Ֆիտնես (անգլ.՝ fitness, «to fit», համապատասխանել, լավ վիճակում գտնվել), ֆիզիկական գործունեության տեսակ, որն ուղղված է ընդհանուր ֆիզիկական ձևի պահպանմանը, որը ձեռք է բերվում ճիշտ սննդակարգի, հանգստի և չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ։ Ավելի լայն իմաստով` այն մարդու օրգանիզմի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունն է։

Սիրողական հեծանվորդներ
Մինի ֆուտբոլ

ՆկարագրությունԽմբագրել

Ֆիզիկական պատրաստվածությունը բաղկացած է հետևյալ տարրերից.

Ֆիտնեսի պատմությունԽմբագրել

Նախապատմական ժամանակներԽմբագրել

Բառը ծագում է անգլերենից. «fitness» նշանակում է «համապատասխանություն», «հարմարվածություն», «պիտանիություն»։ Տերմինը հայտնվել է 1970-ական թվականներին Ամերիկայում։ Իրականում ֆիտնեսն ունի հազարավոր տարիների պատմությունը։ Դեռ նախնադարում ֆիզիկական լավ վիճակը մարդուն օգնել է գոյատևել` իր համար սնունդ հայթայթել և պաշտպանվել իրեն վայրի կենդանիներից։ Նախամարդիկ անգիտակցաբար զբաղվել են ֆիտնեսով։ Կյանքը նրանց ստիպել է ցատկել, վազել, կռանալ, թեքվել։ Այդ դարաշրջանի ժայռապատկերներն և քարանձավային պատկերները ներկայացնում են մարդկային կերպարներ, որոնք ոչ միայն շարժվում կամ պարում են, այլև նետում են նիզակներ, մականներ, բումերանգներ, այսպիսով՝ տղամարդիկ լավ որսորդներ դառնալու համար, զարգացրել են ճարպկություն, ճշգրտություն և ուժ։ Այդ ժամանակների վերջին նկարները պատկերում են մրցույթներ տարբեր ցեղերի միջև և մրցանակակիրներին պարգևատրում։ Անասնաբուծության և գյուղատնտեսության զարգացման արդյունքում մարդիկ ձեռք են բերել օգնականներ՝ սկսած կենդանիներից մինչև տարբեր գործիքներ։ Սակայն նրանք դեռևս ստիպված են եղել շատ աշխատել, այդ պատճառով մարդիկ եղել են առողջ և աշխատասեր։ Ֆիտնեսը շարունակել է իր զարգացումը հին քաղաքակրթությունների օրոք։ Ֆիզիկական գործունեությունը կապված է եղել բարեկեցության հետ. հնում հավատում էին, որ չի հիվանդանում և լավ է ապրում նա, ով շատ է աշխատում։

Հնագույն ժամանակներԽմբագրել

Հին հունական քաղաքակրթություն

Ֆիտնեսի պատմությունն անբաժանելիորեն կապված է հին Հունաստանի հետ։ Հելլենների համար մարմնի զարգացումը, երաժշտության և կրթության հետ մեկտեղ, մեծ նշանակություն ուներ։ Զբաղվելով սպորտով՝ հին հույները ձգտում էին հասնել արտաքին գեղեցկության և ներքին ներդաշնակության միասնության։ Հասարակությունը իդեալականացրել է համակողմանիորեն զարգացած մարդուն, որը միաժամանակ եղել է մտածող և մարզիկ։ Ֆիտնեսի տարածման նպաստել են հույն բժիշկները, փիլիսոփաներն ու գիտնականները։ Հիպոկրատը եղել է անգերազանցելի ձիավոր, Պյութագորասը՝ կռփամարտիկ, իսկ Սոկրատեսը, Պլատոնը, Սոֆոկլեսը և Եվրիպիդեսը մշտապես մրցանակներ են ստացել տարբեր մրցույթների մասնակցելու համար։ Օրինակ, Պլատոնը հաղթել է 93-րդ Օլիմպիական խաղերում։ Արդեն այդ օրերին նրանք զբաղվել են մարմնամարզությամբ հատուկ նշանակված վայրերում։ Հին հունական թերմերը եղել են համալիրներ, որտեղ ոչ միայն կարող էին մարզվել, այլև հանգստանալ, այցելել լոգարան, զրուցել ընկերների հետ։ Պելոպոնեսի թերակղզու հարավում գտնվող Հերակլեսի քարանձավները համարվում են ֆիտնես մարզադահլիճների նախատիպը։ Հնագետներն այդտեղ հայտնաբերել են առաջին «մարզասարքերը»՝ պարզունակ քարե սարքեր, որոնք ստեղծվել են գրեթե երեք հազար տարի առաջ։ Ֆիտնես ծրագրեր գոյություն են ունեցել Աթենքում, Սպարտայում և Պարսկական կայսրությունում։ Լավ զինվոր դառնալու համար մեծահարուստ ընտանիքների տղաներից պահանջվել է հաճախել մարզադահլիճներ։ Դա պահանջվել է նաև կանանցից. գրավչությունը պահպանելու և առողջ սերունդ ունենալու համար նրանք պարտավոր էին վերահսկել իրենց ֆիզիկական կազմվածքը։ Ֆիտնեսի պատմության մեջ հաջորդ էջն այն մրցույթներն են, որոնք մեծ ժողովրդականություն են վայելել էին Օլիմպիայում մ.թ.ա. 8-4-րդ դարերում։ Օլիմպիական խաղերն այնքան ուժեղ ազդեցություն են ունեցել հասարակության մեջ, որ նույնիսկ երբեմն պատերազմները դադարցվել են դրանց անցկացման համար։ Մրցույթն ընդգրկել է բռնցքամարտը, ըմբշամարտը, վազքը, սկավառակի և նիզակի նետումը, ցատկը և կառքով ձիավարությունը։

Հին հռոմեական քաղաքակրթություն

Հռոմեական կայսրությունում նման մրցույթները տարածվել են մի փոքր ավելի ուշ՝ մ.թ.ա. 2-րդ դարում։ Մնացած տարիներին, չնայած բնակչությանը հորդորում էին սպորտով զբաղվել, միայն զինծառայողներն են պարտավոր եղել կատարել ֆիզիկական վարժություններ։ Դա հռոմեացիներին օգնել է նվաճել գրեթե ամբողջ արևմտյան աշխարհը, բայց աստիճանաբար բնակչության համար առաջնային են դարձել նյութական հարստության կուտակումը և բոլոր տեսակի զվարճանքները։ Վատնողությունը հանգեցրել է նրան, որ հռոմեական քաղաքակրթությունն աստիճանաբար անկում է ապրել։ Հին աշխարհի գերտերությունները ջախջախած բարբարոս ցեղերը ֆիզիկական գերակայություն են ունեցել հռոմեացիների նկատմամբ, չնայած նրանք չեն հաճախել մարզադահլիճ։

Հին Հնդկաստան և ՉինաստանԽմբագրել

Արևելքում նույնպես մեծ կարևորություն է տրվել առողջ մարմնին, սակայն նրանք ձգտել են ոչ այնքան ֆիզիկական կատարելության, որքան հոգեկանի զարգացման։ Կոնֆուցիոսի փիլիսոփայական ուսմունքը, որը կոչ է արել ֆիզիկական ակտիվության, նպաստել է չինական Քունգ Ֆուի մարմնամարզության առաջացմանը։ Հին Չինաստանում զբաղվել են պարով, բադմինտոնով, նետաձգությամբ, սուսերամարտով և ըմբշամարտով։ Հարևան Հնդկաստանում մ.թ.ա. 3-րդ դարի կեսերին ի հայտ է եկել յոգան։ Ֆիտնեսի այդ հնագույն ձևի, ինչպես նաև կունգ ֆուի վարժությունները կրկնօրինակել են կենդանիների շարժումները. շփվելով բնության հետ, դիտելով կենդանի էակների պահվածքը՝ հնդկացի քահանաները ձգտել են զարգացնել և համատեղել մարմինը, միտքը և հոգին։

ՄիջնադարԽմբագրել

Միջնադարում, երբ գոյատևումն այլևս կախված չէր հաջող որսորդությունից, և պատերազմում հաղթանակ տանելու համար անհրաժեշտ էր ոչ այնքան ֆիզիկական ուժ, որքան հզոր զենքը, սպորտի նկատմամբ տիրել է բավական անփույթ վերաբերմունք։ Նույնիսկ հունական բաղնիքները, որ եղել են ժամանացի վայր, եվրոպացիների համար վերածվել են պարզ բաղնիքների։ Ուժեղ մարմնի և ոգու պահպանման մասին չեն մոռացել միայն ասպետները։ Վեհանձնությունը և բանաստեղծություններ գրելու կարողությունը նրանց քաջության միակ դրսևորումը չէին։ Ասպետական քաջագործությունների շարքում են եղել վազքը, ցատկը, ըմբշամարտը, ձողով մագլցումը և նույնիսկ լողը։ Այնուամենայնիվ, բոլոր ժամանակներում ուժն ու ճարտարությունը մեծ արժեք են ունեցել, նույնիսկ ժողովրդական զվարճանքները չեն անցել առանց վազելու, պարանի վրայով քայլելու, կեգլախաղի, ըմբշամարտի և այլ զվարճանքների։

ՎերածնունդԽմբագրել

Եվրոպան հունական մարմնամարզության մասին հիշել է հումանիզմի շնորհիվ, որը հայտնվել է Իտալիայում և տարածվել Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ 15-րդ դարում ֆիտնեսի կյանքի է կոչվել։ Իտալական Մանտովա քաղաքում հայտնվել է Եվրոպայում մարմնամարզության առաջին դպրոցը՝ «Կազա ջոկոզա» (թարգմանաբար նշանակում է «Ուրախության տուն»)։ Այն հիմնադրել է մանկավարժ-հումանիստ Վիտտորինո դա Ֆելտրեն։ 15-րդ դարից սկսած՝ Գերմանիայում ծաղկում են ապրել սուսերամարտի միությունները և հրաձգության միությունները, ինչին նպաստել են զենքի գյուտը և արդիականացումը։

Նոր ժամանակներԽմբագրել

Մարմնամարզությունը նույնպես տարածում է ստացել Գերմանիայում, հիմնականում Գերհարդ Վիստայի ջանքերի շնորհիվ, որը պայքարել է հանուն հասարակության համար մատճելի մարմնամարզության վայրեր ստեղծելու գաղափարի, և Յոհանն Գուտս-Մուտսի, որը հրատարակել է «Մարմնամարզություն երիտասարդների համար»։ «Ժամանակակից մարմնամարզության հայր» համարվում է գերմանացի ուսուցիչ Ֆրիդրիխ Յանը, որը քարոզել է ֆիզիկական կատարելագործման կարևորությանը, Բեռլինի մերձակայքում բացել է առաջին մարզադաշտը, հիմնադրել մի շարք մարմնամարզական միություններ Գերմանիայում։ Բազմաթիվ մարզական դպրոցներ են բացվել նաև եվրոպական այլ երկրներում։ Գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացն այնքան է դյուրացրել մարդու կյանքը, որ հիպոդինամիան դարձել է իրական սպառնալիք հասարակության համար։ 18-19-րդ դարերում մարմնամարզական ծրագրերն ակտիվորեն տարածվել են Շվեդիայում, Դանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում։ Շվեդ Պեր Հենրիկ Լինգը, անգլիացի Արչիբալդ Մաքլարենը, գերմանացի Գերհարդ Ֆիտը, չեխ Միրոսլավ Տիրշը, դանիացի Ֆրենկ Նեչտեգալը, շվեյցարացի Էմիլ Ժակ-Դալկրոզը, ֆրանսիացիներ Ժորժ Դեմենին, Ֆրանսուա Դելսարտը և Ֆրանս Ամորոսը, ամերիկացի Քեթրին Բիչերը և Բես Մենսենդիկն իրենց հետքն են թողել ֆիտնեսի պատմության մեջ։

Նորագույն ժամանակներԽմբագրել

Ժամանակակից ֆիտնեսը ձևավորվել և սկսել է զարգանալ Միացյալ Նահանգներում 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին։ Համարվում է, որ հնագույն ավանդույթների վերածննդին նպաստել են նախևառաջ անաբոլիկ ստերոիդները, որոնցով սկսել են տարվել այն մարզիկները, որոնք զբաղվել են բոդիբիլդինգով։ Ֆիտնեսը դարձել է բոդիբիլդինգի յուրատեսակ այլընտրանք, որը նվաճել է Ամերիկան ​​20-րդ դարում։ Հին հունական իդեալների վերջնական վերադարձը ամերիկյան և եվրոպական հասարակություն տեղի է ունեցել 1896 թվականին՝ Պիեռ դը Կուբերտենի կողմից Օլիմպիական խաղերի վերսկսումից հետո։ ԱՄՆ-ում ֆիզկուլտուրայի ծրագրերին սկսել են ուշադրություն դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, բայց ոչ երկար և կոչված է եղել բացառապես նորակոչիկների վերապատրաստման համար։ Իրապես ֆիտնեսի կարևորությունն ընդգծվել է միայն 1950-ականների սկզբին՝ ամերիկացի դպրոցականների շրջանում կատարված փորձարկումներից հետո։ Դրանց արդյունքները եղել են ոչ գոհացուցիչ. փորձին մասնակցող երեխաների կեսից ավելին չի կարողացել հաղթահարել ճկունության և մկանների ուժի ստանդարտներից գոնե մեկը (Եվրոպայի դպրոցականների 9%-ի համեմատությամբ)։ Այս ժամանակահատվածում շատ կազմակերպություններ սկսել են ակտիվորեն քարոզել առողջ ապրելակերպ, հասարակությանն զգուշացնել մարդու կյանքում ֆիզիկական ակտիվության բացակայության հետևանքների մասին։ Ջոն Ֆ. Քենեդին նույնպես պնդել է առողջությունը խթանելու անհրաժեշտությունը։ Նախագահն ինքը պարբերաբար այցելել է մարզադահլիճ՝ օրինակ ծառայելով իր երկրի քաղաքացիներին։ Քենեդու շնորհիվ կառավարությունն սկսել է ակտիվորեն զբաղվել երիտասարդական սպորտի զարգացմամբ։ Ամերիկայում հայտնվել է Մոնիկա Բեքմանի ջազային մարմնամարզությունը, Ջեքի Սորենսենի աերոբիկան և Քեն Կուպերի ծրագրերը, որի փիլիսոփայությունը ուղղված էր ոչ թե բուժմանը, այլ հիվանդությունների կանխարգելմանը։ Այն գաղափարները, որոնք դոկտոր Կուպերը ակտիվորեն տարածել է, այսօր էլ օգտագործվում են։ Ֆիտնեսը ժողովրդականացնելու որոշումը կայացրել է ԱՄՆ կառավարությունը 1970-ական թվականներին՝ այն բանից հետո, երբ ամերիկացիների շրջանում տարբեր հիվանդությունների և ճարպակալման տարածումը ձեռք են բերել համաճարակի բնույթ։

ՈւղղություններԽմբագրել

 
Պիլոնային մարմնամարզություն
 
Անվաչմուշկներով ֆիտնես
 
Ակվաաերոբիկա
 
Սկանդինավյան քայլք
 
Քրոսֆիտ
 
Ֆիտբոլ
 
Ֆիտբոքս
 
Պիլատես
 
Զումբա-աերոբիկա
  • Արևելյան իմաստություն, ժամանակակից առողջարարական պարապմունքների հիմքում ընկած են արևելյան հոգևոր, մեդիտատիվ և ռազմական պրակտիկաները։ Սա մարմնի, ոգու և պատշաճ շնչառության ներդաշնակ զարգացում և կատարելագործում է։ Վարժությունները կարող են զուգորդվել մեդիտացիայի և շնչառական վարժությունների հետ։
  • Յոգան ֆիտնեսի հանրաճանաչ ձև է, որը ծագել է հնդկական ուսմունքներից։ Ասանաների կատարումը բարենպաստ ազդեցություն է ունենում կոորդինացիայի և մկանային-կմախքային համակարգի վրա։ Այնուամենայնիվ, ողնաշարի հետ կապված խնդիրների դեպքում մարզիչը պետք է խնամքով մշակի ծրագիրը, որպեսզի բացառի խնդրի սրումը։ Ժամանակակից ֆիտնեսի այս տեսակը արդյունավետ է սթրեսի դեմ պայքարում։
  • Մեծ սահման (Տայցզի), չինական մարմնամարզություն, որի հիքմում ընկած են հոգևոր պրակտիկաներն ու մարտարվեստների հիմունքները։ Այսպիսի ֆիտնեսը խորհուրդ է տրվում բոլոր տարիքի մարդկանց։ Այն գեղեցիկ է, վերականգնում է հոդերի շարժունակությունը, զարգացնում է կարգապահություն։
  • Կալարի Պայատու, այլընտրանքային ֆիտնեսի մեկ այլ հանրաճանաչ ձև, որը հիմնված է հնդկական մարտական պրակտիկայի վրա, ներդաշնակեցնում է մարմինը և ոգին։
  • Բուդոկոն (բուդոկան), ֆիզիկական գործունեության ձևեր, որոնք հանրաճանաչություն են ձեռք բերել Հոլիվուդում և 2004 թվականից ի վեր ակտիվորեն սատարվում են մարզիկների և կինոաստղերի կողմից։ Այն նաև ռազմական տեխնիկայի, մեդիտացիայի պրակտիկայի և յոգայի ու մարտարվեստի շնչառական վարժությունների համալիր է։
  • Խորեոգրաֆիա, պարուսույցների և բալետի պարուհիների վերապատրաստման ծրագրից վերցված արդյունավետ վարժությունները վաղուց համատեղվում են ֆիզիկական կրթության բնագավառ ակտիվությունների հետ` ձևավորելով ֆիտնեսի ձև, որը գրավիչ է կանանց համար։ Այն կարող է ներառել սթրիթ-դենսի, լատինական, դասական դպրոցի և նույնիսկ արևելյան պարերի տարրեր։
  • Բեյլոթերապիա, ֆիտնեսի տեսակ, որն օգտագործում է լատինաամերիկյան պարերի տարրեր։ Վենեսուելական մեղեդիներն ուղեկցում են պարային և աերոբիկական վարժություններին։ Խորհուրդ է տրվում երեխաների համար։
  • Կարդիոստրիպ, պարային ֆիտնեսի դասեր այն կանանց համար, որոնք ցանկանում են ոչ միայն նիհարել և վերականգնել մկանների տոնուսը, այլև զարգացնում են նրբաշարժությունն ու գրավչությունը։ Աերոբիկայի բնորոշ շարժումներից բացի, համալիրում ընդգրկված են ստրիպ-պլաստիկայի տարրեր։
  • Կարդիոմարզումներ, ֆիտնեսի ուղղություն, որն օգնում է ուժեղացնել սրտանոթային համակարգը, նպաստում դիմացկունության բարձրացմանը և լրացուցիչ կալորիաների արդյունավետ սպառմանը։ Ամենից հաճախ դասերն անցկացվում են ռիթմիկ երաժշտության ուղեկցությամբ։
  • Բոդիֆլեքս, ստոծանու օգտագործմամբ պարզ շնչառական վարժությունների համալիր, որի խնդիրն է հյուսվածքները հագեցնել թթվածնով` շունչը պահելու և դրան հաջորդող կտրուկ և արագ արտաշնչմամբ։ Բոդիֆլեքսի նպատակն է ազատվել ավելորդ քաշից և բարելավել մկանների տոնուսը։
  • Պիլոնային պար (pole dance[2]), վարժություններ պիլոնի վրա, էրոտիկ պարի և մարմնամարզության տարրերի խառնուրդ, որոնք ուղղված են մկանների բոլոր խմբերի ուժեղացմանը։ Անցկացվում են փոլ-դենսի աշխարհի առաջնություններ։
  • Ստեպ-աերոբիկա, աերոբիկայի տեսակ հատուկ ստեպ-հարթակի օգտագործումով, որը թույլ է տալիս կատարել հիմնական շարժումները՝ զուգահեռաբար քայլելով և ցատկելով դրա վրա և դրա վրայով տարբեր ուղղություններով։ Ստեպ-աերոբիկան օգտագործվում է օստեոպորոզի և հոդաբորբի կանխարգելման և բուժման համար, ինչպես նաև ոտքերի մկանները ուժեղացնելու և ծնկի վնասվածքներից հետո ապաքինման համար։
  • Ֆիտնես-չմշկասահք, ակտիվ չմշկասահքի ընցաքում ավելի շատ կալորիա է այրվում, քան վազելը (միջինում 374 կալորիա վազքի ժամանակ, 425 կալորիա՝ չմշկասահքի 30 րոպեի ընթացքում)[3]։ Հոդերի և ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունը չմշկասահքի ժամանակ շատ ավելի քիչ է։
  • Ակվաաերոբիկա, ֆիտնեսի տեսակ, որը ներառում է ջրի մեջ ֆիզիկական վարժությունների կատարումը երաժշտության ուղեկցությամբ և մարդու բոլոր հիմնական մկանային խմբերի վրա ծանրաբեռնվածությունը համատեղելով, ինչով պայմանավորված է մարզումների բարձր արդյունավետությունը։
  • Փամփ-աէրոբիկա, ուժային մարզում մինի-սպորտաձողերի օգտագործումով։ Փամփ-աերոբիկայի դասընթացներում բոլոր վարժությունները կատարվում են երաժշտության բարձր տեմպերով։ Բացառվում են պարային տարրերը, դրանց փոխարեն օգտագործվում են երկաթաձողի բարձրացումներ, կորացումներ, կքանիստեր։ Նման վարժություններ կատարելիս աշխատում են մկանների բոլոր խմբերը։

ՄեջբերումներԽմբագրել

Մենք դադարում ենք մարզվել ոչ այն պատճառով, որ մենք ավելի ենք ծերանում: Մենք ծերանում ենք, որովհետև դադարում ենք մարզվել: Կ. Կուպեր

Ֆիտնեսը ոչ միայն առողջ մարմնի բանալիներից մեկն է, այլև դինամիզմի և ստեղծագործ մտքի հիմքը: Ջոն Քենեդի
Իմ հիմնական մրցակիցը ես եմ: Ես միշտ կռվել եմ միայն ինքս ինձ հետ: Ելենա Իսինբաևա

Եթե քո ինչ-որ տեղը ցավում է, ապա դա ձեր թույլ կողմն է, և դուք պետք է այն 2 անգամ ավելի ուժեղ մարզեք: Մաս Օյամա

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Сюзанна Шлозберг, Лиз Непорент Фитнес для «чайников». — М.: «Диалектика», 1999. — С. 272. — ISBN 1-56884-866-8
  • Corbin C. B., Lindsey R. Concepts of physical fitness with laboratories. 8th edition, WCB Brown&Benchmark publishers, 1994. ISBN 0-697-12611-0