Kargu - թուրքական արտադրության անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Մշակվում և արտադրվում է թուրքական պաշտպանական STM (Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ) ընկերության կողմից։

Kargu
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհարվածային
ԱրտադրողԹուրքիա Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ
Գլխավոր կոնստրուկտորԹուրքիա Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ
Առաջին թռիչք2016
Շահագործման սկիզբ2017
Կարգավիճակսերիական արտադրություն
ՇահագործողներԹուրքիայի ռազմաօդային ուժերը
 STM Kargu Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

Kargu-ն կվադրոկոպտեր տեսակի մահապարտ ԱԹՍ է։ Մատակարարվում է Թուրքիայի զինված ուժերին 2017 թվականից ի վեր։ 2019 թ․ STM ընկերությունն սկսեց կատարելագործված Kargu-2 ԱԹՍ-ների արտադրությունը։

2020 թ․ սկզբին թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց այդ տեսակի 356 ԱԹՍ-ի գնման մասին։

Kargu-2-ը կշռում է 15 կգ։ Թռիչքի տևողությունը 30 րոպե է։

Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, առավելագույն արագությունը՝ 72 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 2.8 կմ, իսկ մարտական գործողության առաստաղը՝ 500 մ[1]։

ԱԹՍ-ն կառավարվում է երկրից՝ օպերատորի կողմից, որը կարող է ուղղել ԱԹՍ-ն ցանկացած, այդ թվում՝ շարժվող թիրախի ուղղությամբ։ Եթե ԱԹՍ-ն չի ոչնչացրել թիրախը, այն կարող է վերադառնալ օպերատորի մոտ հետագա օգտագործման համար։

Ունի նաև թռիչքի և որոնման կիսաավտոմատ ռեժիմ, այն կարող է ինքնուրույն գտնել և խոցել թիրախները, իսկ օպերատորը պետք է միայն ուղղի ԱԹՍ-ն դեպի թիրախային գոտի։ Անհրաժեշտության դեպքում օպերատորը կարող է չեղարկել ԱԹՍ-ի հարձակումը կամ վերաթիրախավորել այլ օբյեկտներ։

Ռումբը կարող է լինել բեկորային՝ հակառակորդի անձնակազմի և այլ ոչ զրահապատ թիրախների ոչնչացման համար, կումուլյատիվ՝ թեթև զրահապատ տեխնիկայի խոցման համար, և վակուումային՝ փակ տարածությունում թիրախների ոչնչացման համար։

STM-ն ակտիվ աշխատանքներ է տանում այս հարվածային ԱԹՍ-ների արտահանումն ավելացնելու ուղղությամբ։ Դրանց հանդեպ հատուկ հետաքրքրություն կա Միջին Արևելքում և թուրքալեզու պետություններում։

2019 թ. ապրիլին Թուրքիայում անցկացված ռազմարդյունաբերական IDEF-2019 ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել էր նաև Kargu ԱԹՍ-ների տաղավար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել