Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը (անգլ.՝ “Office of the Financial System’s Mediator” Foundation, ռուս.՝ "Офис примирителя финансовой системы" фонд) իրավաբանության, տնտեսագիտության և այլ ոլորտների մասնագետներից բաղկացած կառույց է, որն անվճար հիմունքներով և սեղմ ժամկետներում լուծում է ֆիզիկական անձանց կամ հաշտարարին դիմելու պահին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև երաշխավորների, գրավատուների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Изображение логотипа
Տեսակմասնագիտություն
Ընկերության տեսակՀիմնադրամ
Հիմնադրված է2009թ.-ի հունվարի 24
ՀիմնադիրՀՀ կենտրոնական բանկ
ՎայրՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15
Կայքfsm.am

Այն հիմնվել է 2009 թվականի հունվարի 24-ին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը[1]։ Գրասենյակն անկախ կառույց է, որն ունի կառավարման և ֆինանսավորման առանձին համակարգ։ Հաշտարարը նշանակվում է գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի կողմից և հաշվետու է վերջինիս։ Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց հերթին նշանակվում են մեկը` Հայաստանի Հանրապետության կառավարության, մեկը` Կենտրոնական բանկի խորհրդի, չորսը` ֆինանսական կազմակերպությունների միությունների և մեկը` սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից։

Գրասենյակի գործունեությունը ֆինանսավորվում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, գրավատներ և այլն) կողմից` օրենքով սահմանված պարտադիր պարբերաբար վճարների միջոցով[1]։

Հաշտարարի գործունեության նպատակներն են․

  • ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը,
  • սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը,
  • ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, ամրապնդումը և ֆինանսական միջնորդության ավելացումը,
  • ֆինանսական ոլորտում սպառողների և հաճախորդների իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծումը, որին պարտադիր մասնակցում են ֆինանսական կազմակերպությունները։

Ռազմավարություն խմբագրել

Յուրաքանչյուր ոք ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից լավագույն սպասարկման և խնդիրների առաջացման դեպքում արագ փոխհատուցման իրավունք ունի։ Երբ վերոնշյալը չի գործում, շատ կարևոր է, որ գոյություն ունենա որևէ անկախ և անկողմնակալ կառույց, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց բողոքը և ստանալ առաջացած խնդրի լուծումը։ Այս համատեքստում Հայաստանում 2008 թվականի հունիսին ներդրվեց Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը՝ ֆիզիկական անձ սպառողների և ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերն արագ, անվճար և արդյունավետ քննելու, ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության և ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով։

Կազմակերպությունների շարքին են դասվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձինք (բացառությամբ արտարժույթի առք ու վաճառքի սակարկությունների լիցենզիա, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց, այն ապահովագրական բրոկերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների), ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուրոն։

2020 թ․ հունիսին «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ բացի ֆիզիկական անձանցից հաշտարարի գրասենյակ կարող են դիմել նաև երաշխավորները, գրավ տրամադրած անձինք և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը։

Հաշտարարի գրասենյակի առաջընթացն ապահովելու նպատակով որոշակի պարբերականությամբ մշակվում է գրասենյակի ռազմավարական ծրագիր, որը սահմանում է այն հիմնական ուղղությունները, որոնց գրասենյակը հետևելու է երկարաժամկետ հեռանկարում իր առաքելությունն ու հիմնական ռազմավարական նպատակներն իրագործելու համար։

Հաշտարարի գրասենյակի 2021-2024թթ․ ռազմավարական ծրագրում ներառված նպատակները հիմնականում միտված են գրասենյակի գործունեության ընդլայնմանն ու արդյունավետության բարձրացմանը, սպառողների կողմից ներկայացված պահանջների քննության գործընթացի կատարելագործմանը, հանրության իրազեկվածության և վստահության մակարդակի բարձրացմանը, գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ոլորտում առկա նորարարությունների ներդրմանը, ինչպես նաև գրասենյակի գործառութային ընթացակարգերի բարելավմանը։ Գրասենյակի ռազմավարական ծրագիրը ենթակա է մշտադիտարկման ու ընտրված ուղղությունների առաջընթացի պարբերական գնահատման[2]։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և ձգտելով լինել հեղինակավոր, անկախ, թափանցիկ ու վստահելի կառույց, ինչպես նաև առավելագույնս արդարացնել կառույցը ստեղծող պետական և ոչ պետական մարմինների ակնկալիքները` կապված իր տեսակի մեջ վեճերը լուծող միակ արտադատական մարմնի կայացման և զարգացման հետ, օրենսդրի կողմից սահմանված իր առաքելությունը և իր առջև դրված հիմնական նպատակները երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ կերպով իրականացնելու համար նախանշում է մի շարք ռազմավարական նպատակներ ու դրանց հասնելու ռազմավարական ուղիներ։

Առաքելությունը և տեսլականը խմբագրել

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի առաքելությունն է ունենալ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև վեճերի լուծման արդյունավետ և գործուն մեխանիզմ, մատուցել անվճար, հասանելի, արդյունավետ և անկողմնակալ ծառայություններ, իրականացնել հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ արդյունքում ունենալով ֆինանսապես կիրթ և պաշտպանված սպառողներ ֆինանսական շուկայում։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տեսլականն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև առաջացած վեճերի լուծումը հիմնված լինի փոխադարձ վստահության, արդարության և թափանցիկության վրա[2]։

Գրասենյակի հիմնարար արժեքները խմբագրել

Գրասենյակի` արդյունավետ գործելու և հանրության վստահությունը շահելու կարևորագույն գրավականն այն արժեքներն են, որոնք որպես հիմնարար սկզբունքներ պետք է դրված լինեն նրա գործունեության հիմքում։ Գրասենյակն առաջնորդվում է հետևյալ հիմնարար արժեքներով.

1. Անկողմնակալություն պահանջի քննության ընթացքում: Հաշտարարը պահանջի քննության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով` դրսևորելով անկողմնակալ մոտեցում յուրաքանչյուրի նկատմամբ և խստագույնս պահպանելով օրենքի առաջ կողմերի հավասարության և արդարության հիմնարար սկզբունքները։

2. Կողմերի հավասարություն կամ կողմերի իրավունքների հավասարակշռություն: Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը` հաշտարարը որոշում կայացնելիս ղեկավարվում է ոչ միայն օրենքով, գործարար շրջանառության սովորույթով, այլև կողմերի իրավունքների հավասարակշռության սկզբունքով, որպեսզի կանխի կոնկրետ դեպքում կողմերից մեկի համար ակնհայտ անարդարացի լուծման բերող իրավական ակտերի ուղղակի ներգործությունը։

3. Հաճախորդների նկատմամբ հոգատար վերաբերմունք: Յուրաքանչյուր հաճախորդ գրասենյակում արժանանում է հոգատար վերաբերմունքի։ Գրասենյակի աշխատակիցները հնարավորինս խուսափում են հաճախորդներին անհարմարություններ պատճառելուց` ձգտելով զերծ պահել նրանց լրացուցիչ քաշքշուկների մեջ ընկնելուց և լրացուցիչ ծախսեր կատարելուց։

4. Կողմերին հաշտեցնելու առաջնահերթություն: Հաշտարարը պահանջի լուծման ընթացքում ձգտում է վեճը լուծել կողմերի հաշտեցմամբ` գործի ավելի արագ ելք ապահովելու, կողմերի համար երկուստեք նախընտրելի լուծում գտնելու և կազմակերպության ու նրա հաճախորդի միջև առկա գործարար հարաբերությունները պահպանելու նպատակով։

5. Գործունեության արդյունավետություն: Հաշտարարի գործունեության առանցքային արժեք է պահանջների քննության, ինչպես նաև իրականացվող ծրագրերի այնպիսի կազմակերպումը, որ գործադրված ջանքերը տան ցանկալի արդյունք։ Պահանջների քննության ընթացքում արդյունավետությունը ապահովվում է պահանջի արագ և արդարացի քննությամբ, իսկ այլ ծրագրերի իրականացման դեպքում` ռեսուրսների և ջանքերի ճիշտ կենտրոնացմամբ և բաշխմամբ։

6. Գործունեության թափանցիկություն: Հաշտարարի գործունեությունը մշտապես հասանելի է հանրությանը ինչպես համացանցային կայքի միջոցով, այնպես էլ ԶԼՄ-ներով հրապարակվող հաշվետվությունների միջոցով։

7. Գործընկերություն և կոնֆիդենցիալություն: Հաշտարարը մշտապես գործընկերային հարաբերություններ է պահպանում ֆինանսական կազմակերպությունների հետ` ձգտելով ընդլայնել նրանց հետ համագործակցության շրջանակները և պահպանելով կոնֆիդենցիալություն` բացառությամբ, եթե ֆինանսական կազմակերպությունը թույլ է տալիս քաղաքացիների իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներ, կամ եթե կազմակերպության անունը չհրապարակելը կարող է վտանգել ֆինանսական համակարգի կայունությունը։

8. Պրոֆեսիոնալիզմ և թիմային աշխատանք: Գրասենյակն իր աշխատակիցների հանդեպ մշտապես առաջադրում է բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարողականության ստանդարտներ, ինչպես նաև հոգ է տանում նրանց մասնագիտական զարգացման համար։ Գրասենյակում կարևորվում է թիմային աշխատանքը` առավել ցանկալի արդյունքների հասնելու համար, և խրախուսվում յուրաքանչյուր աշխատակցի` գրասենյակի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի շուրջ տեսակետ արտահայտելու իրավունքը։

9. Միջազգային համագործակցություն և նորարար լուծումներ: Գրասենյակը մշտապես համագործակցում է արտասահմանում գործող նմանատիպ կառույցների հետ` փորձի փոխանակման և նրանց լավագույն փորձի ներդրման նպատակով։ Գրասենյակը իր ծրագրերը, ծառայությունները, պահանջների ընդունման և քննության ընթացակարգերը ձգտում է մեկտեղել նորարար մեթոդների և մոտեցումների հետ` գրասենյակի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։

10. Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտում տարածաշրջանում առաջատար դիրքի գրավում: Հաշտարարի գրասենյակը շարունակաբար իրականացնում է հետխորհրդային երկրներում ֆինանսական օմբուդսմենի գրասենյակների ստեղծման օժանդակում և փորձի փոխանցում, ինչպես նաև միջազգային հեղինակավոր ֆինանսական օմբուդսմենների մասնակցությամբ անցկացվող կոնֆերանսներին հետխորհրդային երկրների ֆինանսական օմբուդսմենների կամ վերահսկող մարմնի ներկայացուցիչների ներգրավում[3]։

Գործունեության սկզբունքները խմբագրել

Հաշտարարի գրասենյակի հաջողության, կայուն զարգացման և տարածաշրջանում առաջատար դիրք զբաղեցնելու գրավականն այն հիմնարար սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում է հաշտարարի գրասենյակն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։ Այդ սկզբունքները մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ օրենսդրության պահանջները, Եվրամիության «Վեճերի արտադատական լուծման մասին» դիրեկտիվը, ՏՀԶԿ մոտեցումները և Ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցի կողմից հաստատված հիմնարար սկզբունքները։ Գրասենյակի գործունեության սկզբունքներն են՝

1. Անկախություն, որը պահանջի քննության ընթացքում անկողմնակալություն պետք է երաշխավորի։ Հաշտարարը իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս պետք է լինի անկախ, նա պետք է զերծ մնա սպառողների, ֆինանսական կազմակերպությունների և պետական ու ոչ պետական մարմինների ազդեցությունից կամ ուղղորդումից։ Հաշտարարը պահանջի քննության ընթացքում պետք է լինի անկողմնակալ՝ խստագույնս պահպանելով կողմերի հավասարության սկզբունքը։

2. Արդարություն և կողմերի իրավունքների հավասարություն։ Պահանջի քննությունը պետք է իրականացվի կողմերի իրավահավասարության հիման վրա։ Ընդ որում, պահանջի քննությունն անհրաժեշտ է իրականացնել` ապահովելով ընթացակարգային արդարությունը, այսինքն՝ երկու կողմերին պետք է տրվի հավասար հնարավորություն իրենց դիրքորոշումը ներկայացնելու և մյուս կողմի ներկայացրած փաստերին ծանոթանալու համար։

3․ Գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն։ Հաշտարարն իր գործունեության ընթացքում պետք է լինի թափանցիկ, հաշտարարի իրավասություններն ու պահանջի ընդունման և քննության ընթացակարգերը, ինչպես նաև հաշտարարի ծրագրերը և ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն հասանելի շահառուների համար։

4․ Համագործակցություն շահառուների հետ։ Հաշտարարն իր գործունեություն ընթացքում պետք է մշտապես համագործակցի շահառուների՝ սպառողների, ֆինանսական կազմակերպությունների և վերահսկող մարմնի հետ։ Պետք է գործի հետադարձ կապ հաշտարարի և նրանց միջև, իսկ շահառուներից ստացված արձագանքները, գործունեության վերաբերյալ կարծիքները պետք է արտացոլվեն և ինտեգրվեն ինչպես հաշտարարի ծրագրերում, այնպես էլ պահանջի քննության ընթացակարգում։

5․ Կողմերին հաշտեցնելու առաջնահերթություն: Հաշտարարը պահանջի լուծման ընթացքում պետք է ձգտի վեճը լուծել կողմերի հաշտեցմամբ` գործի ավելի արագ ելք ապահովելու, կողմերի համար երկուստեք նախընտրելի լուծում գտնելու և կազմակերպության ու հաճախորդի միջև առկա գործարար հարաբերությունները պահպանելու նպատակով։

6․ Տեղեկատվության գաղտնիություն։ Իր գործունեությունն իրականացնելիս հաշտարարը պետք է մշտապես գործընկերային հարաբերություններ հաստատի ֆինանսական կազմակերպությունների հետ՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիություն` բացառությամբ, եթե ֆինանսական կազմակերպությունը թույլ է տալիս քաղաքացիների իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներ, կամ եթե կազմակերպության անունը չհրապարակելը կարող է վտանգել ֆինանսական համակարգի կայունությանը։

7․ Միջազգային համագործակցություն և նորարար լուծումներ: Գրասենյակը պետք է մշտապես համագործակցի արտասահմանում գործող նմանատիպ կառույցների հետ` փորձի փոխանակման և նրանց լավագույն փորձի ներդրման նպատակով։ Գրասենյակի ծրագրերը, ծառայությունները, ինչպես նաև պահանջների ընդունման և քննության ընթացակարգերն անհրաժեշտ է մեկտեղել նորարար մեթոդների և մոտեցումների հետ` գրասենյակի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար[4]։

Ռազմավարական նպատակներ խմբագրել

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ռազմավարական ծրագրով սահմանված են մի շարք նպատակներ և մշակվել դրանցից յուրաքանչյուրին հասնելու համար կատարվելիք գործողություններ (քաղաքականություն, ծրագրեր, նախագծեր և այլն)։ Այդ նպատակներն են․

1. Հաշտարարի գրասենյակի գործունեության շրջանակի ընդլայնում, hաճախորդների սպասարկման որակի բարելավում և արդյունավետության բարձրացում․

1.1. ՓՄՁ-ների ներգրավման միջոցով հաշտարարի ծառայություններից օգտվողների շրջանակի ընդլայնում․

  • ՓՄՁ-ների շահերի պաշտպանության կարիքների գնահատման հետազոտության իրականացում,
  • Օրենքի և ընթացակարգերի փոփոխությունների մշակում, բյուջեի, պլանավորում և մասնագետների վերապատրաստում,

1.2. Հաշտարարի կողմից պահանջների քննության ժամկետների կրճատում․

  • Միջազգային փորձի ուսումնասիրություն հաշտարարության ոլորտում և նորարարական գործիքների ներդրում,
  • Գրասենյակի առցանց հարթակի կատարելագործում փաստաթղթերի հավաքագրման համար ծախսվող ժամանակի և փոստային ծախսերի կրճատման նպատակով,
  • Գրասենյակի ծառայությունների ստանդարտացում և ժամկետների օպտիմիզացում,

1.3. Հաճախորդներին հուզող խնդիրների վերհանման և հնարավորինս արագ արձագանքման շնորհիվ հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ կառավարում․

  • Հաճախորդների կողմից գրասենյակի մասնագետների կատարած աշխատանքի գնահատում տարբեր տիրույթներում,
  • Հաճախորդների դժգոհությունների գրանցում, դրանց պատճառների վերհանում և խնդիրների լուծման առաջարկների մշակում,
  • Հաճախորդներին հուզող հարցերի հավաքագրում և պատասխանների ներկայացում առցանց հարթակում,

2. Հաշտարարի գրասենյակի վերաբերյալ հանրության իրազեկվածության, վստահության և բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացում․

2.1. Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառման և լուսաբանման արշավների իրականացման միջոցով գրասենյակի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում․

  • Հաճախորդներին առավել հասանելի լինելու և նորովի ներկայանալու նպատակով արհեստական բանականության վրա հիմնված գործիքների կիրառում, կայքի բարելավում և կայքի հեռախոսային տարբերակի մշակում,
  • Տեղեկատվական հոլովակների, գրքույկների մշակում և տարածում հեռուստատեսությամբ, ռադիոյով և սոցիալական ցանցերով, այցելություններ մարզեր և մասնակցություն ցուցահանդեսների,
  • Մարզերում իրականացվող լուսաբանման աշխատանքների ընդլայնում՝ գործընկերային հարաբերություններ հաստատելով մարզերի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և պետական կառույցների հետ, գովազդային արշավների իրականացում,

2.2.Հաշտարարի կողմից քննված գործերի և կայացրած որոշումների պարբերաբար հրապարակման շնորհիվ հաշտարարի գրասենյակի թափանցիկության և հանրության կողմից վստահության մակարդակի բարձրացում․

  • Հաշտարարի կողմից կայացված որոշումների նախադեպերի որոնման առցանց բազայի մշակում,
  • Հաշվետվողական ձևերի վերանայում և պարբերաբար հրապարակում գրասենյակի պաշտոնական կայքէջում,

2.3.Սպառողների ֆինանսական կրթման և իրազեկվածության բարձրացման ծրագրի շրջանակներում թիրախային խմբերի ընդլայնման արդյունքում քաղաքացիների ֆինանսական գրագիտության և հաշտարարի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում․

  • Սպառողների ֆինանսական կրթման և իրազեկվածության բարձրացման ծրագրի պարբերաբար վերանայում և իրագործում,
  • Ֆինանսական գրագիտության վերաբերյալ հեռուստանախագծերի իրականացում կամ մասնակցություն առաջատար հեռուստաալիքներով հեռարձակվող տարբեր հեռուստանախագծերի,
  • Տեղեկատվական հոլովակների նկարահանում ինչպես ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության վերաբերյալ

3. Ֆինանսական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդում և համագործակցության մեխանիզմների կատարելագործում․

3.1. ՏՀՏ (տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ) արդյունավետ կիրառում ոլորտում առկա խնդիրների, պահանջի քննությանը վերաբերող ընթացակարգերի փոփոխությունների նախագծերի և մի շարք այլ հարցերի քննարկման, ինչպես նաև գործարար շրջանառության սովորույթների բացահայտման նպատակով․

  • Էլեկտրոնային նորարարական լուծումների կիրառում ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններում՝ հաշտարարի գրասենյակի առցանց հարթակի կատարելագործում,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման նպատակով առցանց տիրույթում հանդիպում-քննարկումների շարունակական իրականացում, մասնավորապես՝ ոլորտում առկա խնդիրների քննարկում և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների մշակում,

3.2. Հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպվող պարբերական հանդիպումներին, կլոր-սեղան քննարկումներին, սեմինարներին, վերապատրաստումներին և միջազգային կոնֆերանսներին ֆինանսական կազմակերպությունների ներգրավում․

  • Ֆինանսական կազմակերպություններին հուզող հարցերի վերհանում և քննարկումների կազմակերպում,
  • Հաշտարարի գրասենյակին առնչվող միջազգային լավագույն փորձի վերաբերյալ սեմինարների անցկացում,
  • Ոլորտում առկա նորամուծությունները և միջազգային լավագույն փորձը ներկայացնելու նպատակով միջազգային կոնֆերանսի կազմակերպում,

4. Պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում, միջազգային փորձի ուսումնասիրություն և ոլորտում առկա նորարարական լուծումների ներդրում․

4.1. Սպառողների իրավունքների պաշտպանությանը և ֆինանսական գրագիտության բարձրացմանը միտված ծրագրերի շրջանակներում տեղական և միջազգային կազմակերպությունների (պետական և ոչ պետական) հետ գործընկերային հարաբերությունների ընդլայնում․

  • Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրեր իրականացնող տարբեր կառույցների հետ համագործակցության առաջարկների մշակում և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացում,
  • Գրասենյակի կողմից պետական և ոչ պետական կառույցների հետ ծրագրերի իրականացման աշխատանքների կազմակերպմանը և անցկացմանը կամավորների ներգրավում,

4.2. Գրասենյակի ռազմավարության մշակման խմբի կողմից Ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցի անդամ երկրներում կիրառվող նորարարական լուծումների ուսումնասիրություն, ադապտացում և կիրառում․

  • Գրասենյակի ռազմավարության մշակման խմբի աշխատակիցների կողմից եռամսյակը մեկ անգամ Ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցի անդամ երկրներում կատարված նորությունների գրանցում և ներկայացում խմբի ղեկավարին,
  • Կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա նոր ծրագրերի մշակում, ադապտացում և կիրառում,

5. Գրասենյակի գործառութային ընթացակարգերի բարելավում․

5.1. Ոլորտում առկա նորամուծություններին և առաջանցիկ զարգացմանը համահունչ քայլելու նպատակով արհեստական բանականության կիրառությունների ուսումնասիրություն և նորագույն տեխնոլոգիաների ներդրում․

  • Թվային անվտանգության ոլորտում նորարարական լուծումների լավագույն փորձի կիրառում գրասենյակում,
  • Տեղեկատվության պահպանման և արխիվացման նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման աշխատանքների իրականացում,

5.2.Գրասենյակում առկա համակարգչային ծրագրերի զարգացում, թարմացում, անհրաժեշտության դեպքում նոր ծրագրերի ներդրում․

  • Նորարարական լուծումներով նոր ծրագրերի/մոդուլների նախագծում և պատրաստում,
  • Առկա ծրագրերում խնդիրների վերհանում, լուծում և սպասարկում,
  • Հնարավորության դեպքում աշխատանքների ավտոմատացում, արհեստական բանականության մոդուլների ներդրում,
  • Տեղեկատվության անվտանգության բարելավում,

5.3.Գրասենյակի ներքին հսկողության մեխանիզմների կատարելագործում և բարեփոխում․

  • Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նպատակով պարբերաբար ընտրանքային ստուգումների իրականացում,
  • Քննության ընթացակարգերում ներքին հսկողական մեխանիզմների ներդրում,
  • Գրասենյակի այլ ընթացակարգերում ներքին հսկողական մեխանիզմների կատարելագործում[4]։

Կառուցվածք խմբագրել

 
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կառուցվածքը

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ունի հիմնադրամի կարգավիճակ, որը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, և դրա հիմնադրման հիմնական նպատակը ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանն օժանդակելը և ֆինանսական բնագավառի վերաբերյալ սպառողներին իրազեկելն է։

Գրասենյակի կառավարման մարմիններն են՝

  1. Խորհուրդը,
  2. Գրասենյակի կառավարիչը։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի բարձրագույն կառավարման մարմինը Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև՝ Խորհուրդ), որը կազմված է յոթ անդամից՝ Խորհրդի նախագահ և մյուս անդամներ։

Խորհրդի անդամները նշանակվում են հետևյալ կարգով՝

  1. մեկին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
  2. մեկին՝ Կենտրոնական բանկի խորհուրդը,
  3. մեկին՝ բանկերի միությունը, մեկին՝ վարկային կազմակերպությունների միությունը, մեկին՝ ապահովագրական ընկերությունների միությունը, մեկին՝ մյուս կազմակերպությունների միությունները,
  4. մեկին՝ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները[5]։

Խորհրդի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով։ Խորհրդի անդամների նշանակման իրավունք ունեն այն կազմակերպությունների միությունները և սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, որոնց պետական գրանցման օրվանից անցել է առնվազն հինգ տարի։

Խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները՝ երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև նրա լիազորությունների ժամկետի ավարտը։ Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ։ Կազմակերպությունների միությունները և uպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները նշանակում են Խորհրդի իրենց անդամներին` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ[6]։

Խորհրդի նախագահը՝

  1. կազմակերպում է Խորհրդի աշխատանքները,
  2. գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք,
  3. կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը և այլն։

Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի որոշմամբ կատարում է Խորհրդի անդամներից մեկը։

Խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝

  1. դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
  2. դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
  3. օրենքով սահմանված կարգով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Խորհրդի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ։ Խորհրդի անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով, նրանք իրավունք ունեն հատուցում ստանալու այն ծախսերի դիմաց, որոնք կապված են Խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ[5]։

Գրասենյակն ունի վերստուգիչ հանձնաժողով կամ վերստուգիչ, որին նշանակում է Խորհուրդը։ Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգիչը) հաշվետու է Խորհրդին։

Խորհուրդն իրականացնում է հետևյալ լիազորությունները.

  1. Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով հաստատում է գրասենյակի կանոնադրությունը, դրանում փոփոխությունները և լրացումները, ընդ որում՝ գրասենյակի կանոնադրությամբ սահմանվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակման կարգը,
  2. ընդունում է որոշումներ Ֆինանսական համակարգի հաշտարարի, կանոնադրությամբ սահմանված այլ մարմիններ ձևավորվելու դեպքում դրանց ընտրության և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,
  3. հաստատում է գրասենյակի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը, այդ թվում՝ ակտեր, որոնցով սահմանվում են Խորհրդի անդամների, Ֆինանսական համակարգի հաշտարարի և գրասենյակի աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոնները,
  4. գրասենյակի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հաշվետվությունները,
  5. վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը,
  6. վերահսկում է գրասենյակի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը,
  7. հաստատում է գրասենյակի բյուջեն, դրա փոփոխությունները, վերահսկում է բյուջեի կատարումը,
  8. հաստատում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները,
  9. հաստատում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և գրասենյակի աշխատակիցների վարձատրման և պարգևատրման կարգը, սոցիալական ապահովության ծախսերը և դրանց հատկացման կարգը և այլն[5]։

Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Ֆինանսական համակարգի հաշտարարը։ Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։

Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովը խմբագրել

Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) նշանակվում է Խորհրդի կողմից՝ 3 տարի ժամկետով։ Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի քանակական կազմը սահմանվում է Խորհրդի որոշմամբ։

Այն իր լիազորությունների շրջանակներում՝

  • հսկողություն է իրականացնում հիմնադրամի ընթացիկ գործունեության և գործառնական ռիսկերի նկատմամբ,
  • հսկողություն է սահմանում հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարման նկատմամբ,
  • հսկողություն է իրականացնում հիմնադրամի կառավարչի և ստորաբաժանումների կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և հիմնադրամի ներքին ակտերի, տրված հանձնարարականների կատարման նկատմամբ,
  • Խորհրդին հաշվետվություն է ներկայացնում՝ օրենքներին և այլ իրավական ակտերին հիմնադրամի գործունեության համաձայն,
  • եզրակացություններ և առաջարկություններ է տալիս Խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ,
  • ստուգում է հիմնադրամին վճարվող պարտադիր վճարների հաշվարկման ճշտությունը։

Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) ստուգում է հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ կամ Խորհրդի որոշմամբ։ Վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) պահանջով նրան պետք է ներկայացվեն հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները։ Վերստուգիչ հանձնաժողովի անդամները կամ վերստուգիչը չեն կարող հիմնադրամում զբաղեցնել այլ պաշտոն, կամ լինել հիմնադրամի կառավարման մարմինների հետ փոխկապակցված անձինք։ Վերստուգիչ հանձնաժողովը կամ վերստուգիչը հաշվետու է Խորհրդին[6]։

Ֆինանսական համակարգի հաշտարար խմբագրել

Ֆինանսական համակարգի հաշտարարը հանդիսանում է հիմնադրամի կառավարիչը։ Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի` Ֆինանսական համակարգի հաշտարարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ։ Ֆինանսական համակարգի հաշտարար չի կարող լինել այն անձը, ով վերջին երեք տարիների ընթացքում աշխատել է որևէ ֆինանսական կազմակերպությունում։ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից և պետք է զերծ մնա իր անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնող գործողություններից։

Ֆինանսական համակարգի հաշտարար չի կարող լինել այն անձը, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, ինչպես նաև դատավճռով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտներում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Ֆինանսական համակարգի հաշտարարը նշանակվում է գրասենյակի հոգաբարձուների Խորհրդի կողմից` առնվազն հինգ անդամների ձայներով, չորս տարի ժամկետով, և կարող է նույն պաշտոնում վերանշանակվել։ Ֆինանսական համակարգի հաշտարարների թիվը որոշում է Խորհուրդը։ Երկու և ավելի Ֆինանսական համակարգի հաշտարարների առկայության դեպքում գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը, որը նշանակվում է Խորհրդի որոշմամբ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարների թվից։ Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս Ֆինանսական համակարգի հաշտարարը անկախ է և հաշվետու չէ որևէ մեկին։ Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի հաշտարարներից մեկը՝ Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարի որոշմամբ։

Ֆինանսական համակարգի հաշտարարը՝

  1. իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը,
  2. իրականացնում է գրասենյակի կառավարչի լիազորությունները, այդ թվում՝
  • ապահովում է գրասենյակի բնականոն գործունեությունը,
  • պատրաստում և Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Խորհրդի որոշումների նախագծերը, այդ թվում՝ կազմակերպությունների կողմից լրացուցիչ մասնակցության վճարներ կատարելու մասին որոշման նախագիծը,
  • առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից,
  • տալիս է լիազորագրեր,
  • գրասենյակի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային,
  • Խորհրդի հաստատմանն է ներկայացնում գրասենյակի ներքին իրավական ակտերի նախագծերը, վարչակազմակերպական կառուցվածքը,
  • սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է գրասենյակի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
  • Խորհրդի հաստատմանն է ներկայացնում գրասենյակի բյուջեն և այլն։

Ֆինանսական համակարգի հաշտարարի վարձատրությունը չպետք է պակաս լինի բանկային համակարգում վարձատրության միջին չափի եռապատիկից, որը կազմված է ամրագրված գումարից և լրավճարներից՝ յուրաքանչյուր քննված պահանջի համար։ Լրավճարների չափերը և հաշվարկման կարգը սահմանում է Խորհուրդը[5]։

Պահանջները և դրանց քննության կարգը խմբագրել

Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից կազմակերպության դեմ, կապված են կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, իսկ վարկային բյուրոյի դեմ ներկայացված, ինչպես նաև վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված պահանջների դեպքում՝ նաև ոչ գույքային բնույթի պահանջ։

Հաճախորդն իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք հաճախորդի և կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված է, թե ոչ։ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջն ընդունելու, քննելու և որոշում կայացնելու կապակցությամբ հաճախորդից որևէ վճար չի գանձվում։

Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ։ Կազմակերպությունը պարտավոր է բողոք-պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան, որը պետք է արտահայտի կազմակերպության հստակ դիրքորոշումը սպառողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ։ Վարկային բյուրոյին ներկայացված բողոք-պահանջը վարկային բյուրոն քննում և հաճախորդին գրավոր վերջնական պատասխան է տրամադրում վարկային բյուրոյի բողոք-պահանջը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Կազմակերպության վերջնական պատասխանը ստանալու պահից կամ սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին։

Կազմակերպությունը պարտավոր է քննարկել հաճախորդի բողոք-պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքի խախտման մասին։ Հաճախորդը համարվում է կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացրած նաև այն դեպքում, երբ հաճախորդի համաձայնությամբ հաճախորդի բողոք-պահանջը ներկայացրել է գրասենյակը։ Կազմակերպությանը գրասենյակի միջոցով հաճախորդի բողոք-պահանջների ներկայացման կարգը սահմանում է Խորհուրդը։ Այդ կարգը հրապարակվում է գրասենյակի պաշտոնական համացանցային կայքում։

Կազմակերպությունը պարտավոր է ունենալ հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտեր, որոնք հասանելի է դարձնում հանրությանը, այդ թվում՝ համացանցային կայքում հրապարակելու միջոցով, եթե կազմակերպությունն ունի համացանցտային կայք։ Կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները նշում են պարունակում գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու հնարավորության մասին։ Այն դեպքում, երբ կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները պետք է նշում պարունակեն այդ մասին։

Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է պահանջը, եթե հաճախորդը պահանջ է ներկայացրել վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ հաճախորդը ստացել է կազմակերպության վերջնական պատասխանը կամ սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել։ Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է քննել նաև այն պահանջները, որոնք անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով բերվել են սահմանված ժամկետների խախտմամբ։

Պահանջի բովանդակությունը խմբագրել

Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջը կազմվում է գրավոր և ներառում է՝

  1. հաճախորդի անունը (անվանումը),
  2. հաճախորդի բնակության (գտնվելու վայրի) և հաղորդակցման հասցեները,
  3. այն կազմակերպության անվանումը, որի դեմ բերվում է պահանջը,
  4. գույքային պահանջի չափը (առկայության դեպքում),
  5. կազմակերպությանն ուղղված հաճախորդի բողոք-պահանջի պատճենը,
  6. առկայության դեպքում կազմակերպության գրավոր պատասխանը հաճախորդի բողոք-պահանջին,
  7. հայտարարություն այն մասին, որ հաճախորդի և կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա չէ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, և որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում չի քննվում հաճախորդի և կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ,
  8. անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ հայտարարություն հաճախորդի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու և գրասենյակին տրված համաձայնություն իր՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու վերաբերյալ,
  9. պահանջի բովանդակությունը (հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը),
  10. պահանջը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարին,
  11. ֆիզիկական անձ հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը,
  12. հաճախորդի, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ ընկերության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձի ստորագրությունը։

Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը, եթե`

  1. պահանջը օրենքին համապատասխան ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,
  2. հաճախորդի և կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ,
  3. դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվում է հաճախորդի և կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ,
  4. պահանջն արդեն քննվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, և դրա վերաբերյալ առկա է նրա որոշումը,
  5. հաճախորդը օրենքով սահմանված կարգով բողոք-պահանջ չի ներկայացրել կազմակերպությանը,
  6. պահանջը չի ներկայացվել օրենքով սահմանված ժամկետներում,
  7. կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվել է,
  8. պահանջը ստորագրվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի կողմից,
  9. պահանջն ակնհայտորեն զրպարտիչ է, կամ պահանջ ներկայացնող հաճախորդի վարքագիծն անբարեխիղճ է,
  10. անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չէ և այլն։

Այն դեպքում, երբ պահանջը ենթակա չէ քննության, Ֆինանսական համակարգի հաշտարարը յոթ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է պահանջի քննումը և այդ մասին գրավոր տեղեկացնում է հաճախորդին՝ նշելով մերժման հիմքերը։

Պահանջի քննությունը խմբագրել

Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի պատճենն ուղարկում է այն կազմակերպությանը, որի դեմ բերվել է պահանջը, որից հետո տասնչորս աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպությունը պարտավոր է Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնել պահանջի վերաբերյալ գրավոր բացատրություններ, պարզաբանումներ և (կամ) առարկություններ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ։ Կազմակերպության պատճառաբանված դիմումի հիման վրա տասնչորսօրյա ժամկետը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կարող է երկարաձգվել ևս յոթ աշխատանքային օրով։

Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությունն իրականացնել բանավոր լսումների և (կամ) փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա։ Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությանը ներգրավել մասնագետների, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու իրավաբանական անձանց։ Ֆինանսական համակարգի հաշտարարն իրավունք ունի ստանալու սահմանված տեղեկությունները, եթե դրանք պետական կամ ծառայողական գաղտնիք չեն։ Հարկային մարմինը գրասենյակին տեղեկատվությունը տրամադրում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց հարցումներին ավտոմատ պատասխանելու եղանակով (այդպիսի համակարգի առկայության դեպքում)։

Կազմակերպությունը պարտավոր է համագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ` վերջինիս պահանջով օրենքով սահմանված ժամկետում, իսկ նման ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ ողջամիտ ժամկետում ներկայացնել փաստաթղթեր, տալ բացատրություններ ու պարզաբանումներ, Ֆինանսական համակարգի հաշտարարին տրամադրել պահանջի հետ առնչվող այն նյութերը, որոնք գտնվում են իր մոտ, եթե անգամ դրանք պարունակում են բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք։ Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է որոշում կայացնել իր հետ բավականաչափ չհամագործակցող կազմակերպությանը նախազգուշացնելու մասին։ Այն դեպքում, երբ սահմանված կարգով նախազգուշացում ստացած կազմակերպությունը շարունակում է չհամագործակցել կամ բավականաչափ չհամագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ, վերջինս կարող է որոշում կայացնել կազմակերպությանը չհամագործակցող ճանաչելու մասին։

Ֆինանսական համակարգի հաշտարարը իր որոշմամբ դադարեցնում է պահանջի քննությունը, եթե՝

  1. պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջը, օրենքին համապատասխան, ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,
  2. պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ,
  3. պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է հաճախորդի և կազմակերպության միջև նույն պահանջի վերաբերյալ գործ,
  4. հաճախորդը հրաժարվել է պահանջից,
  5. կողմերը հաշտվել են՝ կնքվել է հաշտության համաձայնագիր, կամ հաճախորդը դիմում է ներկայացրել հաշտության համաձայնության գալու մասին,
  6. հաճախորդը մահացել է կամ ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ լուծարվել է,
  7. կազմակերպությունը լուծարվել է կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվել է։

Պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու, մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը։ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները[5]։

Գրասենյակի ֆինանսավորում և կազմակերպությունների մասնակցության վճարներ խմբագրել

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ֆինանսավորումն իրականացնում են կազմակերպությունները՝ գրասենյակի օգտին կատարվող մասնակցության վճարների միջոցով, որոնք մուտքագրվում են հատուկ այդ նպատակով Կենտրոնական բանկում վարվող հատուկ հաշվին։ Մասնակցության վճարները կազմակերպությունները կատարում են յուրաքանչյուր եռամսյակ` հավասար չափաբաժիններով, մինչև ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը։ Կատարված մասնակցության վճարները կազմակերպությունների համար համարվում են ծախս և ենթակա չեն վերադարձման։

Կազմակերպությունների` գրասենյակին կատարած մասնակցության վճարների հանրագումարը հաստատված բյուջեն գերազանցելու դեպքում Խորհուրդը կարող է որոշում կայացնել և կազմակերպություններին վերադարձնել ավել վճարված գումարները, կամ գրասենյակի զարգացման, ինչպես նաև հաճախորդներին կրթելու նպատակով ծախսել դրանք կամ ուղղել պահուստային հիմնադրամի համալրմանը։

Եթե կազմակերպությունների կողմից կատարվող մասնակցության վճարները չեն բավականացնում գրասենյակի հաստատված բյուջեն կատարելու համար, ապա կազմակերպությունները Խորհրդի որոշմամբ կատարում են լրացուցիչ մասնակցության վճարներ, որի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը։ Մասնակցության վճարների հաշվարկման ճշտությունը ստուգում է գրասենյակի վերստուգիչ հանձնաժողովը կամ վերստուգիչը։

Կազմակերպությունների կողմից կատարվող մասնակցության վճարների տարեկան չափերն են`

  1. բանկեր՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01 տոկոսը,
  2. վարկային կազմակերպություններ (բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների)՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07 տոկոսը,
  3. Կենտրոնական դեպոզիտարիա՝ 140 000 դրամ,
  4. ապահովագրական ընկերություններ՝ նախորդ տարվա ընթացքում հավաքված ապահովագրական պարգևների 0.15 տոկոսը,
  5. Բյուրո` նախորդ տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունների կողմից Երաշխավորման ֆոնդ կատարված պարբերական վճարների 0.15 տոկոսը,
  6. ապահովագրական բրոկերներ (բացառությամբ այն ապահովագրական բրոկերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին)՝ 90 000 դրամ,
  7. ներդրումային ընկերություններ՝ 90 000 դրամ,
  8. ներդրումային ֆոնդի կառավարիչներ` 90 000 դրամ,
  9. գրավատներ՝ 45 000 դրամ,
  10. արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք՝ 30 000 դրամ,
  11. դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք՝ 140 000 դրամ,
  12. Վարկային բյուրո՝ 140 000 դրամ։

Նոր լիցենզիա ստացած կազմակերպությունները (բացառությամբ վերալիցենզավորվածների) պարտավոր են լիցենզիան ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, գրասենյակին վճարել միանվագ մասնակցության վճար՝ համապատասխան լիցենզիա տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի կեսի չափով։

Այն դեպքում, երբ կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է վերոնշյալ գործունեության երկու և ավելի տեսակներով, ապա կազմակերպությունը պարտավոր է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկել մասնակցության վճարի չափը և կատարել հաշվարկված մասնակցության վճարներից առավելագույնը։

Սահմանված մասնակցության վճարները լրիվ կամ մասնակի չկատարելու դեպքում պակաս մասնակցության վճարված գումարի վրա հաշվեգրվում են տոկոսներ՝ մասնակցության վճարը կատարելու համար սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով։ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը կազմակերպության նկատմամբ կարող է նշանակել տուգանք` մինչև հարյուր հազար դրամի չափով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պաշտոնական կայք․ Ով ենք մենք Արխիվացված 2022-05-05 Wayback Machine Վերցված է 05/05/2022
  2. 2,0 2,1 ««Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ռազմավարական ուղղություններ», 2021-2024թթ․, էջ 3-5» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
  3. Ֆինանսական համակարգի հաշտարարի պաշտոնական կայք․ Ռազմավարություն Արխիվացված 2022-05-05 Wayback Machine, Վերցված է 05/05/2022
  4. 4,0 4,1 ««Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ռազմավարական ուղղություններ», 2021-2024թթ․, էջ 8-14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 17.06.2008թ., Ազգային ժողովի տեղեկագիր, ՀՀՊՏ 2008.07.23/47(637) Հոդ.776
  6. 6,0 6,1 ««Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի կանոնադրություն, Երևան, 2008թ․» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Մեդիամաքս լրատվական գործակալության «Ֆինանսական Հայաստան» ինտերնետային նախագիծի պաշտոնական կայք
  2. ՀՀ կենտրոնական բանկի Abcfinance.am-ի (Այբ բեն գիմ Ֆինանսներ) պաշտոնական կայք