպես Հնդկաստան էր գաղթել Պարսկաստանից[2][8]։ Ամուսնությունից հետո ապրել են Չինաստանում, այնուհետև մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում[2]։ Միքայելի նախնիներից մեկը` Հարություն Աբգարը, 1819 թվականին հիմնադրեց «Առևտրային ընկերություն Աբգար» ընկերությունը, սկզբում Բոմբեյում, իսկ հետո` Կալկաթայում։ Ընկերությունն ուներ սեփական նավատորմ, զբաղվում էր մետաքսի առևտրով, բրնձի ներկրմամբ և արտահանմամբ Սինգապուրում և Փենջաբում։ Կոբե քաղաքում Միքայելը զբաղվել է մետաքսի վաճառքով, ինչպես նաև տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով։ Նա հիմնել է առևտրական ձեռնարկություն և բացել «Great Eastern» հյուրանոցը[6]։

Ճապոնիայում գտնվելու տարիներին, Դիանա Աբգարն իր մեջ բացահայտեց վեպեր գրելու տաղանդը, 1882 թվականին հրապարակվեց նրա առաջին «Սուսաննա» վեպը, իսկ մի քանի տարի անց լույս տեսավ «Պատմություններ հայրենիքից» վեպը, որտեղ նա նկարագրում էր ճապոնացի ժողովրդի կյանքը։

Ճապոնիայում ծնվեցին նրանց հինգ երեխաները, որոնցից երկուսը մահացան վաղ հասակում։ 1891 թվականին ծնվել է Դիանայի առաջնեկը՝ Ռոզը, հետո որդին՝ Միքայել կրտսերը, իսկ 1896 թվականին՝ Ռութը։ 1906 թվականին՝ ամուսնու հանկարծակի մահից հետո, ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի ամենաաշխույժ նավահանգստային քաղաքը՝ Յոկոհամա, որտեղ Դիանան բացել է վաճառատուն, որն առևտուր էր իրականացնում Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ և մեծ առանձնատուն գնել Յոկոհամայի Յամատե թաղամասում։

67 տարեկան հասակում Դիանայի մոտ խնդիրներ սկսվեցին կապված տեսողության և լսողության հետ, հոդաբորդ առաջացավ[7]։

Դիանա Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում[2]։ Նրա աճյունն ամփոփվել է տեղի օտարերկրացիների գերեզմանատանն՝ ամուսնու շիրմի կողքին։ Տվյալ պահին Աբգարի շիրիմը գտնվում է Հայ-ճապոնական հասարակության հովանավորության տակ Տոկիոյում։

1984 թվականին ճապոնացի հայագետ Հիդեհարա Նակաջիման հիմնել է Հայաստանի ինստիտուտը։ Նրա ջանքերով Յոկոհամայում գտնվել են Աբգարի տունը և 1911-1918 թվականներին հրատարակված 3 գրքերը։

1938 թվականին նրա որդիները տեղափոխվեցին ԱՄՆ, իրենց հետ տանելով իրենց մոր նամակաները և ձեռագրերը։ Դիանայի սերունդներն այսօր ապրում են ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում։ Նրա թոռը՝ Լայոնել Գալուստյանը քիմիագիտության և փիլիսոփայության դոկտոր է[2]։

Դիվանագիտական կարիերա խմբագրել

Դիանային գործ առաջարկեցին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում՝ արձանագրային բաժնում։ Կարճ ժամանակահատվածում նա նշանակալի դեմք դարձավ դիվանագիտական շրջանակներում։ Նա Ճապոնիայում ապրել է 46 տարի։ Դիանան տիրապետել է պարսկերեն, անգլերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։ Գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։

Առաջին աշխարհամարտի նախօրեին և պատերազմի տարիներին Դիանա Աբգարը ելույթ էր ունենում հայ ժողովրդի մասին դասախոսություններով, գրում էր հոդվածներ, համագործակցում էր անգլալեզու «The Japan Gazette»[9] թերթի և «Հեռավոր Արևելքի» հետ։ Նա առաջիններից մեկն էր, որը փաստերով ապացուցեց, որ Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել էր երիտթուրքերի սահմանադրական իշխանության կողմից[10]։ Համաշխարհային գիտակցությունը բարձրացնելու համար՝ ընդգծելով Արևմուտքի բարոյական պարտականությունը հայ ազգին փրկելու գործում, Դիանա Աբգարը գրում էր Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի անտանելի պայմանների մասին։

20-րդ դարի 20-ական թվականներին «The Japan Gazette» հրատարակչության շնորհիվ, լույս տեսան Դիանա Աբգարի անգլալեզու ևս 8 վեպեր, որոնց թվում կային. «Հայերի կոտորածի մասին իրավունքները» (1910), «Հայկական հարց», «Հայաստան, որին դավաճանեցին» (1910), «Քո անունով» (1911), «Խաղաղությունը Եվրոպայում», «Աշխարհի խնդիրը» (1912), «Խաղաղություն և ոչ խաղաղություն» (1912), «Մեծ չարիք» (1914)։ Այդ աշխատություններն մեծ գնահատականի արժանացան ամերիկյան ԶԼՄ-ի կողմից։ Ավելի ուշ, նա հրատարակեց մի քանի հոդվածներ, որոնց թվում ուշադրության են արժանի այնպիսի հոդվածներ, ինչպես «Սարսափելի անեծք», «Կայսերական Եվրոպայի միամտության մասին» և «Խաչված Հայաստան»։ Նա նամակագրական կապեր ուներ աշխարհի բազմաթիվ քաղաքական և հոգևոր գործիչների հետ։ Դիանա Աբգարը միակ հայ կինն էր, որն ամբողջությամբ տիրապետում էր միջազգային իրավիճակին։ Այդ աշխատություններից բացի նա հրատարակեց նաև «Միայնակ խաչակիր» վեպը, «Իմպերիալիզմ և օրենք» աշխատությունը, պամֆլետներ և հոդվածներ էր հրատարակում ակադեմիական, քաղաքական և առևտրային պարբերական հրատարակչություններում, ինչպես նաև մի շարք բանաստեղծություններ եվրոպական և ամերիկյան մամուլում։ Նրա վերջին ժողովածուն կոչվում էր «Հազար ու մի պատմությունների գրքից. պատմություններ Հայաստանի և հայ ժողովրդի մասին:1892-1922»։

Ծանոթ լինելով Հնդկաստանում բրիտանական գաղութատիրական գործունեությանը, Աբգարը կանխազգում էր եվրոպական օգնության պակասն Օսմանյան կայսրությունում ապրող հայերի նկատմամբ։ Նա ցանկանում էր, որ ԱՄՆ-ն հանդես գար, որպես Հայաստանի հովանավոր, ինչն այդպես էլ չստացվեց։ Իր հայրենիքին նվիրված լինելով, նա ցանկանում էր գործով օգտակար լինել իր ժողովրդին և Հայաստանին, որտեղ նա, ի դեպ, երբեք չի եղել։ Դիանա Աբգարն ամեն կերպ օգնում էր բազմաթիվ հայ փախստականներին, որոնք Սիբիրով և Ճապոնիայով փորձում էին տեղափոխվել ԱՄՆ։ Այդպես Վլադիվոստոկում` հայերի ցեղասպանությունից հետո հավաքվեց մոտ 500 հայ, որոնք հայ բարերարի օգնությամբ օվկիանոսով տեղափոխվեցին ԱՄՆ։

Ժամանակակիցներից մեկը Աբգարի մասին գրում էր.

  Նրա առևտրային ընկերությունը հարմարեցված էր նրա կողմից, որպես հայ փախստականների համար դիվանագիտական առաքելության գրասենյակ, իսկ նրա տունը՝ ժամանակավոր կացարան վերջիններիս համար։ Նրա հանձնարարությամբ` ինչպես ճապոնական իշխանությունները, այնպես էլ եվրոպացի հյուպատոսները, հայ փախստականներին անցագրեր էին բաժանում։ Տեղի ոստիկանության մոտ նրա մեկ խոսքն ավելի ծանրակշիռ էր, քան որևէ մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ։ Հայերի հետ ինչ-որ թյուրիմացություն լինելու դեպքում դիմում էին տիկին Աբգարին և նա իր խոսքով, բարոյական ազդեցությամբ, նյութական միջոցներով աջակցում էր այդ կողմերում հայտնված հայերին և վերջիններիս ուղարկում անհրաժեշտ վայր։ Հեռավոր Արևելքում տիկին Աբգարը դարձավ մի անհատ, որն օգնում էր ծանր վիճակում հայտնված ցանկացած հայի, որը ոչ լեզու գիտեր, ոչ՝ տեղի ավանդույթները։ Նա հայերին այնքան շատ նյութական աջակցություն էր ցուցաբերում, որ դրանով իսկ անհանգստություն էր առաջացնում իր երեխաների մոտ։ Շատ հաճախ ամերիկյան և անգլիական իշխանությունների ներկայացուցիչներ տիկին Աբգարի հանձնարարությամբ հայերին օգնություն էին տալիս, որպեսզի վերջիններս կարողանային հասնել մինչև Ամերիկա կամ Անգլիա։ Հաճախ, տիկին Աբգարի խնդրանքով, շոգենավային ընկերությունները հայերին մեծ զեղչերով տոմսեր էին տրամադրում։  

Երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը վերականգնեց իր պետական անկախությունը, ոչ ոք չշտապեց այն ճանաչել։ Եվ միայն 1920 թվականին, ի շնորհիվ Դիանա Աբգարի ջանքերի, Ճապոնիան դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց հայակական Առաջին Հանրապետության անկախությունը։ Ի շնորհիվ իր հմուտ քաղաքականության և հսկայածավալ աշխատանքի, 1920 թվականի հուլիսի 21-ին Դիանա Աբգարը նշանակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Հեռավոր Արևելքում։ Նույն թվականի հուլիսի 22-ին գրված նամակում, Հայաստանի Առաջին Հանրապետության Արտաքին գործերի նախարարի` Համազասպ Օհանջանյանի կողմից ստորագրված, նշանակման մասին փաստին կցված էր հետևյալ գրությունը. որպեսզի պաշտպանեք նորաստեղծ Հայրենիքի շահերը և մեղմացնեք մեր հայրենակիցների կացության պայմանները ... Այդպիսով նա դարձավ աշխարհում առաջին կինը, որը դիվանագիտական պաշտոն էր զբաղեցրել[7][7][8]։ Նոր կարգավիճակը Դիանա Աբգարին ավելի մեծ հնարավորություններ տվեց Ճապոնիայի կառավարական օղակներում, ինչը զգալիորեն թեթևացրեց նրա աշխատանքը հայ փախստականների անունից։

Փորձելով օգնել իր պատմական հայրենիքին և նրա ժողովրդին, նա ակտիվ գործունեություն էր ծավալում, միաժամանակ նամակագրական կապ հաստատելով որոշ քաղաքական գործիչների և իրավապաշտպանների հետ։ Նրանց մեջ, ում հետ մշտական նամակագրություն էր տարվում, կային Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը, քարտուղար Ռոբերտ Լանսինգը, քարտուղարի տեղակալ` Ուիլյամ Ֆիլիպսը, հումանիտար կազմակերպության նախագահ` Ջեյմս Լ. Բարտոնը, խաղաղության համաշխարհային կոնգրեսի անդամներ Արթուր Սիմոնդսը և Դևիդ Ջորդանը, ինչպես նաև այլ հայտնի մարդիկ[8]։

Աբգարն աստվածապաշտ կին էր, կարդում էր Աստվածաշունչ և եկեղեցական երգեր էր երգում։ 1920 թվականին նա նամակ գրեց Միացյալ Նահանգներում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին, որտեղ նա ներկայացնում էր, թե ինչպես էր 29 տարի ապրել հեռավոր երկրում և ինչպես էր նա ցանկանում ոտք դնել եկեղեցի։ Նրա խոսքերով, նա ոչ մի եկեղեցի չգտավ նման մեծ ոգով, ինչպես հայկական եկեղեցին է, և նման աղոթքներով, որոնք կհանգստացնեին հոգին և կբարձրացնեին ոգին։ «Ես չգիտեմ, թե արդյոք կգա այն օրը, երբ ինձ բախտ կվիճակվի նորից ոտք դնել իմ եկեղեցին և մասնակցել Սուրբ պատարագին, կկարողանամ նորից լսել այն աղոթքները, որոնք կարթնացնեն իմ հոգին»։ Համայն հայության կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը, ի արժանվույնս գնահատելով Դիանա Աբգարի գործունեությունը, 1926 թվականին նրան հատուկ կարգավիճակ տվեց։ Իր ողջ կյանքի ընթացքում Դիանա Աբգարը եղել է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, մինչև կյանքի վերջը կապ էր պահում Էջմիածնի հետ։

Դիանա Աբգարը այնքան գեղեցիկ է եղել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր և դահլիճներ՝ բոլորն ակամա ոտքի են կանգնել[2]։

Հիշատակ խմբագրել

2008 թվականի փետրվարի 19-ին Երևանյան կինոփառատոնում ներկայացվեց հայ ռեժիսոր` Մարիամ Օհանյանի 20 րոպեանոց ֆիլմը «Կանայք և քաղաքականությունը», որտեղ մասնավորապես խոսվում էր Դիանա Աբգարի մասին[11]։

2008 թվականի դեկտեմբերին Դիանա Աբգարի ծննդյան 150-ամյակին՝ Բոստոնում կայացավ գրական երեկո, որի ընթացքում ներկայացվեց Դիանա Աբգարի «Հազար պատմություններ» ժողովածուն անգլերեն լեզվով, որն հրատարկվեց նրա թոռան` Լյուսիլ Աբգարի կողմից[7]։

Ստեղծագործություններ խմբագրել

Դիանա Աբգարը Ճապոնիայի անգլիալեզու մամուլում տպագրել է հայ ժողովրդին, Մեծ եղեռնին վերաբերվող հոդվածներ, հրատարակել է «Հազար ու մի պատմություններ» պատմվածքների ժողովածուն, «Մենավոր խաչակիրը» վեպը, «Իմպերիալիզմը և օրենքը», «Եվրոպայի խաղաղությունը», «Խաղաղության հիմնահրացը», «Խաղաղություն և ոչ խաղաղություն» աշխատությունները։ Գրել է նաև բանաստեղծություններ՝ Մայր Հայաստան կեղծանվամբ[2]։

  1. «Սուսաննա»
  2. «Ճշմարտություն հայերի կոտորածի մասին»
  3. «Հայկական հարց»
  4. «Հայաստան, որին դավաճանեցին»
  5. «Քո անունով»
  6. «Խաղաղությունը Եվորպայում»
  7. «Խաղաղության խնդիրը»
  8. «Խաղաղություն և ոչ խաղաղություն»
  9. «Մեծ չարիք»
  10. «Սարսափելի անեծք»
  11. «Կայսերական Եվրոպայի միամտության մասին»
  12. «Իմպերիալիստական Եվրոպայի խաչի վրա։ Խաչված Հայաստան»[12]
  13. «Միայնակ խաչակիր»
  14. «Իմպերիալիզմ և օրենք»
  15. «Հազար ու մի պատմություն գրքից. պատմություններ Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ 1892—1922»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայազգ էլեկտրոնային հանրագիտարան (հայ.) / ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 13-14.
  3. Dovile Budryte «Feminist conversations: women, trauma and empowerment in post-transitional societies» University Press of America, 2008. ISBN 0761843787, 9780761843788 стр 129(179)

    Some of these ideals were implemented by the First Republic of Armenia (1918—1920), which became one of the first nations to give women the right to vote. It also appointed Diana Abgar (Abgaryan), the first female ambassador in the world, to represent Armenia in Japan. These developments suggest that women’s progress is possible in traditional societies such as Armenia

  4. EU-CIS Gender Watch. A Gender Analysis of the European Union Developmental Aid for Armenia Արխիվացված 2019-08-08 Wayback Machine, The Network of East-West Women – Poland Gdansk, 2008 by Svetlana Aslanyan, CDCS

    It is worth to mention that, the First Armenian Republic of 1918—1920 was one of the first nations to give women the right to vote and to be elected and in its Parliament eight percent of the members were women. It is worth to emphasize that, the first female -ambassador was Dr. Diana Abgar (Abgaryan) Ambassador of Armenia in Japan (While Alexandra Kollontai recognized to be the first female ambassador was appointed as Ambassador of Norway only in 1923).

  5. Armenian action «Lucille Apcar Introduces New Book» December 2004• Vol. 26, No. 2 (88) Արխիվացված 2013-11-04 Wayback Machine
  6. 6,0 6,1 Soghomonian, Sarah (2004 թ․ դեկտեմբեր). «Lucille Apcar Introduces New Book». Hay Sharzhoom. 26 (#2 (88)). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Diana Apcar: The First Woman Diplomat». Armenian Cultural Foundation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Armenian Cultural Foundation: «Diana A. Apcar (1859—1937): The First Armenian Woman Diplomat»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  9. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ.Դիանա Աբգար». divanaget.am.
  10. Джон Киракосян «Младотурки перед судом истории» гл.5

    Резня 1909 г. в Адане (Киликия) явилась первым ушатом холодной воды, вылитой на головы не в меру ретивых оптимистов. Для одних это стало отрезвлением, другие же продолжали придерживаться своего прежнего неустойчивого курса. Диана Абгар убедительно показала, что резня в Адане была организована и осуществлена конституционным правительством (395, с. 32)

  11. «Armenian Film Festival 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  12. Apcar, Diana Agabeg (1918). On the cross of Europe's imperialism, Armenia crucified. The Library of Congress. Yokohama [Printed by the Fukuin printing co., ltd.]

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Պաշտոնի հաստատում
Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում
Դիանա Աբգար

1918–1920
Հաջորդող
Պաշտոնի լուծարում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Աբգար» հոդվածին։