Ֆեռնանդո դե Մոնտեսինոս (իսպ.՝ Fernando de Montesinos, 1593[1], Օսունա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա - 1655[1], Սևիլյա, Իսպանիա), իսպանացի քահանա, իրավաբան, պատմաբան, երկրաբան, Հարավային Ամերիկայում` Պերուում, Բոլիվիայում, Էկվադորում ճիզվիտ-միսիոներ։ Հետազոտել է Կենտրոնական Անդերի հնդկացիների, Ինկերի կայսրության պատմությունը, ֆանտաստիկ ու հեքիաթային պատմությունների պատճառով, որոնք առաջին հայացքից ներկայացնում են անդյան քաղաքակրթությունները մինչև իսպանացիների ներխուժումն ու նվաճումները, ստացել է «հարավամերիկյան բարոն Մյունխհաուզեն» մականունը։

Ֆեռնանդո դե Մոնտեսինոս
Ծնվել է1593[1]
ԾննդավայրՕսունա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել է1655[1]
Մահվան վայրՍևիլյա, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգրող և քահանա
ԱշխատավայրՊերու

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

Մոնտեսինոսը ծնվել է Իսպանիայի Օսունա քաղաքում, որը գտնվում է Սևիլիայից հյուսիս-արևելք (մեկ այլ տարբերակով` Կուենկա քաղաք)[2]։ Ծննդյան ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, չնայած որոշ աղբյուրներում նշվում է 1593 թվականը։ Սերում է Իսպանիայի հյուսիսի լեոնյան հին տոհմից[3]։

Երիտասարդություն խմբագրել

Ֆեռնանդո դե Մոնտեսինոսը կրոն է ուսումնասիրել Օսունայի համալսարանում` ստանալով կանոնական իրավունքի լիցենցիատի գիտական աստիճան[4]։ 1627 թվականին Սևիլիայի արքեպիսկոպոսությունում ստացել է քահանայի աստիճան։ Նույն թվականին Պերու ուղևորվելու իրավունք է ձեռք բերել` «որոշակի ունեցվածք ստանալու նպատակով» (իմիջիայլոց, գրականության մեջ կա տեղեկություն, որ Մոնտեսինոսն առաջին անգամ Պերուում է հայտնվել 1610 թվականին)[5]։

Հենց Մոնտեսինոսի պատմության համաձայն` նա Ամերիկայում հայտնվել է 1628 թվականին փոխարքա դոն Ֆեռնանդես դե Կաբրերայի (Չինչոնի կոմս) նավատորմով. նրանք Կարտախենա են հասել հունիսի 19-ին, իսկ հուլիսի 15-ին հասել են Պորտոբելյո և հանդիսավոր կերպով Լիմա մտել 1629 թվականի հունվարի 14-ին[2]։ Հայտնի է, որ Մոնտեսինոսը եղել է Չագրես (Chagres) գետի մոտ[6]։

1629 թվականի հունվարին հաստատվել է Տրուխիլյոյում, որտեղ նրան եպիսկոպոս դոն Կառլոս Մարսելո Կոռնեի (Don Carlos Marcelo Corne) քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու շահավետ առաջարկն են արել, իսկ շուտով ստացել է տեղի սեմինարիայի ռեկտորի հեղինակավոր պաշտոնը[5]։

Լեռնահանքային գործի մասնագետ խմբագրել

Կորնեի եպիսկոպոսի մահից հետո Մոնտեսինոսը լքել է Տրուխիլյոն և 1630-1636 թվականներին վարել ոչ նստակյաց կյանք։ Իր իսկ բառերով` նա 70 անգամ հատել է Անդերը[7]։ 1630 թվականից Մոնտեսինոսն ապրել է Պոտոսիում, որն այն ժամանակ թանկարժեք մետաղների արդյունահանման համաշխարհային կենտրոն էր։ Հայտնի է, որ Մոնտեսինոսն այնտեղ մասնակցել է գահաժառանգ Բալտասար Կառլոսի ծննդյան տոնակատարությանը, եղել է Սանտա Բարբարայի թեմի քահանան[8]։ Ծանոթանալով սնդիկի հին վաճառական Դիեգո դե Բիրսուելայի հետ (Diego de Birzuela), ով Պոտոսիի արծաթի հանքի խոշոր սեփականատերն էր, Մոնտեսինոսը ստացել է բազմաթիվ տեղեկություններ լեռնահանքային արդյունաբերության մասին։

Մեկ տարի անց Մոնտեսինոսը թողել է Պոտոսիի իր ծառայությունը` 1631 թվականի դեկտեմբերին թույլտվություն ստանալով ևս երկու տարի մնալ Պերուում։ 1631-1635 թվականներին որպես եկեղեցական վերահսկիչ այցելել է Կենտրոնական Պերու, Կուսկո, Չիլիի հյուսիս, երկու անգամ եղել է Չարկասում։ Նրա հետաքրքրությունների հիմնական ոլորտն այդ ժամանակ եղել է թանկարժեք մետաղների արդյունահանումն ու մշակումը, ինչն Իսպանիայի և ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական նշանակություն ուներ։ Նա նույնիսկ աշխատություն է գրել այդ թեմայով։ Եղել է Ատակամա անապատում, տեսել փիրուզի հանքեր։ Այցելել է սուտակի (ամենայն հավանակաությամբ, խոսքն ավելի շուտ նռնաքարի մասին է), հասպիսի հանքավայեր։ Կուսկոյում նա նույնիսկ ցույց է տվել ոսկու կտոր` 1 ֆունտ քաշով։

Ֆեռնանդոն նկարագրել է Ուանկավելիկայի (Huancavelica) և Այասոյի (Լիմայի հարևանությամբ) հանքերում սնդիկի արդյունահանումը, որտեղ ականատեսն է եղել սնդիկից թունավորման բազմաթիվ դեպքերի։

Մոնտեսինոս քահանան խմբագրել

Գրականության մեջ տեսակետ է արտահայտվել, որ Ֆեռնանդո դե Մոնտեսինոսը եղել է ճիզվիտ։ Սակայն ճիզվիտների «Գավառական տեղեկատուներում» 1631-1636 թվականներին Մոնտեսինոսը հիշատակված չէ։ Բացի այդ, նա իրեն երբեք չի անվանել ճիզվիտ, այլ միայն Դոն Ֆեռնանդո դե Մոնտեսինոս` քահանա։ 1636-1639 թվականներին Մոնտեսինոսն ապրել է Պերուի մայրաքաղաք Լիմայում, որտեղ Նուեստրա Սենյորա դե Կաբեսա եկեղեցում եկեղեցական պաշտոնյայի աստիճան է ստացել և ունեցել սեփական տուն։ Մոնտեսինոսը համագործակցել է Ինկվիզիցիայի սուրբ գրասենյակի հետ, և նրան հանձնարարված է եղել գրել մանրամասն հաշվետվություն` «Նշանավոր հրադատություն, որ անցկացվել է Լիմայում 1639 թվականի հունվարի 23-ին» («Auto de Fe celebrado en Lima el 23 de Enero de 1639»): Այդ կիրակի նշանավոր իրադարձություն է տեղի ունեցել. միանգամից 80 դատապարտված արժանացել են սուրբ ինկվիզիցիային. նրանցից 12-ին այրել են, որից 9-ը եղել են պորտուգալացիներ։ Հիմնականում դատապարտվել են հրեա առևտրականները. դա կատարվել է այսպես կոչված Քարե տեղանքում (el Pedregal)` Ամանկաեսի (Amancaes) ճանապարհին։ Դա առաջին ու երկրի պատմության մեջ ամենադաժան հրադատությունն է եղել Պերուում, չնայած ինկվիզիցիան Լիմայում հաստատվել է դեռևս 1570 թվականից։ Վերոնշյալ տեղեկատուն վերահրատարակվել է «Մադրիդյան սեմինարիայի շաբաթաթերթում» (Seminario Erudito de Madrid) 1640 թվականի փոտրվարի 7-ին։

Ինկվիզիիցիան արմատական դեր է խաղացել Մոնտեսինոսի աշխարհայացքի ձևավորման վրա իսպանացիների կողմից Ինկերի թագավորության նվաճման ու տեղի հավատալիքների նկատմամբ կաթոլիկության հաստատման տեսանկյունից։ Հատկանշական է, որ նա երբեք չի հիշատակել հնդկացիների հետ իր ուղղակի շփումների մասին, այլ նշել է միայն իսպանացիների ու կրեոլների, այն էլ հիմնականում հոգևորականների հետ շփումների մասին։

1640 թվականից հետո Մոնտեսինոսը դարձյալ մեկնում է ճամփորդության։ 1640 թվականին նա սուրբ շաբաթին մեկնել է Անդավայլաս (Կոչարկաս բնակավայր), 1641 թվականին այցելել է Կախամարկա, որտեղ ապրել է մինչև 1642 թվականը։ Այդ ժամանակ նա այցելել է այն Փրկագնի սենյակ, որը որպես զնդան է ծառայել ինկերի վերջին անկախ առաջնորդ Աթաուալպայի համար։ Սենյակն այդ ժամանակ դեռ չէր քանդվել, և Մոնտեսինոսը չափում է այն, որպեսզի հետագա սերունդները պատկերացում ունենան Աթաուալպայի փրկագնի մասին, որ բաղկացած էր ոսկուց ու արծաթից։ Նույն 1642 թվականին Մոնտեսինոսը տեղափոխվել է Կիտո, այցելել հնամենի Կարանկե քաղաք, որտեղ ինկերի առաջնորդ Աթաուալպան կառուցել էր իր նստավայրը[9]։ Կիտոյում Ֆեռնանդոն ավարտում է իր «Պատմության հուշերի» (Memorias historiales) առաջին սևագրությունը։

Մոնտեսինոսը Էլդորադոյի ու Պայթիթիի որոնումներում խմբագրել

Մոնտեսինոսն ընդունում է ժամանակի ընդհանուր պատկերացումը, որ Էլդորադոն եղել է Օֆիր երկիրը, որը հիշատաված է Հին կտակարանում։ Նա նաև խոսել է հայր Պեդրո Ֆլորեսի հետ (Pedro Flores), ով ֆրացիսկյաննրի ղեկավարն էր Լիմայում։ Վերջինս նրան ցույց է տվել մազոնյան ներքին շրջանների միսիոներ Հիերոնիմոսն Խիմենեսի (Gerónimo Ximénez) նամակը, որում պատմվում էր փղերի ու աներևեկայելի կենդանիների մասին։ Զինվոր Ֆրանսիսկո դե Վիլյանուևան (Francisco de Villanueva), ով Խիմենեսի գործընկերն էր, ավելի ուշ Մոնտեսինոսին բացատրել է, որ նրանք տեսել են փղերի և անծանոթ կենդանիների (համրուկ) թաթեր[10]։

Էլդորադոյի նկատմամբ Մոնտեսինոսի պատկերացումները հղվում են վաղ պատմիչներ Ֆեռնանդես դե Օվիեդոյի և Պեդրո Սիեսա դե Լեոնի, հատկապես Պեդրո Սիմոնի հիշատակումներին, ով Էլդորադոյի մասին լեգենդը ներկայացրել էր մանրամասնորեն։ Նա գրել է «Պայթիթիի պատմությունը» (1637-1638), սակայն չի հասցրել ավարտել այն, երբ հաղորդագրություն է ստացել, որ Տարմայի սահմաններից դուրս ինչ-որ արշավախումբ մայրաքաղաք է վերադարձել ոսկով։ Այս արշավախումբը 1637 թվականին ղեկավարել է Պեդրո Բորխեսը (Pedro Bohórquez): Նա հետազոտել է Կամպայի (Campa) և Ամուեշայի (Amuesha) հնդկացիների հողերը` ոսկու երակ հայտնաբերելով Տարմայից արևելք գտնվող գետի մոտ։

Հայտնի է, որ Ֆեռնանդո դե Մոնտեսինոսը մտադրություն է ունեցել արշավախումբ ուղարկել լեգենդար «հարուստ ու ցանկալի երկրների» ( «la tierra rica y deseada»)` Պայթիթի - Էլդորադոյի որոնումների նպատակով[11]։ Հատկանշական է, որ իր գրքում նա հաղորդում է, որ իր ազգական եղբայր Ֆրանսիսկո Մոնտեսինոսը Բորխեսի հետ 1637 թվականին մտել է Տարամա կամ Տարմա գավառ և այնտեղի նշանավոր վեց հնդկացու բերել Լիմա, որտեղ նրանց ընդունել են հանդիսավորությամբ, իսկ հետո փոխարքայի հրամանով դարձյալ վերադարձրել նրանց հողեր։ Տարաման համարվել է դիցաբանական Պայթիթիի մուտքը[12]։ Հնարավոր է, որ Ֆեռնանդոն ֆինանսավորել է Տարմայի երկրորդ արշավախումբը։ Երրորդ ուղևորությունից այդ վեց հնդկացիների վերադարձի ժամանակ` արդեն նրա եղբայր Ֆրանսիսկոյի, նրա վեց մտերիմ ընկերների և ֆրանցիսկյան երկու քահանաների գլխավորությամբ, նրանք բոլորը սպանվել են. սպանությունը ծագրել էր հնդկացի Սամպատին (Zampati):

Պատմաբան և հնագետ խմբագրել

Ծառայությունից ազատ ժամանակ դոն Ֆեռնանդոն հետաքրքրվել է մինչիսպանական շրջանի Պերուի պատմությամբ։ Նա հետազոտել է արխիվները և Պերուի հնությունների մասին ձեռագրերը` գրի առնելով այն ամենը, ինչն աչքի ընկնող է եղել իր դարաշրջանում, այդ պատճառով էլ Մանուել դե Մենդիբուրոն գրել է, որ նա եղել է «յուրահատուկ, ուխտագնացություն է կատարել տարբեր վայրեր, միայն թե համոզիչ փաստեր ձեռք բերի և վերականգնի սկզբնաղբյուրները»[6]։ Նա անցել է մոտ 8.000 կմ Կիտոյից մինչև Պոտոսի` փնտրելով ամեն տեսակ հնություններ ու դասակարգելով քաղաքային խորհուրդների գրքերը[2]։

Մոնտեսինոսը ձեռք է բերել նշանավոր գիտնական, Կիտոյի եպիսկոպոս Լուիս Լոպես դե Սոլիսայի (Luis Lopez de Solis) գրքերը և դրանք կիրառել իր աշխատություններում[3]։

Նա ունեցել է նաև լավ հնագետի հեղինակություն[3]։

Վերադարձ Իսպանիա խմբագրել

14 տարի Ամերիկայում գտնվելուց հետո Մոնտեսինոսը Պոպայանով, Կալիով, Բուգայով 1643 թվականին վերադարձել է Իսպանիա։ Նա Սևիլիայի մոտ գտնվող Կամպանայում ստացել է եկեղեցական թեմ, սակայն որոշ ժամանակ անց արքայից խնդրել է իրեն վստահել Լիմայի կամ Մեխիկոյի թեմը։ 1644 թվականի հունիսի 28-ին նա կանգնում է թագավորի հնդկացիական խորհրդի առաջ` առաջարկելով թագավորությանը վաճառել սնդիկի մշակման գաղտնի եղանակը տեխնոլոգիական գործընթացում բազմանգամյա մշակումով` ի տարբերություն մշակման ընդունված եղանակի։ Նա նաև առաջարկում է փակել Վանկավելիկի հանքերը այդ շրջանում հնդկացիների մահացության բարձր աստիճանի պատճառով։ Մոնտեսինոսը կառավարությունից խնդրում է տարեկան 12.000 դուկատ արծաթով, սակայն նրան մերժում են։

1644 թվականին նա ավարտում է «Պատմության հուշագրություն» (Memorias historiales) աշխատության միջանկյալ տարբերակը, որում բերում է աստվածաշնչյան դասական մոտիվներ։ Սակայն Ֆեռնանդո դե Մոնտեսինոսն այդպես էլ չի կարողանում հովանավոր գտնել իր գրքի հրատարակման համար։

Դրանից հետո նա ևս մեկ անգամ հասցնում է վերախմբագրել ձեռագիրը` բազմաթիվ ուղղումներ մտցնելով, սակայն մինչև իր մահն այն չի հասցնում տպագրել։

Անձնական կյանք խմբագրել

Ֆեռնանդո դե Մոնտեսինոսի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Մոնտեսինոսի բնավորության մասին կարելի է ասել, որ եղել է հավակնոտ մարդ։ Ապրելով կոլորիտային կյանքով, արքայից չստանալով իր պահանջածը և չհրատարակելով իր հիմնական աշխատությունները` նա, սակայն, իր կյանքի վերջին դառնություններ չի ճաշակել, նույնիսկ ուրախություններ է տեսել։ Հնարավոր է, նա իր կարողությունը դասել է անազնիվ ճանապարհով, եթե հաշվի առնենք թանկարժեք քարերի նկատմամբ նրա հետաքրքրություններն ու ձգտումը, ինչի մասին նա առանձնահատուկ զգացմունքով է գրել իր ձեռագրերում` դրանով հանդերձ հեգնելով որոշակի հնդկացիների գոյությունը, ովքեր արդյունահանում էին այդպիսի քարեր։ Նույնիսկ սնդիկի հանքերի փակման գաղափարը կապված էր հնդկացիներին ոսկու ու արծաթի հանքեր տեղափոխելու հետ։

Մահ խմբագրել

Մոնտեսինոսը մահացել է 1655 թվականին, չնայած դեռևս 19-րդ դարում տեղեկություններ են բերվել այն մասին, որ նա մահացել է 1652 թվականին[11]։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրական երկեր խմբագրել

  • Tratado de Ofir — «Տրակտատ Օֆիրի մասին»։ Մոնտեսինոսի առաջին գործն է։ Չի պահպանվել։ գրքում հավանաբար քննարկվել է նրա հավատալիքն այն մասին, որ աստվածաշնչյան Օֆիրը, Սողոմանի գանձերը պետք է որ գտնված լինեին պերուական Ամազոնում։
  • «Իսպանիայի Օֆիր և Կիտոյի ու Լիմայի թագավորությունների տարեգրություն» (Ophyr de España, e anales de los reynos de Quito y Lima, 2 vols., Lima, 1640)"
  • «Պատմական հիշատակումներ Կիտոյի հնագույն թագավորության մասին» (Memorias historicas del antiguo reyno de Quito, 1652):

Գիտական աշխատություններ լեռնահանքային գործի և պերուական մետալուրգիայի մասին խմբագրել

  • «Beneficio Común o Directorio de benefactores de Metales y Arte de ellos, con ciertas reglas para los negrillos» — այս աշխատության ոչ մի օրինակ ներկայումս չի պահպանվել։ ավելի ուշ նա պատրաստել է երկրորդ մասը, որը հրատարակվել է, սակայն ձեռագիրը ներկայումս չի պահպանվել։
  • «Memorial sobre la conservación del Azogue que se pierde entre lamas y relaves».

Կրոնական հաշվետվություն խմբագրել

  • «Նշանավոր հրադատություն, որ անցկացվել է Լիմայում 1639 թվականի հունվարի 23-ին» («Auto de Fe celebrado en Lima el 23 de Enero de 1639»):

Պատմական երկեր խմբագրել

  • Historia del Paititi, 1638 — «Պայթիթիի պատմություն»։ Գիրքը գրվել է այն ժամանակ, երբ Մոնտեսինոսը եղել է Լիմայում։ Գիրքը չի պահպանվել։
  • Estudio general de las Colonias Españolas en Occidente (ժամանակը հայտնի չէ)։ Գրքում հեղինակը, կիրառելով աստվածաշնչյան ժամանակագրությունը, Պերուի բնակչությունը վերագրում է մ. թ. ա. 19-րդ դարին` նշելով, որ այն հիմնադրվել է հայերի կողմից, երբ վերջիններս ենթարվել են Ասորեստանին[13]։ Մոնտեսինոսի վարկածի համաձայն` առաջին բնակիչներն այս կողմերում հայտնվել են Չիլիի կողմից, մի մասն էլ կտրել է Անդերի պանամական հատվածը ծովով[13]։

Սակայն Ֆեռնանդո դե Մոնտեսինոսի ամենահայտնի երկերն են.

  • Memorias historiales: Պերուի պատմության մասին հնգահատոր աշխատություն է։ Նվիրված է Կիտոյի արքեպիսկոպոս դոն Պեդրո դե Իվիեդոյին(Don Fray Pedro de Obiedo):
    • «Պերուի անալներ» («Los Anales del Perú»): Ընդգրում է 1492-1642 թվականները, երբ նա վերադարձել է Իսպանիա։ Աշխատությունը հրատարվել է 1906 թվականին Մադրիդում երկու հատորով դոկտոր Վիկտոր Մանուել Մարտուա ի Ուրիբեի կողմից։ Գիրքն աչքի է ընկնում տնտեսական հարցերի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, հատկապես հանքանյութերի ամենամյա արդյունաբերությամբ։
    • «Պատմական ու քաղաքական հին տեղեկություններ Պերուի մասին» («Las Memorias Antiguas historiales y políticas de Pirú»), թվագրված է 1642 թվականին, հետազոտողների շրջանում մեծ վստահություն չի վայելում։ Գտնվել է քահանք Խոսե դե Սան Անտոնիոյի մոտ, ով խմբագրլ ու կրկնօրինակել է այն 1786 թվականին նախարար Խոսե Գալվեսի համար (el Ministro Galvez): Հետաքրքիր է, որ արքան Գալվեսին պատվիրել էր ճիզվիտներին քշել Նոր աշխարհից։ Այս ստեղծագործությունն առաջին անգամ հրատարկվել է ֆրանսերենով 1840 թվականին, և այն ոչ այլ ինչ է, եթե ոչ Մոնտսինոսի հիշատակարանի երկրորդ գիրքը, որ հայտնաբերել է դոն Խուան Բաուտիստո Մունյոսը եկեղեցու գրադարանում[14].

Մինչկոլումբոսյան Ամերիկայի մշակույթի հայտնի հանրահռչակող Միլոսլավ Սթինգլը Մոնտեսինոսի մասին գրել է. «Իր բավական անսովոր տեղեկությունների համար նա վաստակել է պերուական բարոն Մյունխհաուզեն անվանումը»[15]։ Նրա մասին ոչ հարգալից է արտահայտվում Յու. Բերյոզկինը. «Ֆեռնանդո Մոնտեսինոսի ժամանակագրությունը պատմական տվյալների ֆանտաստիկ լինելու պատճառով անհետաքրքիր է ժողովրդագրի համար»[15]։

«Մոնտեսինոսի քրոնիկներ» խմբագրել

«Հիշատակի վկայությունների» հայտնի ձեռագրեր խմբագրել

Ֆեռնանդո դե Մոնտեսինոսի ստեղծագործությունները հայտնի են երեք ձեռագրերով։

  • «Մադրիդյան ձեռագիրը» (Manuscrito de Madrid) հնագույնն է, պահվում է Մադրիդի ազգային գրադարանում։ Վերնագրված է Las memorias antiguas y nuebas del Pirú և թվագրվում է 1642 թվականին։ Մոնտեսինոսն այն բաժանել է երկու մասի. առաջին մասն ընդգրկել է 1-ին, 2-րդ, 3-րդ գրքերը, երկրորդը` Annales del Pirú, բաղկացած է երկու գրքից։ Ձեռագրում, սակայն, պահպանվել են ամբողջ աշխատության 3-րդ, 4-րդ և 5-րդ գրքերը։
  • «Համալսարանական ձեռագիր» (Manuscrito Universitario): Ներկայումս գտնվում է Սևիլիայի համալսարանի գրադարանում, թվագրված է 1644 թվականին։ Այն ներառում է Առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ գրքերը։ Սա Մոնտեսինոսի ձեռագրի երկրորդ հրատարակությունն է։ Վերնագրված է` «Ophir de España: Memorias historiales i políticas del Pirú, vaticinios de su descubrimiento i conversión por los reies chatólicos i singulares epítetos que por ello se les da en la sagrada escritura. Al rey, Nuestro Señor Philipo IV, el grande monarca de anbos mundos. Autor el Lizenciado Don Fernando Montesinos, presbítero natural de Osuna»:
  • 1-ին, 2-րդ, 4-րդ գրքերը ներառվել են այսպես կոչված «Մերսեդի ձեռագրերի» մեջ (Manuscrito Merced): Այս ձեռագիրը մինչև 20-րդ դարի սկիզբը պահվել է Մադրիդի արքայական պատմական ակադեմիայում, մինչև որ անհետացել է, սակայն 1860 թվականին ֆրանսիացի հայտնի պատմաբան Շառլ-Էտիեն Բրասյոր դե Բուրբուրը կրկնօրինակել է առաջին և երկրորդ գրքերը (այն պահվում է Յեյլի համալսարանի Սթերլինգյան գրադարանում), իսկ 1869-1871 թվականներին Բուենոս Այրեսում դրանք հրատարակել է Վինսենտե Ֆիդել Լոպեսը «Revista de Buenos Aires» շարքի 20-րդ և 21-րդ հատորներում։ «Մերսեդի ձեռագրի» կրկնօրինակը ներկայումս գտնվում է Նյու Յորքի հանրային գրադարանում (New York Public Library):

Այլ հրատարակություններ խմբագրել

Գիրքը հրատարակվել է հետագայում.

  • 1882 թվականին Մադրիդում` (Montesinos, Fernando. Memorias antiguas historiales y políticas del Perú, seguidas de las informaciones acerca del señorío de los Incas hechas por mandado de D.F. de Toledo, Madrid: M. Ginesta 1882):
  • 1920 թվականին Լոնդոնում` (Montesinos, Fernando de. Memorias Antiguas Historiales y Politicas del Peru. Transl. and ed. by Philip A. Means (1644), London: Hakluyt Society, second series, No. XLVIII, 1920):
  • 1957 թվականին Կուսկոյում` (Montesinos, Fernando de. Memorias Antiguas, Historiales y Politicas del Perú [1642]. Cuzco: Universidad de S.A.A, 1957):
  • 2007 թվականին Յեյլում` (Sabine Hyland. The Quito Manuscript. An Inca History Preserved by Fernando de Montesinos. Yale University. ISBN 978-0-913516-24-9)
  • 2009 թվականին ամերիկյան Paperback Publisher հրատարակչությունում` (Memorias Antiguas Historiales Y Politicas Del Perú by Montesinos, Fernando, Paperback Publisher, 2009):

Բնութագիր և վերլուծություն խմբագրել

«Հիշատակարանի» բազմաթիվ դրվագներ համապատասխանում են Պեդրո Սիեսա դե Լեոնի, Խոսե դե Ակոստայի, Ինկա Գարսիլասո դե լա Վեգայի հաղորդումներին, հեղինակներ, որոնց բարեխղճությունը ոչ ոք կասկածի տակ չի դրել, երբ վերջիններս փոխանցել են հնդկացիների ավանդույթները։ Ինքը Մոնտեսինոսը բազմիցս հաճույքով նշել է իր տեղեկության սկզբնաղբյուրները` ամաուտան (հնդկաց իմաստունների պատգամները), հին հնդկացիական ասքերը, ինչպես նաև վաղ գաղութատիրական շրջանի հայտնի ևայնպիսի գրողների միանգամայն հիմնավոր տեղեկությունները, ինչպիսիք են Պոլո դե Օնդեգարդոն և Խուան դե Բետանսոսը։ Այդ պատճառով չկան լուրջ հիմնավորումներ Մոնտեսինոսի տեղեկություններն իր երևակայության արդյունքը համարելու համար։

Դա վերաբերում է նաև «Հիշատակարանի» ամենավիճելի կետին` ժամանակագրական սխեմային, որի համաձայն Կուսկոյից ինկերի առաջնորդին նախորդել են մոտ 900 «Պիրուի թագավորներ»` ընդհանուր տևողությամբ 2253 տարի կառավարմամբ։

Առաջին հերթին այդպիսի կառուցվածքը, ամենայն հավանականությամբ, Մոնտեսինոսի սեփական մտահղացումը չէ, այլ ծագում է իր կողմից հիշատակված անհայտ հեղինակի ձեռագիր «Պատմությունից»։ Թվում է` հենց նրա մասին է Մոնտեսինոսը գրել «Հիշատակարանի» առաջին գրքում. «Հարկ է, որ ես հիշատակեմ Պերու անվան մեկ այլ հին տեղեկություն, որ ես գտել եմ մի ձեռագիր գրքում. ես այն գնել եմ Լիմա քաղաքից և պահում եմ հոգածությամբ ու խնամքով։ Այն Պերուի և նրա կայսրերի մասին է և Կիտոյի մասին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում։ Ես համոզվեցի, որ այն կազմել է խոսքաշեն մի մարդ այդ քաղաքից, ով բանավոր տեղեկություններ է ունեցել, որոնք իրեն հաղորդել է եպիսկոպոս դոն Ֆ. Լուիս Լոպեսը. նա նաև հարցումներ է կազմակերպել հնդկացիների շրջանում»[16]։ Սաբինա Հայլենդը մատնանշում է Մոնտեսինոսի երկրորդ գրքի ուղղագրական առանձնահատկությունները, որոնք հատուկ են կեչուա ցեղի հնդկացիներին, ովքեր գրում էին իսպաներեն[17]։ Հնարավոր է, Մոնտեսինոսը (կամ ավելի շուտ` նրա թելադրանքով գրողը) որոշ տեղերում ուղղակի կրկնօրինակել է հնդկացի հեղինակի բնագիրը։ Երկրորդ, Մոնտեսինոսի ներկայացրած արքաների ցուցակը թույլ է տալիս ենթադրել, որ նրանում մի շղթայով միավորված են մի քանի ցուցակներ կամ տարբեր ժամանակների կառավարողներ։ Այսպես` Յուհա Հիլտուենը Մոնտեսինոսի ցուցակում առանձնացնում է չորս դինաստիաներ` Պիրվա (1-17), Ամաուտա (18-62) և Տամպուտոկո երկու տոհմեր (63-77, 78-90)[18]։ Նրա կարծիքով` «Դա կարող է վկայել պատմական-ժողովրդագրական երեք տարբեր աղբյուրներ ու հիշատակված խմբեր։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ այս արքայատոհմերից երկուսը կարող են ժամանակակիցներ լինել»[19]։ Ցուցակը կարող էր նաև բաժանվել ավելի շատ թվով մասերի։ Օրինակ` երկրորդ գրքի ութերորդ գլխում տեղեկացվում է, որ Պիրուի 7-րդ և 8-րդ թագավորների օրոք Կուսկոն անկում է ապրել, իսկ նրա բնակիչները խառնաշփոթի մեջ էին ապրում` վերադառնալով նախնական դրության[20]։ Սա ամենայն հավանականությամբ նշանակում է պետության անկում։ Այդ դեպքում, Պիրվա դինաստիան բաժանվում է երկու մասի` 1-7 թագավորներ և 8-17 թագավորներ։

Միանգամայն պարզ է, թե ինչու է Մոնտեսինոսը Պերուի արքաների ցանկը երկարաձգել։ 16-17-րդ դարերի գաղութատիրական պատմաբանների գլխավոր խնդիրներից մեկը մինչկոլումբոսյան շրջանի պետությունների սահմանագծերի որոշումն էր համաշխարհային ընդհանուր պատմության ֆոնին, ինչի հիմքը աստվածաշնչյան պատմությունը պետք է լիներ։ Մասնավորապես, անհրաժեշտ էր աստվածաշնչյան ավանդությունները համաձայնեցնել համաշխարհային ջրհեղեղի մասին պերուական պատկերացումներին։ Սակայն ինչպես այս առիթով գրում է ինքը Մոնտեսինոսը. «Ամաուտաներն ասում են, որ Մանկո Կապայի կառավարման երկրորդ տարում ավարտվեց չորրորդ Արևը Արարումից հետո, ինչը մի փոքր քիչ է 4.000 տարուց, և 2.900` համաշխարհային ջրհեղեղից հետո»[21]։ Ընդունելով ավանդական ծննդաբանությունը, որի համաձայն Ինկերի կայսրության կառավարիչ Ուայնա Կապակը, որ մահացել է 1525 թվականին, եղել է Ինկերի կայսրության հիմնադիր Մանկո Կապակի 11-րդ սերունդը, վերջինս ծնվել է մոտ 1125 թվականին և թագավորել մոտ 1150 թվականին։ Հետևաբար պերուական ջրհեղեղը պետք էր վերագրել մոտ մ. թ. ա. 1750 թվականին, սակայն դա շատ ավելի ուշ էր (մոտ 1.200 տարով), քան ընդունել էր 16-17-րդ դարերի կաթոլիկ դավանաբանությունը։

Աստվածաշնչյան ու հնդկացիական ավադությունների միջև եղած հակասությունը վերացնելու երկու ճանապարհ է գոյություն ունեցել։ Առաջին տարբերակով պետք էր ինկերին վերագրել կյանքի առասպելական տևողություն, ինչպես դա արել է Ֆիլիպե Վաման դե Այալան` ինկերի 12 արքաներին վերագրելով կառավարման 1550 տարի։ Երկրորդ տարբերակով Մանկո Կապակի և և պատմական ինկերի միջև պետք էր տեղակայել թագավորների շարք, որոնք հայտնի էին ծննդաբանական ցուցակներից[22]։ Դրա արդյունքում պարզվեց, որ Մանկո Կապակի կառավարման երկրորդ տարին «համընկնում է մոտավորապես Քրիստոսի կառավարման առաջին տարուն։ Այս Մանկո արքան այդ ժամանակ այնպիսի մեծ հզորություն ուներ, ինչպիսին իրենից առաջ Պերուում ոչ ոք չէր ունեցել։ Այս պերուացիների հաշվարկների համաձայն` 43 տարի էր պակասում Արևի չորրորդ շրջանը լրանալուն, և ես զարմանքով հայտնաբերեցի, որ 70 թարգմանիչների հաշվարկների և Հռոմեական եկեղեցու համաձայն` Աստվածային խոսքը ծնվել է ջրհեղեղից հետո 2950 թվականին»[23]։

Մոնտեսինոսի զարմանքն անհիմն չէր. ժամանակագրական սխեման օգտագործած հեղինակը մտադիր էր համապատասխանեցնել Հիսուս Քրիստոսի և Մանկո Կապակի ժամանակաշրջանները, այսինքն` պերուական ու աստվածաշնչյան ջրհեղեղները։ Բացի այդ` այս սխեման թույլ կտար լուծել գաղութատիրական պատմագրության ևս մեկ խնդիր, որին ուշադրություն է դարձրել ամերիկացի հետազոտող Մոնիկա Բարնսը. «Բոլոր փաստերը .... պետք է ենթարկվեն այն գաղափարին, որ Ինկերի կայսրությունն ընդգրկում է Հովհաննես Մկրտիչի ծննդին նախորդող ժամանակը մինչև Անդերում իսպանացիների հայտնվելը։ Դա թույլ կտար մինչքրիստոնեական ինկերին ժամանակային ու պատմական զուգահեռներ անցկացնել մինչքրիստոնեական հռոմեական կայսրերի և քրիստոնյա հռոմեացի կայսրերի միջև»[24]։

Ամեն դեպքում, Մոնտեսինոսի ներկայացրած «մաքսիմալ կապակունայի» (արքայական ցուցակ) հիմքում ամեն դեպքում ընկած են բնօրինակ հնդկացիական հավատալիքները, չնայած դրանք էապես մշակվել են։ Չի կարելի չհամաձայնել Յու. Հիլտուենի կարծիքին. «Մոնտեսինոսը չի եղել ռոմանտիկ կեղծարար կամ բացահայտ սուտասան.... Նա չի ստեղծել արքայական դինաստիաներ, սակայն մշակել է դրանք»[25]։ Վանկարամայի պատումում Մոնտեսինոսը նկարագրում է սկզբնաղբյուրների հետ իր աշխատանքի եղանակը. նա չի իմանում, որ ավանդույթն այս պատմությունը կապում է առաջին ինկ Մանկո Կապակին, բայց քանի որ իր տեսակետից Մանկո Կապակը չի եղել առաջին ինկը, այլ Պերուի առաջին թագավորը, իսկ առաջին ինկը եղել է Սինչի Ռոկան, ապա նա լրիվ ակամա ամբողջ պատմությունը կապում է Սինչի Ռոկայի հետ` հորինելով նրա արշավը Վանկարամա[26]։ Հարցն այն է, թե ինչքան խորն է եղել Մոնտեսինոսի մշակումը և այլ դեպքերում, և ինչքանով է հնարավոր վերականգնել սկզբնական տեղեկությունը։

Մոնտեսինոսի ներկայացրած Պերուի թագավորների հարաբերությունը աշխարհագրական այս կամ այն շրջանի և հնագիտական հուշարձանների հետ գրավել է պատմաբաններին։ Մոնտեսինոսի առաջին անգլերեն թարգմանիչ Ֆ. Մինսը ենթադրել է, որ խոսքը բոլիվիական Տիուանակոյի կառավարիչների մասին է, ումից, հնարավոր է, ծագում են պատմական ինկերը[27]։ Վերջին տասնամյակներին այս գաղափարը որոշակի չափով հաստատել են Յա. Շեմինսկին, Կ. Պոնսե Սանգինեսը և Բ. Բիադոս Յակովասոն[28][29][30]։ Մյուս կողմից, Յու. Հիլտուենը «Ամաուտա արքայատոհմը» կապում է Ուարի հնագիտական մշակույթին (նրա կենտրոնը ներկայիս Այակուչոյի մոտակայքում է), որը տարածված է եղել 7-9-րդ դարերում Անդերից մինչև Կախամարկա` Կուսկոյի հյուսիս-արևմուտք, իսկ Տամպուտոկո արքայատոհմը կապում է Չակեպուկիոյի հետ, որ գոյություն է ունեցել Կուսկոյի հովտում 9-րդ դարի կեսերից մինչև 1400 թվականը։ Սակայն պետք է նշել, որ ինչքան էլ գրավիչ լինեն այս վարկածները, դրանք մնում են վիճելի։

Բացառված չէ, որ Մոնտեսինոսի նշած որոշ ցուցակներում կամ դրանց հատվածներում պարզապես թվարկված են անդյան նշանավոր կլանների նախնիները, որոնք բոլորովին էլ պարտադիր չէ, որ թագավորած լինեն։

Մոնտեսինոսի նկատմամբ անվստահությունը հիմնականում պայմանավորված է նրա գրելաոճով։ Հայտնի չէ` ինչ պատճառներով է նա փորձել գրել։ Մոնտեսինոսը երբեք չի սահմանափակվել իր սկզբնաղբյուրների պարզ վերապատմումով, այլ նյութը շարադրել է 17-րդ դարի եվրոպական բարոկկոյի հռետորաբանության սկզբունքով։ Ի տարբերություն հնդկացիների` Մոնտեսինոսը բավական ռացիոնալ է մտածում և ամեն քայլում փորձում է մեկնաբանել առասպելները եվրոպական սթափ մտքի տեսանկյունով (դա երբեմն նույնիսկ կոմիկական բնույթ է ստանում), իսկ այն դեպքերում, երբ դա չի հաջողվում, դա քամահրանքով մտացածին («finxieron») է համարում։ Այսպես` հնդկացիների տարբերակը, հիմնավորելով ինկերի իշխանությունը, ինկերի պատմական դինաստիայի հիմնադիր Ինկե Ռոկայի մասին հայտնում է. «Նա կարծես Արևի որդին լիներ, և նրա հայրը նրան տեղափոխել է իր բնակության վայր, որտեղ չորս օր եղել է ճառագայթների ներքո` ուշադրության բազմաթիվ դրսևորումներ ստանալով։ Եվ այդպես նա վերադարձել է, որպեսզի կառավարի աշխարհը»[31]։ Սակայն Անան Կուսկոյի դինաստիայի այսպիսի գերբնական ծագումը ընդունելի չէր Մոնտեսինոսի համար ո'չ որպես քրիստոնյայի, ո'չ էլ որպես ռացիոնալ մտքով մարդու տեսանկյունից։ Եվ նա փորձում է իր կարծիքով լույս սփռել այս պատմության վրա։ Այնքան է տարվում դրանով, որ 16-17-րդ գլուխներում միանգամայն ծիծաղելի պատմություն է հորինում, որ ավելի շատ հիշեցնում է Յակով Պրոտազանովի «Սուրբ Յորգենի տոնը» ֆիլմի սյուժեն[32]։ Ինքը Մոնտեսինոսը ակնհայտորեն չի ձգտել հումորային ոճի, բայց ինչքան շատ է փորձում մեկնաբանել ճշմարտությունը, այնքան ավելի շատ է այն նմանվում հումորային պատմության։ Հեղինակի ոճային որոնումների արդյունքում «Հիշատակարան»ի էջերում ընթերցողը հանդիպում է անտիկ քողով սքողված կերպարների, որոնք հղումներ են կատարում Ցիցերոնից` չնայած հնդկացիական Կապակ, Յուպանկի, Պաչակուտի անուններին։ Եթե հաշվի առնենք նաև դոն Ֆեռնանդոյի գրական շնորհը, որին նա, ցավոք, չի տիրապետել, և գեղեցիկ գրելու ցանկությունը, նրա աշխատության շատ էջեր ուղղակի անընթեռնելի են դառնում։ Այս դեպքում հասկանալի է դառնում «Հիշատակարանի»` ուշ հետազոտողների ոչ բարյացակամ տրամադրվածությունը հեղինակի հանդեպ։

Մեկ այլ հանգամանք, որ անվստահություն է առաջացնում Մոնտեսինոսի հանդեպ, նույնպես բխում է նրա հետաքրքրասիրությունից։ Ցանկանալով գրավել ընթերցողին` նա ընտրում է փաստեր ու վարկածներ, որոնք չեն համընկնում Պերուի պատմաբանների լայնորեն տարածված տեսակետներին։ Մոնտեսինոսին առանձնակի հաճույք է պատճառում ինկյան պետականությունը իդեալականացնողների հետ բանավեճը։ Չնայած իր երկրորդ գրքում նա ոչ մի անգամ հղում չի կատարում Ինկա Գարսիլասո դե լա Վեգային, մինչիսպանական Պերուի պատմության շարադրանքը, որ լի է ընդվզումների, անեծքների, զանգվածային մարդկային զոհաբերությունների պատմություններով, քարը քարին չեն թողնում արդար, բարի պետության կերպարը, որ ներկայացված է Ինկա Գարսիլասոյի «Իրական մեկնաբանություններում»։

Ֆեռնանդո դե Մոնտեսինոսի աշխատությունը պատմական վերլուծության տեսանկյունից բարդ ստեղծագործություն է, որում հեղինակի գաղափարական մշակումները (դրանք ոչ մի ընդհանրություն չունեն հնդկացիական Պերուի պատմության հետ) և ժամանակագրական սխեմաները միախառնված են բնօրինակն արդեն ընդմիշտ կորցրած հնդկացիական ավանդույթներին ու առասպելներին ականատեսի դիտարկումով։

Ժառանգություն խմբագրել

Մոնտեսինոսը գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Հրատարակություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Jorge Cabral. Los cronistas e historiadores de Indias. Buenos Aires, изд-во F. Alvarez y Cía, 1581. 1910
  • Стингл М. Индейцы без томагавков. М.,1971
  • Инка Гарсиласо де Ла Вега. История государства инков. Л.,1974.
  • «Талах. Виктор. Южноамериканский барон Мюнхгаузен или оригинальный историк Перу?». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  • Талах В. Н., Куприенко C. А. Календарь доколумбовых индейцев Анд по сведениям Фернандо де Монтесиноса и Бласа Валеры(ռուս.) // Проблемы истории, филологии, культуры : журнал. —Москва-Магнитогорск-Новосибирск, 2013. — В. 1 (39). — С. 65-75. — ISSN 1991-9484. Архивировано из первоисточника 28 Մայիսի 2016.
  • Талах В.Н., Куприенко С.А. Америка первоначальная. Источники по истории майя, науа (астеков) и инков / Ред. В. Н. Талах, С. А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С.А., 2013. — 370 с. — ISBN 978-617-7085-00-2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 Jorge Cabral. Los cronistas e historiadores de Indias. Buenos Aires, изд-во F. Alvarez y Cía, 1581. 1910 (?). стр. 150.
  3. 3,0 3,1 3,2 Fernando Montesinos
  4. Sabine Hyland. The Quito Manuscript. An Inca History Preserved by Fernando de Montesinos. Yale University. 2007, ISBN 978-0-913516-24-9. p.11
  5. 5,0 5,1 Sabine Hyland. The Quito Manuscript. p.11
  6. 6,0 6,1 Bienvenidos al web de Rodolfo Pérez Pimentel — Escritor Ecuatoriano::(չաշխատող հղում)
  7. Sabine Hyland. The Quito Manuscript. p.12
  8. Sabine Hyland. The Quito Manuscript. p.13
  9. Sabine Hyland. The Quito Manuscript. p.25
  10. Sabine Hyland. The Quito Manuscript. p.17
  11. 11,0 11,1 Jorge Cabral. Los cronistas e historiadores de Indias. Buenos Aires, изд-во F. Alvarez y Cía, 1581. 1910 (?). стр. 151.
  12. «FERNANDO MONTESINOS. MEMORIAS ANTIGUAS HISTORIALES Y POLÍTICAS DEL PERÚ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին.
  13. 13,0 13,1 Origen y Civilicaciones de los indigenas del Peru. стр. 296
  14. Jorge Cabral. Los cronistas e historiadores de Indias. Buenos Aires, изд-во F. Alvarez y Cía, 1581. 1910 (?). стр. 152.
  15. 15,0 15,1 Березкин Ю. Е. Мочика. Цивилизация индейцев Северного побережья Перу в I—VII вв. Л.,1983. Стр.117
  16. Montesinos, Fernando de. Memorias Antiguas Historiales y Politicas del Perú // El manuscrito conservado en la Biblioteca de Universidad de Sevilla (1644), L.І, cap.4
  17. Hyland S. Montesinos y los reyes de Wari/Huari y Tiwanaku: Modelos vs. Evidencias, Primera Parte. Lima, 2001. Рр.641-648
  18. Hiltunen J.J. Ancient Kings of Peru. The reliability of the Chronicle of Fernando de Montesinos. Helsinki, 1999. Pp.57-59, 360;6.64-65
  19. Hiltunen J.J. Ancient Kings of Peru. The reliability of the Chronicle of Fernando de Montesinos. Helsinki, 1999. Р.360
  20. Montesinos, Fernando de. Memorias Antiguas Historiales y Politicas del Perú // El manuscrito conservado en la Biblioteca de Universidad de Sevilla (1644). L.II,p.39-40
  21. Montesinos, Fernando de. Memorias Antiguas Historiales y Politicas del Perú // El manuscrito conservado en la Biblioteca de Universidad de Sevilla (1644). L.I.P.58
  22. Guaman Poma de Ayala, Felipe. El primer nueva crónica y buen gobierno. Ed. by J.V. Murra, R. Adorno y J.L. Urioste. Tomos I—III (1584—1615). México. 1980
  23. Montesinos, Fernando de. Memorias Antiguas Historiales y Politicas del Perú // El manuscrito conservado en la Biblioteca de Universidad de Sevilla (1644). Lib.II, p.58
  24. Barnes M. A Lost Inca History // Latin American Indian Literatures Journal. Vol.12. No 2, Fall 1996. P.121
  25. Hiltunen J.J. Ancient Kings of Peru. The reliability of the Chronicle of Fernando de Montesinos. Helsinki, 1999. Р.356
  26. Montesinos, Fernando de. Memorias Antiguas Historiales y Politicas del Perú // El manuscrito conservado en la Biblioteca de Universidad de Sevilla (1644). LII.P.80-81
  27. Инка Гарсиласо де Ла Вега. История государства инков. Л.,1974.
  28. Szeminski J. Los Reyes de Thiya Wanaku en las tradiciones orales del siglo XVI y XVII // Estudios Latinoamericanos 16 (1995). Pp.11-72.
  29. Ponce Sanginés C. Los Jefes de Estado de Tiwanaku. La Paz, 1999.
  30. Biadós Yacovazzo, B.V. Hiltunen y como hace sus críticas a Zseminsky de Habich y Ponce Sanginés //www.faculty.ucr.edu/~legnere/biados/hitunen.htm
  31. Montesinos, Fernando de. Memorias Antiguas Historiales y Politicas del Perú // El manuscrito conservado en la Biblioteca de Universidad de Sevilla (1644).LII.P.76
  32. ЮЖНАЯ АМЕРИКА | Государство инков | Праздник святого Йоргена по-перуански или история одной революции

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել