Ունաբ սովորական

բույսերի տեսակ
(Վերահղված է Ziziphus jujubaից)
Ունաբ սովորական
Ունաբ սովորական
Ունաբ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Դժնիկազգիներ (Rhamnaceae)
Ցեղ Ունաբ (Ziziphus)
Տեսակ Ունաբ սովորական (Z. jujuba)
Միջազգային անվանում
Ziziphus jujuba
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ունաբ սովորական, ունաբի[1] (լատին․՝ Ziziphus jujuba), դժնիկազգիների ընտանիքի պտղատու բույս։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Փշոտ, տերևաթափ, 3-8 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Բունը բարակ է՝ 4-10 սմ, ճյուղերն անկյունավոր բեկված են, մերկ։ Բեկվածքներում կան մեկական զույգ, ամուր, մինչև 3 սմ երկարությամբ սուր փշեր։ Տերևները հերթադիր են, ձվաձև, կաշվեկերպ, վերևից՝ մուգ կանաչավուն, փայլուն, մանր ատամնաեզր, կարճ կոթունով։

Ծաղիկներն աստղաձև են՝ 3-4 մմ տրամագծով, ծաղկաթերթերը 5-ն են, մանր, դեղնականաչավուն։ Ծաղկափթթությունները խիտ են, յուրաքանչյուրում կա 3-5 ծաղիկ, որոնք տեղադրված են տերևածոցերում։ Միակորիզ պտուղները` երկարավուն օվալաձև կամ գնդաձև են, ունեն կարմրամանուշակագույն երանգավորում։ Կախված տեսակից` ունաբի 1 պտղի զանգվածը կարող է տատանվել 5-6 գրամից՝ մինչև 20-30 գրամ։

Անվանում խմբագրել

Բույսի անվանումն ունի պարսկական ծագում՝ Zizufun են անվանել ցանկացած տեսակի ուտելի պտուղները։ Ֆրանսիայում ունաբի պտուղներն անվանում են ժուժուբա։ Ունաբին մոտ 400 տարի առաջ մշակվել է Չինաստանում, ինչի պատճառով բույսն անվանում են նաև չինական խուրմա։ Հայտնի են ունաբի մոտ 400 ենթատեսակներ, որոնց պտուղները տարբերվում են արտաքին տեսքով, գույնի երանգավորումով, համով, քիմիական բաղադրությամբ։ Բույսը տարածված է Միջերկրական ծովի ափերին, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հարավային Կովկասում։

Քիմիական կազմ խմբագրել

 
Ունաբի պտուղները

Պտուղը պարունակում է սպիտակուց, օսլա, շաքար, պեկտինային նյութեր, ճարպեր, օրգանական թթուներ, կումարին, տանին, ֆլավոններ, նաև ասկորբինաթթու, ռուտին, կարոտին, B խմբի վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, երկաթ, կոբալտ, յոդ։ Հասունացման նախնական շրջանում ունաբի պտղի համը նման է խնձորին, հասունանալուց հետո պտուղը փափկում է, իսկ համով հիշեցնում է փյունիկյան արմավի պտուղը (խուրմա)։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմեր, հյութեր, գինի, կոմպոտներ, մարինադներ և այլն։ Ունաբի ծառը դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, դիմանում է մինչև 30 °C ցրտահարությանը, երաշտադիմացկուն է, լավ է տանում ամառվա շոգը։ Շատ հետաքրքիր է ունաբի բուսաճական շրջանը։

 

Ծառի առաջին տերևները սկսում են բացվել մայիսի վերջերին։ Ծաղիկները բացվում են հունիսին, պտուղների հասունացման շրջանը սկսվում է հոկտեմբերին և շարունակվում է մոտ մեկ ամիս։ Ծառը տերևաթափ է լինում դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ունաբի սովորականի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ։

Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։ Ունաբին բարձր է գնահատվում՝ որպես հիպոտենզիվ՝ ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։ Սերմը պարունակում է բույսին բնորոշ սապոնինների խումբ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։ Սերմն ունի հանգստացնող, թույլ լուծողական հատկություններ։ Տերևը պարունակում է թմրեցնող նյութեր, ունի խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում է սրտի ռիթմը։ Հետաքրքիր է իմանալ, որ տերևը ծամելիս՝ փոխվում է ընկալումը համի հանդեպ՝ մարդը չի զգում քաղցր և դառը համերը, իսկ զգայունությունը աղի և թթու համերի հանդեպ լիովին պահպանվում է։ Ունաբի արմատը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ։ Կեղևը պարունակում է նաև ռուտին։ Ունաբի արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։

Բժշկական կիրառություն խմբագրել

  • Օգտակար է սակավարյունության, գլխապտույտի, չոր հազի, լուծի, ասթենիայի դեպքում, Իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, օգտակար է հիպերտոնիայի և հազի դեպքում, ամրացնում է մազարմատները, վերացնում թեփը, օգտագործում են աբցեսի, թարախապալարների դեպքում
  • Ունաբի կորիզներից ստացված պատրաստուկները հակացուցված են հղիներին[2]

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանի բնական պայմաններում հանդիպում է հյուսիս - արևելյան և կենտրոնական շրջաններում, Վայոց ձորում, Տավուշի մարզի բոլոր համայնքներում, ստորին լեռնային գոտում՝ մինչև 1000 մ բարձրության վրա՝ չոր, քարքարոտ թեքություններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ююба // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Բազմաշնորհ բուժարարը՝ ունաբ. բուժիչ նամակներ

Գրականություն խմբագրել

  • Yilin Chen, Carsten Schirarend։ Ziziphus jujuba. In։ Flora of China. 12, Science Press, Beijing 2007, ISBN 978-1930723641, S. 120 (online).
  • M. Qaiser,S. Nazimuddin։ Ziziphus jujuba. In։ Flora of Pakistan. 140, MBG Press, Karachi 1975, S. 15 (online).
  • Joseph H. Kirkbride, John H. Wiersema, Nicholas J. Turland։ Proposal to conserve the name Ziziphus jujuba against Z. zizyphus (Rhamnaceae). In։ Taxon. 55, 2006, S. 1049-1050.