Ֆունիկուլյոր
Ֆունիկուլյոր (ֆր.՝ funiculaire, լատին․՝ funiculus - պարան, ճոպան), ճոպանաքարշով ռելսուղի, որը նախատեսված է կտրուկ վերելքով ուղևորների և բեռների փոխադրման համար։
Կիրառվում է քաղաքներում, առողջարանային կենտրոններում, ինչպես նաև լեռնային շրջաններում, արդյունաբերական ձեռնարկություններում։ Ֆունիկուլյորը կարող է լինել մեկ կամ երկու վագոններով (առավել տարածված)։ Ռելսուղին միալար է, մեջտեղում՝ ուղեբաժանքով։ Անվտանգության համար վագոնները հանդերձվում են արգելակման վթարային հարմարանքներով, ինչպես նաև ազդանշանման, կապի և բլոկավորման միջոցներով։ Ֆունիկուլյորի թողունակությունը չի անցնում ժամում 600 մարդուց։
Ֆունիկուլյորը՝ որպես ուղևորային տրանսպորտ, առաջին անգամ օգտագործվել է Իտալիայում և Ավստրիայում։ ԽՍՀՄ-ում ֆունիկուլյորներ են եղել Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Սոչիում, Կաունասում, Վլադիվոստոկում։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆունիկուլյոր կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |