X սերունդ

տերմին, որն օգտագործվում է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են 1965-ից 1979 թվականներում ընկած ժամանակահատվածում

X սերունդ, տերմին, որն օգտագործվում է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են 1965 և 1979 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Հասկացությունն օգտագործվում է ժողովրդագրությունում, հասարակական գիտություններում և մարքեթինգում, թեև հաճախ կարելի է հանդիպել հասարակական մշակույթում։ Այս սերնդի երեխաներին ավանդաբար դասում են Y սերնդին, ավելի հազվադեպ` նաև Z սերնդին։

X սերնդի ներկայացուցիչները Բեռլինյան պատի փլուզման ժամանակ

Տերմինի պատմություն խմբագրել

Առաջացում խմբագրել

ԱՄՆ-ում X սերունդ կոչում են այն մարդկանց, ովքեր ծնվել են ծնելիության անկման ժամանակ, որը սկսվել է ժողովրդագրական պայթյունից հետո։

Մեծ Բրիտանիայում տերմինն առաջին անգամ օգտագործվել է Ջեյն Դևերսոնի կողմից 1964 թվականին, բրիտանական երիտասարդությունն ուսումնասիրելու ժամանակ։ «Womans own » կանացի ամսագիրը Դևերսոնին խնդրել էր հարցազրույցներ անցկացնել դեռահասների հետ։ Հետազոտություններն ի հայտ բերեցին այնպիսի դեռահասների սերունդ, ովքեր «քնում են իրար հետ մինչ ամուսնությունը, չեն հավատում Աստծուն, չեն սիրում թագուհուն և չեն հարգում ծնողներին, չեն փոխում իրենց ազգանունը, երբ ամուսնանում են»։ Ամսագիրը հրաժարվեց հրատարակել հետազոտությունների արդյունքները, քանի որ խմբագրությունը կարծում էր, որ այդ նոր երևույթը չի համապատասխանի հրատարակչության հետաքրքրություններին։ Որպեսզի փրկի իր ուսումնասիրությունը, Դևերսոնն սկսեց համագործակցել հոլիվուդյան թղթակից Չարլզ Համբլեթի հետ՝ գիրք հրատարակելու նպատակով։ Համբլեթը որոշեց գիրքն անվանել «X սերունդ»։

Տարածում խմբագրել

Տերմինը հետագա տարածում ստացավ կանադացի գրող Դուգլաս Քոուփլենդի «X սերունդ» գրքում (անգլ.՝ Generation X: Tales for an Accelerated Culture), որում նկարագրվում էին 1960 և 1965 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ծնված մարդկանց վախերը և տագնապները, ովքեր չէին զգում կապ ժողովրդագրական պայթյունի և մշակութային կուռքերի հետ։

Քոուփլենդն X տառը փոխ է առել Փոլ Ֆասսելի «Դասակարգում» գրքից, որտեղ «X կատեգորիա» տերմինն օգտագործվել էր առավելապես ամերիկյան սոցիալական հիերարխիայի, քան թե սերնդի համար։ Առաջին անգամ Քոուփլենդը գրել է X սերնդի մասին 1987 թվականի սեպտեմբերին (Վանկուվեր ամսագիր, «Х սերունդ», էջեր՝ 164—169, 194), ինչը հող նախապատրաստեց վեպի համար։

Սերունդ 13 խմբագրել

1991 թվականին «Սերունդ» գրքում Ուիլյամ Ստրաուսը և Նիլա Հոուն այդպիսի մարդկանց անվանեցին «Սերունդ 13»։ Հեղինակներն այդ շարքին դասեցին 1965 և 1982 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ծնված մարդկանց` հիմնվելով մշակութային բարձունքների և անկումների ուսումնասիրությունների, ինչպես նաև ծնելիության մակարդակի վրա։ Ստրաուսը և Հոուն առանձնացնում են տարբեր ներգործություններ, որոնք ձևավորել են «Սերունդ 13»-ը.

  • կառավարության հանդեպ դժգոհություն, իշխանության, հատկապես ինստիտուցիոնի հանդեպ անվստահություն,
  • հսկայական քաղաքական անտարբերություն,
  • ապահարզանների մեծ քանակ,
  • կանանց-մայրերի քանակի աճ արդյունաբերական վայրերում,
  • բնակչության զրոյական աճ,
  • հակաբեղմնավորիչ դեղորայքի հասանելիություն,
  • կրթական համակարգում տարաձայնությունների քանակի աճ,
  • կրթական համակարգի ֆինանսավորման կրճատում և անմատչելի ուսանողական վարկեր,
  • կարիերային հեռանկարում փոփոխությունները ներգործում են ակադեմիական պահանջների և ինտելեկտուալ կարողությունների բարձրացման վրա,
  • էկոլոգիական և շրջակա միջավայրի հիմնախնդիրներ,
  • համացանցի ստեղծում,
  • Սառը պատերազմի ավարտ։

Արտաքին հղումներ խմբագրել