Ֆրանսերենը Շվեյցարիայում

Ֆրանսերենը Շվեյցարիայում տարածված է տեղական պատուա բարբառի և գրական ֆրանսերենի տեսքով։ Օյլ բարբառախմբին պատկանող բարբառները և պրովանսաֆրանսերենը Շվեյցարիայում արդեն սահմանափակ կիրառություն ունեն, չնայած Ռոմանդիայի (ֆրանսիական Շվեյցարիա) տարեց բնակիչները շարունակում են պահպանել տեղի բարբառները, և նոր սերունդը հետաքրքրություն է դրսևորում պատուայի հանդեպ[1]։ Պատուան կիրառվում է եկեղեցական արարողություններում և շարունակում է մնալ հեռավոր գյուղերի ու փոքր քաղաքների տարեց բնակիչների խոսակցական լեզուն։

Շվեյցարիայի լեզուների քարտեզ

Պատմություն խմբագրել

Ժամանակակից Շվեյցարիայում Ռոմանդիայի շատ կանտոններ` բացառությամբ Ֆրիբուրի (1481), բավական ուշ են ընդգրկվել (մոտավորապես 19-րդ դարի սկիզբ), այդ պատճառով տարբեր ժամանակներում այս տարածքները տարաբնույթ ազդեցություն են կրել` ռեֆորմացիա, Բեռնի ընդարձակում, ֆրանսիական հեղափոխություն։ Ֆրանսախոս հարևան միավորները (հատկապես օկ և օյլ բարբառներ կրողները) մեծ ազդեցություն են թողել շրջանի կյանքում, սակայն 19-րդ դարից իրավիճակը փոխվել է. Ռոմանդիայում արգելվել են ֆրանկոպրովանսերենի քարոզումն ու ուսուցումը, ավելի նորաձև է դարձել գրական ֆրանսերենի կիրառումը։ Այդպիսով, 1990 թվականին ֆրանսախոս շվեյցարացիների միայն 2 %-ն էր կարողանում խոսել պատուա լեզվով։

Ժամանակակից կարգավիճակ խմբագրել

Ընդհանուր առմամբ, ֆրանսերենը և գրական ֆրանսերենը համընկնում են` ի տարբերություն գերմանական գրական լեզվի և նրա շվեյցարական տարբերակի, որը կիրառում է Շվեյցարիայի գերմանախոս հատվածը։ Ֆրանսիացիների ու Շվեյցարիայի ֆրանսախոս կանտոնների շվեյցարացիների մեջ գրեթե լիարժեք փոխհասկացվածություն է առկա, սակայն վերջիններիս լեզվում նկատվում են պատուայից ու գերմաներենից եկող հնաբանություններ։ Այսպես ավելի շատ օգտագործում են vattre et mouttre` փոխանակ ասելու père et mère, poutzer` փոխանակ nettoyer, speck` փոխանակ lard, witz` փոխանակ blague և այլն։

Այսպիսով, ներկայումս առանձնանում են ֆրանսախոս շվեյցարացիների երեք շերտեր` պատուա լեզուն կրողներ, ֆրանսերենի շվեյցարական տարբերակը կողներ և ֆրանսերեն կրողներ։ Վերջինս կոչվում է français fédéral և կիրառվում է պաշտոնական փաստաթղթերում` օգտագործելով գրական ֆրանսերենի քերականությունը, բառապաշարը և շարահյուսությունը։ Dictionnaire suisse romand-ը բնորոշում է français fédéral լեզուն որպես վարչական լեզու, որով միայն գրում են և ոչ թե կենդանի խոսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Patois» wird wieder Schulfach» (գերմաներեն). Schweizer Fernsehen. 8. November 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել