Մեծ պայտաքիթ (լատիներեն` Rhinolophus ferrumequinum), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Մեծ պայտաքիթ
Մեծ պայտաքիթ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռքաթևավորներ
Ընտանիք Պայտաքիթ չղջիկներ
Ցեղ Պայտաքիթներ
Տեսակ Մեծ պայտաքիթ
Լատիներեն անվանում
Rhinolophus ferrumequinum
Schreber, 1774
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Տարածվածություն խմբագրել

Բնակվում է Հարավային Պալեոարկտիկայում, Մեծ Բրիտանիայից մինչև Ճապոնիա, Իրանում, Պակիստանում, Հյուսիսային Հնդկաստանում, Հյուսիսարևելյան Աֆրիկայում։ Հայաստանում հանդիպում է բոլոր մարզերում։ Արցախում տարածված է կիսանապատային ցածրադիր գոտուց մինչև բարձր լեռնային գոտիները, սակայն առավել խիտ է հարավային շրջաններում. առավել մեծաքանակ են Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում։

Կենսակերպը խմբագրել

Գերադասում է բնակվել կարստային ծագում ունեցող քարանձավներում։ Եթե այդպիսինները տարածքում բացակայում են, մեծ պայտաքիթները ապրում են փչակներում, թունելներում, եկեղեցիներում, մարդկային այլ շինություններում, սակայն պարտադիր ջրամբարների մոտ։ Վարում են մթնշաղագիշերային կյանք։

Ապրում է առանձնյակներով ու խմբերով (20-500 առանձնյակ), հսկա գաղութներով (35-40 հազար)` պայտաքիթ և հարթաքիթ այլ չղջիկների հետ համատեղ։

Արտաքին տեսքը խմբագրել

Մեջքային կողմում մորթու գունավորումը մուգ շագանակագույնից մինչև ծխագորշ է։ Մորթին, մեջքից դեպի փորը գնալով, գունաթափվում է, և փորային հատվածում, մի փոքր բացառությամբ, կաթնասպիտակագույն է։ Պայտի չափերը կարող են տատանվել՝ 7,3-9,7 մմ։ Որպես արտաքին բնութագրող ցուցանիշ չորրորդ մետակարպալ ոսկրը 1,5 մմ-ով կարճ է հինգերորդից և մոտ 4 մմ-ով երկար է երրորդ մետակարպալ ոսկրից։ Մարմնի երկարությունը 53,9-67,3 մմ է, պոչինը՝ 31,7-42,3 մմ, նախաբազուկի երկարությունը՝ 53,7-60,6 մմ, քաշը՝ 15,9-24,7 գ։ Կենդանի զանգվածը՝ 34 գ։

Բազմացումը խմբագրել

Զուգավորումը կատարվում է աշնանը, բեղմնավորումը` գարնանը։ Որպես օրենք` գաղութում ծինը սկսվում է մայիսի վերջերին և ավարտվում է հունիսի կեսերին։ Սերնդում ունենում են մեկ, երբեմն երկու ձագ։ Ձագերին կերակրելու շրջանում էգերն առանձնանում են արուներից։

Թվաքանակը սահմանափակող գործոններից են բնակատեղերի յուրացումը, կարստային քարանձավներում չկանոնակարգված պեղումները, էքսկուրսիաները, քարանձավների կարստերի ջարդումը, անտառահատումները, պեստիցիդների օգտագործումը։

Սնունդը խմբագրել

Սնվում է միջին և մեծ գիշերային բզեզներով, թիթեռներով։ Երբեմն մեկ գիշերվա ընթացքում որսում է 500-700 մոծակ և մլակ։

Թշնամիները խմբագրել

Թշնամիներից են գիշերային գիշատիչ թռչունները, թափառող կատուները, կզաքիսները, օձերը։

Հիվանդությունները խմբագրել

Հիվանդություններից են էկտո և էնդոմակաբույծներով վարակվածությունը։

Նշանակությունը խմբագրել

Հանդիսանում է գյուղատնտեսության և անտառատնտեսության վնասատու միջատների սպառող, որոշակի վնաս է հասցնում՝ ոչնչացնելով օգտակար միջատներին[1][2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 193։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 457։
  4. Mitchell-Jones A. J. M., Amori G., Bogdanowicz W., Krystufek B., et all. The atlas of European mammals, Academic Perss, London, San-Diego, 1999.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ պայտաքիթ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ պայտաքիթ» հոդվածին։