Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոց (ֆարսի՝ دژ شاپورخواست‎‎ Դեզ-է Շափուր խոասթ), ամրոց է համանուն բլրի վրա՝ Խորամաբադ քաղաքում՝ Իրանի Լոռեսթան նահանգի շրջանային կենտրոնում։ Այս հսկայական շինությունը կառուցել են Սասանյանների իշխանության օրոք (224-651 թթ.): Խորամաբադ գետը, հոսելով ամրոցի բլրի արևելյան և հարավարևմտյան մասերով, նրա համար բնական պաշտպանական միջոց է հանդիսանում։ Այսօր բլրի արևմտյան և հյուսիսային մասերը բնակեցված են։

Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոց
պարս.՝ دژ شاپورخواست
Տեսակբանտ և դղյակ
Նախկին անվանումԽորամաբադի ամրոց
Այլ անվանումՇափուր-Խասթ
Սաբր-Խասթ ամրոց
Դեզբազ
ԵրկիրԻրան
ՏեղագրությունԼոռեսթան
ՎայրԽորրամաբադ քաղաք
Բարձրություն40 մ
Երկարություն400 մ
Լայնություն300 մ
Շինանյութաղյուս, մետաղ, փայտ, կրաշաղախ
Մակերես5300 մ²
Քարտեզ
Քարտեզ
Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը

Պատմություն խմբագրել

Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը Սասանյանների օրոք կառուցված կարևորագույն շինություններից մեկն է։ Նախկինում՝ 1800 տարի շարունակ, տարբեր անվանումներ է ունեցել, որոնցից են Շափուր-Խասթ կամ Սաբր-Խասթ ամրոց, Դեզբազ, Խորամաբադի ամրոց և այլն[1]։ Ամրոցը գտնվում է Խորամաբադի կենտրոնում։ Փահլավիների արքայատոհմի օրոք այն օգտագործել են որպես բանտ՝ մինչև 1968 թվականը, երբ այնուհետև այն վերածվեց թանգարանային համալիրի։

Ճարտարապետական հատակագիծ խմբագրել

Ֆալաք-օլ-Աֆլաք արմոցի համայնապատկերը

Ներկայումս ամրոցի հիմքերի չափը մոտավորապես 300×400 մ է, բարձրությունը՝ բլուրը ներառյալ, 40 մ է։ Տարածքը կազմում է 5300 մ², պարագիծը՝ 2860 մ, ամենաբարձր պատն ունի 22.5 մ բարձրություն։ Տարածքը բաժանվում է չորս մեծ սրահների՝ հարակից սենյակներով և միջանցքներով։ Բոլոր սենյակները գոտևորում են երկու բակ հետևյալ չափերով՝ առաջին բակի չափերն են՝ 31x22.5 մ, երկրորդինը՝ 29×21մ։ Ի սկզբանե ամրոցն ունեցել է 12 աշտարակ, սակայն այսօր դրանցից կանգուն են միայն 8-ը։ Շինության մուտքը հյուսիսից է։

Ամրոցի ջրհորը գտնվում է առաջին այգու ետնամասում և ունի 40 մ խորություն։ Ջրհորի բնամասը փորված է ժայռի մեջ՝ Գոլեսթանի աղբյուրին հասնելու համար։ Մինչ օրս, սակայն, ջրհորը չեն օգտագործում։ Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցի կառուցման համար օգտագործվել են աղյուս, մետաղ, փայտ և կրաշաղախ։

Այժմ Իրանի Մշակութային կազմակերպության պաշտպանության ներքո է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Falak-ol-Aflak Castle of Lorestan». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին.