Ֆրանսիայի պատմություն
- Այս հոդվածը պարունակում է ընդարձակ նյութեր Ֆրանսիայի պատմության մասին։ Հակիրճ տեղեկությունների համար տե՛ս Ֆրանսիա հոդվածի համապատասխան բաժինը։
Ֆրանսիայի պատմություն (ֆր.՝ Histoire de France), ֆրանսիացի էթնոսի հազարամյա պատմությունը։ Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում մարդը բնակություն է հաստատել շուրջ երկու միլիոն տարի առաջ։ Այստեղ հաստատված առաջին հայտնի ցեղերից էին կելտերը, որոնց հռոմեացիներն անվանում էին գալլեր։ Հենց այդ պատճառով էլ նոր բնակեցված տարածքը սկսում է անվանվել Գալիա։ Մ.թ.ա. 125 թվականին Գալիայի տարածքը նվաճում են հռոմեացիները, իսկ 3-4-րդ դարերում՝ գերմանական ցեղերը (վեստգոթեր, բուրգունդներ և ֆրանկներ)։ 274 թվականին Շալոնի ճակատամարտից հետո Գալիան վերստին միացվում է մայրամուտի շրջանում գտնվող Հռոմեական կայսրությանը։ Ֆրանսիայի պատմության հինաշխարյան շրջանն ավարտվում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկումով։ 5-րդ դարում կազմավորվում է Ֆրանկական թագավորությունը, որն ներառում էր նախկին Գալիայի պրովինցիան և հարակից տարածքներ։ Արդեն 6-րդ դարում երկիրը կառավարող Մերովինգների արքայատոհմը կտրուկ թուլանում է, իսկ արքայատոհմի վերջին ներկայացուցիչները թագավորի տիտղոսը պահպանում էին միայն ձևականորեն։ Երկրի թուլացմանը նպաստում են նաև արաբների նվաճումները Հարավային Եվրոպայում։ Վերջիններս, նվաճելով Պիրենեյան թերակղզին, շարժվում են դեպի արևմուտք՝ ներխուժելով Հարավային Գալիա։ 732 թվականին ֆրանկների առաջնորդ Կառլոս Մարտելը Պուատիեի ճակատամարտում վճռական հաղթանակ է տանում՝ արաբներին դուրս մղելով Գալիայի տարածքից։ 751 թվականին Հռոմի մայորդոմ Պիպին Կարճահասակը հոր մահից հետո իրեն հռչակում է ֆրանկների թագավոր։ Պիպինը վերջ է տալիս Մերովինգների դինաստիային և սկիզբ է դնում նոր արքայատոհմի, որը նրա որդու՝ Կառլոս Մեծի անունով կոչվում է Կարոլինգների դինաստիա։
8-9-րդ դարերում երկրում հաստատվում են ավատատիրական կարգեր, որի արդյունքում՝ Բուրգունդիա և Աքվիտանիա մարզերն իրենց հռչակում են ֆրանկական պետության կենտրոնական կառավարությունից անկախ։ Շուտով Ֆրանկական պետությունը հասնում է իր հզորության գագաթնակետին, և 800 թվականին ֆրանկների առաջնորդ Կառլոսը թագադրվում է կայսերական թագով. երկիրը դառնում է Եվրոպայի պատմության հզորագույն կայսրություններից մեկը։ Կառլոս Մեծը Իտալիայիում վերջնականապես պարտության է մատնում լանգոբարդներին, իսկ 778 թվականին ֆրանկական բանակը ներխուժում է Իսպանիա՝ հասնելով մինչև Սարագոսա։
Կառլոսի մահից հետո պետությունը բռնում է հետադիմական ռեակցիայի ուղին, և երկրում առաջանում են ներքին գահակալական խռովություններ։ Իշխանության հասնելու համար կռվում են Կառլոսի ժառանգները։ 843 թվականին Վերդենի պայմանագրով Ֆրանկական պետությունը մասնատվում և բաժանվում է Կառլոսի ժառանգների` Լոթարի, Լյուդովիկոսի և Շառլի միջև։ Ֆրանսիան պատմության թատերաբեմ է դուրս գալիս որպես անկախ պետություն։ 987 թվականին իշխանությունը սկսում է գլխավորել Կապետինգների դինաստիան։ 10-11-րդ դարերում Ֆրանսիայում հիմնականում ավարտվում է ֆեոդալական հասարակարգի երկու հիմնական դասակարգերի՝ սենիորների և կախյալ գյուղացիության ձևավորումը։
Խաչակրաց արշավանքները սկիզբ են առնում Ֆրանսիայի Կլերմոն քաղաքից։ Ֆրանսիայի Ֆիլիպ II թագավորը մասնակցում է Խաչակրաց երրորդ արշավանքին, սակայն առողջական խնդիրների պատճառով ետ է դառնում Փարիզ։ 1302 թվականին հրավիրված գլխավոր շտատները ուժեղացնում են կենտրոնական իշխանությունը, և երկրում հաստատվում է դասային միապետություն։
1337 թվականին Ֆրանսիայի և Անգլիայի միջև սկսվում է Հարյուրամյա պատերազմը, որը խաթարում է ամբողջ Եվրոպայի անդորրը։ Հարյուրամյա պատերազմի ընթացքում ֆրանսիական կողմում աչքի է ընկնում Ժաննա դ'Արկը, ով ազատագրելով Օռլեան քաղաքը, սկիզբ է դնում ֆրանսիացիների հաջողություններին։ 1453 թվականին պատերազմն ավարտվում է Ֆրանսիայի հաղթանակով, իսկ 16-րդ դարում Ֆրանսիայում ձևավորվում է բացարձակ միապետություն, որը հատկապես ամրապնդվում է 1562-1594 թվականների կրոնական պատերազմներից հետո։
Հաջորդիվ՝ Ֆրանսիան մասնակցում է Երեսնամյա պատերազմին։ 1647 թվականին Բավարիան, Քյոլնը, Ֆրանսիան և Շվեդիան ստորագրում են Ուլմի պայմանագիրը՝ դնելով ռազմական գործողությունների վերջակետը։ 18-19-րդ դարերը Ֆրանսիայի պատմության ամենահարուստ և նշանավոր դարաշրջանն են։ Բաստիլի գրավումով Ֆրանսիայիում սկսվում է Մեծ հեղափոխությունը, որն ավարտվում է հեղափոխականների հաղթանակով։ Իշխանության գլուխ անցնում է Նապոլեոն Բոնապարտը, ով Ֆրանսիան հասցնում է հզորության գագաթնակետին։ Նապոլեոնյան Ֆրանսիան դառնում է Եվրոպայի ամենահարուստ և ազդեցիկ երկիրը։ Ցանկանալով հասնել համաշխարհային տիրապետության՝ Նապոլեոնը հարձակվում է Ռուսաստանի վրա։ Ռուսաց կայսերական զորքերը դուրս են մղում ֆրանսիացիներին ռուսական տարածքներից, որից անմիջապես հետո եվրոպական պետությունները և Ռուսաստանը միասնական ուժերով պարտության են մատնում Նապոլեոնին։ 1814 թվականին Ֆրանսիայի և հաղթած երկրների միջև կնքվեց պայմանագիր, որով Նապոլեոնի վարչակարգը կործանվեց։
19-րդ դարի 70-ական թվականներից բանվորական շարժումը վերելք է ապրում Ֆրանսիայում։ 1880 թվականին ձևավորվում է Ֆրանսիայի բանվորական կուսակցությունը։
Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիան հարում էր Անտանտի ռազմաքաղաքական դաշինքին։ 1917 թվականին՝ Նիվելի հարձակման ժամանակ Ֆրանսիայի 2-րդ գաղութային դիվիզիայի Վերդենի ճակատամարտի վետերանները հրաժարվում են կատարել հրամանները՝ լինելով հարբած և առանց զինվորական համազգեստի։ 1919 թվականին Ֆրանսիայի Վերսալի Հայելապատ դղյակում ստեղծվում է վերսալյան համակարգը, որը տարածվում է ամբողջ Եվրոպայում։ Ֆրանսիային պատուհասած հաջորդ փորձությունը Երկրորդ համաշխարհային պատերազմն էր։ Ֆրանսիան դառնում է ֆաշիստական ագրեսիայի առաջին թիրախներից մեկը և 1940 թվականի մայիսին՝ առանց որևէ դիմադրության, անձնատուր լինում։ Պատերազմի ավարտին ֆրանսիական հողերը ետ են վերադարձվում, իսկ Երրորդ ռայխը զինաթափվում և կազմալուծվում է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրանսիան անդամակցում է Հյուսիսատլանտյան դաշինքին և Միավորված ազգերի կազմակերպությանը, դառնում է նաև Եվրոպական Միության հիմնադիր-անդամ։ Ներկայումս Ֆրանսիայի Հանրապետությունը զարգացած երկիր է՝ տնտեսական, ինչպես նաև ռազմաքաղաքական մեծ ներուժով։
Նախապատմական և հինաշխարհյան շրջան
խմբագրելՆախապատմական Ֆրանսիա
խմբագրելՖրանսիական տարբեր վայրերի (որտեղ հայտնաբերվել են հնագիտական գտածոներ) անուններով գիտության մեջ անվանվել են հին քարի դարի և միջին քարի դարի Եվրոպայի հիմնական մշակույթները (շելյան, աշելյան, մուստիերյան, ազիլյան և այլն)[1]։ Իրենց ժայռապատկերներով հայտնի են Հարավային Ֆրանսիայի հինքարեդարյան քարանձավները (Լասկո, Մոնտեսպան և այլն)[2]։ Էնեոլիթի և բրոնզի դարից (մ․թ.ա․ 3-2-րդ հազարամյակներ) մեզ են հասել ավերակի վերածված կառույցներ (մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ)։ Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս 1.8 միլիոն տարի առաջ։ Նախնադարում մարդիկ ստիպված էին ապրել քոչվորական կյանքով՝ զբաղվելով հիմնականում որսորդությամբ և հավաքչությամբ[3]։ Ֆրանսիայում հաշվվում են մեծ թվով նկարազարդ քարանձավներ, որոնք պահպանվել են վերին պալեոլիթի դարաշրջանից։ Լավագույն նմուշներից են Լասկո քարանձավի պատերին պահպանված ժայռափոր նկարազարդումները։ Լասկոն Արևմտյան Եվրոպայի գլխավոր հնավայրերից մեկն է։ Հինքարեդարյան այս քարանձավը ստեղծվել է մ.թ.ա. 18000 թվականին։ Այս քարանձավի գլխավոր առանձնահատկությունը գեղատեսիլ ժայռաքեր կենդանապատկերների առկայությունն է։ Նկարներում պատկերված են ոչ միայն կենդանիներ, այլ նաև նախնադարյան մարդիկ՝ տարբեր աշխատանքներ կատարելիս։ Մ.թ.ա. 10000 թվականին՝ վերջին սառցե դարաշրջանի ավարտին[4], կլիման բարելավվում է, և մոտ մ.թ.ա. 7000 թվականից Արևմտյան Եվրոպայի այս հատվածը թևակոխում է նեոլիթյան դարաշրջան։ Արդյունքում՝ տեղի բնակիչներն անցնում են նստակյաց կյանքի[5]։ Մ.թ.ա. 4-րդ և մ.թ.ա. 3-րդ հազարամյակների միջև տեղի ունեցած ժողովրդագրական և գյուղատնտեսական բուռն զարգացումից հետո, մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում ի հայտ է գալիս մետաղագործությունը։ Այս ժամանակաշրջանի գլխավոր նվաճումներից էր նաև այն, որ Ֆրանսիայի տարածքում ապրող մարդիկ սկսում են օգտագործել մի շարք մետաղներ և համաձուլվածքներ, որոնց կիրառությունն առավել դյուրին էր կենցաղում։ Նման մետաղներ էին բրոնզը, պղինձը և ոսկին։ Հետագայում այստեղի բնակիչները ավելի զարգանալուց հետո սկսում են օգտագործել նաև նաև երկաթ։ Մ․թ․ա․ 1-ին հազարամյակի վերջին Ֆրանսիայի տարածքը բնակեցնում են կելտերը[6], որոնց հռոմեացիները կոչում էին գալլեր (այստեղից էլ եկել է երկրի անունը՝ Գալիա Բելգիկա կամ պարզապես Գալիա)։ Մինչ այդ՝ Գալիան հունական առևտրային գաղութ էր։
Մ.թ.ա 600 թվականին հին հույները Փոկեա քաղաքում հիմնում են հունական գաղութ Մասալիան (ներկայիս Մարսել)[7][8][9]՝ Միջերկրական ծովի ափին կառուցելով Ֆրանսիայի ամենահին քաղաքը[10]։ Նույն ժամանակաշրջանում, որոշ գալլա-կելտական ցեղեր թափանցում են ներկայիս Ֆրանսիայի տարածքի որոշ հատվածներ, սակայն տարածվում են Ֆրանսիայի խորքերը միայն մ.թ.ա 5-րդ դարից 3-րդ դարում[11]։ Մ․թ․ա․ 2-րդ դարի վերջին Գալիան նվաճում են հռոմեացիները՝ այնտեղ ստեղծելով մի շարք պրովինցիաներ։ Արդյունքում՝ Գալիայի տարածքը ենթարկվում է ռոմանականացման։ Չնայած այս ամենին՝ գալլերը բավականին ազատատենչ էին և ժամանակ առ ժամանակ ապստամբում էին բռնացող կառավարության դեմ։ Այս դեպքերի շուրջ 1999 թվականին նկարահանվում է «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» արծակային կատակերգությունը, ըստ որի մ․թ․ա․ 50 թվականին կայսր Հուլիոս Կեսարի կողմից Գալիայի գրավումից հետո գալլաբնակ փոքրիկ մի գյուղի բնակիչներ, հրաժարվելով հարկեր վճարել, սկսում են պայքարել անպարտելի համարվող հռոմեացիների դեմ[12][13][14]։ Գալիայի ռոմանակացմանը հետևում է իշխանական մարմինների ձևավորումը։ Երկրում առաջանում են հռոմեական և գալլական ավագանու ստրկատիրական լատիֆունդիաները, որոնց հետ մեկտեղ առաջ են գալիս խոշոր առետրաարհեստավորական քաղաքներ։ Դրանցից էին Լիոնը, Նիմը և Բորդոն։ Հռոմեական ծանր հարկերը տեղական բնակչության մի շարք ապստամբությունների տեղիք են տալիս։ Հակահռոմեական առաջին ապստամբությունը սկսվում է մ․թ․ա․ 12 թվականին և ավարտվում 51-ին[15][16]։ 70 թվականին գալլերի ապստամբությունների ալիքը դադարում է ալեկոծել կայսրության ափերը. հռոմեական լեգեոնները բացարձակ հաղթանակ են տանում տեղացի ապստամբների նկատմամբ։ 2-4-րդ դարերում Գալիայում տարածվում է քրիստոնեությունը[17][18][19]։
Հռոմեական Գալիա
խմբագրելԳալիա երկրամասի տարածքներն ընկած էին Հռենոսի, Ատլանտյան օվկիանոսի, Պիրենեյների և Միջերկրական ծովի միջև։ Ժամանակակից Ֆրանսիայի տարածքները մոտավոր համընկնում են Գալիայի հետ։ Գալիան բարգավաճող երկիր էր, որի հարավային մասը ենթարկվում էր հռոմեական և հունական ճնշումներին։ Մ.թ.ա 390 թվականին գալլերի առաջնորդ Բրենուսը անցնում է Ալպերը և ներխուժում Իտալիա[20][21][22]։ Հաղթելով Ալլիայի ճակատամարտում՝ գալլերը պաշարում են կայսրության մայրաքաղաք Հռոմը[23]։ Գալիական ներխուժումը թուլացնում է Հռոմը՝ սկիզբ դնելով շատ իտալական ցեղերի ընդվզման։ Հաջորդ 50 տարում մեկ առ մեկ այդ ընդվզումները ճնշվում են, իսկ Հռոմի իշխանությունը՝ ամրապնդվում։ Գալլերը շարունակում են ներխուժումները մինչև մ.թ.ա 345 թվականը, երբ Հռոմեական կայսրության հետ կնքվում է խաղաղության պայմանագիր։ Սակայն հռոմեացիները և գալլերը շարունակում էին մնալ թշնամիներ և գալլերը շարունակում էին սպառնալիք հանդիսանալ Հին Հռոմի համար։ Հռոմի հետագա զարգացման գլխավոր խոչընդոտը Կարթագենի թագավորության զորեղացումն էր։ Թափանցելով Իտալիա և մի շարք ճակատամարտերում ջախջախելով հռոմեական բանակին, կարթագենացիների առաջնորդ Հաննիբալ Բարկան անմիջական սպառնալիք է ստեղծում Հռոմի համար[24]։ Վճռորոշ էր մ.թ.ա. 216 թվականի Կաննեի ճակատամարտում տարած հաղթանակը, որի արդյունքում կարթագենական զորքերը հաստատվում են Ապենինյան թերակղզու վրա[25][26]։ Սակայն նա չի կարողանում զարգացնել ռազմավարական հաջողությունը, իսկ հռոմեացիները պատերազմը տեղափոխում են Աֆրիկա։ Մ.թ.ա. 202 թվականին Զամայի ճակատամարտում պարտվելուց հետո Կարթագենը հաշտության պայմանագիր է կնքում Հռոմի հետ[27][28]։ Կարթագենը զրկվում է Իսպանիայի իր տիրույթներից, բացի այդ, զրկվում է նաև առանց Հռոմի համաձայնության պատերազմներ վարել իրավունքից։
Մոտ մ.թ.ա 125 թվականին հարավային Գալիան նվաճվում է հռոմեացիների կողմից և վերածվում հռոմեական շարքային պրովինցիայի։ Բրեննուսի կողմից Հռոմի պաշարումը դեռ թարմ էր հռոմեացիների հիշողությունում։ Մ.թ.ա. 52 թվականին Հուլիոս Կեսարը գրավում է Գալիայի մնացած հատվածը և ճնշում գալլ առաջնորդ Վերցինգեթորիկսի ապստամբությունը։ Գալիայի համար շրջադարձային է լինում Օգոստոս Օկտավիանոս կայսեր գահակալության տարիները։ Նրա օրոք Գալիան բաժանվում է հռոմեական պրովինցիաների, որոնցից հիմնականներն էին Գալիա Նարբոնենսիսը՝ հարավում, Գալիա Աքվիտանիան՝ հարավ-արևմուտքում, Գալիա Լուգդունենսիսը՝ կենտրոնում և Գալիա Բելգիկան՝ հյուսիսում[29]։ Գալլա-հռոմեական ժամանակաշրջանում հիմնադրվում են շատ քաղաքներ` ներառյալ Լուգդունումը (ներկայիս Լիոն), որը հիմնադրումից որոշ ժամանակ անց հռչակվում է Գալիայի մայրաքաղաք[30][31]։ Այս քաղաքները կառուցվում են ավանդական հռոմեական ճարտարապետական ոճով՝ իրենց թատրոններով, կրկեսներով, ամֆիթատրոնով և շոգեբաղնիքով։ Գալլերը հռոմեական տիրապետության տակ ի վերջո ընդունում են հռոմեական լեզուն՝ լատիներենը[32], որից էլ հետագայում ձևավորվում է ֆրանսերենը[33]։ Հռոմեական բազմաստվածությունը խառնվում է գալլական տեղական հավատալիքների հետ՝ ձևավորելով սինկրետիզմը[34]։
Մարկուս Պոստամուս՝ նորաստեղծ Գալիայի կայսրության առաջին կայսրը։ Կառավարել է 260-269 թվականներին։ Հռոմեացիների դեմ ֆրանսիական պայքարի փայլուն ներկայացուցիչ է։ 261 թվականին ետ է մղել կայսրության տարածք սողոսկած գերմանական ցեղերի հարձակումները։ Գալիայի միակ կայսրն է, որը կառավարել է նաև Բրիտանիայում և Իբերիայում՝ ժամանակակից Իսպանիայում։ | Մարկուս Վիկտորինուս՝ Գալիայի երրորդ կայսրը։ Կառավարել է 269-271 թվականներին։ Աչքի է ընկել իր բավականին մտավոր զարգացվածությամբ։ Սպանվել է իր իսկ կողմնակիցների կողմից՝ սեփական ապարանքում։ | Գայոս Տետրիկուս Երկրորդ՝ Գալիայի վերջին կայսրը։ Կառավարել է 270-274 թվականներին։ Նրա կառավարման տարիներին Հռոմում իշխում էր Ավրելիանոսը։ 274 թվականին Շալոնի ճակատամարտում կրած պարտությունից հետո վերջինիս ղեկավարած կայսրությունը կցվել է Հռոմին։ |
Մոտավորապես 3-րդ դարում Հռոմեական Գալիան կանգնում է ճգնաժամի առաջ. նրա սահմաններից ներս էին թափանցում բարբարոսները։ Կենտրոնական կայսերական իշխանության թուլացման հետ գալլա-հռոմեացի ղեկավարները անկախություն են հռչակում՝ ստեղծելով սակավակյաց Գալիական կայսրությունը[35]։ Այն ձգվում էր Բրիտանիա կղզու հարավից մինչև Հռենոսի ավազան՝ ներառելով ժամանակակից Անգլիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի և մասամբ էլ Գերմանիայի ու Նիդերլանդների տարածքները[36]։ Կայսրության ստեղծողը Մարկուս Կասիանուս Լատինուս Պոստամուս էր, ով գահակալում է մինչև 269 թվականը[37][38]։ Գալիայի համար ամեն ինչ փոխվում է այն ժամանակ, երբ Կլավդիոս Գոթացի կայսեր մահից հետո հռոմեական պետության ղեկն իր ձեռքն է վերցնում Լուցիոս Դոմիցիոս Ավրելիանոսը։ Ավրելիանոսի կառավարումը նշանավորվում է մի շարք փայլուն հաղթանակներով. նա հետ է մղել կայսրության Դանուբյան սահմանի վրա բարբարոսների հարձակումները և ճնշում Եգիպտոսում բռնկված ապստամբությունը[39]։ Դրանից հետո Շալոնի ճակատամարտում 274 թվականին հռոմեական լեգեոնը ջախջախում են գալլերի վերջին կայսր Տետրիկուս II-ի գլխավորած կայազորին, որի արդյունքում Գալիան նորից միացվում է Հռոմեական կայսրությանը[40][41]։ Այնուամենայնիվ, իրավիճակը բարելավվում է 4-րդ դարի առաջին կեսին, որը Հռոմեական Գալիայի վերածննդի ու բարգավաճման ժամանակաշրջանն էր։ 312 թվականին կայսր Կոստանդիանոս Ա Մեծը ընդունում է քրիստոնեություն, իսկ 313 թվականի Միլանի հրովարտակով թույլատրվում է քրիստոնեության ազատ դավանումը Հռոմեական կայսրության տարածքում[42][43][44][45]։ Քրիստոնյաները, ովքեր մինչ այդ հետապնդվում ու հալածվում էին, սկսում են ավելանալ ողջ Հռոմեական կայսրությամբ մեկ։ Սակայն սկսած 4-րդ դարի կեսերից բարբարոսների ներխուժումները վերսկսվում են և գերմանական ցեղերը, ինչպիսիք են վանդալները, սուեբները և մի շարք ոչ գերմանական ցեղեր՝ այդ թվում ալանները, անցնում են Հռենոսը և ներխուժում Գալիա, Իսպանիա և կործանվող Հռոմեական կայսրության այլ տիրույթներ։
Միջնադարյան ժամանակաշրջան
խմբագրելԱրևմտյան Հռոմեական կայսրության անկում
խմբագրելԵվրոպայի պատմության 4-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարն ընկած ժամանակաշրջանն ընդունված է անվանել Մեծ գաղթի կամ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակաշրջան[46]։ Կլիմայական դժվարություններից և սառնամանիքներից հոգնած մի շարք բարբարոսական ցեղեր և ցեղախմբեր սկսում են արշավանքներ կազմակերպել դեպի Հռոմեական կայսրության տարածք։ Առաջին գաղթող ցեղերը դրանք հոներն էին, որոնց պատմական ձևավորումն ընթացել էր ներկայիս Չինաստանի տարածքում՝ Հեռավոր Արևելքում[47]։ Մինչ այդ՝ 117 թվականին, Հռոմեական կայսրությունը հասել էր իր տարածքային մեծության գագաթնակետին[48]։ 284 թվականին Դիոկղետիանոսը կայսրությունը բաժանեց երկու մասի՝ արևելյան և արևմտյան[49][50][51]։ Գալիան Արևմտյան Հռոմեական կայսրության մաս էր կազմում։
4-րդ դարում կելտական ցեղերն ապաստակում են Գալիայի պատմական Արմորիկա երկրամասի տարածքը։ 418 թվականին դեպի Գալիա արշավանքներ են կազմակերպում գոթերը, որոնց օգնություն են ցուցաբերում վանդալները, լանգոբարդներն ու ֆրանկները։ 410 թվականին մայրաքաղաք Հռոմի գրավումից հետո կայսրության կենտրոնը դառնում է Թուլուզ քաղաքը։ 460 թվականին ծանր պայմաններում գահ է բարձրանում Հռոմի վերջին կայսրը։ Հռոմուլոս Օգոստուլոսի գահ բարձրանալու ժամանակ Հռոմեական կայսրությունը գտնվում էր անհետացման եզրին[52][53]։ Կայսերական տիրապետությունը տարածվում էր միայն Իտալիայի և Հարավային Գալիայի մի փոքրիկ մասի վրա։ Արևելահռոմեական կայսր Լևոն I-ը, որը մահացել էր 474 թվականին՝ Արևմտյան Հռոմեական կայսրության գահին էր կանգնեցրել երկու մարդու՝ Պրոկոպի Անթեմիային և Հուլիուս Նեպոտին, այդ պատճառով նրա հետնորդ Զենոնը, այնպես ինչպես Հյուսիսային Գալիայի կուսակալ Աֆրանասիոս Սիագրոսը, հրաժարվում է Հռոմուլոսին ճանաչել արևմուտքի կայսր՝ նրան համարելով սովորական բռնապետ[54]։ Կայսրության մայրամուտը բավականին մոտ էր։ Նրա օրոք վերսկսվում են գոթական արշավանքները դեպի կայսրության տարբեր հատվածներ։
Գոթական զորքերը գլխավորում էր նշանավոր զորավար Օդոակրը[55]։ Հռոմեական պաշտպանական զորքերի գլուխ կանգնած էր Օրեստը։ Բախվելով իր հանդեպ թշնամաբար տրամադրված զորքին, Օրեստը փակվում է հզոր պատերով շրջապատված Տիցիանում, որը գրավվում է և թալանվում։ 476 թվականի օգոստոսի 28-ին Պլացենտիի մոտ նա գերի է վերցվում և մահապատժի ենթարկվում։ Նրա եղբայր Պավելը սպանվում է Ռավեննայից ոչ հեռու անտառում մղված մարտի ժամանակ և այդ ժամանակ Օդոակրը մտնելով քաղաք սեպտեմբերի 4-ին Հռոմուլոսին ստիպում է հրաժարվել կայսրության գահից[56][57][58]։ Երբ ապստամբած զորավարը իմանում է արևելյան կայսր Զենոն Իսավրացու կրկնակի գահին տիրելու մասին, նա գահընկեց է անում Հռոմուլոս Օգոստուլոսին և վերջինիս անունից սենատական պատվիրակություն ուղարկում Կոստանդնուպոլիս՝ համապատասխան հաղորդագրությամբ։ Այնտեղ նշվում է.
Ֆրանկական պետություն
խմբագրել476 թվականին, երբ Օդոակրը գահընկեց է անում Հռոմուլոս կայսրին, Արևմտյան Հռոմեական կայսրությունը ուներ չնչին ռազմական, քաղաքական և տնտեսական ներուժ և չէր վերահսկում կայսրության մեծ մասին, որոնք ֆիկտիվ կերպով կոչվում էին հռոմեական[59]։ Նվաճելով կայսրությունը, բարբարոսները ստեղծում են սեփական իշխանությունը կայսրության մեծ մասում[60][61]։ Նորաստեղծ պետությունների շարքում առանձնանում էր Ֆրանկական պետությունը, որն ստեղծվում է ժամանակակից Ֆրանսիայի տարածքում։ Այն ձևավորվում է 481 թվականին[62][62][63], սակայն սկզբնական շրջանում որոշակի կախվածություն է ունենում Հռոմից։ 486 թվականին ֆրանկների առաջնորդ Քլոդվիգ I-ը Սուսասոնի ճակատամարտում ջախջախում է կայսերական բանակին և ոչնչացնում Գալիայի տարածքում գտնվող վերջին հռոմեական հենակետերը[62][64][65]։ Այս հաղթանակից հետո Քլոդվիգին հնարավորություն է ընձեռվում իր իշխանությունը տարածել հյուսիսում գտնվող Սոմ գետից մինչև Լուար գետն ընկած տարածքների վրա։ Քլոդվիգը միավորում է երկրի բոլոր ներքին հողերը՝ Գալիայի դուրս վռնդելով ոչ միայն հռոմեացիներին, այլ նաև 496 թվականին ալեմաններին[66], իսկ 507 թվականին՝ վեստգոթերին[66]։ Քլոդվիգի օրոք քրիստոնեությունն ընդունվում է, որպես Ֆրանկական պետության պաշտոնական կրոն[66], իսկ լատիներենն ու ֆրանկերենը՝ պաշտոնական լեզուներ[66]։ Նրա կառավարման տարիներին թագավորական նստավայրը տեղափոխվում է Փարիզ[66]՝ ժամանակակից Ֆրանսիայի մայրաքաղաք։ Նա ամրապնդում է թագավորական իշխանությունը և այն դարձնում ժառանգական։ Քլոդվիգը կարգադրում է գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվում է Սալիական դատաստանագիրքը[66][67][68]։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։ Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։ Վերջինս նաև հիմնադրում է Ֆրանկական պետության առաջին արքայատոհմը՝ Մերովինգների դինաստիան[69]։ 511 թվականին Քլոդվիգը մահանում է և ֆրանկական գահը մնում է թափուր[70][71][72]։ Մերովինգ թագավորները Ֆրանկական պետության տարածքները ընդարձակում են մինչև Ալպյան լեռներ և Դնեպրի ավազան[73]։ Տերության մայրաքաղաքը եղել է Աախենը[74]։ Այս ժամանակաշրջանում Արաբական խալիֆայության գլուխ կանգնած էր Օմայյան արքայատոհմը։ Դեռևս 8-րդ դարի սկզբին Աբդ ալ-Մալիքի որդի և հաջորդ Վալիդը 711-716 թվականներին նվաճել էր Իսպանիան՝ Պիրենեյան թերակղզին և ժամանակակից Ֆրանսիայի հարավային սահմանները[75]։ Մուսուլմաններին Եվրոպայից վտարելու համար ֆրանկնարի մայորդոմ Կառլոս Մարտելը 732 թվականին մեծ բանակ է հանում Աբդուլ Ռահման իբն Աբդելլահի դեմ[76]։ Ֆրանկական և արաբական զորքերը բախվում են Տուր քաղաքի շրջակայքում։ 732 թվականի հոկտեմբերին տեղի է ունենում Պուատիե հերոսամարտը[77][78], որտեղ ֆրանկները վռնդում են արաբներին Եվրոպայից՝ ազատագրելով ոչ միայն Սեպտիմանիայի երկրամասը, այլև Իսպանիայի մերձակա տարածքները։ 437-743 թվականներին Ֆրանկական պետությունները կտրուկ թուլանում է։ Վերջին Մերովինգյան թագավորները, որոնք հայտնի են որպես «ծույլ թագավորներ», կառավարում էին երկիրը միայն անվանապես։ Իրական իշխանությունը կենտրոնացած էր մայորդոմների ձեռքում։
Երբ 737 թվականին Թեուդերիկ IV-ը մահանում է, մայորդոմ Կառլոս Մարտելը թողնում է գահը թափուր և շարունակում կառավարել մինչև իր մահը՝ 741 թվականը։ Վերջինիս որդին՝ Պիպին Կարճահասակը, 743 թվականին վերականգնում է Մերովինգյան հարստությունը՝ թագադրելով Քիլդերիկ III-ին, սակայն 751 թվականին գահընկեց է անում նրան և ինքը դառնում թագավոր՝ Ֆրանկական պետությունում սկիզբ դնելով Կարոլինգների հարստությանը[79][80][81]։ Մերովինգները Ֆրանկիայում տիրում են մինչև 751 թվականը։ Փաստացիորեն, Պիպինը բազմելով Ֆրանկական պետության գահին ոչ թե շարունակում է մերովինգների գործը, այլև ստեղծում նոր արքայատոհմ[81]։ 754-755 թվականներին Պիպինը կազմակերպում է ալպիական արշավանք՝ Իտալիայի լանգոբարդներին ծնկի բերելու նպատակով։ 756 թվականին նա վերստին ռազմախուժում է Ապենինյան թերակղզու տարածք[82]։ Այս անգամ նրան աջակցում էր նաև Բավարիայի դուքսը։ Պիպինի կյանքի վերջին տարիներին Աքվիտանիան կռվախնձոր է դառնում Ֆրանկական պետության և հարևանների միջև։ Հաղթելով սաքսերին՝ Պիպինը հաստատում է իր դիրքերը տարածաշրջանում և 760 թվականին պատերազմ հայտարարում Աքվիտանիայի դքսությանը։ 761 թվականին պատերազմն ավարտվում է ֆրանկների հաղթանակով։ 768 թվականին Պիպին Կարճահասակը մահանում է[82] և սեպտեմբերի 24-ին նրան փոխարինում է Կառլոս I-ը, ով Պիպինի ավագ որդին էր։ Նրա անունով Պիպինների հարստությունը սկսում է է կոչվել Կարոլինգյան։ Կառլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրոք՝ լինելով մարդկության պատմության ամենահեղինակավոր կայսրերից մեկը։ Շարունակելով հոր՝ Պիպին Կարճահասակի պատերազմները լանգոբարդների դեմ, նա երկու արշավանք է կազմակերպում դեպի Իտալիա[83][84]։ Այդ ընթացքում նա գերի է վերցնում լանգոբարդների արքային և երկրի հյուսիսային շրջանները միացնում իր թագավորությանը։ 789 թվականին նա պաշտպանում է իր երկիրը սլավոնական ցեղերի ոտնձգություններից[84][85]։ Նշանվոր էր Կառլոսի մղած մարտերն ընդդեմ Իսպանիայում վերստին հաստատված արաբների։ 793 թվականին ֆրանկների հեծելազորը ջախջախում է օմայյան բանակին և երկրից դուրս վռնդում Կորդովայի խալիֆին։ 800 թվականին Ֆրանկական պետությունում տեղի է ունենում դարակազմիկ մի իրադարձություն. մայորդոմ Կառլոսը թագադրվում է կայսերական թագավոր և վերջ դնում Ֆրանկիայի պատմության թագավորական փուլին[86]։ Ֆրանկական թագավորությունը վերածվում է ընդարձակ կայսրության։ Կայսր հռչակվելուց հետո Կառլոս Մեծն ամրապնդում է երկրի սահմանները։ Նա վերջնականապես Իսպանիայից դուրս է մղում արաբներին, իսկ հյուսիսային Իսպանիան՝ Բարսելոնա կենտրոնով, անցնում է Ֆրանկական կայսրությանը։ Արաբներին Պիրենեյներում մնում է միայն Գրանադան[87], որն ազատագրվում է Ռեկոնկիստայի ընթացքում։ Կառոս Մեծի մղած պատերազմներից ամենաերկարատևը Սաքսոնիայի նվաճումն էր, որը տևում է ավելի քան 30 տարի։ 804 թվականին սաքսերը նահանջում են և անձնատուր լինում ֆրանկների կայսերական բանակին։ Հաջորդիվ նա ձեռնամուխ է լինում Բավարիայի գրավմանը։
Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա՝ Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը։ Կառլոսը արշավանքներ է կատարել Իսպանիա և Արևելյան Եվրոպա, իսկ Բալկաններում մոտեցել է անմիջականորեն Բյուզանդական կայսրության տիրույթներին։ 814 թվականին Կառլոսը մահանում և գահընկեց է արվում[88][89]։ Կառլոսի մահից հետո երկրում բռնկվում են գահակալական կռիվներ։ Վերջինիս օրինական ժառանգները պայքար են սկսում ֆրանկական գահի համար։ Նրան փոխարինում է իր որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը[90][91], ով չի կարողանում պահպանել հոր ստեղծած աշխարհակալ տերությունը։ 843 թվականին Լյուդովիկոս Բարեպաշտը ստիպված է լինում երկիրը կիսել իր երկու եղբայրների հետ[92][93]։ Վերդենի դաշնագրով Ֆրանկական կայսրության տարածքը տրոհվում է[94][95]։ Այս պայմանագիրը հող է նախապատրաստում ապագա Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա պետությունների կազմավորման համար[93][95]։ Վերդենի դաշնագրով Արևմտաֆրանկական (ֆրանսիական) հիմնական տարածքի մեջ էին մտնում Նեյստրիայի, Աքվիտանիայի, Բուրգունդիայի, Վասկոնիայի, Սապտիմանիայի մարզերը և Իսպանիայի մարկան, որը հանդես էր գալիս որոշակի ինքնավարությամբ[92][95]։ Թագավորության մայրաքաղաքը Փարիզն էր։ Այս պառակտումը վատ է անդրադառնում երկիրը կառավարող Կարոլինգների վրա։ 987 թվականին Լյուդովիկոս V Ծույլը գահընկեց է արվում՝ Ֆրանսիայում վերջ դնելով Կարոլինգների արքայատոհմի գերիշխանությանը։
987 թվականի հուլիսի 3-ին քսանամյա Հուգո Կապետը սկսում է իր գահակալությունը՝ սկիզբ դնելով Կապետինգների արքայատոհմին[96][97]։ Դրանից առաջ նա եղել էր Փարիզի կոմսը[97]։ Կապետինգների օրոք թագավորական իշխանությունը ընտրովիից դառնում է ժառանգական։ Նրանց կառավարումը նշանավորվում է նրանով, որ Ֆրանսիան ենթարկվում է վիկինգների արշավանքներին[98]։ 8-րդ դարից սկսած նորվեգացի, դանիացի և շվեդ վիկինգները սկսում են ասպատակել Եվրոպայի տարածքը։ 885 թվականին Փարիզի ափերի մոտ հայտնվում են վիկինգներին պատկանող հարյուրավոր նավեր[99]։ Նորմանների առաջնորդներից Զիգֆրիդը ֆրանսիացիներին պահանջում է տուրքեր վճարել, սակայն մերժում է ստանում։ Դրանից հետո վերջիններս հարձակման են անցնում և շրջափակում Փարիզը[100][101]։ Հյուսիսաբնակների զինուժն իրենից ներկայացնում էր 700 նավ և 40 հազար զինվոր։ Ֆրանսիական զորքերի բանակը կազմում էր մոտ 200 զինվոր[100]։ Փարիզը վիկինգների լծից ազատվում է 881 թվականին՝ Լյուդովիկոս III-ի օրոք։ 9-րդ դարում Ֆրանսիայի տարածքում առանձնանում են Նեյստրիա, Բուրգունդիա, Աքվիտանիա մարզերը[102]։ Նրանք ստանում են դքսությունների կարգավիճակ և փաստացիորեն դառնում են Ֆրանսիայի կենտրոնական կառավարությունից անկախ։ Այս ժամանակաշրջանը Ֆրանսիայի պատմության մեջ նշանավորվում է ավատատիրական հարաբերությունների հաստատմամբ[103][104]։ Կապետինգները կործանում են ստրկատիրական պետությունը և փոխում հասարակարգը։ 9-րդ դարում ամենուր ամրանում է ֆեոդալական կալվածքը։ Ֆրանսիայում խոշոր կալվածատերեր դառնում են թագավորները, աշխարհիկ ավագանին, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցին։ Կապետինգների քաղաքականությունը նպաստում էր կենտրոնացված պետության կազմավորմանը։ Դեռևս Հուգոյի կառավարման վերջին տարիներին նրա որդին՝ Ռոբերտը, եղել է իր գահակիցը։ Հոր մահից հետո՝ 996 թվականին, Ռոբերտ II Բարեպաշտը դառնում է Ֆրանսիայի միահեծան ղեկավարը[105]։ Ռոբերտը չկարողանալով ժառանգ ունենալ իր առաջին կնոջից, ստիպված է լինում ամուսնալուծվել և կնության առնել Բուրգունդիայի թագավոր Ռուդոլֆ III-ի քրոջը՝ Բերտեին։ Ժողովուրդն այս թագավորին անվանել է նաև Աստվածավախ և իմաստուն։
Խաչակրաց արշավանքներ
խմբագրելԵրկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ Իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք։ Այդ հողում «մեղր ու կարագ է հոսում»։ Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է... – հատված Ուրբանոս պապի կլերմոնյան ճառից
11-րդ դարում Եվրոպայի պատմության մեջ տեղի ունեցող դարակազմիկ իրադարձություններից ամենանշանավորը Խաչակրաց արշավանքներն էին[106][107]։ Ֆրանսիայի թագավորության և Սրբազան Հռոմեական կայսրության օժանդակությամբ դեպի արևելք արշավանքների ալիք է սկսվում։ Նպատակը Հիսուս Քրիստոսի գերեզմանի աատագրումն էր մուսուլմաններից։ Խաչակրաց արշավանքները շարունակվում են շուրջ 200 տարի՝ 1095-1291 թվականներին։ Խաչակիրների շարժման գլխավոր հովանավորը համարվում էր քրիստոնեական եկեղեցին[107]։
1095 թվականի մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվում է բյուզանդական կայսրի օգնության խնդրանքն ընդդեմ սելջուկ-թուրքերի։ Հենց այդ տարում էլ տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն, որը հիմնովի փոխում է Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի պատմության ընթացքը։ Պատճառը Ֆրանսիայի հարավում գտնվող Կլերմոն Ֆերան քաղաքում Հռոմի պապ Ուրբանոս II-ի հնչեցրած կոչն էր, որով կաթոլիկ եկեղեցու գլուխը հորդորում է քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը[107]։ Սակայն այդ ճանապարհին առկա էին մի շարք խնդիրներ։ Պապականությանն անհանգստացնող հիմնական հանգամանքն այն էր, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը իսլամադավան արաբների կողմից ենթարկվում էին հալածանքների։ Պապականությունը շահագրգռված էր նաև այն հանգամանքով, որ Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո՝ ֆրանկների ուժի շնորհիվ Հռոմի պապին կենթարկվի նաև 1054 թվականի քրիստոնեական եկեղեցու պառակտումից հետո անկախացած Կոստանդնուպոլսի պատրիարքը։ Հեռատես այս քայլով Ուրբանոս պապը նպատակ ուներ ռազմական ուժի շնորհիվ վերամիավորել քրիստոնյա աշխարհը։ Ըստ նրա՝ պատվախնդիր այդ առաքելությունը պետք է իրականացվեր ո՛չ գերմանացիների և ո՛չ էլ վիկինգների, այլ ֆրանսիացիների կողմից։
1096 թվականի սկզբներին սկսվում է խաչակիրների առաջին արշավանքը[107][108]։ Գարնան սկզբերին ճանապարհ են ընկնում խաչակիրների առաջին ջոկատները, որոնք հիմնականում կազմված էին աշխատավոր դասակարգից՝ գյուղացիներից։ Սուրբ գործին նվիրված գյուղացիներն առանց ասպետական դասակարգի օգնության անցնում են Ասիան Եվրոպայից բաժանող Բոսֆորի նեղուցը և շարժվում դեպի արևելք՝ Նիկեա քաղաքի ուղղությամբ։ Սակայան վճռական տրամադրված գյուղացիները չեն կարող դիմակայել առավել լավ զինված կատաղի սելջուկներին և ջախջախվում են վերջիններիս կողմից[109]։ Կարճ ժամանակ անց տեղ են հասնում նաև ֆրանսիական ասպետախմբերը, որոնք հեշտությամբ կարողանում են գրավել քաղաքը։ Այսպիսով՝ ֆրանսիացի խաչակիրների առաջին նվաճումը Նիկեա քաղաքի պաշարումն էր։ 1097 թվականի հոկտեմբերին սկսվում է Անտիոքի երկարատև պաշարումը և տևում մինչև 1098 թվականի հունիսը[110]։ 1099 թվականի հուլիսի 15-ին խաչակիրները ներխուժում են Սուրբ քաղաք՝ Երուսաղեմ[111][112]։ Առաջին խաչակրաց արշավանքի գլխավոր հետևանքներից մեկը դառնում է չորս խաչակրաց պետությունների ստեղծումը։ Դրանք էին Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունն ու Տրիպոլիի կոմսությունը[113]։
Խաղաղ ժամանակներին հետևում է Եդեսիայի վերստին գրավումը մուսուլմանների կողմից[113]։ Կազմակերպվում է երկրորդ խաչակրաց արշավանքը, որը գլխավորում էին Ֆրանսիական և հարավգերմանական խաչակիրները՝ Լյուդովիկոս Երիտասարդի և Կոնրադ III-ի գլխավորությամբ։ 1147 թվականին նրանք հասնում են Երուսաղեմ, սակայն արշավանքը պսակվում է անհաջողությամբ[114]։ Կարևոր հանգամանք էր այն, որ ֆրանսիացի խաչակիրների մի մասը կանգ է առնումՊորտուգալիայի թագավորությունում, որտեղ նրան է միանում Աֆոնսո Ա Պորտուգալացին[115]։ Ֆրանս-պորտուգալական միացյալ զորքերը 1147 թվականին վերանվաճում են Լիսաբոնը մուսուլմաններից[116]։ 1187 թվականին Եգիպտոսի նոր սուլթան Սալահ ադ Դինը Հաթթինի ճակատամարտում հաղթանակ է տանում և գրավում Երուսաղեմը[117]։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Օգոստոսի օժանդակությամբ ձեռնարկվում է նոր խաչակրաց արշավանք, որին մասնակցում էին նաև Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտն ու Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ Շիկամորուսը[118]։ 1191 թվականի Աքքայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ վերադառնում է Ֆրանսիա[118]։ Նա չի կարողանում շարունակել արշավանքը առողջական խնդիրների պատճառով։ 1212-1271 թվականներին Ֆրանսիայի նախաձեռնությամբ կազմակերպվում են մի քանի խաչակիրների արշավանքներ, որոնք պսակվում են անհաջողություններով[118]։ Արշավանքների կազմակերպման մեջ կարևոր ներդրում է ունենում Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX Սուրբը[119]։ Լյուդովիկոսը հարգում էր իր վասալների իրավունքները։ Նա լուրջ քայլեր է ձեռնարկում դատական բարեփոխումների համար։ Ավատատիրական կարգերի, ներքին գործերի մեջ գերագույն դատարանի միջամտությունը արգելող օրենքը, Լուին կասեցնում է՝ թույլատրելով արքային միջամտել իր ենթակաների գործերին։ Նա արգելում է դատական վեճերը և թույլատրում տեղական դատարանների գործունեությունից դժգոհողներին դիմել արքայական վճռաբեկ դատարան։ 1269 թվականի մարտին Լուին հրապարակում է «Պրագմատիկ պատժամիջոցները», ըստ որոնց ֆրանսիական եկեղեցին անկախություն է ստանում Հռոմից և արգելվում են հօգուտ Հռոմի կատարվող դրամահավաքները։
Խաչակրաց արշավանքերն ահռելի ազդեցություն են ունենում միջնադարյան Եվրոպայի վրա[120]։ Այդ ժամանակներում Եվրոպայում հզոր էր Պապականության դերը, սակայն արդեն 14-րդ դարի վերջերից, մեծ մասամբ խաչակրաց արշավանքների հետևանքով, Եվրոպայում սկսում են ձևավորվել ազգային պետություններ, որոնցից մեկն էլ Ֆրանսիայի թագավորությունն էր։ Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի շնորհիվ վերանում է կատարների աղանդը, և ուժեղանում կապը հյուսիսային և հարավային Ֆրանսիաների միջև։
Ֆրանսիան 11-14-րդ դարերում
խմբագրել11-րդ դարում Ֆրանսիայում հիմնականում ավարտվում է ֆեոդալական հասարակարգի երկու հիմնական դասակարգերի՝ սենիորների և կախյալ գյուղացիության ձևավորումը։ 11-րդ դարի վերջին Ֆրանսիայում սկսվում է տնտեսական կյանքի աշխուժացումը[121]։ Գյուղատնտեսության ճյուղի զարգացումը կապված էր տեխնիկայի առաջընթացի հետ։ Այն պայմանավորված էր նաև Ֆրանսիայի բնակչության թվի ավելացմամբ[121][122]։ Գյուղական բնակչությունը միատարր էր։ Տարբեր էին նաև ֆրանսիացիների կենսամակարդակները։ Ավատատիրական հասարակության ձևավորումը Ֆրանսիայում երկարատև ու աստիճանական ուղի է անցել։ Ֆեոդալիզմի տնտեսական հիմքը խոշոր հողային սեփականություն էր։ Ավատատիրական իրավունքը ֆրանսիացիների հասարակական շերտը բաժանում էր ոչ թե ստրուկների և ստրկատերերի, այլև սոցիալական տարբեր դասերի՝ անվականների, հոգևորականների և գյուղացիների։ Ֆրանսիայում ֆեոդալական հարաբերությունների կարգավորման գլխավոր և հիմնական օղակն ավատն էր։ Ֆրանսիայում գործում էր «Իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքը[123]։ 11-14-րդ դարերում Ֆրանսիայում զորքի հիմնական տեսակը հեծելազորն էր[124]։ Ասպետական խավն ուներ իր ուրույն դերն ավատատիրական աստիճանակարգության մեջ։ Թագավորի գլխավորությամբ կազմավորվում է ֆեոդալական հիերարխիան, որին ևս հատուկ էր վասալական համակարգը։ Միջնադարի ֆրանսիական քաղաքները հիմնականում արհեստի և առևտրի կենտրոններ էին։ Քաղաքներն միմյանցից տարբերվում էին իրենց տնտեսական և քաղաքական բնույթով, զբաղեցրած տարածքով և բնակչության թվով։ 13-րդ դարում Ֆրանսիայի թագավորության մայրաքաղաք Փարիզը Եվրոպայի խոշորագույն քաղաքն էր՝ շուրջ 380 հեկտար տարածքով և 50 հազարից ավելի բնակչությամբ[125]։ Մեծությամբ երկրորդ քաղաքը Մարսելն էր, որը գտնվում էր Միջերկրական ծովի ափին[126]։ Միջնադարյան Ֆրանսիայի քաղաքների տնտեսական հիմքն արհեստն էր։ Քաղաքներում նույն մասնագիտություն ունեցող արհեստավորները միավորվում էին համքարությունների մեջ։
14-րդ դարում Փարիզում կար 350 համքարություն[127]։ Կարևոր նշանակություն ունեին նաև առևտրական միավորումները, որոնք կոչվում էին գիլդիաներ։ 11-րդ դարի վերջին և 12-րդ դարի սկզբին Հյուսիսային Ֆրանսիայի քաղաքներում ապստամբություններ են բռնկվում սենիորների դեմ, իսկ խոշոր քաղաքներից շատերը ձեռք են բերում կոմունայի կարգավիճակ։ Քաղաքների զարգացումը և տնտեսական կապերի ընդլայնումը Հյուսիսային Ֆրանսիայում կարևոր նախադրյալներ են ստեղծում ավատատիրական մասնատվածության հաղթահարման համար։ 13-րդ դարի կեսին Ֆրանսիայում բացվում է առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Փարիզի համալսարանը, որն առաջիններից էր ամբողջ Եվրոպայում։ Նույն դարում իրար հետևից Ֆրանսիայում հիմնադրվում են նոր քաղաքներ։ Դրանք առաջանում էին թագավորին և առանձին ավատատերերին պատկանող հողի վրա։ 12-13-րդ դարերում թագավորական իշխանության հաստատումը դժվարանում էր Կապետինգների և Պլանտագենետների (12-րդ դարի կեսից անգլիական թագավորներ) պայքարով։ Ֆիլիպ II Օգոստոսը (կառավարել է 1180-1223 թվականին), որը 13-րդ դարի սկզբին Անգլիայից ետ էր նվաճել և իր թագավորությանը միացրել Ֆրանսիայի տարածքի զգալի մասը, դառնում է Հյուսիսային Ֆրանսիայի իրական տիրակալ։ 13-րդ դարի վերջին թագավորական դոմենին է միացվում Լանգեդոկը։ 1285 թվականին երկրի գահն անցնում է Ֆիլիպ IV Գեղեցիկին, ով Ֆրանսիայում կառավարում է մինչև 1314 թվականը[128]։ Ֆիլիպ IV Գեղեցիկը ներքին և արտաքին ասպարեզում վարել է Ֆրանսիայի միավորման ու կենտրոնացման և իշխանության ամրապնդման քաղաքականություն։ Ամուսնանալով Նավառայի թագուհու հետ՝ 1284 թվականին դարձել է նաև Նավառայի թագավոր։ 1312 թվականի ամրապնդելով երկրի արևմտյան սահմանները Ֆրանսիային է միացրել Լիոնը։ 1300 թվականին գրավում է Ֆլանդրիան, սակայն 1302 թվականին պարտություն է կրում Կուրտրեի ճակատամարտում և զիջում այն։ Նրա օրոք Ֆրանսիայի կառավարության և Հռոմի պապի միջև սկսված սուր բախումն ավարտվում է իշխանության հաղթանակով։ 1302 թվականին հրավիրված Գլխավոր շտատները ուժեղացնում են կենտրոնական իշխանությունը և երկրում հաստատվում է դասային միապետություն[129][130]։ Կապետինգների դինաստիայի վերջին թագավորը՝ Կառլոս IV-ը, 1328 թվականին մահանում է առանց ժառանգ ունենալու։ Ըստ օրենքի՝ գահը չէր կարող անցնել իգական սեռի ներկայացուցչին կամ իգական սեռի ներկայացուցչի ժառանգների և այդ իսկ պատճառով արքայական ղեկն անցնում է Կառլոսի զարմիկ Ֆիլիպ Վալուային, այլ ոչ թե կնոջ կողմից զարմիկ Էդուարդին, որը հետագայում դառնում է Անգլիայի թագավոր։
Պայքար ընդդեմ Պլատագենետների տան
խմբագրելՊլատագենետների ազնվականական տան հետ հակասությունները սկզբնավորվել էին ավելի վաղ, քան Ֆիլիպ Օգոստոսի ի հայտ գալը։ 1137 թվականին Ֆրանսիայի գահն անցել էր Լուի VII Երիտասարդին[131][132]։ Նա Լուի VI Թանձրամարմնի և Ադելաիրդ Սավոյացու երկրորդ որդին էր։ Շնորհիվ Կապետինգների տան մեջ ավագ որդիներին համակառավարիչ հայտարարելով թագի հանձնման արդեն կայացած գործընթացի, Լուի Կրտսերի գահը չի վիճարկվում որևէ մեկի կողմից։ Կառավարման սկզբին արքայական կալվածքն ներառում էր Իլ դը Ֆրանսը, Օռլեանը և Բերիի մի մասը։ Լուիի և ձևական վասալներից ամենաուժեղի՝ Հենրի II Պլանտագենետի, հետ հարաբերությունները սկզբում խաղաղ էին[133]։ 1156 թվականին Հենրին Լուիին երդում է տալիս իր ֆրանսիական տիրույթների համար։ 1158 թվականին համաձայնություն է ձեռք բերվում անգլիական արքայի որդու և ֆրանսիական արքայի դստեր ամուսնության վերաբերյալ։
Միաժամանակ, Լուին ձգտում էր թույլ չտալ Պլանտագենետների հետագա ուժեղացումը։ 1159 թվականին, երբ Հենրին, պաշտպանելով իր կնոջ ժառանգական իրավունքները, պաշարում է Թուլուզը[134][135], Լուին օգնության է գալիս քաղաքին։ Ամրոցի պարսպին նրա հայտնվելը Պլանտագենետին ստիպում է նահանջել։ Իր երրորդ ամուսնությամբ (1160 թվական) Լուին ամրապնդում է Շամպայնի կոմսերի հետ դաշինքը, որն ամրապնդում է նրա դիրքերը անգլոնորմանական միապետների հետ հավանական դիմակայությունում։ Նոր հեռանկարներ են առաջանում 1170-ական թվականների սկզբին, երբ սրվում է իրավիճակը Հենրիխի և նրա որդիների միջև փոխհարաբերություններում, որոնք հավակնում էին երկրի կառավարման մեջ մասնակցություն ունենալուն[136]։ 1173 թվականին Լուին Փարիզում ընդունում է արքայազներից ավագին, իր փեսա Հենրիխ Երիտասարդին և նրան է տրամադրում իր օգնությունը։ Նույն թվականին սկսվում է բաց պատերազմ[136]։ Լուին և Հենրիխ Երիտասարդը պաշարում են Վերնեյը, Ֆիլիպ Ֆլանդրիացին պաշարում է Ռուանը, արքայազն Ռիչարդը հոր դեմ խռովություն է բարձրացնում Պուատիեում, իսկ շոտլանդական արքան ներխուժում է Հյուսիսային Անգլիա[136]։ Հենրի II-ը կարողանում է ջախջախել շոտլանդացիներին, այնուհետև քսան հազար բրաբանսոնների հետ ափ է դուրս գալիս Նորմանդիայում, պաշարումից ազատում է Ռուանը և Վերնեյը։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքներն ազատագրելուց հետո նա շարժվում է դեպի հարավ՝ մարտնչելու Ռիչարդի հետ։ Տարվա վերջին Փարիզում հաշտություն է կնքվում, իսկ 1177 թվականին Իվրիում, պապի ճնշման տակ, ստորագրվում է հաշտության պայմանագիր[137]։
Անգլիայի և Ֆրանսիայի տարածքային վեճեր
խմբագրելՖիլիպ VI Վալուայի կառավարման ընթացքում ֆրանս-անգլիական հարաբերությունները ծայրահեղ սրվում են։ Դեռևս 1066 թվականին Փարիզում հաստատված ասպետները վիկինգների առաջնորդ Վիլհելմ Նվաճողի գլխավորությամբ անցնում են Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցները և ափ իջնում Մեծ Բրիտանիա կղզու հարավային հատվածում[138]։ Այդ ժամանակ Անգլիայի թագավոր Էդվարդ Խոստովանողը նոր էր մահացել և անգլիական գահը մնացել էր թափուր։ Վիլհելմ Նորմանդացին ներկայացնում է իր իրավունքները՝ Անգլիայի թագավոր դառնալու համար[138]։
Շատ չանցած նա բռնի ուժով տիրանում է անգլիական գահին։ Նույն թվականի հոկտեմբերի 14-ին ապստամբ անգլիացիների բանակը Հասթինգս քաղաքի մոտ ծանր պարտություն է կրում և Նորմանդիայի դուքսը վերջնականապես հռչակվում է Անգլիայի թագավոր[139]։ Նրա կարգադրությամբ երկրում անցկացվում են հողատարածքների ցուցակագրում։ Վիլհելմ I-ը վասալական պարտավորություններ ուներ ոչ միայն բարոնների, այլև իր մյուս վասալների նկատմամբ։ Անգլիայի բոլոր տղամարդ բնակիչները պարտավոր էին ծառայել թագավորական բանակում[140]։ Տեղացի անգլոսաքսերը ոչ մի կերպ չէին կարողանում հաշտվել երկրում հաստատված օտարական և ֆրանսախոս կառավարության հետ և ժամանակ առ ժամանակ ապստամբում էին։ 1087 թվականին Վիլհելմ նվաճողը գահընկեց է արվում[140]։ Փոքր դադարից հետո Վիլհելմի նվաճողական քաղաքականությունը շարունակում է վերջինիս թոռը՝ Հենրի Պլանտագենտը, ով մինչ 1154 թվականին անգլիական գահին բազմելը եղել էր Ֆրանսիայի Անժու մարզի կոմսը[141]։ Անգլիայի թագավոր հռչակվելուց հետո Անժուի մարզը ինքնըստինքյան կցվում է Անգլիայի թագավորությանը։ Ամեն ինչ փոխվում է այն ժամանակ, երբ Հենրի Պլատագենետն ամուսնանում է Աքվիտանիայի դքսուհու հետ, ով որպես օժիտ Հենրիի վերահսկողությանն է հանձնում Աքվիտանիայի մի մասը[141]։ Նույն ժամանակահատվածում Հենրին սկսել էր նաև Իռլանդիայի նվաճումը, որի ավարտից հետո պարզ է դառնում այն, որ ընդարձակ սահմաններ ունեցող Անգլիայի թագավորությունն իր տարածքների ներսում ունի ավելի շատ ֆրանսիական հողեր, քան Ֆրանսիայի թագավորները։ Ըստ ավատատիրական աստիճանակարգության՝ Անժուի կոմսը (տվյալ դեպքում՝ Հենրի Պլատագենետը) համարվում էր Ֆրանսիայի թագավորի վասալը։ Պատճառաբանելով այն, որ Հենրին չի կատարում իր վասալական պարտականությունները, Ֆիլիպ Օգոստոսը 1204 թվականին ռազմակալում է Նորմանդիայի դքսությանը, որը մինչև այդ համարվում էր անգլիական տիրույթ։ 1199 թվականին Անգլիայի թագավոր էր դարձել Ջոնը, ով աչքի էր ընկնում իր հակաֆրանսիական քաղաքականությամբ[141][142]։ Նորմանդիայի բռնագրավումը շարժառիթ է դառնում Անգլիայի թագավորի համար և 1213 թվականին նա պատերազմ է հայտարարում Ֆիլիպին[142]։ Ֆրանսիան միայնակ էր պատերազմական դաշտում, իսկ Սրբազան Հռոմեական կայսրության գերմանացի կայսր Օտտոն IV Բրաունշվեյգցին և Ֆլանդրիայի կոմսությունը հանդես եկան Անգլիայի պաշտպանությամբ։ Ֆրանսիական բանակի մարտունակ զինվորները կարողացան ջախջախել անգլո-գերմանական դաշնակից ուժերին և խափանել Լա Մանշի նեղուցն անցող անգլիական ուժերի մարտի դաշտ մտնելուց։ Շուտով Ֆիլիպ Օգոստոսի գլխավորած բանակը գրավում է Անժուի, Տուրենի և Մենի կոմսությունները։ 1214 թվականին պատերազմն ավարտվում է Ֆրանսիայի հաղթանակով և Անգլիան ստիպված է լինում ռեպարացիա վճարել ֆրանսիական կողմին։ Կարճատև այս պատերազմից հետո Ֆրանսիայի տարածքը քառապատկվում է և Ֆրանսիայի թագավորությունը դառնում է Եվրոպայի ազդեցիկ երկրներից մեկը։ Ֆրանսիայում անգլիացիներին շարունակում է պատկանել միայն Պուատիեն և Աքվիտանիան։
Հարյուրամյա պատերազմ
խմբագրելԱնգլիայի և Ֆրանսիայի միջև հերթական տարածքային վեճերը 14-րդ դարում երկարատև պատերազմական գործողությունների առիթ են դառնում։ Պատմության մեջ այն հայտնի է Հարյուրամյա պատերազմ անվանումով[141]։ Ֆրանսիացիները նպատակ ունեին վերջնականապես վռնդել անգլիացի նվաճողներին Ֆրանսիայի ցամաքային տարածքից։ Անգլո-ֆրանսիական այս պատերազմը մարդկության պատմությանը հայտնի է ամենաերկարատև պատերազմներից է, որը տևել է 116 տարի՝ ընդմիջումներով։ Պատերազմն սկսվում է 1337 թվականին և վերաճում համաեվրոպական աղետի[143]։ Սկզբում պատերազմը ընթանում էր բացառապես Ֆրանսիայի և Անգլիայի միջև, իսկ հետո պատերազմական գործողությունների մեջ ներքաշվում են նաև դաշնակից երկրները։ Ֆրանսիական կողմի դաշնակիցներն էին Արագոնի, Մալյորկայի, Կաստիլիայի և Լեոնի, Բոհեմիայի և Շոտլանդիայի թագավորությունները, ինչպես նաև Ջենովայի հանրապետությունը։ Հակաֆրանսիական խմբավորուը ղեկավարում էր Անգլիայի թագավորությունը, իսկ նրա կողմնակիցներն էին Նավառայի և Պորտուգալիայի թագավորությունները, Աքվիտանիայի, Լյուքսեմբուրգի և Բուրգունդիայի դքսությունները և Ֆլանդրիայի կոմսությունը։
Սկզբնական շրջանում առավելության էին հասնում միայն անգլիացիները։ 1346 թվականին անգլիական ուժերը գրավում են Կալե նավահանգստային քաղաքը[143][144], որը կարևոր կայանք էր կղզաբնակների համար։ Խոշոր նվաճումներ ունենալով արևմուտքում, անգլիացիները ռազմական գործողությունները տեղափոխում են հարավարևմտյան Ֆրանսիա։ 1356 թվականին անգլիական հեծելազորը Պուատիեի մոտ ջախջախիչ հաղթանակ է տանում ֆրանսիացիների նկատմամբ և գրավում քաղաքը[145]։ Ճակատամարտի ընթացքում Ֆրանսիայի թագավորը գերի է ընկնում և պետական գանձանակի միջոցների անբավարար լինելու պատճառով ֆրանսիական կողմը չի կարողանում փրկագին վճարել Անգլիային[145]։ 1360 թվականին Ֆրանսիան ստիպված էր խայտառակ պայմաններով հաշտության պայմանագիր կնքել մրցակցի հետ, որով Անգլիային էր կցվում Ֆրանսիայի ամբողջ հարավ-արևմուտքը[146]։ 1360 թվականին ավարտվում է պատերազմական գործողությունների առաջին շրջափուլը՝ Էդվարդյան պատերազմը[147]։ 1369-1389 թվականների Լանկաստերյան պատերազմի ընթացքում ևս իրադարձությունները հիմնովին չէին փախվում[148]։ 1415 թվականին ռազմական գործողությունները թևակոխում են երրորդ շրջափուլ, որը հիմնովին փոխում է Հարյուրամյա պատերազմի ընթացքը[149]։
1415 թվականին անգլիական բանակը ափ է իջնում Նորմանդիայում[150] և Կալեից ոչ այնքան հեռու գտնվող Ազենկուր գյուղի շրջակայքում ֆրանսիացիները հերթական անգամ պարտվում են[151][152]։ Սրանից հետո անգլիացիները առանց որևէ դժվարության ռազմախուժում են քաղաքամայր Փարիզ և գրավում այն[153]։ 1420 թվականին կնքվում է Տրուայի հաշտության պայմանագիրը, որով Ֆրանսիայի թագավորությունը կորցնում է իր քաղաքական անկախությունը[154]։ Անկախության համար մղվող մարտերում ոտքի է ելնում ամբողջ ֆրանսիացի ժողովուրդը։ Նրանց գլխավորում էր Ժաննա անունով մի գյուղացի աղջիկ, ով մինչ այդ հանդիպել էր Կառլոս VII Հաղթանակողի հետ և զորք խնդրել պաշարված Օռլեան քաղաքն ազատագրելու համար[155]։ 1428 թվականին Ժաննա դ'Արկի գլխավորած բանակը ազատագրում է Օռլեանը[156]։ Սա ֆրանսիացիների առաջին խոշոր ռազմական հաջողությունն էր Հարյուրամյա պատերազմի ընթացքում։ Մի քանի ամրոցների ազատագրումից հետո Ժաննայի ուղեկցությամբ Կառլոսը Ռեյմս քաղաքում օծվում է Ֆրանսիայի թագավոր[157]։ Սրանով վերականգնվում է ֆրանսիացիների անկախությունը։
Ժողովրդավարական պատերազմի ծավալումն ու Ժաննա դ'Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել էին Անգլիայի թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թվականի մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին՝ ընդամենը 10 հազար լիվր գումարի դիմաց։
Որպեսզի Աստված հաղթանակ պարգևի մեզ, անհրաժեշտ է մարտնչել։ Ես ոչնչից չեմ վախենում, բացի դավաճանությունից[158]։ - Ժաննա դ'Արկ
|
Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ և Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է կայացնում։ Ժաննա դ'Արկը մեղավոր է ճանաչվում՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թվականի մայիսի 30-ին տասնիննամյա Ժաննան Ռուանի Հին շուկայի հրապարակում ինկվիզիցիայի է ենթարկվում։ Կառլոս VII-ը կարողանում է զարգացնել Ժաննա դ'Արկի հաջողությունները։ 1435 թվականին նա անջատ հաշտություն է կնքում բուրգունդացիների հետ՝ իր գլխավոր հակառակորդ Կառլոս Խիզախի բանակին հաղթելով Նանսիի ճակատամարտում։ Իրականացվում է բանակի և պետական ֆինանսների վերակազմակերպումը, որից հետո վերսկսում է Անգլիայի դեմ պատերազմը։ 1453 թվականին անգլիացիները զրկվում են Ֆրանսիայի տարածքում իրենց բոլոր տիրույթներից, բացի Կալե նավահանգստից։ 1453 թվականին կնքվում է անգլո-ֆրանսիական հաշտության պայմանագիր[159]։
Ֆրանսիան ուշ միջնադարում
խմբագրելՀարյուրամյա պատերազմի ավարտից հետո Անգլիայում սկսվում է քաղաքացիական պատերազմ, որը պատմության մեջ հայտնի է ալ և սպիտակ վարդերի պատերազմ անվանումով[160]։ Երեսնամյա այս պատերազմը վերջնականապես կազմալուծում է Անգլիան և Ֆրանսիան ազատվում է կարևոր հակառակորդից։ Հարյուրամյա պատերազմից հետո Ֆրանսիայի թագավորությունը շարունակվում է կառավարվել Վալուաների արքայատոհմի կողմից։ Բուրգունդիայի դուքս Կառլոս Խիզախի մահից հետո՝ 1477 թվականին, Ֆրանսիան և Հաբսբուրգները սկսում են Բուրգունդիայի բաժանման գործընթացը[161]։ Երկարատև այս գործընթացը հաճախ ուղեկցվում էր ռազմական բախումներով։ 1532 թվականին Ֆրանսիային է կցվում Բրետանի մարզը[162]։
1494 թվականին Ֆրանսիան ներքաշվում է երկարատև իտալական պատերազմի մեջ[163]։ Պատերազմը մղվում էր ընդդեմ անհնազանդ Նեապոլիտանական թագավորության[163]։ Այն բանից հետո, երբ Նեապոլի պաշտպանությամբ հանդես եկավ Սրբազան Հռոմեական կայսրությունն ու Անգլիան, Ֆրանսիան ստիպված եղավ դաշնակցի փնտրտուկով հայացքն ուղղել դեպի արևելք։ Ի վերջո, այդ ընտրությունը կանգ է առնում Օսմանյան կայսրության վրա։ Թուրք ծովակալ Հայրեդին Բարբարոսան 1543 թվականին գրավում է ֆրանսիական անդրծովյան Նիս քաղաքը և այն հանձնում Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ին[163][164]։ Սակայն Օսմանյան կայսրությունը հետագայում լքում է պատերազմը, իսկ Ֆրանսիան ստիպված էր ընդունել իր պարտությունը։ Ֆրանսիական կոալիցիայի պարտությունը հող է նախապատրաստում Իտալիայի վերամիավորման համար։ 16-րդ դարում Իսպանիայի և Ավստրիայի Հաբսբուրգները հանդիսանում էին Եվրոպայի հզորագույն քաղաքական ուժերը[165]։ Անմիջականորեն նրանք նաև Ֆրանսիայի գլխավոր ախոյաներն էին։
Գերմանիայի, Իսպանիայի, Սրբազան Հռոմեական կայսրության թագավոր և կայսր Կառլոս V-ը ուշմիջնադարյան Ֆրանսիայի զարգացման գլխավոր խոչընդոտն էր։ Կառլոսը որդեգրելով բացարձակապետական քաղաքականություն, մի շարք պատերազմներ է սկսում ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ֆրանսիայի գլխավոր դաշնակից Օսմանյան կայսրության դեմ (Թունիսյան պատերազմ)[166]։ 1544 թվականին կնքված պայմանագրով Ֆրանսիան զրկվում է իտալական և իսպանական բոլոր հողերից։ 1558 թվականի հունվարի 7-ին Ֆրասիայի պեր Ֆրանսուա դը Գիզը ազատագրում է անգլիացիների վերջին հենակետը Ֆրանսիայում՝ Կալե նավահանգիստը[167]։
Չնայած այս ամենի, ֆրանսիացի պատմաբանները 16-րդ դարը անվանում են «16-րդ հիանալի հարյուրամյակ»[168]։ Դա պայմանավորված է նրանով, որ երկարատև պատերազմներից հետո Ֆրանսիայում խաղաղություն է հաստատվում։ Ֆրանսիան, որպես պետություն սկսում է բարգավաճել, զարկ է տրվում տնտեսական զարգացմանը։ Այս շրջանում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի բնակչությունը հասնում է մինչ այդ չտեսնված 200 000-ի։ Թուլուզը դառնում է իր հեղինակությամբ երկրորդը Ֆրանսիայում։ Այստեղ սկսում են ստեղծվել խոշոր ազնվականական տներ։
Կրոնական հակասությունների շրջան
խմբագրել16-17-րդ դարերում Եվրոպայում բռնկվում է մասսայական կրոնական և հասարակաքաղաքական շարժում, որի նպատակը քրիստոնյաների սուրբ գրքի՝ Աստվածաշնչի ռեֆորմացումն էր[169]։ Ռեֆորմացիայի հաղափարախոսության հիմնադիրը գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լյութերն էր[169]։ Ըստ Մարտին Լյութերի՝ հոգևոր փրկությունը հնարավոր է միայն հավատի միջոցով, քանզի ոչ ոք կաթոլիկ եկեղեցու կարիքը չունի, և անկախ սոցիալական ծագումից ու գրաված դիրքից՝ բոլորը անառարկելիորեն պետք է ենթարկվեն աստծուն[170]։ Մարդկանցից ոչ ոք առավելություն չունի ոչ մեկի նկատմամբ, սոցիալական բոլոր խավերը, այդ թվում և հոգևորականությունը, հավասար են։ Դա իրավահավասարության սկզբունքի վաղբուրժուական առաջին ձևակերպումներից մեկն էր։ Լյութերի հետևորդները սկսում են կոչվել բողոքականներ[169][170]։ Այսպիսով առաջանում է քրիստոնեության բողոքական ճյուղը[171]։
Ֆրանսիայի առաջին բուրբոն թագավորը եղել է Հենրիխ IV-ը[172]։ Նա ծնվել է 1553 թվականի դեկտեմբերի 13-ին Նավառայի թագավորությունում[172]։ Նրա հայրը՝ Անտուան դե Բուրբոնը, եղել է Ֆրանսիայի Լուի IX թագավորի սերնդի իններորդ ներկայացուցիչը։ Նրա մայրը՝ Ժաննա դ'Ալբրետը, Նավառայի թագուհին էր և Ֆրանսիայի Ֆրանսիսկ I թագավորի զարմուհին։ Նա կնքված լինելով որպես կաթոլիկ, բայց գահ բարձրանալուն պես դառնում է կալվինական։ Հոր մահից հետո՝ 1563 թվականին, նա դառնում է Վանդոմի դուքս[172]։ Իր կառավարան ընթացքում ծովակալ Գասպար դե Կոլինյին եղել է վերջինիս գահակիցը (1519-1572)։ 1589 թվականի հուլիսի 31-ին նա դառնում է Ֆրանսիայի առաջին թագավորը Բուրբոնների հարստությունից։ Նրա օրոք Լյութերի գաղափարախոսությունը լայն տարածքում է գտնում Ֆրանսիայում։ Բողոքականության տարածումը հանգեցնում է Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի բռնկման, որը հետագայում հայտնի է դառնում Ֆրանսիայի կրոնական պատերազմ կամ Հուգենոտյան պատերազմ անվանումներով[173]։ Հուգենոտյան պատերազմը ընթանում էր Ֆրանսիայի կալվինականների և կաթոլիկների միջև[173]։ Կալվինիզմը բողոքականության անկախ ճյուղ էր, որի հիմնադիրը ֆրանսիացի աստվածաբան Ժան Կալվինն էր[174]։ Բացարձակ միապետությունից դժգոհ ավատատիրական ավագանին բաժանված էր երկու խմբավորման. կաթոլիկներին գլխավորում էին Լոթարինգիայում կառավարող Գիզ դքսերը, իսկ հուգենոտներին՝ Բուրբոնները։
Պատերազմը սկսվում է 1562 թվականին։ 1570 թվականին Սենժերմենում կնքվում է պայմանագիր, որով հուգենոտները ստնում են 4 կարևոր քաղաք-ամրոցներ Ֆրանսիայում, ինչպես նաև պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք։ Սենժերմենյան խաղաղությունը վերջ է դնում քաղաքացիական եռամյա պատերազմին կաթոլիկների և բողոքականների միջև, սակայն միևնույն ժամանակ նաև առաջ է բերում նոր խնդիրներ։ Դա պայմանավորված էր նրանով, որ առավել ծայրահեղական կաթոլիկները հրաժարվում էին այն ճանաչելուց։
Գիզերի տոհմը, որը գլխավորում էր ծայրահեղական կաթոլիկների խմբակցությունը, փորձում էր խուսափել արքունիքում հուգենոտների առաջնորդ Գասպար Կոլինյիի ներկայությունից։ Սակայն Եկատերինա Մեդիչին իր որդի Կառլոս IX-ի հետ ամեն կերպ ձգտում էր մեղմել իր հավատակիցների ռազմատենչ տրամադրվածությունը։ Ի դեպ, նրանց ուղեկցում էին նաև ֆինանսական խնդիրները, որոնք ստիպում էին պահպանել խաղաղությունը և լավ հարաբերությունների մեջ մնալ Կոլինյիի հետ[175]։ Հուգենոտներն ունենալով լավ զինված բանակ և արիստոկրատների կողմից առատաձեռնորեն տրամադրված հատկացումներ, կարողանում էին հսկողության տակ պահել Լա Ռոշել, Կոնյակ և Մոնտոր քաղաքները[176]։ Եկատերինա Մեդիչին երկու հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար ծրագրում է 1572 թվականի օգոստոսի 18-ին հարսանիքն իր դուստր Մարգարիտ դը Վալուայի և բողոքական արքայազն Հենրի Նավառացու միջև։ Հակառակորդի հաջողությունից անհանգստացած Գիզերը և Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին 1572 թվականին Փարիզում կազմակերպում են հուգենոտների ջարդ։ Այն Ֆրանսիայի պատմության ամենաարյունոտ էջերից մեկն էր, որը հայտնի է Բարդուղիմեոսյան գիշեր անվանումով[177]։ Սուրբ Բարդուղիմեոսի օրը՝ օգոստոսի 24-ի գիշերը, ֆրանսիացի արյունարբու կաթոլիկները հարձակվում են Փարիզի կալվինականների վրա և մեկ օրվա ընթացքում սպանում շուրջ 30 հազար մարդ[177]։
Փարիզի քաղաքապետը՝ Ֆրանսուա դը Մոնմորանսին, հասկանալով քաղաքում կարգուկանոնը պահպանելու գործում իր անկարողությունը և կանխազգալով պայթյունավտանգ իրավիճակը, պսակադրությունից մի քանի օր առաջ լքում է քաղաքը[178]։ 1572 թվականին վերսկսված պատերազմը ավարտվում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում Հուգենոտյան համադաշնության ստեղծմամբ։ Կաթոլիկները ստեղծում են իրենց կազմակերպությունը՝ Կաթոլիկների լիգան, իսկ Փարիզի բուրժուազիայի ներկայացուցիչները ձեռնամուխ են լինում Փարիզյան լիգայի ստեղծմանը։ 1584 թվականին պայքարը վերստին սկսվում է անժառանգ Հենրի III Վալուայի իրավահաջորդ դառնալու համար։ Նոր պատերազմում Կաթոլիկական լիգան և Հենրի III-ի կառավարությունը միավորվում են հուգենոտների դեմ։ 1588 թվականի մայիսի 12-13-ին Փարիզում կառավարության դեմ ժողովրդական ապստամբություն է բռնկվում։ 1588 թվականին սպանվում է Հենրի Գիզը, 1589 թվականին՝ Հենրի III-ը։ Կաթոլիկական լիգան պայքարը շարունակում է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի աջակցությամբ։ Երկրում տիրող ֆեոդալական անօրինականության դեմ բռնկվում են գյուղացիական հուզումներ, որոնք ազնվականությանը և բուրժուազիային ստիպում են 1594 թվականին թագավոր ճանաչել օրինավոր ժառանգ Հենրի Նավառացուն։ 1598 թվականի Նանտի հրովարտակով հուգենոտներին տրվում են քաղաքական իրավունքներ։ Հենրի IV-ը ավելի ուշ սպանվում է կաթոլիկ մոլեռանդի կողմից, իսկ հուգենոտների պայքարը շարունակվում է մինչև 18-րդ դար։ Պատերազմական գործողություններն ավարտվում են 1598 թվականին՝ Վերվենի հաշտության պայմանագրով[179]։
Երեսնամյա պատերազմ
խմբագրել16-րդ դարում Ֆրանսիայում ձևավորված բացարձակ միապետությունը առավել ամրապնդվում է կրոնական պատերազմներից հետո, Հենրի IV-ի՝ Բուրբոնների դինաստիայի առաջին թագավորի և նրա հաջորդներ Լյուդովիկոս Արդարի և Լյուդովիկոս XIV-ի օրոք։ Չնայած նրան, որ Ֆրանսիայի թագավորությունը կաթոլիկ տերություն էր, այն նաև Իսպանիայի և Սրբազան Հռոմեական կայսրության մրցակիցն էր։ Կարդինալ Ռիշելյեն, ով Լյուդովիկոս XIII-ի գլխավոր նախարարն էր, զգում էր, որ Հաբսբուրգներերը գնալով ուժեղանում էին, քանի որ նրանք տիրացել էին Ֆրանսիայի արևելյան սահմանին հարող տարածքներին, ինչպես նաև Նիդերլանդների մի մասին[180]։ Ռիշելյեն մասամբ պատերազմի մեջ էր սկսած 1631 թվականի հունվարից՝ Գուստավուս Ադոլֆուսի հետ կնքած Բերվալդեի պայմանագրով[181], համաձայն որի, Ֆրանսիան շվեդներին էր վճարում տարեկան 1,000,000 լիվր, որպեսզի նրանք պայքարեին Հաբսբուրգների դեմ Գերմանիայում։ Պայամանագրում նաև ասվում էր, որ Շվեդիայի թագավորությունը չի կարող հաշտություն կնքել Սրբազան Հռոմեական կայսրության հետ առանց Ֆրանսիայի կենտրոնական կառավարության թույլտվության։ Նորդլինգենում շվեդական բանակի կրած պարտությունից և Չեխիայում կնքված Պրահայի հաշտությունից հետո, պարզ է դառնում, որ նրանք միայնակ չեն կարող շարունակել պատերազմը և Ռիշելյեն որոշում է ուղղակիորեն պատերազմի մեջ մտնել Հաբսբուրգների դեմ[182]։ 1635 թվականի մայիսին Ֆրանսիան պատերազմ է հայտարարում Իսպանիային[183], իսկ նույն թվականի օգոստոսին՝ Սրբազան Հռոմեական կայսրությանը[183]։ Ֆրանսիան դաշնության մեջ է մտնում Շվեդիայի հետ՝ Վիսմարի և Համբուրգի պայմանագրերի համաձայն[184]։ Պրահայի հաշտությունից հետո շվեդական զորքերը Յոհան Բաների գլխավորությամբ վերակազմավորված կայսերական զորքերի ճնշման ներքո նահանջում են հյուսիսային Գերմանիա։ Երկար ժամանակ մանր մունր բախումներց հետո նրանք վերջապես հանդիպում են Վիտշտոկի ճակատամարտում 1636 թվականին[185], որտեղ շվեդները փայլուն հաղթանակ են տոնում։ Ֆերդինանդ II-ը մահանում է 1637 թվականին, և նրան փոխարինում է որդին՝ Ֆերդինանդ III-ը, ով շատ մեծ ցանկություն ուներ ավարտել պատերազմը խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Ֆրանսիական զորքերի առաջխաղացումն աղետալի հետևանք է ունենում, երբ իսպանական զարքերը անցնում են հակահարձակման՝ ներխուժելով Ֆրանսիայի տարածք։ Կայսերական գեներալ Յոհան վոն Վերթը և իսպանական հրամանատար Ֆերդինանդը ավերում են Շամպայն, Բուրգունդիա և Պիկարդիա նահանգները, անգամ 1636 թվականին մոտենալով Փարիզին[186]։ Բերնարդի հաղթանակը Շամպայն նահանգում Հաբսբուրգներին ստիպում է նահանջել մինչև Ֆրանսիայի սահմանները։ Լայնամասշտաբ բախումները շարունակվում են, առանց որևէ կողմի առավելության։ 1642 թվականին Կարդինալ Ռիշելյեն մահանում է։ Վիտստոքի ճակատամարտից հետո շվեդական բանակը նորից տիրում է նախաձեռնությանը գերմանական ճակատում։ 1642 թվականին Բրեյտֆիլդի երկրորդ ճակատամարտում շվեդ դաշտային մարշալ Լեննարտ Թորստենսոնը պարտության է մատնում Վիլհելմի հրամանատարությամբ գործող կայսերական բանակին[187]։ Վերջիններիս բանակն ունենում է մոտ 20 հազար զոհ։ Ի տարբերություն հակառակորդ կողմի՝ շվեդական բանակը կորցնում է ընդամենը 5 հազար զինվոր և 46 հրանոթ։ Ճակատամարտից հետո շվեդները նվաճում են Սաքսոնիան և ստիպում Ֆերդինանդին մտածել խաղաղության պայմանագրի մասին ոչ միայն շվեդների, այլ ֆրանսիացիների հետ։ 1643 թվականին Լյուդովիկոս Արդարը զոհվում է և թագն անցնում է նրա մանկահասակ (5 ամյա) որդուն՝ Լուի Արևին[188]։
Ֆրանսիացի գեներալ Լյուդովիկոս II-ը 1643 թվականին Ռոկռոյի ճակատամարտում պարտության է մատնում իսպանական բանակին[189]։ Լյուդովիկոս XIII-ի գլխավոր նախարար Կարդինալ Մազարինը, ով ճնշել էր 1645 թվական Ֆրոնդեի խռովությունը, սկսում է աշխատել պատերազմն ավարտելու ուղղությամբ։ 1643 թվականին Դանիայի թագավորությունը վերստին փորձում է ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ, սակայն այս անգամ կայսերական բանակի կողմից՝ ընդդեմ Շվեդիայի[190]։ Շվեդ մարշալ Լենարտ Տորստենսոնն ստիպում է դանիացի արքայազն Ֆրեդերիկին նահանջել Բրեմեն-Վերդենից, հետապնդելով նրան մինչև Դանիայի հարավային շրջաններ։ Արդյունքում՝ կողմերի միջև կնքվում է հաշտություն[190]։ Տորստենսոնը նվաճում է Յուտլանդիան, իսկ Շվեդիայի թագավորական նավատորմը Ֆեհմերնի ծոցում 1644 թվականի հոկտեմբերի 13-ին ջախջախում է Կառլ Գուստավ Վրանգելի ղեկավարած դանիական նավատորմին։ Դանիայի պատերազմից դուրս գալուց հետո Տորտենսոնը որոշում է հաղթել կայսերական բանակին։ Վերջինիս հրամանով Մատիաս Գալլասի գլխավորած ուժերը Յուտլանդիայից շարժվում են դեպի Բոհեմիա։ Ժամանակակից Չեխիայի մայրաքաղաք Պրահայի մոտ Յանկաուի ճակատամարտում շվեդները պարտության են մատնում կայսերական զորքերին և նվաճում Բոհեմիայի մի մասը, այդ թվում և Պրահան[191][192]։ 1645 թվականին Լյուդովիկոս II-ը պարտության է մատնում բավարական բանակին Նյորդլինգենում։ Վերջին հայտնի կաթոլիկ զորավար Բարոն Ֆրանց ֆոն Մերցիին զոհվում է ճակատամարտում[193]։ 1647 թվականին Բավարիան, Ֆրանսիան և Շվեդիան ստորագրում են Ուլմի պայմանագիրը[194]։ 1648 թվականի Պրահայի ճակատամարտը դառնում է Երեսնամյա պատերազմի վերջին իրադարձությունը[195]։ Շվեդ գեներալ Հանս Կրիստոֆ ֆոն Կյոնիգմարգը ներխուժում է քաղաք և նվաճում Պրահայի ամրոցը, որտեղից էլ սկսվել էր Երեսնամյա պատերազմը։ Արդյունքում՝ Հաբսբուրգների վերահսկողության տակ մնում է միայն ժամանակակից Ավստրիայի տարածքը։ 1668 թվականին ապստամբություն է տեղի ունենում Ռուսիլիոնում, համարյա նույն ժամանակ ապստամբություն է սկսվում նաև Վիվերում, որը հայտնի է դառնում «Ռուռա ապստամբություն» անունով՝ ապստամբության ղեկավար Անտուան Ռուռայի անունից։ Ապստամբությունը սկսվել էր շշուկներից այն մասին, որ ամեն մի նոր զգեստի, հացի, նոր ծնված երեխայի համար պետք է հարկ գանձվեր։ Ապստամբությունն արագորեն վերաճում է. Ռուռայի բանակը արագորեն հասնում է 10000 հոգու, իսկ իշխանությունները չէին կարողանում մոբիլիզացնել իրենց ուժերը ապստամբության դեմ։ Մեծ դժվարությամբ ապստամբության ճնշումից հետո Փարիզում կախաղան է բարձրացվում ավելի քան 100 մարդ։ 1675 թվականին միանգամից ապստամբություն է սկսվում Բորդոյում և Բրետանում։
Նոր շրջանի պատմություն
խմբագրելՖրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը 17-18-րդ դարերում
խմբագրել17-րդ դարում ֆրանսիացի գաղութարարները հաստատվում են Հյուսիսային Ամերիկայում՝ ժամանակակից Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի տարածքում[196]։ Ֆրանսիացի գաղութարարների ներհոսքը սկսվում է 1534 թվականին[196]։ Նույն թվականին ֆրանսիացի ծովագնաց Ժակ Կարտիեն Կանադան հռչակում է Ֆրանսիայի թագավորության սեփականություն[197]։ Ժակ Կարտիեն եղել է առաջին եվրոպացին, ով հայտնաբերել և քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոսի ծոցը և համանուն գետը, իսկ այդ տարածքն անվանել «Կանադի երկիր»[197]։ Հետագայում առաջացել է երկրի ներկայիս անվանումը՝ Կանադա։ Ֆրանսիացի զավթիչների կողմից Կանադայի գաղութացման առաջին փորձերն անհաջողությամբ են պսակվում, սակայն նրանք զբաղեցնում են մի շարք տարածքներ։ Դրանք հետագայում ստանում են Նոր Ֆրանսիա անվանումը[198]։ Սամյուել դը Շամպլենի նախաձեռնությամբ 1604 թվականին սկսվում է ֆրանսիացիների երկրորդ արշավանքը դեպի Ամերիկա։ Սամյուել դը Շամպլենը 1601 թվականին ստացնում է «թագավորական աշխարհագրագետ» կոչումը։ Նա նաև առաջին ֆրանսիացին էր, ով Կանադայում ստեղծում է բնակավայրեր։ 1605 թվականին Ակադիայում հինվում է Պորտ Ռոյալը (այժմ՝ Անապոլիս Ռոյալ, Նոր Շոտլանդիա)[199]։ 1608 թվականին Շամպլենը հիմնադրում է Քվեբեկ քաղաքը, որը դառնում է Ֆրանսիական Կանադայի կամ Նոր Ֆրանսիայի մայրաքաղաքը[200]։ 1642 թվականին Պոլ Շոմեդի դե Մեզոնյովը հիմնում է Մոնրեալը[201]։ Նոր Ֆրանսիայի տարածքների ընդլայնումը կապված էր կոմս դե Ֆրոնտենակի գործունեության հետ։ Նրա ֆինանսական աջակցությամբ Լա Սալը 1681-1682 թվականներին արշավախմբով անցնում է Միսիսիպի գետի երկարությամբ և ողջ հովիտը հռչակում ֆրանսիական թագավորի սեփականություն։ 1718 թվականին ֆրանսիացիների կողմից հիմնվում է Նոր Օռլեանը, որը դառնում է նոր գաղութի՝ Լուիզիանայի մայրաքաղաքը (Լա Սալը այդպես է անվանել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Արևի պատվին)։ Ֆրանսիայի վերահսկողության տակ էր նաև Նյուֆաունդլենդը, որը հայտնի է դառնում «Նոր երկիր» անվանումով։
Յոթնամյա պատերազմի ընթացքում Հյուսիսային Ամերիկայի երկու խոշոր գաղութատերերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի թագավորությունները, հայտնվել էին տարբեր ռազմաքաղաքական բլոկներում։ 1750-ականներին բրիտանական ուժերը ներխուժում և զավթում են ֆրանսիական Կանադան։ 1763 թվականի Փարիզի պայմանագրով Ֆրանսիան Անգլիային, մասամբ էլ Իսպանիային է զիջում ամերիկյան իր գաղութային տարածքները[202]։ Կանադական Քվեբեկն այն տարածքն է, ուր մինչ օրս էլ գերակայում են ֆրանսիական մշակույթն ու լեզուն[203]։ Մոնրեալը աշխարհի ֆրանսախոս խոշորագույն քաղաքներից է[204]։ Ֆրանսիական մշակութային ավանդույթները պահպանվել են նաև Լուիզիանայում։ Միևնույն ժամանակ աճում էր ֆրանսիացիների ազդեցությունը տարբեր աշխարհամասերում։ Կոլբերի ակտիվ ձեռնարկումների շնորհիվ աճում էր գաղութային առևտուրը։ 17-րդ դարի երկրորդ կեսից Անտիլյան կղզիներում ֆրանսիացիների կողմից սկսվում է աճեցվել շաքարի ճակնդեղ, ծխախոտ, ավելի ուշ նաև սուրճ։ Գաղութների պլանտացիաներում աշխատելու նպատակով Լա Ռոշելից և Ատլանտյան օվկիանոսի այլ նավահանգստներից բերվում էին աղքատ աշխատավորներ։ Հետագայում այստեղ աշխատելու համար Աֆրիկայում գտնվող Գվինեական ծոցից ֆրանսիական նավերով Անտիլներ և այլ անդրծովյան գաղութներ են բերվում ստրուկ սևամորթներ։ Ստրուկների առևտրով զբաղվում էին հատկապես Նանտի և Բորդոյի հարուստ առևտրականները։ Ստրկավաճառությունը մեծ ծավալներ է ընդունում հատկապես 17-րդ դարի երկրորդ կեսին և ամբողջ 18-րդ դարում[205]։ Ֆրանսիական գաղութային էքսպանսիան տարածվում է նաև աշխարհի մյուս շրջաններում։ 1674 թվականին տեղի է ունենում Մադագասկարի բնակչության գլխավոր ապստամբությունն ընդդեմ մետրոպոլիա հանդիսացող Ֆրանսիայի։ Տեղաբնիկների կողմից Մադագասկարում ստեղծվում են անկախ պետություններ, որոնք կարճ կյանք են ունենում։ 1686 թվականին Մադագասկարը վերստին հայտնվում է ֆրանսիական տիրապետության տակ։ Կառուցվում են նոր հենակետեր, որոնք Մադագասկարը պետք է կապեին Հնդկաստանի հետ։ Ֆրանսիական գաղութային նվաճումները տարածվում են նաև Հնդկաստանում, որտեղ 1668 թվականին Օստ-Հնդկական ընկերությունը Մումբայում հիմնում է իր առաջին ֆակտորիան։ 1701 թվականին Պոնդիշարին ևս հայտարարվում է ֆրանսիական տիրույթ։ Հնդկաստանից արտահանում էր մետաքս, թեյ և զանազան տեսակի ներկեր։ Այս շրջանում գաղութատիրությունը տարածվում է նաև եվրոպական այլ պետությունների շրջանում։ 1713 թվականին Ուտրեխտի պայմանագրով Ֆրանսիան Անգլիային է զիջում մեծ թվով գաղութներ Ամերիկայում։ 18-19-րդ դարերում ֆրանսիական տիրապետությունը հաստատվում է նաև Արևմտյան Աֆրիկայում, Կոնգոյում, Սեյշելյան կղզիներում, Կոմորներում, Հայիթիում, Գվիանայում[206]։
Նախաճգնաժամային դրություն
խմբագրել17-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանսիան Արևմտյան Եվրոպայի առավել գործող ֆեոդալաբացարձակապետերությունն էր[207]։ Այս ժամանակաշրջանի գլխավոր նվաճումը Եվրոպայի սահմաններից դուրս ֆրանսահպտակ գաղութների ստեղծումն էր[208]։ 1715 թվականին խաղաղ պայմաններում Ֆրանսիայի գահին է բազմում Լյուդովիկոս XV Բուրբոնը[209], ով ի ծնե ուներ Անժուի դքսի տիտղոսը։ Արտաքին քաղաքականության մեջ Լուին պահպանվում էր իր նախնինների գծած ուղենիշները։ Շարունակելով հոր սկսած գործը՝ նա շարունակում է պատերազմական գործողություններն ընդդեմ Իսպանիայի, որից հետո հաշտության պայմանագիր կնքում Մեծ Բրիտանիայի հետ։ Անչափահաս լինելու պատճառով Լուին չէր կարող միայնակ կառավարել երկիրը, սակայն նրա փոխարեն այդ գործն իր վրա էր վերցնում Ֆրանսիայի ռեգենտությունը։ Ռեգենտության կառավարիչները մանկահասակ թագավորի դաստիարակներն էին՝ եպիսկոպոս Ֆլյորին և մարշալ Վիլուրան։ 1723 թվականի հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, ում մահվանից հետո էլ ամբողջ իշխանությունն անցնում է Բուրբոն դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի վատառողջ լինելը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չի ձեռնարկում ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնում են թագավորի ամուսնությունը Լեհաստանի նախկին գահակալ Ստանիսլավ Լեշինսկու դստեր հետ։
1726 թվականին թագավորը հայտարարում է, որ երկրի կառավարումը վեցնում է իր վրա, սակայն ամբողջ կառավարումն անցնում է կարդինալ Ֆլյորիին[209]։ Կարդինալի կառավարումը նպաստում է երկրում եկեղեցու դիրքերի ամրապնդմամբ։ Վերջինիս հրամանով հոգևորականները դադարեցնում են հարկեր վճարել։ Նա ցանկանում էր հնարավորինս հեռու մնալ արյունահեղ պատերազմներից։ Չնայած այս ամենի՝ ֆրանսիական ուժերն ուղարկվում են Լեհաստան և Ավստրիա։ Սկզբում Ֆրանսիային է միացվում Լոթարինգիան, որտեղ գահ է բարձրանում Լյուդովիկոսի աներ Ստանիսլավ Լեշինսկին։ 1741 թվականին նրա բանակը հաջողությամբ պատերազմում է ավստրացիների դեմ, սակայն հետագայում իրադարձություններն այլ ընթացք են ստանում։ 1748 թվականին Ֆրանսիան ստիպված ընդունում է Աախենի հաշտության պայմանագրի դրույթները, որի համաձայն Ֆրանսիան հրաժարվելով Նիդերլանդներում կատարած իր նվաճումներից, ստանում էր Ֆիլիպ Իսպանացու նվաճած Պարման և Պիաչենցան[210]։ Լյուդովիկոս թագավորն անձամբ մասնակցում է Ավստրիայի դեմ մղվող պատերազմին, սակայն Մեցայում ծանր հիվանդանում է։ Ամբողջ Ֆրանսիան էր անհանգստանում և դա էր պատճառը, որ երբ Լյուդովիկոսը լավանալուն պես ինքն իրեն կոչում է սիրված։
Սակայն արդեն Լյուդովիկոս XV-ի օրոք (կառավարել է 1715-1774 թվականին) բացարձակապետությունը ճգնաժամ էր ապրում, որը ֆեոդալական կարգերի քայքայման հետևանքն էր։ Դա դրսևորվում էր գյուղացիության և քաղաքային չքավորության հուզումների, ֆինանսական խոր ճգնաժամի, խոշորացող բուրժուազիայի հակաբացարձակապետ ընդդիմության մեջ։
1701-1763 թվականների համաեվրոպական պատերազմների և ֆինանսական ճգնաժամի շրջան
խմբագրել18-րդ դարի սկզբին՝ 1700-ականներին, Եվրոպան պատերազմական գործողությունների թատերաբեմ է դառնում։ 1701 թվականին Իսպանիայի ժառանգության համար իրար դեմ են դուրս գալիս Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ինչպես նաև վերջիններիս ռազմական դաշնակիցները[211]։ Ֆրանսիան կռվում էր հանուն դաշնակից Իսպանիայի միավորման և այդ գործում նրան սատարում էին Պիրենեյան թերակղզու տարածքում առաջացած իսպանական երկու թագավորությունները՝ Նավառան և Կաստիլիան, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական իշխանություններ[211]։ Մեծ Բրիտանիայի դաշնակիցները նպատակ ունեին օգտվել Իսպանիայում առաջացած խառնակ իրադրությունից, տարածքային ձեռքբերումներ ուենալ՝ միևնույն ժամանակ օժանդակելով աջակից կայսրությանը։ Ֆրանսիայի և Իսպանիայի դեմ պայքարում Բրիտանական կայսրությանն աջակցում էին Սրբազան Հռոմեական կայսրությունը, Պրուսիան, Նիդերլանդները, Պորտուգալիան և Արագոնը[212]։
Իսպանիայում ստեղծված քաոսի պատճառն անժառանգ թագավոր Կառլոս II Հաբսբուրգի մահն էր[213]։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV Բուրբոնը ձգտում էր գահը ձեռք բերել իր թոռ Ֆիլիպի համար։ Անգլիայի շուրջը միախմբված հակալյուդովիկյան դաշինքը հայտնի է դառնում «Մեծ միություն» անվանումով։ Մարտերը տեղի էին ունենում Իսպանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, ծովում ու գաղութներում։ 1704 թվականի օգոստոսի 13-ին տեղի է ունենում Իսպանական ժառանգության գոյատևման գլխավոր ճակատամարտը։ Գերակշռող դաշնակիցների տարած հաղթանակը ապահովում է Վիեննայի անվտանգությունը ֆրանս-բավարական բանակից՝ այդպիսով կանխելով Մեծ Դաշինքի փլուզումը։
Ֆրանսիայի Լուի XIV արքան ջանում էր դուրս բերել կայսր Լեոպոլդին՝ պաշարելով Հաբսբուրգի մայրաքաղաք Վիեննան։ Այդ քայլով Ֆրանսիան փորձում է ձեռք բերել հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմաններ։ Այնուամենայնիվ, 1714 թվականին պատերազմն ավարտվում է Ֆրանսիայի պարտությամբ։ Կնքվում են Ուտրեխտի և մեկ տարի անց նաև Ռաշտատի հաշտության պայմանագրերը[214], որի արդյունքները ձեռնտու չէին Ֆրանսիայի համար։ Նախ և առաջ Ֆրանսիան և Իսպանիան զրկվում են Հյուսիսային Ամերիկայի իրենց գաղութների մի մասից։ Պատերազմի արդյունքում Ֆրանսիայում աճում են հակաբրիտանական տրամադրությունները։ 1750-ականներին պատերազմի աղետաբեր ալիքը հերթական անգամ ալեկոծում է Եվրոպայի ափերը։ Պատճառը Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գաղութների համար անգլո-ֆրանսիական պայքարի սրումը, ինչպես նաև Ավստրիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի շահերին հակոտնյա Պրուսիայի զավթողական քաղաքականությունն էր։ 1757 թվականի հունիսին պատերազմական գործողություններն սկսվում են նաև Ֆրանսիայի համար։ Վերջիններս հարձակվում է Պրուսիայի վրա՝ պաշարելով Հաննովերը։ Պրուսիացիների դեմ մարտերում բախտը ֆրանսիական կողմին ժպտում է նաև նոյեմբերի 5-ին տեղի ունեցած Ռոսբախի ճակատամարտում։ Նույն ժամանակահատվածում Ֆրանսիայի գլխավոր դաշնակիցներից Ռուսական կայսրությունը ապաստակում է Արևելյան Պրուսիան՝ գրեթե հասնելով Ֆրանսիայի սահմանին։
1760 թվականի հոկտեմբերի 8-9-ին ռուսական զորքերը գրավում են Բեռլինը, սակայն չկարողանալով զարգացնել ռազմական հաջողությունները ստիպված են լինում լքել քաղաքը[215]։ Ե՛վ Ֆրանսիան, և՛ Անգլիան գրեթե չէին մասնակցում մայրցամաքային Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ զբաղված էին միմյանց դեմ ծովամարտեր մղելով՝ ինչպես Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներում, այնպես էլ Ամերիկայում և Հնդկաստանում։ 1757 թվականին անգլիացիները գրավելով ամբողջ Բենգալիան, ֆրանսիացիներին դուրս են մղում Հինդուստան թերակղզու տարածքից[216]։ Հյուսիսային Ամերիկայում նրանք գրավում են Քվեբեկը[217], 1760 թվականին՝ Մոնրեալը և շուտով ամբողջ Կանադան։ 1760-1761 թվականներին պատերազմող կողմերը բազմիցս փորձում են հակառակորդի հետ գաղտնի գործարքներով պատերազմն ավարտին հասցնել, որի հետևանքով սրվում են հարաբերությունները դաշնակիցների միջև։ 1763 թվականի փետրվարի 10-ին հակամարտող կողմերի միջև Փարիզում կնքվում է պայմանագիր, որով Բրիտանական կայսրությանն անցնում են նախկին ֆրանսիական գաղութներ հանդիսացող Կանադան ու Արևելյան Լուիզիանան, ինչպես նաև մի քանի կղզիներ[218]։ 1775 թվականին Հյուսիսային Ամերիկայի բրիտանահպատակ տիրույթներում բռնկվում է ազգային-ազատագրական շարժում[219]։ Առաջին տարիներին ամերիկացիները անհաջողության են մատնվում և ժամանակավորապես կորցնում Նյու Յորքը և Ֆիլադելֆիան։ Սակայն պատերազմի ընթացքում ամերիկյան բանակի մարտունակությունը բարձրանում է, իսկ 1777 թվականի հոկտեմբերի 17-ին Սարատոգայի մոտ ամերիկացիների տարած հաղթանակը նպաստում է Միացյալ ամերիկյան նահանգների՝ Տասներեք գաղութների ռազմական և միջազգային դրության բարելավմանը[220]։ Ֆրանսիայի կառավարությունը յուրահատուկ կեցվածք է ընդունում Ամերիկայում ընթացող ազատագրական պայքարի նկատմամբ։ Փարիզ ուղարկված Բենջամին Ֆրանկլինը ռազմական դաշինք է կնքում Ֆրանսիայի հետ, որը զորք և նավատորմ է առաքում Ամերիկա՝ անգլիացիների դեմ պայքարի համար[221]։ 1779 թվականին Անգլիայի դեմ պատերազմի մեջ է մտնում նաև Ֆրանսիայի դաշնակից Իսպանական կայսրությունը, իսկ 1782 թվականին նաև թագավորական Նիդերլանդները։ Հեղափոխական իրադրության հասունացման պայմաններում Ֆրանսիայում կարգերի և կաթոլիկ եկեղեցու տիրապետության քննադատությամբ հանդես են գալիս ֆրանսիական լուսավորիչները։ Լյուդովիկոս XVI-ի օրոք (կառավարել է 1774–1792 թվականին) Ֆրանսիա թևակոխում է բացարձակապետության սուր ճգնաժամի շրջան, որը հանգեցնում է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը։
Ֆրանսիական մեծ հեղափոխություն
խմբագրելՆախահեղափոխական իրադրություն և Բաստիլի ամրոցի գրավում
խմբագրելՔաղվածք «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրից»
- Հոդված 1. Մարդիկ ծնվում և ապրում են հավասար իրավունք,ներով։ Նրանց հասարակական տարբերությունները կարող են կառուցվել միայն ընդհանուր օգուտի վրա։
- Հոդված 2. Մարդկանց քաղաքական միավորման նպատակը նրանց բնական և անօտարելի իրավունքների պաշտպանությունն է։ Դրանք են ազատությունը, ունեցվածքը, ապահովությունը և դիմադրությունը (ցանկացած) բռնաճնշման։
- Հոդված 3. Ազգն է ամբողջ իշխանության կրողը։ Ո՛չ անհատները, ո՛չ առանձին խմբերը իրավասու չեն իշխանություն գործառելու, եթե դա չի բխում ազգի շահերից։
- Հոդված 6. Օրենքը իրավունքի (մասնակի) արտահայտությունն է։ Բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն անձնապես կամ իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իշխանության ձևավորմանը։ Օրենքը պետք է լինի նույնիմաստ թե՛ խրախուսանքի, թե՛ պատժի պարագայում։
- Հոդված 7. Ոչ ոք չի կարող դատապարտվել, կալանվել կամ ձերբակալվել՝ առանց օրենքով նախատեսված դեպքի։
- Հոդված 10. Ոչ ոք չի կարող հետապնդվել իր մտքերի և կրոնական զգացմունքների համար, եթե դրանց դրսևորումը չի խաթարում հասարակական կարգը։
- Հոդված 11. Մտքերի և կարծիքների ազատ փոխանակությունը մարդու ամենագնահատելի իրավունքներից է։
- Հոդված 17. Ունեցվածքը, լինելով սրբազան և անձեռնմխելի, չի կարող օտարվել առանց հասարակական անհրաժեշտության…
Լուի XIV-ից հետո բացարձակապետական կարգերը Ֆրանսիայում աստիճանաբար թուլանում են։ Թագավորն ու արքունիքը, ինչպես նաև ազնվականական և հոգևորական խավերը Ֆրանսիայում կանգնած էին ավատատիրական աստիճանակարգության առաջին և երկրորդ սանդղակներին։ Երրորդ դասի ներկայացուցիչները երկրի կառավարմանը չէին մասնակցում և իրավազուրկ էին։ Այս հանգամանքը բազմիցս ստորին խավի շրջանում ապստամբությունների առիթ է դառնում։ Լուի XV-ը, ինչպես իր նախորդները, իշխանությունը համարում էր աստվածատուր շնորհ և վարում էին հարկային ծանր քաղաքականություն[222]։ Արքան իր գործողություններում ցուցաբերում էր բացարձակ ազատություն, որի վկայությունն է ճառերից մեկի ընթացքում հնչեցրած «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» արտահայտությունը։ 1774 թվականի մայիսի 10-ին Ֆրանսիայի 25-րդ դոֆին Լյուդովիկոսը դառնում է Ֆրանսիայի թագավոր՝ Լուի XVI անվան տակ[223]։ Նրա օրոք ևս ֆրանսիական արքունիքը շռայլորեն վատնում էր երկրի բյուջեն՝ ծանրացնելով գյուղացիական խավի սոցիալ-քաղաքական դրությունը։ Ֆրանսիայում ստեղծված նախահեղափոխական իրադրության գլխավոր պատճառները երկրում կամայականության և իշխանության չարաշահման մեծ չափերի ընդունումն էր։ Ֆրանսիայի միապետն այս անգամ ստիպված է լինում լուրջ քայլերի դիմել՝ մայիսի 5-ին Վերսալում երեք դասերի պատգամավորների ժողով՝ գլխավոր շտատներ հրավիրելով[224]։ Այս քայլով նա հույս ուներ դրամական ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնել։ Իրավիճակը գլխիվայր շուռ է գալիս այնժամ, երբ գլխավոր շտատների պատգամավորները հրաժարվում են ենթարկվել թագավորին՝ իրենց հռչակելով ամբողջ ազգի ներկայացուցիչներ (ազգային ժողով)։
Ազգային ժողովի ներկայացուցիչները սկսում են հանդես գալ, որպես թագավորի որոշումներից անկախ մարմին։ Որոշ ժամանակ անց ազգային ժողովն իրեն հռչակում է սահմանադիր ժողով՝ օրենսգիր բարձրագույն իշխանություն։ Սահմանադիր ժողովի ստեղծումը հակոտնյա էր Ֆրանսիայի բացարձակապետական կեցվածքին և Լուի XVI-ը որոշում է ցրել սահմանադիր ժողովը[225]։ Հակառակ դրան՝ Փարիզի բնակչությունն իր հերթին ստեղծում է իր իշխանական մարմինները՝ մշտական կոմիտեն և ազգային գվարդիան։ 1789 թվականի հուլիսի 12-ին նոր ընդհարում է տեղի ունենում ժողովրդի և ֆրանսիական իշխանությունների միջև։ Հեղափոխական գաղափարներ ունեցող Կամիլ Դեմուլեն Փարիզում հավաքվածներին կոչ է անում ոտքի կանգնել և միահամուռ ուժերով պայքարել երկրում տիրող անօրինությունների դեմ[226]։ Վերջիններս իրենց գլխարկների վրա կանաչ ժապավեններ են ամրացնում և միացյալ շարժում սկսում ընդդեմ Ֆրանսիայի բացարձակապետական կարգերի։ Երկրում հակաիշխանական նոր բունտ է հասունանում։ Հուլիսի 14-ին ամբոխը շարժվում է դեպի ժողովրդի համար ատելի Բաստիլի բանտ[227]։ Բաստիլի գրավումն ազդարարում է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը, քանի որ բանտի պաշարումից հետո հակաիշխանական ժողովրդական ընդվզումը տարածվում է ամբողջ Ֆրանսիայով մեկ[228]։
Այդ գիշեր, երբ արթնացրին Լուի XVI-ին և զեկուցեցին, որ Բաստիլը գրավել են, արքան բացականչեց. «Բայց դա խռովությո՜ւն է»։ Պատասխանը եղավ. «Ո՛չ, տիրակա՛լ, դա հեղափոխություն է»։ - Բաստիլի գրավման մասին
|
1791 թվականին հիմնահատակ կործանվում է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող Բաստիլի ամրոցը[229]։ 1987 թվականին ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշում է ֆրանսիական մեծ հեղափոխության 200 ամյակը[230], որը նոր դարաշրջան է բացում ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմության մեջ[231]։ Փոխաբերական իմաստով Բաստիլ են անվանում ռեակցիոն կառավարությունների ցանկացած մեծ քաղաքական բանտ։ Սահմանադիր ժողովն օգտվելով ստեղծված նպաստավոր պայմաններից, սկսում է մշակել երկրի հիմնական օրենքների ժողովածուն՝ սահմանադրությունը։ 1789 թվականին ժողովն ընդունում է «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», որը կազմված էր լուսավորչական գաղափարներով[232]։ Սահմանադիր ժողովը այս քայլով նպատակ ուներ ի լուր բոլորին հռչակել մարդու բնական և ի ծնե ունեցած անօտարելի իրավունքները։ Հռչակագիրն ազգի կառավարման և հասարակության մեջ բացառիկ տեղ էր հատկացնում օրենքին, որի ստեղծմանը պետք է մասնակցեր ժողովուրդը[232]։ Այն իր բովանդակությամբ բավականին նման էր Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրին։ Ի պատասխան սրա՝ Ֆրանսիայի արքայի վարձու բանակն աստիճանաբար հավաքվում է Կոբլենց քաղաքում՝ մայրաքաղաք Փարիզ արշավելու մտադրությամբ։ Սակայն թագավորական բանակը ջախջախվում է, իսկ Լուիի փախուստը երկրից՝ ձախողվում։ 1791 թվականին Սահմանադիր ժողովը հրապարակում է Ֆրանսիայի սահմանադրությունը և երկիրը հռչակվում է սահմանադրական միապետություն։ Այսպիսով, թագավորի անսահմանափակ իշխանությունը սահմանափակվում է օրենքով։ Համաձայն ընդունած օրենքների ժողովածուի՝ թագավորն իր իրավունքները կիսում էր օրենսդիր ժողովի հետ։ Նոր պետական կառավարման համակարգը ուժի մեջ է մտնում 1791 թվականի հոկտեմբերից, երբ ընտրված օրենսդիր ժողովն սկսեց իր գործունեությունը։ Ֆրանսիայի ֆեոդալամիապետության տապալման, օտարերկրյա ինտերվենտներից Փարիզի և Ֆրանսիայի պաշտպանության կազմակերպման գործում մեծ դեր է խաղացել 1789 թվականին կազմավորված Փարիզի կոմունան։ Ի սկզբանե Ֆրանսիայում կատարվում են մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված էին ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը։ Օրենսդիր ժողովի հրամանով ոչնչացվում են ներքին մաքսերը, մշակվում մեկ միսանական չափման համակարգ՝ մետրական համակարգ, սահմանափակվում կաթոլիկ եկեղեցու սեփականությունը և ստեղծվում արդյունաբերության զարգացման բարենպաստ պայմաններ։ Կարևոր նվաճում էր այն, որ մտցվում է Ֆրանսիայի թագավորության վարչատարածքային բաժանման նոր համակարգ, որով երկիրը բաժանվում է 83 նահանգների կամ դեպարտամենտների։
Հեղափոխական պատերազմներ և Յակոբինների դիկտատուրայի հաստատում
խմբագրելԹագավորն առերեսորեն համաձայնում էր ընդունվող նոր կարգերին, սակայն ներքին կարգով ամեն կերպ ցանկանում էր վերականգնել իր միահեծան իշխանությունը։ Իր հեղինակությունը վերականգնելու համար Լուին երկիր է հրավիրում օտար զորքերի՝ բանակցություններ սկսելով Պրուսիայի, Ավստրիայի, Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի թագավորների հետ[233][234]։ Ֆրանսիայի օրենսդիր ժողովը իմանալով թագավորի դավադրության մասին չի սպասում թշնամու ներխուժմանը և հենց ինքը 1792 թվականի գարնանը պատերազմ հայտարարում Ավստրիայի թագավորությանը՝ ցանկանալով ընդգծել, որ իրենց կռիվը ավստրիացիների դեմ չէ[235]։ Ֆրանս-ավստրիական պատերազմները հեղափոխական պատերազմների սկիզբ են դառնում[235]։ Շուտով պատերազմական գործողությունների մեջ է ներքաշվում նաև Ավստրիայի գլխավոր դաշնակիցներից մեկը՝ Պրուսիայի թագավորությունը[236]։ Ավստրիական և պրուսիական բանակները մայիսին մոտենում են Ֆրանսիայի սահմանին և թագավորի կողմնակիցների դավադրության պատճառով ռազմաճակատում սկսվում են անհաջողություններ։ Իմանալով ներքին պառակտության մասին՝ հեղափոխական գործիչներ Ժորժ Դանտոնը, Ժան Պոլ Մարատը և Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը կոչ են անում դատի տալ թագավորին և բանակից հեռացնել դավաճան գեներալներին։ Միևնույն ժամանակ առաջ է քաշվում ժողովրդական ժողովի՝ կոնվենտի հրավիրման գաղափարը։ Գաղափարի հեղինակը ժողովրդի շրջանում մեծ հեղինակություն վայելող Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռն էր, ով պահանջում էր վերացնել գույքային ցենզը, մտցնել ընդհանուր ընտրական իրավունք և դրա հիման վրա հրավիրել նոր ներկայացուցչական մարմին[237]։ 1792 թվականի հուլիսի 11-ին օրենսդիր ժողովը երկրում հայտարարում է արտակարգ իրավիճակ՝ «հայրենիքը վտանգի մեջ է» կոչերով։ Կամավորների մեծ հոսք է սկսում դեպի Փարիզ, զայրացած ժողովուրդը հարձակում է գործում Ֆրանսիայի թագավորական պալատի վրա՝ տապալելով արքային։ Հենց այս շրջանում էր, երբ մարսելցիներն օգնության են հասնում Փարիզի բնակիչներին՝ «Մարսելյեզ» հայրենասիրական և ազատագրական երգը երգելով։ «Մարսելյեզ»-ը հետագայում դառնում է Ֆրանսիայի պետական օրհենրգը[238]։
1792 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆրանսիան հռչակվում է ժողովրդաիշխան պետություն և սկսվում է Ֆրանսիայի պատմության հանրապետական շրջանը, որը շարունակվում է մինչև 1804 թվական։ Օրենսդիր ժողովին փոխարինում է նոր ներկայացուցչական մարմինը՝ կոնվենտը։ Նորընտիր ժողովի ձայների քանակով առաջին պատգամավորը դառնում է Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը[237]։ Ռոբեսպիեռը 1793 թվականի մայիսի 31-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության (որը տապալեց ժիրոնդիստների իշխանությունը) քաղաքական ղեկավարներից էր։ Յակոբինյանների իշխանության գլուխ անցնելուց հետո Ռոբեսպիեռը դառնում է նրանց հեղափոխական քաղաքականության գլխավոր ներշնչողներից։ Յակոբինյան առաջնորդներից Ռոբեսպիեռն ավելի վաղ և ավելի խորապես է ըմբռնում, պաշտպանում և տեսականորեն հիմնավորում նոր, հեղափոխական իշխանության կազմակերպման բարձրագույն ձևը՝ հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրան։ Ըստ նրա՝
Հեղափոխությունը դա ազատության պատերազմն է ընդդեմ նրա թշնամիների, սահմանադրությունը դա հաղթական և խաղաղ ազատության վարչակարգն է |
Նորաստեղծ կոնվենտի առաջին քայլերից մեկը դառնում է այն, որ Լուի թագավորին դատապարտվում է մահապատժի։ 1793 թվականի հունվարին Լուին հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվում։ 1792 թվականի սեպտեմբերին ֆրանսիական բանակը Վալմի գյուղի շրջակայքում ջախջախիչ հաղթանակ է տանում պրուսիական բանակի նկատմամբ։ Շուտով պատերազմական գործողություններից դուրս է գալիս նաև Ավստրիան, սակայն Ֆրանսիայի վիճակը շարունակում էր օրեցօր ծանրանալ։ Ֆրանսիայում տարածված էր աղքատության երևույթը, իսկ Կոնվենտում գնալով վատանում էր հարաբերությունները յակոբինյանների ու ժիրոնդիստների միջև։ Հակասություններն ավարտվում են նրանով, որ 1793 թվականին երկրում նոր ապստամբություն է տեղի ունենում։ Դրա արդյունքում ֆրանսիացիները տապալում են ժիրոնդիստական կառավարությունը և այն փոխարինում յակոբիններով։
Ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած իրադարձություններ
խմբագրելՏուլոնի պաշարում
խմբագրելԺիրոնդիստների պատվիրարկության ձերբակալության պատճառով ֆրանսիական մի շարք քաղաքներ՝ այդ թվում և Մարսելն ու Լիոնը, բարձրացնում են ապստամբություն։ Տուլոնում Ֆրանսիայի հեղափոխականները վտարում են Յակոբիններին, իսկ հեղափոխականներն իրենց հերթին վտարվում են ռոյալիստների կողմից։ Իրավիճակն ավելի է սրվում այն ժամանակ, երբ պառակտված Ֆրանսիայի դեմ է ելնում բավականին հզոր և ռազմաքաղաքական մեծ ներուժ ունեցող Անգլիայի թագավորությունը։ Կարճ ժամանակահատվածում անգլիացիներին հաջողվում է ներխուժել ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Տուլոն քաղաքը։ Անգլիացի ծովակալ Սամուել Հուդին (մինչ Տուլոնի պաշարումը նա Լուիին ճանաչել էր որպես Ֆրանսիայի միապետ) օժանդակում էին նաև իսպանական, նեապոլիտանական և սարդինական նավատորմերը։ Կարճ ժամանակում Սամուել Հուդի և Խուան դե Լանգարայի ղեկավարած ուժերը պաշարում են Տուլոնը և շարժվում դեպի Ծովափնյա Ալպեր[239][240]։ Զգալով երկրի անկախությանը սպառնացող վտանգը՝ Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը ձեռնամուխ է լինում հեղափոխական դիկտատուրայի ստեղծմանը, որի պայմաններում ուժեղանում է իշխանությունների հետապնդումները նոր կարգերի հակառակորդների դեմ։ Փարիզում ամեն օր մահապատժի էին տասնյակ մարդիկ, ովքեր մինչ դատապարտվելը պիտակվում էին «ժողովրդի թշնամի»։ Անօրինությունից վշտացած հակահեղափոխականները ահաբեկչություններ և պայթյուններ էին կազմակերպում ամբողջ երկրով մեկ։
Միևնույն ժամանակ վերացվում է ավատատերների իրավունքները, գյուղացիների պարհակները, իսկ պարենային ապրանքների համար սահմանվում է կայուն և հասանելի գներ։ Յակոբինների օրոք ֆրանսիական բանակը դառնում է հզորագույններից մեկը Եվրոպայում և աշխարհում։ Նոր վերազինված ֆրանսիական բանակը կարողանում է պարտության մատնել Իսպանիային և Անգլիային՝ վտարելով վերջիններիս Տուլոնից։ Չնայած այս ամենի՝ Յակոբինների դիկտատուրան Ֆրանսիայում երկար կյանք չէր կարող ունենալ, քանի որ չէր համապատասխանում երկրի զարգացման մակարդակին։ 1794 թվականի հուլիսի 27-ին տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո Ֆրանսիայում կատարվում է իշխանափոխություն[241]։ Նախկին կառավարության ղեկավարները մահվան են դատապարտվում։ Ազգային կոնվենտի կողմից 1795 թվականին ընդունվում է նոր համաֆրանսիական սահմանադրություն, որն ուժի մեջ է մնում մինչև 1799 թվականը[242]։ Տուլոնի ճակատամարտում հանրապետականների տարած հաղթանակը ֆրանսիացի զորավար Նապոլեոնի առաջին խոշոր ռազմական հաջողությունն էր մարտի դաշտում։
Նապոլեոն Բոնապարտի ռազմական հաջողությունները
խմբագրելՆապոլեոնը ծնվել էր 1769 թվականի օգոստոս 15-ին Միջերկրական ծովի Կորսիկա կղզում գտնվող Այաչչո քաղաքում, որը Ջենովայից Ֆրանսիային էր անցել վերջինիս ծնունդից ընդամենը երեք ամիս առաջ[243]։ Դեռևս 1755 թվականին Կորսիկան տապալել էր Ջենովայի իշխանությունը և փորձել ստեղծել իր ինքնուրույն ազգային պետությունը՝ Պասկուալե Պաուլիի ղեկավարությամբ։ 1768 թվականին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները վաճառում է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ին, իսկ 1769 թվականի մայիսին Պոնտենուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքը ջախջախում են Կորսիկայի ապստամբներին՝ կղզին վերջնականապես ամրացնելով Ֆրանսիայի կազմում[244]։ Բոնապարտը հորական կողմից ուներ ազնվականական ծագում[243]։ Դեռևս վաղ հասակից Նապոլեոնն իր ընդունակություններով առանձնանում էր հասակակիցներից։ 1785 թվականի փետրվարի 14-ին մահանում է նրա հայրը և Նապոլեոնն իր վրա է վերցնում ընտանիքի հոգսը։ Նույն տարում նա ժամանակից շուտ ավարտում է կադետների Փարիզի թագավորական դպրոցը և ուսումը շարունակում Վալանսում՝ արդեն լեյտենանտի կոչումով։ 1785 թվականին Նապոլեոնն ավարտում է Փարիզի զինվորական դպրոցը և մեկնում ծառայության՝ պորուչիկի աստիճանով։ 1786 թվականի հունվարին ստանում է լեյտենատի կոչում և ցանկություն հայտնում ծառայել ռուսական բանակում։ Սակայն Նապոլեոնի պատրաստակամությունը մերժվում է ռուս գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի կողմից, ով ղեկավարում էր Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցող կամավորական բանակը։ Նապոլեոնի խնդրագիրը ռուսական բանակ ներկայացնելուց մեկ ամիս առաջ արձակվել էր հրաման, որի համաձայն օտարերկրացիներին ծառայության ընդունելիս նրանց կոչումը պետք է իջեցվեր։ Նապոլեոնը չհամաձայնելով զայրացած դուրս է գալիս Զաբորովսկու մոտից՝ ասելով, որ իր ծառայությունները կառաջարկի Պրուսիայի թագավորին և վերջինս իրեն կտա կապիտանի աստիճան։ Հրաժարվելով սատարել Կորսիկայի ապստամբներին՝ Նապոլեոնը մեկնում է Ֆրանսիա և իր գործունեությունը շարունակում որպես հեղափոխական։ Տուլոնի ճակատամարտից հետո Նապոլեոնը մեծ ճանաչում է ձեռք բերում Ֆրանսիայում։ Տերմիդորի հուլիսյան հեղաշրջումից հետո նախկին կառավարության անդամների հետ սերտ կապերի պատճառով Նապոլեոնը որոշ ժամանակով դուրս է մղվում ռազմական ասպարեզից, սակայն 1795 թվականի հոկտեմբերի 5-ին ռոյալիստների կողմից բարձրացված ապստամբությունից հետո սկսում է վայելել նոր ձևավորված տերմիդորականների կառավարության վստահությունը։
1799 թվականի նոյեմբերի 9-10-ին տեղի ունեցած Բրյումերի տասնութի հեղաշրջման հետևանքով, որն իրականացրել էր Նապոլեոն I Բոնապարտը, Ֆրանսիայում տապալվում է Դիրեկտորիան և հաստատվում ռազմական դիկտատուրա՝ կայսրության ձևով[245]։ 1804 թվականին դառնալով կայսր՝ Նապոլեոն I-ը Եվրոպայում մղում է մի շարք զավթողական պատերազմներ, որոնց հետևանքով ընդլայնվում է Ֆրանսիայի սահմանները և հաստատվում ֆրանսիական բուրժուազիայի հեգեմոնիան, որը սակայն կարճ կյանք է ունենում։ Նապոլեոնյան կայսրության ռազմական ջախջախման գործում կարևոր դերակատարություն է ունենում Ռուսաստանը։ Ռազմական ջախջախումը արագացնում է բոնապարտիստական դիկտատուրայի կործանումը։ 1814 թվականին վերստին իշխանության գլուխ եկած (երկրորդ անգամ՝ «Հարյուր օրից» հետո, 1815 թվականին) Բուրբոնների ռեստավրացիայի շրջանում հաջողվում է ժամանակավորապես վերականգնել խոշոր հողատիրական արիստոկրատիայի տիրապետությունը։ Նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ Ռուսաստանի, Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի՝ 1813 թվականի պատերազմաշրջանի վճռական ճակատամարտը տեղի է ունենում Լայպցիգում։ Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 4-7-ին Լայպցիգի շրջանում (Սաքսոնիա)։ Դաշնակիցների բանակն ուներ ավելի քան 300 հազար զինվոր, ֆրանսիականը՝ 200 հազար։ Բուրժուական պատմաբանները Լայպցիգի ճակատամարտն անվանել են «ժողովուրդների ճակատամարտ»։ Կորցնելով մոտ 80 հազար մարդ (այդ թվում՝ 20 հազար գերի) և գրեթե ամբողջ հրետանին՝ Նապոլեոնը նահանջում է դեպի Հռենոս, ապա՝ Ֆրանսիա։ Լայպցիգի ճակատամարտն արագացնում է Նապոլեոնի անկումը, Ֆրանսիային զրկում եվրոպական բոլոր տարածքային նվաճումներից, հանգեցնում Գերմանիայի և Հոլանդիայի լրիվ ազատագրմանն ու Հռենոսյան միության քայքայմանը։
Նապոլեոնյան պատերազմները 1798-1800 թվականներին
խմբագրելՄալթայի բռնակցում
խմբագրել1798 թվականին գեներալ Նապոլեոնին հանձնարարվում է գրավել Եգիպտոսը[246]։ Ֆրանսիան ցանկանում էր խարխլել Մեծ Բրիտանիայի դիրքերը Հնդկաստանում և մյուս գաղութներում[247]։ 1798 թվականի ամռանը ֆրանսիական զորքերը՝ Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ, ճանապարհ են բռնում դեպի Միջերկրական ծովի հարավային ափ։ Նապոլեոնի առաջին թիրախը դառնում է Մալթա կղզին, որը համարվում էր անառիկ և անմատչելի եվրոպացի գաղութարարների համար[248]։ Կղզին ուներ առևտրային կարևոր նշանակություն, քանի որ կապում էր Աֆրիկան Եվրոպայի հետ։ Մալթան ապահովում էր բարեդրացիական հարաբերությունները եվրոպական առաջատար պետությունների հետ, որը հակոտնյա էր Օսմանյան կայսրության և Մամլուքյան Եգիպտոսի շահերին։ Շուտով Մեծ Բրիտանիան Մալթան սկսում է օգտագործել հյուսիսաֆրիկյան գաղութատիրական իր արշավանքների համար։ Սա առիթ է դառնում, որպեսզի Նապոլեոնը Մալթայի ղեկավարությանը վերջնագիր ներկայացնի։ Դրանից հետո բրիտանական ուժերի աջակցությամբ կղզին սկսում է վերազինել իր նավատորմը՝ երկրի անառիկությունը պահելու համար։ Ֆրանսիացիները Մալթայի վրա հարձակվում են Իտալիայից՝ Ապենինյան թերակղզուց։ Մինչ այդ, բրիտանացիներն արդեն հասցրել էին զբաղեցնել կղզու ամբողջ տարածքը։ Նապոլեոնի բանակը Մալթայում վայրէջք է կատարում հունիսին և կարճ ժամանակահատվածում գրավում ամբողջ կղզին։ Հունիսի 11-ին Նապոլեոն Բոնապարտը ապաստակում է Լա Վալետան՝ Մալթայի մայրաքաղաքը, և վերջնականապես կցում Ֆրանսիային[248]։ Նապոլեոնի արևելյան արշավանքներից հետո Ամյենում սկսված ֆրանս-բրիտանական բանակցություններից հետո որոշվվում է, որ Մալթայի հարցը ենթակա է կոմպլեքսային կարգավորման։ Ամյենի պայմանագրի 10-րդ հոդվածով Մալթան պետք է վերադարձվեր Սուրբ Հովհաննեսի ասպետներին և կղզում պետք է տեղակայվեր Նեապոլի թագավորության վարչակարգը՝ երրորդ տերության երաշխիքի ներքո։ Սակայն Սուրբ Հովհաննեսի ասպետները թուլացել էին Ֆրանսիայում, ինչպես նաև կորցրել իրենց կալվածքներն Իսպանիայում։ Բացի այդ՝ երաշխիքների ձեռք բերումը ձգձգվում է, ուստի բրիտանական զորքերը դուրս չէին բերվում Մալթայից՝ չնայած Ամյենի պայմանագրով դա նախատեսված էր կատարել եռամյա ժամկետում։ Հարավային Աֆրիկայում բռնկված հակաֆրանսիական ապստամբությունից հետո Մեծ Բրիտանիան սկսում է առավել ձգձգել Մալթայից իր զորքերի տարհանումը։ 1803 թվականի հունվարին Ֆրանսիայի կառավարական լրագիրը հրապարակում է զեկույց, որտեղ նշվում էր, թե որքան դյուրին կերպով ֆրանսիական բանակը կարող է գրավել Եգիպտոսը։ Անգլիացիները օգտագործելով ֆրանսիական կողմի ամբագորգոռ հրապարակումները՝ հայտարարում են, որ անհրաժեշտ է ապահովել բրիտանական բանակի անվտանգությունը Մալթայում, քանի որ կղզին ուղեկամուրջ է գաղութարար Ֆրանսիայի և Եգիպտոսի միջև։ Ի պատասխան սրա՝ ֆրանսիական կողմը հայտարարում է, որ Եգիպտոսը գրավելու որևէ մտադրություն չունի։ Այս ամենից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված է լինում ընդունել հրամանագիր, որով անգլիական գաղութային կորպուսը պետք է լքեր Մալթան՝ «հանուն խաղաղության»։
Ֆրանսիական զորքերի ներխուժումը Շվեյցարիա և Նիդերլանդներ
խմբագրելԳրեթե միաժամանակ ֆրանսիական զորքերը ռազմախուժում են Շվեյցարիա և Նիդերլանդներ[249]։ Շվեյցարիայում նապոլեոնյան բանակը լուրջ դժվարությունների չի հանդիպում տեղացիների կողմից։ Կարճ ժամանակահատվածում վերջիններս գրավում են Ցյուրիխը և շվեյցարական հողերի վրա ստեղծում ֆրանսահպատակ Հելվետյան հանրապետությունը[250]։ Շուտով Շվեյցարիա են հասնում ռուսական զորքերը, որը ղեկավարվում էր հանրաճանաչ ռազմահրամանատար Ալեքսանդր Սուվորովի կողմից։ Սկզբում ռուսական հեծելազորին հաջողվում է հատել Շվեյցարիայի սահմանը՝ ներթափանցելով մինչև 150 կմ։ Ռուսական ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ֆրանսիական բանակը փորձում է շրջափակել հակառակորդի զորքերը՝ կարճ ժամանակամիջոցում ավարտելով ռազմարշավը։ Օգոստոսի 31-ին առաջին անգամ Շվեյցարիայում բախվում են ռուս-ֆրանսիական զորքերը։ Գրեթե բոլոր կարճատև մարտերում հաղթանակ էին տանում ռուսական կայսերական բանակի զինվորները։ Շվեյցարական ռազմարշավի ժամանակ Սուվորովն արդեն զառամյալ էր և մարտերից մեկից հետո նրա առողջական վիճակը խիստ վատթարանում է։ Ֆրանսիական կողմն օգտվելով առիթից նախահարձակ է լինում և Ալպերի ձյունածածկ լեռնալանջերին սկսվում է նոր դիմակայություն։ Լավ զինված ֆրանսիական բանակը կարողանում է շրջափակել ռուս հրամանատարին և նրա բանակին։ Անկոտրում կամք ունեցող ռուսները կարողանում են ճեղքել Ֆրանսիայի հզոր դիմադրությունը։ Որոշ ժամանակ անց պարզ է դառնում այն, որ շվեյցարական խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։
Նիդերլանդներում իրավիճակը բավականին տարբեր էր[251]։ Հոլանդական կողմի գլխավոր երաշխավորը Մեծ Բրիտանիան էր, ով ցանկանում էր իր դիրքերն առավել ամրապնդել Հյուսիսային ծովի արևմտյան հատվածում։ Մինչ ֆրանսիական քարոզարշավի սկիզբը՝ բրիտանական ուժերն արդեն զբաղեցրել էին հոլանդական Ռոտերդամ նավահանգիստը[252]։ 1794 թվականին ֆրանսիացիները ներխուժում ռն Հարավային Հոլանդիա և մեկ օրում գրավում այն[253]։ Զավթիչների հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ նրանք վայելում էին տեղի հոլանդացիների աջակցությունը։ Նույն թվականին Ֆրանսիան Ավստրիայի հետ կնքում է պայմանագիր, որով Ավստրիան պարտավորվեց հաղթող երկրին հանձնել Նիդերլանդները, Բելգիան և Լյուքսեմբուրգը։ Հետագայում Շվեյցարիայի և Նիդերլանդների խնամակալության հարցը քննարկվում է Ամիենում։ Ֆրանսիան՝ ըստ Ամիենի պայմանագրի, Հելվետյան հանրապետությունից պետք է դուրս բերեր իր զորքերը, սակայն այդ ալպյան պետության կառավարության դեմ պոռթկում է ժողովրդական դժգոհության ալիքը՝ Շթեքլիքկրիգի տեսքով, քանզի բազմաթիվ շվեյցարացիներ իրենց կառավարությունը համարում էին չափից դուրս կենտրոնացված։ Ի պատասխան՝ Նապոլեոն Բոնապարտը 1802 թվականի հոկտեմբերին դարձյալ գրավում է Հելվետյան հանրապետությունը և ներշվեյցարական հակամարտությանը տալիս միջնորդական փոխզիջումային լուծում[254]։ Սա ևս լայն դժգոհությունների ալիք է առաջացնում Մեծ Բրիտանիայում։ Շվեյցարիայում կատարվածը բրիտանական իշխանությունների կողմից որակվում է որպես Լունևիլի պայմանագրի խախտում։ Չնայած մայրցամաքային պետությունները Ֆրանսիայի դեմ գործողությունների դիմելու համար անպատրաստ էին, սակայն բրիտանացիները որոշում են գործակալ ուղարկել, որը կօգներ շվեյցարացիներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ մատակարարումները, ինչպես նաև հրամայում են բրիտանական բանակին՝ չվերադարձնել Հոլանդիային նրան պատկանած հարավաֆրիկյան Կապի գաղութը, ինչը բրիտանական կողմը պարտավոր էր անել ըստ Ամիենի պայմանագրի։
Եգիպտական և սիրիական արշավանք
խմբագրել18-րդ դարում օրեցօր զարգացող Ֆրանսիան կախյալ տիրույթների թվի հետ կապված մրցակցում էր խոշորագույն գաղութատեր պետության՝ Բրիտանական կայսրության հետ[255][256]։ 1798-1801 թվականներին իտալական արշավանքի հաղթական ավարտից հետո Նապոլեոնին վստահվում է Եգիպտոսի գրավման գործը[257]։ Եգիպտոսը Օսմանյան կայսրության կազմում գտնվող ամենազարգացած արաբական պետությունն էր[258]։ Եգիպտոսի կառավարիչը նշանակվում էր թուրք սուլթանի կողմից և կոչվում փաշա։ 1770 թվականին Եգիպտոսն իրեն հռչակում է անկախ պետություն՝ ապաստակելով Արաբական թերակղզու տարածքը[259]։ Շուտով նորաստեղծ կառավարությունը հարձակվում է Սիրիայի վրա և գրավում այն[260]։ Նորաստեղծ մամլուքյան կառավարությունը մշտապես բանակցությունների մեջ էր Ֆրանսիայի գլխավոր հակառակորդի՝ Ռուսական կայսրության հետ։ Օսմանցիները բազմիցս Եգիպտոսում իրենց իշխանությունը վերականգնելու ապարդյուն փորձեր են կատարել։
Ֆրանսիական ներխուժումից առաջ՝ 1786 թվականին, սուլթանի ուժերը գրավել էին Կահիրեն և ավերել այն, սակայն Իբրահիմ և Մուրադ բեյերի նախաձեռնությամբ մամլուքները վերականգնում են իրենց սուվերենությունը[261]։ 1798 թվականին Եգիպտոսի ափերի մոտ երևում են առաջին ֆրանսիական նավերը, ովքեր այստեղ էին տեղափոխվել Ապենինյան թերակղզուց։ Հուլիսի 2-ին Նապոլեոն Բոնապարտը ֆրանսիական ուժերի գլուխն անցած վայրէջք է կատարում Ալեքսանդրիայում[261]։ Շուտով Եգիպտոս է հասնում բրիտանական նավատորմը, որը ղեկավարում էր ծովակալ Հորացիո Նելսոնը, ով մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի վարած գաղութատիրական արշավանքների ժամանակ կորցրել էր իր աջ ձեռքն ու աչքը։ Բրիտանական հզոր նավատորմին ցամաքից օժանդակում էին նաև օսմանյան և մամլուքյաան ուժերը։ Շուտով Աբուքիրի մոտ Հորացիո Նելսոնի ղեկավարած նավատորմը ջախջախում է ֆրանսիական ռազմածովային ուժերին, իսկ թուրք-եգիպտական զորախմբերը ազատագրում են Ալեքսանդրիան։ Այս ժամանակաշրջանում Նապոլեոն Բոնապարտը զբաղված էր մայրաքաղաք Կահիրեի գրավմամբ։ Շուտով Նապոլեոնին է հասնում Ալեքսանդրիայի պաշարման լուրը և ռազմահրամանատարն իր բանակին դիմում է հետևյալ խոսքերով․
Նապոլեոն Բոնապարտը Եգիպտոսի փաշայի առջև | Ֆրանսիական զորքերի մուտքը մայրաքաղաք Կահիրե | Տեսարան Ալեքսանդրիայի արյունարբու ճակատամարտից |
Ֆրանսիական բանակը տիրում էր Նեղոսի ձախ ափին, իսկ հակառակ կողմում մամլուքյան բազմությունն էր։ Ճակատամարտի նախօրեին ֆրանսիական բանակն իր թվաքանակով գրեթե մամլյուք-թուրքական բանակի կեսն էր կազմում։ Եգիպտացիների բանակի աջ թևը կազմում էր թուրքական հետևակը, ձախ թևը՝ հրետանին, իսկ կենտրոնում մամլյուքյան հեծելազորը, որի ուղղությունն էր ֆրանսիական բանակի կենտրոնը։ Իսկ ֆրանսիական բանակի կենտրոնում ֆուզիլիորները, ձախ թևը՝ հրետանին, իսկ աջը՝ հեծելազորը։ Հետևակի և հրետանու հրամանատարն էր գեներալ Բոնապարտը, իսկ հեծելազորի հրամանատարը Նապոլեոնի աջ ձեռքը՝ Յոախիմ Մյուրատը։ Մարտի սկզբում հաղթանակի հավակնությունը մամլյուքների կողմն էր, բայց Նապոլեոնի հմուտ ռազմավարության շնորհիվ հետևակը շարվում է կվադրատ, որը թշնամուն հետ է շպրտում, իսկ ֆրանսիական հեծելազորը Մյուրատի գլխավորությամբ ջախջախում է փախչող մամլյուքյան հեծելազորին[262][263]։
Մամլուքների զորախմբերը ղեկավարում էին ազգությամբ վրացի երկու բեյերը։ Նրանցից Մուրադ բեյը Բուրգերի ճակատամարտում պարտվելուց հետո փախչում է Վերին Եգիպտոս, որտեղ կազմակերպում է կարճատև ապստամբություն, որը մեկ տարվա ընթացքում ճնշում է Լուի Դեզեն։ Հետագայում նա 1800 թվականին ֆրանսիական բանակի հրամանատար Ժան-Բատիստ Կլեբեռի հետ հաշտության պայմանագիր է կնքում, և համաձայնում ղեկավարել Կահիրեի կայազորը, սակայն 1801 թվականի ապրիլի 22-ին մահանում է ժանտախտից[264]։ Գիզայի բուրգերի մոտ Նապոլեոնի հաղթանակը մեծ աղմուկ է բարձրացնում ողջ Եվրոպայով մեկ։ Զոհվում է ընդամենը 300 ֆրանսիացի զինվոր մամլուքների հազարավոր զոհերի դիմաց։ Սակայն Նապոլեոնի բանակը թուլացած էր ժանտախտի և քիչ զինամթերքի պատճառներով։ Շուտով Նապոլեոնը Ֆրանսիայում կառավարության փոփոխման պատճառով լքում է բանակը և վերադառնում Ֆրանսիա։ Ռազմական տեսանկյունից Եգիպտական արշավանքը ձախողվում է[265], սակայն արշավանքի ժամանակ կատարված գիտական հետազոտությունները, մասնավորապես՝ «Ռոզետայի քարի» բացահայտումն ու Եվրոպա տեղափոխումը թույլ են տալիս հետագայում Ժան Ֆրանսուա Շամպոլյոնին վերծանել եգիպտական հիերոգլիֆները[266]։
Պորտուգալիայի հպատակեցում
խմբագրելՊորտուգալիան 19-րդ դարի սկզբին Եվրոպայի հզոր ծովապետություններից մեկն էր[267], որը դեռևս 16-րդ դարում ստեղծել էր իր գաղութային տարածքները հեռավոր Հարավային Ամերիկայում[268]։ 1800 թվականին դաշնակիցներ Ֆրանսիան և Իսպանիան, ի դեմս առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտի և իսպանացի նախարար Մանուել Գոդոյի, պահանջում են Պորտուգալիայի թագավորությանը մտնել Բոնապարտի դաշինք։ Ընդ որում պաշտոնական Լիսաբոնը ոչ միայն պետք է խզեր դիվանագիտական հարաբերությունները Բրիտանական կայսրության հետ, այլև Ֆրանսիային զիջեր իր տիրույթների զգալի մասը։ Պորտուգալիան գերադասում է իր ազգային շահերը և Մեծ Բրիտանիայի հետ բարեկամական հարաբերությունները։ Արդյունքում՝ 1800 թվականի հոկտեմբերի 1-ին Իսպանիան և Ֆրանսիան ստորագրում են Սան Իլդեֆոնսոյի երրորդ պայմանագիրը[269], որն ավելի ուշ՝ 1801 թվականի մարտի 21-ին, հաստատվում է Արանխուեսի պայմանագրով[270]։ Հունվարի 29-ի Բադախոսի պայմանագրով Իսպանիան պարտավորվում է պատերազմ հայտարարել Պորտուգալիային, և 1801 թվականի ապրիլին ֆրանսիական նավատորմը մոտենում է Պորտուգալիայի ափերին[271]։ Որոշ ժամանակ անց ռազմական գործողությունների մեջ ներքաշվում է նաև Իսպանիան՝ Մանուել Գոդոյի հրամանատարության ներքո։ Ընդամենը երկու օրում իսպանական կողմին հաջողվում է բռնազավթել Պորտուգալիայի գրեթե ամբողջ տարածքը։ Ռազմական գործողությունների արագընթացության պատճառով ֆրանսիացիների հիմնական ուժերը՝ գեներալ Շառլ Լեկլերի հրամանատարությամբ, այդպես էլ չեն հասցնում մասնակցել մարտերին։ Պատերազմի ավարտն ազդարարվում է հունիսի 6-ին՝ Բադախոսում։ Բադախոսյան պայմանագրով Իսպանիան ստանում է Օլիվենսի մի փոքր սահմանային հատվածը։ Պորտուգալիան պարտավորվում էր փակել իր նավահանգիստները բրիտանական նավերի համար և Ֆրանսիային վճարել խոշոր ռազմատուգանքներ։
Ֆրանսիական առաջին կայսրության հռչակում
խմբագրելԹողնելով Եգիպտոսը՝ Նապոլեոնը 1799 թվականի հոկտեմբերին վերադառնում է Փարիզ[272]։ Օգտվելով դիրեկտորիայի թուլությունից, մշտական տատանումներից, հենվելով ֆրանսիական բուրժուազիայի ազդեցիկ շրջանների վրա՝ Նապոլեոնը 1799 թվականի նոյեմբերի 9-ին կատարում է պետական հեղաշրջում՝ երկրում հաստատելով կոնսուլության վարչակարգ[273]։ Նա իր ձեռքում է կենտրոնացնում երկրի ամբողջ իշխանությունը, որի գործունեությունը նպատակաուղղված էր բուրժուազիայի և գյուղացի սեփականատերերի շահերի պաշտպանությանն ու ընդհանրապես՝ բուրժուական պետականության ամրապնդմանը[273]։ Նրա անմիջական մասնակցությամբ մշակվում են բուրժուական հասարակության իրավական նորմերը հաստատող քաղաքացիական, քրեական և առևտրային օրենսգրքեր։ 1802 թվականին ընդունվում է նոր սահմանադրություն[274]։ Համաձայն սահմանադրության՝ Ֆրանսիայի իշխանությունը տրվում էր երեք կոնսուլներից կազմված պետական մարմնին[275]։ Նույն տարում Նապոլեոնը կարողանում է նշանակվել ցմահ կոնսուլ, իսկ 1804 թվականին հռչակվում կայսր։ Ֆրանսիայի առաջին կայսրությունը հիմնված էր մեծ հեղափոխության նվաճումների վրա[276]։
Ինքը՝ Նապոլեոնը, օժտված լինելով բացառիկ աշխատասիրությամբ, անկոտրում կամքով, արթուն մտքով, նպատակին հասնելու անողոքությամբ՝ մարմնավորում էր ծագող դասակարգը՝ բուրժուազիային հատուկ բոլոր գծերով, իր ուժեղ և արատավոր կողմերով (անողոք դաժանություն, անսանձ փառասիրություն և այլն)։ Ռազմական արվեստի բնագավառում Նապոլեոնը զարգացնում և կատարելագործում է հեղափոխական Ֆրանսիայի բանակների ավելի վաղ ստեղծածները, նա գտնում է հեղափոխության շնորհիվ հանդես եկած զինված հսկայական զանգվածների տակտիկական և ստրատեգիական առավել նպատակահարմար գործադրումը, իրեն դրսևորում որպես ռազմավարության և մանևրային տակտիկայի հիանալի վարպետ, իր հրամանատարներին տալիս նախաձեռնելու հնարավորություն։ Այս ամենի հետ մեկտեղ իր կառավարման տարիներին Նապոլեոնը կարողանում էր գտնել և առաջ քաշել ընդունակ և շնորհալի մարդկանց։ Բայց նապոլեոնյան Ֆրանսիայի վերելքը պայմանավորված ամենևին էլ պայմանավորված չէր սոսկ կայսեր ու նրա զորավարների անձնական հատկանիշներով։ Միապետական Եվրոպայի հետ զինված ընդհարումներում հեղափոխական Ֆրանսիան ներկայանում էր որպես պատմականորեն ավելի առաջավոր բուրժուական հասարակարգ։ Համապատասխանաբար առաջավոր էր և ռազմական արվեստը։ Նապոլեոնի զորավարական արվեստն առավելություններ ուներ ֆեոդալական Եվրոպայի բանակների ռազմավարության և տակտիկայի նկատմամբ[277]։ Բայց նապոլեոնյան պատերազմները հետզհետե կորցրին իրենց հատուկ առաջադիմական գծերը և դարձան զուտ զավթողական։ Առաջին կայսրության օրոք բարելավվում է նաև երկրի տնտեսական վիճակը։ 1801 թվականին Փարիզում բացվում է առաջին արդյունաբերական ցուցահանդեսը, կառուցվում են բազմաթիվ ճանապարհներ, որոնք սերտացնում են տնտեսական կապերը Ֆրանսիայի տարբեր երկրամասերի միջև։
Պատերազմները Եվրոպայում 1804-1815 թվականներին
խմբագրելԿոնսուլության հաստատումից հետո Ֆրանսիան մի շարք կարևոր հաղթանակներ է տոնում հակառակորդ պետությունների նկատմամբ։ Օգտվելով Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության միջև ծագած հակասություններից՝ Նապոլեոնը կարողանում է մերձենալ ռուսական պետության հետ, ինչպես նաև կարևոր հաղթանակներ տանել Ավստրիայի նկատմամբ։ Անգլիական կողմը միայնակ մնալով մարտի դաշտում 1802 թվականին ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել Նապոլեոնյան Ֆրանսիայի հետ[278]։ Մեկ տարի անց կողմերը խախտում են պայմանավորվածությունը և պատերազմական գործողություններ սկսում միմյանց դեմ։ Լա Մանշ նեղուցի մոտ 1804 թվականին ֆրանսիացիները Բրիտանիա կղզի ներխուժելու համար ստեղծում են ճամբար, սակայն ծովում հաջողության են հասնում անգլիացիները[279]։ 1805 թվականին Մեծ Բրիտանիան հերթական անգամ կարողանում է միավորել հականապոլեոնյան կոալիցիայի երկրներին՝ Ռուսական կայսրությանը, Ավստրիային և Նեապոլիտանական թագավորությանը։ 1805 թվականի օգոստոսին անգլիացիական էսկադրան (27 գծանավ), ծովակալ Հորացիո Նելսոնի հրամանատարությամբ, Կադիսում պաշարում է ծովակալ Վիլնյովի ղեկավարած ֆրանս-իսպանական էսկադրան (33 գծանավ)[280]։ Նապոլեոն I-ի հրամանով ֆրանս-իսպանական էսկադրան հոկտեմբերի 20-ին դուրս է գալիս բաց ծով՝ Միջերկրական ավազան անցնելու նպատակով, սակայն ճանապարհին ջախջախվում է բրիտանական նավատորմի կողմից։ Ծովամարտը պատմության մեջ հայտնի է դառնում Տրաֆալգարի ճակատամարտ անվանումով, քանի որ մարտերն ընթանում էին Տրաֆալգար հրվանդանի մոտ[281]։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայում ստեղծվել էր քաղաքական և տնտեսական ծանր դրություն, որը պայմանավորված էր պատերազմների մեծ ալիքով։ 1805 թվականի ամռանը ռուս-ավստրիական ուժերը ներխուժում են Բավարիա, իսկ Նապոլեոնը վերջիններիս ուշադրությունը շեղելու համար փոխում է մարտի դաշտը՝ պատերազմ հայտարարելով Մեծ Բրիտանիային։ Այս պայմաններում երկրի ներքին գործերը համակարգում էր Ժոզեֆ Ֆուշեն, ով հակասական հարաբերություններ ուներ առաջին կոնսուլի հետ։ Նա փակել էր Ռեյնից Մյունխեն տանող ամենակարճ ճանապարհը, այսինք՝ Շվարցվալդը։ Նապոլեոնը որոշում է շրջանցել Շվարցվալդը, հասնել Ուլմ և կտրել ռուսական զորքերին ավստրիականից, տեղակայելով զորքը Ուլմի և Ռեգենսբուրգի միջև։ Մինչ Նապոլեոնի զորքը շրջանցում էր Շվարցալդը, Մարշալ Լաննի և Մյուրատի հեծելազորը տարբեր հնարքների միջոցով ավստրիացիների մոտ ստեղծել էր այն համոզմունքը, որ ֆրանսիական «Մեծ բանակը» միշտ նրանց առջևում է։ Էլխինգենի ճակատամարտում Նեյի տարած հաղթանակից հետո, գեներալ Մակը իր 25.000-անոց բանակով ստիպած էր նահանջել դեպի Ուլմ[282]։ Ուլմի մեկշաբաթյա պաշարումից հետո, Ավստիայի կայսրության լավագույն բանակը հանձնվում է։ Ավստրիացի զինվորները Ֆրանսիայի տարբեր շրջաններում անցնում են ծառայության, իսկ սպաներն ազատ են արձակվում՝ խոստանալով այլևս չպատերազմել ֆրանսիացիների դեմ։ Մյունխենն ազատագրելուց հետո ֆրանսիական բանակն իր հաղթարշավը շարունակում է Դանուբ գետով և շարժվում դեպի Վիեննա:
Նրա նպատակն էր գրավել Վիեննան և ռուսների դեմ տալ որոշիչ ճակատամարտ։ Նոյեմբերի 13-ին Մյուրատը և Լաննը առանց որևէ կրակոցի գրավում են Վիեննան։ Ավստրիական հողերի սիրտը գրավելուց հետո ֆրանսիացիները մարտը տեղափոխում են Չեխիա, որտեղ Աուստեռլից բնակավայրի շրջակայքում Նապոլեոնի գլխավորած բանակը ջախջախում է Սրբազան Հռոմեական կայսրության և Ռուսաստանի զորախմբերին[283]։ Մարտից հետո Նապոլեոնն իր կնոջն ուղղված նամակում գրում է այսպես․ «Ես հաղթեցի ռուս-ավստրիական բանակին, որը գլխավորում էին 2 կայսրեր։ Մի փոքր հոգնած եմ։ Համբուրում եմ»[284]։ Այս պարտությունից հետո Ավստրիան վերջնականապես դուրս է գալիս պատերազմից, իսկ 1706 թվականին Սրբազան Հռոմեական կայսրությունը տարրալուծվում է[285][286]։ Օգտվելով հարմար առիթից՝ Հաբսբուրգները կատարում են ազգային հեղաշրջում և զավթում Ավստրիայի գահը[287]։ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ 1806 թվականին ձևավորվում է հակաֆրանսիական նոր կոալիցիան, որի կազմում էին Ռուսաստանը, Պրուսիան, Սաքսոնիան և Շվեդիան[288]։ Հենց պատերազմական գործողությունների սկզբին Նապոլեոնը ռազմախուժում է Պրուսիայի տարածք և հասնում մինչև Բեռլին[289]։ Պրուսիան դառնում է Ֆրանսիայի հպատակ պետություն և մեծ ռազմատուգանք վճարում։ Բեռլինը գրավելուց հետո ֆրանսիական բանակը ուղղություն է բռնում դեպի արևելք՝ ռուսական անծայրածիր թվացող տարածքներ։ Օգտվելով հարմար առիթից՝ Նապոլեոնը 1807 թվականին Տիլզիտ փոքրիկ քաղաքում հաշտություն է կնքում ռուսաց ցար Ալեքսանդր I-ի հետ։ Համաձայն այդ փաստաթղթի՝ Ալեքսանդր I-ը ճանաչում էր Նապոլեոն Բոնապարտի կատարած փոփոխությունները Եվրոպայում, խոստանում էր միջնորդ հանդես գալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, պարտավորվում զինադադար կնքել Օսմանյան Թուրքիայի հետ, իր զորքերը դուրս բերել Վալախիայից ու Մոլդովայից, ճանաչել Ֆրանսիայի գերիշխանությունը Հոնիական կղզիներում և Կատտարո ծովախորշում։ Նապոլեոնը համաձայնում էր վերականգնել Օլդենբուրգ, Մեկլենբուրգ-Շվերին, Սաքսեն-Կոբուրգ դքսությունները և դրամական օժանդակություն տալ որոշ գերմանական իշխանների։ Սակայն Ռուսաստանի հետ կնքած բարեկամական դաշինքը ևս Եվրոպայում անդորր չի հաստատում։ 1809 թվականին Մեծ Բրիտանիան և Ավստրիան ձևավորում են հինգերորդ կոալիցիան և պատերազմ հայտարարում Ֆրանսիայի կայսրությանը։ 1810-1811 թվականներին Ֆրանսիայի առաջին կայսրությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Նապոլեոն I-ը Եվրոպան դարձնում է իր կցորդը։ Վերջինիս կայսրությունը ներառում էր ներկայիս Ֆրանսիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Չեխիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Դանիայի, Լեհաստանի և Խորվաթիայի տարածքները։ Սակայն Ֆրանսիայի վաղեմի հակառակորդները՝ Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան, դեռևս անձնատուր չէին եղել։ Բրիտանիայի դեմ ֆրանսիացիները շարունակաբար ծովամարտեր էին մղում Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներում։ Այսպիսով՝ Նապոլեոնը պատրաստվում է ներխուժել Ռուսական կայսրություն[290]։
Ռուս-ֆրանսիական պատերազմ
խմբագրելՆապոլեոն Բոնապարտի հիմնական նպատակներից էր Ռուսաստանի հետ դաշինք հաստատելը։ Ամբողջ խնդիրն այն էր, որ ցամաքում նրա համար այլևս հակառակորդ չկար. Ավստրիական կայսրությունը և Պրուսիայի թագավորությունը բավականին թուլացել էին ու լրջագույն ազդեցություն չէին կարող ունենալ ցամաքային Եվրոպայի կյանքում։ Պատահական չէ, որ Նապոլեոնը Ավստրիայի հետ հարաբերություններում այնպես էր բանակցություններ վարում, որպիսին ուղղակի անհնար էր վարել ռազմաքաղաքական նման ներուժ ունեցող կայսրության հետ։ Նույնիսկ մի անգամ Նապոլեոնն Ավստրիական կայսրությունը համեմատում է պառաված աղախնի հետ, որը սովոր է, որ տան տերերը միշտ իրեն պիտի բռնաբարեն։ Անգլիայի թագավորությունը մշտապես եղել ու մնում էր Նապոլեոն Բոնապարտի գլխավոր հակառակորդը։ Անգլիան հրաշալիորեն պայքարում էր ծովում, իսկ ցամաքում չէր կարող դիմակայել Ֆրանսիային։ Ուստի Նապոլեոնի գլխավոր խնդիրն էր՝ անպայման հասնել Ռուսաստանի հետ դաշինք կնքելուն՝ ցամաքային Եվրոպայում թողնելով երկու հզորագույն տերություն՝ Կայսերական Ֆրանսիա ու Ցարական Ռուսաստան։ Նապոլեոնը փորձում է մեկ անգամ հարաբերությունների մեջ մտնել ռուսաց ցար Պավել I-ի հետ, ում սակայն սպանում են հենց ռուսական արքունիքի իշխանները՝ Կայսերական Ֆրանսիայի հետ մերձեցումը թույլ չտալու համար։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ը աշխարհակալության ճանապարհին, Ռուսաստանը նվաճելու համար, ստեղծում է այսպես կոչված «Մեծ բանակը» և, առանց պատերազմ հայտարարելու, 1812 թվականի հունիսի 12-ին անցնում ռուսական սահմանը՝ Նեման գետը[291]։ Պատերազմի սկզբին ֆրանսիացի զինվորների թիվը մոտ 610 հազար էր, իսկ ռուսական բանակում մարտնչողների թիվը չէր գերազանցում 240 հազարը։ Օգոստոսի 4-6-ին տեղի է ունենում Սմոլենսկի ճակատամարտը[292], որտեղ խափանվում է ռուսական զորքի հիմնական ուժերը ջախջախելու Նապոլեոնի փորձը։ Օգոստոսի 8-ին Միխայիլ Կուտուզովը նշանակվել է ռուսական բանակի գլխավոր հրամանատար։ Օգոստոսի 26-ին տեղի է ունենում Բորոդինոյի ճակատամարտը, որը ռազմագործողության վճռական ճակատամարտն էր[293]։ Նույն օրը լուսաբացին Մոսկվայից 125 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բորոդինո գյուղի մոտի՝ ընդարձսկ դաշտում, իրար դիմաց էին դուրս եկել Եվրոպայի միացյալ բանակի՝ Մեծ բանակի գլխավոր ուժերը՝ Նապոլեոն Բոնապարտի հրամանատարության ներքո և Ռուսական կայսրության գլխավոր ուժերը` գեներալ Կուտոզովի ղեկավարությամբ։ Նապոլեոն Բոնապարտին աջակցում էին նաև Իտալիայի թագավորը և Վարշավայի դուքսը։ Ճակատամարտը սկսվում է 5։30՝ ֆրանսիական հրետանու համազարկով։ Գրեթե 14 ժամ տևած արյունահեղ մարտի արդյունքները մինչ այժմ էլ վիճարկվում են։ Այնուամենայնիվ՝ ֆրանսիացիները Բորոդինոն համարում են իրենց հաղթանակը։ Այս կարծիքը պայմանավորված էր նրանով, որ ֆրանսիացիներ նախապես գրավել էին ռուսական ճակատի կենտրոնն ու թևը։ Այսուհանդերձ, ֆրանսիացիները թողում են նվաճված դիրքերը և հեռանում։
Ըստ տարբեր աղբյուրների՝ ֆրանսիացիներն ունեցել են 30-58.000 կորուստ՝ զոհվածներով, վիրավորներով և գերիներով, իսկ ռուսները՝ 40-45.000: Փաստ է, որ ճակատամարտից հետո ռազմի դաշտում մնացած դիակները այրելիս հավաքել էր մոտ 50.000 դի։ Ամեն դեպքում, Բորոդինոյի ճակատամարտը համարվում է մինչ այդ եղած ճակատամարտերից ամենաարյունահեղը ու թեև այն չունեցավ որևէ հետևանք հակամարտող կողմերի համար, այն կանխորոշեց 1812 թվականի Հայրենական մեծ պատերազմի հաղթական արդյունքը ռուսների համար։ Սեպտեմբերի 1-ին ֆրանսիական բանակը մտնում է ռուսների կողմից լքված մայրաքաղաք՝ Մոսկվա, որը սեպտեմբերի 2-6-ին հրդեհվել էր ռուսական կայսերական բանակի կողմից։ Սեպտեմբերին Կուտուզովն կազմակերպում է Տարուտինյան ռազմերթը և հարկադրում ֆրանսիացիներին հեռանալ Մոսկվայից ու նահանջել։ Նոյեմբերի 14-16-ին տեղի է ունենում Բերեզինոյի ճակատամարտը։ Նույն տարվա դեկտեմբերիը նշանավորվում է նրանով, որ ֆրանսիական բանակը դուրս է շպրտվում Ռուսաստանից։ 1812 թվականի վերջին ռուսական բանակը զարգացնելով մարտի դաշտում ունեցած հաջողությունները կարողանում է մտնել Պրուսիա։ 1813 թվականին Ֆրանսիայի դեմ ձևավորվում է թվով վերջին՝ վեցերորդ դաշնադրությունը՝ Ռուսաստանի, Անգլիայի, Ավստրիայի, Պրուսիայի, Շվեդիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի մասնակցությամբ։ Նույն տարվա հոկտեմբերին Լայպցիգում տեղի է ունենում խոշոր ճակատամարտ, որը ժամանակակիցներն անվանել են «ժողովուրդների ճակատամարտ»։ Կորցնելով մոտ 80 հազար զինվոր և գրեթե ամբողջ հրետանին՝ Նապոլեոնը նահանջում էդեպի Հռենոս, ապա՝ Ֆրանսիա։ Լայպցիգի ճակատամարտն արագացնում է Նապոլեոնի ստեղծած ընդարձակ տերության անկումը, հանգեցնում Գերմանիայի և Հոլանդիայի լրիվ ազատագրմանն ու Հռենոսյան միության քայքայմանը։ Ի վերջո, 1814 թվականի մարտին դաշնակիցների զորախմբերը պաշարում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը։ Որպես պատիժ՝ Նապոլեոն Բոնապարտն աքսորվում է իտալական Էլբա կղզի[294], իսկ Ֆրանսիական գահը վերադարձվում է Բուրբոնների արքայատոհմի ներկայացուցիչ Լուի XVIII-ին։
Վիեննայի վեհաժողով և Սրբազան դաշինքի առաջացում
խմբագրել1814 թվականի նոյեմբերին հաղթողները հավաքվում են Վիեննայում, որպեսզի որոշեն պարտված Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի քաղաքական կարգավիճակը։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում են 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Վիեննայի վեհաժողովին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Օսմանյան կայսրությունից) 216 ներկայացուցիչներ[295]։ Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշում են վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։
Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ֆեոդալական, միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված դինաստիաների վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և ի վերջո՝ Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։
Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ ձգտում էր մյուսների հաշվին ավելի շատ օգուտներ ստանալ։ Վեհաժողովի որոշումներն առավել ձեռնտու էին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Պրուսիայի և Ավստրիական կայսրության համար։ Պարտված կողմը՝ Ֆրանսիան, վերադարձավ իր միջհեղափոխական սահմաններին և պարտավորվեց յոթ հարյուր միլիոն ֆրանկի չափով ռազմատուգանք վճարել դաշնակիցներին։ Հաղթողներն իրենց բռնակցեցին թույլ երկրների շատ տարածքներ։ Այսպիսով՝ Ռուսաստանին անցավ Լեհաստանի մի մասը և Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիային՝ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ, ընդարձակվեցին Պրուսիայի և Ավստրիայի սահմանները, իսկ Գերմանիան և Իտալիան շարունակեցին մնալ պառակտված։ Վիեննայի վեհաժողովի ընթացքում կատարվեց անսպասելի մի բան։ Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ։ Շուտով նա իր չնչին ուժերով կարողացավ վերականգնել գահը։ Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին յոթերորդ կոալիցիան։ Նապոլեոն Բոնապարտւ գահակալությունը Ֆրանսիայում տրեց ընդամենը հարյուր օր․ հունիսի 18-ին Նապոլեոնի բանակը գրոհեց Վաթեռլոոյի մոտ դիրքավորված անգլա-հոլանդական զորքերի վրա։ Ֆրանսիական զորքերի գրոհները ետ մղվեցին՝ նրանց պատճառելով մեծ կորուստներ։ Մարտի թեժ պահին արևելքից մոտեցան պրուսական զորքերը և ֆրանսիացիների աջ թևին նրանց հասցրած հարվածները վճռեցին ճակատամարտի ելքը։ Ֆրանսիացիները դիմեցին փախուստի՝ կորցնելով 32.000 մարդ և ամբողջ հրետանին, դաշնակիցները՝ 23.000 մարդ։ Այս ճակատամարտում կրած պարտության հետևանքով Նապոլեոնյան կայսրությունը վերջնականապես կործանվեց։ Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ, 1815 թվականի հունիսի 9-ին, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան, Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան և ՊորտուԳալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ ակտը։ Վիեննային վեհաժողովից հետո Ֆրանսիան զրկվեց բոլոր տարածքային նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմանական Հոլշտայնը։
Բուրբոնների ռեստավրացիա և Հուլիսյան միապետության հաստատում
խմբագրելՍտանալով հակաֆրանսիական կոալիցիայի անդամ երկրների աջակցությունը՝ 1815 թվականի հուլիսին Լուի XVIII-ը վերադարձրեց ֆրանսիական գահը։ Վիեննայի վեհաժողովի ընթացքում որոշվել էր, որ առնվազն հինգ տարի ռուսական, անգլիական, ավստրիական և պրուսիական զորքերը պետք է մնային Փարիզում՝ մինչ վերջինս վճարեր սահմանված ռազմատուգանքը։ Ֆրանսիայի վրա դրված ռազմատուգանքները ծանրացրեցին երկրի տնտեսական վիճակը և երկիրը հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ։ Միայն այդ տարում ավելի քան հինգ հազար արվեստի գործեր Լուվրի թանգարանից տեղափոխվեց արտասահման։ Բուրբոնների կողմնակիցները երկրով մեկ սկսեցին ահաբեկչություններ կատարել և հետապնդել Նապոլեոն Բոնապարտի կողմնակիցներին։ 1789-1814 թվականների հեղափոխության ընթացքում ստեղծված օրենքների մեծ մասը պահպանվեց Բուրբոնների օրոք։ 1814 թվականին ընդունվեց համաֆրանսիական նոր սահմանադրություն, որով երկիրը դարձավ սահմանադրական միապետություն։ Լուի XVIII-ի մահից հետո՝ 1824 թվականին, գահ բարձրացավ Բուրբոնների արքայատոհմի հերթական ներկայացուցիչը՝ Շառլ X-ը։ Նա կառավարել է շատ կարճ ժամանակահատված։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ֆրանսիական իշխանությունը լեգիտիմ չէր և չէր վայելում ժողովրդի վստահությունը։ Երկրի տարբեր հատվածներում ստեղծվեցին ընդդիմադիր բազմաթիվ ընկերություններ, որոնք ամեն կերպ ցանկանում էին տապալել գործող կառավարությանը։ Նոր կարգերի կողմնակիցներն էին հանրապետականները և լիբերալները, ովքեր ձգտում էին ընդլայնել քաղաքացիների իրավունքները և տնտեսական գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Հակառակ այս ամենի՝ Ֆրանսիայի միապետը սկսեց օժանդակել ազնվականությանը՝ պետական գանձանակից վերջիններիս գումար բաժանելով։ Երկրի գործադիր իշխանությունը ղեկավորող Շառն այս քայլով նպատակ ուներ վերականգնել հին հողատիրությունը։ 1830 թվականին երկրում հակակառավարչական նոր ալիք հասունացավ և քաղաքական պայքարը խիստ սրվեց։ Դա պայմանավորված էր նրանով, որ թագավորը սկսեց ազատությունները սահմանափակող օրենքներ ընդունել։ Հուլիսի 27-ին Փարիզում բռնկված անկարգությունները վերաճեցին զինված ապստամբության, որին մասնակցում էին Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության մեծ մասը։ Հաջորդիվ ժողովրդին միացան նաև երկրի ներքին զորքերը և քաղաքական նման ծանր իրավիճակում թագավորը ստիպված եղավ փախչել երկրից։ Նոր թագավոր հռչակվեց Բուրբոնների օռլեանյան ճյուղի ներկայացուցիչ Լուի Ֆիլիպը։ Չնայած նրան, որ Հուլիսյան հեղափոխությունից հետո երկրում հաստատվեցին ժողովրդաիշխան կարգեր, այնուամենայնիվ ֆրանսիացիների մեծ մասը դժգոհ էին նոր կարգերից։ Դա պայմանավորված էր նրանով, որ Հուլիսյան միապետությունից հետո ևս Ֆրանսիայում պահպանվեցին ֆրանսիացիների համար այդքան ատելի համարվող միապետական կարգերը։ Ձևավորված նոր կառավարությունը ձգտում էր վերականգնել արտոնյալների այն հասարակարգը, որ կար մինչև 1789 թվականը։ Հուլիսյան միապետության հաստատումով Ֆրանսիայում վերստին հռչակվեց խոսքի, ժողովների, մամուլի ազատությունը, կրճատվեցին ընտրական սահմանափակումները և մտցվեց աշխարհիկ կրթությունը։ Հուլիսյան միապետության հաստատումից հետո ևս երկրում շարունակվեց հանրապետական շարժումը։ Լիոնի մետաքսագործ բանվորները բարձրեցին բանվորական շարժում, որը ճնշվեց Լուի Ֆիլիպի կողմից։ Ազգի մեծ մասի իրավազրկությունը և համատարած աղքատությունը Ֆրանսիայում հասունացրեցին նոր հեղափոխություն։ Դրությունը խիստ սրվեցին 1845-1847 թվականներին, երբ կարտոֆիլի հիվանդության և հացահատկի անբերրիության պատճառով երկրի սննդի պաշարները սպառվեցին։ 1847 թվականի փետրվարի 22-ին սկսվեց արդյունաբերական ճգնաժամ, որը վատթարացրեց քաղաքային բնակչության վիճակը։ 1848 թվականին հեղափոխության ալիքները հերթական անգամ ալեկոծեցին Ֆրանսիայի ափերը։ Ցուցարարներին ցրելու համար ուղարկված զորքի հետ ընդհարումից հետո Փարիզը ծածկվեց բարիկադներով։ Փետրվարի 24-ին Լուի Ֆիլիպը ստիպված եղավ փախչել Լոնդոն, իսկ նրա գահը ժողովուրդը բերեց Բաստիլի հրապարակ և հրապարակավ այրեց։ Դրանից հետո Փարիզում կազմավորվեց ժամանակավոր կառավարություն, որը փետրվարի 25-ին Ֆրանսիան հռչակվեց Հանրապետություն։ Դա երկրորդ հանրապետությունն էր Ֆրանսիայի պատմության մեջ։
Երկրորդ հանրապետություն և կայսրություն
խմբագրել1848 թվականին ձևավորված կառավարության նախաձեռնությամբ իրագործվեցին մի շարք բարեփոխումներ։ Ֆրանսիայում տղամարդկանց համար մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք, գաղութային տարածքներում վերացվեց ստրկությունը, իսկ ֆրանսիացին գործազուրկ բանվորները ստացան աշխատանք։ Նույն թվականին կազմավորված սահմանադիր ժողովը մեծ մասամբ կազմված էր հանրապետական թեկնածուներից։ 1848 թվականի աշնանը ընդունվեց նոր սահմանադրություն, որը Ֆրանսիան հռչակում էր ժողովրդավարական, միասնական և անբաժանելի նախագահական հանրապետություն։ Առաջին նախագահ ընտրվեց Լուի Նապոլեոնը, ով միապետական կարգերի կողմնակից էր։ Այդ քայլով նա նախապատրաստվում էր պետական հեղաշրջում կատարելուն։ Առաջին քայլը, որ կատարեց Լուի Նապոլեոնը, դա հանրապետականների հետապնդում հայտարարելն էր։ 1851 թվականին Լուին ցրեց երկրի օրենսդիր ժողովը և անարյուն կերպով կատարեց ազգային հեղաշրջում։ Մեկ տարի անց՝ 1852 թվականին, նա հայտարարեց կայսրության վերականգնման մասին և սկսեց իշխել Նապոլեոն III անվանումով։ Ֆրանսիայի երկրորդ կայսրությունը գոյատևեց մինչև 1851 թվականը։ Սկզբում Լուի Նապոլեոնը պետությունն ամուր պահում էր իր հեղինակության վրա հիմնված իշխանությամբ։ Նա հենվում էր բանակի վրա, նրան աջակցում էր գյուղացիությունը, խոշոր բուրժուազիան և անգամ հոգևորականությունը։ Իր ղեկավարած պետությունը նա հայտարարեց, որպես համազգային խնդիրներ լուծող գերտերություն, որն ի վիճակի էր պաշտպանելու բոլորի իրավունքներն ու շահերը։ «Սրբազան դաշինքի» հանձնարարությամբ՝ Ֆրանսիան ստիպված եղավ իր զորաբանակը մտցնել Իսպանիայի տարածք և ճնշեց այնտեղ սկզբնավորված հեղափոխությունը։ Դրանից հետո ֆրանսիական բանակը հասավ նույնիսկ Հարավային Ամերիկա՝ նպատակ ունենալով ճնշել Բրազիլիայի, Արգենտինայի, Մեքսիկայի և Պերուի ազատագրական պայքարը և տարածքային ձեռքբերումներ ունենալ։ Սակայն այդ ամենի իրագործմանը խոչընդոտեց Մեծ Բրիտանիան, որն իր շահերն էր հետապնդում Ամերիկայում։ 1830-ականներին Ալժիրում սկիզբ առավ ազգային-ազատագրական շարժում, որը մինչև 40-ականների վերջ մեծ դժվարությամբ ճնշվեց։ Աստիճանաբար Հյուսիսային Աֆրիկայում առաջացան ֆրանսիացի հողատերերի խավեր։
19-րդ դարի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Օսմանյան կայսրությանը։ 1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Օսմանյան կայսրության հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Շուտով Թուրքիայի պարտվեց և 1854 թվականի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս-հուլիսին՝ շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854 թվականի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք), սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1855 թվականի վերջին ռազմական գործողությունները փաստորեն դադարեցվեցին։ 1856 թվականի մարտի 18-ին Փարիզում ստորագրվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում։ Ղրիմի պատերազմի հաղթական ավարտից հետո, որպես այդպիսին Ֆրանսիան տարածքային ձեռքբերումներ չունեցավ, սակայն ամրապնդեց իր դիրքերը Օսմանյան Թուրքիայում։ Ղրիմի պատերազմի ավարտից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կնքեցին պայմանագիր, որով փաստացիորեն պարտավորվեցին պատերազմել Չինաստանի դեմ։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը Տայպինյան ապստամբության սկզբում ձևականորեն չեզոք դիրք էին գրավել։ Սակայն իրականում դեռևս1854թվականից նրանք քաղաքացիական պատերազմը փորձում էին օգտագործել իրենց սեփական նպատակների համար։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-իդիվանագիտական ներկայացուցիչները մանջուրյան կայսերը ներկայացրեցին 1842-1844 թվականների համաձայնությունների վերանայման միասնական պահանջ։ 1856 թվականին սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը, որն ավարտվեց չորս տարի անց՝ Չինաստանի պարտությամբ։ Արդյունքում՝ Ֆրանսիան ներխուժեց չինական շուկա, իսկ Մեծ Բրիտանիան ստացավ Հարավային Կոուլունը։
Ֆրանս-պրուսական պատերազմներ և Սեպտեմբերյան հեղափոխություն
խմբագրելՊրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկը նպատակ ուներ միավորել բոլոր գերմանական հողերը և ստեղծել միասնական պետություն։ Նրա որդեգրած այս քաղաքականությունը հակոտնյա էր ֆրանսիական կառավարության շահերին։ Երկու երկրների միջև հարաբերություններն առավել սրվեց այն ժամանակ, երբ Նապոլեոն III-ը Պրուսիայից պահանջեց վերականգնել Ֆրանսիայի 1814 թվականի սահմանները՝ վերադարձնելով Լյուքսեմբուրգը և այլ տարածքներ։ Կայսրն իրեն նման իրավունք էր վերապահում, քանի որ 1866 թվականի ավստրո-պրուսիական պատերազմի ժամանակ ֆրանսիական զորքերը չէին միջնորդել ռազմական գործողություններին, որն էլ նպաստավոր էր Պրուսիայի համար։ Օտտո Բիսմարկը հակված էր գերմանական հարցը լուծել ռազմական ճանապարհով, հետևաբար՝ նա չընդունեց ֆրանսիացի կայսեր պահանջը և դրանով հեղինակազրկեց Նապոլեոն III-ին։ Այս ժամանակահատվածում Ֆրանսիան գտնվում էր ներքաղաքական և տնտեսական ծանր կացության մեջ։ 1960-ական թվականներից սկսած Շառլ Լուի Նապոլեոնը ձախողում էր իր իսկ կողմից սկսած բարեփոխումների ծրագրերը։ Նույնիսկ ձախողվեց բանակի վերազինման բարեփոխումները, որը մեծ հաջողության կատարվել էր Պրուսիայում։ Իր գահն ամուր պահելու համար կայսրն ու իր կողմնակիցները որոշեցին ելնել գերմանացիների դեմ, սակայն այդ ժամանակ արդեն Ֆրանսիան Եվրոպայում ոչ մի դաշնակից չուներ։ Օտտո ֆոն Բիսմարկը գիտեր, որ Գերմանիայի համար ազգային այդքան կարևոր խնդիրը լուծելու համար պրուսիական բանկը պետք է լինի չափազանց միասնական և մարտունակ, այդ իսկ պատճառով պատերազմի նախօրեին Պրուսիան մանրամասն մշակել էր ռազմական գործողությունների ծրագիր։ 1870 թվականի առաջին կեսին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ կողմերը լոկ առիթ էին փնտրում պատերազմ սկսելու համար։ 1870 թվականի ամռանը Իսպանական կայսրության գահը մնաց թափուր։ Իսպանիան, որպես Պրուսիայի դաշնակից, առաջարկեց պրուսիական կողմին ներկայացնել իր թեկնածուին։ Ֆրանսիայում գտան, որ դա վտանգավոր է ֆրանսիական պետության անվտանգության համար և Բիսմարկից պահանջեց մերժել այդ առաջարկը։ Սկսած բանակցությունների ընթացքում Օտտո ֆոն Բիսմարկը գերմանական թերթերի միջոցով կանխամտածված և հրապարակավ վիրավորական խոսքեր հնչեցրեց Ֆրանսիայի կառավարության հասցեին։ Եվ, հիրավի, ֆրանսիական մամուլը աղմուկ բարձրացրեց իրենց ազգային արժանապատվության ոտնահարման համար։ 1870 թվականին, առանց որևէ դաշնակցի օժանդակության, Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Պրուսիայի թագավորությանը։ Պատերազմի սկզբին ֆրանսիական կողմն անգամ չէր էլ մտածում պարտության մասին։ Նույնիսկ Ֆրանսիայի ռազմական նախարարը մեծամտորեն ասաց․ «Պրուսիական բանա՞կ։ Նա չկա։ Ես նրան ժխտում եմ»։ Ֆրանսիացիների նկատմամբ քանակապես և որակապես գերակշիռ պրուսիական բանակը մարտերի հենց սկզբում մեկը մյուսի հետևից պարտության մատնեց Նապոլեոն III-ի բանակին։ Խուճապի մատնված Ֆրանսիայի կայսրը, ով հանձն էր առել ֆրանսիական բանակի ղեկավարման գործը, գտնվելով պաշարված Սեդանում, հրամայեց սպիտակ դրոշ բարձրացնել։ Նա իր 83 հազարանոց ֆրանսիական բանակով գերի հանձնվեց, որով էլ վճռվեց Ֆրանսիական երկրորդ կայսրության ճակատագիրը։ Ֆրանսիացիները օգնություն խնդրեցին Ռուսական կայսրությունից, սակայն մերժվեցին։
Փարիզ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի սրտում։ Մշտապես եղել է այս երկրում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում։ | Լիոն՝ Հարավային Ֆրանսիայի սիրտը և մեծությամբ երրորդ քաղաքը։ Գտնվում է Ռոն և Սոն գետերի միախառնման տեղում։ Լիոնն առևտրաբանկային խոշոր կենտրոն է, որը հնում եղել է Գալիական բնակավայր։ | Մարսել՝ Ֆրանսիայի և ամբողջ Միջերկրածովյան տարածաշրջանի խոշորագույն նավահանգիստը։ Երկրի ամենահին քաղաքն է։ Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. շուրջ 600 թվականին՝ Փոքր Ասիայից եկած հույների՝ ֆոկեյացիների կողմից։ Այդ ժամանակ այն կոչվում էր «Մասալիա»։ |
Սեդանի աղետի պատճառով Ֆրանսիան ընկավ ծայրահեղ ծանր կացության մեջ։ Քաղաքական նման պայմաններում կառավարությունը և երկրի քաղաքական ուժերը առավելապես վախենում էին ժողովրդական ընդվզումից և ամեն կերպ թաքցնում էին ռազմաճակատի անհաջողությունները։ Պարտությունը կոծկելու Նապոլեոնի ջանքերը ձախողվեցին և սեպտեմբերի 4-ին փարիզցի հեղափոխականները ներխուժեցին օրենսդիր ժողովի նիստերի դահլիճ՝ պահանջելով Ֆրանսիան հռչակել ժողովրդաիշխան Հանրապետություն։ Շուտով պատգամավորները ժողովրդի հետ ուղղություն բռնեցին դեպի Փարիզի քաղաքապետարան, որտեղ էլ հռչակվեց Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը։ Սակայն պատերազմող երկրներից մեկում տեղի ունեցած իշխանափոխությունն անգամ չկասեցրեց երկու եվրոպպական պետությունների հակամարտությունը։ Պրուսիական բանակը նորանոր տարածքներ նվաճելով սեպտեմբերի 19-ին նվաճեց քաղաքամայր Փարիզը։ Ֆրանսիայի Մեց ամրոցում մարշալ Աշիլ Ֆրանսուա Բազենը, առանց վճռական գործողությունների դիմելու, հսկայական բանակով անձնատուր եղավ։ Ֆրանսիայի հաջողություններին խոչընդոտում էր նաև ներքին պառակտ վիճակը։ Դա պայմանավորված էր նրանով, որ երկրում հին կարգերը փլուզվել էին, իսկ նոր կառավարությունը ղեկավարելու համար մրցակցության մեջ էին մի շարք քաղաքական ուժեր։ Սակայն շուտով իրավիճակը փոքր-ինչ լավացավ ֆրանսիական կողմի համար։ Ֆրանսիացիների բարձրացրած դիմադրության շնորհիվ պրուսիացիները մեծ կորուստներ կրեցին տարբեր քաղաքներում, իսկ մայրաքաղաքում Ազգային պաշտպանության կառավարությունը սկսեց արագ կերպով կազմակերպել նոր բանակներ։ Միայն Փարիզում Ազգային գվարդիայի զինվորների թիվը կարճ ժամանակով հասավ մինչև 250 հազարի։ Նյութական թշվառ վիճակում էր գտնվում Փարիզի բանվորական խավը (բանվորները քաղաքի բնակչության հիմնական մասին էին զբաղեցնում)։ Նրանք հեղափոխական ճանապարհով իրականացվող բարեփոխումների կողմնակիցն էին։ Պաշարված Փարիզում Պարենի պաշարի պակասի պատճառով 1871 թվականին մայրաքաղաքում սով սկսվեց։ Վիճակն առավել վատացավ ցրտաշունչ ձմռան հետևանքով։ Նման ծանր պայմաններում Ֆրանսիայում մեկը մյուսի ետևից իշխանությունը բռնազավթելու անհաջող փորձեր կատարվեցին, իսկ ազգային պաշտպանության կառավարությունը, վճռականություն չցուցաբերելով, 1871 թվականի փետրվարին զինադադար հայտարարեց և նախնական հաշտություն խնդրեց Պրուսիայից։
Մայիսի 10-ին Մայնի Ֆրանկֆուրտում կնքվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի, Ֆրանսիան Պրուսիային Էր զիջում Էլզասը և Լոթարինգիայի հյուսիսարևելյան մասը, պարտավորվում էր վճարել 5 միլիարդ ֆրանկ ռազմատուգանք, Ֆրանսիայի տարածքում մնում էին գերմանական օկուպացիոն զորքերը, որոնց դուրս բերումն իրականացվելու էր ռազմատուգանքի վճարման համեմատ։ Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագիրը փաստացիորեն նպաստեց Գերմանիայի զորեղացմանը, խորացրեց ֆրանս-գերմանական հակասությունները և դարձավ Եվրոպայում լարվածության աճման գործոն։
Պրոլետարական դիկտատուրայի առաջին փորձը Ֆրանսիայում՝ Փարիզի կոմունա
խմբագրել1871 թվականին Ֆրանսիայի ազգային գվարդիայում ձևավորվեց մի նոր իշխանական մարմին՝ կենտրոնական կոմիտեն։ Այն յուրօրինակ էր իր տեսակով, որ տարբերվում էր Ֆրանսիայում մինչև այդ գոյություն ունեցող կառավարման համակարգերից։ Այս մարմնի ստեղծման նախաձեռնողները եղել են Ֆրանսիայի գյուղացիական խավի ստեղծողները։ Ազգային գվարդիայի կենտրոնական կոմիտեի նպատակն էր պաշտպանել հանրապետական կարգերը՝ ընդ որում հեղափոխության միջոցով բարելավելով երկրի սոցիալ-քաղաքական հարաբերությունները։ Շուտով կենտրոնական կոմիտեի հեղինակությունը մեծացավ երկրի տարբեր հատվածներում և հատկապես մայրաքաղաք Փարիզում։ Վախենալով նոր հակակառավարական ընդվզումից՝ գործող իշխանությունները որոշեցին զինաթափել իրենց հսկողության սահմաններից դուրս եկած ազգային գվարդիան՝ ազգային միասնություն և կարգ ու կանոն հաստատելու նպատակով։ Այս փորձի իրագործման ժամանակ մարտի 18-ին երկրում սկսվեց նոր ապստամբություն, որն էլ պսակվեց հաջողությամբ։ Կենտրոնական կոմիտեն իր պարտքն էր համարում Ֆրանսիայում ստեղծել կայուն զարգացող ազգային պետություն։ Այս ճանապարհին առաջին քայլը եղավ այն, որ նորաստեղծ պետությունն անվանվեց Փարիզի կոմունա։ Մարտի 26-ին տեղի ունեցավ կոմունայի խորհրդի ընտրությունները, որից երկու օր հետո՝ ամսի 28-ին, հանդիսավոր կերպով հռչակվեց Փարիզի կոմունայի ծնունդը։ Երկրի կառավարումը հանձնվեց կոմունաների պատգամավորչական ժողովին։ Փարիզի կոմունան նպատակ ուներ երկիրը հասցնելու տնտեսական կատարելության՝ բացառելով վերջինիս ռազմականացումը։ Երաշխավորելով քաղաքացու և անհատի ազատությունները՝ կոմունան միևնույն ժամանակ իր ձեռքն էր վերցնում երկրի տնտեսական կազմակերպումը, որպեսզի զերծ մնա մարդու աշխատանքի շահագործումից։ Փարիզի կոմունայի պատմական նշանակությունը նրանում էր, որ այն կոտրեց բուրժուական պետական ապարատը և ստեղծեց նոր ձևի պետություն, որը պատմության մեջ պրոլետարիատի դիկտատուրայի առաջին ձևն էր։ Փարիզի կոմունան մի շարք հռչակագրերով վերացրեց մշտական բանակը և այն փոխարինեց զինված ժողովրդով՝ հանձին Ազգային գվարդիայի։ Այնուհետև իշխանությունների նախաձեռնությամբ եկեղեցին անջատվեց պետությունից, վերացվեց ոստիկանական պրեֆեկտուրան, կրթությունը դարձավ անվճար և այլն։ Փարիզի կոմունայի ստեղծած նոր պետական իշխանության հիմքում ընկած էին ժողովրդավարական սկզբունքները, բոլոր պաշտոնյաների ընտրովիությունը, պատասխանատվությունը և պաշտոնյաների փոխարինելիությունն ու ղեկավարման կոլեգիալությունը։ Սակայն այսպիսի պետության ստեղծումը հակասոլւմ էր Ֆրանսիայի հասարակական զարգացմա մակարդակին, այդ իսկ պատճառով այն դուրս չեկավ Փարիզի սահմաններից և շուտով դատապարտվեց կործանման։ Ապրիլի 2-ին վերսալյան զորքերը գրոհեցին կոմունարների առաջապահ դիրքերը։ Չնայած բոլոր դժվարություններին (հրետանու անբավարարություն, փորձառու և որակյալ հրամանատարների պակասություն և այլն)՝ կոմունարները ցույց տվեցին հերոսական դիմադրություն։ Մայիսի 21-ին վերսալյան մոտ 100 հազարանոց բանակը ներխուժեց Փարիզ և մեկ շաբաթ տևած արյունալի մարտերից հետո Փարիզի կոմունան տապալվեց։ 1871 թվականի պրոլետարական հեղափոխության ջախջախումն ուղեկցվում է աննախադեպ հակահեղափոխական ալիքով։ Տասնյակ հազարավոր կոմունարներ գնդակահարվեցին առանց դատի։ Գնդակահարվածների, տաժանակրության դատապարտվածների, բանտարկվածների, ինչպես նաև հալածանքների հետևանքով Ֆրանսիայից հեռացածների ընդհանուր թիվը հասնում էր 100 հազարի։
Փարիզի կոմունան գոյություն է ունեցել ընդամենը 72 օր, սակայն նման կարճ ժամանակամիջոցում այն հասցրել է կարևոր դեր խաղալ Ֆրանսիայի պատմության մեջ։ Վլադիմիր Լենինն ասել է․
Կոմունայի գործը դա սոցիալական հեղափոխության գործն է, աշխատավորների լիակատար քաղաքական և տնտեսական ազատագրման գործը, դա համայն աշխարհի պրոլետարիատի գործն է։ Եվ այս իմաստով նա անմահ է։ |
Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
խմբագրելԵվրոպայի պետությունների տնտեսական զարգացմանը զուգընթաց 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսերին լայն տարածքում գտավ իմպերիալիզմը։ Տնտեսության թռիչքային զարգացումը պահանջում էր հումքի նոր աղբյուրներ, արտադրանքի վաճառահանման շուկաներ և այլն։ Այսպիսով Ֆրանսիան, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ պետություններ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, ՊորտուԳալիա, Բելգիա, Նիդերլանդներ) սկսեցին զավթել տնտեսապես և քաղաքապես ավելի թույլ երկրների տարածքները՝ այնտեղ հաստատելով իրենց գաղութային վարչակարգը։ Ազգերի միջև գաղութատիրական նվաճումների մրցավազքին եռանդուն տեմպերով մասնակցում էին ֆրանսիացիները։ 20-րդ դարի կեսերին իր գաղութների թվով Ֆրանսիան աշխարհում զիջում էր միայն Բրիտանական կայսրությանը։ 19-րդ դարի ֆրանսիական առաջին գաղութները ստեղծվեցին Հյուսիսային Աֆրիկայում։ Դեռևս 1847 թվականին ֆրանսիական զորքերը գրավել էին Ալժիրը և դարձրել Ֆրանսիայի գաղութ։ 1881 թվականի ապրիլի 28-ին ֆրանսիական գաղութարար զորքերը ներխուժեցին Թունիս և չնայած Մուհամմադ աս-Սադիքի գործադրած մեծ ջանքերին՝ 1883 թվականի հունիսի 8-ին Թունիսը դարձավ գաղութային տարածք։ Ավելի ուշ ֆրանսիացիների գրավեցին նաև Մարոկկոն, որի համար մրցավազքի մեջ էին նաև Մեծ Բրիտանիան և Իսպանիան։ Մարոկկոյի Տանժեր նավահանգիստը դարձավ կապի օղակ Ֆրանիսայի և հյուսիսաֆրիկյան գաղութների միջև։ Այնուամենայնիվ հերթական անգամ ձախողվեցի Եգիպտոսը գրավելու ֆրանսիական կառավարության բաղձալի երազանքը։ 1882 թվականին անգլո-եգիպտական պատերազմն ավարտվեց բրիտանացիների հաղթանակով և Եգիպտոսը ևս անձնատուր եղավ։ Ֆրանսիական բանակը ռազմավարական կարևոր նվաճումներ կատարեց Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզում։ Տայպինյան ապստամբությանից հետո Ֆրանսիան մասամբ վերահսկողություն էր սահմանել Չինաստանում, սակայն միևնույն ժամանակ ստիպված էր եղել Մեծ Բրիտանիային հանձնել Հնդկաստանի ֆրանսիական տարածքները։ Բավականին թեժ պայքարից հետո 1867 թվականին ֆրանսիական գաղութ դարձավ Վիետնամը՝ Հանոյ կենտրոնով։ Ֆրանսիացիները գրավեցին նաև Սիամը, Լաոսը, Աննամը և ապա՝ ամբողջ Հնդկաչինը։ Այս տարածքները միավորվեցին Կամբոջայի պրոտեկտորատի մեջ։ Հնդկաչին թերակղզու ֆրանսիական գաղութներից առանձնանում էր Սիամը, ժամանակակից՝ Թաիլանդը։ Այն դարձել է ֆրանսիական գաղութ համեմատաբար ավելի ուշ՝ ֆրանս-սիամական պատերազմի ավարտից հետո՝ 1893 թվականին, այն բանից հետո, երբ Չուլալոնգկորնը դադարեց կառավերել երկիրը։ 1887 թվականի հոկտեմբերի 17-ին կազմավորվեց Հնդկաչինական միությունը, որը միավորեց տարածաշրջանի երկրենրը։ Պրոտեկտորատի վարչական կենտրոնը դարձավ Բանգկոկը։
Մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակի կեսը՝ ֆրանսիական վարչակարգը արդեն տարածվել էր Սև մայրցամաքի գրեթե կեսում։ Աֆրիկայի զավթված հողերը խմբավորվեցին ըստ իրենց աշխարհագրական տեղագրության և միավորվեցին երեք պրոտեկտորատների մեջ՝ Ֆրանսիական Հյուսիսային Աֆրիկա (ներառում էր Ալժիրը, Մարոկկոն և Թունիսը), Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկան և Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկան։ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկան մետրոպոլիայի ամենաշահութաբեր գաղութային տարածաշրջաններից էր։ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմի մեջ մտնում էին Փղոսկրի ափը կամ Կոտ դ'Իվուարը, Վերին Վոլտան, ներկայումս՝ Բուրկինա Ֆասո, Գվինեան, Դագոմեան, իսկ 1904 թվականից նաև Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Ֆրանսիական Սուդանը (Մալի)։ Պրոտեկտորատի մայրաքաղաքը եղել է Դակարը, որը ներկայումս Սենեգալի մայրաքաղաքն է։ Կենտրոնաֆրիկյան գաղութը ներառում էր Ֆրանսիական Կոնգոն, Գաբոնը, Ուբենգի Շարին, Չադը և Կամերունը։ Մայրաքաղաը՝ Բրազավիլ։ Ֆրանսիայի ամենահեռավոր աֆրիկյան գաղութներն էին Մադագասկարը և Սեյշելյան կղզիները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց աֆրիկյան գաղութների անկախացման գործընթացը։ 1906 թվականին ֆրանսիացիները զավթեցին Նոր Հաբրիդյան կղզիները՝ ժամանակակից Վանուատուն, վերահսկողություն սահմանելով աշխարհի բոլոր մայրցամաքներում և աշխարհամասերում։
Ֆրանսիայի հասարակական և մշակութային կյանքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
խմբագրելՍահմանադրության ընդունումից հետո կազմակերպված ընտրություններում միապետականները պարտություն կրեցին։ Երկրի սենատոր ընտրվեց մեծ ժողովրդականություն վայելող գրող Վիկտոր Հյուգոն։ Շուտով Ֆրանսիայի հասարակական շերտերում անցկացվեցին բարեփոխումներ։ Բաստիլի ամրոցի գարվման օրը հռչակվեց ազգային տոն, իսկ «Մարսելյեզը»՝ ազգային օրհներգ։ Նոր ընդունված օրենքները սահմանեցին մամուլի ազատություն և անարգել աշխարհիկ կրթության սահմանում։ 1905 թվականին եկեղեցին անջատվեց պետությունից, որով սահմանափակվեց կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը ֆրանսիացիների վրա։ 1905 թվականին ձևավորվեց Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, որի նպատակն էր բարելավել պրոլետարական խավի վիճակը։ Այս շրջանում ֆրանսիացիները հաջողությունների հասան առավելապես գիտատեխնիկական ոլորտում։ 1872 թվականին հիմնվեց գիտության նվաճումներին աջակցող ֆրանսիական ընկերությունը։ 1881 թվականին Փարիզի միջազգային գիտաժողովում առաջին անգամ հայտարարվեց էլեկտրական հոսանքի տեղափոխման հնարավորության մասին։ Ժամանակակից աշխարհը Ֆրանսիային է պարտական նաև վառարանի գյուտի համար։ 1864 թվականին Պիեռ Մարտենը առաջարկեց պողպատի ձուլման նոր եղանակ՝ իր ստեղծած վառարանում, որտեղ բարձր ջերմաստիճան էր ստացվում օդի և գազի այրման միջոցով։ 1895 թվականին Փարիզում թողարկվեց առաջին շարժական ֆիլմը։
Ֆրանսիայում քաղաքների և տեխնիկայի զարգացմանը համահունչ առաջընթաց էր ապրում նաև ճարտարապետական արվեստը։ Երկաթբետոնե շինանյութի ստեղծումը բեկում առաջացրեց ճարտարապետության մեջ։ Հենց այս ժամանակաշրջանում Փարիզում կառուցվեց հանրահայտ Էյֆելյան աշտարակը, որը ներկայումս Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշն է։ Դրա հեղինակը շինարար և ճարտարագետ Ալեքսանդր Գուստավն էր, ով մինչև փարիզյան աշտարակի նախագծում Նիսում կառուցել էր աստղադիտարանի հարյուր տոննա քաշ ունեցող շարժական գմբեթ։ Ալեքսանդր Գուստավը Էյֆելյան աշտարակը կառուցեց Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի համար՝ երեք տարում։ Աշտարակի բարձրությունը 306 մետր էր։ Շինարարական հիմանական աշխատանքներն ավարտվեցին 1889 թվականի մարտի վերջերին և մարտի 31-ին ճարտարապետը նախապատրաստվեց աշտարակի բացման արարողությանը՝ հրավիրելով կառավարական մի շարք պաշտոնյաների։ Էյֆելյան աշտարակի բացման օրը տեղի ունեցավ 25 հրանոթներով հրավառաություն և Գուստավ Էյֆելը աշտարակի գագաթին բարձրացրեց Ֆրանսիայի դրոշը։
-
դեկտեմբերի 7, 1887 թվական։ Ոտքերի կառուցումը
-
մարտի 20, 1888 թվական։ Առաջին մակարդակի կառուցման ավարտը
-
մայիսի 15, 1888 թվական։ Երկրորդ մակարդակի կառուցման սկիզբը
-
օգոստոսի 21, 1888 թվական։ Երկրորդ մակարդակի կառուցման ավարտը
-
դեկտեմբերի 26, 1888 թվական։ Վերին մակարդակի կառուցումը
-
մարտի 15, 1889 թվական։ Գագաթի կառուցումը
Ֆրանսիան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին
խմբագրելՆախապատերազմական իրադրություն և հուլիսյան ճգնաժամ
խմբագրել1871 թվականին Փարիզի մոտակայքում գտնվող Վերսալի դղյակում Ֆրանսիայի թագավորը հռչակեց Գերմանիայի տարածքների միավորումը։ 1871 թվականի մարտի 21-ին Բեռլինում Օտտո ֆոն Բիսմարկը հանդիսավոր կերպով հռչակվեց Գերմանիայի առաջին կանցլեր և իր երկաթյա կամքի համար ստացավ «երկաթյան կանցլեր» անվանումը։ Վերամիավորումից անմիջապես հետո Գերմանիան տնտեսապես մեծ վերելք ունեցավ, որ արդյունքում 20-րդ դարի առաջին տասնամյակին Գերմանիան իր տնտեսական ներուժով աշխարհում զիջում էր միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Գերմանիայի նման զորեղացումը տագնապի մեջ էր պահում Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին։ 1882 թվականին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարիան և Իտալիան համատեղ ջանքերով ստեղծեցին Եռյակ դաշինքը։ Ամեն անդամ խոստացել էր պաշտպանել մյուսներին այլ գերտերության հարձակումից, ինչպես նաև Գերմանիային և Իտալիային Ֆրանսիայի հարձակումից։ Որպես հավելում, Իտալիան հայտարարեց, որ իր գործողությունները չեն լինի Մեծ Բրիտանիայի դեմ։ 1902 թվականի հունիսին Իտալիան գաղտնի նույնանման հայտարարություն ուղարկեց նաև Ֆրանսիային։ Որպես պայմանագրի բաղկացուցիչ մաս ո՛չ Ավստրո-Հունգարիան և ո՛չ էլ Իտալիան չպետք է առանց լրացուցիչ համաձայնության փոխեին ստատուս քվոն Բալկաններում։ Սակայն, եթե այնուամենայնիվ ստատուս քվոն խախտվի այլ ուժի կողմից, երկու երկրները իրավունք էին իրենց վերապահում փոխհամաձայնեցված կորգով օկուպացնել Բալկանները։ 1871 թվականի ֆրանս-պրուսական պատերազմից հետո Գերմանիայի վարչապետ Օտտո Բիսմարկին հաջողվեց դիվանագիտորեն մեկուսացնել Փարիզի կենտրոնական կառավարությանը։ Չնայած Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև առկա քաղաքական, մշակութային և տնտեսական տարբերությունների՝ երկու երկրների հարաբերությունը գնալով լավանում էին։ 1888 թվականից սկսած Ֆրանսիան Ռուսաստանին տրամադրեց ցածր տոկոսադրույքներով վարկեր, ինչը օգնեց ռուսներին փակել բյուջեի դեֆիցիտը և կառուցել երկաթգծեր գերմանական ճակատի ամբողջ երկայնքով։ 1891 թվականին Ֆրանսիական նավատորմի ղեկավարները այցելեցն ռուսական Կրոնշտադտ նավահանգիստ և ջերմորեն ողջունվեցին ռուսաց ցար Ալեքսանդր III-ի կողմից։ Այցելության ընթացքում Ռուսաստանի տարածքում առաջին անգամ պաշտոնապես հնչեց Մարսելյեզը։ Ռուս-ֆրանսիական համաձայնագիրը կնքվեց 1894 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Ֆրանսիական կողմից այն ստորագրեց նախագահ Սադի Կառնոն։ Չնայած Մեծ Բրիտանիայի հետ ունեցած սուրբ հակասություններին՝ Գերմանիայի հետ պատերազմի վտանգը երկու երկրներին ստիպեց մերձենալ։ 1904 թվականի ապրիլի 8-ին Լոնդոնում հանդիպեցին ֆրանսիական և անգլիական կողմերը և հենց նույն օրն էլ կնքվեց ֆրանս-անգլիական արտաքին համաձայնագիր։ Պայմանագիրը բաղկացած էր երկու մասից՝ մեկը ենթակա էր հրապարակման, մյուսը գաղտնի էր։ Հրապարակման ենթակա բաժնում կողմերը պարտավորվում էին Մարոկկոյի հարցի շուրջ պահպանել 1880 թվականի Մադրիդյան վեհաժողովի սկզբունքները։ Գաղտնի հատվածում Մեծ Բրիտանիան ճանաչում էր Ֆրանսիայի իրավունքները Մարոկկոյի, իսկ Ֆրանսիան՝ Անգլիայի իրավունքները Եգիպտոսի նկատմամբ։ Ռուս-ճապոնական պատերազմի ավարտից հետո ձախողված Ռուսաստանը նորից թեքվեց դեպի Եվրոպա, որտեղ սակայն ուժերի վերադասավորման արդյունքում ռուսական շահերին հակոտնյա կանգնած էր Գերմանիան։ Հետևաբար՝ Մեծ Բրիտանիան այլևս չէր դիտարկվում, որպես հակառակորդ։ Բացի այդ, առկա էր նաև Ֆրանսիայի գործոնը, քանի որ վերջինս համարվում էր և՛ Ռուսաստանի, և՛ Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական դաշնակիցը։ 1907 թվականի օգոստոսի 31-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին անգլո-ռուսական կողմերը և կնքվեց անգլո-ռուսական կոնվենցիան, որով վերջնական ձևավորում ստացավ Անտանտը՝ դառնալով ֆրանս-անգլո-ռուսական եռյակ խմբավորում, որը պետք է պայքարեր Եռյակ միության դեմ։
Ֆրանսիան՝ պատերազմական գործողությունների թատերաբեմ
խմբագրել1914 թվականին ստեղծվեց մի այնպիսի իրադրություն, որի պայմաններում երկու կողմերը՝ Անտանտն ու Եռյակ դաշինքը, առիթ էին ման գալիս պատերազմ սկսելու համար։ Պատերազմի պատճառ դարձավ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում հարավսլավացի ազգայնական Գավրիլո Պրինցիպի կողմից Ավստրո-Հունգարիայի գահաժառանգի՝ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ 1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային և սկսվեց մարդկության պատմության ամենաարյունարբու պատերազմներից մեկը։ Գերմանիայի կառավարությունը ցանկանում էր, որպեսզի Ֆրանսիան մնա չեզոք, քանի որ չէր ցանկանում պատերազմել երկու ճակատներով։ Ֆրանսիան գերմանացի կայսեր պատրաստակամությունը չմերժեց, սակայն ուղարկեց երկիմաստ հաղորդագություն, որով հորդորում էր Գերմանիային հետ քաշել զորքերը սահմանից։ Չնայած այս ամենի՝ Ֆրանսիան զորահավաք հայտարարեց երկրի ամբողջ տարածքում։ Գերմանիան նույնպես սկսեց զորահավաքը։ Օգոստոսի 2-ին Գերմանիան հարձակվեց Լյուքսեմբուգի վրա և մյուս օրը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային։ Օգոստոսի 4-ին, երբ Բելգիան հրաժարվեց ճանապարհ տրամադրել գերմանական զորքերին, Գերմանիան պատերազմ հայտարարեց Բելգիային նույնպես։ Նույն օրը Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, քանի որ Վիլհելմ կայսրը չարձագանքեց բրիտանական վերջնագրին, համաձայն որի Բելգիան պետք է մնար չեզոք։
Ֆրանսիացիների առաջին խոշոր ռազմական հաջողությունը Առաջին համաշխարհային պատերազմում եղավ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած Մառնի ճակատամարտը։ Հետագայում դեպքերն այնպես դասավորվեցին, որ Գերմանիան ստիպված եղավ մարտնչել նաև արևելյան ճակատում՝ ընդդեմ Ռուսական կայսրության։ Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ Ավստրո-Հունգարիան մարտնչում էր նաև Բալկանյան թերակղզում։ 1916 թվականի փետրվարին գերմանացիները գրոհեցին ֆրանսիական պաշտպանողական դիրքերը Վերդենում։ Փետրվարի 21-25-ին գերմանական զորքերը Մյոզ գետի աջ ափին չկարողացան ճեղքել ֆրանսիական զորքերի դիմադրությունը։ Մարտ ամսին գերմանացիները գլխավոր հարվածը փոխադրեցին նույն գետի ձախ ափը, սակայն նույնպես անհաջող։ Ճակատամարտի սկզբում գերմանացիները ունեին առավելություն, բայց ֆրանսիական բանակն անցավ հակահարձակման և հետ շպրտեց նրանց ելման դիրք։ Ֆրանսիայի կորուստները ավելի շատ էին, բայց Գերմանիան նույնպես ծանր կորուստներ կրեց (մոտ 700.000 զինվորն ընդդեմ 975.000-ի)։ Վերդենը դարձավ Ֆրանսիայի հաղթական խորհրդանիշը։ Վերդենի ճակատամարտից հետո նոյեմբերին նախահարձակ եղան դաշնակիցները։ Սոմի ճակատամարտն ավարտվեց առանց որևէ լուրջ արդյունքի, սակայն դարձավ Մեծ Բրիտանիայի պատմության ամենաարյունալի էջերից մեկը։ Վերդենի և Սոմի ճակատամարտերից հետո 1916 թվականին ֆրանսիական բանակն ընկավ ճգնաժամի մեջ։ Փոխարենը՝ դաշնակից բրիտանական բանակը Արասի ճակատամարտում չնչին հաջողությունների հասավ։ Պատերազմի կեսերին իրադրություբը ռազմաքաղաքական երկու ճամբարներում փոխվեց։ Պատերազմի մեջ ներքաշվեցին մի շարք նոր պետություններ, իսկ ոմանք էլ դուրս եկան կռվից։ Իտալիան դեռևս 1902 թվականին գաղտնի դաշնակցական պայմանագիր էր ստորագրել Ֆրանսիայի հետ։ Պատերազմի սկզբում Իտալիան հայտարարեց զորահավաք և Ավստրո-Հունգարիային անվանեց ագրեսոր։ Ավստրո-Հունգարիան արեց ամեն ինչ, որպեսզի Իտալիան մնա չեզոք, սակայն պաշտոնական Հռոմը միացավ Անտանտին և 1915 թվականի մայիսի 23-ին պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային։ Փոխարենը՝ Գերմանիայի կազմած դաշինքին միացան Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը։ 1915 թվականին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նավատորմեր ուղարկեցին արևելք՝ գրավելու Բոսֆորի նեղուցը։ Գալիպոլիում օսմանյան բանակը հաջողությամբ նահանջի մատնեց դաշնակիցների զորքերին։ Միևնույն ժամանակ ֆրանսիական զորքերը՝ տեղացիների օժանդակությամբ կարողացան դուրս հանել գերմանացի և թուրք զավթիչներին աֆրիկյան գաղութներից։ Հատկապես հերոսական մարտեր ընթացան Հյուսիսային Աֆրիկայում և Արաբական թերակղզում։ Այնուամենայնիվ հետագա իրադարձությունները այդքան էլ լավ ընթացք չունեցան Ֆրանսիայի համար։
1917 թվականի Նիվելի հարձակման ժամանակ ֆրանսիական երկրորդ գաղութարար դիվիզիայի վետերանները հրաժարվեցին կատարել հրամանները՝ լինելով հարբած և առանց զինվորական համազգեստի։ Շուտով ֆրանսիական բանակում խռովությունների ալիք սկսվեց, որի արդյունքում ավելի քան 20 հազար զինվոր դարձավ դասալիք։ Չնայած զանգվածային ձերբակալություններին, պատժամիջոցների կիրառումներին, հայրենասիրական դասերին և պարգևատրական մեխանիզմներին՝ ֆրանսիացի զինվորները հրաժարվում էին մասնակցել հետագա գրոհներին։ Այս ամենի արդյունքում Ռոբերտ Նիվելը պաշտոնանկ արվեց հրամանատարի պաշտոնից և նրան փոխարինեց գեներալ Ֆիլիպ Պետեյնը, ով կարողացավ արյունահեղ գրոհները։ Կապորետտոյի ճակատամարտում կրած պարտությունից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ստիպված եղան ստեղծել ընդհանուր հրամանատարական շտաբ (մինչ այդ բրիտանական և ֆրանսիական զորքերը գործում էին միմյանցից անկախ)։ Անգլո-ֆրանսիական միացյալ ուժերին հաջողվեց կասեցնել 1918 թվականի գարնանը տեղի ունեցած անակնկալ հարձակումը։ Զարգացնելով ռազմաճակատի հաջողությունները՝ նույն թվականի օգոստոսի 8-ին նախահարձակ եղան դաշնակիցները։ Նրանք նպատակ ունեին վերացնել Ամյենի ստրատեգրական ելուստը, պաշտպանել Փարիզ-Կալե երկաթուղին գերմանական հրետանու գնդակոծումներից, ինչպես նաև ավարտել ռազմական գործողությունները արևմտյան ճակատում։ Անգլո-ֆրանսիական զորքերը ջախջախելով գերմանական 16-րդ հետևակային դիվիզիային, օգոստոսի 8-ին 30 կմ ճակատով 11 կմ խորացան գերմանական պաշտպանության մեջ։ Օգոստոսի 13-ին դաշնակից զորքերը գերմանացիներին դուրս մղեցին Ամիենի ելուստից։ Հարյուրօրյա հարձակման վերջին փուլը Մյոզ Արոնի գրոհն էր, որը սկսեցին ֆրասնական և ամերիկայն զորքերը սեպտեմբերի 26-ին։ Հաջորդ շաբաթվա ընթացքում ֆրանսիական և ամերիկյան ստորաբաժանումները ներխուժեցին Շամպայն և ստիպեցին գերմանացիներին թողնել մի քանի կարևոր բարձունք և նահանջել Բելգիայի սահման։ Հոկտեմբերի 8-ին ճակատային գիծը նորից հատեցին բրիտանական զորքերը, ովքեր հաղթանակ էին տարել Կամբրեի ճակատամարտում։ Այսիպով՝ գերմանական զորքերը ստիպված էին կրճատել ճակատային գիծը և օգտագործել Նիդերլանդների սահմանը, որպես նահանջի այլընտրանքային ուղի։ Գերմանիայի պարտությունից հետո մեկը մյուսի ետևից պատերազմից դուրս եկան նաև վերջինիս դաշնակիցները։
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները Ֆրանսիայի համար
խմբագրելԳերմանիայի անձնատուր լինելուց հետո մեկը մյուսի ետևից պատերազմը լքեցին նաև վերջինիս ռազմաքաղաքական դաշնակիցները։1918 թվականի սեպտեմբերի 29-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում զինադադարի պայմանագիր կնքեց Բուլղարիան, իսկ հոկտեմբերի 30-ին կապիտուլյացիայի ենթարկվեց Օսմանյան կայսրությունը՝ համաձայն Մուդրոսում կնքված զինադադարի և դրանից բխող պայմանագրերի։ Կապորետոյի ճակատամարտում ավստրո-հունգարական բանակի ջախջախումից հետո անխուսափելի դարձավ նաև Ավստրո-Հունգարիայի պարտությունը։ Նոյեմբերի 3-ին Ավստրո-Հունգարիայի կայսրը սպիտակ դրոշ բարձրացրեց և զինադադարի կոչ արեց Իտալիային։ Դաշնակիցների կողմից հեռագրով ուղարկվեց զինադադարի պայմանները, որոնք ընդունվեցին ավստիացի հրամանատարների կողմից։ Նոյեմբերի 3-ին Պադովայի մոտակայքում կնքված պայմանագրով Ավստրո-Հունգարիայի կայսրությունը ևս պաշտոնապես լքեց պատերազմը։ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց դաշնակից տերությունների հաղթանակով։ Առաջին համաշխարհային պատերազմի պաշտոնական ավարտն ազդարարեց նոյեմբերի 11-ին կնքված Կոմպիենի զինադադարը։ Այն կնքվեց Ֆրանսիայի Կոմպիենի անտառում՝ Ռետոնդ կայարանի մոտ՝ գեներալ Ֆոշի սալոն-վագոնում։ Կոմպիենի զինադադարով ոչ միայն դադարեցեցին ռազմական գործողությունները, այլև գերմանական զորքերը դուրս բերվեցին արևմուտքում զավթած տիրույթներից, Գերմանիան հանձնեց ցամաքային և ծովային սպառազինությունների մի մասը, Հռենոս գետի աջ ափին ստեղծվեց ապառազմականացած գոտի, որը շուտով անցավ դաշնակիցներին։ Ֆրանսիան, որպես հաղթող երկիր իրեն իրավունք վերապահեց զբաղեցնել ածխի պաշարներով հարուստ Ռուրի ավազանը, որը տնտեսական կարևոր նշանակություն ուներ Գերմանիայի համար։ Շուտով նման պայմաններ թելադրեցին նաև մյուս դաշնակիցները և 1919 թվականի հունիսին Վերսալի հայելապատ դղյակում կնքվեց հաշտության պայմանագիր։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Փարիզի խաղաղության վեհաժողովում դրվեց միջազգային համապարփակ կազմակերպության ստեղծման գաղափարը։ Այդպիսի կազմակերպություն հանդիսացավ Ազգերի լիգան, որի կանոնադրությունը հաստատվեց 1919 թվականի հունվարի 28-ին։ Ազգերի լիգան կոչված էր լինելու խաղաղություն պահպանող, ագրեսիաները կանխող և միջազգային համագործակցությունն ապահովող կազմակերպություն։ Դրան էին նպատակաուղղված նրա կանոնադրության գլխավոր հոդվածները։ Այսպես, օրինակ, կանոնադրության 10-րդ հոդվածը հաստատում էր Ազգերի լիգայի անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ երաշխավորման սկզբունքը։ Ֆրանսիան դարձավ կազմակերպության մշտական անդամ պետություն։
Նորագույն պատմություն
խմբագրելՖրանսիական պետությունը 1920-1939 թվականներին
խմբագրելԹեև Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվել էր, այնուամենայնիվ արևելյան ճակատում այն դեռևս շարունակվում էր։ Մուդրոսի պայմանագրի համաձայն 1918 թվականի նոյեմբերի 13-ին դաշնակիցները ռազմակալեցին Կոստանդնուպոլիսը, իսկ թուրքական այլ շրջաններ ենթարկվեցին հույների և հայերի ռազմախուժմանը։ 1919 թվականի մայիսին սկսվեց թուրք ժողովրդի պայքարը հանուն անկախության։ Այս պատերազմում կարևոր էր Ֆրանսիայի մասնակցությունը․ ֆրանսիական բանակը օժանդակում էր Անտանտի դաշնակից երկրներին՝ Հունաստանին և Հայաստանին։ 1919 թվականի մայիսի 15-ին հույները գրավեցին Իզմիրը՝ վերջնականապես ազատագրելով արևելյան Հունաստանը։ Կազմալուծված Թուրքիան ստիպված էր հաշտություն խնդրել Անտանտի երկրներից և 1920 թվականի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի պարտված Թուրքիան բաժանվում էր ազդեցության գոտիների։ Ֆրանսիային բաժին էր հասնում Կիլիկիան, ինչպես նաև Արաբական թերակղզու թուրքական տիրույթները։ Դրանք ստանում էին մանդատի կարգավիճակ Ֆրանսիայի կազմում։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 1923 թվականին թուրք ազգայնական Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը կատարեց ազգային հեղաշրջում և հրաժարվեց կատարել նախորդ կառավարության վրա դրված պարտավորությունները։ Պատերազմի երկրորդ փուլում թուրքերը կարողացան դուրս մղել անտանտյան ուժերին Թուրքիայից և Սևրի պայմանագիրը չիրագործվեց։ Այս պատերազմում ֆրանսիական 60 հազարանոց ուժերին առաջնորդում էր Անրի Ժոզեֆ Էժեն Գուրոն։ Սան Ռեմոյի խորհրդաժողովը որոշեց Մերձավոր Արևելքի թուրքական տիրույթները հանձնել Ֆրանսիայի խնամակալությանը։ Թուրք-սիրիական պատերազմի ավարտից հետո 1923 թվականի սեպտեմբերի 29-ին Ազգերի լիգան վերջնականապես հաստատեց Սիրիան և Լիբանանը, որպես ֆրանսիական մանդատային տարածք։ Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատն ներառում էր ոչ միայն Սիրիան ու Լիբանանը, այլ նաև Ալեքսանդրետտայի սանջակը։ 1923 թվականի հունվարին սկսվեց նաև այսպես կոչված Ռուրի ճգնաժամը։ Պատճառն այն էր, որ ռազմատուգանքի դիմաց Ֆրանսիան և Բելգիան գրավել էին Ռուրը։ 1925-1926 թվականներին Անրի Ֆիլիպ Պետենի ղեկավարած ֆրանսիական բանակը ճնշում է Մարոկկոյում բռնկված ապստամբությունը։ Այս ժամանակահատվածում Ֆրանսիայում ձևավորված նախաճգնաժամային դրությունը ստիպեց Սիրիայի ազատատենչ արաբներին ապստամբել հանուն ազատության։ Ապստամբությունը պաշտոնապես սկսվեց օգոստոսի 23-ին, երբ սուլթան ալ-Աթրաշը Սիրիայի տարածքում բնակվող բոլոր ազգություններին և էթնիկական խմբերին կոչ արեց պայքարել հանուն ֆրանսիական վարչակարգի կործանման և ազատ սիրիական պետության ստեղծման։ Կարճ ժամանակահատվածում ապստամբ զորքերը գրավեցին Դամասկոսը և ստեղծեցին հեղափոխական կառավարություն՝ Ալ-Ատրաշի և Աբդ ալ-Ռահմանի գլխավորությամբ։ 1926 թվականին Փարիզից ժամանած ծանր զրահատեխնիկան ներխուժեց Սիրիա և արյան մեջ խեղդեց սիրիական ապստամբությունը։ 1930-ական թվականներին Ֆրանսիան, ինչպես և արևմուտքի մյուս գերտերությունները ապրեց տնտեսական ճգնաժամ, որի արդյունքում Արիստիդ Բրիանի գլխավորած կառավարությունը սկսեց վարել ներքին և արտաքին հետադիմական քաղաքականություն։
1933 թվականին Գերմանիայում՝ Վայմարյան հանրապետությունում, իշխանության եկան նացիստները՝ ի դեմս վարչապետ Ադոլֆ Հիտլերի։ Շուտով նրանք կարողանում են ամրապնդել իրենց դիրքերը Վայմարյան հանրապետությունում և նման վարչակարգեր հաստատելու փորձեր կատարում հարևան երկրներում՝ Ֆրանսիայում նույնպես։ 1934 թվականին դեմոկրատական ուժերը խափանեցին երկրում նացիստական վարչակարգ հաստատելու ծայրահեղ աջերի փորձերը։ 1935 թվականին ստեղծվեց ժողովրդական ճակատը, որը պայքար ծավալեց ֆաշիզմի և պատերազմի դեմ։ Գերմանիան ագրեսիայի վտանգի դեմհանդիման և ժողովրդական մասսաների ճնշման տակ Ֆրանսիայի միջնորդությամբ պայմանագիր կնքվեց ԽՍՀՄ-ի հետ։ 1936 թվականի հունիսին կազմվեց դեմոկրատական ճակատի վրա հենվող կառավարություն, որը մի շարք միջոցառումներ ձեռնարկեց աշխատավորների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ։ Սակայն 1938 թվականին ժողովրդական ճակատը կազմալուծվեց, արդյունքում նոր ձևավորված կառավարությունը ստորագրեց Մյունխենի համաձայնագիրը՝ ձախողելով Մոսկովյան բանակցությունները և դրանով նպաստելով ֆաշիստական ագրեսիայի սանձազերծմանը։ Մյունխենի համաձայնագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների վարած «խաղաղեցման» քաղաքականության ցայտուն դրսևորումներից էր, որի նպատակն էր գործարքի մեջ մտնելով ագրեսիվ պետությունների (առաջին հերթին՝ Երրորդ Ռայխի) հետ, կանխել ֆաշիստական ագրեսիան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ և այն ուղղել արևելք՝ ընդդեմ Խորհրդային Միության։ Սակայն իրադրությունը փոխվեց այն ժամանակ, երբ Գերմանիան դաշինքի մեջ մտավ Իտալիայի և Ճապոնիայի հետ՝ կազմելով «առանցք»։ Շուտով նման միավորում ստեղծեցին նաև հակահիտլերյան խմբավորման անդամները՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Կողմերը նախապատրաստվեցին արյունարբու պատերազմի։
Վերակառուցումից փլուզում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ
խմբագրել1939 թվականի սեպտեմբերի 1-ի առավոտյան Գերմանիան պատերազմ հայտարարեց Լեհաստանին և անցավ հարձակման։ Սեպտեմբերի 3-ին` Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, ապա նաև դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան և Հարավաֆրիկյան Միությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Սակայն փոխադարձ օգնության պայմանագրեր ստորագրած դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ռազմական օգնություն չցուցաբերեցին Լեհաստանին։ Կարճ ժամանակահատվածում գերմանական վերմախտը գրավեց գրեթե ամբողջ Լեհաստանը և ուղղություն բռնեց դեպի արևմուտք։ Շուտով Ադոլֆ Հիտլերը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային և հյուսիսից շրջանցելով «Մաժինոյի գիծը» ներխուժեց Ֆրանսիայի տարածք։ Սակայն ֆրանսիական զինվորական հրամանատարությունը ոչինչ չարեց ագրեսիային հակահարված տալու համար։ Ժամանակակիցները Ֆրանսիայի կատարած այս քայլը որակում են, որպես տարօրինակ պատերազմ։ Հունիսի 14-ին նացիստները առանց որևէ դիմադրության գրավեցին քաղաքամայր Փարիզը։ Անրի Ֆիլիպ Պետենը ստիպված եղավ ընդունել կապիտուլյացիայի պայմաններ և հաշտության գալ Գերմանիայի հետ։ Հունիսի 22-ին Կոմպիենում կնքվեց զինադադարի պայմանագիր, որի պայմանները ստորացուցիչ էին Ֆրանսիայի համար։
Համաձայն Կոմպիենի զինադադարի՝ Ֆրանսիան լիովին դադարեցնում էր դիմադրությունը, երկրի 2/3-ը, որի մեջ էր մտնում նաև մայրաքաղաք Փարիզը, օկուպացվում էր, զինաթափվում և ցրվում էր ֆրանսիական բանակն ու նավատորմը, իսկ գերմանական օկուպացիոն բանակի ծախսերը դրվում էին Ֆրանսիայի վրա։ Կոմպիենի զինադադարից հետո երկրի հարավային չգրավված տարածքում ստեղծվեց «Վիշի» կոչվող ֆաշիստամետ վարչակարգը՝ Անրի Ֆիլիպ Պետենի և Լա վալի գլխավորությամբ։ 1942 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի այդ մասը նույնպես օկուպացրին գերմանական և իտալական զորքերը։ Այս դեպքերից հետո վերջապեսՖրանսիայում ծավալվեց դիմադրության շարժումը, որը ղեկավարեցին կոմունիստները։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կազմվեց դիմադրության բուրժուական կենտրոն, որն ուներ «Ազատ Ֆրանսիա» անվանումը։ 1942 թվականից այն սկսեց անվանվել «Մարտնչող Ֆրանսիա»։ Շարժման նախաձեռնողը ֆրանսիական բանակի գեներալ Շառլ դը Գոլն էր։ Շառլը 1943 թվականից գլխավորեց ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն, իսկ 1944 թվականից՝ ժամանակավոր կառավարությունը։ 1944 թվականին, խորհրդային բանակի և դաշնակից զորքերի հաղթանակների պայմաններում, ֆրանսիական հայրենասերները դիմեցին համաժողողովրդական ապստամբության, որի գագաթնակետը եղավ Փարիզի ապստամբությունը։ Փողոցային համառ մարտերի հետևանքով ֆրանսիական հայրենասերներին հաջողվեց օգոստոսի 24-ին ազատագրել գրեթե ամբողջ Փարիզը։ Օգոստոսի 24-ի երեկոյան քաղաք մտավ ֆրանսիական տանկային դիվիզիայի առաջին ստորաբաժանումը, որն օգնեց փարիզցիներին գրոհելու զավթիչների ռազմական վերջին հենակետերը։ Օգոստոսի 25-ին Փարիզը վերջնականապես ազատագրվեց և գերմանաֆաշիստական զորքերը անձնատուր եղան։ Փարիզի ապստամբությունը խանգարեց նահանջող գերմանաֆաշիստական զորքերին կենտրոնանալ Փարիզում և օգտվել Փարիզի կամուրջներից Սեն գետն անցելու համար, փրկեց պատմաճարտարապետական կարևոր նշանակություն ունեցող Փարիզ քաղաքն ավերվելուց, նրա բնակիչներին՝ զանգվածային ոչնչացման վտանգից։ Փարիզի ապստամբության ժամանակ հատկապես ցայտուն դրսևորվեց բանվոր դասակարգի և կոմկուսի վճռակսն դերը հայրենիքի ազատագրության համար ֆրանսիական ժողովրդի պայքարում։ 1944 թվականի վերջին տեղի ունեցավ Ֆրանսիայի ազատագրումը ֆրանսիացի հայրենասերների և անգլոամերիկյան զորքերի կողմից, որոնք ափ էին իջել Ֆրանսիայում 1944 թվականի հունիս-օգոստոսին։ 1944 թվականի դեկտեմբերի 10-ին կնքվեց դաշինքի և փոխօգնության մասին խորհրդա-ֆրանսիական պայմանագիրը, որով Խորհրդային Միությունը ճանաչեց Ֆրանսիայի ժամանակավոր կառավորությունը՝ Շառլ դը Գոլի ղեկավարությամբ։ Ֆրանսիայի ազգային ազատագրական կոմիտեի նախաձեռնությամբ Ալժիրում իր գործունեությունը սկսեց կոնսուլտատիվ ասամբլեան։ Ֆրանսիայի տարածքում ռազմական հակամարտությունների ավարտից հետո ձևավորվեց նոր իշխանակամ մարմին՝ որը կոչվեց դեպարտամենտների կոմիտե։ Միաժամանակ լուծարվեց կոնսուլտատիվ ասամբլեան։ Ֆրանսիայի ժամանակավոր կառավորթյան գլխավոր խնդիրն էր համարվում սահմանադրաիրավական ոլորտում բարեփոխումներ ձեռնարկելը, քանի որ դա միակ ելքն էր երկու ստեղծված քաղաքական ծայրահեղ ծանր դրությունը հաղթահարելու համար։
Անրի Ֆիլիպ Պետենի հանդիպումը Նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հետ, Փարիզ, 1940 թվականի հոկտեմբեր | Ֆրանսիական ոստիկանությունը գրանցում է նոր բանտարկյալների անունները | Դաշնակիցների կողմից Ֆրանսիայի ազատագրումից հետո |
Ակնառու էր դարձել այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում Ֆրանսիայի քաղաքական ուժերը պառակտվել էին։ Ֆրանսիայի օկուպացիոն կառավարության ղեկավար Անրի Ֆիլիպ Պետենին աջակցում էր պետական բյուրոկրատիայի և ձեռնարկատերների զգալի մասը, իսկ պրոլետարական խավի ներկայացուցիչները վիշիստների ագրարային քաղաքականության կողմնակիցներն էին։ Դաշնակից ուժերի կողմից Ֆրանսիայի լիակատար ազատագրումից հետո երկրում սկսվեցին զանգվածային ձերբակալություններ և գնդակահարություններ։ Շուրջ 200 հազար ֆրանսիացիներ ձերբակալվեցին, իսկ Ֆրանսիայի գերմանամետ դիկտատոր Անրի Պետերը դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ 1945 թվականի սկզբներին ակնառու դարձավ, որ Գերմանիայի պարտությանը մնացել են հաշված օրեր։ Այդ իսկ պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի առաջնորդները հանդիպեցին Ղրիմի Յալթա քաղաքում և որոշեցին նույն տեմպերով շարունակել պայքարը և հասնել Գերմանիայի զինաթափման։ Շարունակելով զարգացնել ռազմական հաջողությունները՝ դաշնակիցներն արևելքից և արևմուտքից շարժվում էին դեպի Գերմանիա։ Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին ֆաշիստական լծի տակ գտնվող եվրոպական պետությունները, իսկ խորհրդային զորքերն ընդհուպ մոտեցան Բեռլինին։ 1945 թվականի ապրիլի 16-ին սկսվեց Բեռլինի գրոհը, որտեղ Հիտլերյան Գերմանիան վերջին ջանքերն էր գործադրում փրկվելու համար։ Մայիսի 8-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ Ֆրանսիան վերստին պատերազմից դուրս եկավ, որպես հաղթած պետություն։
Ֆրանսիայի ետպատերազմյան առաջին կառավարություններ
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմը բարենպաստ պայմաններ ստեղծեց Ֆրանսիայում կոմունիստների և սոցիալիստների շարժման ծաղկման համար։ Դա հիմնականում պայմանավորված էր նաև նրանով, որ կոմունիստական կուսակցությունը մեծ ժողովրդականություն էր վայելում այս երկրում։ Ազատ երկրի գլխավոր երաշխիքը սահմանադրությունն է և այդ իսկ պատճառով նոր ձևավորված կառավարությունը գլխավոր առաջնահերթություն համարեց օրենքների ժողովածուի ընդունումը։ Ձգտելով թույլ չտալ, որպեսզի նոր սահմանադրական հասարակարգի ստեղծումը անցնի կուսակցությունների վերահսկողության տակ՝ Շառլը որոշում է այն ուղղել դեպի ժողովրդին։ Այդ նպատակակետին հասնելու առաջին քայլը եղավ այն, որ հետպատերազմյան առաջին համաֆրանսիական ընտրությունների նախօրեին երկրում անցկացվեց հանրաքվե։ 1945 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայում գերիշխող հիմնական քաղաքական ուժերի միջև հաստատվեց անկայուն փողզիջումային մթնոլորտ, որի արդյունքում մեկ ամիս անց Շառլ դը Գոլը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ձախակողմյան ընդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ 1946 թվականի ապրիլին ներկայացվեց նոր սահմանադրության նախագիծ, որը նախատեսում էր ստեղծել միապալատ խորհրդարան և սահմանափակ իրավունքներ ունեցող նախագահական համակարգ։ 1946 թվականի ապրիլի 19-ին սահմանադիր ժողովը հաստատեց այն և դուրս բերեց համազգային հանրաքվեի։ Սակայն ֆրանսիացիների կեսից ավելին դեմ էին նման վարչակարգին, որի պատճառով այն չընդունվեց։ Բայե քաղաքի ազատագրմանը նվիրված տոնակատարության ժամանակ Շառլ դը Գոլը ներկայացրեց իր սահմանադրական նախագիծը, որն էլ ֆրանսիացիների մեծ մասի աջակցությամբ 1946 թվականի հոկտեմբերին օրենքի ուժ ստացավ։ Դեկտեմբերի 24-ին ընդունվեց Չորրորդ Հանրապետության սահմանադրությունը, որը Ֆրանսիան հռչակում էր ժողովրդավարական, հասարակական և սոցիալական պետություն՝ միասնության և անբաժանելիության սկզբունքով։ Ֆրանսիայի միապալատ խորհրդարանի հետ համատեղ, որպես համակարգող մարմիններ ստեղծվեցին Ֆրանսիական միության ժողովը և տնտեսական խորհուրդը։
Չորրորդ Հանրապետության առաջին նախագահ ընտրվեց սոցիալիստ Վենսան Օրիոլը, վերին պալատի նախագահ ընտրվեց Շամպետ դը Ռիբը, իսկ արմատական Էդուարդ Էրիոն գլխավորեց Ազգային ասամբլեան։ Կառավարությունը գլխավորեց սոցիալիստ Պոլ Ռամադյեն։ 1947 թվականին Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ ստեղծվեց Ֆրանսիական Ժողովրդի Միությունը, որը ձգտում էր ստեղծել կազմակերպված դեմոկրատիայի համակարգ։ 1947 թվականին ներքին և արտաքին ուժերի ճնշման տակ կոմունիստները դուրս եկան կառավարությունից։ 1947-1948 թվականների գերմանական ճգնաժամը նպաստեց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջպետական կապերի ամրապնդմանը։ Շուտով Ֆրանսիան միացավ Մարշալյան պլանին, իսկ հակակոմունիստական նոր կառավարությունը 1949 թվականին վավերացրեց մի համաձայնագիր, որով Ֆրանսիան դառնում էր Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Նույն թվականին Ֆրանսիան ստորագրեց Փարիզի համաձայնագիրը՝ համաձայն որի, փանդվում էր Բեռլինի պատը և գերմանական պետությունը վերամիավորվում էր։ Փարիզի պայմանագրի վավերացումը ի չիք դարձրեց 1944 թվականի խորհրդա-ֆրանսիական պայմանագիրը։ Կարճ ժամանակահատվածում Ֆրանսիան դարձավ Միացյալ Նահանգների գլխավոր ռազմահենադաշտը Եվրոպայում։ Որպես ապացույց հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի ռազմական և տրանսպորտային ինֆրաստրուկտուրայի զգալի մասը տեղակայված էր Ֆրանսիայում։ Ֆրանսիայում (Ֆոնտեբլո) էր գտնվում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբ-կայանը։ Դրանից հետո Ֆրանսիան ակտիվորեն մասնակցել է Եվրոպայի տարբեր մասերի պետությունների միասնական ինտեգրմանը։ 1950-ականներին Ֆրանսիան ապրեց տնտեսական ճգնաժամ, սակայն դա չխանգարեց, որպեսզի այս երկիրը կառուցողական ներդրում ունենա միասնական Եվրոպայի ստեղծման գործում։
Քաղաքական զարգացումները գաղութներում համաշխարհային պատերազմներից հետո
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայում ստեղծված անկայուն քաղաքական համակարգը լայնամասշտապ ապստամբությունների առիթ դարձավ գաղութային տարածքներում։ 1945 թվականին տեղի ունեցավ հերթական անհնազանդությունը Ալժիրում։ Տեղի արաբները պայքարում էին հանուն անկախ պետականության, սակայն նրանց բաղձալի երազանքը չիրականացավ, քանի որ Ֆրանսիայի գաղութային դիվիզան արյան մեջ խեղդեց ապստամբությունը։ Ալժիրում տեղի ունեցածի օրինակով հակաֆրանսիական գործողություններ տեղի ունեցան նաև Մագելանի նեղուցով Աֆրիկայից բաժանվող հարավային Մադագասկար կղզում։ Ապստամբները դժգոհում էին Ֆրանսիայում հաստատված նոր կարգերից և ձգտում էին անկախության։ 1947 թվականի մարտի 29-ին սկսվեց Մադագասկարի ապստամբությունը, որը ևս ճնշվեց ֆրանսիական իշխանությունների կողմից։ 1945 թվականի օգոստոսի 19-ին Խո Շի Մինը, ով Վիետնամի ազգային-ազատագրական շարժան պարագլուխն էր, Վիետնամը հայտարարեց անկախ պետություն։
Մինչ այդ վիետնամական և ֆրանսիական կողմերի միջև կնքվել էր պայմանագիր, ըստ որի՝ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում էր Վիետնամը, որպես ազատ և անկախ երկիր, որը պետք է հարեր Ֆրանսիական Միությանը։ Խախտելով պայմանավորվածությունը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների նախաձեռնությամբ 1946 թվականի նոյեմբերին Վիետնամում սկսվեց պատերազմ։ Հարկ է նշել, որ Վիետնամի պատերազմը սկսվել էր Կորեական պատերազմի ֆոնի վրա։ 10 հազար հոգուց բաղկացած վիետնամական բանակը Հանոյում դիմադրում էր 9 անգամ ավելի ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսին։ Իրադարձությունները կտրուկ սրվեցին այն ժամանակ, երբ պատերազմի մեջ ներքաշվեցին նոր պետություններ։ Ֆրանսիան ստանալով Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի աջակցությունը իր բանակը կարողացավ հասցնել 180 հազարի, իսկ վիետնամական կողմն ուներ 100 հազար զինվոր։ Պատերազմի սկզբնական փուլում համարձակ հաղթանակներ էին տանում գեներալ Լառմոնա դը Տասինյիի ղեկավարած ֆրանսիական ուժերը։ Սակայն դրանք ունեին կարճատև բնույթ, քանի որ 1950-1951 թվանաններին նախաձեռնությունն անցավ վիետնամցիների ձեռքը։ Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ Վիետնամի պաշտպանությամբ էր սկսել հանդես գալ ԽՍՀՄ-ն, որի ղեկավարությունը 1950 թվականին Վիետնամի հետ կնքել էր պայմանագիր։ Բեկումնային նշանակություն ունեցավ Դյենբյենֆու քաղաքի երկարատև պաշարումը, որից ավարտից հետո պատերազմող երկրների արտաքին գործերի նախարարները Շվեյցարիայում հրավիրեցին խորհրդակցություն։ Արդյունքում՝ 1954 թվականի հուլիսի 21-ին Ժնևում կնքվեց պայմանագիր, համաձայն որի Վիետնամի հյուսիսային և հարավային հատվածներում ստեղծվեցին անկախ պետական կազմավորումներ։ Փաստացիորեն՝ այս իրավական ակտով Ֆրանսիան պարտավորվեց ճանաչել Վիետնամի անկախությունը և իր զորքերը դուրս բերել Հնդկաչինից։
Դասալիք դարձած եգիպտական տանկ Սուեզի ճգնաժամի տարիներին | Ֆրանսիական բանակը Մադագասկար կղզում՝ ֆրանս-մալագասական երկրորդ պատերազմի տարիներին | Սիամի հակաֆրանսիական բանակը Լաոսում |
1950-ական թվականների սկզիբ կտրուկ սրվեցին Ֆրանսիայի և նրա հյուսիսաֆրիկյան գաղութների հարաբերությունները։ 1951 թվականին Թունիսի նորաստեղծ կառավարությունը անկախություն պահանջեց Ֆրանսիայից, իսկ պաշտոնական Փարիզը թունիսյան իշխանություններին պատասխանեց ճնշամիջոցներով, որոնք ուղղված էին Նեո Դեստուր ազգայնական կուսակցության ակտիվիստների դեմ։ Ֆրանսիական կորպուսի զինվորները սպանեցին ինքնահռչակ վարչապետին և արհմիությունների գլխավոր քարտուղարին։ Նման իրադրություն էր տիրում Ֆրանսիական Միության մյուս հյուսիսաֆրիկյան պետությունում՝ Մարոկկոյում։ 1952 թվականի դեկտեմբերին այստեղ արգելվեց Իստիկլյալի ազգայնական կուսակցության և կոմունիստների գործունեությունը։ Անուղղակիորեն այն ուղղված էր սուլթան Մոհամեդ բեն Յուսեֆի իշխանության տապալմանը։ 1954 թվականին վճռորոշ ապստամբություն տեղի ունեցավ Ալժիրում։ Ազատագրական շարժումը վերաճեց պարտիզանական պատերազմի և Ալժիրում բացվեց ազգային ճակատ։ 1955 թվականին Ֆրանսիայի ազգային ժողովն Ալժիրում հայտարարեց արտակարգ իրադրություն։ Նման ծանր քաղաքական պայմաններում 1956 թվականի փետրվարի 1-ին վարչապետական աթոռն անցավ սոցիալիստ Գի Մոլլեին։ Գի Մոլլեիի անհեռատես քաղաքականության պատճառով Ֆրանսիայի կառավարությունը 1956 թվականի մարտին ստիպված եղավ համապատասխան իրավական փաստաթղթով ճանաչել Մարոկկոյի և Թունիսի անկախություը։ Սակայն իրավիճակն առավել անկայուն էր Ալժիրում, ուր և գերիշխում էր պառակտվածությունը։ Դա պայմանավորված էր Ալժիրում բնակվող եվրոպացիների մեծ թվաքանակով։ Իսլամադավան բնակչության ազգային-ազատագրական շարժման զարգացումը շուտով դարձավ հակամարտության պատճառ։ Գի Մոլլեն այս խնդրի լուծում տեսնում էր ընտրական իրավունքի փոփոխման մեջ, որն էլ Ալժիրի բնակչության տարբեր խավերի համար սահմանում էր հավասար իրավունքներ։ Սակայն սա ևս խնդրին լուծում չտվեց, ընդհակառակը՝ բորբոքեց նոր խռավություններ։ Հունիսին Ալժիր ուղարկվեց 100 հազարանոց ռազմական կորպուս, ինչպես նաև պահեստայիններ։ 1957 թվականի հունվարին պարաշյուտադեսանտային ստորաբաժանումների ղեկավար գեներալ Մասյուն նշանակվեց Ալժիրի նահանգապետ։ Այս քայլից հետո ալժիրյան հարցը կորցրեց իր ռազմական բնույթը և տեղափոխվեց բանակցությունների փուլ։ 1956 թվականի հուլիսին, նոր ձևավորված կառավարությունը պաշտպանեց դիվանագիտական դեմարշը՝ ուղղված Եգիպտոսի ղեկավար Գամալ Աբդել Նասերի դեմ, ով ազգայնացրել էր միջազգային նշանակություն ունեցող Սուեզի ջրանցքը։ Կոշտ եգիպտական արկածախնդրությունը հանգեցրեց նրան, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իսրայելը պատերազմ հայտարարեցին Եգիպտոսին։ Շուտով միացյալ զորքերին հաջողվում է գրավել ամբողջ Սինայան թերակղզին և Գազայի հատվածը։ Միևնույն ժամանակ Նասերի գաղափարների ազդեցության տակ Ադենում նույնպես հասունանում էին հակաբրիտանական տրամադրություններ, որոնք դեռ չէին զգացվում իրադարձությունների ընդհանուր ֆոնի վրա։ Նասերը նաև առաջարկում էր որ Եմենը նույնպես ընդգրկի արաբական միության շարքերը, սակայն Մեծ Բրիտանիան ամեն ձևով խոչընդոտում էր դրան՝ վախենալով կորցնել իր գաղութները։ Գամալ աբդ ալ-Նասերին ի վերջո հաջողվում է իր ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտին։ Նա կարողանում է ազգայնականացնել ո՛չ միայն Սուեզի ջրանցքը, այլ նաև անգլիական և ֆրանսիական բանկերը, ապահովագրական ընկերություններն ու առևտրական կազմակերպությունները։
Ձգտելով գտնել արևմուտքի երկրներին համակշիռ դաշնակից՝ Նասերը սերտ կապեր է հաստատում Խորհրդային Միության հետ։ ԽՍՀՄ-ն դեմ չէր Մերձավոր Արևելքում այդպիսի դաշնակից ունենալ և երբ արևմուտքը Եգիպտոսին արդյունաբերական բլոկադա է հայտարարում, ԽՍՀՄ-ն Եգիպտոս է առաքում այնքան անհրաժեշտ նավթն ու ցորենը, որից հետո ռազմական օգնություն ցուցաբերում արաբական այս երկրին։ Եգիպտոսի դեմ ֆրանսիական ագրեսիայի ձախողումը նպաստեց ֆրանսիացիների դիրքերի էլ ավելի վատացմանը Հյուսիսային Աֆրիկայում։
Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հռչակում և Շառլ դը Գոլի վերահաստատում
խմբագրել1957 թվականին Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Լուքսեմբուրգը, Նիդերլանդները և Արևմտյան Գերմանիան ստորագրեցին Հռոմի պայմանագիրը, որով ստեղծվեց Եվրոպական տնտեսական համագործակցությունը (ԵՏՀ) և մաքսային միությունը։ Նրանք նաև ստորագրեցին այլ պայմանագիր, որով ստեղծվեց Ատոմային Էներգիայի եվրոպական համագործակցությունը (Եվրատոմ)՝ միջուկային էներգիայի համագործակցված զարգացման համար։ Երկու պայմանագրերն էլ ուժի մեջ են մտան մեկ տարի անց՝ 1958 թվականին։ Մինչ այդ երկրում սկիզբ առած խռովությունները, Ալժիրի ճգնաժամը և սոցիալ-տնտեսական անկայունությունը ֆրանսիացիներին ստիպեց հերթական անգամ մտածել իշխանափոխության և նոր վարչակարգի հաստատման մասին։ Նման պայմաններում հերթական անգամ երկրի քաղաքական ասպարեզ բարձրացավ նախկին պաշտոնաթող նախագահ Շառլ դը Գոլը։ 1958 թվականին Շառլ դը Գոլը ստեղծեց նոր քաղաքական կուսակցություն, որը կոչվեց «Հանուն նոր հանրապետության պաշտպանության դաշինք»։ Ընդունված է այս կուսակցությանը համարել գոլիզմի գաղափարների գլխավոր հետևորդը։ Վերափոխված գոլիզմն իրենից ներկայացնում էր գլխավորապես քաղաքական տեսություն, միանգամայն յուրահատուկ և, միևնույն ժամանակ, համապատասխան ֆրանսիացի ժողովրդի ազգային և քաղաքական ավանդույթներին։ Շառլ դը Գոլի ուսմունքում ներդաշնակ էին պետական գործակալությունն ու արմատական գաղափարախոսական պաթոսը, էտատիզմի սկզբունքները և ազգային ինքնորոշման գործոնը, պահպանողականությունն ու սոցիալական ռեֆորմիզմը։ Դը Գոլը «Հզոր Ֆրանսիայի» ստեղծման մեջ կարևորում էր սահմանադրական բարեփոխումների իրագործումը և երկրի սոցիալական խավերի շրջանում կայունության ապահովումը։ 1958 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայի ազգային ժողովը Շառլ դը Գոլին ճանաչեց, որպես երկրի կառավարության նախագահ։ Վերջինիս նախաձեռնությամբ հունիսի 3-ին խորհրդարանն ընդունեց նոր օրենք, որի համաձայն կարճ ժամանակով երկրի նախագահին տրվում էր միահեծան իշխանություն։ Այս քայլով Շառլն իր ձեռքը վերցրեց երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները և կազմեց բարեփոխումների նոր ծրագիր։ Իրեն վստահված լիազորությունները դը Գոլն օգտագործեց սահմանադրության վերանայման համար։ Ընդունվեց նոր օրենք, որի համաձայն համընդհանուր ընտրական իրավունքը ճանաչվեց, որպես իշխանության ձևավորման միակ աղբյուր, տարանջատեց օրենսդիր և գործադիր իշխանությունները, դատական իշխանությանը տրվեց անկախություն և այլն։ Այսպիսով՝ Շառլ դը Գոլի վերահաստատուման հետևանքով 1958 թվականին դադարեց գոյություն ունենալ ֆրանսիական չորրորդ հանրապետությունը։ Հինգերորդ հանրապետության սահմանադրության նախագծման համար գումարվեց կոնսուլտատիվ հանձնաժողով, որի ղեկավար նշանակվեց Միշել Դեբրեիը։
Այն կազմված էր խորհրդարանի երկու պալատների և կառավարության ներկայացուցիչներից։ Սահմանադրության նախագծին հավանություն տվեց երկրի ազգաբնակչության 79,2 %-ը։ Համաձայն Ֆրանսիայի նոր սահմանադրության՝ նախագահը իր լիազորությունների սահմաններում կարող էր երկրում սահմանել արտակարգ դրություն, ինչպես նաև կիրառել միջուկային ռումբ։ 1958 թվականի սահմանադրությունը ստեղծեց իշխանության ռացիոնալ բաժանման համակարգ (նման ձևաչափով էր ստեղծված նաև Ֆրանսիայի երրորդ և չորրորդ հանրապետությունները)։ 1958 թվականի դեկտեմբերին Շառլ դը Գոլը պաշտոնապես հռչակվեց Ֆրանսիայի կիսանախագահական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավար։ Արդյունքում՝ 1959 թվականներին ընդդիմության կողմն անցան նաև մեծ հեղինակություն ունեցող սոցիալիստներն ու արմատականները։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում 1962 թվականին վարչապետ դարձավ Ժորժ Պոմպիդուն։ 1960-ական թվականներին երկրում անցկացվեցին ֆինանսա-տնտեսական ոլորտի բարեփոխումներ, որի արդյունքում 1960 թվականին հին ֆրանկին փոխարինեց նոր ֆրանկը՝ բոլորովին տարբեր հարաբերակցությամբ։ Երկրի ֆինանսական կայունացմանը նպաստեց 1965 թվականին Ֆրանսիայի կառավարության արտաքին պարտքերի վճարումն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Նոր ձևավորված կառավարության վարած պրոտեկցիոնիզմի քաղաքականության առանձնահատկությունը կարելի է համարել աշխարհագրական անհամաչափ արդյունաբերական զարգացման դեմ ուղղված տարածաշրջանային ակտիվ քաղաքականությունը։ Արտաքին քաղաքականության մեջ Շառլ դը Գոլը չէր հարում ո՛չ արևմուտքին և ո՛չ էլ արևելքին։ Այդ ճանապարհի առաջին քայլերից մեկը կարելի է համարել այն, որ 1966 թվականին Ֆրանսիան պաշտոնապես լքեց Հյուսիսատլանտյան դաշինքը՝ երկուստեք կարևորելով այս երկրի չեզոքության պահպանումն արտաքին քաղաքականության մեջ։ Այսպիսով Ֆրանսիան հավակնում էր կառուցվածքային բանակցությունների հենարան դառնալ սոցիալիստական և կապիտալիստական աշխարհի միջև։ Այս իրողությունը նպաստեց ֆրանս-խորհրդային հարաբերությունների կայունացմանն ու բարգավաճմանը, ինչպես նաև միջկառավարչական ակտիվ կապերի հաստատմանը։ 1966 թվականին ֆրանսիական պատվիրակությունը՝ նախագահ Շառլի գլխավորությամբ, պաշտոնական այց կատարեց Մոսկվա։ Նույն թվականին Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, որպես անկախ պետություն (առաջին արևմտյան երկիրը)։ 20-րդ դարի աշխարհամարտերի հետևանքով առաջացած խառնակ իրադրությունը ստիպեց Ֆրանսիայի կառավարությանը լուրջ քայլեր ձեռնարկել երկրի ազգային անվտանգության ապահովման համար։ 1963 թվականին ձախողվեց միջուկային դաշինքի մեջ մտնելու ֆրանսիացիների ծրագիրը։ Այնուամենայնիվ 1964 թվականի հուլիսին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շառլ դը Գոլը հանդիսավոր կերպով հայտարարեց այն մասին, որ Ֆրանսիան իր զինանոցում ունի միջուկային զենք։ 1965 թվականին Ֆրանսիան լքեց ՍԵԱՏՕ-ն և ապա ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող մյուս ռազմաքաղաքական կազմակերպությունները։
Ֆրանսիայի գաղութային վարչակարգի անկում
խմբագրելԳաղութների նկատմամբ Շառլ դը Գոլը վարում էր փոխզիջման քաղաքականություն՝ կարևորելով փոխարդյունավետ տնտեսական համագործակցությունը նոր ձևավորվող «Երրորդ աշխարհի» երկրների հետ։ Նա նպատակ ուներ ստեղծել կարծրատիպ, համաձայն որի Ֆրանսիան պատրաստ է աջակցել կայունացման ուղին բռնած ցանկացած երկրի։ 1958 թվականին ընդունված օրենքները Ֆրանսիայի դաշնությունը դարձրեցին ընկերակցություն, որն իր մեջ ընդգրկում էր մի շարք ինքնավար պետություններ, որոնք էլ իրենց հերթին լրիվ անկախություն ստանալու իրավունք ունեին։ Այսպիսով՝ գաղութների մի մասը որոշեցին Ֆրանսիայի կազմում մնալու կամ չմնալու հանգամանքը պարզել համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Միակ պետությունը Գվինեան էր, որը 1958 թվականի հոկտեմբերի 1-ին հռչակեց իր անկախությունը՝ առանց հանրաքվե անցկացնելու։ Երկրի ստատուս քվոյի փոփոխությունն անգամ չփրկեց Ֆրանսիային գաղութային վարչակարգի կործանումը։ Իմպերիալիզմի գաղութային սիստեմի քայքայման պայմաններում Ֆրանսիայի աֆրիկյան գաղութների մեծ մասն անկախացման ուղին բռնեցին։ 1960 թվականի փետրվարի 13-ին Ֆրանսիան առաջին անգամ օգտագործեց ատոմային զենք՝ ռմբահարելով Սահարան։ Այս քայլով ֆրանսիական կառավարությունը նպատակ ուներ նախազգուշացնող ազդակ ուղարկել «Սև մայրցամաքի» անկախություն ձգտող երկրներին։ Չնայած այս ամենի՝ միջուկային զենքի սպառնալիքը ևս չկոտրեց աֆրիկյան պետությունների ազատատենչ ձգտումները։ Առաջինն անկախացան կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի գաղութները։ 1960 թվականին իրենց անկախ հռչակեցին Կամերունը, Տոգոն, Սենեգալը, Բուրկինա Ֆասոն, Գաբոնը և Մավրիտանիան։ Մի քանի ամիս անց անկախ երկրների ստեղծման մասին հռչակագրերով հանդես եկան նաև Մալիի, Մադագասկարի, Դահոմեայի (1975 թվականին վերանվանվել է Բենին), Նիգերի, Փղոսկրի ափի (շուտով վերանվանվել է Կոտ դ'Իվուար), Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության և Կոնգոյի Հանրապետության կառավարությունները։ Այսպիսով՝ միայն 1960 թվականին Ֆրանսիայից անկախացավ 14 աֆրիկյան գաղութ։ Անկախացման շարժումը տարածվեց նաև աֆրիկայի մյուս գաղութներում։ Շուտով Սոմալիլենդը, Նիգերիան և Գանան անկախացան Մեծ Բրիտանիայից, իսկ Կոնգոյի մի հատվածը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անվան տակ՝ Բելգիայից։ Աֆրիկա մայրցամաքում տեղի ունեցած դարակազմիկ իրադարձությունների պատճառով 1960 թվականը կոչվեց «Աֆրիկայի տարի»։ Առավել բռնկուն էր իրադրությունը Ալժիրը։ 1959 թվականին Ֆրանսիան ստիպված եղավ ընդունել Ալժիրի ինքնորոշման իրավունքը։ Դրան հաջորդեց զանգվածային խռովությունների ալիքը մայրաքաղաքում։ Աջակողմյան ոչ ընդդիմադիր շատ քաղաքական գործիչներ սկսեցին կասկածել իրենց ընտրության մեջ և լքեցին դը Գոլի կառավարությունը։ Ֆրանսիայի նախագահի տված արտոնությունները ալժիրցիները որոշեցին դարձնել առաջին քայլն անկախ պետության ստեղծման ճանապարհին։ 1960 թվականի հունվարին մի խումբ արաբ ուսանողներ ապստամբություն բարձրացրեցին մայրաքաղաք Ալժիրի փողոցներում։ Ծայրահեղ գաղութատիրական ուժերի դեմ խռովությանը շուտով ճնշվեց կառավարությանը հավատարիմ զորքերի կողմից։ «Աֆրիկայի տարվա» ընթացքում Ֆրանսիայից անկախացան 17 գաղութներ, սակայն Ալժիրը դրանց թվում չէր։ Ոչ այնքան ինտենսիվ պատերազմից հետո նույն տարվա ամռանը սկսվեցին առաջին բանակցությունները Ֆրանսիայի իշխանությունների և Ալժիրի ժամանակավոր կառավարության միջև։ Սակայն երկարատև այս բանակցություններն անգամ վերջնականապես չլուծեցին Ալժիրի հիմնահարցը։ 1961 թվականի հունվարի 8-ին երկրում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում երկրի բնակչության 75 %-ը կողմ քվեարկեց անկախությանը։ 1962 թվականի Էվիանի համաձայնագրերով Ֆրանսիա փաստացիորեն ճանաչեց Ալժիրի անկախությունը։
Աշխարհաքաղաքական իրադրությունը Ֆրանսիայում Սառը պատերազմի տարիներին
խմբագրել- Տե՛ս նաև․ Սառը պատերազմ
1960-ական թվականների կեսին աշխարհում ստեղծված ուժերի նոր հարաբերակցության սթափ գնահատումը, միջիմպերիալիստական հակասությունների սրումը էական տեղաշարժեր առաջացրին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվել էր աշխարհաքաղաքական մի այնպիսի իրադրություն, երբ քաղաքական ասպարեզից ժամանակավորապես հեռացել էին Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան։ Մեծ Բրիտանիան արևմուտքի առաջատար տերության կարգավիճակը զիջել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ պատերազմների հետևանքով կազմալուծված Ֆրանսիան այլևս չէր կարող պահպանել նախկին՝ Վերսալ-վաշինգտոնյան աշխարհահամակարգում ունեցած իր ազդեցիկ դերը։ Հաղթող պետություններից գերակշիռ դիրք ստացան ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, որոնք դարձան համաշխարհային քաղաքականության նոր կենտրոններ։ Եվրոպակենտրոն աշխարհը մնաց անցյալում, ավելին՝ Եվրոպան ինքը դարձավ ամերիկյան և խորհրդային ազդեցության ոլորտների բաժանման տարածաշրջան։ Սառը պատերազմի ժամանակաշրջանի բնորոշ կողմերից էր զենքի նորագույն տեսակների՝ հատկապես զանգվածային ոչնչացման զենքի, պատերազմի վարման եղանակների կատարելագործման մրցավազքը։ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը տարեկան միլիարդավոր դոլարներ էին ծախսում սպառազինությունների ասպարեզում հակառակորդին գերազանցելու նպատակով։ 1949 թվականին Ֆրանսիայի դաշնակից ԽՍՀՄ-ը նույնպես ստեղծեց ատոմային զենք, իսկ չորս տարի անց փորձարկեց աշխարհում առաջին ջերմամիջուկային ռումբը։ ԱՄՆ-ում ստեղծվեցին ռազմավարական ռմբակոծիչներ, իսկ ի պատասխան դրան ԽՍՀՄ-ում՝ միջմայրցամաքային հրթիռներ։ Տիեզերքի նվաճումից հետո մրցավազքը տեղափոխվեց նաև այս ոլորտ։ Հետագայում միջուկային զենքին տիրապետող տերություններ դարձան նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը (հետսառըպատերազմյան շրջանում նաև Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը)։ Շուտով Ֆրանսիան անսպասելիորեն փոխեց իր քաղաքակակնությունը՝ դառնալով սոսկ արևելամետ պետություն։
Ֆրանսիա դեմ արտահայտվեց Արևմտյան Գերմանիայի մասնակցությամբ բազմակողմ «միջուկային ուժերի» ստեղծմանը, 1966 թվականին դուրս եկավ ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությունից և վերացրեց իր տարածքում եղած ամերիկյան բազաները։ Այս հանգամանքը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես պատերազմող կողմ, ներքաշվել էր Վիետնամի ռազմական գործողություններին։ Ամերիկա-ֆրանսիական հարաբերություններն առավել սրվեցին այն բանից հետո, երբ Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվեց Միացյալ Նահանգների հրահրած արաբա-իսրայելական պատերազմում սատարել Իսրայելին՝ աջակցություն ցուցաբերելով հակահրեական կոալիցիայի անդամ երկրներին, որոնց մեծ մասը Ֆրանսիայի նախկին գաղութներն էին (Եգիպտոսի թագավորություն, Սիրիա, Անդրհորդանան, Լիբանան, Իրաքի թագավորություն և այլն)։ 1968 թվականին Ֆրանսիան դադարում է զինամթերք մատակարարել պատերազմող Իսրայելին։ 1965 թվականի Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից գումարված ժողովը կոչված էր լուծելու Մերձավոր Արևելքում ստեղծված խառնակ իրադրությունը։ Ֆրանսիական պատվիրակությունն անթաքույց կերպով հանդես եկավ իսրայելական պետության դեմ՝ միաժամանակ մեղադրելով ԱՄՆ-ին ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև Դոմինիկյան Հանրապետությունում և Վիետնամում ապօրինի գործողություններ իրականացնելու մեջ, վերջինիս պաշտոնապես անվանելով ագրեսոր։ Այս շրջանում միաժամանակ բարելավվեցին Ֆրանսիայի հարաբերությունները սոցիալիստական համագործակցության երկրների հետ (1966 թվականին Շառլ դը Գոլի ԽՍՀՄ կատարած այցելությանը հաջորդեցին խորհրդա-ֆրանսիական քաղաքական մերձեցում, տնտեսական գիտատեխնիկական մշակութային համագործակցության աշխուժացում և այլն)։ Դրա վառ ապացույցը դարձավ այն, որ 1964 թվականին Ֆրանսիան իրավականորեն ճանաչեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։
Մայիսյան իրադարձությունները և դրա հետևանքները Ֆրանսիայում
խմբագրել1960-ականների սկզբին իրադրությունը Ֆրանսիայում բավականին անկայուն էր։ Ալժիրյան ճգնաժամի ավարտից և Աֆրիկայի գաղութների անկախացումից հետո Շառլ դը Գոլը կորցրեց իր հեղինակությունը, և չնայած իր կատարած տնտեսական և քաղաքական բարեփոխումներին՝ ֆրանսիացիների մի մասը վատ էին տրամադրված նրա հանդեպ։ 1967 թվականի ընտրություններից հետո Ֆրանսիայի խորհրդարանը դատարկվեց նախկինում մեծամասնություն կազմող գոլական պատգամավորներից։ Հակառակ դրան՝ ավելացան սոցիալիստները։ Շառլ դը Գոլի անցկացրած բարեփոխումներն ուղղված էին երկրի ազգային տնտեսության կայունացմանը, սակայն ոչ մի կերպ չէին փոփոխում բնակչության կենսամակարդակը և գործազրկության ցուցանիշը։ Այս ամենի ֆոնի վրա՝ 1968 թվականի մայիսին Փարիզում սկսվեց քաղաքացիական անհնազանդություն։ Ցույցերը սկսվեցին մայիսի 3-ին՝ ուրբաթ՝ Սորբոնի համալսարանի ուսանողների կողմից։ Սորբոնի բակում էին հավաքվել շուրջ 400 ուսանողներ, որոնք պայքարում էին երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակի նվազեցման համար։ Շուտով Փարիզի ակադեմիայի ռեկտորը և ուսանողական խորհրդի նախագահը պահանջեցին վերականգնել կարգ ու կանոնը՝ հեռացնելով անհնազանդներին։ Այդ օրը Սորբոնից բռնի ուժուվ տարհանվեցին հարյուրավոր ցուցարարներ, իսկ դեպքերի ավարտին 574 մարդ ձերբակալվեց, այդ թվում Ժակ Սովաժոն, ով գլխավորում էր «Ուսանողների ազգային միությունը»։ Մայիսի 6-ին նման իրադարձություններ տեղի ունեցան նաև Նանտի համալսարանում։ Ութ ուսանողներ, այդ թվում Դանիել Կոն-Բենդին և Ռենե Ռիսելը, կանչվեցին կարգապահական հանձնաժողով։
Որոշ դասախոսներ ուղեկցեցին նրանց՝ ի նշան աջակցության։ Ուսանողները անմիջապես արձագանքեցին ցույցը բռնի ուժով դադարեցնելու ոստիկանության որոշմանը։ Նրանք սկսեցին սալաքարեր նետել ոստիկանների ուղղությամ և բարիկադներ կառուցել։ Այս իրադարձություններով վերսկսվեց ցուցարարների կալանավորումը, որով սկիզբ դրվեց ազատական կարգախոսների ստեղծմանը։ Բախումների ընթացքում շուրջ 300 ոստիկան վիրավորվեց և 422 ցուցարար ձերբակալվեց։ Կոմունիստական կուսակցության որոշ ձախակողմյան կազմակերպութունների անդամներ որոշեցին չաջակցել ցուցարարներին. ըստ նրանց, հեղափողությունը սկսվում է բանվորներից, այլ ոչ թե ուսանողներից, իսկ մարտի 22-ի դեպքերի մասնակիցների պահանջը որակեցին «երեխայական», սակայն մի փոքր երկմտելուց հետո նրանք որոշեցին օժանդակել ցուցարարներին։ Շուտով ապստամբությունը սկսեց կրել համաժողովրդական բնույթ, և արդեն մայիսի 13-ին ցուցարարների ընդհանուր թիվը գերազանցում էր 10 միլիոնը։ Մայիսյան իրադարձություններին հակազդելու պատասխանատվությունն ընկած էր վարչապետ Ժորժ Պոմպիդուի ուսերին, քանի որ այս դեպքերի ընթացքում նախագահ Շառլ դը Գոլն աշխատանքային այցով մեկնել էր Ռումինիա։ Ժորժը չեղարկեց իր պաշտոնական այցերը դեպի Աֆղանստան, որպեսզի գտնի իրավիճակի հանգուցալուծումը։ Շուտով նրան միացավ նաև երկրի նախագահը։ Փորձելով կայունացնել քաղաքական դրությունը՝ դը Գոլը ցրեց երկրի օրենսդրությունը՝ պատրաստվելով արտահերթ ընտրությունների։ Մայիսյան իրադարձությունները երկրի ղեկավարությանը ստիպեց համախմբվել։ 1968 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրություններում գոլականները դաշինքի մեջ մտան անկախ հանրապետականների հետ։ Նույն ամսում վարչապետի պաշտոնը Ժորժ Պոմպիդուից անցավ Կով դը Մյուրվիլին։ Իր դիրքերն առավել ամրապնդելու համար դը Գոլը երկրում անցկացրեց հանրաքվե, սակայն ձախողվեց։ Դը Գոլի քաղաքական գործունեությունն ավարտվեց 1969 թվականին, երբ սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքվեում ձախողվեց։ Դը Գոլը առանց վարանելու հրաժարական տվեց և ընդմիշտ հեռացավ քաղաքականության ասպարեզից։ Նորագույն շրջանի Ֆրանսիայի պատմության կերտման գործում մեծ ավանդ ունեցած քաղաքական գործիչը մահացավ դրանից մեկ տարի անց՝ 1970 թվականի նոյեմբերի 9-ին, Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ գյուղում՝ թղթախաղ խաղալու ժամանակ։ 1969 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ երկրի նախկին վարչապետ Պոմպիդուն՝ ստանալով ամբողջ ձայների 57,6 %-ը։ Վարչապետի պաշտոնը ստանձնեց Շառլ դը Գոլի մերձավոր դաշնակից Ժաք Շաբան-Դելմասը։ 1970 թվականին վարչապետի կողմից ընդունվեց աշխատավարձի ամենամյա ինդեքսացման մասին օրենքը։ Նոր կառավարության օրոք, ինչպես մյուս արևմտյան երկրները, այնպես էլ Ֆրանսիան, մոտենում էր արտադրության արդյունաբերական համակարգի կառուցվածքային ճգնաժամին։ Իր իշխանությունն առավել ամրապնդելու համար նախագահ Պոմպիդուն սկսեց երկրից մաքրել դը Գոլի հետևորդներին և չխնայեց նույնիսկ վարչապետ Շաբան-Դելմասին։ Ինչպես նախկին, այնպես էլ նոր կառավարության օրոք, Ֆրանսիան շարունակեց մերձենալ երրորդ աշխարհի երկրների հետ։ Ֆրանսիան սերտ կապեր հաստատեց հատկապես Եգիպտոսի և Իրաքի թագավորության հետ, ինչպես նաև դիվանագիտական կապեր ստեղծեց Չինաստանի հետ՝ անձամբ այցելելով Պեկին։ Ժորժ Պոմպիդուն, հրաժարվելով իր նախորդների որդեգրած արևելյան կողմնորոշումից, փորձեց Ֆրանսիան վերստին դարձնել արևմտամետ պետություն։ Սակայն միակ բանը, որ նա կարողացավ անել, եղավ այն, որ նրա նախագահության օրոք Ֆրանսիան կրկին դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Կիսատ թողնելով իր սկսած գործը՝ 1974 թվականի ապրիլի 2-ին նա մահացավ։
Ժամանակակից պատմություն
խմբագրելՖրանսիան 20-րդ դարի 80-ական թվականներին
խմբագրել1980-ական թվականների սկզբին Ֆրանսիայում սկսված տնտեսական ճգնաժամը, աճող գործազրկությունը և դասակարգային հակասությունների սրումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին ձախակողմյան ուժերի (կոմունիստներ, սոցիալիստներ և այլն) հաղթանակի համար։ 1981 թվականին նախագահ դարձավ սոցիալիստ Ֆրանսուա Միտտերանը՝ առաջ անցնելով Վալերի Ժիսկար դ'Էստենին։ 1981 թվականին նախագահ դարձավ սոցիալիստ Ֆրանսուա Միտտերանը, Մորուայի կառավարության մեջ մտան (մինչև 1984 թվականի հունիսը) 4 կոմունիստ նախարարներ, ազգայնացվեցին մի շարք մասնավոր բանկեր, արդիական որոշ ընկերություններ, բարձրացվեցին նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, նպաստները, ինչպես նաև ստեղծվեցին նոր աշխատատեղեր։ Ֆրանսիական կառավարությունը երկրի տնտեսական զարգացման առջև ծառացած խնդիրների լուծումը գտավ տնտեսության ազգայնացման մեջ։ Այս բարեփոխումներից հետո պետությունը սկսեց գերակայել էներգետիկայի, բիոարտադրությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Այնուամենայնիվ, երկիրը տարին ավարտեց եկամտի դիֆիցիտով․ երկրում մեծ ծավալներ էր ընդունում նաև դրամական արտահոսքը։ Միայն 1981 թվականին Ֆրանսիայից արտասահման դուրս է բերվել 7,5 միլիարդ ֆրանկ։ Մորուայի վարած կոշտ ֆինանսատնտեսական քաղաքականության պատճառով 1981 թվականին Ֆրանսիան հերթական անգամ դարձավ ճգնաժամի թիրախակետ։ Ճգնաժամի պայմաններում երկրի կառավարությունը շարունակեց իր որդեգրած քաղաքականությունը։ Նախ և առաջ կտրուկ վատթարացավ վճարային հաշվեկշիռը և ապա դևալվացիայի ենթարկվեց արդեն իսկ արժեքազրկված ֆրանկը։ Այս իրադարձությունների ընդհանուր ֆոնի վրա նկատվեց բնակչության կենսամակարդակի ցուցանիշի կտրուկ անկում։ Շուտով պետական ձեռնարկատիրությունների ֆինանսավորման համար սկսեց օգտագործվել մասնավոր կապիտալ։ Ֆրանսիայի տնտեսական անկայունությունը շարունակվեց մինչև հաջորդ տասնամյակի սկիզբը։
Ֆրանսուա Միտերանի վարած արտաքին քաղաքականությունը հիմնված էր արևմուտքի հետ լավ հարաբերությունների վրա։ Նրա կառավարման տարիներին բարելավվեցին Ֆրանսիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմական և քաղաքական ոլորտից վերաճեցին մինչև նորագույն տեխնոլոգիաների բնագավառ։ Միտերանը կողմ արտահայտվեց արևմտաեվրոպական տարածաշրջանում ամերիկյան միջուկային հրթիռների տեղադրմանը։ Երկարամյա դադարից հետո՝ 1983 թվականին, Ֆրանսիայի կառավարության նախաձեռնությամբ գումարվեց Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական նիստը։ Կառավարության որդեգրած արևմտամետ դիրքորոշմանը հաջորդեց ԽՍՀՄ-ի նկատմամբ կոշտ քաղաքականության իրագործումը։ Ֆրանսիան ամբողջությամբ կիսելով արևմտյան երկրների պահանջները ԽՍՀՄ-ին հորդորեց դուրս բերել կարմիր բանակը Աֆղանստանից և Լեհաստանից, ինչպես նաև կրճատել արևմտաեվրոպական երկրներում տեղակայված խորհրդային զորքերի քանակը։ Այս ժամանակահատվածում Ֆրանսիան աշխարհի հինգերորդ ամենաազդեցիկ երկիրն էր՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից և Արևմտյան Գերմանիայից հետո։
Քաղաքական նման խառնակ ժամանակահատվածում գնալով թուլացավ ֆրանսիական ազդեցությունը երրորդ աշխարհի երկրներում։ Դա պայմանավորված էր չադ-լիբիական պատերազմում Ֆրանսիայի որդեգրած երկդիմի քաղաքականությամբ։ Հետևելով ատլանտյան քաղաքական կուրսին՝ Ֆրանսիան բարեկամական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ, որը սրեց ֆրանս-արաբական հարաբերությունները։ Մերձավոր Արևելքում սկիզբ առան հակաֆրանսիական տրամադրություններ, որի արդյունքում միևնույն թվականին Սիրիան խզեց հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Ֆրանս-սիրիական երկկողմ բանակցությունները վերստին սկսեցին 1984 թվականին, որի արդյունքում՝ Ֆրանսիան հրաժարվեց Իսրայելին աջակցելուց։ Մեծ Բրիտանիայի հարկադրմամբ Ֆրանսիան դուրս բերեց իր զորքերը Լիբանանից և այն փոխարինվեց ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերով (երկնագույն զինագլխարկներով)։ Արևմտամետ քաղաքականության ձախողումից հետո Ֆրանսիան իր հայացքները շրջեց դեպի արևելք՝ վերստին կապեր հաստատելով Խորհրդային Միության հետ։ 1984 թվականին Միտտերանը աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ խորհրդա-ֆրանսիական հարաբերությունները նոր ընթացք ստացան։ Նույն տարում Փարիզ այցելեց նաև ԽՍՀՄ կենտկոմի քարտուղար Միխայիլ Գորբաչովը։ Իր հայտարարություններում Ֆրանսուա Միտտերանը անուղղակիորեն հայտարարեց, որ պատրաստ է հանձն առնել խորհրդա-ամերիկյան երկխոսությունը։
Ֆրանսիական քաղաքականությունը 20-րդ դարի վերջին տասնամյակում
խմբագրել20-րդ դարի վերջին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և դիվանագիտության մեջ կարևոր դեր էին խաղում եվրոինտեգրման խնդիրները։ Այդ խնդիրների լուծման ճանապարհին Ֆրանսիան գիտատեխնիկական ոլորտի համագործակցություն սկսեց Արևմտյան Գերմանիայի հետ, ինչպես նաև աջակցեց Իսպանիային և Պորտուգալիային ԵՄ անդամակցության հարցերում։ Արևմտյան Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլի հետ համագործակցության շրջանակներում ֆրանսիական կառավարությունը կարողացավ Եվրոպական Միությունը հասցնել կոնցեպցիայի նախապատրաստման վերջին փուլին։ 1986 թվականին Ֆրանսիայում տեղի են ունենում հերթական խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում երկրի օրենսդիր մարմնի ղեկը ստանձնում է հանրապետական կողմնորոշում ունեցող Ժակ Շիրակը։ 20-րդ դարի վերջին Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից էր նաև ԽԱՀՄ-ի հետ սերտ հարաբերությունների պահպանումը։ Չնայած Արևմտյան Գերմանիայի հետ ունեցած սերտ կապերին՝ նախագահ Ֆրանսուա Միտտերանը աշխատանքային այց կատարեց դեպի Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվեց ֆրանս-արևելագերմանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մի շարք հարցեր։ Ֆրանսիան հեռատեսական քաղաքականություն էր վարում նայի Արաբական աշխարհում։ Շուտով արաբական երկրներում շոկ առաջացրեց նախագահի ընդունած այն որոշումը,որով արգելեց Լիբիայի ռմբակոծման համար Տրիպոլի մեկնող ամերիկյան ինքնաթիռներին մուտք գործել Ֆրանսիայի օդային տարածք։ Շուտով Միտտերանը որդեգրեց փոխզիջման քաղաքականություն, որի արդյունքում վարչապետ Շիրակը ստացավ մի շարք արտոնություններ։ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ ֆրանսիական բանակը վերստին սկսեց ռազմական գործողությունները Չադում։ Ժակ Շիրակի պաշտոնավարումը շրջադարային եղավ ֆրանս-իրանական հարաբերությունների համար, քանի որ վերջինիս վարած քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ 1987 թվականին պաշտոնական Թեհրանը խզեց հարաբերությունները Փարիզի հետ։ 1990 թվականին՝ ընտրությունների նախաշեմին, վերստին ակտիվացավ ընդդիմությունը։ Պատճառը՝ գործարար ակտիվության պակասի հետևանքով առաջացած ճգնաժամի նախանշաններն էին։ 1991 թվականի մայիսին վարչապետի աթոռը զբաղեցրեց իգական սեռի ներկայացուցիչ Էդիթ Կրեսոնը, ով պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի՝ մինչև մյուս տարվա ապրիլի 2-ը։
20-րդ դարի վերջին տասնամյակում ֆրանսիական դիվանագիտության առջև ծառացան նոր խնդիրներ։ Դա հիմնականում պայմանավորված էր սոցիալիստական ճամբարի երկու դաշնային երկրների՝ Խորհրդային Միության և Հարավսլավիայի փլուզմամբ։ Նախքան աշխարհաքաղաքական շրջադարձային այս իրադարձությունները՝ ֆրանսիական կառավարությունը սատարում էր գորբաչովյան ղեկավարությանը՝ ուշադրություն չդարձնելով Բորիս Ելցինի հեռատես քաղաքականությանը։ 1992 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց, աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը մեկնում է Փարիզ։ Երկարատև բանակցություններից հետո երկու երկրների միջև ստորագրվեցին գործընկերության և բարեկամության մի շարք փաստաթղթեր։ Հարավսլավիայի փլուզումից հետո Ֆրանսիան դրական կեցվածք ընդունեց անջատողական երկրների նկատմամբ։ Նախագահ Միտտերանը խտրականապես դեմ արտահայտվեց Բոսնիա և Հերցեգովինայի զինված պայքարին ֆրանսիական բանակի մասնակցությանը։ Հետաքրքրական է նաև այն, որ լուրջ վտանգի առկայության պարագայում Միտտերանը մեկնեց պաշարված Սարաևո և բանակցություններ վարեց տեղի ներկայացուցչությունների հետ։ Ֆրանսիան նաև հրաժարվեց ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում մասնակցել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի ռմբակոծմանը։ Քաղաքական նման ոլորանում Ֆրանսիան փորձում էր ռազմական ներկայացուցչությունների միջոցով պահպանել իր ազդեցությունը Աֆրիկայում։ Բոլորովին այլ էր իրադրությունը Արաբական թերակղզում։ ՆԱՏՕ-ի հետ հերթական մերձեցումից հետո Ֆրանսիան ստիպված եղավ մասնակցել Իրաքի դեմ մղվող բոլոր ռազմական գործողություններին։ Սկզբնական շրջանում ֆրանսիական բանակի գործողությունները ուղղված էին բացառապես իրաքյան բանակից Քուվեյթի ազատագրմանը, սակայն ամերիկյան դիվանագիտության ճնշման տակ Ֆրանսիան ստիպված եղավ վերանայել իր նախնական որոշումները։ Այս իրադարձությունների ֆոնի վրա 1992 թվականին Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև բռնկվեց այսպես կոչված առևտրային պատերազմ, որի արդյունքում երկու երկրների միջև հարաբերությունները սառեցվեցին։ Խորհրդանշական էր հատկապես Կուբայի և Ֆրանսիայի միջև կառուցողական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը։ 1992 թվականին երկրում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում երկրի բնակչության 51 %-ը կողմ քվերակեց Ֆրանսիայի Եվրոպական Միությանն անդամակցությանը։
Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի նախագահության տարիներ
խմբագրելՄիացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև բռնկված հեռահար պատերազմը վատթարացրեց նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Նախ և առաջ ֆրանսիական կառավարությունը խստորեն դատապարտեց ՆԱՏՕ-ի զորքերի կողմից Սերբիայի ռմբակոծությունները և հետո ամեն կերպ փորձեց կասեցնել այն։ 1995 թվականի մայիսի 17-ին նախագահ է ընտրվում երկրի վարչապետ Ժակ Շիրակը։ Հետևելով իր նախորդների կողմից ստորագրած Մաաստրիխտի պայմանագրի դրույթներին՝ Շիրակը շարունակեց աջակցել Եվրոպայում կառուցողական աշխարհահամակարգերի ստեղծմանն ու Եվրոպական ընկերակցության ընդլայնմանը։ Շիրակի նախագահության տարիներին Ֆրանսիան անցում կատարեց նոր արժութային միավորի՝ եվրոյի, որը 1999 թվականին փոխարինեց ֆրանկին։ Վերջինիս վարած քաղաքականության շնորհիվ բարելավվեցին Մեծ Բրիտանիայի հետ լարված հարաբերությունները։ Սակայն, բրիտանա-ֆրանսիական հարաբերությունները հերթական անգամ լարվեցին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից համատեղ իրականացվող «Աղվեսն անապատում» ռազմագործողության հետևանքով։ Իրաքի դեմ Միացյալ Նահանգների հրահրած պատերազմական գործողությունները պառակտում մտցրեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների շրջանում։ Մեծ Բրիտանիան սկսեց զինակցել ԱՄՆ-ին, իսկ Ֆրանսիան՝ ընդհակառակը և երկու երկրների հակադիր կողմնորոշումները հերթական անգամ աղետաբեր եղավ վերջիններիս երկկողմ հարաբերությունների համար։ Ժակ Շիրակի նախագահության տարիներին բարեկամական հարաբերություններ հաստատվեցին Ֆրանսիայի և Հեռավոր Արևելքի երկու տնտեսական հսկաների՝ Չինաստանի և Ճապոնիայի միջև։ 1996 թվականին Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով մեկնեց Տոկիո, որից հետո 1998 թվականին Ճապոնիայում հայտարարվեց Ֆրանսիայի տարի։ Չինաստանի և Ֆրանսիայի միջև ակտիվ դիվանագիտական կապեր հաստատվեցին 1996-1997 թվականներին՝ վարչապետ Լի Փենի Փարիզ կատարած այցից հետո։ Չինաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունները տեղի էին ունենում գլխավորապես ավիաշինության, տիեզերական տեխնոլոգիաների և արդյունաբերական օբյեկտների շինարարության բնագավառում։ Այս տարիներին ֆրանս-չինական հարաբերություններն այնքան սերտացան, որ Ֆրանսիան նույնիսկ չպաշտպանեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձևը, որը քննադատում էր այդ ոլորտում չինական կառավարության վարած քաղաքականությունը։ 1997-1998 թվականներին ֆրանս-արաբական հարաբերությունները բռնեցին կայունացման ուղին։ Նախագահի վարած բանակցությունների շնորհիվ Ֆրանսիան սկսեց սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին և Սիրիային, որը միլիոնավոր եվրոներ բերեց պետական գանձանակին։
Արաբական երկրների հետ սերտ կապերը սրեցին ֆրանս-իսրայելական երկկողմ հարաբերությունները. 20-րդ դարի վերջին տասնամյակում այդ հարաբերություններն էլ ավելի վատթարացան, իսկ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Թել Ավիվ կատարած այցը քիչ էր մնում հանգեցներ դիվանագիտական ճգնաժամի։ Շիրակի նախագահության տարիներին պաշտոնական Փարիզը կոշտ քաղաքականություն իրականացրեց Ռուսաստանի նկատմամբ, որը փոքրիշատե բարելավեց վերջինիս հաջորդների օրոք։ 2002 թվականին տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները, որի ժամանակ Ժակ Շիրակը վերընտրվում է երկրի ղեկավարի պաշտոնում։ 2000 թվականին երկրում անցկացվում է հանրաքվե, որին մասնակցում է երկրի բնակչության ոչ ավելի քան 30 տոկոսը։ Նիկոլա Սարկոզիի նախագահության տարիների առանցքային հարցերից էին սևամորթ ֆրանսիացիների, ֆրանսաբնակ արաբների և ներգաղթյալների հիմնախնդիրները։ Այս խնդրի ֆոնի վրա երկրում տեղի են ունենում զանգվածային անկարգություններ և ահաբեկչություններ։ 2007 թվականի մայիսի 16-ին նախագահի պաշտոնը ստանձնում է Նիկոլա Սարկոզին, ով եղել է Հունգարիայից Ֆրանսիա գաղթած ազնվական ընտանիքի զավակ։ Նա ընտրվում է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 85 %: Նիկոլա Սարկոզին նպաստել է Ֆրանսիայի եվրոինտեգրման գործընթացներին, սակայն անգամ դա չի խանգարել նրան, որ ֆրանսիացիները դեմ քվեարկեն նրա ընդունած սահմանադրական նախագծին։ Նրա նախագահության տարիներին Ֆրանսիայի Հանրապետությունը ընդունում է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենք՝ դատապարտելով 1915 թվականին թուրքական կառավարության կողմից հայերի նկատմամբ տեղի ունեցած վայրագությունները։ 2007 թվականի մայիսին վարչապետի պաշտոնը ստանձնում է Հանրապետական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը։ Նա հանդես է գալիս այդ պաշտոնում մինչև 2012 թվականի մայիսի 15-ը։
Ֆրանսիան 2010 թվականից ի վեր
խմբագրել2010 թվականին անկախության ռեֆերենդումներ են անցկացվում Ֆրանսիայի Մարտինիկա անդրծովյան տարածքում և Ֆրանսիական Գվիանայի գաղութում։ Երկու դեպքում էլ ժողովուրդը քվեարկում է հօգուտ Ֆրանսիայի կազմում մնալուն։ 2012 թվականին երկրում անցկացվում են նախագահական ընտրություններ, որտեղ հաղթանակ է տանում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը՝ առաջ անցնելով գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին և ազգային ճակատ կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ «Միջին քարե դարի աշխատանքային գործիքներ՝ Սմիթսոնյան ինստիտուտ, ամերիկյան գիտահետազոտական և մշակութային խոշոր կենտրոն». humanorigins.si.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Քարեդարյան արվեստը Գալիայում։ Գալիան՝ հնագույն մարդկանց քաղաքակրթությունների կենտրոն» (PDF).
- ↑ «Ժամանակակից մարդկանց էվոլյուցիան՝ Վաղ մարդկային քաղաքակրթությունները Եվրոպայում». anthro.palomar.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «OLogy». www.amnh.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Եվրոպացիների բնակչության դինամիկ փոփոխությունները վերջին սառցե դարաշրջանի ավարտից հետո». www.mpg.de. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Կելտերի պատմություն». Live Science. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Հունական գաղութացում». Ancient History Encyclopedia. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Հին հույները հարավային Ֆրանսիայում և Մարսելում». HistoryDisclosure.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Հունական գաղութացում». earlyworldhistory.blogspot.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ nationsonline.org, klaus kästle -. «Ֆրանսիայի քաղաքներ». www.nationsonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Tsatsou, Marianna. «Մարսելում հայտնաբերվել է հին հունական գերեզմանոց». Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.